Ինֆոքոմ

Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ․ հունվարի 1-ից կդադարեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:  Նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծի ընդունվելու դեպքում 2022թ․ կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ «Բայց այս նախագիծը գումարի խնայողության մասին չէ, սա շատ կարեւոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ, եւ եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով եւ որոնց պայմանները լավանցելով, կառավարումը լավացնելով՝ կկարողանանք հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը, լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, լուծել այդ համակարգում աշխատողների մի շարք կարեւոր հարցեր»,- նշեց Անդրեասյանը։ Նրա հայտնեց, որ այժմ ունենք 5346 լրակազմ, այսինքն՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազկվածները, բայց այն համալրված է 2113-ով, եւ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը․ «Սա իհարկե հետեւանք է վերջին տարիների տքնաջան, քրեական արդարադատության ոլորտում արված մի շարք բարեփոխումների եւ աշխատանքների, քանի որ դրանք եղել են շատ մարդակենտրոն, ունեցել ենք այսպիսի բեռնաթափում։ Համեմատության համար ասեմ՝ օրինակ, որ տարիներ առաջ ունեինք 4530 կալանավոր եւ դատապարտյալ, իսկ հիմա թիվը գրեթե կեսն է»։ Ամփոփելով՝ նախարարը ասաց, որ կա խնդիր, որ 280 հաստիքի կրճատում է լիենլու, սա կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ առանձին քաղաքացիների մոտ, բայց խնդիր կա որոշակի վեթթինգ իրակացնելու նաեւ ՔԿՀ-ում․ «Այդ 280 մարդուց 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ Մենք էստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատելու այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող մեր ՔԿՀ աշխատակիցների համար»։ Նիկոլ Փաշինյանը եւս շեշտեց, որ ՀՀ-ում կալանավորված եւ դատապարտված անձանց պատմական մինիմումն է․ «Բավական երկար ժամանակ մենք ունենք նման իրավիճակ, եւ սրա շնորհիվ է, որ այսօր այս որոշումը կարողանում ենք կայացնել, որովհետեւ եթե մեր կալանավորված եւ դատապարտված մարդկանց թիվը լիներ մեծ, այս որոշումը չէինք կարող կայացնել»։  Փաշինյանը հավելեց, որ ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես՝ «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում դատապարտված անձինք պահվում են անմարդկային պայմաններում։ Նա նշեց, որ ՔԿՀ-ները, ցավոք սրտի, շատ երկար ժամանակ, նաեւ հիմա հանցագործ արտադրող ձեռնարկություններ են՝ հավելելով, որ պետք է առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ ստեղծելու խնդիր լուծեն առաջիկայում։  Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ներում սննդի հարցին՝ ընդգծելով, որ սնունդը արժանապատիվ է հիմա, եւնախկինում այդպես չի եղել։
12:36 - 28 հոկտեմբերի, 2021
Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված է։ Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 307 և թոքային օդափոխության միացված՝ 152 քաղաքացի։ Պետք է նշեմ, որ այս շտամի (Covid19-ի դելտա շտամ - խմբ․) առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում»,- նշեց նա։ Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ․ «Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։ Նախարարը ներկայացրեն նաև, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները․ «Ընդհանուր առմամբ, այս պահին դրական, ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացու շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված է»։ Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում շատ երկրներ գնում են լոքդաունների, բայց մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք չպետք է գնանք լոքդաունների։ Վարչապետը չբացառեց, որ նոր որոշումներ կլինեն, և առաջիկայում կգնան նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ «Առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են։ Մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
11:30 - 28 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը: Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021
