Ինֆոքոմ

Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան

Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը աննախադեպ է համարում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության ֆինանսավորման ավելացումը։ «Այս կարգի տոկոսային ավելացում անկախ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում, դա իսկապես լուրջ է, ու այս տենդենցը պետք է շարունակվի։ Միաժամանակ պետք է ամրագրենք, որ գիտության մասով իսկապես հավակնոտ հանձնառություն դեռ չկա։ Միշտ խոսվում է, որ գիտությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, նույնիսկ նախագծի ընդունման ընթացքում վարչապետը նշեց, որ երեք առաջնահերթություններից մեկը կրթությունն ու գիտությունն է։ Ճիշտ է, կրթությունը և գիտությունը մի տողի մեջ էր, թեև դրանք կապակցված, բայց միևնույնն է, առանձին երևույթներ են։ Լավ է, որ գիտությունը վերին 4 առաջնահերթությունների մեջ մտնում է, բայց կարևոր է, որ լինի կոնկրետ, ամրագրված հավակնոտ հանձնառություն»։ Նա, սակայն, նկատում է, որ գիտության բյուջեն անցած տարվա համեմատ ավելացել է ոչ թե 82, այլ 60%-ով։ «2021-ի ընթացքում բացի բյուջեով նախատեսված գումարից գիտությանը 2 միլիարդ ավել դրամ է հատկացվել․ այդ դեպքում բյուջեն ավելանում է ոչ թե 82, այլ 60%-ով, ինչը, նորից եմ ասում, աննախադեպ է»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է, որ «Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկել է բյուջեի առնվազն 4%-ը հատկացնել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար։  «Իմիջիայլոց, այս 4%-ի մեջ ոչ միայն մտնում է գիտության կոմիտեի բյուջեն, այլ նաև տարբեր տեսակի բարձր տեխնոլոգիական ծրագրերի, մասնավորապես՝ ռազմաարդյունաբերության։ Այսինքն՝ սա այդքան էլ անիրագործելի չէ, պարզապես պետք են հավակնոտ ծրագրեր, որոնք, իմիջիայլոց կան նախարարությունում, որոշներն էլ մենք ենք բազմիցս առաջարկել։ Պարզապես պետք է խնդիր դրվի նախարարության առջեւ, որ այդ ծրագրերը հրատապ սկսվեն իրագործվել»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է՝ շատ կարևոր է Եվրոպական միության աջակցության շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ ընդգծելով, սակայն, որ դրա իրագործման համար չկան նշված ժամկետներ։ «Ժամկետներ չկան, ինչը մեզ շատ է անհանգստացնում, բայց դարձյալ շատ կարևոր տող է։ Դա մեծ մասամբ սարքավորումների արդիականացման վրա է ծախսվելու, որը մեր ամենամեծ խնդիրներից է, և մեր կարծիքով չի կարելի թողնել անորոշ ժամկետներում հատկացվելիք գումարների վրա»։ Նա նաև նշում է, որ բյուջեում 4 նոր և կարևոր ծրագրերի համար են գումարներ հատկացվել։  «Այդ ծրագրերը  պետք է օր առաջ սկսել։ Առաջին ծրագիրը ասպիրանտների վերապատրաստման ծրագիրն է արտասահմանում․ մրցույթ են հայտարարելու այն ասպիրանտների համար, որոնք դրսում ունեն ղեկավար կամ ընդունող կողմ։ Նրանք կարող են որոշ ժամանակով գնալ, հետազոտություններ անել, դասընթացներ անցնել՝ այն նպատակով, որ հետո վերադառնան Հայաստան և իրենց փորձը այստեղ կիրառեն։ Մյուս ծրագիրը թեկնածուական աստիճան ունեցող գիտնականների համար նախատեսված վերապատրաստման ծրագիրն է։ Երրորդ ծրագրի միջոցով Սփյուռքի  կամ այլազգի գիտանականները Հայաստանում գիտական թիմեր կղեկավարեն, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը։ Երիտասարդ գիտնականները ավելի առաջադեմ գիտելիքի հետ կշփվեն, կհասկանան՝ ինչ է նշանակում համաշխարհային մրցունակ մակարդակի գիտական հետազոտություններ իրականացնել։ Չորրորդը գիտնականների հայրենադարձության կամ Հայաստանում բնակեցման ծրագիրն է։ Չգիտեմ՝ լինելու է միայն հայազգի գիտնականների համար, թե լինելու են այլազգի գիտնականներ, բայց միտքն այն է, որ գիտնականների ներհոսք լինի»։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքի համար, բայց դեռ շատ գործ կա անելու․ «Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները կհասկանան, որ Հայաստանը նոր և ավելի հավակնոտ մոտեցում է ցուցաբերում այս հարցում։ Իրենք կսկսեն մտածել, որ այս ամենի մեջ ներդրում կարող են ունենալ։ Մենք մեր համայնքով շատ ենք շփվում արտասահմանում ապրող գիտնականների հետ։ Այդ գիտնականների մոտ մեծ էներգիա կա։ Նրանք ուզում են իրենց փորձը կիրառել Հայաստանում, բայց տեսնում են, որ պահանջարկ չկա։ Եթե ինչ-որ լուրջ ծրագրեր իրագործելու, առաջնահերթ գիտական ուղղություններում գերազանցության կենտրոններ ստեղծելու նպատակներ լինի, մարդիկ, քննարկելուց բացի, կանցնեն գործի։ Իհարկե, ոմանք անում են գործեր, բայց դրանք լոկալ գործեր են, մասշտաբային գործի անցնելու համար մեզ պետք է այդ լուրջ ազդակը»,-նշում է նա՝ ընդգծելով ընդհանուր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գիտնականի վարկանիշի բարձրացումը հասարակությունում։ «Այսօր էլ որոշ չափով փոփոխություններ տեսնում ենք, հանրային նախաձեռնություն կա, շատ մեդիաներ լրիվ այլ վերաբերմունք են ցույց տալիս, իրենց ռեսուրսներն են ներդնում, որպեսզի հաղորդումներ անեն, որը շատ ողջունելի է։ Շատ կարևոր է նաև, որ մարդիկ, ովքեր հաճախ են երևում մեդիաներում, ավելի շատ խոսեն գիտության կարևորության մասին»։ Նա նաև կարևորում է գերազանցության կենտրոնների ստեղծումն ու զարգացումը։ «Եթե ուզում ենք, օրինակ, արհեստական բանականության ոլորտում մրցունակ լինել, պետք է ստեղծենք և զարգացնենք արհեստական բանականության գերազանցության կենտրոններ, կամ, օրինակ, ռադիոտեխնիկայի գերազանցության կենտրոններ, որոնք շատ կարևոր են նաև անվտանգության համար»։ Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլարդ դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։ Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։ Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։ «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ: 139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842.0 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136.0 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143.0 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը): Ըստ կառավարության՝ ԵՄ աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,500.0 մլն դրամ դրամաշնորհ: Նանե Ավետիսյան  
18:56 - 07 հոկտեմբերի, 2021
Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց և ընդունեց 2021 թվական պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու և առողջապահության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցը։ «Նախագծով առաջարկվում է լրացուցիչ 2,365,000.0 հազ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը։ Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցները ուղղվեին այլ կարիքների բավարարման, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենանք»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ 20 բժշկական հաստատություն արդեն ընդգրկված է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, և ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է։ «Ակտիվ դեպքերի մեջ, որը 14.000-ից ավել է, ընդմանեը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով»։ Նրա խոսքով՝ այս թիվը ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները, և հոսպիտալացման բեռ առողջապահական համակարգի վրա չի գոյանում։ Նա նաև ասաց, որ պատվաստումային գործընթացը ակիվացել է, սակայն տեմպը բավարար չէ՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր անհիմն վախեր են ներշնչում հասարակության շրջանում։ Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ Եվրոպական երկրներում, Ասիայի շատ երկրներում արդեն պատվաստումները հասցրել են 90%-ի։ «Հարց է ծագում՝ ինչում է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք, և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»։ Արձագանքելով Անահիտ Ավանեսյանի այս խոսքին՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ երբ մարդիկ Հայաստանում սկսեցին կորոնավիրուսից մահանալ, կային շրջանակներ, ովքեր այդ մահերը դարձնում էին քաղաքական շահարկման առարկա։ «Նրանց պետք է, որ հնավարոինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։ Մենք ինչու՞ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում, կա հստակ պետության պարտավորություն։ Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ։ Եվ, կներեք, ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունը ունի բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ օրենքներ, և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»։ Փաշինյանի դիտարկմամբ՝ կան մարդկանց խմբեր, ովքեր պահանջում են վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը։ «Ես նկատում եմ, որ այդպիսի շարժում է սկում։ Ասում են՝ ինչու՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն։ Այս գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական կարիքներ հոգալու համար, կարող էր օգտագործվել հազար ու մի ծախս վրա։ Ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնը ավելի ու ավելի բարձր է հնչելու»։ Նա նաև ընդգծեց՝ ոչ ոք չպետք է կառավարությանը խանգարի գործել։ «Մենք հո ստեղ չենք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել։ Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք։ Վատ է, շատ է, պատվաստման թվերը և որևէ ուրիշ մեկի չբողոքեք։ Եվ սա վերաբերում է բոլորին։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»։ Դիմելով ԱԱԾ և Ոստիկանության պետերին՝ Փաշինյանն ասաց․ «Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք։ Այդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել։ Ես գլխավոր դատախազին եմ դիմում, նաև քննչական մարմիններին։ Կառավարությունը չի կարող գալ, նստել ասել խանգարում են մեզ։ Ո՞վ է խանգարում։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված է»։
12:00 - 07 հոկտեմբերի, 2021
Կապահովվի Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը

Կապահովվի Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որով կիրականացվի Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում  առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը: Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ՀՀ-ի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի փոխառության համաձայնագրերով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման կիրարկումը կապահովի  Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
11:10 - 07 հոկտեմբերի, 2021
ԼՂ տարածքների օկուպացիայի մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը․ Արարատ Միրզոյան

ԼՂ տարածքների օկուպացիայի մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ ինքը գործադիրի ներկայացուցիչներից որեւէ մեկից չի լսել որեւէ միջազգային հարթակում Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին փոքրիշատե ամուր հիշատակում․ «Բացարձակ որեւէ ռեւանշիզմի մոտեցման մասին խոսք չի գնում, խոսքը միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու մասին է եւ բարձրաձայնելու, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից։ Հարցս՝ Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ պատրաստ է գոնե սկզբի համար էս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է»,- հարցրեց Մամիջանյանը։ Նրան պատասխանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս հանդիսացած եւ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ խոսակցություն առկա է, օրակարգում կա․ «Այդ խոսակցությունը մեր կողմից մատնանշվում է զանազան միջազգային հարթակներում եւ միջազգային գործընկերների հետ խոսակցության ժամանակ, եւ, ենթադրաբար, դա, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ խոսակցությունը եւ համաձայնությունն ինչ-որ պահի բանակցային փուլում պիտի տեղի ունենա, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի էականորեն բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը։ Էլ չասած, որ ճիշտ հակառակը՝ նոր վտանգներ կարող է առաջացնել հայ ժողովրդի համար»։  Մամիջանյանը Միրզոյանի հետ չհամաձայնեց․ «Թշնամի երկրի վարած արտաքին քաղաքականությունը տեւական ժամանակ կառուցված էր ստահոդ եւ կեղծ շղարշ ստեղծել աշխարհում, թե իբր Հայաստանն իր հայրենիքն ազատագրելիս ներկայացել է որպես օկուպանտ, եւ խորապես համոզված եմ, որ միջազգային բոլոր հարթակներում մեր երկիրը պիտի ներկայացնի այն փաստը, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
18:13 - 06 հոկտեմբերի, 2021
Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։  Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 
17:35 - 06 հոկտեմբերի, 2021
Իրանի ԱԳ նախարարի հետ խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա․ Արարատ Միրզոյան

Իրանի ԱԳ նախարարի հետ խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում մանրամասներ ներկայացրեց Իրան կատարած այցի վերաբերյալ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։ «Այս այցը, իհարկե, շատ լավ առիթ էր քննարկելու երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը, իսկ մեր երկկողմ օրակարգը իսկապես շատ հարուստ է․ կան իրականացվող իրականացված, և նաև առայժմ ընթացքի մեջ գտնվող կամ գուցե նաև կիսատ ծրագրեր։ Եվ ահա մենք հնարավորություն ենք ունեցել կոնկրետ խոսակցություն ծավալելու այդ ծրագրերի շարունակության, նորերը սկսելու ուղղությամբ։ Դա և՛ նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և՛ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումն է, և Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունն է։ Բազմաթիվ այլ տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ ուղիների ենթակառուցվածքների զարգացման»։ Միրզոյանն ընդգծեց, որ Իրան կատարած այցը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ ունեցել է տարածաշրջանային նշանակություն և շատ կոնկրետ համատեքստ։ «Այս առումով ես ողջունել եմ և այս առիթը ուզում եմ օգտագործել, կրկին ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակների, որ մենք ստանում ենք այս առնչությամբ։ Անշուշտ, խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, այսինքն, ըստ էության, այդ խոսակցության բացակայության վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»։ Արտաքին գործերի նախարարի խոսքով Իրանը տարածաշրջանային և գլոբալ դերակատարում ունի։  «Քննարկում ենք նաև Պարսից ծոց Սև ծով միջանցքի վերաբերյալ թեման, և այստեղ նաև մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանը։ Ի դեպ, առաջ անցնելով ասեմ, որ օրեր անց մենք այստեղ կհյուրընկալենք Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին։ Առավել մեծ տարածաշրջանային տնտեսական և ոչ միայն համատեքստ կա, և այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են և մենք կրկին ողջունում ենք Իրանի ներգարվվածությունը այս բոլոր հարցերում»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակներում նա հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչից հետո երկու երկրիների ԱԳ նախարարները հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով։ 
