Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ (≈ 580 հա, կանաչ նշումով) Կանաչով ընդգծված հողամասերը Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաններում են։ Այս համայնքի բնակիչները, սակայն, անհամաձայնություն ունեն կառավարության որոշումների հետ։ Հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր եւ վարելահողեր։ Նրանք մտահոգություն ունեն, որ այդ որոշման ընդունման եւ հետագայում իրագործման հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ունեզրկվելու են՝ կորցնելով իրենց հողատարածքների ծանրակշիռ մասը, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջ անշարժ գույքից՝ բացառությամբ բնակելի տների:    «ՄԱՅԼԵՌ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես վերը նշեցինք, նախատեսում է Ապարանում կառուցել լեռնային հանգստավայր։ Տեղանքի՝ Ընկերության ներկայացրած քարտեզը Ընկերության ներկայացրած նախագծից, որը կառավարության հավանությանն է արժանացել, տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» վստահեցրել է՝ կազմակերպությունն իր վրա է վերցնելու ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը եւ տեղադրումը, որոնք, Ընկերության պնդմամբ, առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից՝ փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով․ «Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային եւ ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք, ներդրումներ կատարելով, նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների եւ ՀՀ այլ քաղաքացիների համար»,- գրել է ընկերությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարեւորը ճոպանուղին է: Ընկերության հավաստիացմամբ՝ ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային տիպի ու արագընթաց։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը Ծրագրի առավելություններ բաժնում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» գրել է, որ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Նշված է, որ կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է շուրջ 200 հազ. հաճախորդ։ Կանխատեսվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որը կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, 15 միլիարդ դրամի ներդրումներ էլ՝ հյուրանոցային հատվածում։ Ընդհանուր առմամբ 30 մլրդ ՀՀ դրամի ծրագիրն իրականացնելու համար Ընկերությունը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում մի շարք հարցերում, մասնավորապես՝  ճանապարհի եւ ավտոկայանատեղիի կառուցում,  կոմունիկացիաների (գազ, ջուր, հոսանք) անցկացում,  գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում գերակա հանրային շահի ճանաչում (Ընկերությունը նշել է, թե բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում), ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրում,  Զբոսաշրջային կենտրոնի սահմանում եւ պետական ֆինասավորմամբ ծրագրերում եւ գովազդներում ներառում, Խաղատան լիցենզիայի տրամադրում, 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ։ Մասնավորապես, Ընկերկությունը գրել է, որ, օրինակ, եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, եւ այսպես շարունակ։ Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում։  Նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի եւ ցանկացած հատված գնելու իրավունքով (նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով), Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը։ Ծրագրի շրջանակում անտառահատումներ են նախատեսվում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես՝ սահուղու եւ ճոպանուղու համար)։ Փոխարենն ընկերությունը խոստացել է վերականգնել նոր անտառներ։ Ընկերությունը նշել է, որ քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից:  Տարածքը, որ պետք է անտառահատվի (10 հա)  Նախագծի քննարկման ընթացքում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Արագածոտնի մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում աջակցելու նշված ներդրումային ծրագրի իրականացմանը մարզի տարածքում։ Միաժամանակ, մարզպետարանը նշել է, որ Ծրագրի նկատմամբ հստակ դիրքորոշում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի ներկայացում եւ քննարկումներ կազմակերպել ինչպես մարզպետարանում, այնպես էլ այն համայնքի բնակչության հետ, որի վարչական տարածքում ենթադրվում է ծրագրի իրականացումը։ Այս առաջարկը մասամբ է ընդունվել՝ նշումով, որ նախագծի քննարկման փուլում նախատեսվում է Կառավարության կողմից հաստատել ներդրումային նախագիծը, որը ներկայացնում է հիմնական ծրագրի հայեցակարգային մոտեցումները։ Վստահեցրել են, որ հետագայում օրենքով սահմանված կարգով իրականացվելու անհրաժեշտ բոլոր քննարկումները եւ հանրային լսումները։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ներկայացված Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Ներկայացված