Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով

Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաեւ զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նա նշեց, որ մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ են եղել՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Օպերատիվ-մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հերտակոծումները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։  ՊԲ փոխհրամանարը հայտնեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։  Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, դրանք են՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։  Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ Վիրավորների քանակը ճշտվում է։  Արթուր Սարգսյանը, պատասխանելով դիակների փոխանակման հարցին, նշեց, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար, իսկ այս պահին հրադադարի միտում չկա։ 
10:34 - 02 հոկտեմբերի, 2020
Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում ելքը ՀՀ-ից դեպի Արցախ

Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում ելքը ՀՀ-ից դեպի Արցախ

ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը, կազմակերպության՝ Արցախ մեկնող քաղաքացիների անձնական տվյալները և անձը հաստատող փաստաթղի լուսապատճենը և նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը և կցելով անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում: գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով 2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը: 3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։ Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»։
10:23 - 02 հոկտեմբերի, 2020
ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում |civilnet.am|

ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը և վերադառնալ քաղաքական երկխոսության․ այս մասին ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հաղորդում է Reuters-ը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք ձեռնարկում ենք բոլոր ջանքերը այլ միջազգային ուժերի հետ համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։ Սա բռնությունը դադարեցնելու միակ հնարավորությունն է»,- ասել է նա ։ Պատասխանելով հակամարտությունում Թուրքիայի դերի մասին լրագրողների հարցին՝ Միշելն ընդգծել է. «Մենք ցանկանում ենք, որ բոլորը ավելի կառուցողական և դրական դեր խաղան, որը կնպաստի լարվածության լիցքաթափմանը»: «Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի բարդացնում է այն»,- ասել է Շառլ Միշելը։
09:51 - 02 հոկտեմբերի, 2020
097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

097-77-72-70 հեռախոսահամարից կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով  Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:
09:34 - 02 հոկտեմբերի, 2020
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

1lurer.am:  Ամերիկացի 50 կոնգրեսական պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղված նամակում պահանջել են, որ Թրամփի վարչակազմը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները ներդնի Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները զսպելու համար։   Հիշեցնելով, որ Ադրբեջանը ոչ վաղ անցյալում սպառնում էր հարվածել անգամ Հայաստանի ատոմակայանին՝ կոնգրեսականները հայտարարել են, որ փաստերը խոսում են վերջին հարձակման նախապես խնամքով ծրագրված լինելու մասին։   «Մտահոգության լրացուցիչ առիթ է Թուրքիայի նյութական օգնությունն ու քաջալերումը։ Թուրքական նեգրավվածությունը շարունակական տարածաշրջանային հակամարտության վտանգ է հարուցում, որը հումանիտար աղետի հետ կարող է վտանգել ԱՄՆ անվտանգության կարևոր առաջնահերթությունները»,- նշված է նամակում։   Կոնգրեսականները նկատել են, որ կողմերի միջև հավասարության քաղաքականությունը տապալվել է։ «Շատ երկար ժամանակ է, որ Միացյալ Նահանգներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները հավասարության կեղծ նշաններ են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույնիսկ այն դեպքում, որ վերջինը սպառնում է պատերազմով ու մերժում դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով»։   Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեզը և տասնյակ ուրիշ օրենսդիրներ պահանջել են աներկբա դատապարտել ադրբեջանական ագրեսիան, Բաքվին հարկադրել ընդունել կրակային մոնիտորինգի վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների առաջարկը և բարձր մակարդակով աշխատել թուրքական կողմի հետ` հստակեցնելու համար, որ Ադրբեջանին օգնելը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը։
01:16 - 02 հոկտեմբերի, 2020
Տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ

Տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ. Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար: Նրանցից ոմանք արդեն հասցրել են իրենց բացահայտել Արցախի Պաշտպանության բանակի դեմ մարտերում և կրել կորուստներ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները, որոնք բնորոշ են վտարյալ պետություններին, լուրջ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար: Տեղին ենք համարում վերստին հիշեցնել, որ Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից: Օտարերկրյա զինյալներին և վարձկաններին հակամարտության գոտում ներգրավելը դարձել է հիմնական գործոն՝ Ադրբեջանին վերածելու 1990-ական թթ. կեսերին և վերջին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկիր, ինչպես նաև ահաբեկիչների համար փոխաբեռնման կետ, որտեղ իրականացվում էր նրանց ահաբեկչական գործունեության կազմակերպումն ու սուբսիդավորումը: Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունն արդեն այս պահին պետք է վճռական քայլեր ձեռնարկի: Այս առումով հարկ է նշել, որ օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումը արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ավելին՝ գիտակցելով օտարերկրյա զինյալների և վարձկանների գործունեության դեմ հավաքական պայքարի կարևորությունը` միջազգային հանրությունը պետություններին պարտավորեցնում է կանխել և կասեցնել նման պրակտիկան: Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են ողջ համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը: Վերստին ընդգծում ենք, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:
01:08 - 02 հոկտեմբերի, 2020
Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը․ Արմեն Սարգսյան

