Ինֆոքոմ

Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

- Մենք զբաղվում ենք in vitro հետազոտություններով,- ասում են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները, և միանգամից մտածում ես՝ տեսնես ինչ են այդ in vitro հետազոտությունները։ Իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Եկեք հասկանանք սա դեղերի ստեղծման օրինակով։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք որևէ հիվանդության դեմ դեղամիջոց ստեղծել։ Ո՞րը կլինի ձեր առաջին քայլը․ սկզբում դուք կմտածեք, թե քիմիական ինչպիսի միացություններ է անհրաժեշտ սինթեզել, հետո կփորձեք հասկանալ, թե այդ միացություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ օրգանիզմի վրա։ Հենց այստեղ է, որ օգնության են հասնում in vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս՝ բջիջների վրա, կատարվող հետազոտությունները, որոնց օգնությամբ հնարավոր է արագ գնահատել միացությունների թե՛ արդյունավետության, թե՛ անվտանգության առաջնային ցուցանիշները։ Մեկուկես տարի առաջ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները հասկացան, որ հնարավոր է կրճատել in vitro փորձարկումների քանակը, ինչպես նաև հնարավորություն տալ ավելի քիչ կենդանիների վրա փորձարկումներ իրականացնելու, եթե իրենց աշխատանքի մի մասը ավտոմատացվի, այսինքն՝ դասական կենսաբանական մեթոդներին օգնության հասնի մեքենայական ուսուցումը։ Այդպես սկսվեց կենսաբանների և մաթեմատիկոս-տվյալագետների համագործակցությունը։ Գիտնականները դրամաշնորհ ստացան և որոշեցին միասին ստարտափ ստեղծել։ Աշխատանքների ավարտից հետո նրանք  իրենց ուսումնասիրությունների ընթացքում կհամատեղեն դասական կենսաբանական in vitro փորձերը և մեքենայական ուսուցումը։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի
21:24 - 19 հոկտեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը ՄԱԿ -ի դատարանին կոչ է անում ժամանակավոր միջոցներ կիրառել Հայաստանի դեմ

Ադրբեջանը ՄԱԿ -ի դատարանին կոչ է անում ժամանակավոր միջոցներ կիրառել Հայաստանի դեմ

