Հայաստան

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայնտում են ՀՀ Ազգային ժողովից։ Ուղերձում նշվում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:  Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է: Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է: Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը: Լույս եւ խաղաղություն մեր նահատակների հոգիներին»:
11:08 - 24 ապրիլի, 2022
Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է․ ՀՀ նախագահի ուղերձը

Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է․ ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում նշվում է. «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին: Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»:
11:03 - 24 ապրիլի, 2022
Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Այս մասին նշում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։ 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։ Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 
11:00 - 24 ապրիլի, 2022
Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել: Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին. Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը: Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս. Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է: Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին. Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է: Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին. Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության: Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին. 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ: Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:
10:33 - 24 ապրիլի, 2022
Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի: Դա ոճրագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ, և խարան՝ բոլոր նրանց համար, ովքեր մինչև հիմա չեն ընդունել ու չեն դատապարտել այն՝ ճանապարհ բացելով նոր կոտորածների ու հանցագործությունների համար: Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման: Ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որովհետև մենք այլընտրանք չունենք, մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում, հող, որը սրբագործվել է հայ ժողովրդի հազարավոր որդիների թափած արյամբ:  Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ»:
10:31 - 24 ապրիլի, 2022
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։ Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման  գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։ Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։ Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ «Հանցանքների հանցանքը» – Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այսօր մենք  գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։
10:15 - 24 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ: Հարգելի հայրենակիցներ, Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ: Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Սիրելի հայրենակիցներ, Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել: Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով: Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ: Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն: Համահայակական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»։ :
10:00 - 24 ապրիլի, 2022
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։  Ըստ աղբյուրի՝ Համագումարը հստակ հասկացրել է, որ «խորապես անհանգստացած է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամով»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»: Համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը կարևորել է «Արցախի հայությանը վերացնելու համառ օրինակն ու փորձը» և հիշեցրել, որ «անցյալ ամսվա սկզբին դաժան ձմռան կեսին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը` մարդկանց թողնելով առանց ջերմության աղբյուրի»։ Համագումարը նամակով նաև կոչ է արել Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին՝ «պահպանելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները»՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող հակասական հայտարարություններ անել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Իլհամ Ալիև և Ռեջեփ Թայիփ Էրդողան դիկտատորներին աջակից երևալով»:   Համագումարը նաև հորդորել է կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։    1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը: Համագումարը անկուսակցական, հարկերից ազատված կազմակերպություն է:
19:56 - 23 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանը հիշեցրեց նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։ Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադի բացման նախագծի կյանքի կոչման համար։
11:22 - 23 ապրիլի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։ Գեորգի Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։ «Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։ Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։
22:16 - 22 ապրիլի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։  Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ: «Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
20:48 - 22 ապրիլի, 2022
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

 |factor.am|

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է նա։ Շառլ Միշելը նաև նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին իրենց երկխոսության գործում աջակցելու հարցում։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:
20:21 - 22 ապրիլի, 2022