Ինֆոքոմ

Բրազիլացի գիտնականը մարդկանց  չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

Բրազիլացի գիտնականը մարդկանց չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

News.am կայքում սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Բրազիլական իժի թույնն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է՝ Սան Պաուլոյի գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75%-ով։ «Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուզեպե Պուորտոն, կոչ է արել մարդկանց որսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»,- գրված է հոդվածում։ News.am-ը նյութում հղում է անում lenta.ru-ին։ Lenta.ru-ում սեպտեմբերի 5-ին հրապարակվել է նույն վերնագրով հոդված, որի բովանդակությունը ևս գրեթե նույնությամբ համընկնում է news.am-ի հոդվածին։  Lenta.ru-ում, սակայն, մի հատված տարբերվում է․ «Հետազոտության հեղինակների մեկը՝ Ջուզեպպե Պուորտոն, մարդկանց կոչ է արել չորսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»։ Lenta.ru-ն, իր հերթին, հղում է անում «Reuters» գործակալությանը։ Այսպիսով, reuters.com-ում սեպտեմբերի 1-ին հրապարակված հոդվածում ևս խոսվում է Սան Պաուլոյի գիտնականների բացահայտման մասին։ Ի տարբերություն news.am-ի և lenta.ru-ի, reuters.com-ը նշել է, որ բրազիլացի հետազոտողների գիտական հոդվածը հրապարակված է «Molecules» ամսագրում։ Բացի այդ՝ երեք լրատվամիջոցները տարբեր են ձևակերպել իրենց նյութերի առաջին պարբերությունները։ News.am-ը գրել է․ «Սան Պաուլոյից գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75 տոկոսով»: Lenta.ru-ն գրել է․ «Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները հայտարարել են՝ պարզվել է, որ բրազիլական իժի թույնը 75%-ով  արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար»: Այժմ ընթերցենք «Reuters»-ի նյութի առաջին պարբերությունը․ «Բրազիլացի հետազոտողները օձերի տեսակներից մեկի թույնում հայտնաբերել են մոլեկուլ, որն արգելել է կապիկի բջիջներում կորոնավիրուսի վերարտադրությունը․ հնարավոր է, որ սա COVID-19-ի դեմ պայքարելու համար դեղամիջոց ստեղծելու առաջին քայլն է»: Ինչպես տեսնում ենք, «Reuters»-ը տվել է Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության ճշգրիտ նկարագրությունը և չի պնդել, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը։ Նման պնդում, ի դեպ, չի արել նաև lenta.ru-ն․ կայքը միայն նշել է, որ բրազիլական իժի թույնը արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար, չնայած որ սա էլ լիովին ճշգրիտ ձևակերպում համարել չենք կարող։ Երբ կարդում ենք «Molecules» ամսագրում հրապարակված գիտական հոդվածը, տեսնում ենք, որ այնտեղ էլ ոչ մի խոսք  չկա այն մասին, թե բրազիլական իժի թույնն է ճնշում կորոնավիրուսը։ Հոդվածում նշվում է, որ  «Bothrops jararacussu» անունով օձի թույնից անջատված մոլեկուլը, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, կարող է SARS-CoV-2-ի դեմ նոր դեղամիջոցների մշակման համար նախատիպ դառնալ։ Ինչպես տեսնում ենք, միայն «Reuters»-ի տված նկարագրությունն է լիովին համապատասխանում գիտական հոդվածում ներկայացված տվյալներին։ Բացի այդ՝ «Reuters»-ին տված հարցազրույցում հետազոտության հեղինակներից Ջուզեպպե Պուորտոն նշում է, որ պետք չէ գնալ ու որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով այդ կերպ փրկել աշխարհը, և հավելում․ «Թույնն ինքնին չի բուժում կորոնավիրուսը»։ Այսպիսով, news.am-ը, lenta.ru-ից թարգմանելով Սան Պաուլոյի գիտնականների հետազոտության մասին լուրը, այն ոչ լիարժեք ու սխալներով է ներկայացրել։ Նախ, news.am-ի թարգմանությունից տպավորություն է ստեղծվում, որ օձի թույնն է ազդում COVID-19-ի վրա, մինչդեռ խոսքը թույնից անջատված մուլեկուլի մասին է։ Բացի այդ՝ հետազոտողներից մեկը մարդկանց կոչ չի արել որսալ օձերին, ավելին՝ ասել է, որ իրենք զգուշանում են դրանից, քանի որ օձի թույնը չի բուժում կորոնավիրուսը։   Գլխավոր լուսանկարը՝ reuters.com-ի Աննա Սահակյան
20:55 - 11 սեպտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման գործընթացն ավարտվում է․ ինչպիսի՞ն կլինի պատկերը վարչատարածքային նոր փոփոխություններից հետո

Համայնքների խոշորացման գործընթացն ավարտվում է․ ինչպիսի՞ն կլինի պատկերը վարչատարածքային նոր փոփոխություններից հետո

Սեպտեմբերի 8-ին՝ կառավարության հերթական նիստի ընթացքում, քննարկվում էր վարչատարածքային փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավարտին հասցնել Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը։  Գործընթացի ավարտից հետո մենք կունենանք 78 համայնք՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը։  2016-ից սկսած՝  ձևավորվել է  54 խոշորացված համայնք՝ 486 համայնքների միավորմամբ։ Այժմ առաջարկվում է 37 համայնքային փնջում միավորել 441 համայնք։ Չխոշորացված կմնա միայն 6 համայնք։ Այդ համայնքներից Շամիրամը, Ֆերիկը, Վերին Դվինը, Արզնին, Ֆիոլետովոն բնակեցված են ազգային փոքրամասնություններով։ Մեր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան։ Կոնվենցիան վավերացրած երկրները, հիշեցնենք, պետք է խուսափեն այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով։ Ավելի պարզ ասած՝ եթե ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքը ներառվեր որևէ համայնքային փնջում, ձևավորվող նոր համայնքում այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն արդեն մեծամասնություն չէին կազմի։ Այս տրամաբանությամբ նախկինում խոշորացված համայնքներից Ալագյազը, Լերմոնտովոն ձևավորվել են միայն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների միավորումից, նոր ձևավորվողներից բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներից կազմված կլինեն Մեծաձորը և Արևուտը։ Մենք արդեն մի անգամ ներկայացրել ենք Հայաստանի խոշորացված և խոշորացվելիք համայնքների քարտեզը, սակայն կառավարության նախկինում ներկայացրած նախագծով առաջարկված փնջերի կազմերը փոխվել են նոր նախագծում, ինչպես նաև առաջարկվել են համայքային նոր փնջեր։ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակավայրերից երկուսն էլ միավորվել են Վայք խոշորացված համայնքին։ Նոր նախագծով, բացի Սյունիքից, բոլոր մարզերում  փոփոխություններ են կատարվել արդեն խոշորացված համայնքներում․ վերջիննրս ներառվել են նոր, ավելի մեծ փնջերում։ Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախագծը հրատապ է և կքննարկվի Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում։  Նախագծի հրատապությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ խոշորացվող համայնքների մեծ մասում լրացել են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, սակայն այնտեղ, ինչպես ավելի վաղ մեզ փոխանցել էին ՏԿԵՆ-ից, մինչև խոշորացումը չեն անցկացվի ՏԻՄ ընտրություններ։ Մենք առանձին հոդվածով արդեն անդրադարձել ենք սպասվող ՏԻՄ ընտրություններին, սակայն հաշվի առնելով, որ ներկայացվել է վարչատարածքային փոփոխությունների նոր նախագիծ, փոխվում է սպասվող ՏԻՄ ընտրություններր պատկերը։ Հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան համայնքներում, ինչպես նաև Գյումրիում։ Հաշվի առնելով, որ առաջին 5 համայնքը խոշորացված են, Գյումրին էլ 4000-ից ավելի բնակիչ ունի, այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Նույն օրը ավագանու մեծամասնական ընտրություններ կանցկացվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված և չխոշորացվող Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում։ Շամիրամում և Ֆիոլետովոյում կանցնակցվեն նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։ ՏԻՄ ընտրությունների օր է նշանակված նաև նոյեմբերի 14-ը։ Այդ օրն, ամենայն հավանականությմաբ, տեղի կունենան նոր խոշորացվող համայնքների ՏԻՄ ընտրությունները, եթե խորհրդարանն ընդունած լինի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը։ Այդ օրը կանցկացվեն նաև Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունները, քանի որ այդ համայնքները ներառված չեն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների ցանկում։ Ստորև ներկայացված քարտեզում ներկայացված է ՀՀ համայնքների պատկերը խոշորացումից հետո։ Դեղինով նշված են նախկինում խոշորացված և այս նախագծով փոփոխությունների չենթարկվող համայնքները։ Կարմիրով նշված են այն համայքները, որոնք նախատեսվում է խոշորացնել․ այն դեպքում, երբ դեղինով եզրագծված համայնքը ներառված է կարմիրով եզրագծված համայնքում, նշանակում է, որ արդեն խոշորացված համայնքը ներառվում է համայնքային նոր փնջում։ Կապույտով նշված են Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքները, որոնք ձևավորվել են 2020-ի վարչատարածքային փոփոխություններով, սակայն այնտեղ, կորոնավիրուսային համավարակով ու պատերազմով պայմանավորված, ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել, այսինքն՝ միավորված համայնքները դեռևս գործում են առանձին։ Կանաչով նշված են Երևանը, Գյումրին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքները, որոնք չեն խոշորացվելու։ Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ Աննա Սահակյան
16:38 - 10 սեպտեմբերի, 2021