Այսօր ՄԱԿ-ի միջազգային դատարանում (Հաագայի դատարան) մեկնարկել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցի լսումները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է դատարան՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (ICERD) համակարգված խախտումների համար»։ Լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ասել է, թե Ադրբեջանը անհրաժեշտ է համարում ժամանակավոր միջանկյալ միջոցառումների անհապաղ կիրառումը Հայաստանի դեմ: «Հայաստանի էթնիկ զտումների և բռնության հրահրման արշավը շարունակվում է»,- ասել է նա՝ հավելելով, թե «միջանկյալ միջոցների անհապաղ կիրառումը ադրբեջանցիներին հասցվող անդառնալի վնասները կանխելու համար է»: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի  հնարավորինս սեղմ ժամկետում
13:12 - 18 հոկտեմբերի, 2021
ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 4 197 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 615-ը կամ 62․30%-ը։ Անվավեր է համարվել 49 քվեաթերթիկ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 337 կամ 12․88%«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն - 949 կամ 36.29%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 280 կամ 48.94% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Տաթեւ համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը ՔՊ-ն է։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ (Հովսեփյանի հետ զրույցը՝ այստեղ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվել է հարցազրույց տալ Infocom-ին՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 3 901 է, մասնակցել է 2 359-ը կամ 60․47%-ը։ Անվավեր է համարվել 51 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․  «Ապրելու երկիր» կուսակցություն - 806 կամ 34.16%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 կամ 63․62%։
12:00 - 18 հոկտեմբերի, 2021
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը համայնքում 8 595 է․ քվեարկությանը մասնակցել է 5 098-ը կամ 59.31%-ը։ Անվավեր է համարվել 124 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․ Ազատական կուսակցություն - 716 կամ 14․04%«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 կամ 9․55%«Հանրապետություն» կուսակցություն - 2 133 կամ 41.83%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 637 կամ 32.11% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Մեղրի համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։ Վերջինս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատարն է, որը Infocom-ի հետ զրույցում ներկայացրել է, որ իրենք մշակել են առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
11:15 - 18 հոկտեմբերի, 2021
Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Նշենք, որ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 18 374 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 8 085-ը։ Անվավեր է համարվել 223 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 927 կամ 23.83%«Հայրենիք» կուսակցություն - 219 կամ 2․70%«Հանրապետություն» կուսակցություն - 514 կամ 6.35%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 կամ 56.78%«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 605 կամ 7.48% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով Դիլիջան համայնքում անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, հաղթանակ է տարել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։
10:45 - 18 հոկտեմբերի, 2021
Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել՝ կապված ընտրակաշառքի դեպքերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Ես չգիտեմ՝ որքանով այժմ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի այն ահազանգերի հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ենթադրում եմ, որ կապ ունի։ Մեր՝ այսօր ստացած ահազանգերի մասին Ոստիկանությունը տեղեկացվել է»,- նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։  Իոաննիսյանը ընտրակաշառքի գումարի չափի մասին ոչինչ չասաց, բայց նշեց, որ «բավականին ճշգրիտ ահազանգ է՝ տեղով, ժամով, անձանցով»։ Նրա խոսքով՝ այսօր էլի ահազանգ են ստացել, բայց այսօրվան չի վերաբերում։ Իոաննիսյանն ընդգծեց, որ Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին։ «Գորիսում նաև մենք շատ նկատել ենք ուղղորդումների դեպքերը ընտրական տարբեր տեղամասերում։ Պարզվեց, որ դրանք անողներից շատերը համայնքային ծառայողներ են, այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակիցներ են, երբեմն բարձրաստիճան։ Ուղղորդել են հօգուտ Առուշ Առուշանյանի։ Սրանք մեր դիտորդների կողմից դիտարկված դեպքեր են»,- հայտնեց նա։ Իոաննիսյանն ասաց նաև, որ մի շարք տեղամասերում մեր կողմից դիտարկվել է, որ news.am, antifake.am և yerevantoday.am կայքերից ներկայացող անձինք չեն ունեցել ԿԸՀ հավատարմագրում, բայց մտել են տեղամասեր և ինչ-որ գործունեություն են ծավալել․ «Այդ մասով զրուցել ենք նաև ՏԸՀ-ի հետ, վերջինս ևս լրիվ համակարծիք էր, որ այդ մարդիկ իրավունք չունեն տեղամասերում գործել, և այն տեղամասերում, որտեղ մեր դիտորդները տեսնում են այս լ-միջոցների աշխատակիցներին, գործողություններ են ձեռնարկում։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ տեղամասում աշխատելու համար ուղղակի լրագրող լինելը քիչ է, պետք է ԿԸՀ-ում հավատարմագրման պրոցես անցնել»։
19:59 - 17 հոկտեմբերի, 2021
Ե՞րբ կբարեկարգվեն Գյումրու փողոցները․ պատասխանում են ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները

Ե՞րբ կբարեկարգվեն Գյումրու փողոցները․ պատասխանում են ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները

Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Գյումրին ընտրում է» նախընտրական բանավեճը։ Հաղորդման ձևաչափի համաձայն թեկնածուներին հարցեր են տալիս ոչ միայն հաղորդավարները, այլ նաև գյումրեցիները՝ «Առաջին ալիք»-ի պաշտոնական էջի միջոցով։  Բնակիչները թեկնածուներին հարցեր են ուղղել նաև Գյումրիում «Հանրայինի» կատարած հարցումների միջոցով։ Գյումրեցիների հարցերից մեկը վերաբերում էր փողոցների բարեկարգման խնդրին, այդ թվում՝ կայարանամերձ հրապարակի բարեկարգմանը։ «Հայրաքաղաք» դաշինքի ցուցակի առաջին համար Լևոն Բարսեղյանը նշում է, որ իրենց ծրագրում նախատեսում են քաղաքի համաչափ զարգացում․ «Ոչ թե փողերը կուտակել կենտրոնում, ծախսել կենտրոնում, թաղամասերը թողնել անխնամ, այլ համաչափ։ Որևէ անտեսված կամ արտոնյալ թաղամաս չի լինելու։ Փողոցների կարգի բերելու հետ կապված ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի ու համայնքի միջոցներով ահագին գործ արվում է ու դրանք շարունակվելու են՝ անկախ այս ընտրությունների արդյունքից»։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանը նույնպես կիսում է այն գաղափարը, որ Գյումրին պետք է զարգանա համաչափ․ «Փողոցները կարգի կբերվեն, եթե որակյալ աշխատանքներ կատարվեն։ Եթե նույն փողոցը մի քանի անգամ վերանորոգման կարիք չունենա, եթե փողոցը վերականգնվի ամբողջությամբ և ոչ թե հատվածաբար»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն էլ հիշեցնում է՝  ծրագրի մեջ հստակ նշել են, որ ապահովելու են քաղաքի թաղամասերի համաչափ զարգացումը․ «Անկախ նրանից, քաղաքացին բնակվում է ծայրամասում, թե բնակվում է կենտրոնում, նա չպետք է բարեկարգ լինելու հետ կապված ունենա խնդիր։ Ինչ վերաբերում է Կայարանամերձ հրապարակին, այն այս պահին վերակառուցման փուլում է, բայց ես գիտեմ, որ շինարարը ունի աշխատողների խնդիր։ Խոսքը կոնկրետ բազալտ շարողների հետ կապված խնդիրն է։ Կարծում եմ՝ այդ խնդիրը լուծելուց հետո շատ արագ կկարգավորվի այդ հարցը»։ «Զարթոնք»-ի թեկնածուն էլ կարծում է, որ փողոցների բարեկարգումը սխալ է արվել․ «Առաջին պետք է թվայնացվի և քարտեզագրվի բոլոր ենթակառուցվածքները,  կոմունիկացիաները, հոսանաքատարեր, որ հետո չքանդվի։ Միջազգային կազմակերպություններ կան, մի քանի միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու, որ հետո անենք ու չքանդենք»,-ասում է նա՝ կարծիք հայտնելով, որ երկրորդական փողոցների հարցը շատ արագ կարող է լուծվել։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Կոնստանտին Ղավազյանն էլ ասում է, որ Գյումրու փողոցների բարեկարգման համար մեծ աշխատանք է կատարվել՝ հավելելով, որ դեռ անելու շատ աշխատանք կա։ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանն ասում է՝ 23  միլիոն եվրոյի վարկ է հատկացվել Գյումրիին, այդ միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում հնարավոր կլիներ ասֆալտապատել երկրորդային, երրորդային փողոցները։ «Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանի խոսքով էլ՝ միայն համայնքի միջոցներով հնարավոր չէ լուծել փողոցների բարեկարգման հարցը։ Հարցը, ըստ նրա,  հնարավոր է լուծել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ։
23:53 - 15 հոկտեմբերի, 2021
Առանց հիվանդին հետազոտելու չի կարելի ասել՝ քեզ մոտ չարորակ նորագոյացություն կա, քեզ չի կարելի պատվաստել․ Վահե Տեր-Մինասյան

Առանց հիվանդին հետազոտելու չի կարելի ասել՝ քեզ մոտ չարորակ նորագոյացություն կա, քեզ չի կարելի պատվաստել․ Վահե Տեր-Մինասյան

