Ինֆոքոմ

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հանդիպումը բավական արդյունավետ էր: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետը երեկ առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
10:20 - 13 հոկտեմբերի, 2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ

COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ

Կորոնավիիրուսային հիվանդության տարածումից ի վեր՝ տարբեր երկրներում սկսվեց պատվաստանյութերի հայտնաբերման և արտադրության գործընթաց։ Այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) օգտագործման թույլտվություն է տվել մի շարք պատվաստանյութերի։ ԱՀԿ-ն, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ են տալիս պատվաստվել՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։  Infocom-ն արդեն անդրադարձել է նրան, թե ինչպես են աշխատում պատվաստանյութերը, և թույլտվություն ստացած պատվաստանյութերից յուրաքանչյուրը որքան արդյունավետություն ունի։ Այժմ հասկանանք, թե կողմնակի ինչ հետևանքներ կարող են ունենալ պատվաստանյութերը, և ինչ հակացուցումներ կան։ Այս հոդվածում կանդրադառնանք այն պատվաստանյութերին, որոնք Հայաստանում հասանելի են կամ շուտով հասանելի կլինեն։   Բացարձակ և ժամանակավոր հակացուցումներ COVID-19-ի դեմ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):  Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: Կան նաև նախազգուշական միջոցառումներ․ վարակիչ կամ սոմատիկ (մարմնական) հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո, քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի (հիվանդության ժամանակավոր թուլացում, նահանջ) շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ այլ հիվանդության դեմ պատվաստանյութից առաջացած անաֆիլաքսիան COVID-19-ի դեմ պատվաստվելու հակացուցում չէ, քանի որ տարբեր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը բաղադրությամբ ամբողջովին տարբերվում են։ Ինչ վերաբերում է ժամանակավոր հակացուցումներին, Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ պատվաստելուց առաջ անձի առողջական վիճակը օբյեկտիվ զննությամբ գնահատվում է․ «Եթե անձը տվյալ պահին չունի որևէ սուր երևույթ, որևէ գանգատ, համարվում է պրակտիկ առողջ, նրան ցուցված է պատվաստումը։ Եթե անձն ունի որևէ քրոնիկ հիվանդություն, ուղեկցող հիվանդություն, ապա այդ քրոնիկ հիվանդությունը հակացուցում չէ պատվաստման համար, եթե, իհարկե, հիվանդության սրացման փուլ չէ։ Պարզ է՝ առանց մարդու նշելու էլ, եթե բժիշկը զննի, կպարզի՝ սրացում կա, թե չէ»։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ պատվաստվելուց առաջ որևէ լաբորատոր հետազոտության անհրաժեշտություն չկա, իրականացվում է օբյեկտիվ զննություն: Պատվաստվող մարդը ևս կարող է իր գանգատները ներկայացնել, ինչից հետո բժիշկը կարող է հետազոտություն նշանակել։ Մասնագետի խոսքով՝ պատվաստումները հատկապես ցուցված են ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, եթե նրանց հիվանդությունը սրացման փուլում չէ, քանի որ հենց նրանց մոտ է կորոնավիրուսային հիվանդությունն ավելի ագրեսիվ ընթանում․ «Օրինակ՝ շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդությունների շարքում է, որոնք ունենալու դեպքում ցուցված է պատվաստումը։ Առաջնահերթ այդ մարդիկ պետք է պատվաստվեն իրենց դեղորայքային բուժման ֆոնի վրա, եթե, իհարկե, այդ պահին չունեն որևէ սրացում, կամ շաքարի տոկոսը շատ բարձր է»։   Հակամարմինների բարձր մակարդակ  կամ կորոնավիրուսային հիվանդության առկայություն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել նաև այն դեպքում, եթե դուք արդեն հիվանդացած եք եղել կորոնավիրուսով՝ նշելով, որ պատվաստումը իմունային համակարգի համար կարող է լրացուցիչ խթան դառնալ։ Մարդկանց մոտ հաճախ է հարց առաջանում, թե արդյոք վտանգավոր չէ՞ պատվաստումը, եթե նոր են առողջացել, և հակամարմինների քանակը բարձր է, կամ էլ վարակված են կորոնավիրուսային վարակով, և հիվանդությունը գաղտնի շրջանում է։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ հակամարմինների բարձր քանակ ունեցող մարդկանց համար պատվաստման հակացուցում չկա․ «Չկա ապացուցողական որևէ գիտական տվյալ, թե հակամարմինների որ մակարդակն է համարվում պաշտպանիչ։ Դրանք անընդհատ փոփոխական են։ Վտանգ չկա, եթե մարդն ունի հակարամինների բարձր մակարդակ, իսկ պատվաստումից հետո էլի հակամարմիններ են առաջացել։ Ընդամենը մեկ անգամ ևս իմունիտետը խթանվում է, և հակամարմինների բարձր քանակությունը չի կարող վնասել առողջությունը»։ Հակամարմինների բարձր մակարդակ ունենալու դեպքում պատվաստվելը նույնն է, թե հակամամինների բարձր մակարդակ ունենալով՝ շփվեք հիվանդ մարդու հետ և վարակվեք։ Ձեր  պատրաստի հակամարմիններն այդ դեպքում կաշխատեն վիրուսի դեմ։ Մասնագետի խոսքով՝ COVID-19-ով հիվանդ լինելու ժամանակ պատվաստվելուց ևս որևէ վտանգ չկա․ «Մարդը կարող է պատվաստվել, վարակված լինել մինչև պատվաստումը, գտնվել գաղտնի շրջանում, և պատվաստումից հետո ժամանակային առումով համընկնի, զարգանա հիվանդություն։ Պատվաստումն ուղղակի այս դեպքում չի հասցնում աշխատել, մարդուն չի օգնում, չի պաշտպանում, բայց հիվանդության ընթացքը չի ծանրացնում»։    Հղիներ և կրծքով կերակրողներ Հղիությունը և կրծքով կերակրումը պատվաստման հակացուցում չեն։ Հղիների նկատմամբ Հայաստանում պարզապես չի կիրառվում օրենսդրական պահանջը՝ ըստ որի աշխատանքի պետք է գնալ պատվաստված կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնել։ «Կրծքով կերակրող կանայք պետք է պատվաստվեն, դա օգտակար է ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների համար, իսկ պատվաստանյութերն անկենդան են և հետևաբար, կրծքի կաթի միջոցով չեն կարող անցնել նորածնին, ընդամենը հակամարմիններ կփոխանցեն երեխաներին, որով կպաշտպանվեն։ Հղիները նույնպես ռիսկի խումբ են, քանի որ եթե հղին հիվանդանում է քովիդով, մեծանում է վաղաժամ ծննդաբերությունների, պտղի վրա ազդեցությունների ռիսկը։ Եթե համեմատենք հղի և ոչ հղի կանանց տարիքային նույն խումբը, ապա հղիների շրջանում քովիդով հիվանդանալու դեպքում ծանր ընթացք է ունենում»,- ասում է Սվետլանա Գրիգորյանը։  Հավելենք միայն, որ բացի անկենդան պատվաստանյութերից (պարունակում են վիրուսի ոչ ակտիվ հատվածներ)՝ կան կենդանի պատվաստանյութեր (պարունակում են վիրուսի կենդանի, բայց թուլացած հատվածներ)։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի չէ։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց պատվաստվել, եթե պատվաստանյութից ստացված օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերին։ Հղի կանանց պետք է ներկայացվեն հղիության ընթացքում COVID-19-ով հիվանդանալու ռիսկերի, հղիների անվտանգության վերաբերյալ սահմանափակ տվյալների պայմաններում պատվաստման հնարավոր առավելությունների մասին։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ընդհատել հղիությունը պատվաստված լինելու պատճառով։ Կազմակերպությունը նշում է, որ ԱՀԿ Իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի գնահատած ցանկացած պատվաստանյութ կարելի է տալ կրծքով կերակրող կանանց։  Իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը երկու պատվաստանյութերի մասով («Աստրա-Զենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն») նշում է՝ պատվաստվել կարող են կրծքով կերակրող այն կանայք, որոնք առաջնահերթ պատվաստման կարիք ունեցողների ցանկում են  (օրինակ՝ բուժաշխատողները)։ Մյուս պատվաստանյութերի դեպքում («Մոդեռնա», «Պֆայզեր», «Սինոֆարմ», «Սինովակ») խումբը նշում է, որ կաթով կերակրողների պատվաստումից ակնկալվում է նույն արդյունավետությունը, ինչ մնացած մեծահասակների պատվաստումից, և թույլատրում կրծքով կերակրողների պատվաստումը։  Բոլոր պատվաստանյութերի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս կրծով կերակրումը դադարեցնել պատվաստվելուց հետո։ Լրացում (13․10․2021)- Եվրոպայի դեղերի գործակալությունը նշում է, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի՝ կենդանիների վրա անցկացված փորձարկումները («Աստրա-Զենեկայի» դեպքում նշված է՝ նախնական փորձարկումները) ցույց չեն տվել հղիների համար վնասակար հետևանքներ, տվյալները խիստ սահմանափակ են։ Կրքով կերակրման ժամանակ պատվաստվելու վերաբերյալ ուսումնասիրություններ չեն անցկացվել, բայց ռիսկեր չեն ակնկալվում։ Գործակալությունը նշում է, որ պատվաստվելուց առաջ հղիները պետք է խորհրդակցեն բժկի հետ՝ հնարավոր ռիսկերն ու օգուտները հասկանալու համար։ «Սպուտնիկ-Վին», համաձայն ԱՄՆ  Սննդի և դեղերի վարչության տվյալների, որը թույլատրել է այս պատվաստանյութի կիրառությունը, հակացուցված է հղիներին և կրծքով կերակրողներին, քանի որ այս շրջանում արդյունավետությունը և անվտանգությունն ուսումնասիրված չեն։ Հունիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հայտնեց, որ պատվաստանյութի տվյալները թարմացվել են, և ՌԴ-ում հղիության ընթացքում «Սպուտնիկ-Վին» կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտները գերազանցում են պտղի համար հավանական ռիսկերին։    Պատվաստանյութեր և մարդու վերարտադրողականություն Շատ են տարածվում տեղեկություններ այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ազդում են մարդու վերարտադրողականության վրա։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ այս դեպքում պետք է ընդամենը հասականալ, թե ինչպես է իմունային համակարգը աշխատում․ «Պատվաստանյութին արձագանքում է իմուն համակարգը, ոչ թե վերարտադրողական օրգանները, և որևէ կապ չեն կարող իրար հետ ունենալ։ Առկա չէ գիտական որևէ փաստ, ապացուցողական բժշկության որևէ տվյալ, որ պատվաստանյութերն ազդում են վերարտադրողական ֆունկցիայի վրա»։   Իմունային անբավարարություն և պատվաստանյութեր Սվետլաննա Գրիգորյանն ասում է, որ իմունային անբավարարություն (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) ունեցող անձանց պատվաստումը հակացուցված չէ, որովհետև ներկայում Հայաստանում կիրառվող և աշխարհում առկա պատվաստանյութերը կենդանի պատվաստանյութեր չեն, այսինքն՝ օրգանիզմում այդ պատվաստանյութերի արդյունքում չի կարող վիրուսը բազմանալ․ «Ուղղակի այդ մարկանց օրգանիզմում կարող է պատվաստանյութը լիարժեք չաշխատել։ Պետք է անհատն իմանա, որ ինքը պատվաստվում է, բայց իր օրգանիզմը  կարող է համարժեք պատասխան չտալ, իմունիտետ չձևավորվի։ Այդ առումով նրանք առավել պետք է զգուշություն դրսևորեն և պահպանեն կանխարգելիչ միջոցառումները։ Բայց նրանց ցուցված է պատվաստումը՝ գոնե ինչ-որ չափով պաշտպանելու համար։ Հավանականություն կա, որ իմունիտետ կձևավորվի»։   Պատվաստանյութեր և կողմնակի հետևանքներ Առհասարակ, պատաստանյութ ստանալուց հետո կողմնակի թեթև հետևանքների ի հայտ գալը նորմալ է․ պատվաստվելուց հետո մեր իմունային համակարգը սկսում է աշխատել, մեծանում է արյան հոսքը, որպեսզի ավելի շատ իմունային բջիջներ կարողանան շրջանառվել, և ջերմությունը կարող է բարձրանալ։ Թեթև կողմնակի հետևանքները (ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանային ցավ և այլն) նույնիսկ դրական երևույթ են, քանի որ դրանց առկայությունը ցույց է տալիս, որ պատվաստանյութն աշխատում է։ Սակայն պատվաստվելուց հետո թեթև կողմնակի հետևանքների չառաջանալը չի նշանակում, որ պատվաստանյութը չի աշխատում։ Պարզապես յուրաքանչյուր մարդու օրգանիզմ անհատական ձևով է արձագանքում պատվաստմանը։ Բացի այս սովորական կողմնակի հետևանքներից՝ տարբեր պատվաստանյութեր կարող են ունենալ կողմնակի այլ հետևանքներ։ Անդրադառնանք պատվաստանյութերին առանձին-առանձին։   «Աստրա-Զենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն»․ արյան մակարդելիության խնդիրներ «Աստրա-Զենեկան» այս պահին կիրառվում է Հայաստանում, «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցություններ են ընթանում, ինչպես հայտնել են մեզ ԱՆ-ից։ 2021-ի գարնանը սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ «Աստրա-Զենեկայով» պատվաստված որոշ մարդկանց մոտ ի հայտ են եկել արյան մակարդելիության խնդիրներ։ Շատ քիչ թվով մարդկանց մոտ այս պատվաստանյութը ստանալուց հետո առաջացել էր, այսպես կոչված, թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի սինդրոմ (Thrombosis with Thrombocytopenia Syndrome-TTS)։ Նախ հասկանանք, թե ինչ են թրոմբոցիտոպենիան և թրոմբոզը։ Թրմոբոցիտները մեր արյան բջիջներից են, որոնք պատասխանատու են արյան մակարդման համար։ Այս բջիջները լողում են անոթներով, և երբ անոթները վնասվում են, այլ բջիջների և սպիակուցների հետ արյան մակարդուկներ են առաջացնում, որոնք կանխում են արյունահոսությունը։ Թրոմբոցիտոպենիայի ժամանակ մեր արյան մեջ թրոմբոցիտների քանակը նորմայից քիչ է լինում, ինչը կարող է ներքին արյունահոսությունների կամ մաշկի տակ կապտուկների առաջացման պատճառ դառնալ։ Արյան մակարդուկները կամ թրոմբները մեր անոթներում կարող են առաջանալ նաև այն ժամանակ, երբ անոթները վնասված չեն։ Թրոմբոզի ժամանակ մեր անոթներում առաջանում են մակարդուկներ կամ թրոմբներ, որոնք խոչընդոտում են արյան հոսքը։ Թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի սինդրոմի դեպքում, ինչը հազվադեպ է պատահում, մենք ունենում ենք և՛ թրոմբոզ (զարկերակում կամ երակում թրոմբի առկայություն), և՛ թրոմբոցիտոպենիա (արյան մակարդման համար պատասխանատու թրոմբոցիտների՝ նորմայից ցածր քանակ)։ Պատվաստվելուց հետո TTS-ի դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել հիմնականում Մեծ Բրիտանիայից և Եվրամիության տարածքից, չնայած այլ երկրներում ևս նման դեպքեր գրանցվել են։ ԱՀԿ-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից ստացված տվյալների համաձայն՝ TTS-ի առաջացման ռիսկը գնահատվում է 1 դեպք 100 000 պատվաստված մարդու շրջանում, ավել պարզ ասած՝ 100 000 պատվաստված մարդուց միայն մեկի մոտ կա սինդրոմի առաջացման ռիսկ։  «New England Journal of Medicine»-ում հրապարակված հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են այս տարվա մարտի 22-ց հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում պատվաստանյութերի հետ հավանական կապ ունեցող թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի դեպքերը։ Հետազոտության ավարտի դրությամբ 50 և ավելի տարիքային խմբի մարդկանց տրվել է «Աստրա-Զենեկայի» 16 միլոն առաջին դեղաչափ, իսկ մինչև 50 տարեկաններին՝ 8 մլն առաջին դեղաչափ։ Պատվաստանյութերով պայմանավորված թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի հաճախականությունը 50-ից բարձր տարիք ունեցողների համար եղել է 1:100 000, իսկ 50-ից ցածր տարիք ունեցողների համար՝ 1:50 000։ Բացի «Աստրա-Զենեկայից»՝ TTS-ի առաջացման դեպքեր են եղել նաև «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ստանալուց հետո։ Այս երկուսն էլ ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութեր են (պատվաստանյութերի տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ)։ ԱՀԿ-ն նշում է, որ պատվաստվելուց հետո TTS-ի առաջացման մեխանիզմները դեռևս պարզ չեն, ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութերի ու TTS-ի կապը հաստատ չէ, բայց նաև չի բացառվում։ Ներկա պահին տվյալները վկայում են այն մասին, որ TTS-ի առաջացման ռիսկն ավելի մեծ է երիտասարդ տարիքի կանանց մոտ, սակայն պետք է հետազոտություններ իրականացնել՝ տարիքով կամ սեռով պայմանավորված ռիսկը հասկանալու համար։ ԱՀԿ-ն նշում է, որ անհատները և առողջապահական ոլորտի աշխատակիցները պետք է գույշ լինեն այս սինդրոմի հավանական ախտանշաններից՝ արագ ախտոոշում և վաղ շրջանում բուժում ապահովելու համար։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվելուց հետո՝ 4-20 օրվա ընթացքում, շարունակական գլխացավի, շնչահեղձության դեպքերին ուշադիր լինել, քանի որ սրանք TTS-ի հավանական ախտանշաններ են։ Եթե առաջին դեղաչափից հետո անձի մոտ առաջանում է TTS, ապա նա չպետք է ստանա միևնույն պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Չնայած արյան մակարդելիության, ինչպես նաև կողմնակի այլ հետևանքների շատ քիչ դեպքերի՝ ԱՀԿ-ն նշում է, որ պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերին։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ եթե «Աստրա-Զենեկայով» պատվաստումից հետո՝ 4-28 օրվա ընթացքում, դիտարկվել է թրոմբոցիտեպենիկ թրոմբոզների սինդրոմը, դա հավանականությամբ կապվում է պատվաստման հետ․ «Զարգացման մեխանիզմները դեռ մինչև վերջ պարզ չեն։ Եթե ժամանակային առումով համընկել է, ուրեմն ամեն դեպքում կենթադրեն, որ դա պատվաստման արդյունքում է, և հաջորդ դեղաչափը մարդուն այդ տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ չեն առաջարկի։ Եթե անձը ցանկություն հայտնի պատվաստվելու երկրորդ դեղաչափը, կառաջարկեն այլ տեխնոլոգիաներով արտադրված պատվաստանյութեր, որովհետև հիմնականում այդ երևույթները գրանցվում են վեկտոր պատվաստանյութերից հետո»։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում դեռ նման դեպքեր չեն գրանցվել․ «Տարբեր երկրներ տարբեր վիճակագրություն են հրապարակում, մենք նաև չունենք այդքան «Աստրա Զենեկայով» պատվաստում, որպեսզի գրանցված դեպքեր էլ ունենանք, հավանականություն ունենանք այդպիսի դեպքերի առաջացման»։  Մասնագետը նշում է, որ սովորական թրոմբոզի ու պատվաստանյութից առաջացած թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի մեջ կան լաբորատոր տվյալների տարբերություններ, որոնք միայն մասնագետը կարող է տարբերակել․ դրա համար պետք են հստակ հետազոտություններ։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թրոմբոցիտոպենիա կամ նախկինում թրոմբ ունեցած հիվանդների համար պատվաստման հակացուցում չկա․ «Չկա ցուցում պատվաստումից առաջ արյան մակարդելիության գործոնների որոշում կամ լաբորատոր այլ հետազոտությունների իրականացում։ Եթե անձն իր կամքով իրականացրել է, և հայտնաբերվել են, դա էլ ցուցում չէ, որպեսզի «Աստրա-Զենեկա» պատվաստանյութը չստանա, որովհետև առաջացման մեխանիզմներն ամբողջովին տարբերվում են»։ Հարցին, թե թրոմբոզ կամ թրոմբոցիտոպենիա ունենալը «Աստրա-Զենեկայով» պատվաստումից հետո չի՞ մեծացնի թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի ռիսկը, մասնագետը նշում է՝ չի մեծացնի։ Այդ պատճառով էլ նման խնդիրներ ունեցող մարդկանց այլ պատվաստանյութ խորհուրդ չեն տալիս․ «Այպիսի խորհուրդ ուղղակի նպատակահարմար չէ, որովհետև նախ առաջացման ռիսկը շատ ցածր է, հետո առաջացման մեխանիզմն էլ այլ է, դրա համար թրոմբ ունեցող հիվանդի և թրոմբ չունեցող հիվանդի մոտ առաջացման հավանականությունը նույնն է»։  Կա թրոմբոցիտոպենիայի մի տեսակ, որը կոչվում է հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա։ Հեպարինը դեղամիջոց է, որով բուժում են թրոմբոզը։ Քանի որ այս դեղամիջոցը նվազեցնում է արյան մակարդելիությունը, երբեմն թրոմբոցիտոպենիա է առաջացնում։ ԱՀԿ-ն նշում է, որ հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութեր ստանալուց (այս պահին թույլատրված բոլոր պատվաստանյութերն այսպիսին են՝ բացի «Մոդերնայից» և «Պֆայզերից»)։ Այս պատվաստանյութերից խուսափելու խորհուրդ ԱՀԿ-ն տալիս է նաև այն մարդկանց, որոնց ունեն թրոմբոցիտոպենիայով ուղեկցվող զարկերակային կամ հիմնական երակային թրոմբոզ (զարկերակային թրոմբոզի ժամանակ թրոմբը ձևավորվում է զարկերակներում, երակայինի ժամանակ՝ երակներում)։ Եվրոպայի դեղերի գործակալությունը վերջերս հայտնեց «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց մոտ Գիլեն-Բարեի համախտանիշի (Guillain-Barré syndrome) շատ քիչ դեպքերի մասին՝ նշելով, որ այս համախտանիշը պետք է ավելացնել «Աստրա-Զենեկայի» կողմնակի հետևանքների ցանկում։ Համախտանիշի առաջացման դեպքեր են գրանցվել նաև «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ստանալուց հետո։ Ըստ Եվրոպայի դեղերի գործակալության՝ մինչև այս տարվա հուլիսի 31-ը հաղորդվել է «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց մոտ Գիլեն-Բարեի hամախտանիշի, ընդհանուր առմամբ, 833 դեպքի մասին, իսկ մինչև հուլիսի 25-ը օգտագործվել է այս պատվաստանյութի մոտ 592 մլն դեղաչափ։  Եթե հաշվենք, որ 592 մլն դեղաչափը տրվել է առնվազն 296 մլն մարդու, ապա Գիլեն-Բարեի hամախտանիշ առաջացել է պատվաստվածների 0,00028%-ի մոտ։ Գիլեն-Բարեի համախտանիշն իմունայն համակարգի հազվագյուտ խանգարում է, որն առաջացնում է մկանների թուլություն, ցավ կամ թմրություն, իսկ ավելի ծանր դեպքերում՝ կաթված: ԱՀԿ-ն նշում է, որ այս համախտանիշի պատճառները տարբեր են՝ ներառյալ վարակները։ Համախտանիշն ավելի հաճախ ի հայտ է գալիս տղամադրկանց և 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ։ Չնայած համախտանիշը կարող է ի հայտ գալ պատվաստվելուց հետո, հայտնի չէ, թե արդյոք պատվաստանյութերը կարո՞ղ են դրա պատճառը լինել։ Պատվաստված մարդկանց մոտ այս հազվագյուտ դեպքերից հետո ԱՀԿ-ն եկել է հետևյալ եզրահանգումներին․ Գիլեն-Բարեի համախտանիշի հազվագյուտ դեպքերի մասին հաղորդվել է ադենովրիուսային վեկտորով պատվաստանյութեր ստանալուց հետո։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը ստանալուց հետո համախտանիշի առաջացման մասին մեծ թվով հաղորդումներ չեն եղել։ Առողջապահական ոլորտի աշխատակիցները պետք է մշտադիտարկեն այս համախտանիշի առաջացման մասին հաղորդումները, իսկ պետությունները պետք է մանրամասն տեղեկություններ հավաքեն նման դեպքերի մասին։ «Աստրա-Զենեկա» և «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ ստացած մարդիկ պետք է ուշադիր լինեն, եթե նրանց մոտ այս համախտանիշի ախտանշաններ կան (թուլություն, պարալիչ վերջույթներում, որը կարող է հասնել մարմնի այլ մասերին՝ ներառյալ կրծքավանդակին և դեմքին, քայլելու, դեմքի շարժումների դժվարություններ, կրկնակի տեսողություն կամ աչքերը շարժելու անկարողություն, միզապարկի կամ աղիքի գործառույթների վերահսկման դժվարություն)։ Ե՛վ «Աստրա-Զենեկայի», և՛ «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութի պոտենցիալ օգուտները շարունակում են գերազանցել Գիլեն-Բարեի համախտանիշի պոտենցիալ ռիսկին հատկապես ավելի արագ տարածվող «Դելտա» շտամի առկայության պայմաներում։ Համաձայն Եվրոպայի դեղերի գործակալության փոխանցած տվյալների՝ թրոմբոցիտոպենիկ թրոմբոզ (TTS) և Գիլեն-Բարեի համախտանիշ կարող է առաջանալ «Աստրա-Զենեկայով» պատվաստված 10 000 մարդկանցից առավելագույնը 1 մարդու մոտ, ինչը նշանակում է, որ այս կողմնակի հետևանքների առաջացման հավանականությունը 0,01% է։ Եվրոպայի դեղերի գործակալությունը մազանոթների արտահոսքի համախտանիշ (capillary leak syndrome) ունեցող մարդկանց ևս խորհուրդ է տալիս չպատվաստվել «Աստրա-Զենեկայով» ու «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութով։ Մազանոթային արտահոսքի սինդրոմը հազվագյուտ հիվանդություն է, որն առաջացնում է մաթանոթներից հեղուկի արտահոսք, ինչը հանգեցնում է հիմնականում ձեռքերի և ոտքերի այտուցների, արյան ցածր ճնշման, արյան թանձրացման և արյան կարևոր սպիտակուցներից մեկի ցածր մակարդակի։ Եվրոպայի դեղերի գործակալությունն այս համախտանիշի առաջացումը համարում է «Աստրա-Զենեկայի» կողմնակի հետևանք, քանի որ պատվաստանյութը ստացած 6 մարդու մոտ առաջացել է համախտանիշը։ 6-ից 3-ը նախկինում ունեցել են համախտանիշը, 1-ը հետագայում մահացել է։ Այս տվյալները ներկայացնելիս գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի 27-ի դրությամբ ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում և Մեծ Բրիտանիայում կիրառվել է «Աստրա-Զենեկայի» ավելի քան 78 մլն դեղաչափ։ 78 մլն դեղաչափը կարող էր տրվել առնվազն 39 մլն մարդու։ Այսինքն խնդիրն առաջացել է պատվաստվածների 0,000015%-ի մոտ։ «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում 3 դեպք է գրանցվել, մի դեպքում պատվաստվողը նախկինում ունեցել է այդ հիվանդությունից, 2-ը մահացել են։ Սրանք հուլիսի տվյալներ են, և Եվրոպայի դեղերի գործակալությունը հիշեցնում է, որ այդ ընթացքում «Ջոնսոն և Ջոնսոնի» 18 մլն դեղաչափ է օգտագործվել ամբողջ աշխարհում։ 18 մլն դեղաչափը կարող էր տրվել առնվազն 9 մլն մարդու, այսինքն՝ խնդիրն առաջացել է պատվաստվածների 0,000033%-ի մոտ։   «Պֆայզեր» և «Մոդեռնա»․ միոկարդիտ «Մոդեռնայի» պատվաստանյութն արդեն Հայաստանում է, իսկ «Պֆայզեր» ձեռք բերելու շուրջ բանակցություններն ընթանում են։ Այս երկու ի-ՌՆԹ պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ հանդիպել են միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) և պերիկարդիտի դեպքեր։ Միոկարդիտը սրտի մկանների բորբոքումն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքումը: Երկու դեպքում էլ մարմնի իմունային համակարգը բորբոքում է առաջացնում՝ ի պատասխան վարակի կամ այլ գործոնների: Միոկարդիտի և պերիկարդիտի ախտանշաններն են կրծքավանդակում ցավը, շնչահեղձությունը, սրտի զարկերի արագացումը։ Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝  ի-ՌՆԹ պատվաստանյութերը ստանալուց հետո միոկրդիտկի և պերիկարդիտի դեպքերը գրանցվել են հիմնականում արական սեռի դեռահասների և երիտասարդների մոտ, ավելի հաճախ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ ԱՀԿ-ն նշում է, որ այս հազվագյուտ դեպքերի և ի-ՌՆԹ պատվաստանյութերի («Մոդեռնա», «Պֆայզեր») կապը հետաքննվում է։ Մեծ Բրիտանիայի կառավարության փոխանցած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մինչև հունիսի 11-ն օգտագործվել է 296 մլն դեղաչափ ի-ՌՆԹ պատվաստանյութ, հաղորդվել է միոկարդիտի 1226 դեպք։ 296 մլն դեղաչափը տրվել է առնվազն 148 մլն մարդու: Փաստորեն, ԱՄՆ-ում միոկարդիտ առաջացել է պատվաստվածների առավելագույնը 0,00083%-ի մոտ։ 2020-ի դեկտեմբերից 2021-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իսրայելում ավելի քան 5 մլն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, և հաղորդվել է պատվաստման շրջանում միոկարդիտի 148 դեպքի մասին։ Իսրայելում էլ միոկարտիդ է գրանցվել պատվաստվածների 0,003%-ի մոտ։ Միացյալ նահանգներում այս դեպքերից հետո մահ չի գրանցվել, իսկ Եվրոպական տնտեսական տարածքում մահվան 5 դեպք է գրանցվել մեծահասակների և ուղեկցող հիվանդություն ունեցողների շրջանում։  ԱՀԿ-ն նշում է, որ հոսպիտալացումից և մահից փրկելու համատեքստում ի-ՌՆԹ պատվաստանյութերից եղած օգուտը գերազանցում է միոկարդիտի առաջացման ռիկսին։ Չնայած այս դեպքերը խիստ հազվագդեպ են, երկու երկիր՝ Շվեդիան և Դանիան մի քանի օր առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են  երիտասարդ տարիքի մարդկանց՝ «Մոդեռնայով» պատվաստումը։ Այս երկրներին միացավ նաև Ֆինլանդիան, որտեղ այսուհետ «Մոդեռնայով» 1991-ին և դրանից հետո ծնված տղամարդիկ չեն պատվաստվի։ Պատճառը դեռևս չհրապարակված մի ուսումնասիրություն է, որը ներառում է Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։ Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Մոդեռնա» ստացած, 30-ից ցածր տարիք ունեցող տղամարդկանց մոտ միոկարդիտ առաջանալու ռիսկն ավելի բարձր է։ Նորվեգիայի ԱՆ-ի պաշտոնյաներն էլ նշել են, որ մինչև 30 տարեկան տղամարդկանց խորհուրդ են տալիս ընտրել «Պֆայզեր»։ Այս դեպքերից հետո «Մոդեռնա» ընկերության խոսնակը նշել է․ «Սրանք շատ թեթև դեպքեր են, և մարդիկ վերականգվում են ստանդարտ բուժումից ու հանգստից հետո։ Միոկարդիտի ռիսկը զգալիորեն մեծանում է նրանց մոտ, ովքեր վարակվում են COVID-19-ով, և պատվաստումը դրանից պաշտպանելու լավագույն միջոցն է»։   «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «ԿորոնաՎակ» և «Նովավաքս» Հղիության և կաթով կերակրման ընթացքում պատվաստվելու մասին խոսելիս արդեն անդրադարձել ենք «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութին։ Չինական արտադրության «Սինոֆարմի» և «ԿորոնաՎակի» դեպքում, բացի սովորական կողմնակի հետևանքներից, այլ դեպքերի մասին հաղորդումներ չկան։ ՀՀ առողջապահության նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ընթացքի մեջ են նաև «Նովավաքս» պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքները։ Այս պատվաստանյութն արտադրող ընկերությունը դիմել է ԱՀԿ-ին՝ արտակարգ օգտագործման թույլտվություն ստանալու համար։ Թույլտվություն ստանալուց հետո պատվաստանյութը կտարածվի «COVAX facility» ծրագրով։ Պետք է սպասել, մինչև ԱՀԿ-ն հավանության կարժանացնի պատվաստանյութը՝ կողմնակի հետևանքների մասին տեղեկություններ ստանալու համար։ Ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, տարբեր պատվաստանյութերից կողմնակի հետևանքներ առաջանալու հավանականությունը շատ փոքր է։ Փոխարենը բավականին մեծ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, հատկապես եթե վարակվել եք «Դելտա» շտամով։ Ամփոփելով նշենք, որ պատվաստումների դեմ հակացուցումներ կան, որոշ պատվաստանյութեր ունենում են կողմնակի հետևանքներ։ Սակայն հակացուցումների մասին երբեմն սխալ տեղեկություններ են տարածվում (օրինակ՝ հղիներին, կաթով կերակրողներին, հակարամինների բարձր մակարդակ ունեցողներին արգելված է պատվաստվել և այլն), կողմնակի հետևանքների մասին տվյալներն էլ ուռճացված են ներկայացվում։ Ավելի արագ տարածվող և վտանգավոր «Դելտա» շտամի առկայության պայմաններում հոսպիտալացումից և մահից փրկվելու ամենաարդյունավետ միջոց են շարունակում մնալ պատվաստանյութերը։   Գլխավոր լուսանկարը՝ ԱՆ կայքից Աննա Սահակյան
20:51 - 12 հոկտեմբերի, 2021
21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահն է։  Հովհաննիսյանն այն թեկնածուներից է, որ քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ ակտիվ շփումներով․ այցելում է Դիլիջանի տարբեր բնակավայրեր, զրուցում տեղացիների հետ, լսում նրանց խնդիրները։ Վաղն արդեն այցելելու են Թեղուտ եւ Հաղարծին։ Infocom-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քարոզարշավն, ըստ էության, ընթանում է բնականոն հունով, որպես այդպիսին՝ խոչընդոտների չեն հանդիպել։ Նա իր հերթին ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հաշտության ու համերաշխության մթնոլորտում շարունակել քարոզարշավը։ Infocom-ի հարցին, թե ինչպիսի տրամադրություններ ունեն տեղացիները, արդյոք ինչ-որ լարվածություն կա՞, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշակի լարվածություն կամ վախվորածություն նկատել է․ «Գուցե մտածում են, որ եթե իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին ընտրեն, մյուսները կիմանան, եւ այլն, եւ այլն։ Սակայն քանի որ փաստեր չունեմ, հիմնավորել չեմ կարող։ Բայց այն, որ պաստառներ են պոկում քաղաքում, ակնհայտ է։ Դա, իհարկե, իրենց ոչինչ չի տալու, ավելի լավ է՝ իրենց ռեսուրսներն օգտագործեն ավելի լավ աշխատանք անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին, դրանց լուծման տարբերակներին, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրները շատ-շատ են․ «Իմ աշխատանքի բերումով ես այսպես թե այնպես քաջատեղյակ էի այդ խնդիրներին, դրանք վերաբերում են ամենատարրական կենսական պայմաններին, որ բնակիչները չունեն՝ սկսած ջրամատակարարումից։ 21-րդ դարում ենք ապրում, բայց կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա, եւ արդեն երկար տարիներ։ Համայնքային փողոցներն են շատ վատ վիճակում, փողոցային լուսավորություն չկա, ժամանացի վայրեր չկան, հանդիսությունների սրահ չկա»,- ասաց համայնքապետի թեկնածուն՝ չմոռանալով նաեւ, որ համայնքում երեխաների զարգացման, կրթական ու մշակութային կենտրոններն էլ են բացակայում․  «Մենք հնարավորինս փորձում ենք մեր գործունեության մեջ ներգրավել մեր գյուղական բնակավայրերի բնակիչներին․ զգում ենք, որ կարիք կա հենց տեղերում այդպիսի կենտրոններ հիմնել։ Առաջին հերթին ձեռնամուխ ենք լինելու հենց այդպիսի կրթական-մշակութային օջախների ստեղծմանը՝ հենց գյուղական բնակավայրերում»։ Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, համայնքային բյուջեն թվարկված այս բոլոր խնդիրների լուծման համար բավարար է, Արմինե Հովհաննիսյանն առանձնացրեց կամավոր եւ պարտադիր խնդիրներ։ Պարտադիր խնդիրները, մեր զրուցակցի վստահեցմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ լինելու են։ Նրա կարծիքով՝ ողջամիտ կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում այդ խնդիրներին հնարավոր է համապարփակ լուծումներ տալ․ «Ուզում եմ ընդգծել, որ մենք եւ մեր թիմը ունենք շատ լավ գործընկերներ ու կապեր, որոնք կարող ենք օգտագործել խոշոր ներդրողների ներգարվելու հարցում»։ Հովհաննիսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց հատկապես զբաղվածության խնդրին․ սա նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի  առանցքային դրույթն է․ «Շատ կարեւոր է, որ մենք մասնավոր հատվածի եւ պետության հետ ամրապնդելու ենք համագործակցությունը եւ ստեղծելու ենք նոր գործընկերություններ։ Մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է անպայման ամրապնդել, դրա արդյունքում կբերենք նոր արտադրություններ, կունենանք գյուղմթերքների շուկա, վերամշակման արտադրություններ, կստեղծենք արվեստի գործերի վաճառքի հարթակ, առողջարան ու լողավազն կունենանք, սա էլ իր հետ կբերի նաեւ աշխատատեղեր»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման գործընթացը (Դիլիջանը եւս խոշորացված համայնք է,- հեղ․) դրական է նաեւ այն առումով, որ համայնքի բյուջեի համար ճիշտ առաջնահերթություններ սահմանելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա համայնքային բյուջեն համամասնորեն բաշխել․  «Այս առնչությամբ պետք է շեշտել, որ գյուղական բոլոր բնակավայրերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ որեւէ գյուղ չի ունենալու առավելություն։ Մեր թիմում ավագանու թեկնածուներ են ներգրավված նաեւ գյուղական բնակավայրերից․ նրանց եւ վարչական ներկայացուցիչների հետ միասին (խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերն ունենալու են վարչական ներկայացուցիչներ,- հեղ․) պետք է ճիշտ առաջնահերություններ սահմանենք՝ ֆինանսական միջոցները բաշխելով համամասնորեն, եւ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով գրանցենք հնարավոր դրական արդյունք»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջինիս համոզմամբ՝ Դիլիջանի բնակիչները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանում է այնպիսի թիմով, որն ամենօրյա աշխատանքով հաջողություններ է գրանցում եւ նպաստում Դիլիջան համայնքի զարգացմանը․  «Մենք համախոհների եւ գաղափարակիցների մի թիմ ենք, որը նվիրված, անշահախնդիր սիրում է համայնքը եւ սրտացավ է Դիլիջանի նկատմամբ»,- ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը՝ բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 17-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն բացառիկ հնարավորություն է, որից պետք է օգտվի դիլիջանցին՝ իրենց թիմին էլ հնարավորություն տալով փոփոխել եւ զարգացնել համայնքը։ Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
19:06 - 12 հոկտեմբերի, 2021
Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27):  Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։  Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։ «Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։ Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։ Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։ Գրաֆիկ 1 Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։ Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։ Գրաֆիկ 2   Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։   Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։   Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։   Աննա Սահակյան
18:51 - 12 հոկտեմբերի, 2021
Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ:  Գյումրու ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 33 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, որը գլխավորում է ցուցակը։ Մեր զրույցում Ղուկասյանը պատմեց, որ քարոզարշավն ընթանում է հանգիստ, առանց այլևայլությունների։ Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ լավ արդյունք են գրանցելու․ «Մենք վստահ ենք մեր ունեցած հնարավորությունների վրա։ Վստահությունը առաջին հերթին պայմանավորված է մեր կուսակից ընկերների ակտիվությամբ, ժողովրդի՝ ներկայիս իշխանությունների նկատմամբ ունեցած դժգոհությամբ, և այդպես շարունակ»։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն են անօթևանների հարցը, աշխատատեղերի ստեղծումը և քաղաքի բարեկարգումը։ Ղուկասյանի խոսքով՝ անօթևանության խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ ծրագրեր է իրականացրել, կառավարության օգնությամբ 5000 բնակարան են կառուցել Գյումրի քաղաքում, նույնն էլ այսօր են փորձելու անել․ «Դիմելու ենք կառավարության օգնությանը, տարբեր բարերարների, դոնոր կազմակերպությունների օգնությանը, որպեսզի կարգավորենք, կամաց-կամաց այս խնդիրը լուծենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ վերջնական լուծում տանք խնդրին»։ Ղուկասյանը վստահ է, որ գյումրեցին մինչև այսօր վայելում է Հանրապետական կուսակցության օրոք ստեղծված բարիքները․ «Նայեք, թե Գյումրին ինչ է եղել մեր կուսակցության կառավարման տարիներին։ Գումարները, որոնք հատկացվում են ասֆալտապատման, բարեկարգման համար, այդ ամբողջը առ այսօր կատարվում է մեր կառավարության ժամանակահատվածում հատկացրած գումարներով։ Իմ կարծիքով՝ գյումրեցին չի մոռանում այդ ամեն ինչը, պարզապես միառժամանակ մոռացել էր, բայց այսօր աստիճանաբար վերհիշում է, հասկանում է, որ այստեղ Հանրապետական կուսակցությունը մեծ աշխատանք ունի կատարած»։ Նա նաև նշում է, որ քարոզարշավի ընթացքում անցկացնում են երթեր, հանդիպում են բնակիչների հետ։ «Մենք մեզ չենք ֆետիշացնում, պարզապես ծանոթանում ենք մարդկանց խնդիրների, բողոքների, առաջարկությունների հետ»։ Նշենք, որ Արտյոմ Ղուկասյանը չորրորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը  դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:35 - 12 հոկտեմբերի, 2021
Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան

Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունը՝ «Բալասանյան դաշինքը»։  Սամվել Բալասանյանը, սակայն, նախընտրական ցուցակում չկա։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, որի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոցում է։ Infocom-ը զրուցեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու անդամի թեկնածու Լուսինե Սանոյանի հետ։ Վերջինս, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է հանգիստ ու արդյունավետ։ Սանոյանի գնահատմամբ՝ իրենց ուժը ֆավորիտ է․ «Սպասում ենք արդար ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի ավագանի, և կունենանք համայնքապետ, որը կստանձնի քաղաքի արդյունավետ կառավարումը։ Կարծում եմ՝ մեր ուժը ֆավորիտ է։ Այդ մասին են փաստում բնակչության արձագանքները,  հանդիպումների ժամանակ մարդկանց հետաքրքրությունը։ Նաև հարցումների արդյունքում էլ է մեր ուժը համարվում ֆավորիտ»։ Ավագանու թեկնածուի խոսքով՝ իրենք շարունակելու են Սամվել Բալասանյանի գործը․ «Սամվել Բալասանյանը վստահել է մեզ, որ շարունակենք իր գործը, բայց ավելի թարմ կազմով,  ավելի երիտասարդներով։ Շարունակելու ենք իր գործը իր կուրսին համաձայն։ Մեր ուժը կարողացել է ապացուցել, որ մենք անում ենք այն, ինչ խոստանում ենք։ Մեր ծրագիրը, որը եղել է 5 տարի առաջ, լիովին գերազանց ձևով կատարել ենք, որի վկայությունն են քաղաքում բազմազան ծրագրերը, ասֆալտապատումը, լուսավորությունը, աղբատար մեքենաները, աղբամանները,  զբոսաշրջիկների հոսքը»։ Սանոյանն ասում է, որ բնակիչները իրենց հետ հանդիպումների ընթացքում երեք հարցեր են առանձնացրել՝ թափառող շների խնդիրը, տրանսպորտի խնդիրը, ինչպես նաև երկրորդային, երրորդային նշանակության փողոցների բարեկարգման հարցը․ «Թափառող շների խնդիրը բոլոր համայնքներում էլ կա։ Կենդանիներին սպանելու, վերացնելու տարբերակը բացառվում է։ Հարցը կարող է լուծվել տնակների միջոցով, որտեղ շները կհավաքվեն և կպահվեն, բայց դա մեծ գումարների հետ է կապված, և համայնքը իր միջոցներով չի կարող դա իրեն թույլ տալ։ Ուրեմն պետք են դոնոր կազմակերպություններ, որ թեկուզ համայնքապետարանի հետ համաֆինանսավորմամբ հարցը լուծվի։ Ըստ ինձ՝ միակ ընդունելի տարբերակը դա է։ Ճիշտն ասած, կոնկրետ ինձ՝ որպես ավագանու անդամի, մի շարք կազմակերպություններ գրել են, որ գան, պիլոտային ծրագրեր ներկայացնեն, և համայնքի հետ համաֆինանսավորմամբ կատարվի այդ ծրագիրը։ Ինձ թվում է՝ եթե մեր քաղաքական ուժը ընտրվի, ամեն դեպքում մենք հետամուտ կլինենք, որ խնդիրը այդ կերպ լուծվի»։ Գյումրու բնակիչները, Սանոյանի խոսքով, բողոքում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտ քիչ է աշխատում կամ չվացուցակները հստակ չեն․ «Մեր քաղաքական ուժի օրոք սուբվենցիոն ծրագրով մենք արդեն գնել ենք 63 գազելներ, պատրաստվում ենք գնել ավտոբուսներ և սմարթ ավտոբուսներ, ունենալու ենք նաև սմարթ կանգառներ։ Մի կանգառ արդեն տեղադրվել է Գյումրիում, որը պիլոտային ծրագիր է եղել։ Մենք սմարթ կանգառի միջոցով ունենալու ենք էլեկտրոնային տաբլոներ, որոնց վրա լինելու են չվացուցակներ։ Դա էլ կարգավորվող խնդիր է, 3-4 ամսում այդ ամենը կլուծվի, կունենանք հստակ տրանսպորտային երթուղիներ և մարդիկ կիմանան՝ որ ժամերին, երբ, որից կարող են օգտվել»։ Սանոյանը ասում է, որ իրենց ծրագրի մեջ ներառված է նաև երկրորդային ու երրորդային փողոցների բարեկարգման հարցը․ «Դա կատարվում է ոչ միայն համայնքի միջոցներով, այլև եվրոպական բանկի կողմից համաֆինանսավորմամբ, կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն ծրագրերով»։ Անդրադառնալով անօթևանության հարցին՝ Սանոյանն ասում է՝ համայնքի միջոցներով այդ հարցը չի լուծվի։ «Համայնքը ուղղակի կարող է հաշվառել այն տնակները ու մարդկանց թիվը, որոնք անօթևան են համարվում։ Դրանից ավելի չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցին լուծում տալ։  Դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է»։ Հավելենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում  «Բալասանյան դաշինքը» 42 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Լուսանկարն infocom.am-ին տրամադրել է Լուսինե Սանոյանը Նանե Ավետիսյան
16:44 - 12 հոկտեմբերի, 2021
Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան

Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ուլիխանյանը զինվորական թոշակառու է։ Վերջինս ակտիվ քարոզարշավի փուլում է, բնակիչների հետ քննարկումներ է իրականացնում, զրուցում նրանց հետ, լսում բարձրացրած խնդիրները՝ դրանց համար լուծումներ առաջարկելով։ «Խնդիրները, որ բարձրաձայնում են բնակիչները, ես տարիներ առաջ փորձել եմ լուծել, բայց նախկին ղեկավարությունն անհասկանալի մոտեցում ցուցաբերեց․ ընդամենը պետք էր իրենց «հա՛» ասելը, աջակցությունը եւ ցանկությունը, որը չեղավ»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Ուլիխանյանը։ Մեր հարցին, թե, մասնավորապես, ինչ խնդիրներ էին, որ այդպես էլ լուծում չստացան, մեր զրուցակիցն առանձնացրեց համայնքային տրանսպորտի, լուսավորության խնդիրները․  «Սրանք քաղաքապետի ամենօրյա խնդիրներն են․ երբ ասում են մաքրություն, տրանսպորտ, լուսավորություն, այս հարցերով պետք է մշտապես զբաղվել։ Ոնց որ մարդն իր տունը մաքրի, հետո գլուխ գովա, որ իր տունը ավլել-մաքրել է։ Կենսական նշանակության հարցեր են դրանք։ Բացի դրանից՝ քաղաքում հանրային միջոցառումներ գրեթե չէին կազմակերպվում․ մարդիկ 30 տարի կինո չէին կարողանում գնալ։ Որոշ ժամանակ առաջ ինձ գտան մասնագետներ, ու ստացվեց այնպես, որ կինոթատրոնը սկսեց գործել»,- ասաց Ուլիխանյանը։ Խոսքը Դիլիջան քաղաքի միակ «Մանուշակ» կինոթատրոնի մասին է, որ վերաբացվել է և կրկին գործում է՝ նաեւ Ուլիխանյանի՝ մշակութային կյանքը զարգացնելու և վերականգնելու ծրագրերի շրջանակներում։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս քայլը շարունակական է լինելու, բնակիչները տեղեկացված են լինելու կինոթատրոնում ժամանակ առ ժամանակ թարմացվող ֆիլմացանկի մասին։ Նա նշեց, որ ծրագրերի մեջ է մտնում կինոթատրոնի գործունեությունը ընդլայնելն և զարգացնելը՝ այն վերածելով մշակութային կենտրոնի։ «Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու կրթական-մշակութային կյանքին։ Դիլիջանը եղել է ինտիլիգենտ, մշակութային, տուրիստական կենտրոն։ Հիմա բացարձակ վերացել է նաեւ առողջարանային բուժումը։ Դա անպայման, պարտադիր վերականգնելու ենք»,- վստահեցրեց համայնքապետի թեկնածուն։ Նրա դիտարկմամբ՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների անհրաժեշտություն կա․ «Մասնագետ չունենք, եռակցող ենք փորձում գտնել, մեկ-երկուսը կան, ու եթե զբաղված են, պետք է հերթագրվես։ Երիտասարդներն էլ, կարծես, սովորելու ցանկությունը կորցրել են, որովհետեւ կենտրոններ չկան, զբաղվածության խնդիր է առաջացել։ Իսկ եթե ուսումնարաններ լինեն, մարդիկ մասնագիտություն ձեռք կբերեն, կտոր հաց կվաստակեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր մասնագետների հետ՝ Դիլիջանի պրոֆտեխուսումնարանը վերականգնելու մտադրությամբ։ Ուլիխանյանը նաեւ նշեց, որ հարցումներ են արել բնակիչների շրջանում՝ հասկանալու՝ աշխատանք չունեցող քանի քաղաքացի կա, ինչ աշխատանքի եւ ինչ մասնագիտությունների պահանջ կա, որպեսզի ընտրվելու պարագայում աշխատատեղեր ստեղծելու գործընթացին անցնեն։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում Ուլիխանյանն առանձնացրեց նաեւ ճանապարհների նորոգման հարցը․ «Դրա մասին անգամ խոսելն է ավելորդ։ Այդ ի՞նչ զրույց է, թե՝ ես Դիլիջանում ասֆալտ կանեմ։ Ինչի՞ մասին է խոսքը, դա պարտադիր է, Դիլիջանը պետք է բարեկարգ լինի։ Բնակիչների, տուրիստների համար պետք է հաճելի լինի, ժամանցի պայմաններ, կենտրոններ լինեն։ Դիլիջանը՝ որպես ժամանցի կենտրոն, վերացել է։ Իմ ընկերները, որ գալիս են, ինձ մտահոգություն են հայտնում, որ զբաղմունքի, ժամանցի կետեր չկան։ Դիլիջանն անտեսվել է, հիմա թողնված է ինքնահոսի, դրա համար անհատները ինչ կարողանում՝ անում են, մեկը՝ հյուրանոց է սարքում, մեկը՝ մի այլ բան, բայց համընդհանուր զարգացում չկա․ քաղաքի զարգացման ծրագիր է պետք»,- մանրամասնեց Ուլիխանյանը։ Վերջինս նշեց, որ համայնքային միջոցներն, իրականում բավարար չեն՝ բոլոր խնդիրները լուծելու համար, դրա համար պետք է ներդրումային ծրագրեր ներգրավեն․ «Համայնքային բյուջեն շատ փոքր է, բավարար չէ։ Պետք է շահագրգռել ներդրողներին։ Շատ մարդիկ էլ իմ խաթր, ինձ վստահելով են գալու, ներդրումներ անեն։ Իսկ մյուսներին պետք է համոզել, հասկացնել, որ քաղաքն իրենց համար բիզնեսի լուրջ կենտրոն կարող է լինել։ Դիլիջանն Աստծո տված անկյուն է, պետք է զարգացնել»,- եզրափակեց Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Ուլիխանյանը։ Լուսանկարը՝ Արմեն Ուլիխանյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:15 - 12 հոկտեմբերի, 2021
ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի համար երկու կարևոր զեկույց է քննարկվել։ «Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր։ Այն Հայաստանում անցկացված ընտրությունները գնահատում էր մրցակցային և լավ կազմակերպված։ Ըստ էության, սա Հայաստանի արդեն երկրորդ համապետական ընտրությունն էր, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»։ Մյուս զեկույցը, Ռուբինյանի խոսքով, Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների մասին զեկույցն է․ «Այդ զեկույցում, ըստ էության, տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ ունեինք և այն կետերը, որ կցանկանայինք, որ լիեին այդ զեկույցում։ Մասնավորապես, զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելու ստանձնած պարտավորությունների խախտում է և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը։ Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ կամ Թուրքիայի մասնակցությամբ սիրիացի վարձկանների  տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին։ Ֆիքսվում է և հստակ կոչ է արվում ադրբեջանցիներին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից և անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում»։ Ռուբինյանը հավելեց նաև, որ զեկույցում խոսվել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը։ Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակում օգտագործվող ատելության խոսքին։
13:04 - 12 հոկտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 7-րդ անգամ առաջադրել է խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն․ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 պատգամավորների մասնակցությամբ։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պետք է ներկայացներ առաջադրած թեկնածուին, սակայն ոչ նա, ոչ էլ թեկնածուն չեն եկել նիստին՝ ըստ ամենայնի բոյկոտելով քննարկումը։ Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներն անհամաձայնություն ունեն Ղազինյանի թեկնածության հետ, եւ արդեն վեց անգամ չեն ընտրել նրան՝ հայտարարելով, որ խնդրի հանգուցալուծման բանալին ընդդիմադիրների ձեռքում է՝ թող  առաջադրեն այլ թեկնածու։ Ընդդիմադիրներն էլ պնդում են իրենց դիրքորոշումը։ Քանի որ թեկնածուն ներկա չէր, պատգամավորները, բնականաբար, նրան չէին կարող հարցեր ուղղել․ չնայած հնարավոր բոլոր հարցերը առաջին մի քանի քննարկումների ժամանակ արդեն իսկ հնչել էին։ Պատգամավորները նաեւ ելույթներին չունեցան՝ ի վերջո անցնելով քվեարկությանը, որի արդյունքը ենթադրելի էր․ Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
12:52 - 12 հոկտեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։ Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։ Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։  
10:52 - 12 հոկտեմբերի, 2021
Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Գյումրին կռնա՛» դաշինքը․ այն կազմվել է «Ազգային արժեք» ակումբի, «Նժդեհյան Ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև այս տարվա սեպտեմբերին կնքված հուշագրով։  Դաշինքը 20 հոգանոց նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Թեեւ ցուցակը գլխավորում է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Արաքս 95» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Սրտաշյանը, սակայն դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։ Նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը մեր զրույցում ասաց, որ այս որոշումը պայմանավորված է քաղաքական նոր մշակույթով․ «Մենք որոշել ենք քաղաքական դաշտում անձերի պաշտամունքը թուլացնել ու կարևորությունը չտալ անձերին ու անհատներին։ Ով էլ լինի մեր քաղաքապետի թեկնածուն, ով էլ լինի մեր քաղաքապետը, պահելու է քաղաքական գիծը»։ Սրտաշյանը, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է սպասվածից ավելի պասիվ և նախկինում եղած արատավոր երևույթների ուղեցկությամբ․ «Առայժմ քարոզարշավն ընթանում է սպասվածից ավելի պասիվ, գաղափարական բանավեճեր, կարծես թե, չեն ընթանում։ Հեռուստաեթերը լցված է անբովանդակ, ոչինչ չասող տեսահոլովակներով։ Հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, վարչական լծակի, թաղային հեղինակությունների և նախկինում օգտագործվող այլ արատավոր երևույթների վրա։ Տեղի է ունենում այն, ինչը տեսել եք մինչև 2018 թվականը՝ Հանրապետականի օրոք։ Եթե նայեք ավագանիների թեկնածուների մյուս ցուցակները, կտեսնեք, որ այնտեղ առանձնապես հանրային դեմքեր չկան, ու առանձնապես իր որակական կազմով աչքի չի ընկնում։ Հենց դա է պատճառը, որ քարոզարշավի հիմնական մեխերը՝ բանավեճեր և այլն, տեղի չեն ունենում, աժիոտաժը շատ թույլ է ու, կարծես, ստվերային աշխատանք է տարվում»,- ասաց Վարդան Սրտաշյանը՝ նշելով, որ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Բալասանյան դաշինք» կուսակցություններն են քարոզարշավի ընթացքում օգտագործում նախկին մեթոդները։ Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու երևույթն էլ, կարծես, օրինականացել է․ «Լայն տարածում է ստացել վստահված անձերի միջոցով օրինական կաշառք բաժանելու սկզբունքը, մարդիկ ասում են՝ դուք մեր վստահված անձն եք, վստահված անձ լինելու դիմաց մենք ձեզ կվճարենք իքս գումար, բայց այդ իքս գումարը վճարելու դիմաց ոչ պայմանագիր է կնքվում, ոչ Աշխատանքային օրենսգրքով է երևում, կարելի է որակում տալ նաև որպես վիրտուալ ընտրակաշառք»։ Անդրադառնալով Գյումրիում եղած խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց աշխատատեղերի հարցը․ «Միշտ տպավորություն է եղել, որ ՏԻՄ-երը աշխատատեղեր ստեղծելու գործառույթ չպետք է իրականացնեն։ Մենք կոտրել ենք այդ կարծրատիպը։ Ունենք հստակ ծրագիր․ «Ներդրումային շրջանառու Գյումրի» հիմնադրամ ենք հիմնելու, որի միջոցով նախնական կապիտալի կուտակման և այդ կապիտալի միջոցով ստարտափերի, նոր ձեռնարկությունների և այլ բիզնես պրոյեկտների հիմնման միջոցով այդ հիմնադրամը ավելացնելու է իր կապիտալը՝ արդյունքում ստեղծելով աշխատատեղեր։ Սա եզակի հեղափոխական մոտեցում է, որը Գյումրիում իրականացվելու դեպքում կարող է վարակիչ լինել մյուս մարզերի համար։ Մարզերը այդպիսով կկարողանան կտրվել երկրի իշխանություններից ունեցած կախումից։ Բոլորս էլ գիտենք, որ սեփական բյուջեով, սեփական հավաքագրումներով ՏԻՄ-երում սեփական խնդիրները լուծել հնարավոր չէ, բոլորը նայում են երկրի ղեկավարության ձեռքին։ Մեր առաջարկած այս մեթոդով մենք կկարողանանք ՏԻՄ-երին ավելի անկախացնել»։ Վարդան Սրտաշյանն ասաց, որ այդ հիմնադրամի միոջոցով հնարավոր է նաև Գյումրու տնակների հարցը լուծել․ «Տնակների դեպքում հիմնականը այն մարդկանց խնդիրն է, որոնք տունը ստացել են, բայց մնացել են տնակներում։ Այսօր կա կարծիք, որ այդ մարդիկ են մեղավոր, տնակները պետք է քանդել։ Մենք չենք կիսում այդ տեսակետը, լավ օրից չէ, որ մարդիկ գնացել են տնակների մեջ ապրելու։ Մարդ ինչքան անելանելի վիճակում պետք է լինի, որ գնա, տնակներում ապրի։ Այդ մարդիկ ունեն սոցիալական խնդիր, իսկ այդ սոցիալական խնդիրները լուծելու համար մենք առաջարկել ենք ներդրումային շրջանառու հիմնադրամի մեթոդը, որի կուտակված գումարով նաև նախատեսում ենք շինարարություն անցկացնել