Ինֆոքոմ

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Այսօր Անկախության 30-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Factor.am-ի՝ «Եռաբլուր»-ում գտնվող լրագրողի փոխանցմամբ՝ արարողակարգային միջոցառումը լրագրողների լուսաբանման համար հասանելի չէր․ վարչապետի աշխատակազմը և անվտանգությունը ամբողջ ընթացքում թույլ չեն տվել, որ լրագրողները ազատորեն տեղաշարժվեն պանթեոնի տարածքում։ Սահմանափակումների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց․ «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումը անխոչընդոտ, հանգիստ անցնի»։ Ճշտող հարցին, թե լրագրողնե՞րն են խանգարում, որ միջոցառումը անխոչընդոտ անցնի, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»։
10:05 - 21 սեպտեմբերի, 2021
Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշում է Անկախության տոնը․ լրացավ անկախության հռչակման 30-ամյակը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ Հայաստանի ԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, իսկ Հայաստանի ԳԽ-ի՝ անկախության մասին որոշումը ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։  Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Որպես պետական դրոշ ընտրվեց Առաջին հանրապետության եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։ Հռչակագրում նշվում էր, որ ՀՀ-ն պետք է ունենա իր դրամական համակարգը։ Փաստաթղթով հայերենը դարձավ պետական լեզու։ Հանրապետության ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Նույն թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչեց դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված անկախության 30-րդ տարելիցին։  Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի
09:22 - 21 սեպտեմբերի, 2021
Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի, 2021
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, չի կարող այդպես լինել։ Ավելին, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղված իրավիճակին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում, ի պատասխան լրագրողների հարցին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։  Վարդևանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին ընդունված օրենքը այդպիսի «արժեք ունենար», ապա կլինեին հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ «Թե՞ ձեզ թվում է, որ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, իհարկե լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ուներ զրո արժեք։ Միջազգային իրավունքի ցանկացած տարրական գիտելիք ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը, հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով, որը, ի դեպ, ընդունվել է դեռևս 1995 թվականին, փոփոխությունների մասին է խոսքը»,- հավելեց Վարդևանյանը։  Վարդևանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ Պատգամավորի խոսքով՝ դա վկայում է նաև այն իրական կյանքը, որը մենք տեսել ենք, և դա երբեք չի օգտագործվել ընդդեմ ՀՀ շահերի։ «Մի կարևոր հանգամանք էլ կա․ վերջիվերջո կարելի է չէ՞ պարզել, թե ով է 2010 թվականին բերել այդ նախաձեռնությունը և կարելի՞ է պարզել՝ ով է ԱԺ-ում եղել զեկուցողը, և հարց տալ, թե արդյոք այդ անձը շարունակում է պաշտոնավարել։ Ամենակարևորը, ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրենք այնպես, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե առաջ կբերենք նման նախաձեռություն, չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը։ Բանավոր պայմանավորվածությունների մասով՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձիք, այդ թվում «վարչապետը, անվտանգության խորհուրդը, չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։ Ինձ ասեք, թե որ օրենքում է գրված, որ բանավոր պայմանավարվածությամբ ՀՀ սահմաններից զորքը կարող է հետ գնալ։ Ուղիղ հարց տվեք, որտե՞ղ է դա գրված, եթե գրված չէ, դա առնվազն լիազորությունների չարաշահում է, եթե պետական դավաճանությունը դնենք մի կողմ»,- եզրափակեց Վարդևանյանը։ Հակադարձելով Արամ Վարդևանյանի խոսքին՝ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց պետական սահմանի հետ կապված դիտարկումները պետք չէ բերել, վտանգների մեջ դնել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։
14:10 - 17 սեպտեմբերի, 2021
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Ես կարծում եմ, որ պարգևավճարների հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ պարգև՝ պարգևատրման տեսքով։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճարներ, ինչն իրենց համար անընդունելի է։  «Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին, այսինքն հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար՝ տարբեր չափերի, ըստ իրենց զբաղեցրած պաշտոնի»,- նշեց նա։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այդ պարգևավճարներից չի օգտվելու։ «Գումարը կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Հավելենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ որոշվել է, որ ՀՀ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Աժ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Անդրադառնալով ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացնելուն՝ Տիգրանյանն ասաց․ «Պետք է ասել, որ սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի, փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքները իրականացվել են լռելյայն, առանց դրանց մասին ասուլիսներ տալու և հանրությանը ավելորդ ցնցումների մեջ գցելու, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք իրականցվել են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված։ Բնականաբար դրական ենք գնահատում այս գործողությունները և կանխատեսելի էր, գիտեինք, որ գանագատ է ներկայացվելու, և չէր բացառվում որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գանգատ։ Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերն ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»։
13:31 - 17 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Այս պահին կուտակումներ եւ լարվածություն չկա Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Խոսքը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ճանապարհի Էվազլար հատվածին, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել։ Դրանք, պատգամավորի խոսքով, չեն տեղավորվում սահմանային խնդրիների տրամաբանության շրջանակներում․ «Ո՞րն է դա․ ոստիկանական ուժերը կանգնեցնում են իրանական մեքենաները եւ գումար են վերցնում։ Հիմա դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի, ոնց որ գայի աշխատողները։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ Օսեթիայում համատարած ամեն մեկն իր տան մոտ բլոկպոստ էր դրել դեռ չլուծված խնդիրների շրջանակում, գումար էին գանձում։ Հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ճշտեն՝ էս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ ապօրինի են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին։ Հիմա սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչեւ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն դեմարկացիային եւ դելիմիտացիային առնչվող խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհի հարցն է կարգավորվում, խոսքը վերաբերում է Տաթեւ-Կապան ճանապարհին։ Պատգամավորի խոսքով՝ այդ այլընտրանքային ճանապարհի օգտագործման դեպքում Որոտանի ճանապարհին ադրբեջանական գործողությունները կդառնան անիմաստ։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
13:01 - 17 սեպտեմբերի, 2021
Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Հայտնելով իր կարծիքը՝ Վարդևանյանը նշեց․ «Մի քանի շաբաթ առաջ ելույթներից մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են։ Իհարկե, իշխող խմբակցության կողմից դիտարկվեց որ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ՝ ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այնքան ակնհայտ են, որ դրան այլ որակում տալ հնարավոր չէ։ Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է, նույնիսկ կարծում եմ, որ կարելի էր նաև ավելի շուտ ներկայացնել, իհարկե դա իրավական բազմաթիվ շերտեր ունի»։ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ծանոթացել է տարածված հաղորդագրության բովանդակությանը։ Պատգամավորը նշեց, որ դրանից պարզ է, որ այն վերաբերում է նաև հենց 44-օրյա պատերազմին։ Վարդևանյանի կարծիքով գանգատում կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը։ «Կհիշեք, որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածվածին, կարծում եմ այն ավելի շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև կարծես թե բոլորի համար, միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային մի շարք նորմերի խախտումներ՝ ուժի արգելման սկզբունքի խախտումից, մինչև ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարումներ։ Ինչին ականատես ենք եղել և այն մինչ օրս շարունակվում է։ Մյուս կողմից, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ պաշտոնատար անձնաց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատ ներակայացնելուց, այսինքն ինչու հենց նման կտրուկ գնահատականներ չենք լսում։ Երբ զառանցանքներ ենք լսում այդ երկրի կողմից, դրանց պատասխան չի տրվում, ինչն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Վարդևանյանը։ 
12:51 - 17 սեպտեմբերի, 2021
ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