«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

Այն բալանսը, որը Ռուսաստանը և Թուրքիան մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, դուր չի գալիս մի շարք զարգացած երկրների։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափին և դրա շուրջ վերջերս արված որոշ հայտարարությունների։ Սարո Սարոյանը կարծում է, որ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է ՌԴ-ի և Թուրքիայի՝ այլ տերությունների հետ փոխգործակցության և առճակատման հարաբերակցությունից․ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է նրանից, թե որքանով Ռուսաստանը և Թուրքիան կարող են աշխարհաքաղաքական այլ ուժերի, այլ երկրների, այլ տերությունների համոզել կամ փաստի առաջ կանգնեցնել՝ այդ ձևաչափը կյանքի կոչելու առումով։ Այն բալանսը, որ իրենք մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, չի ընդունվում այլ զարգացած երկրների կողմից, գերտերությունների կողմից։ ՌԴ-ի և Թուրքիայի խնդիրը, բնականաբար, իրենց հաստատած բալանսը ինչ-որ ձևով պարտադրել, ինչ-որ ձևով համոզել, ինչ-որ ձևով կյանքի կոչելն է»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ձևաչափը վտանգներ է պարունակում Իրանի համար։ Ըստ նրա՝ Իրանը տարիներ հետո իր հյուսիս-արևմտյան սահմանների ողջ երկայնքով ունենալու է մի պատնեշ, որի պատճառով չի կարողանալու արտաքին աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ վտանգներին հակազդելու համար Իրանը արդեն քայլեր է ձեռնարկել․ «Իրանը, ըստ էության, ցույց տվեց, որ կարմիր գծեր կան, և երբեք թույլ չի տա, որ այդ կարմիր գծերը անցնեն։ Դրանք կապված են Սյունիքի հետ և Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ։ Այդ տեսանկյունից ստվերում ուրիշ բան չկա, ինչ ցուցադրել է վերջին 2-3 ամսվա ընթացքում, հենց դա է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ վարագույրի ետևում բոլոր այլ կոնֆիգուրացիաները իր դեմ են լինելու։ Իրանը չի կարող այլ բան անել, եթե ոչ պաշտպանել այն ստատուս-քվոն, որը հիմա կա Հարավային Կովկասում, սրանից ավելի ստատուս-քվոյի փոփոխությունը իր անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»։ Սարո Սարոյանի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը բացասաբար է ընկալվում նաև Արևմուտքի երկրների կողմից․ «Տեսել ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի ուղղակի գործողությունները։ Հայոց ցեղասպանության ընդունումը նույնպես այդ կոնտեքստում պետք է դիտարկել։ Բոլորն էլ հասկանում են, որ դա քաղաքական, ոչ թե բարոյական ակտ էր և առաջին հերթին Թուրքիային էր ուղղված։ Այս տեսանկյունից էր պետք հասկանալ՝ ինչ խնդիր կար, որ իրենք Ցեղասպանությունը ճանաչեցին։ Իսկ խնդիրը կապված է Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման ընդհանուր քաղաքական գծի հետ։ Իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման կարգի զարգացումները»։ Քաղաքագետը նշում է նաև, որ ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է տապալել «3+3» ձևաչափը․ «ԱՄՆ-ն հիմա շատ ակտիվ է, և, ըստ էության, Վրաստանում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելու խնդիր է առաջ եկել։ Դա «3+3»-ը տապալելու մեխանիզմ է, որը իրենք գործարկում են։ Այն բալանսը, որը Ռուսաստանը ու Թուրքիան հաստատել են և ուզում են ներգրավվել նաև Իրանին, ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է դրա դեմն առնել, բլոկել»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել այս ձևաչափը Հայաստանի համար, Սարոյանն ասում է, որ ձևաչափի պտուղները, այն է՝ մեծ տերությունների կողմից Հարավային Կովկասի փոքր տերություններին իրենց որոշումները պարտադրելը, մենք արդեն քաղել ենք․ «Այդ դասավորության մեջ փոքրերը ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է նայեն որևէ պետությանը և փորձեն իրենից աջակցություն ստանալ։ Հայաստանը պետք է նայի Ռուսաստանին, Ադրբեջանը պետք է նայի Թուրքիային, Վրաստանը չգիտի՝ ուր պետք է նայի, դրա համար այդքան էլ շահագրգռված չի։ Այս դեպքում նշանակում է, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը, Ադրբեջանի խնդիրները՝ Թուրքիան։ Ստացվում է՝ իրենք իրար մեջ պետք է առևտուր անեն և