Անհայտ նկուղ,  պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Անհայտ նկուղ, պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Լուսանկարը՝ ՖիզԳորոդոկ Երեւան ֆեյսբուքյան էջից Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարցուվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի «Ֆիզգոռոդոկի» տարածքում է, այս տարվա օգոստոսի 19-ին սկսվել են 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Այստեղ բարձրահարկ կառուցելու նպատակ ունի «Ռատկո» ընկերությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները, սակայն, դեմ են շենքի կառուցմանը, նրանք պնդում են, որ շինաշխատանքներն ապօրինի են, եւ որ նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ բնակիչները որոշ ժամանակ առաջ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով տվյալներ, ըստ որոնց՝ տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը, ապօրինաբար է օտարվել։  Հողամասի նկատմամբ՝ վարձակալության ու նկուղի նկատմամբ՝ սեփականության իրավունքը 2003թ. օգոստոս ամսին Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող շուրջ 2000քմ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին՝ նշելով որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կաղաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանում՝ նշված հողամասի նկատմամբ իր իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն Կմոիտեից ստացել է մերժում։ Դատարանը հայցը չի քննել՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, այն է՝ նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին։ Հաջորդ տարի Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում քննարկելու համար: 2004 թվականի ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Տիգրան Աղաջանյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանման՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին եւ Կադաստրի կոմիտեին պարտավորեցրել չափագրել բնակելի կառուցապատման գոտում գտնվող՝ Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում, ենթակայանի հարեւանությամբ Աղաջանյանի կառուցած բնակելի տան նկուղն ու դրա հարեւանությամբ գտնվող պարսպապատված հողամասն ու ուղարկել Երեւանի քաղաքապեարան։ Այդպիսով, Կադաստրի կոմիտեն 2004 թվականի մայիսի 5-ին Երեւանի քաղաքապետարան է ուղարկել Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում ինքնակամ կառուցված բնակելի տան հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ Օրենքի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից մեկամսյա ժամկետում որոշում չկայացնելու դեպքում շինությունը համարվում է օրինական եւ ենթակա է պետական գրանցման։ Այդպես, նույն տարվա հուլիսին, Աղաջանյանը դիմել է Դատարան՝ նշելով, որ քաղաքապետարանը որոշում չի կայացրել, ուստի խնդրել է Կադաստրի կոմիտեին գրանցել իր վարձակալության իրավունքը՝ հողամասի եւ սեփականության իրավունքը՝ նկուղի նկատմամբ։ 2004-ի հոկտեմբերին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի՝ 2004 թվականի մայիսի 04-ի Ն-2294 գրությամբ Երեւանի քաղաքապտարան ուղարկված հատակագծում նշված՝ Երեւան քաղաքի Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող 50.8քմ չափերի նկուղի նկատմամբ Աղաջանյանի սեփականության իրավունքը եւ 1976.1քմ չափերի հողամասի նկատմամբ վերջինիս վարձակալության իրավունքը: Այս վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կադաստրի կոմիտեն՝ նշելով, որ վճիռը կայացնելիս դատարանն անտեսել է ինքնակամ շինությունները ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով (Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)) սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված լինելու, այլ անձանց իրավունքները սահմանափակելու, սերվիտուտ առաջացնելու, քաղաքաշինական նորմերին չհակասելու հանգամանքը, իսկ օրենքով նշված իրավունքի ճանաչմանն առնչվող սահմանափակումների առկայության դեպքում պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ չի կարող ճանաչվել սեփականության իրավունք։ Կադաստրի կոմիտեն նշել է, որ ոչ թե Կոմիտեի տարածքային ստորաբաժանման անգործության հետեւանքով է մերժվել հայցվորի՝ սեփականություն ձեռք բերելու իրավունքը, այլ Երեւանի քաղաքապետարանի անգործության հետեւանքով։  Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն թողնվել է առանց քննության, քանի որ դատական նիստին չեն ներկայացել հայցվորն ու երրորդ կողմը՝ Երեւանի քաղաքապետարանը։ Այդպիսով դատարանի որոշումը՝ Աղաջանյանի սեփականության իրավունքը գրանցել պարտավորեցնելու վերաբերյալ, չի փոփոխվել։  Կադաստրի կոմիտեն արդեն 2005թ.-ի փետրվարին գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ վարձակալության իրավունքը՝ հողամասի նկատմամբ: Բնակիչները պնդում են՝ նկուղ երբեւէ չի եղել Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները կարծում են, որ Տիգրան Աղաջանյանի անվամբ հիշյալ տարածքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, որի արդյունքում խախտվել են ՀՀ եւ տեղի բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիները պնդում են, որ Ալիխանյան փողոցին հարող տարածքում երբեւէ նկուղ կառուցված չի եղել եւ չկա նաեւ հիմա, ուստի Կադաստրի կոմիտեի աշխատակիցն ուղղակի չէր կարող չափագրել եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնել 50.8քմ մակերեսով ինքնակամ շինություն: Այդ հասցեում ինքնակամ կառուցված նկուղի բացակայությունը քաղաքացիները հաստատում են տվյալ տարածքի բնակիչների հայտարարությամբ, որոնք, տասնամյակներ շարունակ բնակվելով այդ թաղամասում, վկայում են, որ ինքնակամ նկուղ կառուցված չի եղել: Բայց, բացի բնակիչների հաստատումներից, հանգամանքը, որ այդ հասցեում առկա չի եղել ինքնակամ կառուցված նկուղ, հաստատվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանից Տիգրան Աղաջանյանի անվամբ 18.04.2005թ.-ին տրամադրված հողամասի թիվ 1897-2005 գլխավոր հատակագծով, որտեղ որեւէ շինություն պատկերված չէ: Ավելին, թիվ 1897-2005 գլխավոր հատակագծում նշված է, որ այդ հողամասում առկա է սպորտային հրապարակ: Այն, որ Քաղաքապետարանը նշել է սպորտհրապարակի առկայության մասին, վկայում է, որ այդ տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք։ Դա նշանակում է, որ, առաջնորդվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով, տարածքը չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել որեւէ անձի: Բնակիչներն էլ պնդում են, որ այդ տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես ընդհանուր սպորտհրապարակ, երեխաների համար՝ խաղահրապարակ, երբեմն՝ մեքենաների կայանման վայր։ Ընդ որում՝ նրանք վստահեցնում են, որ շարունակաբար խնամել են տեղանքի ծառերն ու կանաչապատ տարածքը։ Քաղաքացիները համոզված են, որ 2004-ի հոկտեմբերին Դատարանը վճիռը կայացրել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ։  Օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն՝ օրինականացման ենթակա են եղել ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները եւ դրանցով ծանրաբեռնված հողամասերը, որոնք պետք է բավարարեին Օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն շենք է համարվում մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, հասարակական, արտադրական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված` կրող եւ պարփակող կոնստրուկցիաներից կազմված, փակ ծավալ համարվող կառույցը։ Միաժամանակ, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի գործողությունը տարածվում էր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված եւ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում` 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաեւ ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա: Տվյալ պարագայում, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, Դատարանը չի պարզել, թե արդյոք Կադաստրի պետական կոմիտեի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված է եղել Տիգրան Աղաջանյանի կողմից ինքնակամ կառուցված նկուղը եւ արդյոք ենթադրյալ նկուղը հանդիսանում էր 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց եւ կարո՞ղ էր օրինականացվել այդ հիմքով, եւ չի գնահատվել նաեւ իրավական ակտի նպատակը, որի շրջանակներում եւ որը հիմք ընդունելով հնարավոր կլիներ կիրառել վերը նշված իրավական ակտը, այսինքն չի գնահատվել թե արդյոք հիշյալ իրավական ակտի հիմքով թույլատրելի եւ իրավաչա՞փ է նկուղի կառուցման փաստով հողամասի սեփականաշնորհումը։ Այս դրվագների հետ միասին՝ բնակիչները Դատախազություն ուղարկած իրենց դիմում ներկայացրել են նաեւ, որ գործի քննության ընթացքում Դատարանը, բավարարելով դիմողի պահանջը, պարտավոր էր պարզել թե արդյոք առկա են Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ եւ չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Իսկ Դատարանը պահանջի բավարարման համար հիմք է ընդունել Օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հայտը ստանալուց հետո սահմանված 30-օրյա ժամկետում որեւէ որոշում չի կայացրել:  Այս հանգամանքները քաղաքացիներին հիմք են տալիս ենթադրելու, որ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների եւ Տիգրան Աղաջանյանի միջեւ եղել է հանցավոր համաձայնություն՝ չափագրել գոյություն չունեցող ինքնակամ կառուց եւ Օրենքի պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով օրինականացման նպատակով ներկայացնել այն Երեւանի քաղաքապետարան: Իսկ հետագայում, ինչպես նշեցինք, Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը: Այսպիսով, բնակիչները դիմել են Դատախազություն եւ, այս հանգամանքներն առավել մանրամասն ներկայացնելովով, խնդրել հարուցել քրեական գործ եւ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությամբ պարզել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գոյություն չունեցող շինության (նկուղ) վերաբերյալ հատակագծի կազմման եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնելու գործողությունների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 16.04.2004թ. թիվ 2-2096 եւ 25.10.2004թ.