Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին
 |news.am|

Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին |news.am|

news.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար: «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», - Twitter-ում գրել է Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Նշենք, որ նոյեմբերի 15-ին էլ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 
10:22 - 01 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել նաև ՀՀ ԱԺ նախագահին։ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկեց խորհրդարան։  «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:  Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 
15:49 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

 |armenpress.am|

ԱԺ նախագահը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն մամուլում հրապարակված անունները և արդյոք Ազգային ժողովում անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց: «Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասաց Սիմոնյանը:
14:01 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը |armenpress.am|

ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զավեշտալի է համարում այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, և, երբ եկել է ժամանակը, որպեսզի  կառույցը գոնե քաղաքական գնահատական տա, այդ գնահատականը բավարար չի եղել: «Զավեշտալի է. ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար: Երկու պատասխան դրան չկա՝ թուրք-ադրբեջանական տանդեմից: Ու, երբ եկել է ժամանակը, որ գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել: Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը ուղղակի հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը (Հայաստանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը-խմբ.)՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն, այնուամենայնիվ, տեղ կգտնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ փաստաթուղթը պարտադիր պետք է վերանայվի: «Դա տրամաբանությունն է, դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»,- ընդգծեց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։ 
13:00 - 24 նոյեմբերի, 2022
Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի վարչապետին

Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի վարչապետին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ, ուստի բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը, շարունակելով ծավալապաշտական քաղաքականությունը, սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ: Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը միտված երկկողմ համագործակցության հեռանկարները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբեւէ: Նրա խոսքով դա են վկայում բարձրաստիճան փոխայցերի հաճախականությունը եւ խաղաղության ձգտելու ընդհանուր ջանքերը:
16:26 - 17 նոյեմբերի, 2022
Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարևորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, և պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է: Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ կողմերն անդրադարձել են այցի շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրերի կարևորությանը: Ընդգծվել է նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ շեշտելով դրանց՝ խորհրդարանների փոխնախագահների կողմից ղեկավարվելու փաստը: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ կրթամշակութային համագործակցության հարթակը լավ խթան է Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունների համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է և բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին: Կողմերը քննարկել են Վրաստանի հայ համայնքին, առաջիկա համատեղ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր:
15:20 - 17 նոյեմբերի, 2022
Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

aravot.am: Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար: Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»: Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով: «Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»: ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
12:06 - 16 նոյեմբերի, 2022
«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն: «Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
11:33 - 16 նոյեմբերի, 2022
«Նվիրված ենք խաղաղության օրակարգին». ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում

«Նվիրված ենք խաղաղության օրակարգին». ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թ. Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների: «Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է  խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ: Նշվում է, որ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին։ Նա ասել է. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»: ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին: 
12:04 - 13 նոյեմբերի, 2022
Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները. Ալեն Սիմոնյան

Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող և հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը: Ամբողջ աշխարհում առկա ուղեղների արտահոսքի պայմաններում գիտությունն այլևս սահմաններ չի ճանաչում. անհատներն են, որ ստիպում են աշխարհին իրենցով ուրվագծել սահմանը, իրենց հարազատ երկրին նվիրել գյուտերն ու գիտական հայտնագործությունները: Մաղթում եմ արագ ստանալ այն աշխատանքի պտուղները, որի համար գիշեր ու ցերեկ չեք առանձնացնում, որի համար պատրաստ եք կռիվ տալ ամենաբարձր ամբիոններում և հանուն որի հաճախ մնացյալը երկրորդական է թվում: Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները»,- ասված է ուղերձում:
18:25 - 10 նոյեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխիի հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը

Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխիի հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում: Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը: Անդրադարձ է եղել նաեւ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:
12:10 - 09 նոյեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

  Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ եւ փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ եւ կառուցողական: Հանձնաժողովի գործունեությունը դրական դինամիկա է ստացել ՀԱՊԿ անդամ պետությունների համար օրակարգային հարցերն ամբողջացնելու գործում, ինչն անչափ կարեւոր է անվտանգության պահպանման, խորհրդարանական բաց հաղորդակցության համար»: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է մշտական հանձնաժողովում եւ ներկայացված փաստաթղթերին փորձագիտական գնահատականներ է տալիս: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը՝ հույս հայտնելով, որ ներկաները կպաշտպանեն իր առաջարկը: «Վստահ եմ, որ հանձնաժողովի նոր նախագահը նույնպես կգործի տասնամյակների ընթացքում հաստատված մշտական հանձնաժողովի ավանդույթների ոգով՝ ի նպաստ խորհրդարանական երկխոսության զարգացման եւ ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նիստի օրակարգը հաստատվելուց հետո քննարկվել են հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի ընտրության հարցերը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը: Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար: «Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա: Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ եւ օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն եւ համախմբվածություն այս պարագայում դրսեւորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաեւ կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ խաղաղության պահպանումը եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետեւանքներով»,- հավելել է նա: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու եւ ուսումնասիրելու իրավիճակը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական եւ հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ եւ կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում խոսել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ Թուրքիայի բացարձակ աջակցությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Բանախոսը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին եւ պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը: Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձեւաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն է խախտողը եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի, եւ նրան ագրեսոր անվանել: Նա կարեւորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը եւ բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանում (2-6 հուլիսի, 2022թ., Բիրմինգհեմ) ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպման (2022 թ. հունիսի 28, տեսակոնֆերանսի ձեւաչափով) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին: Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը Քաղաքական հարցերի եւ անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել, թեեւ եռակողմ հայտարարության մեջ այդ մասին դրույթ կա: «Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, եւ մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը: Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ դրա կարեւորությանը: Զեկուցողի գնահատմամբ՝ այս առաջարկներն ուղղված էին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրելու դեռեւս չլուծված խնդիրների վրա: Անընդունելի է համարվել ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացնելը: «Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով խորհրդարանական վեհաժողովը կամրապնդի իր դերը՝ որպես առաջատար հարթակ կառուցողական երկխոսության եւ անվտանգության ամենահրատապ խնդիրների քննարկման համար ԵԱՀԿ տարածաշրջանում»,-փաստել է հանձնաժողովի նախագահը: Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին: Հանձնաժողովի հաջորդ հերթական նիստը կկայանա 2023 թ. գարնանը:
16:29 - 02 նոյեմբերի, 2022