ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով ճանապարհաշինության ոլորտում ընթացքի աշխատանքների մասին։ Նա նշեց, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ «Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասաց Սանոսյանը։ Նախարարն ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։
16:20 - 10 նոյեմբերի, 2021
Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը: Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: «Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա: Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
12:19 - 10 նոյեմբերի, 2021
Առաջարկվում է ընդունել վերականգնվող էներգետիկայի և էներգախանյողության 2022-2030 թթ․ ազգային ծրագիրը

Առաջարկվում է ընդունել վերականգնվող էներգետիկայի և էներգախանյողության 2022-2030 թթ․ ազգային ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ընդունել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թթ․ ազգային ծրագիրը։ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառների հիմնական առաջնահերթությունները ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։ «Հաշվի առնելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի տնտեսության զարգացման և ազգային անվտանգության համար, ՀՀ-ն որդեգրել է այն ամրապնդելու և բարձրացնելու քաղաքականությունը և շարունակական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Ազգային ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։  Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ  կառավարության 2007 արձանագրային որոշմամբ հաստատված «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» ծրագրային հորիզոնը սահմանափակվում է 2020 թվականով։ Բացի այդ, վերջին տարիներին զգալի դրական տեղաշարժեր են արձանագրվել վերականգնվող էներգետիկայի արդիական աղբյուրների (մասնավորապես արևային) օգտագործման ընդլայնման առումով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր երկարաժամկետ ծրագիր՝ հաշվի առնելով վերջին տարիների զարգացումներն ու նախանշվող հնարավորությունները։  
12:46 - 09 նոյեմբերի, 2021
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 մլրդ 663 մլնը՝ ընթացիկ բնույթի ծախսեր»,-ասաց Սանոսյանը: Տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց մեջ ներառված է 131 մլրդ 40 մլն դրամ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին պետական աջակցության միջոցառմանը՝ նա ասաց. «Այստեղ ներառված է 1 մլրդ 155 մլն դրամ: Նախատեսված է ՀՀ 5 մարզերի թվով 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունների մասով»,-ասաց նախարարը: Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել:
16:25 - 05 նոյեմբերի, 2021
Միջպետական ճանապարհներին բահով թափքից ավազ ցանող մարդիկ եւ մեքենաներ չեն լինի․ կառավարությունը բարձրացնում է ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը

Միջպետական ճանապարհներին բահով թափքից ավազ ցանող մարդիկ եւ մեքենաներ չեն լինի․ կառավարությունը բարձրացնում է ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը

ՀՀ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը նպատակ ունի բարձրացնել ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը։ Հարցի զեկուցման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագիծը երեք մասի բաժանեց՝ նշելով, որ առաջին մասով առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր էլեկտրոնային համակարգ ներդնել, եւ բջջային հավելվածի միջոցով սպասարկող կազմակերպությունների հետ ե՛ւ վերահսկողության մակարդակն ու հաշվետվողականությունը բարձրացնել, ե՛ւ քիչ ռեսուրսներ ծախսել՝ ստանալով լավ արդյունք․ «Հաշվի առնելով, որ սա նորույթ է, ե՛ւ մեզ, ե՛ւ սպասարկող կազմակերպություններին այս հավելվածով աշխատելու համար, առաջարկում ենք սա կիրառել 2023-ի հունվարի 1-ից, բայց այս տարի կսկսենք որոշ կազմակերպությունների հետ սա փորձնական կիրառել, եւ երբ համակարգը սկսի աշխատել, 2023-ից կսկսենք կիրառել»,- մանրամասնեց Սանոսյանը։ Նախագծի երկրորդ մասով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների մեքենասարքավորումների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, սարքավորումների քանակի մասին է․ «Նախորդ օրենքում կա կմ-ների վերաբերյալ հատված, թե յուրաքանչյուր X կմ-ի համար ընկերությունը քանի մեքենա պիտի ունենա․ եթե 50կմ-ի համար մեկ գրեյդեր (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա) էր պահանջվում սապասարկվող կազմակերպություններից, հիմա էդ թիվը սահմանվում է 40՝ յուրքաքանչյուր 40կմ-ի համար՝ մեկ տեխնիկա, որպեսզի կարողանա արագ, որակով սպասարկել։ Վերջապես ուզզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ եւ ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից աղ-ավազ են շաղ տալիս։ Մյուս կարեւոր պահանջն այն է, որ ընկերության մեքենապարկի 70%-ը սեփական մեքենանել լինեն»,- ասաց Սանոսյանը՝ պարզաբանելով, որ երբ այս պահանջը չկա, մեքենաներն իրարից են վարձակալում, սպասում՝ մինչեւ մեքենան մի տեղ ավարտի գա։ Բացի դրանից՝ պահանջվելու է, որ սարքավորումները ամենաշատը 15 տարվա հնության լինեն, այսինքն՝ կազմակերպությունները պետք է հնարավորինս թարմ ավոտմեքենաների պակ ունենան։ «Երրորդը, որ նախատեսվում է, նորից անվտանգության բարելավմանն է վերաբերում․ հաշվի առնելով, որ ավելացնում ենք ֆինանսական միջոցները, ի սկզբանե պահանջ ենք դնում, որ եթե սպասարկող ընկերության տարածում լրացուցիչ աշխատանքների, կահավորման կարիք է առաջանում, ապա մենք այլեւս լրացուցիչ չենք ֆինանսավորում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտում գները հաշվարկված են 2010-ի գներով, իսկ այժմ որոշակի փոփոխություններ են եղել, մյուս կողմից մենք պահանջները խստացրել ենք, առաջարկվում է 1կմ-ի համար կիրավող գնի համար կիրառել 1,3 գործակից, այսինքն՝ ֆինանսավորումն ավելացնել, որպեսզի կազմակերպությունները պահանջներին բավարարել եւ որակյալ սպասարկում իրականացնել»։ Վարչապետը ճշգրտեց՝ ճի՞շտ հասկացան, որ հիմա կառավարությունը մարդկանց խոստանում է, որ այլեւս մայրուղիների վրա բահով թափքից ավազ ցանող մարդկանց եւ մեքենաներ չենք տեսնի, եւ եթե այո, դա երբվանից տեղի կունենա։ Նախարարը պարզաբանեց, որ այս ոլորտում մրցույթները հինգ տարին մեկ են, իսկ այս տարի հինգ տարին ավարտվում է․ «Այս որոշումն ընդունելուց հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին մրցույթ կանցկացնենք, դրա արդյունքներումմ այս պահանջները դրվելու են, որոշ դեպքերում գուցե մի քանի ամիս ժամկետ ունենանք, որպեսզի իրենք պարկը լրացնեն, բայց մեծ մասում՝ հատկապես հանրապետական, միջպետական ճանապարհներին դա չենք տեսնի այլեւս»։
12:26 - 04 նոյեմբերի, 2021
Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան |armenpress.am|

Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, սակայն օրինակ մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճեը նշված են՝ որպես Հայաստանի տարածք, այսպիսով` այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան: «Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն  հստակեցված և բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»,-ասաց Սանոսյանը: Անդրադառնալով օրինակ 20-ականների քարտեզներին՝ նա ասաց, որ դրանով բավականին փոփոխություններ կարող են լինել: Թե հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները՝ նա ասաց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»: Ալ լճերը հիմա հայկական կողմի վերահսկողության տակ չեն: Այնուամանայնիվ, նախարարը կրկին նշեց, որ հայտնի չէ, թե որ քարտեզները հիմք կընդունվեն: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:32 - 02 նոյեմբերի, 2021
Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտություն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: «Անկախ նրանից` այդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ` համաձայն եք: Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»,-ասաց նա: Նախարարն օրեր առաջ է Սյունիք գնացել, նախ Տաթև-Աղվանիով, ապա վերադարձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհով: Ասում է հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը պետք է դիտարկեր, դրա համար է այդպես գնացել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհով վերադառնալիս  որևէ ռեալ վտանգ չի նկատել: Ասում է` չի էլ ֆիքսել, որ ոստիկանները կամ սահմանապահներն ուղեկցել են մեքենաներին: Դիտարկմանը, թե ստացվում է կառավարությունն այդ միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է կառուցել և այդ կերպ հրաժարվում է Մ2 -ից, նախարարը չհամաձայնեց: «Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են»,-ասաց նա: Նախարարը հիշեցրեց նաև, որ կառավարությունը կառուցել է այլընտրանքային այլ ճանապարհներ ևս, որոնցով հնարավոր է մեկնել Շուռնուխ, Որոտան: Ըստ Սանոսյանի` մտադրություն կա վիճարկվող ոլորաններին շրջանցող ճանապարհներ ևս կառուցել: Տաթև-Լծեն ճանապարհն էլ հիմնականում կառուցվում է նրա համար, որ բեռնատարները ոլորաններով չերթևեկեն, բացի այդ` ավելի քիչ հեռավորությամբ Սիսիան մեկնեն: Սանոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային որ թվականների քարտեզներով են իրականացվելու, սակայն ընդգծեց` պետք է իրավական հստակ կարգավիճակ ունենա և ընդունելի լինի բոլոր կողմերի համար: «Խաղաղ ապրելու ու զարգանալու համար կարևոր դերակատարում ունի սահմանների հստակեցումը, որ անընդհատ սահմանային վեճեր չունենանք, ինչ-որ մեկի մեքենային չհարվածեն: Այդ երևույթից (նկատի ունի սահմանագծում, սահմանազատում. հեղ.)պետք չէ վախենալ, խուսափել, նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան անընդհատ ինչ-որ միջադեպեր ունենալ»,-ասաց Սանոսյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:57 - 02 նոյեմբերի, 2021
Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են հիմա կառուցվում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։  «Մենք զուգահեռ և՛ Տաթև-Աղվանին կառուցեցինք, հիմա կառուցում ենք Շուռնուխին առանձին մոտեցող ճանապարհ, Որոտանին առանձին, Բարձրավանին առանձին ճանապարհներ։ Սա առաջնահերթ արեցինք: Եվ հետագայում մտածում ենք նաև այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանք շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի Մ2-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենանք»,- ասաց Սանոսյանը։ Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։ «Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:01 - 02 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