իրենց որոշումը ներկայացնեն Հայաստանին, Հայաստանը այդտեղ ոչինչ չի կարող շահել։ Սա է ձևաչափի ամբողջ իմաստը»։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը տեսքի է բերելու այն համաձայնությունները, որոնք կայացվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ «Դա ընդամենը որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է՝ ասելու համար, որ կողմերն են այդպես ցանկացել, և տարածաշրջանում բոլոր երկրները գոհ են։ Իրականում այդ ձևաչափը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունների և որոշումների խնդիրն է լուծում»,-ասում է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը և Թուրքիան այլոց շահերը մանրադրամի վերածելով, սեփական շահերն են սպասարկում։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է՝ մեծ հավանականություն կա, որ այս ձևաչափը կտապալվի, որովհետև որքան էլ Թուրքիան ու Ռուսաստանը ինտենսիվորեն աշխատում են և փորձում են Հարավային Կովկասը դարձնել իրենց որոշումների կայացման տարածաշրջան, այնուամենայնիվ, մյուս երկրների կողմից կա մեծ հակազդեցություն։ Տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափ ստեղծելու մտադրության վերաբերյալ հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Հնարավոր ձևաչափում ընդգրկվելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով այս ձևաչափին, ասել էր, որ մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թ․-ի հրադադարի համաձայնագիրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ ձևաչափի հնարավորինս արագ գործարկման հույս ունի, և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել այդ ձևաչափի ստեղծմանը։ 
10:59 - 27 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը ընդունվեց Ազգային ժողովի նիստի ժամանակ 83 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր╗ խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ցանկացած խնդիր, որը հանրության հետաքրքրությունների դաշտում է, պետք է պարզ, բաց եւ թափանցիկ կերպով քննվի, եւ եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տալ պատասխաններ։ «Ես որպես կառավարող խմբակցության քարտուղար պետք է արձանագրեմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց բնականաբար այս ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի եւ օբյեկտիվ քննության դաշտում։ Հստակորեն կարող եմ ասել, որ այս քննիչ հանձնաժողովը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հանձնաժողովի բոլոր գործառույթները։»,- ասաց նա՝ հավելելոց, որ խորհուրդ կտա ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետեւ եթե մտնեն այդ դաշտ, կարող է պարզվել, որ նույն Հիմնադրամը տարիներ շարունակ շատ ու շատ գումարներ է վատնել, շատ ու շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել, եւ ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումարն է հանդիսացել։ «Ուզում եմ նշել, որ  ցանկացած հարց, որը հանրությանը հետաքրքրում է, մեր դիտարկման եւ մեր վերլուծությունների պրիզմայի ներքո, եւ կարծում եմ, որ քվեարկությամբ եւս մեկ անգամ կհամոզվեք, որ չկան այնպիսի հարցեր, որ քաղաքական ուժի համար կարող են դառնալ խոցելի»,- ընդգծեց նա։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում հավելեց․ «Քվեարկության է դրվել փաստացի փոփոխված, այսինքն՝ 11 անդամ նախատեսող հանձնաժողովի տարբերակը»։ Արձագանքելով Տիգրանյանի ելույթին՝ նա ասաց, որ երբ ԱԺ-ում հնչում են առաջարկներ զերծ պահել որեւէ բանը քաղաքականությունից, իր համար անընկալելի է, որովհետեւ նույնիսկ Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքները բավականաչափ քաղաքականացված էին՝ գոնե հայտարարությունների մակարդակով․ «Մեր նպատակն է մեզ պատվիրակած ՀՀ քաղաքացիների եւ մեր այստեղ չպատվիրակած քաղաքացիների հարցերին պատասխաններ գտնելը»։ Քվեարկությունից առաջ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով ասաց, որ շատ կարեւոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, քննիչ հանձնաժողովների ձեւավորումը։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու։
10:57 - 27 հոկտեմբերի, 2021
Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ասաց, որ Սփյուռքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է տարվում․ «Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ըննդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները, դա շատ օգտակար աշխատանք է, ես ողջունում եմ, հենց դա ընդդիմության առաքելություններից մեկն է։ Պակաս սրիկայություն չի, որ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, կներեք այդ բառի համար դեբոշներ։ Սա էլ է սրիկայություն»։ Վիգեն Խաչատրյանի այս ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է։ Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնցոր քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել» Մանուկյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով էթիկայի կանոննների մասին։ «Դուք ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անուն տվեք։ Մանուկյանն էլ ասաց, որ կարող է բառացի մեջբերել Վիգեն Խաչատրյանի խոսքը։  «Այսինքն՝ դուք Վիգեն Խաչատրյանին դավաճան ե՞ք համարում»,- ասաց Ռուբիյանը և Գեղամ Մանուկյանի խոսափողը անջատելու ցուցում տվեց։ Ռուբինյանը հորդորեց Մանուկյանին զբաղեցնել իր տեղը։ Մանուկյանը չէր հեռանում ամբիոնի մոտից, ուստի Ռուբինյանի հորդորով նրան ամբիոնի մոտից հեռացրին անվտանգության աշխատակիցները․ նիստն ընդմիջվեց։
13:41 - 26 հոկտեմբերի, 2021
Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը  բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ-ն զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Արդբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»։ Նրա խոսքով՝ գոնե մինչև 2018 թ․-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա․ «Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով»։
13:15 - 25 հոկտեմբերի, 2021
Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
2022 թ․-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխա պետության կողմից կստանա 50.000 դրամ աջակցություն

2022 թ․-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխա պետության կողմից կստանա 50.000 դրամ աջակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց,, որ  2022 թ․-ի պետական բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ։ «Նշանային կետերից մեկը, որոնց մասին ես ուզում եմ հիշեցնել և ընդգծել, հետևյալն է․ մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022 թ․-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50.000 դրամ ֆինանսական աջակցության ձևով և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։ Այս ծրագիրը մեկնարկում է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և նույնիսկ շատ սիրելի ծրագիր է։ Հույս ունեմ, որ իսկապես սա մեր նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն։ Այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն 2 երեխա, կաջակցի, որպեսզի նրանք բազմազավակ ընտանքի դառնալու հարցում որոշում կայացնեն։ Սակայն պետք է նշել, որ հեռու ենք այն մտքից, թե 2022 թ․-ի պետական բյուջեն կլուծիմեր առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Բազմաթիվ այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված»։
12:03 - 25 հոկտեմբերի, 2021
Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինաշխատանքները եւ նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ՝ այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատոըթյունների ակռուցումը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022թ․ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ «2022-ին միայն գիտության ֆինանասավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է անձի կրթույթունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ․ սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության եւ տեխնելեգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձեւեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ գումարի ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական միջամտություն՝ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյուանվետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարեւոր է պլանավորման եւ իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությանը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների եւ, հետեւաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման»,- ասաց Փաշինյանը։ Նա կարեւորեց մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ նշեց, որ կառավարության ջանքերն այդ առումով սկսել են արդյունքներ տալ։