-ի թիվ 2-4207 քաղաքացիական գործերով կայացրած վճիռների օրինականությունը, ապա նաեւ բողոքարկել այդ վճիռները՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված լինելու հիմքով:  Քրեական գործ, ինչպես նշեցինք, արդեն հարուցվել է․ բնակիչներն ակնկալում են, որ Դատախազությունը կկասեցնի շինաշխատանքները՝ մինչեւ գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարեւոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։ Սակայն, ինչպես հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, քրեական գործի հարուցման հիմքով շինարարության կասեցում չի նախատեսվում։ Շենք կառուցելու նպատակ ունի տարածքի երրորդ սեփականատերը  Մոտ մեկ տարի անց՝ 2006-ի ապրիլի 25-ին, Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին: Նա էլ նույն թվականի հոկտեմբերին վաճառել է հիշատակված «Ռատկո» ընկերությանը։ Հետքի հրապարակման համաձայն՝ «Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչեւ 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» օֆշորային ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը: 2020 թվականի հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի այդ շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ այս տարվա հուլիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ Իսկ հուլիսի 29-ին՝ շինթույլտվություն։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին․ դրանք հանրության վրդովմունքն են շարժել։ Նախագծման թույլտվություն 15-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Նրանք պահանջում են կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված շինաշխատանքները, հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին, անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները, նրանց պնդմամբ, Քաղաքապետարանը խախտել է, չի տրամադրել եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներին ենթակա եղե՞լ է 2004-2005 թվականներին։ Բնակիչները պնդում են՝ այս ընթացքում որեւէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ եւ չի քննարկել ներկայացված պահանջները։  Օգոստոսի 26-ին Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակիրճ անդրադարձել էր խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ նշելով, որ քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն, քանի որ պարտավոր է տալ, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին եւ տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Նա ընդգծել էր, որ միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, եւ որ քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: Երբ հայտնի դարձավ հարուցված քրգործի մասին, Կարապետյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետարանը գործում է իր լիազորությունների շրջանակում, եւ ոչինչ չի անի իր լիազորությունների շրջանակներից դուրս, եւ որ քաղաքային իշխանությունն իր բոլոր գործառույթները կիրականացնի, եթե ունենա համապատասխան ցուցումներ․ «Քաղաքապետարանն իր մնացած գործառույթները կիրականացնի, այսինքն` շինթույլտվության ենթադրյալ կասեցում կամ այլ եւ այլ գործողություններ, եթե կունենա դրա լիազորությունը, կամ եթե իրավապահ մարմիններից կունենա համապատասխան ցուցում, խնդրանք կամ առաջարկ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր Կարապետյանը: Ավելի վաղ շինաշխատանքներ իրականացնող ըներության տնօրեն Արթուր Մնացականյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ շինարարությունն ապօրինի չի իրականացվում։ Նրա հայտնած մանրամասների համաձայն՝ Ընկերությունը պատրաաստվում է 200-ից ավելի ծառեր տնկել եւ բարեկարգել դիմացի այգին, նորաձեւ այգի կառուցել։ Կառուցապատման տոկոսը, նրա վստահեցմամբ, 40% է կազմելու։  Արթուր Մնացականյանի խոսքով՝ շենքի գտնվելու վայրը, նրա հարկերը չեն փոխելու այս թաղամասի ճարտարապետությունը․ «Երեւանում բազմաթիվ տեղեր կան, որտեղ ցածրահարկ շենքերի կողքին բարձրահարկեր կան, դա ընդունված պրակտիկա է, երբ պահում ես շինարարության եւ ճարտարապետության կանոնները։ Իսկ մարդիկ իրավունք ունենք դիմել համապատասխան մարմիններին՝ իրենց իրավունքների ենթադրյալ ոտնահարման համար»,- ասել էր Մնացականյանը։ 2021-ի փետրվարին՝ պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձան, մայիսին՝ այլեւս ոչ Քաղաքացիները, որ տեւական ժամանակ է՝ պայքարում են շինարարության կասեցման եւ ենթադրյալ ապօրինությունների բացահայտման համար, ուշադրություն են հրավիրում հանգամանքի վրա, որ տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցումը, սկզբում եղել է հուշարձանի կարգավիճակ ունեցող տարածք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2021 թվականի փետրվարի 1-ի նիստում որոշել է Երեւան քաղաքի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններին տալ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող շինություններին հուշարձանի կարգավիճակ տալուն կողմ է քվեարկել հանձնաժողովի տասը անդամ, դեմ՝ երկուսը։ Այս կապակցությամբ, ի պատասխան քաղաքացի Վահրամ Ասատրյանի գրության, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նշելով, որ հիշատակված շինությունները գրանցվել են հուշարձանների ցուցակում, խնդրանքով դիմել է բնակիչներին՝ չաղճատել եւ չձեւափոխել պամամշակութային ժառանգության տեսքը, եւ եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա՝ անհրաժեշտ է իրականացվող աշխատանքների նախագիծը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ: Նույն թվականի մայիսին, սակայն «Ֆիզգոռոդոկի» տարածքի Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։ Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց է դիմել Ներդրումների աջակցման կենտրոնը՝ ներկայացնելով տեղեկատվություն առ այն, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվեղ 1976 քմ հողամասը «ՌԱՏԿՈ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել 2018թ.-ին՝ սեփականության իրավունքով եւ ունի 12 հարկանի բնակելի շենքի կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր: Նախարարությունից նշել են, որ հողամասի կառուցապատման համար փորձաքննություն անցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը նույնպես առկա են, որոնց հիման վրա, դեռեւս 2006թ.-ից, տրամադրված է եղել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2007-ից՝ շինարարական թույլտվություն, որը երկարաձգվել է մինչեւ 2015թ: 2018-ի դեկտեմբերին Ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ նոր նախագծման թույլտվություն ստանալու նպատակով: 2020թ. հուլիսի 20-ին արդեն Երեւանի քաղաքապետարանը տրամադրվել է վերոնշյալ հողատարածքի վրա 12 հարկանի վերգետնյա եւ 3 ստորգետնյա բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախագծման թույլտվություն, Ընկերությունը պատվիրել է աշխատանքային նախագիծ: Ըստ նախարարության պատասխանի՝ նախագիծը քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ արժանացել է դրական եզրակացության, ինչպես նաեւ անց են կացվել հանրային լսումներ, եւ հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում, ուստի՝ խնդրել են հնարավորության դեպքում վերանայել որոշումը, կատարել սահմանների ճշգրտումներ, հաշվի առնելով, որ նշված թույլտվությունները սահմանափակվում են Փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ: ԿԳՄՍՆ փոխնախարար Խզմալյանը հայտնել է, որ նախարարությունը վերոնշյալ տեղեկությունները ներկայացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ուսումնասիրելու Ներդրումների աջակցման կենտրոնի տրամադրած փաստաթղթերի փաթեթը եւ առաջարկություն ներկայացնելու՝ առանց նորահայտ հուշարձանը վնասելու՝ դիտարկելով «ՌԱՏԿՈ» Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող խնդրո առարկա 1976 մ հողատարածքը նորահայտ հուշարձանի սահմաններից հանելու հնարավորությունը:  ՊՈԱԿ-ը, պահանջվող ուսումնասիրությունից հետո ներկայացրել է համապատասխան առաջարկություն, որը քննարկվել է Փորձագիտական հանձնաժողովի նիստում եւ ներկայացված հիմնավորումներով կատարվել է հուշարձանի տարածքի ճշգրտում՝ հանելով նորահայտ հուշարձանի 42.41 հա ընդհանուր տարածքից «Ռատկո» ՍՊ ընկերությանը պատկանող 1976 քմ տարածքը: Այս պատմության ընթացքն առավել հեշտ պատկերացնելու համար ստորեւ ներկայացնում ենք զարգացումների ժամանակագրությունը։  Այսպես, 2003թ. - Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու մասին։ Դատարանը հայցը չի քննել։ 2004թ․ - Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան։ Դատարանը հայցը բավարարել է։ 2004թ․ մայիսի 5 - Կադաստրի կոմիտեն Երեւանի քաղաքապետարան է ուղարկել ինքնակամ կառույցի հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ 2004թ․ հոկտեմբեր - Դատարանը Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը: Կադաստրի կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ․ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն չի քննվել։ 2005թ․ փետրվար - Կադաստրի կոմիտեն գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության եւ վարձակալության իրավունքը։ 2006թ․ ապրիլի - Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին:  2006թ․ հոկտեմբեր - Անդրանիկ Բալասանյանը հողամասն ու նկուղը վաճառել է «Ռատկո» ընկերությանը։ 2020թ․ հունիսի - Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը։  2020թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։  2021թ․ փետրվար - Բանավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ 2021թ․ մայիս - Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։  2021թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը «Ռատկո» ընկերությանը շինթույլտվություն է տվել։ 2021թ․ օգոստոս - «Ռատկո» ընկերությունը սկսել է շինաշխատանքները։ Բնակիչները հարուցված քրգործը համարում են իրենց առաջին միջանկյալ հաղթանակը։ Քաղաքացիներից երկուսը շարունակում են հացադուլը՝ պահանջելով տրամադրել հողի կարգավիճակի (ՀՕ 60-րդ հոդված) վերաբերյալ փաստաթղթերը։ Հացադուլ իրականացնող քաղաքացիները պատկան մարմիններին 20 օր ժամանակ են տվել, պահանջը մինչ օրս անարձագանք է։ Հայարփի Բաղդասարյան
14:21 - 10 սեպտեմբերի, 2021
Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին իրենց սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց վարձավճարների փոխհատուցում տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։  Նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 90 միայնակ կենսաթոշակառու, ինչը, ըստ կառավարության հիմնավորման, էապես կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։ Շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով ամսական 12․000 դրամ։
