Ինֆոքոմ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների մասով։ Նախարարը ներկայացրեց, որ Սյունիքի այն ճանապարհները, որոնց մասին պարբերաբախ խոսվում է, փաստացի յոթն են։ Դրանցից Տաթեւ-Աղվանին համարում են ավարտված․ «Տաթեւ-Աղվանին բավական ժամանակ է՝ երթեւեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։ Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասը՝ մոտ 3,5-4 կմ արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, Սանոսյանի պնդմամբ, գործում է, նորմալ երթեւեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան եւ նշած՝ կառուցվող ճանապարհը, որը, նախարարի խոսքով, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար․ «Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է, այսինքն՝ հիմքը պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն եւ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում է Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- ներկայացրեց նախարարը։ Փաշինյանը ճշտեց՝ մենք արձանագրո՞ւմ ենք, որ չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։ Սանոսյանը հաստատեց, որ չկա․ «Այո, չկա, եւ Որոտանը, եւ Շուռնուխը, եւ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։ Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը նաեւ դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։ Նախարարը վստահեցրեց, որ համայնքների հետ աշխատում են, կարիքների գնահատում են անում։
11:45 - 18 նոյեմբերի, 2021
Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Կառավարությունն այսօր՝ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նախագիծ, որով անհետաձգելի համարեց պետական անվտանգության ապահովման նպատակով Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի,  Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49 - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու  նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ նախատեսված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները հրատապ մեկ անձից ձեռքբերման համար համաձայնություններ և գնառաջարկներ ստանալու նպատակով նախապես կատարվել են հարցումներ, որոնց հիման վրա ընտրվել են ծառայություններ մատուցողները և դրանց պայմանագրային արժեքները:  Ճանապարհների կառուցման և վերակառուցման արժեքը կկազմի 121 մլն դրամ։ Որոշվել է նաև  այս ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 6,655,000.0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Նախագծով ֆինանսական միջոցներ են նախատեսվում նաև 2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կնքված գնման պայմանագրերի կատարման համար:
11:42 - 18 նոյեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել ՌԴ-ն, երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- ընդգծեց Փաշինյանը։ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները՝ առաջարկներն իրագործել փորձելու համար։ Նշենք, որ երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։
11:15 - 18 նոյեմբերի, 2021
Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը՝ «Solidarity center»-ի աջակցությամբ կազմակերպել էր կլորսեղան քննարկում՝ «Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով։ Քննարման սկզբում արհմիության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները բավականին չկարգավորված են հենց աշխատանքային օրենսդրության առումով․ «Աշխատանքային պայմանները բնութագրվում են չնորմավորված գրաֆիկով, չձևակերպված աշխատանքային հարաբերություններով։ Գյուղատնտեսության ոլորտը կյանքի, առողջության համար վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատանք է։ Գյուղաշխատողը առավել վտանգված է նաև այս առումով»։ Տիրուհի Նազարեթյանը նշեց՝ այս ոլորտում խնդիրները լուծելու համար առաջարկում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 2 կոնվենցիաների