17:29 - 06 հոկտեմբերի, 2021
Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարություն - պատգամավորներ հարց ու պատասխանը։ Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի սպասվող գործընթացի հիմքերին՝ նշելով, որ կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Նա, հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, ըստ որոնց՝ ՀՀ-ն Սովետական Հայաստանի հիմքի վրա է ստեղծվել, ասաց, որ Սովետական Հայաստանը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջաններն ու Շահումյանի շրջանը։ Խաչատրյանը հարցրեց՝ եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Սովետական սահմաններով, արդյոք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջաններից, որոնք 89 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նման գործընթացներում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ եւ առաջ կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, եւ որոնց հիման վրա կառուցվել կամ կազմվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն․ «Ամբողջական եւ համապարփակ իրավական հիմքերի եւ հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու եւ սկսելու համար»։ Խաչատրյանը հիշեցրեց, որ 1990-ի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, եւ Շահումյանի շրջանի ժողովուրդը, բացի դրանից՝ չեն չեղարկվել ո՛չ 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ո՛չ ՀՀ Անկախության հռչակագիրը, ո՛չ էլ 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի, Խաչատրյանի խոսքով, դրանք ուժի մեջ գտնվող եւ գործող իրավական ակտեր են։ Փոխվարչապետն էլ կրկնեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերել գործող եւ իրավազոր ակտերի, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ․ «Այլ հարց է, թե էդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա։ Մաքսիմալ պետք է բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։
17:16 - 06 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Այսօր ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ադրբեջանական ավիաընկերությունը քաղաքացիական չվերթների համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Լուրն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում և սոցիալական հարթակներում, սակայն որոշ լրատվական կայքեր ինչպես նաև սոցիալական հարթակում որոշ անհատներ այս լուրը ներկայացրին մանիպուլյատիվ:  Մասնավորապես Գագիկ Համբարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում «Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին (լուսանկար)» վերտառությամբ գրառում է կատարել, որում Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքների համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Այս գրառումը տարածել են mamul.am, blognews.am, antifake.am լրատվական կայքերը։  Բացի այս գրառումից լրատվական կայքերը գրում են, որ Հայաստանն իր օդային սահմանը բացել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքների համար։ Արագորեն տարածվող լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ֆեյսբուքյան էջի գրառումն է, որտեղ ասվում է, որ այսուհետ «Ազալ» ավիաընկերությունն Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն սկսում է իրականացնել նաև Հայաստանի օդային տարածքով, քանի որ այդպես կրճատվում է թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը։ Բացի սրանից ասվում է, որ «Ազալն» այսուհետ կօգտագործի օդային բոլոր ճանապարհները թռիչքներ իրականացնելու համար, այդ թվում Հայաստանի և Իրանի օդային սահմանները։ Սակայն Հայաստանն իր օդային տարածքն ադրբեջանական ավիաընկերությունների համար չի բացել, քանի որ այն փակ չի էլ եղել։ Այսպես, օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և խնդրել պատասխանել թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ մի քանի հարցերի։  Մասնավորապես հարցրել էինք, թե ադրբեջանական ավիաընկերությունը վերջին 10 տարիներին Հայաստանի օդային տարածքով Թուրքիա և Ադրբեջան թռիչքներ իրականացրել է, թե ոչ։ Քաղավիացիայից ստացած գրության համաձայն՝ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունը դեպի Թուրքիա թռիչքներ չի իրականացրել, իսկ դեպի Նախիջևան վերջին թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Մենք նաև խնդրել էինք տրամադրել թռիչքային կոդերի համարները, սակայն վաղեմության պատճառով թռիչքների կոդերն ու օրերը ներկայացնելը հնարավոր չի եղել:  Թուրքական ավիաընկերության վերաբերյալ Քաղավիացիայի տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի օդային տարածքով Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ թռիչքներ են իրականացվել Հայաստանի օդային տարածքով Դեռևս հուլիսի 30-ին անդրադարձել էինք Հայաստանի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու-Ստամբուլ երթուղով քաղաքացիական թռիչքներին և ներկայացրել վերջին մեկ տարվա տվյալներ։ Այժմ ներկայացնենք Flightradar-ում պահպանված թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների Գյանջա-Նախիջևան-Գյանջա և Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքները։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK 326 թռիչքային կոդով թուրքական ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան երթուղով թռիչքը Հայաստանի օդային տարածքով իրականացրել է 20 անգամ՝ մայիսի 15-ին, 29-ին, հունիսի 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, հուլիսի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին, օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին, սեպտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին, 25-ին և հոկտեմբերի 2-ին։ Այս ընթացքում Իրանի օդային տարածքով թռիչք իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին։ Նախիջևան-Գյանջա երթուղով թռիչքները նույնպես իրականացվել են Հայաստանի օդային տարածքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK328 թռիչքային կոդով իրականացվել է 21 անգամ՝ մայիսի 18-ին, 