Ինֆոքոմ

ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

Տավուշի մարզի Իջևան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին անցկացվել են ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն կամ 15․86%, իսկ ՔՊ-ն՝ 10 003 ձայն կամ 80․78%։ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։ Նշենք, որ Իջևանում ընտրողների ընդհանուր թիվը  33 090 է, քվեարկությանը մասնակցել է 12 383-ը կամ 37․42%-ը։ Անվավեր քվեաթերթիկների քանակը 414 է։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
09:41 - 15 նոյեմբերի, 2021
«Շանթ դաշինքը» հաղթել է Կապանում․ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

«Շանթ դաշինքը» հաղթել է Կապանում․ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նշենք, որ այստեղ ընտրություններն անցկացվել են համամասնալան ընտրակարգով։ Ըստ նախնական տվյալների՝ առաջատար է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, որին քվեարկել է 13 962 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 69․5%-ը, երկրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5791 ձայն կամ 28․82%, անվավեր քվեաթերթիկները 331-ն են։ Կապանում ընտրելու իրավունք ուներ 31 673 քաղաքացի․ նրանցից քվեարկությանը մասնակցել է 20 087-ը կամ 63․41%-ը։ Նշենք, որ Կապանում «Շանթ Դաշինք»-ի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է, իսկ ՔՊ-ի թեկնածուն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
09:28 - 15 նոյեմբերի, 2021
Հայաստանի հավաքականն ավարտեց աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ խմբում գրավելով 4-րդ տեղը

Հայաստանի հավաքականն ավարտեց աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ խմբում գրավելով 4-րդ տեղը

Ավարտվեց Հայաստան - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը՝ 1։4 հաշվով։ Հայաստանի հավաքականը ավարտեց Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ 12 միավորով գրավելով խմբում 4-րդ տեղը։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայ Հավերցը 14-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Այնուհետև մրցավարը, VAR համակարգով վերանայելով Տարոն Ոսկանյանի մասնակցությամբ դրվագը մեր տուգանային հրապարակում, որոշեց նշանակել 11 մետրանոց հարված Հայաստանի դարպասին։ Այն հաջողությամբ իրացրեց Իլկայ Գյունդողանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։2 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 0։3։ Ապա խաղի կանոնները խախտվեցին մեր հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ, և նշանակվեց 11 մետրանոց հարված Գերմանիայի դարպասին։ Այն անվրեպ իրացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Արդեն 64-րդ րոպեին Յոնաս Հոֆֆմանը հաշիվը դարձրեց 1։4։ Նշենք, որ խմբում առաջատար է Գերմանիայի հավաքականը՝ 24 միավորով, երկրորդ տեղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ 15 միավորով, իսկ երրորդ տեղում Ռումինիայի հավաքականն է՝ 14 միավորով։
23:06 - 14 նոյեմբերի, 2021
ՀՀ-ում պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր չեն գրանցվել, իսկ պատվաստվածների շրջանում COVID-19-ից մահերի վիճակագրությունը դեռ չի ամփոփվել

ՀՀ-ում պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր չեն գրանցվել, իսկ պատվաստվածների շրջանում COVID-19-ից մահերի վիճակագրությունը դեռ չի ամփոփվել

2021-ի ապրիլին Հայաստանում մեկնարկեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած վերջին տվյալների՝ Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ կատարվել է 890 797 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 613 849, երկրորդ դեղաչափ` 276 948։ Պատվաստանյութերը մեր օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակարամիններ են առաջացնում, որոնց օգնությամբ օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելու դեպքում պայքարում է կորոնավիրուսի դեմ։  Պատվաստանյութերը նաև կողմնակի հետևանքներ են ունենում, սակայն պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը: Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև։ Առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։ Պատվաստված մարդկանց շրջանում հազվադեպ արձանագրվում են կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր, սակայն տարբեր երկրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ չպատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը մի քանի անգամ ավելի մեծ է։  Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում օգոստոսին չպատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։  Իսկ «The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։ Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։ Նոյեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատվաստված լինելու պարագայում էլ COVID-19-ից մահեր եղել են՝ ընդգծելով, որ դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը։ Infocom-ը հարցմամբ փորձեց հասկանալ հետևյալը․ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո Հայաստանում գրանցվե՞լ են թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի, միոկարդիտի դեպքեր կամ պատվաստանյութերից առաջացած այլ բարդություններ, պատվաստանյութ ստանալուց հետո գրանցվե՞լ են մահվան դեպքեր, երբ մահը փոխկապակցված է եղել պատվաստանյութի հետ, պատվաստման գործընթացի մեկնարկից ի վեր՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց ո՞ր մասն է եղել պատվաստված։ Մեր առաջին հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են միայն հետևյալը․ «Հայաստանում մինչ պատվաստումները՝ յուրաքանչյուր