14:58 - 09 սեպտեմբերի, 2021
Ստեփանակերտում բնակչության 20%-ը զրկված է ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80%-ը․ Արցախի ՄԻՊ

Ստեփանակերտում բնակչության 20%-ը զրկված է ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80%-ը․ Արցախի ՄԻՊ

Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասա Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ Ստեփանակերտի պարագայում բնակչության 20%-ն է զրկված ջրից, բայց համայնքների մեծամասնությունում գրեթե 80%-ով խնդիրն առկա է․ «Կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է․ կարող է՝ շաբաթվա ընթացքում բնակիչները մեկ-երկու անգամ ունենան ջուր։ Խնդիրը պայմանավորված է երեք հիմնական գործոններով՝ նախ եղանակային շոգ պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, ապա Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազար բնակիչներով, նրանք տեղահանված անձինք են, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը Հադրութի, Շուշիի, Ասկերանի բռնազավթված տարածքներից ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում, եւ մյուսը խնդիրը, որ առավել գործուն է արտահայտված հենց համայնքներում, այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ, եւ մենք հնարավորություն չունենք դրանք օգտագործել»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։ Նա նաեւ ասաց, որ տեւական ժամանակ է՝ մեկ ամսից ավելի, Արցախում բջջային կապն ու համացանցն աշխատում են խափանումներով․ «Ղարաբաղ տելեկոմ ընկերության եւ Արցախի ՏԿԵ նախարարությունից ստացած պարզաբանումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է բջջային կապի եւ համացանցի սփռումը։ Սա նախկինում եւս լինում էր, բայց այն ժամանակ միայն, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնական անձինք էին այցելում բռնազավթված Շուշի եւ այլ տարածքներ, բայց հիմա խնդիրը շարունակվում է, լուծում չի ստանում։ Պետական մարմիններից ստացած պարզաբանումներից ենթադրում ենք, որ տեխնիկական հզորություններ մեծացման անհրաժեշտություն կա»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացվել են նաեւ ռուսական խաղաղապահ զորքերը, եւ նրանց միջամտությամբ գուցե հնարավոր կլինի հաղթահարել այս խնդիրը։ Արցախի ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ լուրջ անվտանգային խնդիրներ կարող են առաջացնել նաեւ հաճախակի հոսանքազրկումները, քանի որ Արցախը մեծամասամբ սնուցվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, որի հզորությունները չեն բավականացնելու Արցախի ամբողջ տարածքին հոսանք ապահովելու համար, այդ պատճառով էլ պարբերաբար խափանումներ են լինում։ Ստեփանյանի խոսքով՝ եթե այս ուղղությամբ որեւէ հստակ քայլ չձեռնարկվի, ապա եկող տարվա աշնանը լուրջ խնդիրներ են առաջ գալու․ «Այս մասին տեղյակ է կառավարությունը, որը էներգետիկ բնագավառում նոր ներդրումների ներգրավման, նոր ծրագրերի իրականացման աշխատանքներ է տանում»։ Արցախի ՄԻՊ-ը խոսեց նաեւ Արցախում բնակֆոնդի սակավության մասին՝ նշելով, որ Ստեփանակերտում 13-14 հազար բնակիչ է ավելացել, որոնք, ինչպես նշեցինք, ադրբեջանցի օկուպացրած տարածքներից տեղահանված անձինք են։ Նրանց մի մասը տեղավորված է հյուրանոցներում, մի մասը՝ հանրակացարաններում, մի մասը տեղավորվել է քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ, սակայն ապահովված չեն սանիտարահիգիենիկ պայմանները․ «Այսօր սա Արցախի համար մեկ խնդիրն է՝ անվտանգային հետ խնդրի հետ մեկտեղ»։ Պարենային անվտանգության ուղղությամբ մինչ օրս խնդիր չի առաջացել․ «Ստեփանակերտում եւ այլ համայնքներում հացի խնդիր չկա։ Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նման խնդիրը բացառելու համար։ Մենք ՀՀ-ի հետ ունենք ցամաքային կապ, եւ Հայաստանի միջոցով նման խնդիրների լուծելի են։ Եթե նման խնդիր կլինի, անպայման կբարձրաձայնենք։ Բայց մենք կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի 60%-ը, որոնք հիմնականում օգտագործվում էին հենց հացահատիկային մշակաբույսերի մշակման համար։ Սա, իհարկե, բերել է նաեւ աշխատանքի իրավունքի խնդիրներ․ մարդիկ աշխատում, իրենց ապրուստն էին ապահովում, այսօր զրկված են այդ իրավունքից»։
14:25 - 09 սեպտեմբերի, 2021
Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու, թե Ոսկեպարում քանի ռուս սահմանապահ է տեղակայված, ինչ գործառույթ են նրանք իրականացնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և, ի վերջո,  թե  Տավուշի մյուս որ բնակավայրերում է նախատեսվում  ռուս զինվորականների տեղակայում։։  2021 թվականի օգոստոսի 3-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ռուս զինվորականներ են տեղակայվում Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Նույն օրը Infocom-ը փորձեց տեղեկություն ստանալ պաշտոնական աղբյուրներից և տեղական ինքնակառավարման մարմիններից, սակայն ապարդյուն։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին կապ հաստատեցինք Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։  Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չմեկնաբանեց շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։ Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվեցին նաև օգոստոսի 5-ին։ Նույն օրը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները։ Անպատասխան մնացին ՊՆ և ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերը։  Նույն օրը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։ Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիթորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։  Օգոստոսի 5-ի երեկոյան միայն Պաշտպանության նախարարությունը արձագանքեց տարածվող լուրերին և հայտնեց, որ Ոսկեպարում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ ՊՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։ Հայտարարությունից հետո պետական գերատեսչություններից որևէ այլ մեկնաբանություն չի հնչել։ Infocom.am-ը փորձեց ՊՆ-ից պարզել՝ արդյոք ռուս զինվորականները օգոստոսի 31-ի դրությամբ տեղակայվա՞ծ են Ոսկեպարում, թե ոչ, ինչ գործառույթ են իրականանցնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և արդյոք Տավուշի մարզի այլ համայնքներում նախատեսվո՞ւմ է ռուս զինծառայողների տեղակայում, թե ոչ։  Մեր հարցմանն ի պատասխան սեպտեմբերի 7-ին նախարարությունից հայտնել են, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ է պետք, ուստի տեղեկությունը կտրվի 30-օրյա ժամկետում։   Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։  Ի հավելումն այս ամենի, նշենք, որ օգոստոսի 11-ին hetq.am-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում նույնպես ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն։  Ասպրամ Փարսադանյան
18:20 - 08 սեպտեմբերի, 2021
Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հայաստանի խորհրդարանում անցյալ ամիս՝ օգոստոսի 5-ի եւ 6-ի նիստերի ընթացքում քննարկման առարկա էր դարձել ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողների մահերի թեման։ Պատգամավորներն իրար մեղադրում էին, թե խաղաղ պայմաններում ում օրոք է ավելի շատ զոհ եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, օգոստոսի 5-ի իր ելույթում հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում 700-ից ավելի զինծառայող է զոհվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Ալեքսանյանի այս հայտարարությանը, պնդեց, թե վերջինս սխալ թվեր է ասել, եւ թե Քոչարյանի պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ոչ թե 700, այլ 92 զոհ է եղել։ Ռուստամյանը պնդեց, որ իր ասած թիվը պաշտոնական տվյալ է։ Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ, Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան Ռուստամյանի հնչեցրած այս հայտարարության, ընթերցեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հավաքագրած տվյալներն այն մասին, թե 1998-2008 թվականներին հայկական կողմը քանի զոհ է ունեցել. զոհերի թվերը, որոնք հավաքագրված են ՊՆ-ի, Դատախազության, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած տվյալներից, ակնհայտորեն ավելին են, քան 92-ը։  ԱԺ-ում այս քննարկումից հետո Infocom-ը ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից խնդրեց տրամադրել հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվը՝ 1992-ից 2021 թվականի օգոստոսը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին նշելով պատճառը՝ մարտական գործողություններ կամ հրադադարի ռեժիմի խախտում, դժբախտ պատահար, սպանություն կամ ինքնասպանություն եւ այլն։  Պաշտպանության նախարարությունն, ինչպես գրեթե միշտ, այս անգամ եւս մերժեց տեղեկություն տրամադրել, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն վարում, իսկ Դատախազությունն ու ՀՔԱՎ գրասենյակը տրամադրեցին 2010 թվականից սկսած իրենց հավաքագրած տեղեկությունները՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Դատախազությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 1992 թվականից մինչեւ 2010 թվականը գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում տեղեկություն առկա չէ։ Ուստի ստորեւ նախ կներկայացնենք Անի կենտրոնի ներկայացրած տվյալները՝ 1990-ականներից մինչեւ 2010 թվականը, ապա Զինդատախազությունից եւ ՀՔԱՎԳ-ից հարցմամբ ստացած տեղեկությունները՝ 2010-2021 թվականների վերաբերյալ։ 1995-2010թթ․ ընթացքում հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվն անցնում է 1600-ը Այսպես, Անի կենտրոնի այս տվյալների համաձայն (աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», էջ 250-251)` 1995-ին գոհերի թիվը կազմել է 324 հոգի, 1996-ին` 260 հոգի, 1997-ին՝ 217 հոգի, 1998-ին՝ 196 հոգի:  