25-ին, հունիսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, օգոստոսի 3-ին, 10-ին, 14-ին, 24-ին, 31-ին, սեպտեմբերի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին և հոկտեմբերի 5-ին։  Նույն թռիչքային կոդով Հայաստանի օդային տարածքով 5 թռիչք էլ իրականացվել է Գյանջա-Ստամբուլ ուղղությամբ՝ հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 24-ին և սեպտեմբերի 14-ին։  Ադրբեջանական ավիաընկերությունը, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի օդային տարածքով թռիչք չի իրականացրել 2014 թվականից ի վեր։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 6-ին,  J2251 թռիչքային կոդով ադրբեջանական ավիաընկերությունն իրականացրել է Բաքու-Նախիջևան թռիչքը Հայաստանի երկնքով։ Նույն օրվա ընթացքում մեկ թռիչք էլ եղել է Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ J2252 թռիչքային կոդով։ Հետաքրքրական է J2252 թռիչքային կոդով մայիսի 16-ին իրականացված թռիչքը, որը եղել է Իրանի օդային տարածքով, սակայն, ըստ Flightradar-ի հետագծի՝ ինքնաթիռը մտել է Հայաստանի օդային տարածք։  Ի՞նչ է ասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մի շարք երկրներ վավերացրել են սույն կոնվենցիան, որով կարգավորվում է երկրների քաղաքացիական ավիացիաների միջև կապը, և համաձայն որի՝ գործում են համընդհանուր օրենքներ։ Սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից։ Համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերի՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից:  Հետևաբար՝ կոնվենցիան վավերացրած պետությունները չեն կարող արգելքներ սահմանել կոնկրետ մի պետության քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ և արգելք սահմանելիս էլ պետք է այն գործի բոլոր օդանավերի նկատմամբ անկախ դրանց ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ավիաընկերությունների համար։ Թեմայի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այսպիսով՝ այն լուրերը, թե Հայաստանը օդային տարածքը բացել է կամ «օդային միջանցք» է տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, մանիպուլյատիվ են։ Նարեկ Մարտիրոսյան
16:35 - 06 հոկտեմբերի, 2021
Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Արարատ Թումանյանն այս տարվա հուլիսի 14-ին է նշանակվել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հուլիսի 9-ին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել, օրեր անց նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը):  Infocom-ի հետ զրույցում Արարատ Թումանյանը պատմեց, որ Մեղրիում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ իրենց թիմի անդամները, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խոչընդոտների ու դիմադրության չեն հանդիպել։  Խոսելով համայնքի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրների մասին, Թումանյանն առանձնացրեց հատկապես ոռոգման ջրի հարցը․ «Իմ պաշտոնավարման երկու ամսվանից միայն 1,5-ը ես նվիրվել եմ այդ գործին։ Կառավարության աջակցությամբ փորձելու ենք հարցին ամբողջական լուծում տալ։ Ջրօգտագործողների ընկերությունում շատ խնդիրներ կան, մեր ջանքերով եւ կառավարության միջնորդությամբ պետք է լուծվեն հարցերը։ Ի դեպ՝ ՋՕԸ-ի մարզային ղեկավարի հետ զրուցել եմ, պատրաստվում է նախագծեր ներկայացնել, որպեսզի ողջ համակարգը բարելավենք, մոդեռնիզացնենք»։ Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլիներ՝ ՋՕԸ-ն համայնքային վերահսկողության տակ լիներ, Թումանյանը եւս նշեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, բայց այդպիսի կարգավորում բերելը բարդ է, ժամանակատար, քանի որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, եւ անիրատեսական է, որ այդպիսի փոփոխությունը միայն մի համայնքի համար լինի․ «Եթե դա հնարավոր լիներ անել, ապա բնակիչները ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները կկարողանային ուղիղ համայնքապետին ներկայացնել, որն էլ կլծվեր այդ խնդրի լուծմանը։ Որովհետեւ, եթե գյուղացին խնդիր է ունենում, միանգամից համայնքի ղեկավարին է դիմում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարն ավելի սրտացավ է լինում բնակիչների հանդեպ, փորձում է խնդիրներին ավելի արագ լուծում տալ։ Թումանյանը նշեց նաեւ, որ նպատակ ունեն արդիականացնել պոմպակայանները։ Այժմ արդեն մտածում են նոր պոմպակայանի նախագծի շուրջ, պատրաստվում են ուսումնասիրել տեղանքը, ռելիեֆը՝ մեծ ջրամբար կառուցելու համար․ «Ջրամբարի կառուցման միջոցներ եղել են, բայց սկզբում կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը լուրջ հարված եղան մեր տնտեսությանը, դրա համար այս հարցը հետաձգվեց։ Հիմա կա քաղաքական կամքը, միջոցներ էլ կան, պետք է լծվենք աշխատանքներին»։ Մեղրիում առաջնային խնդիր է նաեւ գազաֆիկացումը։ Այս առնչությամբ Մեղրու համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախատեսվում է, որ փականներ կտեղադրվեն․ «Երբ փականները դրվեն, այդ դեպքում եթե որեւէ թաղամասում վթար լինի, հնարավորություն կլինի բաժանարար կետի սկզբի փականը փակել ու տվյալ թաղամասում լուծել խնդիրը, այլ ոչ թե փակել ողջ Մեղրի համայնքի գլխամասային փականը»,- ասաց Թումանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի։ Մեր զրուցակիցը թվարկեց առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ եւս․ «Մենք անպայման ուզում ենք խթանել գյուղատնտեսությունը, պետք է սպանդանոց ունենանք։ Ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մակարդակով զրույցներ ենք ունեցել, հնարավորություն կա, եւ եթե ոչ մասնավոր սեկտորի միջոցով, ապա համայնքապետարանի միջոցով հարցը հնարավոր է լուծել։ Սպանդանոցն անասնապահներին ստիմուլ է տալիս՝ պահել անասուններ, է՛լ ավելի զարգացնել իրենց բիզնեսը, զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Եւ քանի որ մենք ենք նախաձեռնելու սպանդանոց ունենալը, ուրեմն ուզենալու ենք նաեւ մթերման պահեստներ ունենալ, սա էլ իր հերթին կխթանի անասնապահությունը»,- ասաց Թումանյանը։ Վերջինս խոսեց նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Մեղրիում ռեզորտային կենտրոններ լինելու պոտենցիալ ունեն, օրինակ, Լիճք, Տաշտուն, Զվար, Լեհվազ բնակավայրերը․ «Զբոսաշրջությունը Մեղրիում ակտիվանում է։ Երբեմն քաղաք են գալիս եվրոպական, սկանդինավյան երկրներից, որ ինքդ քեզ ասում ես՝ լավ, այս շվեյցարացին կամ նորվեգացին ի՞նչ են գտել այս կողմերում, հետո երբ օտարի աչքով ես փորձում նայել, հասկանում ես՝ իրականում ինչ հետաքրքիր, հիասքանչ տեղեր կան․ մենք, որ ներսում ենք, երբեմն չենք նկատում ու գնահատում»։ Թումանյանի կարծիքով՝ որպեսզի մարդկանց կյանքը բարեկեցիկ լինի, պետք է շեշտ դնել նաեւ բիզնես ոլորտի վրա․ «Այստեղ պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեն, բայց դրանից հետո ոչինչ չունեն անելու։ Նպատակ ունենք ներդրումներ անել նաեւ մշակութային ոլորտում։ Մեղրիում եւ Ագարակում, օրինակ, մշակութային պալատները դեռ սովետական կարգավիճակում են, իսկ հիմա դարի պահանջներն այլ են»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեղրեցիներն այսօր վախի մթնոլորտում չեն ապրում․ «Մինչ խորհրդարանական ընտրությունները Մեղրիում, կհիշեք, այն բարբարոսական ակտը տեղի ունեցավ․ այդ միջադեպերը հանրության մոտ ինչ-որ չափով հիասթափություն առաջացրին (զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը, երբ Մեղրիում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներն ընդդեմ Փաշինյանի ակցիաներ իրականացրին,- հեղ․)։ Բայց հիմա վախի մթնոլորտ կամ հիասթափություն չկա, այդ սարդոստայնով գործվածքը վերացել է, մարդիկ հանգիստ կգնան, իրենց ընտրությունը կկատարեն։ Իսկ թե ինչու մեզ պետք է ընտրեն, որովհետեւ նշածս վախի մթնոլորտը քանդողներից մեկն էլ ես եմ, մեր թիմը»,- ասաց Մեղրիի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ այս ընտրություններում իրենց շանսերը գնահատելով բավական բարձր։ Լուսանկարները՝ Արարատ Թումանյանի ֆեյսբուքյան էջից եւ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