տարի, գրանցվել են թրոմբոզի, թրոմբոցիտոպենիայի, միոկարդիտի դեպքեր: Պետք է նշել, որ պատվաստումների մեկնարկից հետո բնակչության շրջանում ֆոնային հիվանդությունների, այդ թվում՝ Ձեր կողմից նշվածների փոփոխություն չի եղել»: Ի պատասխան մեր դիտարկմանը, թե այս պատասխանը լիարժեք չէ, և դրանից հնարավոր չէ հասկանալ՝ պատվաստումից հետո կողմնակի լուրջ հետևանքներ եղե՞լ են, թե՞ ոչ, առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց հետևյալը․ «Պատվաստման պատճառով որևէ հիվանդության առաջացման պատճառահետևանքային կապ չկա ապացուցված։ Առողջապահության նախարարը միշտ ասում է, որ չունենք գրանցված որևէ բարդություն, դրանք (գրանցվող դեպքերը- խմբ․) նորմայի մեջ սպասվող շեղումներն են՝ սկսած ջերմությունից մինչև տենդային ցավեր, սրտխառնոցներ»։ Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ նախարարությունից նշել են․ «ՀՀ բնակչության մահացության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրվում է տարեկան կտրվածքով` քաղաքացիական կացության ակտերի հիման վրա: Ինչ վերաբերում է նրան, թե մահը փոխկապակցված եղե՞լ է պատվաստանյութի հետ, ապա տեղեկացնում ենք, որ պատվաստման հետ կապված պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել»: Իսկ մեր վերջին հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով միայն հետևյալը․ «COVID-19-ի դեմ պատվաստված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերը վերլուծելու նպատակով Առողջապահության նախարարությունում հավաքագրվում են տվյալներ, որոնք մինչև տարեվերջ կամփոփվեն»: Ի պատասխան մեր դիտարկմանը, որ եթե տվյալները հավաքագրվում են, ապա նախարարությունն ունի ինչ-որ ժամանակահատվածի վիճակագրություն և կարող է տրամադրել, նախարարի մամուլի խոսնակը նշեց՝ վիճակագրական տվյալները նախքան ամփոփումը չեն հրապարակվում, և հորդորեց սպասել նշված ժամկետին։ Այսպիսով, համաձայն Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո չեն գրանցվել թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի, միոկարդիտի դեպքեր կամ այլ բարդություններ, որոնց կապը պատվաստանյութերի հետ ապացուցված է։ Պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր ևս, ըստ ԱՆ-ի, չեն գրանցվել։ Ինչ վերաբերում է պատվաստված մարդկանց շրջանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերին, նախարարությունը հրաժարվեց տվյալներ տրամադրել՝ պնդելով, որ այդ վիճակագրությունը կհրապարակվի տարեվերջին։ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի արդյունավետության, ինչպես նաև հակացուցումների ու կողմնակի հետևանքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ և այստեղ։ Աննա Սահակյան
17:34 - 13 նոյեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարվելուց հետո «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այս տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու ենթադրյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնցով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել են 3 քրեական գործեր։  Քրգործերից մեկը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Մյուս երկու քրգործերը եւս հարուցվել են ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով։ Երեք քրգործերը, ինչպես Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հետագայում գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ միացվել են մեկ վարույթում: Օրեր առաջ «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում, որը, սակայն, այժմ լուծարված է։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ղարագյոզյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է լիազորությունների անցման հիմքով։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել․ «Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»,- կարծիք էր հայտնել նա։ Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին՝ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից նշել են, որ գործով դեռևս որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավված չէ․ «Պատշաճ դատախազական հսկողությամբ ձեռնարկվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- վստահեցրել են հարցման պատասծանում: Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 13 նոյեմբերի, 2021
Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։ «Այս սկիզբը անհրաժեշտ է, այն վստահելի է դարձնում քաղաքական այն գործընթացը, որը մենք երկար ժամանակ է քննարկում ենք…Այս վարձկանները կլքեն Լիբիայի տարածքը առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Մակրոնը Փարիզում այսօր կայացած Լիբիայի հարցով միջազգային համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ համոժողովին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան, պաշտոնակատարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
22:49 - 12 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգները շատ անհանգստացած է բելառուսալեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։ «Մենք շատ անհանգստացած ենք Բելառուսի գործողություններով և նրանով, ինչ կատարվում է Լեհաստանի հետ սահմանին: Լուկաշենկոյի ռեժիմը շատ անհանգստացնող գործողություններ է իրականացնում»,- նշել է Հարիսը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջին օրերին Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով «միգրացիոն ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Մինսկը մերժում է բոլոր մեղադրանքները։
22:14 - 12 նոյեմբերի, 2021
Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Նոյեմբերի 2-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով Եվրախորհրդարանի անդամ երկրներում տուժածների համար առաջարկվել է ստեղծել փոխհատուցման ֆոնդ։ Գրառման մեջ նշված են չորս պատվաստանյութերի՝ «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմնակի հետևանքների ու մահվան դեպքերի վերաբերյալ թվեր, ինչպես նաև կցված է Եվրախորհրդարանի կայքում ֆոնդ ստեղծելու առաջարկի հղումը։ Տեղեկությունը հրապարակվել է analitik.am կայքում՝ «Կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել են ավելի քան 5000 մարդ. Եվրապառլամենտ» վերնագրով։   Եվրախորհրդարանում ֆոնդ ստեղծելու առաջարկի հետքերով Առաջին հայացքից թվում է, թե գրառման մեջ ամեն ինչ ճիշտ է․ Եվրախորհրդարանի կայքում իրոք նշված են նույն թվերն ու առաջարկը, և հղում է արվում Դեղերի եվրոպական գործակալությանը, որի կայքում պատվաստանյութերի կողմնակի հետևանքների վերաբերյալ թվային տվյալներ, իրոք, առկա են։ Սակայն իրականում պատվաստումների կողմնակի հետևանքների ու մահերի թվերը մանիպուլյատիվ են ներկայացվում։ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ ստեղծելու մասին բանաձև ընդունելու առաջարկն արել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոնը (Virginie Joron)։ Այն, որ Ժորոնն առաջարկել է այդպիսի ֆոնդ ստեղծել, չի նշանակում, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևը։ Երբ Եվրախորհրդարանի պատգամավորը որևէ բանաձև ընդունելու առաջարկ է անում, այն մի քանի փուլ է անցնում և կարող է ընդունվել միայն քվեարկության դրվելուց հետո։ Եթե փնտրենք Եվրախորհրդարանի կայքում, կտեսնենք, որ այդպիսի ֆոնդ ստեղծելու մասին որևէ բանաձև չի ընդունվել։ Բացի այդ՝ պատվաստումից հետո գրանցված կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացված են համատեքստից կտրված՝ առանց նշելու մի քանի կարևոր կետեր․ Եվրամիության երկրներում որքա՞ն մարդ է պատվաստվել, և պատվաստվածների քանի՞ տոկոսի մոտ են առաջացել կողմնակի հետևանքներ, կամ գրանցվել է մահ։ Որքա՞ն մարդ է ԵՄ երկրներում մահացել հենց կորոնավիրուսային հիվանդությունից, և որքանո՞վ են պատվաստանյութերը նվազեցնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ եթե պատվաստվելուց հետո հաղորդվել է կողմնակի հետևանքի կամ մահվան մասին, պարտադիր չէ, որ դա կապ ունենա հենց պատվաստանյութերի հետ։   Պատվաստվելուց հետո կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ տվյալներ Ինչ վերաբերում է կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ թվերին, ապա Ժորոն առաջարկը ներկայացրել է 2021-ի սեպտեմբերի 23-ին և նշել է այդ պահի դրությամբ առկա տվյալները։ Մենք կներկայացնենք Դեղերի եվրոպական գործակալության վերջին տվյալները։ Այսպես, Դեղերի եվրոպական գործակալության «EudraVigilance» համակարգի նպատակն է Եվրոպական տնտեսական տարածքում թույլատրված դեղերի կասկածելի անբարենպաստ ռեակցիաների (adverse reactions) մասին տեղեկությունների վերլուծությունը։ Այս համակարգի միոցով նշված տարածքի երկրների բնակիչները որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ ստանալուց հետո կարող են հաղորդել կասկածելի հետևանքների մասին։  Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ պատվաստումներին հետևած առողջական խնդիրները պարտադիր չպետք է կապված լինեն պատվաստանյութերի հետ․ դրանք կարող են կապված լինել այլ հիվանդության կամ նույն ժամանակահատվածում ընդունած այլ դեղամիջոցի հետ։ Գործակալությունը պարբերաբար թարմացնում է Եվրոպական տնտեսական տարածքում օգտագործվող պատվաստանյութերի՝  «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» մասին տվյալները։ Բացի կողմնակի հետևանքների մասին տվյալներից՝ գործակալությունը նաև անհատական դեպքերի մասին տվյալներ է ներկայացնում։ Կողմնակի հետևանքների և անհատական դեպքերի մասին տվյալները կարող են չհամընկնել, քանի որ յուրաքանչյուր անհատական դեպք վերաբերում է կոնկրետ մեկ պացիենտի, և մի քանի կողմնակի հետևանքներ կարող են ներառվել մի անհատական բողոքի մեջ։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև․ առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։ Այսպիսով, անհատական դեպքերի մասին վերջին թարմացումը գործակալությունն արել է նոյեմբերի 6-ին։ «Պֆայզերի» դեպքում անհատական դեպքերի թիվը 549 762  է, «Մոդեռնայի» դեպքում՝ 152 101, «Աստրա-Զենեկայի» դեպքում՝ 406 132, «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում՝ 36 166։ Հիշեցնենք՝ այս թվերն ավելի մեծ են, քան Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի նշած թվերը, քանի որ նա առաջարկը ներկայացրել է սեպտեմբերին։ Համաձայն Եվրոպայի՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախորդ շաբաթվա տվյալների (վերցվել են նախորդ շաբաթվա տվյալները, քանի որ անհատական դեպքերի մասին տվյալները վերջին անգամ թարմացվել են նոյեմբերի 6-ին)՝ Եվրոպայի տնտեսական տարածքում ամբողջովին պատվաստվել է 293 341 966 մարդ, իսկ միայն մեկ դեղաչափ ստացել է 297 423 576, այսինքն՝ պատվաստվել է, ընդհանուր առմամբ, 590 765 542 մարդ (ներառված չեն պատվաստանյութերի լրացուցիչ և չդասակարգված դեղաչափերը)։ Եթե գումարենք վերը նշված պատվաստանյութերից հետո «EudraVigilance» համակարգի միջոցով գրանցված անհատական դեպքերը, կստացվի 1 144 161 դեպք, ինչը պատվաստված մարդկանց  ~0,19%-ն է։  Ֆրանսիացի պատգամավորն իր առաջարկում խոսում է նաև պատվաստանյութերից հետո գրանցված մահերի մասին։ Այս տվյալները ևս նա վերցրել է Դեղերի եվրոպական գործակալության կայքից։  Ինչպես արդեն նշեցինք, բացի անհատական դեպքերի մասին հաղորդումներից՝ գործակալությունը յուրաքանչյուր պատվաստանյութի համար ներկայացնում է կողմնակի հետևանքների և գրանցված մահերի մասին տվյալներ՝ շեշտելով․ «Այն փաստը, որ որևէ մեկն առողջական խնդիր է ունեցել կամ մահացել է պատվաստվելուց հետո, պարտադիր չի նշանակում, որ դա եղել է պատվաստանյութի պատճառով։ Պատճառը կարող էին լինել պատվաստանյութի հետ կապ չունեցող առողջական խնդիրները»։  Մենք ներկայացնում ենք գործակալության ամենաթարմ տվյալները, այդ պատճառով պատգամավորի առաջարկում մահվան դեպքերն ավելի քիչ են։ Այսպիսով, ըստ թարմացված վերջին տվյալների՝ մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է «Պֆայզերի» հնարավոր կասկածելի հետևանքների 361 767 դեպքի մասին, որից 5113-ը՝ մահվան ելքով։ Գործակալությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Պֆայզերի» ավելի քան 420 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 210 մլն մարդ, և մահ գրանցվել է պատվաստված մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ «Մոդեռնա» ստացածների շրջանում մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 80 486 դեպքի մասին, որից 495-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Մոդեռնայի» ավելի քան 59.8 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 29,9 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է պատվաստանյութը ստացած մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց շրջանում հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 199 999 դեպքի մասին, որից 1211-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Աստրա-Զենեկայի» ավելի քան 68.7 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 34․35 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց առավելագույնը ~0,004%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Ջոնսոն և Ջոնսոնի» պատաստանյութը ստացած մարդկանց մոտ հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 23 455 դեպքի մասին, որից 171-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են նշված պատվաստանյութի ավելի քան 14.3 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 7․15 մլն մարդ, և մահվան դեպք արձանագրվել է պատվաստանյութ ստացած մարդկանց առավելագույնը 0,002%-ի մոտ։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե որքան մարդ է մահանում հենց կորոնավիրուսից։ Եվրոպայում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 67 527 367 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 345 578 մարդ, այսինքն՝ վարակվածների ~1,99%-ը (ներկայացված են նոյեմբերի 12-ի՝ ժամը 17։55-ի տվյալները)։  Ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոն իր առաջարկում նաև նշել է, որ «Պֆայզեր» պատվաստանյութը ստանալուց հետո 75 000 մարդու մոտ առաջացել են նյարդաբանական լուրջ խնդիրներ։ Նյարդաբանական խնդիրներ են համարվում անոթային խանգարումները, Ֆունկցիոնալ խանգարումները (օրինակ՝ գլխացավ, էպիլեպսիա) և այլն: Դեղերի եվրոպական գործակալության ներկայացրած վերջին տվյալներով՝ «Պֆայզեր» ստացած մարդկանց շրջանում նյարդաբանական լուրջ խնդիրների մասին հաղորդումների թիվը 85 948 է։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա դրությամբ Եվրոպայի տնտեսական տարածքում պատվաստվել է 590 765 542 մարդ, այսինքն՝ նյարդաբանական լուրջ խնդիրներ առաջացել են պատվաստված մարդկանց 0,01%-ի մոտ։ Հոկտեմբերի 25-ին «Nature» գիտական գրախոսվող ամսագրում հրապարակված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել են «Աստրա-Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերից, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությունից հետո նյարդաբանական բարդությունների դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած պատվաստվելուց հետո նյարդաբանական բարդությունների ռիսկ կա, այդ ռիսկն ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո։   Պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ քիչ է COVID-19-ից մահանալու հավանականությունը Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չպատվաստված մարդկանց մոտ շատ ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելու և մահանալու հավանականությունը, քան պատվաստվածների մոտ։ Օգոստոսին ԱՄՆ-ում չպատվաստված մարդկանց մոտ վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։  «The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65-79 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 64,8 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 4,2։ 80+ տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 420,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 14,0։ 18-64 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 3,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 0,8։  Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։ Ամփոփելով նշենք․ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկել է ստեղծել պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ, սակայն նման բանաձև չի ընդունվել։ Analitik.am-ի վերնագիրը մանիպուլյատիվ է․ Եվրախորհրդարանը չի հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է ավելի քան 5000 մարդ։ COVID-19-ի դեմ պատվաստումների կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացնելիս կարևոր է նշել, որ եթե պատվաստվելուց հետո առաջացել են առողջական խնդիրներ, կամ գրանցվել է մահ, պարտադիր չէ, որ պատճառը հենց պատվաստանյութերը լինեն։ Կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու հանավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է։ Տարբեր երկրների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ ավելի քիչ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, քան չպատվաստվածների: Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