Հակոբյանը գրել է, որ իր պահոցում պահպանվել է 1998-ի գոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ եւս՝ 151 եւ 171, ընդ որում, ինչպես շեշտել է հեղինակը, վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը:  1999-ին Հակոբյանի պահոցում հանդիպում է 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ զոհերի թիվը եղել է 93:  2000 թվականին հանդիպում է զոհերի երեք տարբեր թիվ՝ 72, մեկ այլ տեղ՝ 111, Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին։  2001-ին, ըստ Թաթուլ Հակոբյանի հավաքագրած տվյալների, եւս հանդիպում է երկու՝ ակնհայտորեն տարբեր թիվ՝ 56 եւ 92։  2002-ին նախ գրվել է 50, ապա 62 զոհի մասին, 2003-ին՝ 40, 2004-ին՝ 38 զոհ։  2005-ին Պն-ն, ինչպես նշված է գրքում, հայտնել է 47 զոհի մասին, 2006-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացրել է 33, Զինդատախազությունը՝ 36 թիվը։  2007-ին (դարձյալ առաջնորդվում ենք «Մահվան հովիտ» գրքում զետեղված տվյալներով), ՀՀ ՊՆ-ն հայտնել է 31 զոհի մասին, Զինդատախազությունը՝ 50։  2008-ին, ըստ Զինդատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ 69:  2009-ին ՀՀ զինդատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ 42։ 2010-ի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանը նշել է, որ սա միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միեւնույն` 54 թիվը՝ ՀՀ ՊՆ-ն, Զինդատախազությունը, ՀՔԱՎԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, միայն Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 61-ը։ Իսկ ստորեւ ներկայացնում ենք 2010 թվականից մինչեւ 2021-ի օգոստոսը հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ ըստ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասնեյակի տվյալների եւ ըստ մահվան պատճառների։ Քանի որ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած տվյալները թվային անհամապատասխանություն ունեն, դրանք նախ կներկայացնենք առանձին ինֆոգրաֆիկաներով՝ նախ Դատախազության վիճակագրությունը, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինը։ Դատախազույթունն առանձնացված տրամադրել է հակառակորդի կողմից կատարված սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի, ծառայության հետ կապված ավտովթարների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքերի, հիվանդություններից մահվան դեպքերի, ականի, նռնակի պայթյունի հետեւանքով մահվան դեպքերի, դժբախտ պատահարների,  բռնարարքների, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումների, թռիչքի կանոնների խախտման պատճառներով մահվան դեպքերի տվյալները, որոնք ինֆոգրաֆիկայում ներկայացված են տարբեր գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ Դատախազության* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալները ներկայացրել է փոքր ինչ այլ բաժանումով․ մասնավորապես, ստորեւ բերվող ինֆոգրաֆիկայում ցուցադրել ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինքնասպանության, սպանության, բռնարարքի, հիվանդության, դժբախտ պատահարների, ավտովթարների, ականի, նռնակի պայթյունի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, թռիչքի կանոնների խախտման, եւ, ի վերջո, անհայտ պատճառներով մահվան դեպքերի թվերը։ Պատճառները դարձյալ ներկայացված են առանձին գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ ՀՔԱՎ գրասենյակի* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած թվերի տարբերությունը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում, որտեղ դարձյալ չենք ներառել Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը*։ 2020 թվական՝ մինչեւ պատերազմը․ զինծառայողների մահվան 60, թե՞ 100 դեպք 2020 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում՝ 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ: Դատախազությունից ընդգծել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կումից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում թշնամու գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ ներկայումս ստույգ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նրանց տվյալները պարբերաբար լրացվում են եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուստի 2020 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բացառությամբ նշված ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալների: (27.09.2020թ.-09.11.2020թ.) ՀՔԱՎԳ-ը 2020-ի ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացրել է 100 թիվը, որը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկության, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության (միայն 2020 թ. 1-ին կիսամյակի տվյալները)։ Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհվել է 17 զինծառայող, ինքնասպանության պատճառով՝ 18 զինծառայող, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով՝ 1 զինծառայող, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով՝ 3 զինծառայող, սպանության պատճառով՝ 4 զինծառայող, ավտովթարի պատճառով՝ 22 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 25 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 9 զինծառայող։ 2021 թվական Դատախազությունից ստացած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ: Իսկ ՀՔԱՎԳ-ը դարձյալ այլ թիվ է արձանագրել՝ 44 դեպք․ այս թիվը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, ՀՀ գլխավոր դատախազության (2021 թ. 1-ին կիսամյակի դրությամբ տվյալների համադրությունը)։ Այդպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայողի մահվան 9 դեպք, ինքնասպանության պատճառով մահվան՝ 6, սպանության պատճառով մահվան՝ 6, ավտովթարից մահվան՝ 11, առողջական խնդիրների պատճառով մահվան՝ 8, դժբախտ պատահարի հետեւանքով մահվան 4 դեպք։ Քանի որ 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը դեռեւս հստակ չէ, իսկ 2021-ն ընթացիկ տարի է, այդ պատճառով այս թվականների տվյալներն ինֆոգրաֆիկաներում ներառված չեն՝ ցուցանիշները չխեղաթյուրելու համար։ Այսպիսով, 2010-2019 թվականներին, ըստ Դատախազության, արձանագրվել է 447 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ եւս 55 մահվան դեպք 2020-ի ընթացքում՝՝ մինչեւ պատերազմը, եւ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21 դեպք։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացած տեղեկության համաձայն՝ 2010-2019 թվականներին արձանագրվել է 573 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ 2020-ի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 100 դեպք, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 44 դեպք։ * Վերոբերյալ ինֆոգրաֆիկաներում տվյալների ակնհայտ տարբերություն կա հատկապես 2016 թվականի սյունակում։ Բանն այն է, որ 2016 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 140 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, 85-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 7-ը՝ սպանություն, 14-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 6-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքեր, 7-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 2-ը՝ ականի պայթյուններ, 7-ը՝ դժբախտ պատահարներ: 2016-ին, ՀՔԱՎ-ի տվյալների համաձայն, որոնք ներառում են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համադրությունը, զինծառայողների մահվան դեպքերի թիվը 175 է: Ընդ որում, ինչպես նշել են Գրասենյակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է միայն 2016թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ այդ թվում՝ ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ 83։ Այսպես, ՀՔԱՎԳ-ի տվյալների համաձայն՝ 2016-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով 111 զինծառայողի եւ կամավորականի մահվան դեմք, որից Ապրիլյան պատերազամի ժամանակ զոհվել է 77 զինծառայող։ Նույն թվականին արձանագրվել է ինքնասպանության 15 դեպք, դիտավորյալ սպանության՝ 3, երկու եւ ավելի անձանց սպանության՝ 2, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով մահվան՝ 4, անհայտ պայմաններում սպանության՝ 1, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով սպանության՝ 5 դեպք։ 2016-ին ավտովթարի պատճառով մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 2 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 7 զինծառայող, անհայտ պատճառով՝ 13 զինծառայող։ Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ։  Ուստի ներկայացված ինֆոգրաֆիկաներում 2016 թվականի զոհերի թվից հանել ենք Ապրիլյան պատերազմի զոհերի՝ ՊՆ-ի ներկայացրած թիվը՝ 64-ը։ Հայարփի Բաղդասարյան
16:34 - 08 սեպտեմբերի, 2021
Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ցանկացած կանոնի խախտման հետ կապված կա դրա հետագա հետևանքները։ Հոկտեմբերի մեկից կամ անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, բացառություն են կազմելու այն անձիք, ովքեր պատվաստված են, հղի են կամ ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու և հաջորդիվ տվյալ կազմակեպությունը ևս տույժ, տուգանքներ կկրի կանոնները չպահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում։ «Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ակտերը բխում են օրենքներից։ Սահմանված նորմն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում են։ Որևէ խնդիր՝ սահմանադրության, օրենքների մասով չունենք»,- հավելեց նախարարը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե նախագծում նշում է, որ եթե վարչապետը, պատգամավորները և այլ մարմնի ղեկավարներ չպատվաստվեն, նրանք գործազուրկ չեն դառնա, իսկ շարքային քաղաքացին չպատվաստվելու դեպքում գործազուրկ կդառնա։Ավանեսյանը շեշտեց, թե լրագրողը մատնանշում է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որի մեջ մտցված փոփոխությունները չեն կարող վերաբերել քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, բայց դա չի կարող նշանակել, թե իրենք դուրս են մնում կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորումների շրջանակը, որում խտրականության դեպքերը բացառվում են։  «Այս պահին վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները պատվաստվել են։ Կարծեմ արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Բոլորդ գիտեք, որ մինչև այս փոփոխությունների ներմուծումը դրսևորելով հանրային պատասխանատվություն շատերը անգամ գարնանը, երբ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը՝ ցանկություն հայտնեցին պատվաստվելու։ Այսինքն, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց նախարարը։