11:51 - 25 հոկտեմբերի, 2021
2022 թ․-ի պաշտպանական բյուջեն 2021 թ․-ի պլանի համեմատ ավելի է 11%-ով և կազմում է ավելի քան 345 միլարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

2022 թ․-ի պաշտպանական բյուջեն 2021 թ․-ի պլանի համեմատ ավելի է 11%-ով և կազմում է ավելի քան 345 միլարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց առաջիկա տարվա բյուջեի երեք առաջնահերթությունները․ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավվում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ «2022 թ․-ի պաշտպանական բյուջեն 2021 թ․-ի պլանի  համեմատ ավելի է 11%-ով՝ կազմելով ավելի քան 345 միլարդ դրամին։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»։ Փաշինյանի խոսքով՝ անվտանգային նոր միջավայրում  երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջանհերթություն․ «Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։ ՀՀ տարածքից, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»։ Անդրադառնալով երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար, ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի․«Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»։ Վարչապետը հավելեց նաև, որ տարածաշրջանի տրանսպորտային և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար։
11:15 - 25 հոկտեմբերի, 2021
Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները

Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մրցույթ էր հայտարարել մայրաքաղաք Երևանում և Արարատի մարզում ռադիոյի հեռարձակման լիցենզավորում տրամադրելու համար։ Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթը միանգամից երեք հաճախականությունների համար էր (93․2, 96․3 և 99․7 ՄՀց):  ՀՌՀ-ի՝ օգոստոսի 13-ի նիստում ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Մայրաքաղաքային սփռման 93․2 ՄՀց հաճախանականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 4 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Զարկ մեդիա» ՍՊԸ։  Այս մրցույթում հաղթել է  «Զարկ մեդիան»։ 96․3 ՄՀց  հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 3 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ։ Մրցույթում հաղթել է «Հիբրիդ բրոդքասթինգ» ընկերությունը։ 99․7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման համար դիմել էր 5 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Էֆ-Էմ» ՍՊԸ, «Հոուփ մեդիա» ՍՊԸ։ Այս մրցույթում հաղթել է «Էֆ-Էմ» ընկերությունը։ Ինչպես տեսնում ենք, «Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը դիմել են միանգամից 3 հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար մրցույթներին։ ՀՌՀ անդամները (Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ), Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Արմեն Մկրտչյան, Ռոլանդ Շառոյան), ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների հայտերը, գնահատել են նրանց՝ ըստ մի քանի չափանիշների սեփական արտադրության հաղորդումների գերակայություն,  հայերեն հաղորդումների գերակայություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայություն։ Այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցողը  լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, գնահատելիս հաշվի է առնվում նաև մասնակցի գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։ ՀՌՀ-ից խնդրել էինք մեզ տրամադրել լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների վարկանիշային գնահատման արդյունքները։ ՀՌՀ-ից մեզ չեն տրամադրել միայն մրցույթի մասնակիցների ֆինանսական միջոցների և աշխատակազմի պատրաստավածության մասին տվյալները, քանի որ, ինչպես նշել է հանձնաժողովը, այդ տվյալները պարունակում են աձնական, բանկային և առևտրային գաղտնիք։ «Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որոնք դիմել էին երեք հաճախականությունների մրցույթների համար, իրենց ներկայացրած միևնույն ծրագրերի համար երեք մրցույթներում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից և ՀՌՀ անդամ Դավիթ Ամալյանից ստացել են տարբեր գնահատականներ։  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն, օրինակ, «։Բուն» հիմնադրամին սեփական արտադրության հաղորդումների գերակայության համար մի դեպքում գնահատել է 19, երկու դեպքում՝ 11, հայերեն հաղորդումների գերակայության համար մի դեպում՝ 19, մի դեպքում՝ 14, մի դեպքում՝ 13, բազմակարծության համար մի դեպքում՝ 17, մի դեպքում՝ 9, մի դեպքում՝ 10, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների համար մի դեպքում՝ 12, երկու դեպքում՝ 15, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության համար մի դեպքում 13, երկու դեպքում՝ 16, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության համար մի դեպքում՝ 18, երկու դեպքում՝ 11։ Փոփոխություններ եղել են նաև «Հիբրիդ փրոդքասթինգի» գնահատականներում։ «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականները Տիգրան Հակոբյանը թողել է անփոփոխ։  Դավիթ Ամալյանը մրցույթների ժամանակ երեք ընկերությունների գնահատականներն էլ փոխել է։ Ստորև կարող եք տեսնել ՀՌՀ բոլոր անդամների՝ երեք ընկերություններին տված գնահատականները, ինչպես նաև Տ․ Հակոբյանի և Դ․ Ամալյանի գնահատականների փոփոխությունները։     ՀՌՀ-ից պարզաբանում էինք խնդրել, թե ինչու են որոշ դեպքերում միևնույն ծրագրերը տարբեր կերպ գնահատվել։ Հանձնաժողովից պատասխանել են, որ այս մասնակիցները, քանի որ միանգամից երեք մրցույթի համար են դիմել, գնահատվել են յուրաքանչյուր մրցույթում ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում։ Առաջին մրցույթին, բացի նշված երեք ընկերություններից, մասնակցել է «Զարկ մեդիա» ՍՊԸ-ն, երկրորդ մրցույթի միակ մասնակիցները եղել են երեք ընկերությունները, երրորդ մրցույթին այդ երեքի հետ մասնակցել են նար «Հուփ մեդիա» և «Էֆ-Էմ» ընկերությունները։ Եթե, ինչպես նշված է ՀՌՀ-ի պատասխանում, միևնույն մասնակիցները տարբեր մրցույթներում գնահատվել են ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում, ապա հարց է առաջանում, թե ինչու երեք ընկերությունների գնահատականները չեն փոխվել համամասնորեն այն դեպքում, երբ նրանք միասին են մասնակցել բոլոր մրցույթներին, իսկ առաջին ու երրորդ մրցույթների ժամանակ ավելացել են նոր մասնակիցներ։ Տիգրան Հակոբյանն, օրինակ, «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականներն անփոփոխ է թողել երեք մրցույթների ժամանակ, «Հիբրիդ բրոդքասթինգ» ՍՊԸ-ի գնահատականներում կատարել է 1 կամ 2 միավորի փոփոխություն, իսկ «։Բուն» հիմնադրամի գնահատականներում եղել են 3-8 միավորի տատանանումներ։։ Դավիթ Ամալյանի գնահատականներում կտրուկ փոփոխություններ չեն եղել, սակայն նրա դեպքում ևս երեք ընկերությունների գնահատականները համամասնորեն չեն փոխվել։ ՀՌՀ անդամների գնահատականներում հստակ չէ ևս մի դրվագ։ Մրցույթի մասնակիցներից «Էֆ-էմ» ընկերությունն իր ծրագրում նշել է, որ իրենց մոտ գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։ «Հոուփ մեդիա»-ն ծրագրում նշել է, որ իր բոլոր հաղորդումներն են լինելու սեփական արտադրության։ ՀՌՀ բոլոր անդամները «Էֆ-էմ»-ին տվել են ավելի բարձր գնահատականներ (ըստ ՀՌՀ անդամների հերթական համարների՝ 18, 18, 18, 18, 17, 17, 17), քան «Հոուփ մեդիային» (գանահատկանները՝ 16, 15, 17, 16, 16, 16, 16)։ «Էֆ-էմ» ընկերությանը հայերեն հաղորդումների գերակայության համար ՀՌՀ անդամներից 6-ը (Տիգրան Հակոբյան, Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Ռոլանդ Շառոյան) ամենաբարձր գնահատականներն են տվել (17, 18, 19, 19, 17, 18)։ Սա այն դեպքում, երբ այս ընկերությունն իր ծրագրում նշել է միայն, որ իր հաղորդուներում գերակշռելու են սեփական և հայրենական (նույնն է՝ հայերենով) հաղորդումները, իսկ, օրինակ, «Հոուփ մեդիա»-ն նշել է, որ իր հաղորդումների 80%-ն է լինելու հայերենով։  Հանձնաժողովը, սեփական արտադրության հաղորդումների գնահատման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, նշել