21:23 - 12 նոյեմբերի, 2021
ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։ «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։ Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։ Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։
21:06 - 12 նոյեմբերի, 2021
2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է  ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50․000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է․ «Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը»:
15:43 - 12 նոյեմբերի, 2021
Կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակամահաճարակային միջոցառումները կերկարաձգվեն

Կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակամահաճարակային միջոցառումները կերկարաձգվեն

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է երկարաձգել  կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Նախագծի հիմավորման մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային լարված իրավիճակը։ Ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության  ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Նախագծով առաջարկվում է նաև արգելել  ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ Պաշտպանության նախարարության զորամասերում  տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով համապատասխան պահանջների՝ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):
11:52 - 11 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի երեկվա որոշման վերաբերյալ․ «Ս․թ․ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր M2 ավտոճանապարհ, եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ նախորդ հինգշաբթի ինքն այդ ճանապրհով գնացել է Կապան ու վերադարձել եւ կարող է վկայել, որ ստացել են իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար․ «Պիտի ասեմ, չնայած, որ Կապան մեկնելիս եւ վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասննյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի, որոնք ազատ երթեւեկում էին։ Երեկ, մինչեւ կեսգիշեր եւ դրանից հետո Կապան-Տաթեւ հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթեւեկել Կապան-Տաթեւ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։ Ընդգծեմ նաեւ, որ նոր երթուղով Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության ժամկետը չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաեւ այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի է ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ եւ ճանապարհի որակն էականորեն փոխվում է։ Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծաալում աշխատանքներ են իրականացվում Տաթեւ-Լծեն հատվածում, Շուռնուխի եւ Որոտանի եւ այլ հատվածներում եւս»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երթեւեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած՝ մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է։ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ հարցը հնարավորինս արագ կլուծեն։ Իսկ թե ինչպես է պետք վերաբվերբել Ադրբեջանի կայացրած որոշմանը՝ վարչապետը նախ ասաց, թե Ադրբեջանականն անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում․ «Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքաիցների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշատպես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային անձնագրային հսկողության։ Այսինքն՝ երբեւէ չենք քննարկել ու չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն։ Սա ֆիքսված է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատում, այս տրամաբանությունը հրապարակավ հաստատել է նաեւ ՌԴ-ն, եւ թերեւս այս համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»։ Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 2020-ի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության դրույթներին՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով։ Նա ասաց, որ դեռ ավելին՝ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում․ «Հույս ունենք՝ առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։ Վերադառնալով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանը նաւե ընդգծեց, որ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշոտւթյան, անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր։ «Այս չափազանց կարեւոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն եւ ամուր նյարդեր։ ՀՀ-ի շուրջ նոր միջավայր է ձեւավորվում, եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:38 - 11 նոյեմբերի, 2021
ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այս տարվա նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել էր, որ 2022 թ․-ին Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։     Infocom-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտել է, թե գալիք տարվա ընթացքում որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ նախատեսվում։ ԿԸՀ-ից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ հանձնաժողովը սպասվող ընտրությունների վերաբերյալ կարող է որոշակի կանխատեսում կատարել՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության  կանոնակարգումը, ըստ որի ՏԻՄ-երը ընտրվում են 5 տարի ժամկետով։ Այսպիսով,  2022 թ․-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում այն համայնքներում, որտեղ վերջին անգամ ընտրություններ են անցկացվել  5 տարի առաջ՝ 2017թ․-ին։ Իսկ 5 տարի