փաստաթուղթն, ըստ նախարարության, ընդամենը արտացոլում է Ընկերության մտադրությունները եւ ցանկությունները, եւ բավականին լուրջ ակնկալիքները կառավարությունից։ Այս համատեքստում նախարարությունն առաջարկել է հիմնովին վերանայել Ծրագիրը եւ այն համապատասխանեցնել ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին։ Առաջարկը մասամբ է ընդունվել՝ մեկնաբանությամբ, որ Ծրագրում ամրագրվել է ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Չի բացառվել ծրագրում փոփոխություններ անելու հնարավորությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշելով, որ Ծրագրով նախատեսվում է խաղատան լիցենզիաների տրամադրում՝ Ջերմուկ քաղաքի համար սահմանված սակագնով, կարծիք է հայտնել, որ ենթադրվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականությունից: Այն է՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված 4 վայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչը նաեւ օրենսդրական շարունակական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար իրականացվելու է նաեւ շահումով խաղերի եւ վիճակախաղերի դեպքում, եւ երկրորդ մասնավորի սեփական նախընտրությամբ այլ վայրերում գործունեության գրավչությունը նվազեցնելու համար նախատեսվել է բարձր պետական տուրք եւ 40 մլրդ դրամ ներդրումների պահանջ: Ելնելով վերոշարադրյալից՝ նախարարությունը հայտնել է, որ գրությամբ ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում նշված բնագավառի քաղաքականությանը։ Ավելին, ըստ նախարարության, այն հակասում է ոլորտի քաղաքականության տրամաբանությունը, հետեւաբար նման աջակցության տրամադրումը համարում են ոչ նպատակահարմար: Խաղատան լիցենզիա, այդուհանդերձ, տրամադրվել է։  Ի դեպ՝ նախարարությունը նշել է նաեւ, որ Նախատեսվում է Ծրագրի իրականացման շրջանակներում տարածքի նկատմամբ հանրային շահի ճանաչում, սակայն պարզ չէ, թե ով է հանդիսանալու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ներդրող կազմակերպությունը: Եթե ձեռքբերողը, ըստ նախարարության, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, ապա այն պետության համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություն։ Պատասխան է ստացվել, որ հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ներդրող կազմակերպությունը (ինչի մասով վերջինիս կողմից լրացում է կատարվել ներկայացված ծրագրում), հետեւաբար պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման ռիսկը բացակայում է։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մինչ տվյալ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ նախարարությունը վերը ներկայացված դիրքորոշումն էր հայտնել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չի ունեցել։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բնակիչները մտահոգ են՝ զրկվելու են իրենց հողատարածքներից Եղիպատրուշ համայնքի բնակիչները գրավոր դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացնելուց առաջ հանրային լսումներ չեն եղել, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ, որ իրենց կամքին հակառակ եւ դեռ անհայտ գումարի դիմաց զրկվելու են իրենց հողատարածքներից ու դրանք մշակելու հնարավորությունից։ Բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ համայնքի այն բնակիչները, որոնք նշված տարածքներում ունեն սեփական հողատարածքներ, արդեն ստացել են ծանուցագրերը, որտեղ առկա է նաեւ արբանայակային նկար. դրա վրա արված նշումների համաձայն՝ հանրության գերակա շահ են ճանաչվել նաեւ այնպիսի վայրեր, որտեղ գտնվում են Եղիպատրուշ գյուղը սնուցող խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները:  Նրանք նախարարից պահանջել են իրենց տրամադրել տեղեկություն հանրային լսումների ձեւաչափի, անցկացման ժամանակահատվածի, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, եթե այդպիսին եղել է: Բացի դրանից՝ կառավարության որոշման մեջ նախաձեռնել փոփոխություն, որի համաձայն հանրության գերակա շահ ճանաչված հողատարծքների ցանկից բացարձակապես կհանվեն տնամերձ հողամասերն ու այն վայրերը, որտեղ գտնվում են խմելու եւ ոռոգման ջրի ակունքները, ինչպես նաեւ դրանց՝ գյուղ մտնող ուղիները: «Պահանջում ենք հանրային գերակա շահ ճանաչված վարելահողերի վերաբերյալ կատարել որոշակի վերապահումներ՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը բազմաթիվ տնային տնտեսությունների համար եկամտի հիմնական կամ միակ աղբյուրն է, ինչպես նաեւ վարելահողերի օտարման գների վերաբերյալ տրամադրել հստակ տեղեկատվություն, եւ դա ի վերջո համաձայնեցնել համայնքի բնակիչների հետ` սահմանելով այնպիսի գներ, որոնք կկոմպենսացնեն տնային տնտեսությունների հետագա տարիների կորուստները»,- ասված է բնակիչների դիմումի մեջ՝ նշումով, որ վերոհիշյալ պահանջները քննարկելու նպատակով անհրաժեշտ է Եղիպատրուշ գյուղում ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ գյուղի բնակչության հետ հրատապ կերպով հանդիպում