Սյունիքի մարզը կարևոր է նաև Իրանի համար. Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։ Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության  համար և իր հերթին  ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում  նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող  տարբեր նախագծերին։ Նախարարը կարևորել է Սյունիքում ենթակառուցվածքների դերը՝ այդ կոնտեքստում ընդգծելով  մարզում իրականացվող ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Սանոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ավարտին է մոտենում Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, Տաթև- Լծեն հատվաճի շինարարությունը՝ ընթացքի մեջ է։ Ռազմավարական առումով նախարարն ընդգծել է Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ: Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:38 - 01 նոյեմբերի, 2021
Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

armenpress.am: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը: Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը: «500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը: Անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքերն արձանագրվում էին գործող օրենքով, ավագանու կազմած արձանագրությամբ: «Մենք առաջարկել ենք դա փոխարինել՝ սահմանելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով: Հաճախ այդ արձանագրությունը կազմել չի հաջողվում՝ այս կամ այն պատճառներով, և իրավական փակուղի ենք մտնում, որևէ բան չենք կարողանում անել՝ այդ խնդիրը լուծելու համար»- ասաց Տերտերյանը:
11:38 - 28 հոկտեմբերի, 2021
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ

Հայ-ռուսական «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով  միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նախարարներ, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը՝ նշելով, որ լիագումար նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: Ֆորումի շրջանակներում ելույթով հանդես է եկել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում կարևորել է միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, դրանք համարելով  երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: «Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ։ Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է»,- ասված է վարչապետի ուղերձում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ողջույնի խոսքում նշել է, որ  միջտարածաշրջանային համագործակցությունը շատ նշանակալի դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման, տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման գործում։ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ կայուն և դինամիկ զարգացման, բազմակողմանի փոխգործակցության համար` ինչպես առևտրային, այնպես էլ տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այս մասին է նշել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ուղերձում: Նրա խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունը մեծ ներդրում ունի այդ գործում: «Նախապատրաստվել է միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունն օգուտ կբերի մեր եղբայրական երկրների ժողովուրդներին»,- ասել է նա: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ըստ Ռեշետնիկովի՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և  Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ Լիագումար նիստին ելույթով է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ ՏԿԵ նախարարը ողջունել է համաժողովի  մասնակիցներին և նշել, որ ներկա պայմաններում մեծ ձեռբերում է այսպիսի լայնածավալ համաժողովի կազմակերպումը ոչ առցանց հարթակում, ինչը նաև այստեղ ներկա մարդկանց առավել սերտ կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և միջտարածաշրջանային հորիզոնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ձգտման արձանագրումն է։ «Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն առաջնահերթ խնդիրներ են ՀՀ կառավարության համար: Միջտարածաշրջանային հորիզոնական շփումները մարզերի համար տնտեսական աճի, գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման հիանալի հնարավորություն են ստեղծում, ինչպես նաև ամրապնդում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Եթե կարողանանք օգտվել միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից, ապա մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին»,-նշել է նախարարը։
18:42 - 19 հոկտեմբերի, 2021
Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, ըստ որոնց՝ այն օտարերկրացիները, որոնք մինչ հոկտեմբերի 1-ը չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնում է, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ 2021թ․ մարտի տվյալների՝ ՌԴ տարածքում կա շուրջ 1,6 միլիոն մարդ, որոնք հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում։ Նրանց թվում ՀՀ քաղաքացիների թիվը նշվում էր շուրջ 60 հազար։ «Երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, մարդիկ դարձան անօրինական միգրանտ՝ իրենց կամքից անկախ, որովհետեւ ճամփորդական հստակ սահմանափակումներ մտցրին բազմաթիվ երկրներ, եւ մարդիկ հնարավորություն չունեին դուրս գալ եւ ներս մտնել ու օրինականացնել իրենց կարգավիճակը։ Այս պարագայում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ ՌԴ-ն, կազմակերպեցին միգրացիոն որոշակի կարգավորումներ, որոնք թույլ էին տալիս անձանց անօրինական կարգավիճակով գտնվել երկրի տարածքում մինչ համավարակի բարձր ցուցանիշների նվազումը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում առաջին անգամ հայտարարվեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2021թ․ մարտին։ Այնուհետեւ որոշման ուժի մեջ մտնելը մի քանի երկարաձգվեց եւ տեղափոխվեց մինչեւ սեպտեմբերի 30, եւ հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտավ։ Դրա էությունն այն է, որ մինչ այդ ժամկետը բոլոր անձինք՝ այդ 1,6 միլիոն մարդիկ, պետք է օրինականացնեին իրենց կարգավիճակը ՌԴ-ում կամ լքեին երկիրը։ «Օրինականացումը ենթադրում է կա՛մ ձեռք բերել կացության կարգավիճակ՝ ժամանակավոր կամ մշտական, կա՛մ լքել երկիրը։ Այս մասով մենք կարող էինք իրականացնել զուտ իրազեկման գործառույթներ, որոնք լայնորեն իրագործվել են»,- մանրամասնեց Ղազարյանը։ Հարցին, թե արդյո՞ք զանգվածային արտաքսումներ արդեն իսկ սկսվել են, թե ոչ, նա ասաց, որ այս երկու շաբաթվա ընթացքում զանգվածային արտաքսումների դեպքերի ականատես չեն լինում․ «Արտաքսումների առանձին դեպքեր եղել են նաեւ այս գործընթացից առաջ։ 14 օրվա արտաքսվածների թիվ չեմ կարող նշել, անշուշտ կան մարդիկ, բայց զանգվածային դեպքեր չկան, ստանդարտից դուրս որեւէ բան առ այս պահը տեղի չի ունեցել»։ Անդրադառնալով նաեւ օրինական դաշտ մտնելու ֆինանսական կամ այլ խնդիրներին՝ Միգրացիոն ծառայության պետն ընդգծեց, որ օրինական դաշտ գալը շատ մեծ գումարների հետ կապված չէ․ «Իսկ զանգվածային արտաքսումներ կազմակերպելը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, որ արտաքսման ծախսերը հոգում է արտաքսող երկիրը․ դա ընդունված է բոլոր միգրացիոն կարգավորումներով ամբողջ աշխարհում»։ Խոսելով ժամկետների մասին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ դա կախված է վարչական իրավախախտման ծանրությունից․ «ՌԴ-ում հիմնականում մուտքի արգելքները մտցվում են 3-5 տարի ժամկետով՝ կախված, թե ինչ ծանրության վարչական իրավախախտում է կատարել քաղաքացին։ Եթե հանցագործությունների կամ ծանր հանցագործությունների մասին ենք խոսում, ՌԴ-ն ունի նաեւ իրավական կարգավորումներ, երբ կարող է ամբողջ կյանքի ընթացքում արգելել տվյալ անձի մուտքը իր երկիր»։ Ղազարյանի խոսքով՝ միգրացիոն կարգավորումների խստացումներ ներկայումս գնում են ամբողջ աշխարհում,դրա համար ծառայությունը խրախուսում է քաղաքացիների վերադարձը։ «Օրինակ՝ հարկադիր վերադարձի պարագայում մենք ընդունել ենք նաեւ պետական ծրագիր, որով եթե քաղաքացին հարկադիր վերադառնում է, եւ Հայաստանում չունի, օրինակ, բնակության վայր, կարող է դիմել Միգրացիոն ծառայություն եւ առժամանակ ստանալ բնակարանի վարձի սուբսիդիա, մինչ կարողանա իր հարցերը որոշակիորեն կարգավորել։ Միջազգային գործընկերների հետ լայնորեն ներգրավված ենք համագործակցության մեջ, որ վերադարձող քաղաքացիների աջակցման ծրագրեր մշակվեն եւ ներդրվեն»,- նշեց նա։ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավական մեծ ծրագիր է ներդրվել Եվրամիության հետ համագործակցությամբ, որը կոչվում է «EU for Impact»․ այն իրագործվում է Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից եւ ենթադրում է համաֆինանսավորմամբ բիզնեսի հիմնում՝ եվրոպական կողմի ֆինանսավորմամբ եւ միգրանտի՝ նույն չափով ֆինանսավորմամբ․ «Սա վերաբերում է վերադարձող միգրանտներին՝ կապ չունի որտեղից, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտներին, միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե ընտանիքի անդամը ՀՀ-ում է եւ կարող է ապացուցել, որ իր ընտանիքի մյուս անդամը աշխատանքային միգրանտ է, կարող է դիմել ծրագրին, եւ դա հավելյալ խրախուսիչ գործոն է, որ միգրանտը վերադառնա հայրենիք»։
11:29 - 14 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը՝ աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021թ․-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․-ին, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը, և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։ 2021 թ. վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։
12:26 - 13 հոկտեմբերի, 2021