16:00 - 06 հոկտեմբերի, 2021
Գյումրու տնակների հարցը հրատապ է․ մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ տնակներ չունենանք․ Կոնստանտին Ղավազյան

Գյումրու տնակների հարցը հրատապ է․ մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ տնակներ չունենանք․ Կոնստանտին Ղավազյան

Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ, այդ թվում՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը Infocom-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքի խնդիրներին, նշում է տրանսպորտային ցանցի կարգավորման անհրաժեշտությունը․ «Տրանսպորտի խնդրի լուծումն արդեն սկսվել է, նոր մեքենաներ են ստացել, մնում է՝ ավելի գրագետ ու ճիշտ ձևով կարգավորել աշխատանքը, երթուղիները ճիշտ դասավորել, այնպես անել, որ ապարատը կենտրոնացված աշխատի։ Ոչ թե առանձին ձեռներեցներ պետք է ունենան մեքենաներ ու քաղաքապետարանի հետ աշխատելով կարգավորեն այդ խնդիրը, այլ դա պիտի ամբողջապես վերաբերի քաղաքապետարանին։ Պարկը պետք է լինի քաղաքապետարանինը, և դրանով զբաղվի քաղաքապետարանը, մասնավորապես՝ տրանսպորտի բաժինը»։ Ղավազյանը կարևոր է համարում նաև քաղաքի կանաչապատումն ու փողոցների բարեկարգումը․ «Ոչ մի քաղաքի շատ կանաչապատումը չի խանգարի, ինչքան շատ կանաչապատվի, այդքան լավ։ Որոշ փողոցներ անհրաժեշտ է բարեկարգել։ Այդտեղ էլ գումարի հարց է։ Պետք է այնպես անել, որ հնարավորություն ընձեռվի և համայնքապետարանը կարողանա դա անել, այսինքն՝ ունենա ավելի շատ միջոցներ՝ այդ բոլոր փողոցները հնարավորինս շուտ բարեկարգելու համար»։ Անդրադառնալով Գյումրու տնակների խնդրին՝ Կոնստանտին Ղավազյանն ասում է՝ խնդիրը լուծելու համար գումար է անհրաժեշտ, որը պետք է տրամադրի կառավարությունը․ «Պետք է կողմնակի մարդիկ չմտնեն այդ գործընթացի մեջ, տնակների հատկացման մոնիթորինգ պետք է արվի, օթևան ունեցող և անօթևան մարդկանց բաժանարար գիծը ավելի կոնկրետ պետք է դրվի, որպեզի հասկանալի լինի՝ ով իրավունք ունի բնակարան ստանալու, ով՝ ոչ։ Իրականում կան մարդիկ, որոնք եկել են ուրիշ տեղից, ապրում են տնակում։ Դրա համար պետք է հերթականություն, հարկավոր է, որ այդ ամենը ավագանին ստուգի, մոնիթորինգ իրականացնի, և այդ հարցը օրենքների համաձայն կարգավորվի։ Մնացած հարցերը ավագանին չի կարող անել։ Ավագանին պետք է կապեր ստեղծի մեր արտերկրի բարեկամների, ազգությամբ հայերի հետ, որպեսզի ինչ-որ միջոցներ ներգրավի բնակարանաշինության մեջ, և հնարավոր լինի այդ միջոցներով տնակներից ազատվել։ Սա հրատապ է, որովհետև մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ մենք տնակներ չունենանք»։ Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Ղավազյանն ասում է, որ այն բնականոն հունով է ընթանում․ «Քարոզարշավը սովորական է անցնում, մարդկանց հետ զրուցելով, պաստառներ ցուցադրելով, երթեր կազմակերպելով։ Հեռուստատեսությամբ ռադիոյով, սպասվում են նաև բանակռիվներ՝ մեր ընդդիմադիր կուսակցությունների հետ»,- ասաց Կոնստանտին Ղավազյանը՝ անկնալիք հայտնելով, որ Գյումրու բնակչության ինչ-որ հատված կքվեարկի իրենց կուսակցության օգտին։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։   Նանե Ավետիսյան
14:43 - 06 հոկտեմբերի, 2021
Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով սահմանվել էր, որ օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները պետք է ենթարկվեն փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման («ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրաման, հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետ)։ 2020 թվականի օգոստոսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ 8-ին՝ կայքում, հրապարակվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր․ «Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»: Փաթեթավորված իրերով օդանավակայան մուտք գործելու արգելքը երկու խնդիր էր առաջացրել․ - անգործության էր դատապարտել օդանավակայանից դուրս գտնվող փաթեթավորման ծառայություններին՝ փաստացի մենաշնորհային պայմաններ ապահովելով օդանավակայանի տարածքում գործող ծառայության համար, - օդանավակայանից օգտվողները ստիպված էին ավելի թանկ վճարել փաթեթավորման համար, քանի որ օդանավակայանի տարածքում այս ծառայությունն ավելի թանկ է, քան օդանավակայանից դուրս։ Infocom-ը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորմամբ է գործել այս արգելքը, արդյոք փաթեթավորումը խանգարո՞ւմ է ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման գործընթացին, և եթե այո, ապա ինչպե՞ս է խանգարում։ Օգոստոսի 6-ին վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Infocom-ը կապ հաստատեց Զվարթնոց օդանավակայանի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս ասաց, որ կորոնավիրուսի տարածման, կանխարգելման վերաբերյալ կա պահանջ, համաձայն որի՝ ուղեբեռները պետք է պարտադիր կերպով ախտահանվեն: Սակայն, ինչպես նշեց Հովհաննիսյանը, օդանավակայանում ախտահանումից հետո պարտադիր փաթեթավորման պահանջ չկա․ «Դա ըստ ցանկության է. ուղևորն ինքն է որոշում՝ ուզում է փաթեթավորել, թե ոչ: Օդանավակայանում գործում է փաթեթավորման ծառայություն, որի վերահսկող մարմինը օդանավակայանն է, իսկ ինչ վերաբերում է ծառայության գնագոյացմանը, ապա օդանավակայանը որևէ առնչություն չունի դրա հետ: Անվտանգության, հաշվառման և այլ ծառայության աշխատակիցներ աշխատանքային գործունեության ընթացքում որոշ դեպքերում ստիպված են լինում ուղիղ առնչվել ուղեբեռի հետ և հակահամաճարակային նորմերն առավել արդյունավետ պահպանեու համար պետք է ուղբեռը լինի ախտահանված առանց որևէ հավելյալ փաթեթավորման»։ Պատասխանում որևէ կերպ չէր հստակեցվում, թե ինչով է պոլիէթիլենային փաթեթավորումը խանգարում ախտահանման գործընթացին։ Օգոստոսի 8-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնեցին, որ ուղեբեռների ախտահանման պահանջը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելման լրացուցիչ միջոցառում, ներառվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) հարուցչի վերաբերյալ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը տարածվում