վավերացմանն ուղղված քայլեր կատարել․ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ունի չորս հիմնարար կոնվենցիաներ, որոնցից 129 կոնվենցիան վերաբերում է տեսչական վերահսկողությանը գյուղատնտեսության ոլորտում․ Այս կոնվենցիան առաջնահերթ է համարվում ԱՄԿ-ի կողմից, քանի որ այն անդրադառնում է անդամ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում տեսչության իրականացմանը, և որպեսզի հնարավոր լինի այդ տեսչությունը իրականացնել, բնականաբար, անդամ երկիրը պետք է իր համակարգում այդ ոլորտի համար ընդունի համապատասխան ներքին օրենսդրություն, որը կկարգավորի գյուղաշխատողների կարգավիճակը, կատեգորիաները, աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկը»։ Երկրորդ կոնվենցիան, որը  առաջարկվում է վավերացնել, ԱՄԿ 184-րդ կոնվենցիան է, որը սահմանում է աշխատանքի անվտանգությունն ու հիգիենան գյուղատնտեսության ոլորտում․ «Առաջնային կարևորություն ունի, որովհետև նույնպես ներպետական օրենսդրությունում գյուղատնտեսության ոլորտում անվտանգության և առողջության պահպանման ազգային քաղաքականության ձևավորմանն ու վերանայմանն է անդրադառնում։ Նպատակը կանխարգելիչ է, այսինքն՝ ոչ թե անընդհատ սոցիալական երաշխիքները ավելացնել, որպեսզի վատ աշխատանքային պայմանների հեռահար հետևանքները վերանան, այլ, հակառակը, կանխարգելիչ միջոցառումների ներդրումն է, որը հնարավորինս կնվազեցնի առողջության հետ կապված խնդիրները, դժբախտ պատահաները և վնասվածքները»։ Փոխնախագահը նաև հավելեց, որ հարցումներ են անկացրել ՀՀ 5 մարզերում՝ հողագործությամբ զբաղվողների շրջանում։ Նա նշեց, որ անդրադարձել են  թունաքիմկատների օգտագործմանը, մասնավորապես գլիֆոսատին։ Գլիֆոսատը (N-(ֆոսֆոնոմեթիլ)-գլիցին) թունաքիմիկատ է, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարելու համար։ Գլիֆոսատ պարունակող թունաքիմիկատների օգտագործումը առավել վնասակար է և վտանգավոր է գյուղաշխատողի առողջության անվտանգության տեսանկյունից (խմբ․)։ Հարցին, թե ինչպիսի նյութեր են օգտագործում մոլախոտերի և անցանկալի նյութերի դեմ պայքարում, գյուղատնտեսությամբ զբաղվողների 77%-ը պատասխանել է, որ օգտագործում է գլիֆոսատ, ուրագան և այլ թունաքիմիկատներ։ Հարցվածների 72%-ը նշել է, որ չեն օգտագործում անհատական պաշտպանության միջոցներ թունաքիմիկատներ օգտագործելիս․ «Այն կազմակերպություններում, որտեղ եղել են օրինական ձևակերպված աշխատանքային հարաբերություններ, և եղել է արհմիութենական կազմակերպություն կամ որոշակի պայմանավորվածություններ, տրամադրվում են կամ պարտադրվում են օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ, ինչը ժամանակավոր աշխատողների կամ սեփական հողատարածությունները մշակողների դեպքում բացակայել են»։ Եզրափակելով խոսքը՝ Տիրուհի Նազարեթյանն ասաց՝ առաջարկում են կամ ՀՀ-ում արգելել գլիֆոսատի օգտագործում, կամ վերահսկողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել։   Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, անդրադառնալով գլիֆոսատի օգտագործմանը, ասաց՝  խնդրիներից մեկը այն է , որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում փոքր մասշատաբի են և հնարավորություն չունեն ճիշտ ցանքաշրջանառություն կազմակերպելու․ «Եթե հնարավորություն լինի ցանքաշրջանառություն կազմակերպել, համոզված եմ, որ մեր գյուղացիների 77%-ը, ովքեր նշել են, որ անպայման օգտագործում են թունաքիմիկատը(գլիֆոսատ), նրանց մի մասը կհրաժարվի դրա օգտագործումից, որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա առողջության համար վնաս է։ Երկրորդը, այսօր, ցավոք սրտի, գյուղատնտեսության ոլորտում ունենք աշխատուժի խնդիր։ Մարդիկ այդ բացը փոխարինում են՝ օգտագործելով այն թունաքիմիկատը, որը անմիջապես ապահովում է որոշակի արդյունք։Հույս ունեմ, որ հետագայում, երբ գյուղատնտեսական ձեռնարկությունների խոշորացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, ինքնաբերաբար այդ թունաքիմիկատի