առաջ ընտրություններ են ացնկացվել հետևյալ համայնքներում․ Արագածոտնի մարզի Արագածավան, Ծաղկահովիտ, Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի բերդ, Մեծավան, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Շնող, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնք։  Անդրադառնալով հարցին, թե որ համայնքներում որ ընտրակարգով են անցկացվելու ՏԻՄ ընտրությունները, ԿԸՀ-ից հիշեցրել են Ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները,  որոնց համաձայն մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրառվող  ընտրակարգի վերաբերյալ կարող է կատարել որոշակի կանխատեսումներ՝ հիմք ընդունելով ընտրողների թվի վերաբերյալ այն տվյալները, որոնք առկա են եղել այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների 2017 թ․-ի  ընտրությունների ժամանակ։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Արագածոտնի Ալագյազ, Գեղարքունիքի Շողակաթ և Լոռու մարզի Շնող համայնքներում կանխատեսվում է մեծամասնական ընտրակարգով համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունների անցկացում։ Մնացած համայնքներում կանխատեսվում է համամասնական ընտրակարգով համայնքների ավագանիների ընտրություններ»։ ԿԸՀ-ից տեղեկացրել են նաև, որ 2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշում դեռ չի ընդունվել, որոշումն ընդունվելու դեպքում այն կզետեղվի ԿԸՀ պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի 6 մարզի 9 համայնքներում։  Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ՀՀ 4 մարզի 5 համայնքներում, իսկ դեկտմբերի 5-ին՝ 9 մարզի 38 համայնքներում։ Նանե Ավետիսյան  
16:57 - 10 նոյեմբերի, 2021
«Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ»․ նոր հնարավորություն՝  Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի մասնագետների համար

«Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ»․ նոր հնարավորություն՝ Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի մասնագետների համար

Այս տարվա հուլիսին «Ապագա Հայկականը» նախաձեռնությունն ու «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագիրը էներգետիկայի ոլորտի մասնագետների հետ քննարկում անցկացրին՝ գնահատելու Հայաստանի էներգետիկ հնարավորություններն, ազատությունն ու ապագան։ Կարծիքներ կան, որ համաշխարհային էներգետիկ շուկայում նավթի ու գազի դերի նվազեցումը, ապաեւ արեւային ու քամու էներգիայի զարգացումը Հայաստանին լավ հնարավորություններ են տալիս էներգետիկ ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը դառնալու համար։ Սակայն դրա համար անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել լավագույն փորձն ու համախմբել ոլորտի մասնագետներին, կրթել ապագա պրոֆեսիոնալների։ Հայկ Օհանյանը, որ էներգետիկայի տեխնիկական եւ տնտեսական խորհրդատու է, նավթի եւ գազի գործառնական արդյունավետության փորձագետ, շրջակա միջավայրի կառավարման եւ վերականգնվող էներգիայի մասնագետ Հասմիկ Բարսեղյանի հետ հիմնադրել է «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորել էներգետիկայի ոլորտի հայ մասնագետների նախաձեռնող համայնք՝ նպաստելու մեր երկրի էներգետիկ ոլորտի անվտանգությանը, թափանցիկությանը, ինքնաբավությանը, հասանելիությանը եւ կայունությանը։ Հայկ Օհանյանն ավարտել է Մոսկվայի Կառավարման պետական համալսարանը՝ միջազգային վառելիքի եւ էներգետիկայի բիզնես մասնագիտացմամբ, ապա սովորել է ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար Նավթի ֆրանսիական համալարսարանում (IFP School ) եւ Նավթի ու գազի ռուսական պետական համալսարանում։ Այս պահին նա աշխատում է որպես փորձագետ՝ Ռոսնեֆտի դուստր ձեռնարկություններից մեկում նավթավերամշակման գործարանների գործառնական արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ․ Հայկի պատասխանատվության տիրույթում են ՌԴ ողջ տարածքի նավթավերամշակման 14 գործարանների ֆինանսական արդյունավետության ցուցանիշները։ Վերջինս աշխատում է նաև ավստրիական խորհրդատվական և ինժեներական ընկերության ռուսական գրասենյակի հետ (ILF Consulting Engineers)՝ որպես խորհրդատու, ծրագրերի ղեկավար եւ բիզնեսի զարգացման մենեջեր՝ դաունսթրիմի (նավթի վերամշակում եւ նավթաքիմիա) ոլորտում, էներգետիկայի ոլորտի այլ նախագծերի շրջանակներում։  Իսկ որպես հոբբի՝ Նավթի ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ռուսական ակումբի հիմնադիրն ու ղեկավարն է, Ռուսաստանում Նավթի ֆրանսիական համալսարանի դեսպանը եւ Armenian Energy Professionals-ի՝ էներգետիկայի ոլորտի հայ մասնագետների հարթակի համահիմնադիրը (հարթակին միանալու համար՝ այստեղ եւ այստեղ):  Հայ ֆրիլանսերների հարթակ՝ ամենատարբեր մասնագետների համար Մի քանի տարի առաջ Հայկի մոտ գաղափար առացավ ստեղծել Հայ ֆրիլանսերների հարթակը։ Սա մի հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր ու վճարվող կամ կամավորական առաջադրանքներ կան, իսկ նախագծի առաքելությունը հաջող, արդյունավետ և հարմարավետ գործարար հարաբերություններ ձևավորելն է՝ ամբողջ աշխարհում հայկական բիզնեսի և հայ մասնագետների միջեւ: Նման հարթակ ստեղծելու միտքն առաջ եկավ 2018 թվականին, երբ Հայկը պատրաստվում էր հայր դառնալ ու ակտիվորեն փորձում էր գործարար կապեր հաստատել Հայաստանում եւ Արցախում․ «Երբ ես ու կինս երեխայի էինք սպասում, ես սկսեցի վերաիմաստավորել իմ հայ լինելը, հետագայում՝ որդուս հայ լինելը, մեր կապերը Հայաստանի ու Արցախի հետ։ Ցանկություն կար փոխակերպել պատմական հայրենիքի նկատմամբ սուբյեկտիվ սերը (որը շատ երերուն էր և առավել կոնկրետ փաստերի ֆոնին հակված էր հարթեցման) առավել շոշափելի, առավել կայուն մի բանի։ Այդ ժամանակ ես աճի լուրջ կետեր