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը քաղցկեղային հիվանություն ունեցող մարդկանց վրա, ասաց, որ ցանկացած խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտի օրգանիզմը արդեն իսկ թուլացած է․ «Քովիդով վարակվելու պարագայում խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտի հոսպիտալացվելու և անգամ մահանալու շանսերը շատ ավելի բարձր են, քան առողջ օրգանիզմում է»։ Մինասյանի խոսքով՝ կորոնավիրուսի վերաբերյալ միֆերի տարածվածության պայմաններում պետք է հստակ հասկանալ հնարավոր շահերը և կորուստները, դրանից հետո, նրա խոսքով, մնում են տեխնիկական հարցերը․ «Երբ դնում ես կշեռքի վրա նժարի վրա, ապա ստանում ենք խիստ անհավասար պայմաններ, որովհետև միանշանակ խելացի մարդը պետք է հասկանա, որ պետք է պատվաստվի և վերջ։ Դրանից հետո գալիս են տեխնիկական հարցեր։ Օրինակ, եթե քաղցկեղային հիվանդին տանում ես վիրահատության, առնվազն ինչքան ժամանակ առաջ նա պիտի պատվաստվի և այլն»։ Անդրադառնալով կարծիքներին, ըստ որոնց քաղցկեղով հիվանդ մարդկանց խորհուրդ չի տրվում պատվաստվել, նա ասաց, որ հնարավոր է՝ պացիենտը ինչ-որ պահի պատվաստվելու հակացուցում ունենա, ինչը պետք է քննարկի բժշկի հետ․ «Ոչ թե ինչ-որ մեկը ձեզ զանգահարի ասի, գիտեք, ես ունեմ որևէ օրգանի քաղցկեղ, ինձ կարելի է՞ պատվաստել, թե ոչ, առանց անալիզները նայելու, առանց հիվանդին հետազոտելու, միանգամից ասես ՝ չէ, քեզ մոտ չարորակ նորագոյացություն է, քեզ չի կարելի պատվաստել։ Կոնկրետ դեպքերում եթե մարդը ունի ինչ-որ լուրջ հիվանդություն, պետք է քննարկել և հասկանալ՝ կարե՞լի է, թե՞ չի կարելի»։   Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեսյբուքյան էջից  
12:40 - 15 հոկտեմբերի, 2021
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ Infocom-ը զրուցեց նախընտրական ցուցակի երրորդ համար, Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ։ Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը բնականոն հունով է ընթանում։ ՔՊ-ականներն այցելում են Գյումրու թաղամասեր, զրուցում բնակիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Բեյբությանն ու իր թիմակիցներն արձանագրել են, որ քաղաքում բամաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները՝ ընդգծելով, որ դրանք երկար տարիներ անուշադրության են մատնվել։ Մեր զրուցակցի խոսքով՝  բնակիչները հիմնականում առանձնացնում են թափառող շների, տրանսպորտի խնդիրները․ «Շների մասով նախատեսում ենք ապաստարաններ կառուցել, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել։ Բազմիցս նկատել ենք, որ ականջներին դակած է, որ ստերջացված են, բայց մարդիկ բողոքում են, որ շները մեծ խմբերով քայլում են փողոցում»։ Խոսելով տրանսպորտի խնդրի մասին՝ Բեյբությանն ասում է, որ հարցը կարող է լուծվել կառավարության աջակցությամբ. «Տրանսպորտի մասով նախատեսվում է, որ հավանաբար շուրջօրյա կլինի, կանգառները կլինեն կոնկրետ ժամանակացույցով։ Մեր համայնքում կարծեմ 64 նոր ավտոբուսներ կան, և ակնկալում ենք, որ պետության աջակցությամբ դրանք կհամալրվեն»։ Գյումրու անօթևանության խնդիրը, Բեյբությանի կարծիքով, հնարավոր կլինի լուծել համայնքի բյուջեով ու կառավարության աջակցությամբ․ «30 տարվա ընթացքում, իհարկե, անօթևանության մասով խնդիրները լուծվել են որոշակի չափով, բայց հիմա էլ առկա է այդ խնդիրը։ Կարծում եմ՝ կառավարության շնորհիվ ու համայնքի բյուջեի շնորհիվ հնարավոր կլինի վերջապես այս կարծրացած խնդիրը լուծել։ Երբ շրջում ես, տեսնում ես մարդկանց ծանր սոցիալական վիճակը, թե ինչ պայմաններում են ապրում 21-րդ դարում, հոգիդ տակնուվրա է լինում»։ Բեյբությանը հերքում է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ընթանում է նախկին արատավոր երևույթների ուղեկցությամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ, թաղային հեղինակությունների ներգրավմամբ։ «Մենք ոչ մի անօրինական գործունեություն չենք իրականացնում, ես դա ձեզ վստահեցնում եմ։ Ինչպես նախատեսված է, նույն կարգով և օրենքով շարժվում ենք։ Շատ մարդիկ շատ բան կարող են ասել։ Ամեն խոսք չի, որ հիմնավորում ունի և իրականությանը համապատասխանում է»։ Նրա խոսքով՝ իրենց նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ «Մենք իշխանություն ենք, և եթե համայնքում ևս կենտրոնացած լինի նույն կուսակցությունը, ավելի հեշտ կլինի համագործակցել, ավելի էֆֆեկտիվ կլինեն աշխատանքները։ Այս պահին եթե կոնկրետ իշխանությունն է առաջադրված և ղեկավարում է մեր քաղաքը, համագործակցությունը կարծես ոչ լիարժեք է ստացվում՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի համագործակցել, և ի շահ մեր քաղաքի ավելի արդյունավետ կլինեն աշխատանքները»։ Ավագանու թեկնածուն ասում է, որ չի թերագնահատում  նախկինում քաղաքը կառավարած մարդկանց․ «Ամեն դեպքում մենք ավելի եռանդով և ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք, որ փոխելու ենք և օգնելու ենք մեր ժողովրդին։ Կոնկրետ ես  հաճույք եմ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ հարցով աջակից լինել և օգտակար լինել։ Դա, իհարկե, իմ մասնագիտությունից էլ է կախված՝ որպես բժիշկ»,- եզրափակեց Աստղիկ Բեյբությանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։   Լուսանկարը՝ «Գյումրի՛, ապագա կա՛» ֆեյսբուքյան էջից, ձախից՝ Աստղիկ Բեյբությանը, խոսափողի մոտ՝ համայնքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը Նանե Ավետիսյան