է նաեւ կոնտակտային ճանապարհով, քանի որ տարբեր առարկաների մակերեսներին վիրուսի կենսունակությունը բավական բարձր Է։ Հայտնեցին նաև, որ ախտահանման ենթակա ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով չի կարգավորվել։  2021 թվականի օգոստոսի 12-ից նախարարի հրամանի այս կետը ուժը կորցրած ճանաչվեց։ Այն հարցին, թե ինչու հանվեց ախտահանման պահանջը, նախարարությունից պատասխանեցին․ «Վերջին շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնտակտային ճանապարհով կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) տարածումը հիմնականում տեղի է ունենում ձեռքերի միջոցով, հետեւաբար, որպես կանխարգելիչ միջոցառում, առավել կարեւորվել է անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես՝ ձեռքերի հաճախակի լվացումը եւ պարբերաբար ախտահանումը: Ելնելով նշվածից՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID 19) պայմանավորված սահմանափակումները մեղմելու, ինչպես նաեւ ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով, Առողջապահության նախարարի 2011 թվականի հուլիսի 13-ի N 51-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի 22-րդ հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետը՝ ուղեբեռների ախտահանման պահանջը»։ Զրուցեցինք նաև ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանի հետ։ Infocom-ի հետ զրույցում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ նախկինում գործող ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման կարգը չի սահմանվել Տեսչական մարմինը։ «Տեսչական մարմինն ունի միայն վերահսկողական գործառույթ, քաղաքականություն մշակող չէ, այսինքն՝ վերահսկում է կառավարության, առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը։ Հարցում ուղարկեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու, թե որ ընկերությունն է իրականացրել ուղեբեռների ախտահանումը, որ մարմինն է որոշել, որ նախապես արված փաթեթավորումը պետք է  հեռացվի և հետո նոր ուղեբեռը ախտահանվի։ Օդանավակայանից մեր հարցմանը տրված պատասխանում միայն նշեցին որ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով։ Չստանալով մեր հարցերի պատասխանը՝ կրկին դիմեցինք օդանավակայանի խոսնակին, որի հետ ունեցած զրույցից արդյունքում միայն կարողացանք պարզել, որ ախտահանումը որևէ ընկերություն չի իրականացնում,  ախտահանման սարքը ուղղակի դրվել է օդանավակայանում, և ախտահանումն իրականացրել է օդանավակայանը, և ոչ թե որևէ մասնավոր ընկերություն։ Այսպիսով,  ԱՆ թիվ 17-Ն հրամանով, որին հղվում է օդանավակայանը, միայն սահմանված էր փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման պահանջը, իսկ ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը այս հրամանով չի կարգավորվել։  Ստացվում է՝ ավելի քան մեկ տարի օդանավակայանից օգտվողների համար սահմանված է եղել պահանջ, որի իրավական հիմքն առկա չէ և դրա արդյունքում մենաշնորհային գործունեության հնարավորություն է ստացել օդանավակայանի տարածքում գործող փաթեթավորման ծառայությունը։  Ասպրամ Փարսադանյան  
11:14 - 06 հոկտեմբերի, 2021
Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց՝ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ Զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, իսկ Հայաստանի իշխանությունները հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում․ «Խնդիրը մեկն էր․ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով՝ բոլորը՝ բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից»։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը քանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները․ «Սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձինք, ովքեր պնդում են, որ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել։ Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիներին։ Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակատումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը»։ Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված այդ իրավիճակն էր։ Աբրահամյանը նաև ասաց՝ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունը ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունը ապահովված լինի, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն «ինչուների» պատասխանները, ինչն այսօրվա իշխանության պայմաններում գրեթե բացառելի է»։
17:18 - 05 հոկտեմբերի, 2021
Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքներով Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ ՀԾԿՀ անդամ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75-ը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 7։ 1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։   2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։ Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, ԱԺ-ում նրա ընտրության հարցով քննարկումն առավել մանրամասն՝ այստեղ։
15:51 - 05 հոկտեմբերի, 2021
«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]

«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Շարունակելով Գեղամ Ջիվանյանի առաջարկած թեման՝ կուզեի խոսել ոչ թե այն մասին, թե ինչ է արվում, այլ թե, իմ համեստ կարծիքով, ինչ է պետք անել հայկական գիտության հետ։ Դժվար է խոսել հայկական գիտության մասին այլ կերպ, քան՝ ինչպես հիվանդի մասին։ Ցավոք, մեր բոլոր համեմատականներն առայժմ այդ տիրույթում են։ Այս առիթով հիշում եմ մի անեկդոտ․ բժիշկը մի մարդու ասում է․ «Հույս չկա, երկու ամսվա կյանք է մնացել»։ Մարդը գնում է ուրիշ բժշկի, որը բուժում է նշանակում։ Մի տարի անց այդ մարդը պատահաբար հանդիպում է առաջին բժշկին, որը զարմացած ու վախեցած հարցնում է․ «Դու դեռ կենդանի՞ ես»։ Պատասխանում է, որ գնացել է այլ բժշկի, բուժվել է և արդեն լրիվ առողջ է։ Բժիշկը մտածում է և ասում․ «Ուրեմն սխալ են բուժել․ ճիշտ բուժման դեպքում Ձեզ ոչինչ չէր փրկի»։ Հայաստանում գիտության մահն անխուսափելի է, եթե շարունակեն այն «ճիշտ բուժել»-ը, ինչպես արվել է վերջին երեսուն տարիների ընթացքում։ Ժամանակն է սկսել հայկական գիտության «սխալ բուժում»-ը, ինչից և կխոսենք ստորև։ ՀՀ կառավարության քայլերը, որ նկարագրված են Գեղամի հոդվածում (և նույնիսկ վերջին օրերի թարմ դրական նորությունները՝ իրենց աննախադեպ բնույթով հանդերձ) կարելի է համարել բուժման նոր մոտեցում, որն իր էությամբ պալիատիվ բնույթ ունի։ Մինչդեռ, ըստ իս, նպատակը պետք է լինի «հիվանդ»-ի լիարժեք բուժումը՝ առողջ և կենսունակ գիտությունը, ոչ թե նրա հավուր պատշաճի թաղումը։ Այդ բուժման նվազագույն «գինը» հայտնի է (տես, օրինակ, «Հայկական (գիտության) հարցը»): Հաճախ խոսվում է այն մասին, որ գիտության ֆինանսավորման բարձրացումը չի կարող տալ կոնկրետ և արագ արդյունքներ, և խնդիրը ծախսերի նպատակային կազմակերպումն է։ Սովորաբար այսպիսի կարծիք արտահայտողները չեն կարողանում շարունակել իրենց միտքը, չեն առաջարկում նպատակային ծախսի իրենց մոդելը՝ կարծես անիմաստ ու ձևական համարելով