օգտագործման ծավալները կկրճատվի»։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ անդրադարձավ գյուղաշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերին․ «Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները ընդլայնվել են․ ԱԱՏՄ-ն սկսել է դիտարկել նաև աշխատանքային պայմանները, աշխատանքային իրավունքները։  Կառավարության գործունեության մեջ կան կետեր, որոնք ուղղված են աշխատանքային օրենսդրության փոփոխությանը՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության բարձրացման համար։ Միգուցե հետագայում կարելի է քննարկել լիազորությունները 129 կոնվենցիայի շրջանակում, բայց հիմա մենք փորձում ենք ամբողջովին և արդյունավետ իրականացնել այն լիազորությունները, որ ստացել է տեսչական մարմինը»։ Արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը ասաց՝ հետազոտություն են անցկացրել գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների շրջանում՝ պարզելու համար նրանց աշխատանքային պայմանները․ «Շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք աշխատում են վտանգավոր պայմաններում։ Երբ ասում ես՝ ինչու չես կրում համապատասխան պաշտպանիչ միջոց, ասում է՝ իմ աշխատանքը անվտանգ է։ Այսինքն՝ բոլորս շատ աշխատանքներ ունենք անելու, դրա համար ուզում եմ, որ բոլորս դառնանք մի թիմ և իսկապես այդ շղթան սկսենք, որովհետև գյուղատնտեսության ոլորտի խնդիրները բազմապիսի են և դրանց աստիճանաբար պետք է լուծում տրվի»։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) բուսասանիտարիայի վարչության պետք Արթուր Նիկոյանն էլ ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա առնվազն մեկ ագրոնոմ (գյուղատնտեսության մասնագետ). «Այստեղ հիմնական մեխն այն է, որ ագրոնոմը մարդկանց ոչ թե գյուղատնտեսություն սովորեցնի (փորձը ցույց է տվել, որ դրա արդյունավետություն բարձր չի), այլ ինքը այդ գյուղին որպես գյուղատնտես ծառայի։ Այսպիսով կգա նաև հաջորդ խնդրի լուծումը։ Շատ երկրներում թունաքիմիկատները վաճառվում են ռեցեպտով։ Հիմա մեր երկրում ցանկացած մեկը ցանկացած քանակությամբ թունաքիմիկատ կարող է ձեռք բերել, ցանկացած վայրում այդ ամբողջ սրսկել ու երկրորդ օրը հանել շուկա։ Եթե ներդրվի ռեցեպտով վաճառքի համակարգ, ագրոնոմը կայցելի տվյալ դաշտ, և, բնականաբար գյուղացուց ավելի լավ կարող է իմանալ՝ ինչով է վարակված։ Գրում է վարակված, տալիս է, մարդը գնում է, թունաքիմիկատի խանութից ռեցեպտով ձեռք է բերում և սրսկում է։ Եթե հույսներս դնենք մեկի բարեխղճության վրա, կամ մտածենք, որ մենք ամեն մեկի գլխին կարող ենք կանգնել, վերահսկել կամ պատժել, կամ եթե մտածենք, որ գլիֆոսատը արգելելու դեպքում խնդիր է լուծվելու․ չէ, չի լուծվելու»-ասաց նա՝ հավելելով, որ բազմիցս քննարկել են գլիֆոսատի արգելումը, սակայն իրավական հիմք չունեն, քանի որ գլիֆոսատը ընդգրկված չէ կառավարության կողմից արգելված թունաքիմիկատների ցանկում։   Նանե Ավետիսյան
18:00 - 17 նոյեմբերի, 2021
Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի երեկվա հերթական ագրեսիայի համատեքստում դարձյալ քննարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) դիմելու հարցը։ Հայաստանյան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը՝ ի թիվս այլնի նկատի ունենալով նաեւ ՄԱԿ-ին դիմելու հավանականությունը։ Այս համատեքստում այսօր առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրառում էր կատարել ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:  ՄԱԿ ԱԽ քարտուղարին իրավիճակի մասին տեղեկացնելը, սակայն, դեռեւս չի նշանակում դիմել ԱԽ-ին։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ ՄԱԿ ցանկացած անդամ կարող է ՄԱԿ ԱԽ-ին տեղյակ պահել միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող վեճի կամ իրավիճակի մասին, սակայն գոյություն ունի նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ Provisional Rules of Procedure՝ Ընթացակարգի ժամանակավոր կանոնակարգ, որը