կազմակերպել: Բնակիչներն իրենց դիմումի մեջ նշել են, որ եթե նշված հարցերի շուրջ ՀՀ կառավարությունը ցուցաբերի անտարբեր վերաբերմունք, ապա համայնքի բնակչությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով կկատարի բողոքի ակցիաներ, եւ կառավարության որոշումը կբողոքարկի տարբեր ատյանների դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նախարարության անորոշ պատասխանն՝ Infocom-ին Infocom-ն այս տարվա նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան որոշման ընդունումից առաջ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ եղե՞լ են, հանրային լսումներ կազմակերպվե՞լ են, նրանց կարծիքները որոշումն ընդունելուց առաջ քննարկվե՞լ են։ Ի թիվս այլնի՝ խնդրել էինք նշել, թե Եղիպատրուշ գյուղի քանի՞ բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող՝ մասնավորապես Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունը մեր հարցմանը պատասխանեց օրենքով սահմանված ժամկետների խախտումով՝ դեկտեմբերի 6-ին։ Հարցման պատասխանում նախարարությունը վստահեցրել է, որ մինչ որոշման ընդունումը՝ եղել են բազմաթիվ քնարկումներ շահագրգիռ մարմինների, այդ թվում' Ապարան համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չի նշել, թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը․ «Միաժամանակ, ներդրող ընկերության կողմից իրականացվել են մի շարք հանդիպումներ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ: Որոշման ընդունումից հետո կազմակերպվել է առաջին հանրային լսումը սույն թվականի նոյեմբեր ամսին»,- գրել են նախարարությունից: Թե Եղիպատրուշ գյուղի քանի բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող, նախարարույթունից ըստ էության չեն պատասխանել՝ նշելով միայն, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ցանկը եւ սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, հաստատված են հիշատակված որոշմամբ։ Գերատեսչությունից հավելել են նաեւ, որ այդ որոշման հավելված 1-ով հաստատվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը եւ կադաստրային ծածկագրերը, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Այդ հողամասերի ծածկագրերն, ի դեպ, 745-ն են։ Առավել մանրամասն տեղեության ստացման նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտեին եւ/կամ ներդրող ընկերությանը: Ինչ վերաբերում է գներին, որոնցով օտարվելու են «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքները, վարելահողերը, նախարարությունից այսպես են պատասխանել․  «Որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքները օտարվելու են օրենսդրությամբ սահմանված դրույթներով: ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:  Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:  Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց եւ մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:  Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար, որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներն օտարվելու են վերը նշված գնահատման գործընթացի արդյունքում ձեւավորված գնով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ի հավելումն՝ նախարարությունից վստահեցրել են, որ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում՝ համաձայն հիշատակված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի․ այդ հոդվածը սահմանում է նաեւ, որ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:   Էկոնոմիկայի նախարարությունը ավելի քան մեկ ամիս հետո է պատասխանել բնակիչների դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից բնակիչների դիմումին արձագանքել են ավելի քան մեկ ամիս անց, ընդ որում՝ միայն մեր հարցադրումներից հետո։ Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝ ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար, բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։ Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման: Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ Որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ:  «Բացի դրանից՝ ըստ ներդրող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած տեղեկատվության՝ մինչ որոշման ընդունումը եղել են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց կարծիքները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար»,- գրել են նախարարությունից: Այսինքն՝ նախարարությունը միայն ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության վրա հիմնվելով է արձանագրել, որ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, իսկ ահա բնակիչներն իրենց դիմումի մեջ հակառակն են պնդել։ Պատմելով, թե ինչ է նախատեսվում ներդրումային ծրագրով, քանի աշխատատեղ է խոստացվել, որքան ներդրում է արվելու՝ նախարարությունը գրել է, թե որոշման ընդունման արդյունքում հիշյալ համայնքում բնակչության զբաղվածության մակարդակը ոչ միայն կտրուկ անկում