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին. Հարց- Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրույցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգուշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մեկ այլ Սիրիա, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք այդպես խորապես մտահոգված: - Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական պատկերը: Պատմության տեսանկյունից պետք է նայել, թե որտեղ է Լեռնային Ղարաբաղը գտնվում, ինչ է Լեռնային Ղարաբաղը: Սա պատմական Հայաստանի մի մաս է, որտեղ հայերը բնակություն են հաստատել հարյուրավոր, հազարավոր տարիներ: Միայն խորհրդային ժամանակահատվածում Ստալինն այս տարածքը հանձնեց Ադրբեջանին: Ստալինը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի մեծ վարպետ էր և խնդիրներ ստեղծեց խորհրդային բոլոր երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև: Հարց- Կներեք, պարոն նախագահ, այս պատմական ակնարկը կարևոր է, սակայն այսօր մենք ունենք հակամարտություն, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:- Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991 թվականին հստակորեն արտահայտեց իր ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը դարեր շարունակ հայեր էին, դառնալու անկախ պետություն: Սակայն ժողովրդի կամքը հարգելու փոխարեն Ադրբեջանը որոշեց կռվել նրանց դեմ, ուղարկեց բանակ, և պատերազմ սկսվեց անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի միջև: Առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականի հրադադարով: Դրանից հետո միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, ստեղծեց երկխոսության հարթակ՝ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս ընթացքում վարվել են բանակցություններ՝ երբեմն հաջող, երբեմն ոչ այնքան, սակայն այս բանակցությունների թիրախում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն էր: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս չեն շարունակելու երկխոսության և խաղաղ կարգավորման որոնման այս ուղին և խնդիրը պետք է լուծեն ուժի միջոցով: Ադրբեջանի կողմից ԼՂՀ առաջնագիծ ուղարկվեցին զինվորականներ: Հրետակոծությունը շարունակվեց նաև քաղաքացիական բնակչությամբ բնակեցված վայրերի վրա: Հարց- Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման: Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց... Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ:Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա: Հարց- Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են և ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է: - Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի: Հարց- Լեռնային Ղարաբաղի նախագահն ասում է, որ ԼՂ-ում ներկայիս պատերազմը նաև պատերազմ է Իրանի դեմ: Համաձա՞յն եք սրա հետ: - Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի մեկնաբանությունն է աշխարհաքաղաքական փոփոխություններին, որոնք տեղի կունենան, եթե այս պատերազմը չդադարեցվի: Հարց- Ռուսաստանն առաջարկել է հանդես գալ միջնորդությամբ: Դուք բա՞ց եք ռուսական միջնորդության համար: - Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահներն են:: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իհարկե, մենք բաց ենք միջնորդության համար, և որքան շուտ այն սկսվի, այնքան լավ:Դա միջնորդություն է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և նաև Հայաստանի միջև, իսկ թուրքական ներկայությունն ու ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Հարց- Ի՞նչ հիմքով կամ պայմանով եք ընդունելու այս միջնորդությունը, քանի որ անգամ Հայաստանի վարչապետն է ասում, որ դուք պատրաստ չեք վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները հիմա, քանի որ համապատասխան պայմաններ չկան: Իսկ Դուք հիմա ասում եք, թե բաց եք: - Այստեղ չկա հակասություն իմ ասածի և կառավարության խոսքի միջև: Դուք ընդհանուր հարց եք տալիս՝ արդյո՞ք Հայաստանն ընդունում է Ռուսաստանի միջնորդությունը, եթե այն սկսի աշխատել: Պատասխանը այս է՝ սկզբունքայնորեն այո: Սակայն միջնորդությունը գործընթաց է, այն սկսվում է հատուկ միջնորդներով, ռազմական, քաղաքական գործիչների, արտգործնախարարությունների միջև կապերով, սակայն այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Պատասխանն է՝ այո, մենք պատրաստ ենք միջնորդության, հատկապես Ռուսաստանի կողմից, եթե նման միջնորդություն կազմակերպվի: Հարց- Ռուսաստանը խոսե՞լ է այդ մասին... - Հայաստանի տարբեր պետական մարմիններ ամեն օր կապի մեջ են ռուսական կողմի հետ, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Ռուսաստանի գործընկերոջ հետ: Քննարկումներ են տեղի ունենում կառավարությունների, վարչապետի մակարդակով: Քննարկումներ միշտ կան, սակայն դեռևս չկա հստակ ձևաչափ, որպեսզի մենք ասենք, թե կողմերի միջև միջնորդություն է սկսվել: Հարց- Դուք Ռուսաստանի հետ կապված եք Հավաքական անվտանգության համաձայնագրով: Կարո՞ղ եք խնդրել Ռուսաստանի ռազմական աջակցությունն այս պատերազմում: - Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Այն, Հայաստանից բացի, այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառույցին, թեպետ ունի դրա իրավունքը: Հուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարևանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, կդադարեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, և պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դեմ, ու մենք կարիք չենք ունենա դիմել այլ կառույցների կամ միջազգային կազմակերպությունների: Հուսով ենք, որ առողջ բանականությունն ու մարդկային տրամաբանությունը կգերակայեն: Սակայն Հայաստանն իրավունք ունի դիմել կառույցի, որի մասն է: Մենք նաև հարց ենք բարձրացրել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, քանի որ Թուրքիան, լինելով այդ կառույցի անդամ, իրականացնում է գործողություններ, որոնք դեմ են կազմակերպության ողջ փիլիսոփայությանը: Նրանք ներգրավված են մի հակամարտության մեջ, որտեղ ուղիղ/անմիջական հետաքրքրություն չունեն, թեպետ ձևացնում են, իբր կան PKK զինյալներ կամ սպառնալիք կա միջազգային էներգետիկ աղբյուրների նկատմամբ: Հարց- Նշեցիք, որ իրավունք ունեք դիմել Ռուսաստանին ձեզ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Իհարկե, Ռուսաստանի հետ ունեք ընդհանուր պաշտպանական պայմանագիր, ինչպես նաև ռուսական ռազմական կայան կա Հայաստանում: Ռուսաստանը կամք ցուցաբերե՞լ է՝ միջամտելու այս հակամարտությանը՝ դրա մասը կազմելու առումով:-Ձեր հնչեցրած հարցն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի նախագահին, այլ ոչ թե ինձ: Ես Ձեր հարցերին պատասխանում եմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի անդամ է նաև Ռուսաստանը: Մենք հատուկ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես արդեն նշեցի, պաշտոնապես չենք դիմել ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին՝ մեզ օգնելու համար: Քանի դեռ չես դիմել նրանց, չես կարող ասել՝ նրանք պատրաստ են աջակցել, թե ոչ: Սակայն մենք ունենք պայմանագրեր: Մենք չենք ցանկանում լարել իրավիճակը: Մի բան շատ կարևոր է՝ մենք չենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև եղած այս հակամարտության շուրջ գերլարվածություն ստեղծել: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև Դուք նշեցիք Ձեր խոսքում, եթե առճակատումն ավելի մեծ լարվածության հասնի, ապա Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա: Այդ դեպքում թող Աստված մեզ պահապան լինի, թե ինչ կկատարվի ամբողջ տարածաշրջանում: Մենք փորձում ենք զսպել այս իրավիճակը: Այս ամենն անելու գործում կա մեկ կարևոր մաս՝ Թուրքիան: Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի և քաղաքացիների վրա չուղարկի իր ԱԹՍ-ները և F-16-ը՝ կրակելով նրանց վրա, ապա ներկա պատերազմը որոշ ժամանակ անց որոշակի հանգուցալուծում կունենա: Հուսով ենք, որ կողմերը՝ ներառյալ Ադրբեջանը, կլսեն, թե մենք ինչ ենք ասում: Հաշվի առնելով, թե ինչ է հիմա կատարվում, եկեք վերադառնանք բանակցային սեղան, քանի որ այլընտրանք չկա: Այս խնդիրը ռազմական լուծում չունի: Եթե մենք չլսենք այս ուղերձը, ապա հազարավոր մարդիկ կմահանան: Իսկ ինչպիսի՞ն կլինի արդյունքը: Մեծ ողբերգություն երկու երկրների՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար:Հարց-Մյուս կողմն ասում է՝ թող Հայաստանը դուրս գա այդ շրջանից, որը ճանաչված չէ, կա Ադրբեջանի ինքնիշխանության միջազգային ճանաչում: Ինչպե՞ս են հայերը արձագանքում այս հարցին, ո՞րն է ավարտը:-Ճանաչման համար առաջին հերթին ժամանակ է պետք: Ճանաչման լավագույն ճանապարհը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով ի վերջո պետք է գա եզրահանգման, ըստ որի՝ երկու կողմերը կհամաձայնեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետագա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի վերաբերյալ: Դա է ամենալավ ճանաչումը:Այդպիսով, այս խնդրի լուծման հիմնական ուղին մեկ կամ երկու երկրի կողմից ճանաչումը չէ, որը, հնարավոր է, կօգնի, սակայն վերջնական լուծումը պետք է լինի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բանակցությունների միջոցով: Երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմել միայն խորհրդային տարիներին, այն նախկինում երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Այն Ադրբեջանին տվել է Ստալինը: Երբ խոսում եք ամբողջականության մասին, և եթե նկատի ունենք այն, ինչ Ստալինը ստեղծել է, ապա դա խորհրդային կայսրությանն էր: Մարդկանց կամարտահայտմամբ և երկխոսության շնորհիվ Միացյալ Թագավորությունում Շոտլանդիան որոշեց հանրաքվեի միջոցով