կարգավորում է, թե Անվտանգության խորհրդում ինչպես են նախաձեռնվում եւ կազմակերպվում քննարկումները։ Այստեղ 3-րդ կանոնը նշում է, որ Անվտանգության խորհրդի նախագահը հրավիրում է հանդիպում-քննարկում, երբ իրավիվիճակը կամ վեճը ներկայացվում է ԱԽ ուշադրությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի հիմքով։ Վերջինում նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այնպիսի իրավիճակի կամ վեճի վրա, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը (հոդված 35, մաս 1-ին. «Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին։», հոդված 34. «Անվտանգության խորհուրդը իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։»,- հեղ․)։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԽ նախագահին իրավիճակի մասին տեղեկացնելը եւ դիմել, հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելը տարբեր գործընթացներ են։ Նրա խոսքով՝ մենք ՄԱԿ-ին կարող ենք տեղեկություն տալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն սրա հիման վրա գործընթացներ չեն կարող նախաձեռնվել։  «Անվտանգության խորհրդի նախագահն ունի ներկայացուցչական գործառույթ, բայց կարգավորումը կախված է նրանից, թե ինչ բովանդակությամբ տեղեկություն է տրամադրվել։ Եթե ընդամենը տեղեկացրել են միջադեպի մասին, դա չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիմում՝ հարցի վրա ուշադրություն դարձնելու եւ գործընթացում ներգրավվելու վերաբերյալ։ Զուտ նամակի առկայությունը բավարար չի կարող գնահատվել պահանջի կատարման համար։ Այստեղ դիմող պետությունը պետք է հիմնավորի, որ այնպիսի իրավիճակի կամ վեճի է առնչվում, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հետեւաբար, դիմող պետությունը նաեւ պարտականություն ունի ապացուցելու ու հիմնավորելու իրավիճակի բնույթը։ Եթե դա կատարեր ԱԽ անդամ-պետությունը, այս բեռը կարող էր չկրել, որովհետեւ նրանք ցանկացած հարցով կարող են դիմել։ Բայց ոչ անդամ-պետությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, եւ դիմելը կարող է հետեւանք առաջացնել, եթե այն, ինչպես նշեցի, առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը։ Այսինքն, եթե Հայաստանը չկարողանա հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա հնարավոր դիմումը կարող է ուղղակի անհետեւանք մնալ, քանի որ ՄԱԿ-ն ընթացք է տալիս ԱԽ-ի ոչ անդամ, բայց ՄԱԿ-ի անդամ-պետությունների այն խնդրանքներին, որոնք վտանգում կամ կարող են վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Պետությունը, Սիրանուշ Սահակյանի խոսքով, պաշտոնապես պետք է դիմի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրի իրավիճակի կամ վեճի վրա, քանի որ նման խնդիրները պաշտոնական գրագրության շրջանակում կարող են իրականացվել, հրապարակային հայտարարությունները բավարար չեն։ «Այդ պարագայում, եթե ԱԽ-ն համարում է, որ դիմումի չափանիշը բավարար է, այսինքն՝ մի իրավիճակ է կամ վեճ, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա դրա ուժով հրավիրվում է նիստ։ Եթե այլ հարց է, որը չի սպառնում անվտանգությանն ու խաղաղությանը, ցանկացած անդամ-պետության դիմումի հիման վրա դարձյալ կարող է նիստ հրավիրվել, բայց եթե հարցն այնպիսի լրջություն ունի, որ խաղաղության սպառնալիք է, այս պարագայում գործող դերակատար կարող է լինել ոչ միայն ԱԽ անդամ-պետությունը, այլ ցանկացած պետություն։ Հիմա մենք նաեւ խաղաղության վերաբերյալ խնդիր ունենք, եւ հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել եւ այդ դիմումի հիման վրա պարտադիր է ՄԱԿ ԱԽ-ի կողմից նիստ հրավիրելը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմումի ընդունման, քննության մանրամասներն ավելի հանգամանալից կարգավորված չեն, սակայն այսպիսի հարցերը հրատապ են համարվում եւ սովորաբար հրատապ ընթացակարգով են քննվում, այլապես դրանք կարող են թողնվել բնականոն նիստերի քննարկմանը։ Սա, սակայն, Հայաստանի միակ հնարավորությունը