չի ապրել եւ որեւէ ընտանիք չի զրկվել իր հողատարածք/ների ամբողջ մասից, այլեւ նախատեսվում է, որ առաջիկայում Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն մարզի եւ տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ի դեպ, նախարարությունը, դարձյալ հղում անելով միայն Ընկերությունից ստացած տեղեկությանը, բնակիչների դիմումին ի պատասխան նշել է, թե որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում խմելու եւ ոռոգման ջրի ակունքներ առկա չեն: Ինչ վերաբերում է հողատարածները կորցնելու դեպքում ենթադրվող փոխհատուցման վերաբերյալ բնակիչների հարցադրումներին՝ նախարարությունը դիմումի պատասխանում հիշատակել է այն օրենսդրական կարգավորումները, որոնք նշել էր նաեւ մեր հարցման պատասխանում․ «ՀՀ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենսդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի չափով: Միաժամանակ, ըստ Ընկերությունից ստացված տեղեկատվության՝ որոշակի դեպքերում հողի օգտագործման տեսանկյունից կկատարվեն վերապահումներ՝ համաձայներված համայնքի բնակիչների հետ»,- գրել են նախարարությունից՝ պատրաստակամություն հայտնելով իրենց լիազորությունների շրջանակում հանդիպելու եւ աջակցելու Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչներին: Վերջիններս, սակայն, նշում են, որ գուցե այդ փոխհատուցումները համարժեք են կառավարության եւ Ընկերության համար, բայց աղետալի են իրենց համար։ Բնակիչներին նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդ հանրային լսումը նախատեսված է իրականացնել եկող տարվա ընթացքում:   Բնակիչներն առարկություններով գրություն են ուղարկել ՄԻՊ գրասենյակ Նշենք, որ ՄԻՊ գրասենյակ կատարած մեր զանգից հետո միայն Եղիպատրուշի բնակիչներին Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենք գյուղացիների դիմումի վերաբերյալ նախարարությունից նույնաբովանդակ պատասխան են ստացել։ Գրասենյակից բնակիչներին առաջարկել են իրենց առարկությունները ներկայացնել, եթե այդպիսիք կան։ Առարկությունները ներկայացվել են։ ՄԻՊ ուղարկած իրենց գրության մեջ բնակիչներն առանձնացրել են Ընկերության ծրագրի այն կետերը, որոնք, իրենց պնդմամբ, կեղծիք են պարունակում։ Ընկերությունը նշել էր, որ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում, պնդումով, որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում:  Բնակիչներն այս պնդումը կեղծիք են համարում՝ նշելով, որ ՀՀ Կառավարության 07.10.2021թ. թիվ 1661-Ա որոշմամբ գերակա շահ են ճանաչվում ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր, այլեւ առնվազն 115 տնամերձ հողամասեր, որոնք ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր չեն, այլեւ հանդիսանում են բնակավայրերի հողեր: Եղիպատրուշցիները բացահայտ սուտ են համարում նաեւ այն պնդումը, թե այդ հողերը ներկայում չեն օգտագործվում։ Նրանք իրենց առարկության մեջ նշել են, որ այդ հատվածում գտնվող, 90-ական թվականներին սեփականաշնորհված, սեփականության իրավունքով իրենց պատկանող, ինչպես նաեւ իրենց կողմից վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում տարիներ շարունակ ցանել են տարբեր հացահատիկային եւ կերային մշակաբույսեր ու հիմնականում լավ բերք են ստացել, վատագույն դեպքում, երբ որոշ տնտեսություններ ինչ-որ մի տարի կամ տարիներ ոչինչ չեն ցանել, այնուամենայնիվ այդ տարածքներից հնձել են խոտ, իսկ հնձելը եւ որոշակի քանակությամբ անասնակեր հայթաթելը, նրանց խոսքով, նույնպես նշանակում է մշակել: Բնակիչները շեշտել են, որ գերակա շահ ճանաչված այդ հողամասերն իրենց վարչական տարածքի ամենաբերքատու հողատարածքներն են: Նրանք վստահեցնում են, գերակա շահի մեջ հայտնված տնամերձ հողամասերը 90-ականներին չեն տրվել գյուղացիներին, դրանք' որպես տնամերձ հողամասեր, իրենց սեփականությունն են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներից: Ընկերության ներկայացրած նախագծում նշված էր նաեւ, որ 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով: Այս դրույթը բնակիչների համար անհասկանալի է։ Նրանք իրենց գրության մեջ մեկնաբանել են, որ 1500 հա մակերեսով տարածքի մեջ են մտնում իրենց վարչական տարածքի արոտավայրերի ծանրակշիռ մասը, անտառներն ամբողջությամբ, խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները ամբողջությամբ, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները գրեթե ամբողջությամբ, նշված տարածքի մեջ են մտնում նաեւ մոտ 100 հա ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնեսական նշանակության հողամասեր: Նրանք հարցեր են բարձրացնում՝ Ծրագիրն իրականացնողներն օգտագործելո՞ւ են իրենց ջրային ռեսուրսները, թե՞ ոչ, իրենց հողամասերը պարտադրված վաճառելո՞ւ են, թե՞ ոչ, պարտադրված վարձակալությամբ տալո՞ւ են, թե՞ ոչ, իրենց արոտավայրերը օգտագործել կարողանալո՞ւ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ջրային ավազաններին՝ բնակիչները ենթադրում են, որ նշված տարածքներում սեփականատեր կամ վարձակալ դարձած ընկերությունը կամ ընկերությունները իրենց գործունեության ընթացքում հնարավոր է կուտակիչ ավազաններ կառուցեն եւ ջուրն օգտագործեն իրենց կարիքների համար' ջրազրկելով մի ամբողջ բնակավայր, որն աղետալի հետեւանքներ կունենա Եղիպատրուշ գյուղի համար: Ի դեպ, Եղիպատրուշ բնակավայրի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցից հետո չհամաձայնեց հրապարակել իր պատասխանները՝ առաջարկելով դիմել այլ մարմինների։   Ընկերության նախաձեռնություններից մեկը մի անգամ արդեն ձախողվել է Ինչպես նշեցինք, ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունն է ներկայացրել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը Մհեր Բաղդասարյանն է։ Այս ներդրումային ծրագիրը, սակայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» համար առաջինը չէ։ Դեռեւս 2018-ին այս ընկերությունը կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», այն նախատեսում էր Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, լեռնադահուկային համալիր ստեղծել։ Այդ ժամանակ, ինչպես եւ այս անգամ, Ընկերությունը հայտարարում էր, որ Մայմեխի ծրագիրը նախադեպը չունի Հայաստանում։  2018 թվականի մարտի 6-ին գործադիրը «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել էր 584 հեկտար մակերեսով տարածքում օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն անել` չափագրումներ, նկարահանումներ կատարել ու կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները: 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ մեկուկես տարի անց, կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ որոշումը։ Բանն այն է, որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության եւ պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Ի դեպ, Անտառաշեն գյուղի բնակիչներից շատերը դեմ էին այդ ծրագրի իրականացմանը, քանի որ լեռնադահուկային սահուղին անցնելու էր համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով: Ի վերջո, Մայմեխի լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը չիրականացավ։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերի վերջին։ Հետք-ի մեր գործընկերներն այս տարվա մայիսին գրել էին, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է, որի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։   Եղիպատրուշցի Սամվելը վստահեցնում է՝ կգնա մինչեւ Եվրոդատարան Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ իրենք են հանդիպումներ պահանջել, Ընկերությունը կամ նախարարությունն իրենց կամքով ոչ մի անգամ չեն հանդիպել բնակիչներին։ Մաթեւոսյանի խոսքով՝ միայն մի անգամ են Ընկերության ներկայացուցիչները լսել բնակիչներին, այն էլ միայն իրենց հարմար ժամանակ․ «Մոտ մի քսան օր իրենց էդ հանդիպումը չարեցին, մինչեւ հարմարացրեցին իրենց, ուրիշ հանդիպում չի եղել։ Մի անգամ են եկել՝ մեր՝ գյուղացիների պահանջով»։ Մաթեւոսյանի խոսքով՝ տեղացիները ծրագրին դեմ չեն, իրենց մտահոգությունն իրեն հողերի վերաբերյալ է․ «Մեր սեփականություն հանդիսացող հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, գերակա շահ են ճանաչել։ Էդտեղ մարդկանց տնամերձ հողամասերն են, անմիջապես տներին կպած, որոնով գյուղացին ապրում է։ Թե չէ դեմ չենք ծրագրին, ուղղակի մեզ ճիշտ չի հասկանում էս պետությունը, կառավարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Ընկերության այն պնդումը, թե այդ հողերը տարիներով չեն օգտագործում։ Տեղացիներն Ընկերության ներկայացուցիչներին առաջարկել են գնալ ու իրենց աչքով տեսնել, որ այդ հողերը մշակվում են, սակայն առաջարկին չեն անսացել․ «Իմ տան հետեւը մենակ 35 ծառ կա, մեզ սնող էդ մի կտոր հողն է, դրանով է գյուղացին ապրում»։ Եղիպատրուշի բնակչի խոսքով՝ այդ ամբողջ հատվածում ոռոգման ցանց է քաշած, մոտ 800 հա։ «Ապարանի ջրամբարից ցանցը պատրաստ է, օգտագործվում է, մարդկանց սեփականությունից զրկեն, վրան բան կառուցե՞ն։ Խմելու ջրի, ոռոգման ջրի ակունքների հատվածն ընկնում է էդ գերակա շահ ճանաչված հատվածում։ Եթե ջուրը չկարողանան կտրեն, էսօր գյուղացուն հացից են կտրում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետի հետ ու քննարկելու հարցը, սակայն իրենց հայտնել են, որ վարչապետն ընդունելություն չունի։ Մաթեւոսյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից նույնպես պատասխան չեն ստացել, թեպետ Պաշտպանին նույնպես գրավոր դիմում են ներկայացրել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Անձամբ ես Վարչական դատարան եմ դիմել։ Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ։ Ես ասել եմ՝ հող չեմ զիջի»,- եզրափակեց Եղիպատրուշի բնակիչ Սամվել Մաթեւոսյանը։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ներդրումային մի ծրագիր, որի վերաբերյալ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշակի վերապահումներ ու նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Բացի դրանից՝ կառավարության որոշման հիմքում դրվել են բացառապես կազմակերպության տրամադրած տեղեկությունները։ Եւ չնայած կառավարությունը նախագծի քննարկման ընթացքում խոստացել էր հանրային լսումներ ու քննարկումներ կամակերպել, Եղիպատրուշի բնակիչները պնդում են, որ այդպիսիք չեն եղել, այլ միայն մեկ հանդիպում է եղել Ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որին գյուղապետն անգամ չի մասնակցել։  Հայարփի Բաղդասարյան