արտահայտել անկախանալու իր ցանկությունը: Մեծ Բրիտանիան չասաց ոչ. նրանք թույլ տվեցին շոտլանդացիներին հանրաքվե անցկացնել: Եթե հանրաքվեն դրական լիներ, ապա Շոտլանդիան այսօր անկախ պետություն կլիներ, սակայն այն բացասական էր: Ինչո՞ւ Միացյալ Թագավորությունում, նախկին Հարավսլավիայի պետություններում, նորմալ մարդկային հասարակության դրսևորում եղավ, իսկ Լեռնային Ղարաբաղը, որի 90 տոկոսը դարերով բնակեցված է հայերով, երբ անկախության հանրաքվե անցկացրեց, Ադրբեջանը պատերազմ սկսեց, Թուրքիային ներգրավեց, սկսեցին կրակել մարդկանց վրա, մեկ այլ էթնիկական զտում իրականացնել: Կարո՞ղ եք դա բացատրել ինձ:Հարց-Պարոն նախագահ, ակնկալո՞ւմ եք, որ Իրանը կներգավվի՞ այս խնդրում:-Հույս ունեմ, որ այս ընթացող պատերազմում չի ներգրավվի ուրիշ որևէ այլ երկիր: Հույս ունեմ, որ Թուրքիան դուրս կգա այս խնդրից, և ոչ ոք այլևս չի միջամտի: Այդ իսկ պատճառով մենք ուրիշներին չենք դիմում: Յուրաքանչյուր նոր ներգրավում տասն անգամ ավելի շատ լարում կառաջացնի, և հակամարտությունը հնարավոր չի լինի կանգնեցնել: Իրանին, Ռուսաստանին կամ մյուսներին ներգրավվելու փոխարեն կցանկանայի տեսնել այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալը:Հարց- Ո՞ւմ եք դիմել, որ Թուրքիային դուրս մղի: Ո՞վ կցանկանա դուրս մղել Թուրքիային:-Հորդորում եմ անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Յուրաքանչյուրը հասկանում է, որ այս հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումն անհամաչափ, անհիմն է, բոլոր միջազգային օրենքներին և համաձայնագրերին դեմ է: Թուրքիայի ներգրավումը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ ամենի համար նրանք ունեն արդարացումներ, ինչպես այսօր են արդարանում, թե իբր պաշտպանում են միջազգային էներգետիկ խողովակաշարերը, PKK զինյալների մասին են խոսում, ինչն ուղղակի անհեթեթություն է: 1915 թվականին նրանք ասում էին, որ հայերը քրիստոնյա են, աջակցում են ռուսներին և այլն, և այլն: Դրանք բոլորն արդարացումներ են, իսկ նպատակը շատ պարզ է՝ էթնիկ զտումներ անել, հայերին դուրս հանել այն հողից՝ Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Սա անընդունելի է: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան դարձել է մեծ բացասական գործոն այս հակամարտության մեջ, ինչը թույլ չի տա վերադառնալ նորմալ բանակցային սեղան: Ես բանակցված լուծման կողմնակիցն եմ, որովհետև ուրիշ լուծումներ չկան: Կա միայն մեկ մարդկային ճանապարհ խնդիրների լուծման համար, որը երկխոսությունն է:Հարց- Հնարավո՞ր է երկխոսությունը սկսել հիմա՝ հաշվի առնելով իրավիճակը: Հնարավոր կլինի՞ առանց փոփոխությունների, հրադադարի հաստատման սկսել երկխոսություն: Դա ընդունելի՞ է Ձեզ համար: -Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն: Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը: Հարց-Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, ասում է, որ աջակցում է ադրբեջանցիներին և ժխտում է ուղղակի միջամտությունը այս խնդրում: Ի՞նչ եք մտածում այս մասին:Նրանք ճիշտ չեն ասում: Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը:Հարց- Թուրքիան միջամտում է Սիրիայի խնդրին, և դա հայտարարվել է՝ որ Էրդողանը թիրախավորել է...-Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: Թուրքիան ասում է այլ բան, սակայն ես ասում եմ սա: Դուք ընտրեք այն, ինչ նախընտրում եք: Խաղաղ բնակիչներ են մահանում այն կրակոցներից, որոնք գալիս են Լեռնային Ղարաբաղի հակառակ կողմից՝ Ադրբեջանի կողմից, որտեղ Թուրքիան ամբողջությամբ ներգրավված է: Իմ հարցը շատ պարզ է՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել ներգրավվել այս խնդրում: Չէ՞ր կարող Ադրբեջանը, որն շատ ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, այս գործը գլուխ բերել: Ինչու՞ Թուրքիան որոշեց միջամտել այս արյունալի պատերազմին, որը մարդկանց է սպանում: Նրանք ասում են, որ միջազգային էներգետիկ խողովակաշարերի համար սպառնալիք կա, ինչն ուղղակի անհեթեթություն է: Եթե հայերը ցանկանային կրակել միջազգային էներգետիկ խողովակաշարերի վրա, նրանք դա կանեին 20 տարի առաջ, երբ սկսում էին կառուցել դրանք: Սակայն այդ խողովակաշարերն այնտեղ են 20 տարի շարունակ, և Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վաստակել, որոնք օգտագործել է զենք գնելու և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ օգտագործելու համար: Ասել, որ հայերն այսօր մտածում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարվածելու մասին, սխալ է և սուտ:
00:42 - 02 հոկտեմբերի, 2020
Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|

Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ գործունեության: Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր: Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:
00:10 - 02 հոկտեմբերի, 2020