09:15 - 15 հոկտեմբերի, 2021
Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցություններից կազմված «Հայրաքաղաք» դաշինքը։ Դաշինքը 28 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որի առաջին համարը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն է։ Վերջինս, մեր զրույցում անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն հանգիստ է ընթանում․ «Առայժմ ոչ մի կոնֆլիկտ ու վեճ չկա։ Մեր ակնկալիքը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է։ Ակնկալում ենք ունենալ ազդեցիկ ներկայություն Գյումրու ավագանու կազմում»։ Ինչ վերաբերում է մեր զրույցներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած այն պնդումներին, ըստ որոնց՝ Գյումրիում քարոզարշավն ընթանում է նախկին երևույթների ուղեկցությամբ՝ թաղային հեղինակությունների ներգրավում, վարչական ռեսուրսի կիրառում, Բարսեղյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն, ունենալու դեպքում կհրապարակեն․ «Չեմ նկատել այդպիսի բան․ արատավոր երևույթների մասին ես ձեզ ասեմ, դուք փորձեք պատկերացնել․ «բոլոր բնակարաններում գազի զեղչի կտրոն բաժանել, տավարը մորթել, մեկ կիլոգրամը մեկ քվեի դիմաց քվեարկության օրը բաժանել, կգաք այսպես կքվեարկեք, թե չէ վատ կլինի», նման բաներ առայժմ չենք լսել, նախկինում լսել ենք։ Եթե մենք նման որևէ տեղեկություն ունենանք, անմիջապես կհրապարակենք, առայժմ չունենք նման ահազանգ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում, աշխատողների վրա ճնշումներ չլինեն, աշխատատեղում քարոզչությամբ չզբաղվեն»: Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի․ մինչ օրս չեն վերացել երկրաշարժի խորքային հետևանքները․ «3000 ընտանիքներ ապրում են անօթևանության պայմաններում։ Գյումրի տեղափոխված ընտանիքներ կան, տուն ստացած, բայց տնակ վերադարձած ընտանիքներ կան։ Կան մարդիկ, որոնք տուն չեն կորցրել երկրաշարժին, բայց տարբեր պատճառներով, աղքատության բերումով վաճառել են իրենց գույքը և տնակում են ապրում․ այդ ընտանիքները քայքայվում են տարբեր իմաստներով։ Դրա հետ փոխկապակցված են գործազրկությունը և աղքատությունը։ Սա մի ծանր եռանկյունի է, որով Գյումրին խոցված է»։ Բարսեղյանն ասաց, որ որևէ տեղական իշխանություն առանց արտաքին օժանդակության՝ միայն համայնքի բյուջեով այս խնդիրները հնարավոր չէ լուծել․ «Պետական, կառավարական միջամտություն է պետք այս խնդիրը հաղթահարելու համար։ Փողոցների 70%-ը, բակերի 70%-ը ավերակ են, սա էլ է մեծ խնդիր, 50 միլիոն դոլար է պետք, որ վերականգնվի, իսկ քաղաքի բյուջեն 10 միլիոն դոլար է, քաղաքն իր միջոցներով այդ խնդիրը լուծել չի կարող։  Այստեղ նույնպես միջազգային գործընկերների, դոնորական կազմակերպությունների, բանկերի, վարկերի, պետական օժանդակության կարիք կա»։ Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ունի բավականաչափ կարողություն, գիտելիք ու հմտություն՝ քաղաքը արդյունավետ կառավարելու համար․ «Մեր քաղաքական ուժը մաքուր է, արատավոր չէ հանցավոր կառավարմամբ, թալանչիությամբ, կաշառակերությամբ։ Բոլորը աշխատավոր մարդիկ են։ Գյումրեցիները ինձ շատ լավ գիտեն, նոր չեն ծանոթանում, գիտեն իմ անցած աշխատանքային փորձն ու կենսագրությունը։ 9 տարի ավագանու անդամ եմ եղել, կուզեն՝ կընտրեն, կկառավարենք, չեն ընտրի՝ կկառավարեն նրանք, որոնց կընտրի ժողովուրդը», եզրափակեց Լևոն Բարսեղյանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:34 - 14 հոկտեմբերի, 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլնի, որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: Կառավարությունը նշում է նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, ըստ կառավարության նախագծի, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն, քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, և, հետևաբար, անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:
13:45 - 14 հոկտեմբերի, 2021
ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնելու համար