Ուզում ենք արձանագրել, որ անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման Գորիս- Կապան ստրատեգիական և ռազմավարական ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիականական անցակետի տեղադրումն է։ Հիշում եք, որ հենց նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք՝ պահանջում ենք, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթն ավարտվում է, և չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության, ԱԺ նախագահության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։  Վերջինիս խոսքով իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և ՀՀ շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, ինչը, ըստ «Հայաստան» խմբակցության, պետական դավաճանության դասական օրինակ է։ «Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ քիչ առաջ առանց մեր իմացության, տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու, դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10․000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները այդ թվում ԱԺ պատգամավորները ստանալ պարգևավճար»,- հավելեց Սաղաթելյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, հավատարիմ մնալով իրենց նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանկահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից չեն օգտվելու։ Գումարը կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստվում է պարգևատրման գործող ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է։
12:11 - 17 սեպտեմբերի, 2021
Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է, որ պետական սահմանն ու հարաբերությունները երրորդ պետության հետ պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները․ «Էդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է էդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե էդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, էդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի շուրջ քննարկումներին՝ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում․ «Որովհետեւ դեռեւս Սեւ լճի  շուրջ տեղի ունեցող գործողությունների ընթացքում, երբ, իշխանությունների խոսքով, 1000-ից ավելի ադրբեջանցիներ ուղղակի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իշխանությունները պնդում էին, որ, այո՛, կա ագրեսիա, որը պետք է համարժեք արձագանք ստանա։ Հիմա իրենք իրենց հռետորաբանությունը ամբողջությամբ փոխել են, անգամ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաեւ մեր կառավարության մեջբերումները եւ աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Դա ամենեւին այդպես չէ․ մենք խնդիր ունենք մեր պետական սահման ներուժած անձանց հետ, եւ հիմա, ըստ էության, պայքար չենք իրականացնում»,- ասաց Աննա Մկրտչյանը։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
12:05 - 17 սեպտեմբերի, 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան

Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան

Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ ավարտել է լիագումար նստաշրջանի աշխատանքները․ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդես են գալիս ճեպազրույցներով։ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, խոսեց Սերժ Սարգսյանի վերաբերյալ հրապարակման մասին, ըստ որի՝ վերջինս Ապրիլյան պատերազմի ավարտին հաջորդող օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, որը հետո հերքել էր Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը՝ պնդելով, որ 3-րդ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք է կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում, հանդիպել է Անգելա Մերկելի եւ այլ անձանց հետ․ «Երբ այդ ամենը նոր սկսվեց, մեր մտքով առաջին միտքն այն անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ՝ Սուքիասյանն ասել էր՝ իբր նախագահ Սարգսյանը խաղատուն է հաճախել, այլ ոչ թե առհասարկ Բադեն-Բադենի մասին է խոսք գնացել։ Հաշվի առնելով, որ օլիգարխ պատգամավորի՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ եւ նորություններ տպող անձն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստը պատրաստի, երբ դատարանում պարտվի»,- ասաց Մամիջանյանն ու շարունակեց․ «Երբ արշավին միացան ֆեյքային բանակներն ու կիսաֆեյք լրատվականները, ֆեյք քաղաքագետները, ես ենթադրեցի, որ խոսքը մեր երկրի առաջ ծառացած ընթացիկ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար է էդ արշավը, բայց երբ օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսին են «Ազատությունը», «Հանրայինը», եւ երկուսից էլ ակնկալում եմ, որ նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան լուսաբանել են կեղծիքը, ես հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն, ինչի մասին երեկոյան նյութ եղավ, որը վերաբերում է խաղաղության համաձայնագրի, որը պատերազմից բացի՝ ոչինչ չի բերի մեր երկրին։ Հրապարակման մեջ նշվում էր՝ դրա բանակցություններն արդեն իսկ ավարտված են։ Չեմ կարող չհիշատակել նաեւ ողջ արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին, եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, ես խորհուրդ կտամ՝ հետաքննություն սկսի, թե ինչպես եղավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ եւ գերթանկարժեք ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար, ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետության կողմից տրամադրված առանձնատունն իր համար բավարար վերանորոգված չէր, եւ դրա վերանորոգման համար ահռելի գումարներ ծախսվեցին։ Երբ ինքը խոսում է պետական միջոցների վատնման մասին ու դիմում է ՀՔԾ, թող ձեռքի հետ էլ դիմի նաեւ այն կետով, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Սյունիք մեկնում էր 40-50 մեքենաներից բաղկացած շարասյունով»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավվորը։ Նա անդրադարձավ նաեւ նրան, որ «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր՝ նախաձեռնելու է խորհրդարանակն քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման եւ տնօրինման արդյունավետության հետ․ «Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցները, իսկ մենք գիտենք, որ մամուլում առկախված տեղեկություններ կան, որ տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ՝ թե՛ հիմնադրամից, թե՛ պետբյուջեից, հիմնադրամից տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից, եւ մենք հիմանվոր կասկած ունենք, որ պետբյուջեում պարզապես գումար չկար, եւ հերթական պարգեւավճարների դոզան այն ժամանակ սարսափած խունտայի ներկայացուցիչներին տալու համար անհրաժեշտ էր պարգեւավճարներ տալ, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեր հերոս տղերքի համար ուղղած մեր բոլորի գումարներն ուղղել պետբյուջե»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ արդեն հրապարակվեց ԱԺ պաշտոնական պատվիրակությունը՝ ՌԴ պետդումայի ընտրությունների մշտադիտարկման առաքելության համար, սական պարզվեց՝ պատվիրակության կազմում որեւէ ընդդիմադիր չկա․ «ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ իմ դեմ բացված քաղաքական քրգործերի հետ կապված երկրից բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում։ Հիշեցնեմ նաեւ, որ շուրջ տասն օր առաջ քննչական մարմինն իմ դիմումի հիման վրա արտոնել էր իմ ելքը երկրից՝ կուսակցական դիվանագիտության խողովակով իրականացվող մի այցի շրջանակում, որից հետո ես վերադարձել եմ, որեւէ խնդիր չի առաջացել։ Իմ հիշողության մեջ առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներառված չէ գոնե մեկ ընդդիմադիր գործիչ»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
11:43 - 17 սեպտեմբերի, 2021
Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

«Ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի, այնպես էլ մյուս տարածքների դեօկուպացիան արցախյան կողմի առաջնային խնդիրներից է, սակայն թե ինչ ձեւով եւ երբ դա տեղի կունենա՝ կախված է բազմաթիվ գործոններից»։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ թե՛ ռուսական կողմի եւ թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես քննարկվում է այս հարցը։ Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի այս երկու գյուղերը պատերազմից հետո էլ շարունակում էին գտնվել հայկական վերահսկողության ներկո։ Այդ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին խոսք չի եղել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին՝ նշված է եղել, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Դեկտեմբերի 13-ին Փաշինայնն ասաց, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին։ Սակայն այդ խնդիրը, փաստորեն, ինն ամիս է՝ չի լուծվել։  Թե Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ այս երկու բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ՝ Infocom-ը Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչություններից հետաքրքրվել էր նաեւ մայիսին։ Արցախից ամիսներ առաջ դարձյալ պատասխանել էին, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է։ Արցախի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ մայիսի դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունեն։ Այս անգամ հավելել են միայն այն, որ ռուսական կողմի եւ միջազգային կառույցների հետ մշտական քննարկումների մեջ են։ Իսկ եթե մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել էր տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ նշելով, որ «ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին», ապա այս անգամ պատասխանել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, ինչի հետեւանքով զավթվել են այդ բնակավայրերը, սպանվել եւ գերեվարվել են հայ զինծառայողները, հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում: Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումները փոխանցվել են ներգրավված բոլոր կողմերին, գործընկեր երկրներին ու միջազգային կառույցներին: Հայարփի Բաղդասարյան
16:46 - 16 սեպտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ արգելվում է  շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ տոտալիզատորի գովազդը

Կառավարության որոշմամբ արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ տոտալիզատորի գովազդը

Կառավարությունն այսօր ընդունեց  «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։ Նախագծով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը և նրա  նկատմամբ  սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները: Արդյունքում 2020թ. համացանցով կատարված խաղադրուքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։  Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը դժգոհություն է  առաջացրել գովազդային մեդիա ոլորտում՝ որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում  է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն կառավարության հաշվարկներով այն կազմում է 20%-25%:
16:36 - 16 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ժամանակ առ ժամանակ վարակակիր չլինելը հավաստելու պահանջը։ Ընդհանրապես, համաճարակաբանական միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ․ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ որեւէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման բացառումը, բայց համադրության մեջ, երբ ստեղծվում են մի շարք ֆիլտրեր, հնարավորություն է լինում զսպելու վարակի տարածումը․ «Նման ֆիլտր է, օրինակ, ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Արդյոք սա 100 տոկոսով բացառում է հիվանդ անձի մուտքը ՀՀ, իհարկե ոչ, որովհետեւ 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել։ Բայց մենք իհարկե շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը, եւ դրանում համոզվեցինք, երբ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, ուժգնացավ դելտա շտամի վարակը, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել ՀՀ-ում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը։ Նույն կերպ 14 օրը մեկ թեստավորման պահանջը եւս մի ֆիլտր է․ կարող էինք դնել 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք մի ռացիոնալ՝ ինկուբացիոն շրջանի թիվ, եւ խնդրում ենք, որ քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,- ասաց Ավենսյանը։  Ի դեպ՝ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք, հակացուցում ունեցող քաղաքացիները։ Ինչ վերաբերում է հակացուցումներին՝ Ավանեսյանն ասաց, որ դրանց վերաբերյալ բժշկական տեղեկանք պետք է տրամադրվի․ «Լինում են ժամանակավոր եւ բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել, երբ կանցնի սրման ընթացքը, նա կարող է հանգիստ պատվաստվել։ Հենց առաջինը նրան է ցուցված պատվաստելը։ Մեր հոգածության կենտրոնում ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են»։ Ավանեսյանն ասաց, թե կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի աշխատակիցների համար․ «Բոլորը նույն կանոնի հետեւանքները պետք է կրեն։ Պետապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողներն արդեն երկու, երեք ամիս է՝ ակտիվ պատվաստվում են։ Պետապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Եթե չպատվաստված անձ լինի պետապարատում, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»։
11:40 - 16 սեպտեմբերի, 2021