հայտնաբերեցի գործարար մշակույթում՝ հայ բիզնեսմենների եւ հայկական պետական կառույցների հետ հնարավոր շփումներում։ 2019-ին անցա «իԳործ» ծրագրի ընտրության փուլը, բայց չստացվեց, քանի որ ես փնտրում էի ճկուն ուղիներ՝ իմ եւ ընտանիքիս համար հասկանալի հեռանկարով կապեր հաստատելու համար, ինչը, ցավոք, այս ծրագրի շրջանակներում չգտա։ Բայց սա նախապատմության մի կողմն է»։ Մյուս կողմից, ինչպես Infocom-ին պատմում է Հայկը, ավստրիական խորհրդատվական և ինժեներական ընկերության ռուսական գրասենյակի հետ իրականացվող (ILF Consulting Engineers) մի ծրագրի համար իր թիմին անհրաժեշտ էր բարձր որակավորում ունեցող նավթավերամշակման մասնագետ․  «Ես մտածեցի՝ ընտիր կլիներ գտնել հայկական արմատներով մասնագետի՝ ասենք, Հյուստոնում կամ Մարսելում։ Բայց Ֆեյսբուքով ու Լինկդինով գտնելու փորձերը արդյունք չտվեցին։ Այդ ժամանակ մտածեցի, որ հրաշալի կլիներ ունենալ մի հարթակ, որտեղ հայերն ու ողջ աշխարհից մեր ընկերներն իրենց ծրագրերի համար կարողանային փնտրել մասնագետների, նաեւ ծրագրեր ու առաջադրանքներ՝ իրենց հետաքրքրությունների շրջանակում»։ Քանի որ սա առավել շատ ՏՏ ոլորտի ծրագիր է, իսկ Հայկը դրա մասնագետը չէ, հարթակը միայնակ զարգացնելն ավելի դժվար է․ «Ուստի մեզ պետք են կոմպետենտ մասնագետներ՝ ՏՏ ստարտափերում նախագծերի կառավարման, դրամահավաքի ոլորտում։ Կարելի է ասել, որ կարիքների գնահատումն արդեն կատարված է, այժմ պետք է անցնել զարգացման հաջորդ փուլին։ Իմ պատկերացմամբ՝ դա պետք է լինի պարզ կայք՝  պոտենցիալ ֆրիլանսերների եւ գործատուների համար հարցաթերթիկներով կամ առաջադրանքներով։ Բայց կարող են լինել նաեւ այլ տարբերակներ»,- ասում է Հայկն ու բոլորին հրավիրում միանալ հարթակին՝ որպես մասնագետներ եւ պատվիրատուներ։ Իսկ ովքեր ցանկություն կունենան աջակցել ծրագրի զարգացմանը, հարթակի հիմնադրի հետ կարող են կապ հաստատել Ֆեյսբուքով կամ Լինկդինով․ մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ինքն այս առումով կատարելապես բաց է ցանկացած առաջարկի համար։ Armenian Freelance Network-ը՝ հայ ֆրիլանսերների հարթակը, ֆեյսբուքյան տիրույթում ունի տարբեր մասնագիտություններով մոտ 700 մասնակից՝ շուրջ ինը երկրից։ «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագրի հիմնումը Հետագայում Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ (European Youth Parliament for Water–EYPW), Համաշխարհային էներգետիկ խորհրդի Էներգետիկայի ապագա առաջնորդ Հասմիկ Բարսեղյանը Հայկին առաջարկեց միասին ստեղծել National Future Energy Leaders Armenia-ն՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդի հովանու ներքո։ «Ի դեպ, այս պահին նման նախաձեռնություն կա միայն 15 երկրում՝ Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում, Լատվիայում, Լիբանանում, Նիգերիայում, Պանամայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում,  Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ակնհայտ է, որ նման երկրների կողքին հայտնվելը հեղինակության զգալի առավելություն է, բացի դրանից՝ սա հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանի ու Արցախի համար ակտուալ հարցեր՝ էներգետիկայի ոլորտում նման կարեւոր հարթակում»,- նկատում է մեր զրուցակիցը՝ թվարկելով NFEL Armenia-ի հիմնական առաջնահերթությունները՝  կրթություն, արդյունավետ համագործակցություն, Հայաստանի եւ Արցախի էներգետիկային առնչվող կարեւոր որոշումներին մասնակցություն ու միջազգային համագործակցություն։ NFEL Armenia-ի նպատակներում Հայկն առանձնացնում է նախ Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի տեղական մասնագետների պատրաստմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը, ապա նաեւ էներգետիկ ոլորտում հայ մասնագետների ցանցի ստեղծումը։ Ի թիվս սրանց՝ մեր զրուցակիցը կարեւոր է համարում նաեւ սերունդների միջեւ երկխոսության եւ գիտելիքների փոխանակման խթանումն ու տեղական մակարդակում որոշումների կայացմանը, նաեւ քաղաքականությանը եւ կարգավորող մեխանիզմներին աջակցելը։ Ծրագիրը նպատակ ունի նաեւ խթանել մեր երկրում էներգետիկ ոլորտի թափանցիկությանը։ Այն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում նոր հնարավորություններ կստեղծի հայ մասնագետների համար։ Նախաձեռնության զարգացման ակտիվ փուլն այս տարվա մայիսին է սկսվել։ Ստեղծման պահից ծրագրի հիմնադիրները համագործակցել են «Ապագա հայկականը» շարժման հետ, քանի որ իրենց առաջնահերթությունները հիմնականում համընկել են՝ ստեղծելով բավականին արդյունավետ տանդեմ։  «Մենք «Ապագա հայկականը» նախաձեռնության նպատակներից երկրորդի շրջանակում («Ինքիշխանության» երաշխիք) դարձանք էներգետիկ անվտանգության թեմայով միջնորդը։ Ընթացիկ պահին անցկացրել ենք ընդհանուր առմամբ տասը բաց եւ փակ քննարկում, մեր եւ, հույս ունեմ, լսարանի համար ձեւավորել ենք ավելի կոնկրետ եւ օբյեկտիվ ընկալում Հայաստանի եւ Արցախի էներգետիկ ոլորտի ընթացիկ վիճակի եւ խնդիրների մասին, բացահայտել NFEL Armenia-ի առաջնահերթությունները՝ զարգացման հետագա քայլերի համար։ Բաց հասանելիությամբ դրված մեր տեսանյութերն ընդհանուր առմամբ ունեցել են մոտ 350 000 դիտում, ինչն արդեն ինքնին կարելի է համարել ոչ վատ արդյունք՝ նոր նախաձեռնության համար, բացի դրանից, սա նշան է այն բանի, որ բարձրացված խնդիրները հետաքրքրում են լսարանին»։ Չնայած դրան՝ Հայկը կարծում է, որ NFEL Armenia-ն դեռեւս ձեւավորման փուլում է։ Ըստ նրա՝ այսպիսի ոչ կոմերցիոն նախաձեռնությունները հասունացման ու կայացման բավականին երկար գործընթաց են պահանջում․ «Օրինակ, ինձ գրեթե երեք տարի էր հարկավոր՝ ստաբիլ, աշխատող եւ արդյունավետ ակումբ ձեւավորելու համար․ խոսքը Նավթի ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ռուսական