մահամերձին փրկելու մասին զրույցները, մինչդեռ դա է կարևոր թեման, որի շուրջ անհրաժեշտ է հրապարակային քննարկում։ Ի վերջո, ենթադրվում են մեծ ներդրումներ հանրային միջոցներից, և ցանկացած կառավարություն այդպիսի ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվետվողականության խնդիր ունի։ Հետևաբար, ամենահեշտ մոտեցումը մինիմալ դիմադրության ճանապարհով գնալն է, նույնիսկ եթե այն երաշխավորված տանում է դեպի անդունդ։ Այս ակնարկի նպատակը այդ քննարկումը հրահրելն է (կամ էլ դրան նպաստելը)՝ առաջարկելով նպատակային ներդրումների բազմաթիվ մեխանիզմներից մեկը, որը կօգնի ստեղծել մնայուն գիտության նոր և առողջ բջիջներ՝ չհակադրելով դրանք հներին։ Չունենալով գիտական համակարգերի կազմակերպման փորձ՝ ներկայացնեմ իմ պատկերացումները, թե ինչպես կարելի է միջոցներ ուղղել գիտության մեջ՝ ապահովելով արդյունավետության բարձր նշաձող։ Իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կենթադրեն միանգամյա մեծ ներդրումներ՝ տեսանելի և մնայուն արդյունքով։ Անհրաժեշտ գումարները պետք է տրամադրի ՀՀ կառավարությունը՝ մշակելով գործիքներ, ստեղծելով միջավայր, որը կնպաստի նաև մասնավոր սեկտորի ներգրավմանը։ Այդպիսի մեխանիզմի ստեղծման համար օգտակար կլիներ ստեղծել ՀՀ Գիտական Հետաքրքրությունների Հիմնադրամ, որը հնարավորություն կտա  ներգրավել ոչ միայն պետական, այլև մասնավոր միջոցներ, համակարգել ներդրումները և դրանց նպատակային կիրառությունը դարձնել ավելի ճկուն։ Գիտությունը պահանջում է լավագույնների միջավայր, այլապես մրցունակ չի կարող լինել։ Այդպիսի միջավայր հնարավոր է կառուցել կայուն բջիջների՝ գերազանցության կենտրոնների միջոցով։ Առաջարկվող մոտեցումը գերազանցության կենտրոնների ստեղծումն է՝ հիմնվելով դեռ մնացած առողջ ներուժի վրա։ Ավելորդ է ասել, որ այդ կենտրոնները պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ՝ արտերկրից (ոչ միայն հայ) գիտնականներ ներգրավելու համար: Գերազանցության կենտրոնները սովորաբար իրենց շուրջ ստեղծում են որոշակի միջավայր, որը հանգեցնում է գիտակրթական միջին մակարդակի կտրուկ աճի։ Նմանատիպ կենտրոնների օրինակներ շատ կան աշխարհում, կնշեմ դրանցից մի քանիսը, որոնց ծանոթ եմ։ Նոր կենտրոնները ճանաչելի դարձնելու համար երկար ժամանակ է պահանջվում, մինչդեռ երբեմն կարող են լինել օրինակներ, երբ ներկրվում է արդեն գոյություն ունեցող գիտական կամ կրթական բրենդ, ինչպիսին, օրինակ, Դիլիջանի դպրոցն է: Սկսենք նման օրինակներից։ Համալսարանական օրինակ է ֆրանսիական մոդելի «Նորմալե» համալսարանների ցանցը։ Այդպիսի համալսարաններից մեկը գործում է Իտալիայում՝ պատմական պատճառներով, և Իտալիայի լավագույն համալսարանն է։ Այսինքն՝ Ֆրանսիայից դուրս այդպիսի համալսարանի գոյության նախադեպ կա։ Իմ կարծիքով, Ֆրանսիայի հետ համագործակցության լավագույն օրինակ կլիներ նման համալսարանի ստեղծումը Հայաստանում, հենց ֆրանսիական բրենդի ներկրմամբ, անվանելով այն Նորմալ Համալսարան կամ Նորմալ Բարձրագույն Դպրոց՝ ուղիղ թարգմանությամբ։ Այսպիսի համալսարանի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է լինել փոքր, ընդգրկել միայն մի քանի ուղղություններ (առնվազն սկզբում)․ այդպիսի համալսարանի ստեղծումը կարող է լինել ՀՀ ֆինանսական հնարավորությունների սահմաններում (թերևս հիանալի կլիներ, եթե ֆրանսիական կողմն աջակցեր նաև ֆինանսապես)։ Նորմալե համալսարանների փիլիսոփայությունն է լավագույն տաղանդներին լավագույն կրթություն տալ՝ անկախ նրանց ընտանիքի կարողություններից։ Մասնավորապես, Պիզայի Սկուլա Նորմալե համալսարան ընդունվում է տարեկան մոտ հարյուր ուսանող (բոլոր ուղղությունները միասին վերցրած)․ դրանք Իտալիայի այն լավագույն տաղանդներն են, որոնք չեն մեկնել ուսման արտերկիր։ Այդ ուսանողների ընտանիքների ծախսը նրանց ուսման համար հասցված է զրոյի։ Հայաստանի պարագայում այդ ուսանողների թիվը կարող է ավելի փոքր լինել, բայց դա հնարավորություն կտա կտրուկ բարձրացնել կրթության մակարդակը, ինչպես նաև կծառայի որպես սոցիալական վերելակ աղքատ ընտանիքներում ծնված տաղանդավոր երեխաների համար։ Հայկական մարդկային ռեսուրսը սուղ է, այն վատնել չի կարելի․ խոստումնալից ուսանողին պետք է տալ իր ներուժը զարգացնելու հնարավորություն՝ անկախ սոցիալական դրությունից։ «Նորմալե» բրենդի ներկրումը բավականին հավակնոտ նպատակ է։ Վերջերս Նեապոլում Պիզայի Նորմալեի նոր մասնաճյուղ բացելու փորձ արվեց, որը Պիզայի Նորմալեի սենատը մերժեց այն բացատրությամբ, որ անհնար է լինելու խուսափել որակի անկումից և Նորմալե համալսարանի անվան արժեզրկումից։ Այնուամենայնիվ, բավարար քաղաքական կամքի և նվիրվածության պարագայում, ինչպես նաև Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության բարի կամքի օգնությամբ, Հայաստանի պարագայում չի բացառվում նման որոշման հասնելու հնարավորությունը։ Դրան կարող են նպաստել նաև հայ գիտնականների կապերը «Նորմալե» համալսարանների ցանցում։ Գերազանցության կենտրոնի օրինակ է նաև գերմանական Մաքս-Պլանկ Ինստիտուտների ցանցը։ Գոյություն ունեն Մաքս-Պլանկ ինստիտուտի կամ կենտրոնի՝ արտերկրում հիմնադրելու օրինակներ։ Այդպիսի կենտրոններ կան Հռոմում, Ֆլորենցիայում, Նեյմեյխենում և նույնիսկ Յուպիտերի վրա։ Համապատասխան որակի աշխատանք տանելու դեպքում կարելի է հասնել Մաքս-Պլանկ հանրույթի համաձայնությանը, գուցե նույնիսկ լուրջ աջակցությանը՝ Հայաստանում նման կենտրոն ստեղծելու համար։ Նախորդ օրինակի նման սեփական մոդել է ներդրվել Կորեայում՝ Հիմնարար Գիտության Ինստիտուտի կենտրոնների ցանց (չշփոթել ՀԳԻ հետ): Իմ գնահատմամբ, Հայաստանում այսպիսի մեծ և ինքնուրույն ցանցի ներդրման համար կպահանջվեն ավելի մեծ գումարներ, քան պետական-հանրային միջոցներով հնարավոր կլինի մոբիլիզացնել մոտակա մի քանի տարիների ընթացքում, հետևաբար  խնդրի լուծումը կարելի է պատկերացնել միայն մասնավոր ներդրողների ներգրավմամբ կամ այն դիտարկել որպես երկարաժամկետ պլան։ Մասնավոր ներդրողի օգնությամբ ստեղծված գերազանցության կենտրոնի լավ օրինակ է Մոսկվայի պետական համալսարանին կից տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտը։ Այնուամենայնիվ, մինչև մասնավոր ներդրողների ակտիվացումը շատ կարևոր է, որ պետությունը ապահովի գործընթացի սկիզբը՝  հիմնելով մի քանի փոքր գերազանցության կենտրոններ։ Կարևոր է նշել, որ գերազանցության կենտրոնի ստեղծումը ենթադրում է տվյալ ոլորտի՝ միջազգայնորեն մրցունակ գիտնականներին աշխատանքի գրավիչ առաջարկ։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ չկա  նման կենտրոնների գոյության ավանդույթ, առանց լուրջ երաշխիքների դժվար է ներգրավել հեղինակավոր գիտնականներ։ Այդ երաշխիքներից կարող է լինել, օրինակ, որ կենտրոնը ինչ-որ պատահական քաղաքական որոշման արդյունքում չի փակվի՝ գիտնականներին զրկելով խոստացած աշխատանքային հնարավորությունից։ Երաշխիքների հնարավոր տարբերակ է կենտրոնի անկախությունը (գոնե մասնակի) պետական ֆինանսավորումից։ Թվում է՝ պարադոքս է, որ կառավարությունը ֆինանսավորում է մի կենտրոնի ստեղծումը, որը հետագայում պետք է  իրենից անկախ լինի, սակայն աշխարհում