13:07 - 08 սեպտեմբերի, 2021
Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան

Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան

Հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ լուրջ ապացուցողական բազա ունեն, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը, Արդարադատության նախարարության մեկուսարանների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգումների մեջ։ Նա նշեց, որ կան պատասխանատվության մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, բայց կան նաեւ քաղաքական պատասխանատվության միջոցներ, եթե դրսեւորվի հետեւողականություն։ Սահակյանի խոսքով՝ երկու կարեւոր ակտ կա, որից մեկը գործում է ԵՄ շրջանակներում, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Այստեղ թվարկված են այն արարքները, որոնց պարագայում ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել։ Սահակյանը նախաձեռնողականության պարագայում տեսնում է հնարավորություն, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ։ Նա նշեց, որ կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Իրավապաշտպանները հավաքագրել են փաստերը ու դրանք ներկայացնելու են միջազգային կառույցների ուշադրությանը։ Սահակյանը նշեց, որ հիմնվում են ոչ միայն ռազմագերիների հայտարարությունների վրա, այլեւ դրանք ստուգում են գոյություն ունեցող այլ փաստերի ու տվյալների հետ՝ պատմածները համադրելով, օրինակ, զննության տվյալների հետ, եւ այլն։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ զեկույցներն ուղարկելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, բայց պետք է նաեւ այլ մեխանիզմներ գործադրվեն՝ պատասխանատվության կանչելու համար, քանի որ քանի դեռ այդ պատասխանատվությունը եղել, դրանց կրկնության հնարավորությունը մեծ է։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ եթե մենք ունենանք դաշնակից գործընկերներ, ապա հնարավոր կլինի իրավիճակը հղել միջազգային քրեական դատարան, որպեսզի ուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում երկու կողմի թույլ տված խախտումները, բայց այդ պարագայում չպետք է վետո դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն պետք է կարողանանք ապահովել Միացյալ Թագավորության ձայնը․ «Իսկ թե Միացյալ թագավորությունն ինչպիսի շահերով է կապված Ադրբեջանի հետ, հասկանալի է, ուստի հնարավոր է՝ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի պարագայուն հաջողություններ չարձանագրվեն, բայց իրավական հնարավորություն ունենք»,- մանրամասնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ թե՛ խոշտանգումները, թե՛ բռնի անհետացումները, թե՛ միտումնավոր սպանություններն այնպիսի հանցագործություններ են, որոնք պահանջում են անկախ դրանց կատարման տարածքից՝ հետաքննություն։
12:41 - 08 սեպտեմբերի, 2021
Սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել. ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից

Սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել. ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հրավիրել են քննարկում՝ հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցի շրջանակներում։ Ինչպես նշեց Թաթոյանը, զեկույցն ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա, ունի բացառիկ հիմնավորվածություն։  Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հիմնվելով միջազգային կոնվենցիաների վրա, նախ բացատրեց, որ ելակետային դրույթ է այն, որ գերեվարման մեջ հայտնվելիս, անկախ հանգամանքից, թե որ պաշտոնատար անձինք, ԶՈՒ ներկայացուցիչներ են ներգրավված գերեվարմանը, ռազմագերիները համարվում են գերեվարած պետության պատասխանատվության ներքո գտնվողներ։ Եվ անկախ նրանից, թե գերեվարողները հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տված խախտումների համար, միեւնույն է՝ գործում է պետության պատասխանատվության սկզբունքը․ «Գերեվարման երաշխիքները սկսում են գործել ամենասկզբից։ Գերիները, ռազմագերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, չի թույլատրվում նրանց պահել բանտերում։ Եթե կան հենց ռազմագերիների անվտանգությանն առնչվող հարցեր, եւ միակ բացառիկ միջոցը մեկուսացումն է, միայն այդ դեպքում կարող է կիրառվել նման միջոց, ընդ որում՝ փաստական հանգամանքների ապացուցման բեռն ընկնում է գերեվարող պետության վրա»,- մանրամասնեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ չի թույլատրվում գերիներին ենթարկել ֆիզիկական բռնության ու տանջանքների։ Զեկույցը միանգամից շարադրվել է անգլերենով, այն ասուլիսից հետո բոլոր փաստերով հանդերձ կհրապարակվի։ Բայց մինչ այդ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։ Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ «Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։ Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․ «Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։ Պաշտպանը հատուկ անդրադարձավ նրան, որ գերիները զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ եւ այլն, եւ մարդիկ հաճախ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ սեփական հագուստի մասերը պատռելով։ Թաթոյանը մի առանձնահատկություն նշեց, որ երբ իմացել են, որ կա՛մ Կարմիր Խաչը, կա՛մ ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները այց են իրականացնելու, սկսել են նորմալ վերաբերվել գերիներին եւ առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ նախապես պատրաստել են։ ՄԻՊ-ը նշեց, որ գերիներին հատուկ դաժան են վերաբերվել՝ հատկապես ստանալու ցանկալի տեղեկություններ, օրինակ՝ անձնական կյանքի վերաբերյալ, հեռախոսահամար, հասցե եւ այլն, պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն փաստաթղթեր, ծաղրել են, ստիպել, որ Ադրբեջանի նախագահին գովերգող ու ՀՀ ղեկավարությանը նվաստացնող արտահայտություններ անեն։«Զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելանում) եղել է հարսանիք, ինքը նռնակով պայթեցրել է տունը, եւ արդյունքում մահացել են 50 ադրբեջանցիներ, ապա սպանել է մոտեցող հարեւանին․ սա ստիպողաբար վերցվող տեղեկություններից է։ Եղել են դեպքեր, երբ խոշտանգելով ստացել են ցանկալի տեղեկություններ՝ իշխանություններին ցույց տալու նպատակով կամ հրապարակումներ անելու միտումով։ Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, այն ռազմագերիներին, որոնք մասնակցել են Արցախյան առաջին կամ Ապրիլյան պատերազմին»,- պատմեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ նույնանման, երբեմն առավել դաժան խոշտանգումներ են եղել գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ։
12:16 - 08 սեպտեմբերի, 2021
Մենք հնարավորություն ենք տեսնում խոսել հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու, երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին․ Նիկոլ Փաշինյան

Մենք հնարավորություն ենք տեսնում խոսել հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու, երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 24-ին՝ ԱԺ-ում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղություններից է լինելու, և սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում, և այդ ծրագրի իրագործումը դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար։ Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում վարչապետը կարևորեց «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։ Փաշինյանը նշեց, որ չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։  «Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրելու կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում կառավարությունը տեսում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Փաշինյանը մանրամասնեց․ «Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով մեր տարածաշրջանը՝ արևելքը արևմուտքին, հյուիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը՝ կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ, հայտնի է։ Հարգելի՛ գործընկերներ, կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»։
11:47 - 08 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»

Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ www.e-draft.am-ից։  Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ Նախագծում նշվում է, որ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տեղեկատվության, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ են  ստացել և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր են  կնքել, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին  փաստացի բնակվել են Քաշաթաղում, սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք  են ունեցել  Քաշաթաղում ։ Աջակցությունը տրամադրվում  է ՀՀ մարզային բնակավայրերում կամ Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։  Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ծրագրի համար կնախատեսվի 9 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։   
16:44 - 07 սեպտեմբերի, 2021