13:31 - 13 հունվարի, 2022
Վստահ եմ, որ կանխատեսումները կլինեն գերազանցված. Քերոբյանը՝ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին

 |armenpress.am|

Վստահ եմ, որ կանխատեսումները կլինեն գերազանցված. Քերոբյանը՝ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տնտեսական արդյունքի այն կանխատեսումները, որոնք արվել են Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու օրենքի հիմնավորումներով, նույնիսկ կգերազանցվեն: Քերոբյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե երբ այս տարի աշխատանքային օրերը սկսվեցին հունվարի 3-ից, տնտեսական ի՞նչ արդյունքի է սպասում,  Քերոբյանը կես կատակ պատասխանեց. հունվարի 3-ին ժամը 16:00-ին հանդիպում է ունեցել, այն մարդը, որը պետք է գար, ուշացել է 10 րոպե և ասել, որ ուշացել է խցանման պատճառով: «Դա երբեք Հայաստանում հունվարի 3-ին չի եղել: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավականին լավ, առույգ կսկսենք տարին»: Նախարարը վստահեցրեց, որ շատ հաճախ է շփվում թե մանրածախ առևտրով զբաղվող, թե այլ, այդ թվում՝ արդյունաբերական ընկերությունների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա: «Պետք է սպասենք թվերին: Բայց, ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,-ասաց Քերոբյանը:  
13:12 - 12 հունվարի, 2022
Կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է առանձնացված դարակաշարում վաճառել. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է առանձնացված դարակաշարում վաճառել. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում: Ըստ նախագծի՝ առևտրի օբյեկտներում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և պետք է «պարունակի կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի պիտակ և տեղադրված տեսանելի վայրում: Նշվում է, որ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար: «Քանի որ փոքր խանութներում դա անել հնարավոր չէ, առաջարկվում է 200 ք.մ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների նկատմամբ օրենքը կիրառել»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին:
12:06 - 12 հունվարի, 2022
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել են ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարությունները. ՊԵԿ

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել են ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարությունները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է: Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։ Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:
12:24 - 07 հունվարի, 2022
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի երկարաձգվի․Էկոնոմիկայի նախարարություն

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի երկարաձգվի․Էկոնոմիկայի նախարարություն

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին հատնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։     «Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։   Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։   Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,-ասված է հայտարարության մեջ։ 
21:47 - 30 դեկտեմբերի, 2021
Ռեկորդային ծավալով գյուղմթերքի արտահանում ունենք. Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 8 միլիարդ դրամ |armtimes.com|

Ռեկորդային ծավալով գյուղմթերքի արտահանում ունենք. Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 8 միլիարդ դրամ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառում արդյունավետ շարունակելու համար Կառավարությունն էկոնոմիկայի նախարարությանն այսօր լրացուցիչ հատկացրեց 8 միլիարդ դրամ։ «Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում ենք 2 մլրդ 146 մլն դրամ: Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել շրջանառու միջոցների համալրմանը, հումքի ձեռքբերմանը, սարքավորումների և այլնի համար»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ չնայած գյուղատնտեսության ոլորտում բարդ տարի ենք ունեցել, և սակավաջրությունը խանգարել է, սակայն արտահանման պարագայում ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ «Այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում. 200.000 տոննան գերազանցել ենք։ Իսկ նախորդ 2 տարիներին 140.000 տոննան ենք գերազանցել»,- ասաց նախարարը։
12:42 - 16 դեկտեմբերի, 2021
Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է

Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է