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնելու համար

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնադրելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց մի նախագիծ, որը, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ղեկավար Դավիթ Փափազյանի խոսքով, կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության տված խոստումը։ «Կարեւորում ենք այն հանգամանքը, որ գործարքն իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում, եւ որպես ծրագիր՝ ստացել ենք առավելագւոյն կենսունակ մոդել։ Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է Air Arabia ընկերության մոդելի մոտ քսան տարվա դրական փորձը»,- ասաց Փափազյանը՝ հավելելով, որ սա առաջին անգամ հնարավորություն է տալիս երկարաժամկետ մրցունակ եւ կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող։  Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն:  Նախագծից տեղեկանում ենք, որ այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:  Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան, որը, ինչպես նշված է նախագծում, հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող:  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ․ «Նման գործարքի միջոցով տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության կողմից հատկապես կարևորվում է COVID-19-ով պայմանավորված զբոսաշրջության և հարակից ոլորտում ծագած խնդիրների հաղթահարման համատեքստում: Էյր Արաբիայի հետ սերտ գործընկերությունը օգտակար կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման համար, իսկ նման ընկերության հարուստ փորձի տեղայնացումը կլինի նախկինում ծագած խնդիրների կարգավորման ուղղություններից մեկը»:  ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ ելքերի ավելացում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի հավելումն Փափազյանի խոսքի, նշեց, որ 2018—ին արձանագրել են, որ կարեւորում են Հայաստանում հայկական ավիաընկերությունների ստեղծման եւ զարգացման նպատակը․ «Այդ առումով կառավարությունը որոշակի դերակատարում պիտի ունենա։ Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում հայկական այլ ավիաընկերություններ չպետք է լինեն եւ չեն կարող լինել։ Տվյալ դեպքում ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով Էյր Արաբիա ընկերության հետ, հետեւյալ գործողությունն են անում․ կառավարությունն ու Էյր Արաբիայի դուստր ընկերությունը ներդնում են գումար՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար։ Էյր Արաբիան ունի ավիաընկերություն ստեղծելու եւ զարգացնելու փորձառություն, եւ այս փորձառության բերումով է, որ մենք այսպիսի գործընկերությունը կարեւոր ենք համարում։ Այս համատեղ ներդրմամբ Էյր Արաբիային  հրավիրում ենք համատեղ հիմնադրել եւ կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա» ավիաընկերություն»։ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազգային փոխադրող հասկացության վերաբերյալ հարցին՝ ասելով, որ Հայաստանի օրենսդրությամբ այդ հասկացությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ընկերություն, որը գրանցված է ՀՀ-ում՝ որպես հայկական ընկերություն․ «Այս իրավիճակը մենք շարունակելու ենք պահպանել։ Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու եւ գործելու է հավասար մրցակցային դաշտում։ Միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում այստեղ։ Ես գիտեմ, որ կան որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում մեղմ ասած տհաճ հիշողություններ ունենք, բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաեւ, որ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում։ Բայց կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»։
13:18 - 14 հոկտեմբերի, 2021
Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին կփոխհատուցվի ոռոգման ջրի վարձավճարը

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին կփոխհատուցվի ոռոգման ջրի վարձավճարը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։ Այս որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ: Նախագծում նշված է, որ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավելի է 2-3 անգամ․ «Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 4 հազ.մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով Ծրագրի շրջանակներում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ»,- ասված է նախագծում՝ հավելմամբ, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով: Կառավարությունն ակնալում է, որ որոշման նախագիծը հնարավորություն կտա 1 հա հողատարածքի հաշվարկով կատարել ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործում, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավվում, ոռոգվող հողատարածքների ավելացում, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցում:
12:33 - 14 հոկտեմբերի, 2021