ակումբի մասին է։ Այժմ դրանում ներգրավված են ոլորտի 140 հրաշալի մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ցավոք, ես դա ստիպված էի անել միայնակ։ Շատ դժվար է գտնել նախաձեռնող համախոհներ, որոնք պատրաստ են ժամանակ ծախսել ծրագրի վրա՝ իրենց համար անհայտ արդյունքով, որտեղ չկա բացահայտ շահույթ կամ կարիերային աճ։ Բարեբախտաբար, NFEL Armenia-ի եւ «Էներգետիկայի հայ մասնագետների» հարցում իմ բախտն ավելի բերեց»։ Այս պահին NFEL Armenia-ին միանալու քսան հայտ կա, եւ «Էներգետիկայի հայ մասնագետներ» հարթակի շուրջ հարյուր մասնակից՝ ներառյալ ոլորտի մի շարք նշանավոր մասնագետներ Հայաստանից եւ Արցախից։ Հայկ Օհանյանն ասում է՝ դեռ ավելի շատ աշխատանք է սպասվում այս միությունը ամրապնդելու եւ զարգացնելու համար։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» երիտասարդ հիմնադիրների շրջանում բազմաթիվ գաղափարներ եւ մտքեր կան կարողությունների զարգացման առումով՝ սկսած ոլորտի փորձագետների հետ կանոնավոր վեբինարների կազմակերպումից, վերջացրած արտասահմանյան լավագույն ոլորտային կրթական հաստատություններում շարունակական վերապատրաստումով եւ պրակտիկայի կազմակերպմամբ, Հայաստանի ներսում եւ դրա սահմաններից դուրս տարբեր ձեռնարկություններով, էքսկուրսաիներով։ Սա, Հայկի համոզմամբ, շատ աշխատատար գործ է․ «Մենք բաց ենք համագործակցության ցանկացած առաջարկի համար։ Եւ քանի որ մարդկային ռեսուրսն ամենաարժեքավորն է, մենք աշխատում ենք դրա զարգացման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ ինքներս զգալով, որ գլխովին առաջխաղացման համար որոշակի բաց ունենք մարդկային ռեսուրսների տեսանկյունից»։ Մեր զրուցակիցը պատմում է, որ մի փոքր խմբով հավաքում, քննարկում են ապագա ծրագրերն ու անելիքները։ Խումբը պատերազմի շրջանում ձեւավորել է մոսկովյան մեր սփյուռքի մի երիտասարդ նախաձեռնող՝ Հայկ Մանուկյանը․ մասնակիցներն այդ շրջանում հանդիպում, քննարկում էին իրենց նկատառումները՝ ինչպես Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մասին, այնպես էլ փոխանակվում ակտուալ գաղափարներով ու ծրագրերով․ «Վերջերս ես այս նախաձեռնության մեջ ներգրավեցի նաեւ իմ մյուս ընկերներին ու ծանոթներին, սկսեցի փորձել որոշակի կարգավորումներ ու կառուցվածքայնություն սահմանել՝ թիմակիցների աջակցությամբ։ Սա ամբողջությամբ պարիտետային (այլ կերպ՝ հավասարիրավություն,-հեղ․) կառույց է, եթե այն կարելի է այդպես ասել, որտեղ բոլորը բացարձակ հավասար են։ Ամեն դեպքում, ես ձգտում եմ հենց այդպիսի ձեւաչափ ստեղծել։ Բայց, ընդհանուր առմամբ, արդեն հաջողվել է մի քանի տղաների համախմբել համատեղ նախագծերի եւ գաղափարների շուրջ։ Նրանցից շատերը եկել էին հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացած The FA-ի ռազմավարական նստաշրջանին՝ իրենց ներդրումը բերելով The FA-ի գաղափարների զարգացմանը»։ Հայկը մեր զրույցում պատմում է, այս ամենն անում է, քանի որ զգում է Սփյուռքի իսկապես աշխատող կառույցի պակասը։ Նա մեջբերում է ИА Реалист միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի խոսքերն այն մասին, որ Սփյուռքում համագործակցող համախոհների փոքրաթիվ, ճկուն, դինամիկ, արդյունավետ խմբերի համախոհները, որ ավելի հեռանկարային ձեւաչափ են՝ որպես սփյուռքյան նորացված կառույցներ, լրացուցիչ խթան հանդիսացան այս ձեւաչափի համար։  «Ի դեպ, վերջին հանդիպումներից մեկին մենք հրավիրել էինք Ռուսաստանի հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանին, որն այս ձեւաչափին իր աջակցությունը հայտնեց։ Իսկ նա Ռուսաստանում հայկական սփյուռքի նախաձեռնությունների հետ աշխատանքի բավականին զգալի փորձ ունի»,- եզրափակում է Հայկ Օհանյանը՝ հիշեցնելով, որ NFEL Armenia-ին միանալու համար բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը։ Հայարփի Բաղդասարյան
14:04 - 10 նոյեմբերի, 2021
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Ապարանում ստեղծվելիք զբոսաշրջային գոտում հնարավորություն տալ խաղատների ստեղծում այն պայմաններով, ինչ այժմ Ծաղկաձորում եւ այլ քաղաքներում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Ապարանում ստեղծվելիք զբոսաշրջային գոտում հնարավորություն տալ խաղատների ստեղծում այն պայմաններով, ինչ այժմ Ծաղկաձորում եւ այլ քաղաքներում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել օրենքի նախագծերի փաթեթ, որով ենթադրում է, որ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ին N 1246 – Ա որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրով (Ծրագիր) նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։  Հիշեցնենք՝ հուլիսին գործադիրը հավանությանն էր արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր․  «Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: [․․․] Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդյայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում»,- տեղեկանում ենք ծրագրից։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները, նախարարության մեկնաբանմամբ, նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների․ «Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի ոչ միայն Ծրագրի համար, այլև նմանատիպ այլ զբոսաշրջային կենտրոնների պարագայում ևս, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ՝ հետագայում նմանատիպ ծրագրերի մասով կիրառելու նպատակով»,- ասված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախարարության առաջարկած նախագծերի հիմնավորման մեջ։ Նախագծի ընդունման կապակցությամբ, ինչպես վստահեցնում է նախարարությունը, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
13:50 - 10 նոյեմբերի, 2021