չէ։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էլ կարող է հարց հղել Անվտանգության խորհրդին, նույնը կարող է անել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը․ «Հայաստանը մի քանի ճանապարհ ունի․ մեկը՝ ցուցադրել, որ խաղաղության հետ կապված խնդիրներ կան, եւ անմիջականորեն դիմել ԱԽ-ին, որը կառաջացնի հետեւանք, երկրորդը՝ կատարել դիվանագիտական աշխատանք Գլխավոր ասամբլեայում, որպեսզի ԳԱ-ն հարցը հղի Անվտանգության խորհրդին, եւ երրորդը՝ աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վերջինս հարցը համապատասխանաբար ներկայացնի Անվտանգության խորհրդին։ Բայց այս դիմումները եւս պետք է գրավոր ընթացակարգով ներկայացվեն»:  Այս ամենը, Սահակյանի համոզմամբ, դիվանագիտության եւ միջազգային կազմակերպությունների հետ շփումներում ընդունված մեթոդով պետք է տեղի ունենա, իսկ դրանք գրավոր ընթացակարգերն են։ Ասամբլեային եւ Քարտուղարությանը եւս պետք է ներկայացվեն այն նույն հիմնավորումները, որոնք կարող են դրվել միանգամից ԱԽ-ին դիմելու հիմքում։ Անվտանգության խորհրդի անդամ-պետությունները, մեր զրուցակցի խոսքով, ավելի շատ իրավունքներից են օգտվում, քան ոչ անդամ-պետությունները․ ԱԽ անդամ-պետությունները կարող են ցանկացած հարցով դիմել, այս պարագայում ԱԽ նախագահը պարտավոր է հրավիրել նիստ․ «Սա ամենաարագ ճանապարհն է, որովհետեւ ներգրավված պետություններից մեկը նախաձեռնում է նիստ, համատեղ քննարկում եւ լուծումներ են տրամադրում իրենց մանդատի ներքո գտնվող հարցերում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար, օրինակ, հեշտ ճանապարհ կարող է լինել Ֆրանսիայի հետ դիվանագիտական աշխատանք կատարելու հնարավորությունը․ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է․ «Ֆրանսիան, առանց Հայաստանի պաշտոնական գրագրության, կկարողանա դիմել եւ նախաձեռնել անվտանգության խորհրդի նիստ՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել Հայստանին։ Այս պարագայում պարտադիր չէ Ֆրանսիային ներկայացնել այն նույն հիմնավորումները, ինչ կներկայացվեին ԱԽ ուղիղ դիմելու դեպքում, քանի որ Խորհրդին դիմող սուբյեկտն ԱԽ մշտական անդամ-պետություն է։ Իսկ նման պետությունը ցանկացած հարցով կարող է դիմել եւ պահանջել նիստի անցկացում»։  Այսինքն, եթե ՄԱԿ-ի մշտական անդամ-պետությունը կամ ոչ մշտական անդամ-պետությունը դիմում են ԱԽ նախագահին՝ նիստ հրավիրելու խնդրանքով, ապա նախագահը պարտավոր է հրավիրել նիստ։ Պարտավոր է նաեւ այն դեպքում, եթե ՄԱԿ անդամ-պետությունը հիմնավորումներով դիմում է ներկայացնում՝ խնդրելով նիստ հրավիրել։ Կարգավորումները, սակայն, սահմանափակում են պետությունների հնարվորությունը՝ ցանկացած հարցով ԱԽ-ին դիմելու, այդ կարգավորումների համաձայն՝ իրավատեր կարող է լինել պետությունը, եթե կհիմնավորի, որ խնդիրն առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Եթե դիմումը հիմնավոր է, նախագահը հրավիրելու է նիստ, ու եթե հետագայում կարծեն, որ այդ հիմնավորումները բավարար չեն, եւ ԱԽ-ն տվյալ պարագայում չէր կարող գործել, դիրքորոշում կձեւավորեն։ Բայց, Սահակյանի խոսքով, ինքնին ֆորմալ դիմումը, որ ունի հիմնավորումներ, առաջ է բերում նախագահի պարտականություն՝ հրավիրել նիստ։ «Եթե նույնիսկ Հայաստանը մտավախություն ունի, որ կարող է՝ դիմումի հիմքերն առկա չեն, կարող է քննարկել այս հարցը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, եւ նա դարձյալ իրավունք ունի միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով դիմել ԱԽ-ին։ Հայաստանը կարող է աշխատանք տանել գլխավոր քարտուղարի հետ, եւ եթե վերջինս կիսում է այն նկատառումները, որ իսկապես գոյություն ունեն անվտանգային խնդիրներ, արդեն նույն հիմքով գլխավոր քարտուղարը կդիմի ԱԽ նախագահին, եւ նա կպարտավորվի նիստ հրավիրել։ Մեր հնարավորությունները բավականին լայն են, ուղղակի պետք է օգտվել դրանցից։ Բայց խնդիրն այնքան լուրջ է, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք գործել, ընդամենը պետք է մեր ԱԳՆ-ն ճիշտ ձեւակերպումներով ձեռնամուխ լինի գործընթացների կազմակերպմանը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։ Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեր հարցին, թե արդյոք բացի տեղեկացումից ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, կամ կառույցի մյուս մարմիններին՝ Գլխավոր ասամբլեային կամ Քարտուղարությանը, պատասխանեց, որ առավոտյան հրապարակած հաղորդագրությանն այս պահին հավելելու ոչինչ չկա։ Հայարփի Բաղդասարյան