Առաջարկվում է ՀՀ-ում թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը երկարաձգել ևս 6 ամսով։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Ներկայումս համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման փուլում է «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ևս 6 ամսով արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը»,- նշել է նախարարությունը։  Հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը վերանա, նախարարությունից այսպես են պատասխանել․ «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողություններին, ինչպես նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգներից խուսափելու անհրաժեշտությունը»։ Նախարարությունը նշել է, որ արգելքը լիարժեք սկսել է գործել 2021 թ․-ի հուլիս ամսից՝ որոշման ևս 6 ամիս երկարաձգումից հետո․ «Թուրքական ծագման ապրանքների՝ ՀՀ ներմուծման արգելքի ՀՀ տնտեսության վրա ազդեցության գնահատումը, այլընտրանքային շուկաների որոնումը, ներկայացված ապրանքատեսակներին փոխարինող տեղական արտադրությունների հիմնումը պահանջում են ավելի երկարաժամկետ լուծումներ, ինչը կարճաժամկետում իրականացնել գործնականում հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետպատերազմյան շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների արգելքի պայմաններում»։ Էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ նշել է, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի վերացումը առաջիկա 3-5 տարվա կտրվածքով համարում է ոչ նպատակահարմար։ ՀՀ կառավարությունը 2020 թ․-ի հոկտեմբերի 20-ին որոշում էր ընդունել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի մասին․ որոշումն ուժի մեջ պետք է մտներ 2021 թ․-ի հունվարի 1-ից՝ 6 ամիս ժամկետով։ Այնուհետև կառավարությունը հուլիսին որոշել էր ևս 6 ամսով երկարաձգել համապատասխան արգելքը՝ մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 31-ը։ Նանե Ավետիսյան
12:04 - 14 դեկտեմբերի, 2021
ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին. փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին

ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին. փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի կողքին է և պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին, որոնք ոչ միայն տնտեսական նշանակություն կունենան, այլև կնպաստեն գործարար կապերի ընդլայնմանը և նոր ներդրումներ կներգրավեն: Համբարձում Մաթևոսյանը ողջունել է «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում, որը նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի ինչպես Երևանի քաղաքային միջավայրի՝ ներկայումս ընթացող որակական փոփոխությանը, այնպես էլ սպասարկման ոլորտի զարգացմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել ընթացող երկկողմ համագործակցությունը «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» և ԱՆԻՖ-ի միջև՝ կարևորելով նմանատիպ հեռանկարային ծրագրերի իրականացումն ու այսպիսի համաշխարհային ցանցերի մուտքը Հայաստան: Ընդգծվել է, որ «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար: Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։
14:32 - 13 դեկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

Վահան Քերոբյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար», - ասել է Վահան Քերոբյանը։ Դեսպան Անն Լույոն ընդգծել է դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարևորությունը և նշել, որ տնտեսության ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով տեղեկացրել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նշվում է, որ վերջինս կարևորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը և նշել, որ նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաև նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։ Ռաֆայել Ժոզայի խոսքով՝ գործակալությունը հետաքրքրված է նաև հաղորդակցության և գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Որպես առաջնահերթ խնդիրներ՝ նա առանձնացրել է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանի տեղեկացմամբ, նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաև արևային էներգիայի ոլորտում և տեղադրել արևային պանելներ ջրամբարների վրա։ Համագործակցության ոլորտները քննարկելիս՝ Վահան Քերոբյանը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին դեսպանը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ 2022 թվականի տարեսկզբին Ֆրանսիայում նախատեսվում է տնտեսական համաժողովի անցկացում և հրավիրել հայկական կողմին մասնակցելու համաժողովին։ Նախարարն ընդունել է դեսպանի հրավերը և տեղեկացրել, որ անձամբ կմասնակցի համաժողովին։