բազմաթիվ են նմանատիպ մոդելով աշխատող կենտրոնները։ Պետությունը ներդնում է անկախ հիմնադրամի գլխագումարը՝ արտոնելով հիմնադրամին գումարը տնօրինել սեփական հայեցողությամբ՝ չկաշկանդվելով բյուջետային և հարկային ժամանակացույցերով։ Փորձենք մոտավոր թվերով ներկայացնել ներդրումների կարգը։ Մոտավոր հաշվարկներով մեկ հրավիրված պրոֆեսորի տարեկան աշխատավարձը պետք է կազմի 50-90 հազ ԱՄՆ դոլար (մինչև հարկվելը)։ Այսօրվա եկամտաբերության հաշվարկով՝ տարեկան 4% մաքուր եկամտաբերությամբ (ենթադրում ենք, որ այդպիսի հիմնադրամը նույնպես հարկվում է եկամտահարկով) մեկ պրոֆեսորի աշխատավարձի համար կպահանջվի 1.25-2.25 մլն ԱՄՆ դոլար գլխագումար՝ անընդմեջ ինքնաբավ լինելու և լրացուցիչ ներդրումներ չպահանջելու համար։ Աշխատանքային ծախսերի, հետդոկտորական աշխատակիցների և ասպիրանտների ներգրավման համար կպահանջվի ևս այդքան գումար, թեև դրա մի մասը հնարավոր կլինի ներգրավել այլ աղբյուրներից (ծախսերի կարգը պատկերացնելու համար, տես, օրինակ)։ Գերազանցության կենտրոնը ենթադրում է առնվազն հինգից տասը բարձրակարգ գիտնականի մշտական ներկայություն՝ համապատասխան միջավայր ապահովելու համար։ Եթե, օրինակ, հինգն ունենան մշտական աշխատանքային պայմանագիր, դա կարող է ենթադրել առնվազն տաս միլիոն դոլարի ներդրում։ Հաշվի առնելով, որ ՀՀ գիտական հիմնարկները ժառանգել են բավարար քանակի անշարժ գույք, որը Կառավարությունը կարող է օգտագրծել նոր գերազանցության կենտրոններին տարածք տրամադրելու նպատակով, կենտրոնի ֆիզիկական տարածքի ստեղծման լրացուցիչ ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել։ Այնուամենայնիվ, փոքրաթիվ մշտական գիտական հաստիքների ստեղծման համար անհրաժեշտ գումարը բավարար չէ որակյալ կենտրոնի գործունեության համար։ Այն պետք է ունենա լրացուցիչ միջոցներ՝ հետդոկտորական աշխատակիցներ և ասպիրանտներ ներգրավելու համար, վարչական աշխատակիցների համար (վերջիններս կարող են համատեղությամբ աշխատել այլ կենտրոններում), ինչպես նաև հաճախակի օտարերկրյա փոխադարձ այցելությունների համար։ Այս լրացուցիչ ծախսերը կկազմեն առնվազն նույնքան, ինչքան կպահանջվի մշտական աշխատակիցների ծախսերի համար։ Այսպիսով, մեր նվազագույն հաշվարկներով, մոտ քսան միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով կարելի է ստեղծել մեկ փոքր գերազանցության կենտրոն։ Չնայած սա ՀՀ գիտության տարեկան բյուջեին մոտ գումար է, պետք է հիշել, որ խոսքը միանգամյա ներդրման մասին է, որը կկարողանա ապահովել որակյալ կենտրոնի երկարաժամկետ գոյությունը։ Ուզում եմ շեշտել, որ խոսքը աշխարհի մասշտաբով տեսանելի գիտնականներ ունեցող կենտրոնի մասին է, որը կպահանջի ընդամենը միանգամյա ներդրում։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն իրատեսորեն կարող է պետական բյուջեով գիտությանն ուղղել տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի առնվազն 1%-ին մոտ գումար, իսկ ներկա պահին ծախսում է 4-5 անգամ ավելի քիչ (չնայած աճի միտմանը), ապա կարելի է փաստել, որ հենց այսօր, նույնիսկ երեկ, պետք է սկսել գերազանցության կենտրոնների ստեղծումը՝ սկզբնական շրջանում տարեկան երկու-երեք կենտրոն հիմնադրելով։ Հետագայում պրոցեսը կարագանա՝ մասնավոր ներդրումների հաշվին։ ՀՀ կառավարության՝ այս ակնարկում նկարագրված ճանապարհով արված ներդրումները ավելի քան արդարացված կլինեն, հաջողության և լուրջ մոտեցման դեպքում ոչ միայն կնպաստեն գիտության «բուժմանը», այլև կկանգնեցնեն գիտության նոր «արձաններ», որոնք դեռ երկար տարիներ, եթե ոչ դարեր, կարող են հպարտություն բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ավելի կոնկրետ մոդելների և մեխանիզմների քննարկումը դուրս է այս կարճ ակնարկի շրջանակներից․ այստեղ միայն փորձեցինք ցույց տալ արդարացված ծախսի աշխատող օրինակ։ Բնականաբար, մեր հաշվարկներում ներառված չեն թանկարժեք սարքերի համար նախատեսվող ծախսեր, հետևաբար չեն կարող միտված լինել փորձարարական գիտությանը։ Հենց այդ պատճառով, կուզեի մարտահրավեր նետել փորձարար ֆիզիկոսի՝ Արմեն Թումասյանին, որը, հուսով եմ, կարող է ներակայացնել փորձարարական գիտության զարգացման իր տեսլականը՝ Հայաստանի ներկա հնարավորությունների պայմաններում։ Մարտահրավերը բաց է նաև թեմայով բոլոր հետաքրքրվածների համար։
14:40 - 05 հոկտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Այս հարցը քննարկվում է վեցերորդ անգամ։ Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նախորդ անգամներին, այնպես էլ այս անգամ, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է նրա ընտրությանը։ Ղազինյանն անիմաստ համարեց մասնակցել իր ընտրության հարցով քննարկմանը՝ նշելով, որ ինքն արդեն երկու տասնյակի հասնող հարցերի ու նույնքան արձագանքների է պատասխանել։ Նա եւ ընդդիմադիր մյուս պատգամավորները լքեցին հանձնաժողովի սենյակը։ Ղազինյանը դուրս գալիս ասաց, որ ընդդիմությունը այդ պաշտոնը չի պատրաստվում զիջել մեծամասնությանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ նիստը վարողն է, իր ելույթում ասաց, որ այս խնդիրը պետք է լուծում ստանա, ուստի իրենց խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում հարցին լուծում տալու համար, որպեսզի ընդդիմադիրները նույն թեկնածուին անընդհատ չառաջադրեն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ Նա վեցերորդ անգամ չընտրվեց։
14:13 - 05 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն քննարկում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնաբար առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը, որը տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։   2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։   Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։  Նռանյանն իր ելույթում նշեց, որ ՀԾԿՀ-ի պատասխանատվության տիրույթում են ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները․ «Դրանք մեր տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների եւ պետության շահերին, ունեն կարեւորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաեւ հսկայական ազդեցություն՝ երկրի անվտանգության մակարդակի վրա։ Հանձնաժողովը կոչված  է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ ներառելով սպառողներին, խոշոր տնտեսվարողներին, եւ, առհասարակ, պետությունը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ որ միայն բոլոր կողմերի համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել դրանք։ Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Նռանյանը նշեց, որ, թեեւ երկարացնում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է գիտակցենք, որ դա հավերժ չի կարող շարունակվել, եւ առաջիկայում կանգնելու ենք նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջեւ․ «Դրանց լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաեւ ժամանակ։ Աշխատանքը պահանջելու է կամք, վճռականություն, հետեւողականություն»։ Նռանյանը դրական ազդակ արձանագրեց այն, որ նոր ատոմակայանի կառուցման մասին գրված է կառավարության ծրագրում։
13:08 - 05 հոկտեմբերի, 2021