Շրջանառության է դրվել   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Շրջանառության է դրվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։  Նախագծով առաջարկվում է տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո: Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում և նվազեցում չի նախատեսվում:  
15:48 - 07 սեպտեմբերի, 2021
Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  տարածաշրջանային խաղաղության առումով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայից։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ ՀՀ կառավարության նիստից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Էդրողանն ասաց, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա․ «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»: Թուրքիայի նախագահը նշեց, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար․ «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»: Նույն օրը «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց՝ իրենք շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների․ «ՀՀ-ն պատրաստ է սկսել խաղաղության և զարգացման դարաշրջան և իր կողմից առավելագույնը կանի այդ նպատակին հասնելու համար, բայց սա ամենևին չի կարող լինել ՀՀ-ի շահերի և Արցախի ժողովրդի շահերի հաշվին, և սա պետք է շատ հստակ լինի թե՛ մեր գործընկերների, մեր հարևանների համար, թե՛ մեր հասարակության համար։ Ես վստահ եմ, որ այդ շահերը միանշանակ հնարավոր է համադրել մեր ռեգիոնալ հարևանների հետ»։ Infocom-ը ներկայացնում է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նախկինում ինչ հայտարարություններ են արել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։   Մինչև 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններ 2017 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում այն ժամանակ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, նշեց․ ««Ելք» դաշինքի դիրքորոշումն էլ հստակ է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման առումով նախապայմաններ չպետք է լինեն։ Թուրքիան, և, մասնավորապես, Էրդողանը այն քաղաքականության կողմնակից է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փորձ է արվում կապել Ղարաբաղի հարցի հետ, ինչն, իհարկե, անընդունելի է։ Եվ նաև Էրդողանը և Թուրքիան փորձ են անում որևէ ձևով մուտք գործել կամ ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով, ինչն, իհարկե, Հայաստանի համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև Թուրքիան էս ընթացքում անընդհատ ցույց է տվել, որ չի կարող անկողմնակալ միջնորդ լինել, նա հստակ Ադրբեջանի դիրքորոշումներն է պաշտպանում բոլոր առումներով»։  ԱԺ 2017-ի ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ևս նշվում էր, որ միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:    Նոր կառավարության դիրքորոշումը 2018-ի ապրիլ-մաիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Մայիսի 5-ին՝ Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, նա Ստեփանակերտում մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Փաշինյանը կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների․  «Եվ դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը: Եվ մենք շարունակում ենք մնալ այդ դիրքորոշմանը և պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ-թուրքական հարաբերությունների հետ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով․ «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, ուսումնասիրելով  մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: 2018-ի հունիսի 7-ին՝ ԱԺ-ում նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին՝ փաստացի կրկնելով Ստեփանակերտում հնչեցրած մտքերը։ Հուլիսի 27-ին հրապարակվեց Փաշինյանի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ նա կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։ Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության այն ժամանակվա մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույց ունեցավ, որի ընթացքում պատասխանեց «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Փաշինյանի արած հայտարարության վերաբերկալ հարցին․ «Որևիցե ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»: 2018-ի դեկտեմբերին նշանակվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նշել էր․ «Հայաստանի անմիջական մյուս հարևան Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակների որպես նախապայման չօգտագործելու դեպքում»։ Նոր ԱԺ-ի և կառավարության ձևավորումից հետո՝ 2019-ի ընթացքում, վարչապետը ևս մի քանի անգամ հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին («Die Zeit» շաբաթաթերթին տված հարցազրույցում, «ՍիվիլՆեթին» տված հարցարզույցում,  «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում): 2019-ի մարտի 4-ին՝ «EURACTIV»-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե իր ընտրվելուց հետո արդյոք եղե՞լ են դրական ազդակներ առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շուտով կարող են բարելավվել, Փաշինյանը նշեց․ «Ցավով պետք է արձանագրեմ, բայց ո՛չ, մենք չունենք որևէ ազդանշան, որը կվկայեր Թուրքիայի կողմից նախկին դիրքորոշման փոփոխության մասին: Եթե Թուրքիան իրեն համարում է ժողովրդավարական երկիր, ապա նա չէր կարող անտեսել իր սահմանակից պետությունում ժողովրդավարության հաղթանակը։ ․․․Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից, և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում ակնհայտ է բոլորի համար: Այս համատեքստում Թուրքիայի շարունակվող հակահայկական կեցվածքն առնվազն մտորելու տեղիք է տալիս»։ Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում, Փաշինյանը հայտարեց, թե Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար․ «Հայաստանի չորս սահմաններից երկուսը, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը փակ է արդեն շուրջ երեք տասնամյակ։ Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով՝ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որն արդեն մեկ անգամ եղել է Ցեղասպանության զոհ և ականատես է պատմական ճշմարտության ժխտման ու կատաղի դիմադրության»։  Նոյեմբերի 13-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունները ներկայացրել էր Սևանում լողալու գնալու օրինակով՝ նշելով, թե տրամաբանական չէ, երբ փետրվարին որևէ մեկն առաջարկում է գնալ Սևանում լողալու, և տրամաբանական կլիներ, եթե այդ առաջարկը լիներ հունիսին։  «Տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ էդտեղ փետրվարն է, և պետք չի իրերը հավաքել, գնալ լողանալու, որովհետև կարող է՝ մրսենք, թոքաբորբ ստանանք, ինչը մի անգամ արդեն տեղի է ունեցել»,- հայտարարել էր վարչապետը։ Երբ 2019-ի հոկտեմբերին Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ սկսեց, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում դատապարտեց Թուրքիայի գործողությունները։ 2019-ի դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2020-ի բյուջետային հատկացումների քննարկման ընթացքում, Փաշինյանը, ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին անդրադառնալով, հայտարարեց, որ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարումը աղերսներ ունի դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ․ «Արդեն մոտ երեսուն տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են։ Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումները արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում․ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Իրաքի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Հունաստանի նկատմամբ։ Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, և սա, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերանայի և վերագնահատի իր դերը տարածաշրջանում»։   Հուլիսյան մարտեր 2020-ի ամռանը՝ Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում տեղի ունեցած բախումների ժամանակ, Փաշինյանը խոսեց նաև Թուրքիայի մասին․ «Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»:  Տավուշյան մարտերի ավարտից հետո ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային․ «Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս  գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»։ Հուլիսի 28-ին՝ РБК-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը Թուրքիային մեղադրեց Արցախյան հակամարտությունը թեժացնելու համար․ «Թուրքիան ինչպես դարասկզբին, երազում է վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ նրանք վերջին երեսուն տարիների ընթացքում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, ամենօրյա աշխատանք են տանում, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը, այդ նպատակը: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, առաջին հերթին ռուսաստանցիներին է հասկանալի, թե այդպիսի զարգացումներից հետո ինչպիսին են Թուրքիայի և թուրքական գործոնի հետագա աշխարհաքաղաքական նկրտումները հնարավոր, բայց ես կարծում եմ, արդյունքում՝ անհնար զարգացումների»։   Արցախյան երկրորդ պատերազմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Սեպտեմբերի 28-ին վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ  հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նշեց, որ հուլիսյան դեպքերից ի վեր՝ Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում՝ Մերկելին կոչ անելով գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային՝ նշելով, որ  ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: Պատերազմի ընթացքում տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև տարբեր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը  բազմիցս անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը, վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելուն և այլ հարցերի։ Սեպտեմբերի 30-ին՝ «The Washington Post»-ին տված