է․ «Հոուփ մեդիա» ՍՊ ընկերության ներկայացրած փաստաթղթերում թեպետ նշված է, որ բոլոր հաղորդումները իրենք են ստեղծում, սեփական արտադրության են, սակայն նշվել է նաև, որ հաղորդումների 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նմանատիպ հաղորդաշարեր»: Ինչ վերաբերում է հայերեն հաղորդումների գերակայության համար «Էֆ-էմ» ընկերությանն ամենաբարձր գնահատականներ տալուն, խնդրել էինք ՀՌՀ-ին մեկնաբանել, թե թվային ինչ արժեքով են ընկալել «հաղորդումները գերակշռելու են» ձևակերպումը և ինչպես են այդ ձևակերպումն այլ ընկերության նշած «80% հայերեն հաղորդումներ» ձևակերպման հետ համեմատել։ ՀՌՀ-ն չէր պատասխանել մեր հարցին՝ խնդրելով «բառերի իմաստային բացատրության համար դիմել Լեզվի կոմիտե»։ Այս պատասխանից հետո մենք դիմեցինք Լեզվի կոմիտե՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք «գերակշռել» բառը թվային/տոկոսային արտահայտություն կարո՞ղ է ունենալ, և որքան կարող ենք հասկանալ, երբ ասում ենք՝ որևէ բան գերակշռում է։ Լեզվի կոմիտեից մեզ հայտնեցին, որ «գերակշռել» բառը «տոկոսային արտահայտություն» ունենալ չի կարող։ Այն որոշակի թիվ չի նշանակում և «թվային արտահայտություն» չունի։ Համաձայն Լեզվի կոմիտեի պատասխանի՝ երբ, դիցուք, ասում ենք՝ «Դրսում գերակշռում են սև ավտոմեքենաները», կարող ենք հասկանալ, որ սև է ավտոմեքենաների, օրինակ 70, 80 կամ 90 տոկոսը։ Այս բառը երբեմն գործածվում է նաև պարզապես մեծ մաս լինելու, մեծամասնություն կազմելու դեպքում։ Այսպիսով, եթե փորձենք համեմատել  «Հոուփ մեդիայի» նշած 80%-ն ու «Էֆ-էմ»-ի նշած «գերակշռելը», չենք կարող ասել, թե որ դեպքում են հայերեն հաղորդումներն ավելի շատ լինելու, քանի որ գերակշռելը կարող է 80%-ից և՛ ավելի լինել, և՛ պակաս։ Այս հարցը, ինչպես նաև Լեզվի կոմիտեի պատասխանն ուղարկեցինք ՀՌՀ՝ խնդրելով լրացուցիչ մեկնաբանություն, և կրկին ստացանք այն պատասխանը, որ «Էֆ-էմ»-ի ծրագրում հակասություն է եղել․ նշվել է, որ հաղորդումների 100%-ը լինելու է սեփական արտադրության, բայց 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նանատիպ հաղորդաշարեր։ Իսկ հայերեն հաղորդումների գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն ՀՌՀ-ն կրկին չէր տվել։ «Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՌՀ անդամների կողմից գնահատականները տրվում են յուրաքանչյուր չափորոշիչի վերաբերյալ ծրագրում ներկայացված դրույթների ընդհանուր համատեքստում»,- հավելել էր հանձնաժողովն իր պատասխանում։   Գլխավոր լուսանկարը՝ ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
16:55 - 22 հոկտեմբերի, 2021
Հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմամբ է պայմանավորված․ Արա Ֆիդանյան

Հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմամբ է պայմանավորված․ Արա Ֆիդանյան

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր՝ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «ՀՀ քաղաքացիության  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ Ոստիկանության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է նվազեցնել անձնագրերի վավերականության ժամկետը։ Ֆիդանյանն ասաց՝ հին անձնագրերի ժամկետի կրճատման նպատակը կենսաչափական անձնագրերի համակարգին անցնելն է․ «Նպատակը բացառապես մեկն է․ այսօր մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մինչև 2022 թ․-ի ավարտը լիովին անցած կլինենք կենսաչափական անձնագրերին և կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմանը։ Այս քայլով մենք փորձ ենք անում հնարավորինս կրճատելու այն անձանց թիվը, որոնք զրկված են լինելու կենսաչափական անձնագրերից։ Եթե մենք  հաջորդ տարվա ընթացքում տանք հին անձնագրերը ևս 10 տարի ժակետով, չենք ունենա ոչ մի գործիքակազմ, որպեսզի այդ անձնագրերը հետագայում փոխարինենք կենսաչափական անձնագրերով։ Ստացվում է, որ մենք առնվազն մինչև 2032 թ․-ը ունենալու ենք քաղաքացիներ, որոնք օգտվելու են հին նմուշի անձնագրերից»։
15:37 - 21 հոկտեմբերի, 2021
Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար ավելի բարձր․ մենք շատ անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը․ իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, եւ մենք, իհարկե, պետք է փորձենք զսպել գնաճը՝ մեր տնօրինման տակ եղող գործիքներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ համագործակցում են Կենտրոնական բանկի հետ՝ ակնկալելով, որ ԿԲ-ն չի թողնի տնտեսության կարեւոր ճյուղերը, ինչպիսին է արտահանումը, վտանգվի։ «Մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ, խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, նաեւ Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի կարողանանք նորմալ կամ ցածր գներով ապրանքներով ապահովելով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Քերոբյանը։ Քերոբյանի խոսքով՝ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ունենք, արդեն 30 հազար տոննա կարոտֆիլ է արտահանվել․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ, եւ եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադառնում է տեղի արտադրանքի գների վրա։ Մենք գիտենք կարոտֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյուկտուրայում մեր ֆերմերներին չպիտի զրկենք իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, եւ եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է»։ Թարմ գյուղմթերքը, ինչպես նշեց Քերոբյանը, հիմնականում ԵԱՏՄ երկրներ է արտահանվում։ Նախարարի ններկայացրած տվյալներով՝ այս պահի դրությամբ180 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, իսկ անցած տարվա ընթացքում մոտ140 հազար։ Քերոբյանը հույս ունի՝ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կբարձրանա։
12:40 - 21 հոկտեմբերի, 2021
Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

«Որեւիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ կառավարության ղեկավարից կազմից որեւէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես ԱԳ նախարարը, ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, եթե հղում ունեք կխնդրեմ ինձ տաք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին հարցին։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ էր հայտարարել, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ։  Դումանյանն ասաց, սակայն, թե մի քիչ այլ կերպ է եղել հայտարարությունը, նրա խոսքով՝ հավանաբար որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսեւորելու մասին խոսք եղել է, բայց ռուսական դպրոց բացելու մասին՝ ոչ․ «Մեր նախարարությունը, ես, որեւիցե շփում չենք ունեցել պարոն Լավրովի հետ։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության, եկեք ծանոթանանք, հասկանանք»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչու է առանձնացվում հատկապես ռուսերենը, ինչին ի պատասխան՝ լրագրողներն ասացին՝ քանի որ այլ երկրի արտգործնախարար չի հայտարարել, որ հետաքրքրված ենք գերմանական կամ չինական դպրոցների բացմամբ․ «Մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով, այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն ու ինֆորմացած կլինենք, ի վերջո հո կաղապարված չենք մեր սահմաններով, 21-րդ դարում շփումների կարիք եւ անհրաժեշտություն ունենք, լեզուների իմացությունն առավելություն է՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ լեզուն»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարն ու հիշեցրեց, որ օրեր առաջ այստեղ էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը՝ մասնակցելու կոնֆերանսի, որի ժամանակ պատերազմի ընթացքում մեր զինվորներին վիրահատած բժիշկներն առաջարկել են մեր բժիշկների վերապատրաստումը կազմակերպել Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում, սակայն ինչքան էլ մեծ է ցանկությունը, բայց մենք լեզվի խոչընդոտ ունենք։ Դումանյանն ասաց, որ ինքը հենց այդ կոնֆերանսի ժամանակ առաջարկել է Բժշկական համալսարանում ֆրանսերեն սովորել, ինչին համաձայնել է նաեւ բուհի ռեկտորը։ Դումանյանի կարծիքով՝ միայն ռուսերենի չէ, այլ լեզուների պոպուլյարիզացիա է հարկավոր, դա, ըստ նրա, շատ հնարավորություններ է բացում։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ նախարարն ասաց, որ այս պահին ոչ Հայաստանում ռուսական դպրոց բացելու, ոչ էլ Ռուսաստանում հայկական դպրոց բացելու քննարկումներ չկան։
12:26 - 21 հոկտեմբերի, 2021