12:35 - 13 դեկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար», - ասել է Վահան Քերոբյանը։ Դեսպան Անն Լույոն ընդգծել է դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարևորությունը և նշել, որ տնտեսության ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն։ Հանդիպմանը ներկա էր նաև Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով տեղեկացրել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նա կարևորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը և նշել, որ նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաև նպաստել գյուղական համայնքերի զարգացմանը։ Ռաֆայել Ժոզայի խոսքով, գործակալությունը հետաքրքրված է նաև հաղորդակցության և գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Որպես առաջնահերթ խնդիրներ՝ նա առանձնացրել է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանի տեղեկացմամբ, նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաև արևային էներգիայի ոլորտում և տեղադրել արևային պանելներ ջրամբարների վրա։ Համագործակցության ոլորտները քննարկելիս՝ Վահան Քերոբյանը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կետրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին դեսպանը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ 2022 թվականի  տարեսկզբին Ֆրանսիայում նախատեսվում է տնտեսական համաժողովի անցկացում և հրավիրել հայկական կողմին մասնակցելու համաժողովին։ Նախարարն ընդունել է դեսպանի հրավերը և տեղեկացրել, որ անձամբ կմասնակցի համաժողովին։
11:32 - 13 դեկտեմբերի, 2021
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով |hetq.am|

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով |hetq.am|

hetq.am: Էկոնոմիակայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» օրենքներում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։ Իսկ նախագծով առաջարկվում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով։ «Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր և արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը»,- նշվում է օրենքի նախագծում։
10:51 - 09 դեկտեմբերի, 2021
Շուտով կիրառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթ»-ը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ |armenpress.am|

Շուտով կիրառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթ»-ը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ:   Դեկտեմբերի 6-ին «Լիկվոր» դեղագործական ընկերությունում շրջայցից հետո հայտնեցին ՀՀ առողջապահության էկոնոմիկայի նախարարները: «Շատ ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, իր ներուժն իրացնում է»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: «Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,-ասաց նախարարը: Հայաստանում «Սպուտնիկ Լայթը»-ը հանդիսանում է երրորդ խթանիչ դեղաչափ՝ ոչ միայն Sputnik V-ի երկու դեղաչափ ստացած, այլ նաև այլ պատվաստանյութերի երկու դեղաչափ ստացած անձանց համար: «Բավականին երկար ճանապարհ անցանք Առողջապահության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաև ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա»,-ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց, որ շատ ուրախ են նախարարությունների և ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ ՀՀ-ում պատվաստանյութի արտադրությունը իրականություն դարձնելու համար: «Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք:  Ռուսական կողմի հետ, ըստ մեր պայմանագրի, կատարվել է տեխնոլոգիական տրանսֆեր, այսինքն արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարևոր հաջողություն էր թե մեր ընկերության, թե մեր երկրի համար»,-ասաց նա: Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ գործընթացը սկսելիս նկատի են ունեցել նաև արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները: Այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ: «Հիմա արդեն Մերձավոր Արևելյան մի շարք երկրների հետ բանակցություններ գնում են, քննարկվում է նաև որոշ աֆրիկյան երկրներ արտահանելու տարբերակը: Վստահ ենք, որ այս ամենը ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ շուտով հնարավոր կդառնա»,-ասաց Քերոբյանը:
15:21 - 06 դեկտեմբերի, 2021
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ. քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ. քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Այս մասին հաղորդում է կառավարությունը: Քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները: Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն: Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ՝ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ:
17:29 - 02 դեկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցելու  ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշել է, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր եւ որ ամենակարեւորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։  
16:25 - 02 դեկտեմբերի, 2021