հարցազրույցում, Փաշինյանը նշեց, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ՝ Հարավային Կովկասում: Հոկտեմբերի 2-ին՝ «The Globe and Mail»-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը հայտարարեց որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը։ Հոկտեմբերի 7-ին՝ TIME հանդեսին տված հարցազրույցում, վարչապետը, վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, հայտարարեց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»: Հոկտեմբերի 9-ին՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, վարչապետը հայտարարեց․ «Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»: Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը․  «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է»: Հոկտեմբերի 17-ին՝ «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրուցի ընթացքում, Փաշինյանը կրկին հնչեցրեց Թուրքիայի վերաբերյալ նախկինում հնչեցրած թեզերը՝ եզրակացնելով, որ եթե Թուրքիայի վարած քաղաքականությունը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: Իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը Թուրքիային մեղադրեց, որ վերջինս պատերազմի գլխավոր հրձիգն է։ «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում էլ, մեղադրելով Իսրայելին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու համար, Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:   Հետպատերազմյան շրջան Պատերազմի ավարտից հետո՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, անդրադառնալով Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում կատարված իրադարձություններին, վարչապետը կրկին անդրադարձավ Թուրքիային․  «Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ»: 2021-ի հունվարի 24-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ 44-օրյա պատերազմի մասին։ «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը»,- ասում էր Փաշինյանն իր հոդվածում՝ խոսելով այն մասին, թե ինչ իրավիճակում է եղել Արցախյան հարցի կարգավորման գործընթացը այն պահին, երբ ինքը եկել է իշխանության։ 2021-ի փետրվարին՝ Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարեց, որ Հայաստանի ձեռնարկած դրական քայլերին դրական պատասխան կտան․ «Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»։ Նույն օրը՝ 1in.am-ին տված հարցազրուցում, Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ով է շահագրգիռ ապաշրջափակման գործընթացում, նշեց․  «Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»: Փետրվարի 27-ին ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում․ «Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»։ Դեռ Տավուշյան մարտերից առաջ՝ 2020-ի հուլիսին, ընդունվել էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նշվում էր, որ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։ «Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ»,- ասվում էր Ազգային անվտանգության ռազմավարությունում։ Մարտի 27-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Պետրոս Ղազարյանը, հիշեցնելով ռազմավարությունում Թուրքիայի մասին ձևալերպումները, հարցրեց, թե ինչպես ենք մենք հիմա պատկերացնում Թուրքիայի հետ փոխհարաբերությունները։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են կատարվել, և ընդհանուր առմամբ, մենք դիտում ենք, որ ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա, և կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան»։ Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք խոսքը Թուրքիայի հետ ապաշրջափակման գործընթացի մասին է։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն չկա, բայց Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից գոնե հրապարակային հայտարարություններ են եղել։ Հարցին, թե արդյոք փոխվե՞լ է մեր անվտանգային կոնցեպտը, և մենք Թուրքիային համարո՞ւմ ենք թշնամի, Գրիգորյանը պատասխանեց․ «Տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցնումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք էդ ուղղությամբ աշխատում ենք»։  Մինչդեռ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Թուրքիային չի վերաբերում, քանի որ Թուրքիան համաձայնության մաս չէ։ ԱԽ քարտուղարի հարցազրույցից երկու օր անց ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում, Արման Աբովյանի հարցին ի պատասխան,  հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետը և ԱԳ նախարարը, և հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում․ «Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»։ Ապրիլի 6-ին՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ապրիլի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց․ «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ մենք հնարավորություն ունենք իրականացնելու կարևոր նախագծեր և կարգավորելու հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»։ Ապրիլի 14-ին ԱԺ-ում, պատասխանելով հարցին՝ թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ, Փաշինյանն ասաց․ «Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցը ուրիշ տեղ է․ լավ, էս թշնամությունն ի՞նչ ենք անելու։ Ինչքան մենք ենք համարում թշնամի, էնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի։ Իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնեն, մենք՝ իրե՞նց, սա՞ է խնդիրը․․․ Ես կարծում եմ, որ ո՛չ, մենք էսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ չպետք է ձևակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն, իրենք էլ չեն կարող միակողմանիորեն որոշել, որ մենք թշնամի չենք, նույնիսկ փոխադարձաբար մենք չենք կարող որոշել, որ մենք թշնամի չենք, որովհետև պատմականորեն մենք թշնամի ենք․ հարցը էն է՝ մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում էդ թշնամությունը։ Այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է։ Էսօր պետություններ կան, որ իրար հետ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն, երկրներ կան՝ իրար նկատմամբ ընդհուպ տարածքային պահանջներ ունեն, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակում այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»։  Ապրիլի 26-ին Արա Այվազյանը, անդրադառնալով Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ էր անում, նշեց՝  իրենք կարևորում են ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը․ «Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն»:  Մի քանի օր անց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա, թուրքական ապրանքների ներմուծման արգելքն էլ երկարաձգվելու է։ Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում թուրք-ադրբեջանական փաստաթուղթ ստորագրեցին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց այցելությունը՝ այն որակելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։  Շուշիում Էրդողանը հայտարարեց, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ արեց համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան Արդրբեջան)։ ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, Թուրքիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները․ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»։ Այս հայտարարություններին հաջորդեց Թուրքիայի նախագհի հայտարարությունը, այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան։ Ամփոփելով նշենք, որ և՛ իշխանության գալուց առաջ, և՛ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն՝ առանց նախապայմանների։ Տավուշյան դեպքերի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն, վարչապետի հայտարարություններն այլ տրամաբանություն ունեին․ Թուրքիան եկել է տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու, Թուրքիան էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, ապակայունացնում է տարածաշրջանը և այլն։ Պատերազմի ավարտից հետո այս մեղադրանքները դադարել են հնչել․ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն խոսում են Թուրքիայից եկող դրական ազդակների և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համատեքստում հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Լուսանկարը՝ ermenihaber.am-ից Աննա Սահակյան
17:26 - 06 սեպտեմբերի, 2021
Պետական հեղաշրջման փորձ Գվինեայում․ զինվորականները հայտնում են, որ ձերբակալել են երկրի նախագահին

Պետական հեղաշրջման փորձ Գվինեայում․ զինվորականները հայտնում են, որ ձերբակալել են երկրի նախագահին

Այսօր Գվինեայում զինվորականները ապստամբություն են կազմակերպել: Նրանց առաջնորդ, գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալված է: Այս մասին գրում է TACC-ը՝ ներկայացնելով այն ամենը, ինչ այս պահին հայտնի է երկրում տեղի ունեցածից։ Agence France-Presse-ի փոխանցմամբ ինտեսնսիվ կրակոցներ են հնչել երկրի մայրաքաղաք Կոնակրիի կառավարական թաղամասում: Շատ զինվորականներ դուրս են եկել փողոց՝ հորդորելով անցորդներին անհապաղ վերադառնալ իրենց տները եւ դուրս չգալ այնտեղից։ Զինվորականները արգելափակել են դեպի մայրաքաղաք մուտքի հյուսիսարևելյան ուղղությունը։ Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրի Սահմանադրության կասեցման եւ խորհրդարանի լուծարման մասին: Դումբույան հրամայել է փակել Գվինեայի արտաքին սահմանները և զինվորականներին կոչ արել մնալ զորանոցներում: Նա նաև հայտնել է, որ ստանձնել է Համախմբման և զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով, կոմիտեի նպատակն է միավորել երկրի բոլոր քաղաքացիներին՝ պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Գվինեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նախագահական պալատի վրա հատուկ ջոկատայինների հարձակումը կասեցվել է, սակայն ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին:
18:54 - 05 սեպտեմբերի, 2021