և սոցիալական բնակարաններ հիմնել, որոնք չեն լինի այդ մարդկանց սեփականությունը, բայց մարդիկ հնարավորություն կունենան ապրելու այդ բնակարաններում ու այդ խնդիրը, կարելի է ասել, այսքանով կլուծվի»։ Նա նաև վստահեցրեց՝ իրենց ուժը չի լինելու սևի ու սպիտակի բաժանման մեջ, և դառնալու է իրական այլընտրանք, որին, ըստ Սրտաշյանի, գյումեցիները երկար են սպասել․ «Ինքներս գյումրեցի ենք, ապրել ենք այս քաղաքի դարդ ու ցավով, մարդկանց ցույց ենք տվել, որ կարելի է զրոյից, անգամ մինուսային կետից ստեղծել աշխատատեղեր, մեր շարքերում կան քաղաքը շենացրած բազմաթիվ ձեռնարկատերեր, որոնց ոչ միայն խոսքով, այլ գործով այս երկար տարիների ընթացքում քաղաքը շենացրել են, քարը քարի վրա են դրել, հետերկրաշարժյան Գյումրին վերածել են այն Գյումրիին, որն այսօր կա։ Մենք մեր գործով ցույց ենք տվել, որ կարող ենք քաղաքի ամենամեծ հարկատուները լինել։ Այսօր, տեսնելով երկրի աղետալի իրավիճակը, նաև որոշել ենք զերծ չմնալ քաղաքական պրոցեսներից։ Մեր ակումբը, որը նախաձեռնել է «Գյումրին կռնա՛» պրոցեսը, քաղաքական թեմաների մեջ թաթախված չի եղել։ Այսօր, սակայն, հավաքվել  է մի թիմ, որը գիտակցում է, որ նաև քաղաքական գործունեության միջոցով պետք է լուծել երկրի խնդիրները և առանց քաղաքական լծակների փոփոխությունների հասնել հնարավոր չէ»։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:31 - 11 հոկտեմբերի, 2021
Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան

Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը դրական է գնահատում կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, որով գիտության ֆինանսավորումը 2022 թվականին ավելանալու է․ «Հաշվի առնելով, թե ինչպես են ընկալվում և ինչքան արդյունավետ են մեր արձագանքները, այս անգամ ճոխ եմ ուզում գնահատել։ Ուզում եմ ասել՝ շատ ապրեք, լավ եք արել, շոշափելի թիվ է։ Այդտեղ, իհարկե, թվերի հետ խաղ կա։ Իրենք անցած տարի 2 միլիարդով ավելացրին գիտության ֆինանսավորումը, ավելացումը փաստացի 60% է։ Գումարը բավարար չէ, բայց աճի տեմպը նկատելի է։ Իհարկե, ի սկզբանե մեր հաշվարկած թվերը պահպանվում են, դրանք չեն փոխվել․ նպատակը նույնն է, հասնել նրան, որ բյուջեի ծախսային մասի մոտավորապես 4%-ը լինի գիտությանը հատկացվող գումարը, կամ որ նույնն է, ՀՆԱ-ի 1%-ը։ Պետական բյուջեի այս ավելացմամբ փաստացի սստացվում է ծախսային մասի մոտավորապես 1.3-1,4%-ը, և դեռ հեռու է իր բուն նպատակից, բայց տեմպը լավն է»։ Խաչիկ Նազարյանի խոսքով՝ բյուջեով նախատեսված մի շարք միջոցառումներ արդեն նախատեսված ծրագրեր են, որոնք շարունակվելու են․ «Կառավարության կողմից հատկացված մոտավորապես 6 միլիարդը նորություն չէ, գիտեինք, որ դա լինելու է, հանձնառությունը կար։ Այդ միջոցառումների վերաբերյալ արդեն մեր գնահատականը տվել ենք։ Պետք է ասել՝ լավ է, որ շարունակվում է, պահում եք խոստումը այդ մասով»։ Նրա դիտարկմամբ՝ պետական բյուջեի նախագծում 3.5 միլիարդ դրամի նորություն կա․ «Այստեղ 1 միլիարդը «մաքուր» նորությունն է, ու հենց բյուջեի հաշվին է դրված։ Պետք է արձանագրեմ, որ ամեն դեպքում, սա փոքր գումար է։ Ասպիրանտների վերապատրաստման ծրագիր կա, հայրենադարձության որոշակի կոմպոնենտ կա այդտեղ։ Մյուս միջոցառումը 2.5 միլիարդ դրամ է, որում սարքավորումների, գերազանցության կենտրոնների ծրագրեր կան, կարծես թե հատուկ մաս է հատկացրած, որպեսզի խրախուսվի ինստիտուտների միավորումը։ Այս կտորը՝ հատկապես սարքավորումների, ենթակառուցվածքների մասով շատ կարևոր է ու դա մեծ կտորն է։ Այդ  2.5 միլիարդը դրված է ԵՄ օգնության, վարկի կամ դրամաշնորհի վրա։ Չգիտեմ՝ դրա իսկական անունն ինչ է։ Իմ համար դժվար է ասել՝ դա երբ կդառնա իրական, իրական է արդյոք։ Եթե այդպես է, լավ է, բայց երբ առանձին ձևակերպում է տված ԵՄ-ի մասով, հանգիստ չեմ զգում ինձ, որովհետև այդ գումարի մասին դեռ մասնագիտական պատկերացում չունեմ»։ Խաչիկ Նազարյանը նաև նշում է, որ պետք է կենտրոնանալ գումարների արդյունավետ ծախսման վրա՝ առանց վախենալու որոշակի ձախողումներից։ «Անհրաժեշտ է հստակեցնել, թե մեր պետության համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում։ Արդեն նշմարվում են որոշ ուղղություններ, որոնք առաջանցիկ, երևացող են, հատկապես այնտեղ, որտեղ երիտասարդներ կան։ Նոր, մինչդիսցիպլինար ուղղություններն են կարևոր, օրինակ, կենսաինֆորմատիկան։ Ուրախալի է, որ այդ խումբը շատ ակտիվ է։ Ծերացել եմ՝  ասելով, որ հասարակական գիտությունները, հումանիտար ուղղությունը շատ կարևոր են։ Սկսած հայագիտությունից՝ վերջացրած մեր հարևանների մասին ուսումնասիրություններով, ցանկացած սոցիալական, հասարակական ուղղություն շատ կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար»։ Խաչիկ Նազարյանն ասում է՝ ուրախալի է, որ կրթությունն ու գիտությունը ներկայացվում են որպես պետական բյուջեի առաջանահերթություն․ «Երևի առաջին անգամ է, որ շատ հստակ ֆիքսվեց, որ կրթությունն ու գիտությունը առաջանահերթություն են, ու դրվեց այնպիսի ցուցակում, որտեղ առաջին տեղում գրված էր պաշտպանությունը։ Ի՞նչն է ինձ մի քիչ տխրեցնում, որ ճանապարհին երևի մեր հաղորդագրությունները «կտրվում են», ուղիղ տեղ չեն հասնում, որովհետև մենք կոնկրետ այդ կրթություն, գիտություն կոչեցյալ ոլորտի պատասխանատուների հետ զրուցելուց հասկանում ենք, որ այդտեղ ինչ-որ մի բան կտրվում է։ Երկար ժամանակ նորմալ է եղել կրթությունը և գիտությունը նույն տողի մեջ ասելը․ հիմա կոնկրետ իմ համար սկզբունքային է դարձել, որ այդպես չպետք է լինի»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամի դիտարկմամբ՝ գիտությունը առաձին շեշտադրում պետք է ունենա․ «Եթե ուշադիր կարդաք, վարչապետը իր խոսքում ասում է՝ «ամեն անձ պետք է կրթված լինի, դա շատ կարևոր է»։ Իհարկե, համաձայն եմ, բայց դրանից հետո ասում է՝ «դրա տրամաբանական շարունակությունն է գիտությունը»։ Դա շատ էնցիկլոպեդիալ մոտեցում է, որ կրթություն, հետո գիտություն։ Հազար անգամ կրկնել եմ, չեմ հոգնի, հազար անգամ կասեմ, որ տեղ հասնի այդ հաղորդագրությունը, որ հերթականությունը հակառակն է։ Իրականում, կրթությունից հետո գիտություն ասել մոտավորապես նույնն է, որ ասել «մինչև հաց չուտես, չես մեծանա»։ Իհարկե, եթե չկրթվես, երևի գիտնական չդառնաս, դա խրոնոլոգիական կապ է, բայց հակառակ կապն է շատ ուժեղ, որ մինչև գործող գիտնական չլինի, ժամանակակից գիտելիք արտադրող ինստիտուտ չլինի, կրթություն չի լինի։ Ո՞վ պետք է տա այդ կրթությունը՝ հատկապես բարձրագույնում, եթե չկա գործող, ակտիվ գիտնական՝ ժամանակակից գիտելիքով։ Գիտություն է պետք, որպեսզի կրթությունը լավ լինի։ Շատերը հարցնում են՝ ինչպես անել, եթե գիտություն չկա։ Պետք է եղածը պահպանել, մաքսիմում շատ հասկանալ դրա կրիտիկականությունը, եթե եղածը չպահպանես, կրթության մեջ օրեցօր կորցնում ես։ Ոլորտի քաղաքականության համար գլխավոր պատասխանատու անձի մոտ նույնպես այս խնդիրը կա»։ Նա նաև նշում է՝ կարևոր է, որ ցանկացած գործողություն համալիր մոտեցմամբ արվի։ «Գումարը քիչ է, բայց պետք է բաշխվի այնպես, որ համալիր արվի գործողությունները։ Ես ինչքան տեսնում եմ, մեր գիտությունների կոմիտեում հասկանում են՝ ինչ է պետք անել, ուստի նրանց է պետք լսել։ Գուցե այնտեղ խարիզմայի պակաս կա, ավելի համարձակ լինելու կարիք կա։ Չեմ տեսնում, որ իրենց ձայնը լսելի է, գուցե հենց իրենցից է, բայց տեսնում եմ, որ այդ երիտասարդները գիտեն՝ ինչ է պետք անել»։ Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլիարդի դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։ Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։ Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ: 139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը): Ըստ կառավարության՝ Եվրամիության աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,5 մլն դրամ դրամաշնորհ: Նանե Ավետիսյան
20:34 - 08 հոկտեմբերի, 2021
Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվեց հարցազրույց տալ՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արգամ Հովսեփյանը, մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը հանդարտ է ընթանում, ինքն այն անցկացնում է բակային հանդիպումների ձեւաչափով՝ զրուցելով Տեղի բնակիչների հետ։ Տեղ համայնքում խնդիրները քիչ չեն․ կա ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիր, բնակիչները դժվարությունների են հանդիպում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հովսեփյանը, խոսելով այս խնդիրների մասին, նշեց, որ կուսակցության համահիմնադիրները՝ ի դեմս Մեսրոպ Առաքելյանի, ծանոթ են այս հարցերին, ինքն էլ խնդրել է դրանց լուծում տալու հարցում աջակցել իրեն։ Բանն այն է, որ համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է, եւ նման լուրջ խնդիրների լուծման համար այլ միջոցներ են հարկավոր։ Այդ միջոցները հայթայթելու համար Հովսեփյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ կառավարության հետ՝ սուբվենցիոն ծրագրեր բերելու մտադրությամբ, գտնել նաեւ բարերաների, որոնք պատրաստ կլինեն աջակցել։ Որպես առաջնային լուծում պահանջող հարց՝ մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ ճանապարհների անմխիթար վիճակը․ «Էս հարցն էլ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է բարերների գտնենք»,- ասաց Հովսեփյանը։ Տեղում այսօր սպանդանոց չկա․ սա դժվարացնում է բնակիչների գործը, բայց համայնքապետի թեկնածուն հարցը լուծելի է համարում՝ հավելելով, որ ինքը նաեւ մտադիր է խթանել գյուղացիների արտադրանքի արտահանմանը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում։ Տեղ համայնքի վարելահողերի որոշ մասը պատերազմից հետո հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ․ այս հարցը տեղացիների համար ամենամտահոգիչն է։ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե կառավարությունն աջակցեր գյուղացիներին՝ վառելիք եւ սերմացու տրամադրելով․ «Վարած, ցանած հողերը մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, էս պահին ես պետությունից խնդրում եմ Տեղ համայնքի, եւ ոչ միայն, մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնեն սերմացուով, վառելիքով, օգնեն՝ մարդիկ էս տարի ոտքի կանգնեն, հետո իրենց հունով կաշխատեն։ Եթե սերմացուն անվճար տան, էս տարի ժողովուրդը մի քիչ ոտի կկանգնի»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում պետք է շուտափույթ կայացվի, քանի դեռ կարելի է ցանք անել։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մանկապարտեզների նորոգման անհրաժեշտության մասին, կրթական կենտրոններ ունենալու։ Այս հարցերի լուծման համար եւս Արգամ Հովսեփյանը անհրաժեշտ համարեց համագործակցել կառավարության հետ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրություններում Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Վերջինս, ինչպես Տեղ համայնքում ՔՊ ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցը, հրաժարվեց հարցազրույցից՝ դարձյալ զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Լուսանկարում՝ Արգամ Հովսեփյանը զրուցում է Տեղի բնակիչների հետ, աղբյուրը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ Հայարփի Բաղդասարյան
18:49 - 08 հոկտեմբերի, 2021
Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում

Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում

Կարեն Ավետիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը երեկ հրապարակում է արել, որտեղ, մեջբերելով Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը, նշել է, թե քովիդով հիվանդ, ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված մարդկանց 50%-ից ավելին պատվաստված մարդիկ են։ Կարեն Ավետիսյանի խոսքով՝ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը (Þórólfur Guðnason) նման հայտարարություն արել է օգոստոսի 3-ին։ Օգտատերը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում համաճարակաբանի խոսքերը։  Երբ իսլանդական մամուլում փնտրում ենք օգոստոսի 3-ին գլխավոր համաճարակաբանի վերաբերյալ հրապարակումները, տեսնում ենք, որ այդ օրը նա ներկայացրել է իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին տվյալներ։ Համաճարակաբանն այդ օրը հայտարարել է, որ չնայած Իսլանդիան հասել է COVID-19-ի ամենաբարձր ալիքին, պատվաստումները, կարծես, նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումների դեպքերը։ «Հուլիսի 1-ից հետո վարակված մարդկանց 70%-ը եղել է լիովին պատվաստված, և նրանց մոտ 1%-ն է հոսպիտալացվել։ Մարդկանցից, որոնք պատվաստված չեն եղել և վարակվել են, հոսպիտալացվել է 2,4%-ը»,- նշել է նա։ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը նույն կերպ են ներկայացված մի քանի լրատվամիջոցներում (1, 2, 3, 4,)։ Այսպես, օգոստոսի սկզբի դրությամբ Իսլանդիայում վարակված մարդկանց 70%-ը եղել է պատվաստված, նրանց մոտ 1%-ը հոսպիտալացվել է, իսկ չպատվաստված և վարակված մարդկանցից հոսպիտալացվել է 2,4%-ը։ Այսինքն՝ անգամ եթե բացարձակ թվերով պատվաստված և հոսպիտալացված մարդիկ լինեին ընդհանուր հոսպիտալացվածների կեսը, տոկոսային հարաբերությամբ պատվաստվածների մոտ ավելի քիչ է եղել հոսպիտալացվելու հավանականությունը։ Այդ մասին իր խոսքում նշել է նաև Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը; Առհասարակ, օգոստոսին տեղեկություններ էին տարածվում, թե Իսլանդիայում պատվաստված մարդկանց մեջ շատ են COVID-19-ով վարակվողները, ինչը փորձ էր արվում ներկայացնելու որպես պավաստանյութերի անարդյունավետության ապացույց։ «Reuters» գործակալության փաստերի ստուգման թիմն անդրադարձել էր այս լուրերին՝ նշելով, որ պատվաստվողների շրջանում վարակման հաճախակի դեպքերը չեն խոսում պատվաստման անարդյունավետության մասին։  «Իսլանդիայում 16 տարեկանից բարձր բնակիչների 85․3%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, 4.9%-ն էլ մասնակի է պատվաստված։ Զարմանալի չէ, որ նոր դեպքերի մեծ մասը պատվաստված մարդկանց շրջանում է։  Հուլիսի 9-ից սկսած՝ վարակի դեպքերի 77%-ը եղել է վարակված մարդկանց շրջանում»,- հայտնել էին «Reuters»-ին Իսլանդիայի առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով այդ երկրում օգոստոսի սկզբին առկա տվյալները։ «Reuters»-ի նյութում նշվում է, որ մի երկրում, որտեղ պատվաստման մակարդակը բարձր է, պատվաստված մարդկանց շրջանում վարակի հաճախակի դեպքերը սպասելի են։  Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են աշխատում պատվաստանյութերը։ Պատվաստանյութերի նպատակը մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ առաջացնելն է, որոնք հետագայում կպաշտպանեն վարակից։ Ավելի պարզ ասած՝ պատվաստելուց հետո դուք կարող եք վարակվել, հիվանդանալ, սակայն հիվանդության ընթացքը թեթև և առանց ախտանշանների կլինի, իսկ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում պատվաստված լինելը կփրկի հոսպիտալացումից և մահից։ Իսլանդիայի բնակիչների ընդհանուր թիվը 341 243 է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի, ընդհանուր առմամբ, 12 035 դեպք, մահացել է 33 մարդ։ Եթե նայենք մահերի վիճակագրությունը, կտեսնենք, որ Իսլանդիայում կորոնավիրուսային հիվանդության պատճառով վերջին անգամ մահ գրանցվել է օգոստոսի 30-ին։ Այդ օրը մահացել է մեկ հոգի, ինչից հետո մահվան նոր դեպքեր չեն եղել։ Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալների՝ այս պահին երկրում հոսպիտալացված է 8 հոգի, իսկ հոսպիտալացվածների ընդհանուր թիվը 462 է։ Նշենք, որ համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած վերջին տվյալների՝ երկրում 12 տարեկանից բարձր մարդկանց 88%-ը պատվաստված է։ Բացի պատվաստման բարձր մակարդակից՝ Իսլանդիայում մահերի փոքր թվի պատճառ կարող են լինել նաև ներքին սահմանափակումները (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում, բազմամարդ հավաքների սահմանափակում և այլն), որոնք օրերս երկարաձգվեցին։ Այսպիսով, Կարեն Ավետիսյան անունով օգտատերը մանիպուլյատիվ է ներկայացրել Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը․ վերջինս նշել է, որ պատվաստանյութերը նվազեցնում են ծանր հիվանդանալու դեպքերը և հոսպիտալացումների թվերը։    Գլխավոր լուսանկարը՝ grapevine.is կայքից Աննա Սահակյան
18:26 - 08 հոկտեմբերի, 2021
Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան

Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ իր՝ Սյունիք կատարած այցին և Սյունիքում ստեղծված իրավիճակին․ «Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ է նաև Սյունիքին հարակից, Ադրբեջանի կողմից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման և այդ հատվածում ամրաշինական, ենթակառուցվածքային աշխատանքների հետ։Այլընտրանքային ճանապարհը՝ Տաթև-Աղվանին, որի հետ կապված այս պահին աշխատանքներ գնում են, մի քանի հարցեր լուծելու է, բայց ամբողջական հարցը Սյունիքի անվտանգության հետ կապված չի լուծելու»։ Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց՝ իշխանությունը ջանքեր է գործադրում, որ ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում խորհրդարան չգան․ «Այս շաբաթ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բացի ավանդական դարձած փոխնախագահի ընտրության թեմայից նաև խոսք գնաց ուժային տարբեր կառույցների՝ խորհրդարան գալու խնդրի մասին։ Ամենատարբեր ֆորմատով չի ստացվում, կամ այս պարագայում շատ ավելի ճիշտ կլինի ասել, որ իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան և չպատասխանեն հարցերին»։ Նա հավելեց, որ կա հանրային պահանջ՝ ուժային կառույցների ղեկավարների հետ որևէ ֆորմատով խորհրդարանում հանդիպելու և մտահոգիչ հարցերի պատասխանները ստանալու․ «Իշխանությունների այս մոտեցումը, ըստ էության, շատ ավելի է խորացնում մտահոգությունները այն մասին, որ իրականում անվտանգային համակարգում նախատեսված վերակազմավորումները, փոփոխությունները չեն իրականացվում, ուժային կառույցները ասելիք չունեն և այս պարագայում ամեն գնով խուսափում են որևէ ձևով հայտնվել մեր տեսադաշտում»։
12:56 - 08 հոկտեմբերի, 2021