17:14 - 17 նոյեմբերի, 2021
ԼՂ-ում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԼՂ-ում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է՝ չնայած ձեռնարկվող քայլերին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։ Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կնքված եռակողմ պայմանավորվածությունները հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում․ «Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- նշել է նա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
14:09 - 17 նոյեմբերի, 2021
ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Կողմերը անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայական»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
13:52 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրոթյուն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի իրադրության արդյունքում ադրբեջանական կողմը ունի 7 զոհ և 10 վիրավոր։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։    
12:03 - 17 նոյեմբերի, 2021
Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ժոլին՝ անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 16-ի կեսօրից ադրբեջանի ագրեսիային ՀՀ արևելյանի սահմանագոտու ուղղությամբ։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ, ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը խաղաղ լուծում գտնվի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, ճշտված տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:52 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մասին լուրերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ճնշումը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։«Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ հայկական կողմից մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի Ադրբեջանում, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:03 - 17 նոյեմբերի, 2021
Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղը իր՝ երաշխավորի կարգավիճակը կվերականգնի․ Անդրանիկ Քոչարյան

Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղը իր՝ երաշխավորի կարգավիճակը կվերականգնի․ Անդրանիկ Քոչարյան

Եթե օրվա մեջ ինքը (հակառակորդը-խմբ․) ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրեց։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք շատ դիրքեր հետ ենք բերել։ Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք։ Իրենք ունեցել են նաև զրահատեխնիկայի կորուստ բավականին շոշափելի, իսկ դա նշանակում է, որ ունեցել են նաև շոշափելի մարդկային կորուստ։ Այն, ինչ որ երեկ մատուցեցին՝ մեր հասարակությանը գցելով շոկային վիճակի մեջ, այսօր շատ հեռու էր երեկվա իրականությունից, և մեր ԶՈՒ-ն մտավ մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեց այս պահի դրությամբ հրադադար (հարցազրույցի պահին- խմբ․)։ Ստատուս քվոն (վերականգնելը- խմբ․), եթե ամբողջական դիրքային կորուստների բալանսի մասին է, մենք այդ արդյունքը կարձանագրենք շատ կարճ ժամանակում»,- նշել է նա։ Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Քոչարյանն ասաց, որ իր կարծքով՝ դեռ ՀԱՊԿ-ի հետ երկար ճանապարհ պետք է անցնենք, մինչև ՀԱՊԿ-ը կայանա․ «Բայց ՀԱՊԿ-ը մենակ Ղազախստան, Ղրղզստանը կամ մեկ ուրիշ երկիրը չէ։ Մենք ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ ենք, և այնտեղ կա Ռուսաստանը։ Բայց մենք առանձին Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցության  շատ լուրջ պայմանագիր, և Ռուսաստանը հրադադարի պահպանման երաշխավորն է, և երեկ հրադադարը խախտվել է․․․էսօր ես էլ իմ ելույթներում (ԱԺ-ում- խմբ․) երկու անգամ հնչեցրի՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա»։ Խոսելով Ռուսաստանի մասին՝ պատգամավոն ընդգծեց, որ մեր դաշնակիցը այնուամենայնիվ, մինչև երեկ հրադադարի ռեժիմի պահպանման հարցով երաշխավորի իր պարտավորությունները կարողանում էր իրականացնել։ «Էսօր ինչ-որ բան խախտվեց, երեկ և էսօր ինչ-որ բան խախտվեց։ Բայց ես հուսով եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղն ամբողջությամբ իր երաշխավորի կարգավիճակը կվերականգնի»,- հավելեց Քոչարյանը։ Հարցին, թե ինչն է իրեն նման հույս տալիս, նա պատասխանեց․ «Մեր Զինված ուժերն այսօր կռվեցին։ Դա ամենակարևոր հույսն է։ Դա նշանակում է, որ եթե այլ տրամաբանություն կար էս ամենի մեջ էս քանի օրվա, և դիտվում էր, որ մենք 44-օրյա պատերազմից հետո դեռ ի վիճակի չենք մեր ինքնիշխանության համար կռիվ տալու, այսօր մենք տվեցինք, և մենք ամեն ինչ պետք ա նենք, որ եթե պետք լինի, վաղն էլ տանք»։ Լուսանկարը՝ panorama.am-ի
22:41 - 16 նոյեմբերի, 2021
Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ-ն հակառակորդին հակազդելու գործողություններ է ձեռնարկել։ Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս․ ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։ Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ․ կմ ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է․ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը։ Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում։ Բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։ Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ․ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։ Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված»։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ԱԽ արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
21:04 - 16 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ

ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ

Այս տարվա նոյեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը հրավիրված է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին։ Գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 9-10-ը՝ առցանց ձևաչափով։ Infocom-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտել՝ Հայաստանը մասնակցելու՞ է տվյալ գագաթաժողովին, թե ոչ, եթե այո, Հայաստանից ո՞ր պաշտոնատար անձն է մասնակցելու գագաթաժողովին և այլն։ Հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ից հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայաստանը ստացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցության հրավեր։ Այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցադրումներին՝ տեղեկացնում ենք, որ տվյալ պահին հավելյալ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։ Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից միայն Վրաստանն է ստացել ԱՄՆ ժողովրդարավարության գագաթաժողովին մասնակցելու հրավեր։ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը հրավիրյալների ցանկում չկան։   Նանե Ավետիսյան  
12:40 - 16 նոյեմբերի, 2021
Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով

Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով

Շուտով Սևան քաղաքում՝ Սևանա լճի մոտակայքում, կտեղադրվի Գեղարքունիքի մարզի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով։  Գաղափարի հեղինակը Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորայի գիտաշխատող Գայանե Կարապետյանն է՝ Ֆիզիկոսների եվրոպական միության հայաստանյան մասնաճյուղի՝ «Yerevan young minds»-ի անդամների հետ միասին․ «Ես ու Հռիփսիմեն  2019 թ․-ի դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում էինք ու տեսանք, որ գիտության թանգարաններից մեկի դրսի հատվածում դրված էին շատ մեծ ափսեներ՝ պարաբոլի տեսքով։ Այդ ափսեները իրարից շատ հեռու էին, երևի 50 մետր հեռու կլինեին, բայց  երբ երկուսս կանգնում էինք ափսեների մոտ, նույնիսկ շշուկով խոսելու դեպքում իրար լսում էինք»,-պատմում է Գայանեն՝ նշելով, որ «Շշնջացող ափսեներ»-ը տեսնելուց հետո մտածել են, որ Հայաստանում նույնպես կարող են ունենալ այդ գիտարձանից։  Նախագիծն իրականացնելու համար Գայանեն ընկերների հետ գաղափարը ներկայացրել է «Awesome» հիմնադրամին և դրամաշնորհ է ստացել։ Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով նախագիծը չի իրականացվել, բայց հետո Գայանեն որոշել է շարունակել այն։  Նրա խոսքով՝ գիտարձանը կապ ունի ֆիզիկայի հետ, դրա միջոցով փորձելու են ցույց տալ, թե ինչպես են տարածվում ձայնային ալիքները և ինչպես կարելի է պարաբոլ ափսեների միջոցով դրանք ֆոկուսացնել: Գիտարձանը բաղկացած է լինելու իրարից 30 մետր հեռավորության վրա գտնվող 2 մետրանոց ափսեներից․ «Քանի որ ափսեները կառուցված են պարաբոլի տեսքով, եթե ափսեներից մեկի մոտից մարդը խոսում է, իր ձայնը ուղիղ գծերով գնում է դեպի հաջորդ ափսեն։ Հաջորդ ափսեն հավաքում է ձայնի` բոլոր ուղղություններով տարածումը ու ֆոկուսացնում է մի կետում, իսկ այդ մի կետում գտնվում է մյուս մարդը, որը լսում է նրա խոսքը։ Սովորաբար, երբ մարդիկ խոսում են, իրենց ձայնը տարածվում է բոլոր ուղղություններով, դրա համար շատ հեռու տեղերում ձայնը լսելի չի լինում, իսկ եթե պարաբոլը դնենք ու ձայնը հավաքվի, արդեն լսելի կլինի»։   «Շշնջացող ափսեներ» գիտարձանը Մեծ Բրիտանիայում Նա պատմում է, որ գիտարձանի պատրաստումը երեք փուլով է ընթանալու․ «Առաջին փուլը արդեն վերջացնում ենք, մնացած երկու փուլերը ավելի արագ կլինեն։ Գիտարձանը բաղկացած է դետալներից։ Հիմա «Այբ» դպրոցի «Fab Lab»-ում պատրաստում ենք դետալները, շարունակությունը արդեն «Ստորակետ»-ի  հետ կանենք, որը ճարտարապետական կազմակերպություն է»,-ասում է Գայանեն։ Գայանեն ասում է,  որ իրենց մարզում՝ Գեղարքունիքում, գիտությանն առնչվող ոչինչ չկա, ուստի որոշել են հենց Սևանում տեղադրել գիտարձանը․ «Գեղարքունիքը ամենամեծ մարզն է, բայց չկա որևէ գիտական արձան, որևէ վայր, որի միջոցով մարդիկ կծանոթանան գիտությանը, դրա համար որոշեցինք այս առաջին պրոյեկտը անել, որը կլինի սկիզբ, որպեսզի գիտությամբ հետաքրքրվողները շատանան, ու միգուցե իր կողքին կամ մոտակայքում ստեղծվի գիտության թանգարան։ Ես նաև ֆիզիկա եմ դասավանդում Ծաղկունք գյուղում։ Այնտեղ երեխաները շատ հետաքրքված են գիտությամբ, բայց զգացվում է այդ բացը, որ չկա ինչ-որ լաբորատորիա, կամ ինչ-որ հաստատություն, որտեղ երեխաները կտեսնեն գիտությունը, «ձեռքով կշոշափեն գիտությունը»։ Գայանեի կարծիքով՝ այս գիտարձանը կարող է գրավել  նույնիսկ այն մարդկանց, ովքեր հետաքրքված չեն գիտությամբ․ «Իրականում շատ հետաքրքիր է լինելու, ես գիտությամբ զբաղվում էի, բայց չգիտեի, որ նման բան կա։ Մեծ հույսեր ունեմ, որ դա մարդկանց կհետաքրքրի»։ Նա ասում է նաև, որ իրենց առաջնային նպատակը գիտարձանի միջոցով Սևանա լճի խնդիրները բարձրաձայնելն է․ «Գիտարձանը լինելու է հարթակ է, որի միջոցով մենք ցանկանում ենք բարձրաձայնել Սևանա լճի խնդիրները։ Դրա շրջակայքում բավական մեծ բաց տարածք է լինելու, հենց այստեղ կարող ենք դնել Սևանի հիմնախնդիրների մասին պատմող փոքրիկ նյութեր, որոնք մարդիկ կգան, կկարդան»։  Նրա խոսքով՝ գիտարձանը նոյեմբեր ամսվա ավարտին արդեն պատրաստ կլինի․ «Հույս ունեմ, որ կհասցնենք մինչև ձյան գալը գիտարձանը տեղադրել։ Տեղադրելու օրը նախատեսում ենք փոքրիկ բացման արարողություն անել, որ բոլորը տեղեկանան գիտարձանի մասին»։ Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Կարապետյանը     Նանե Ավետիսյան  
17:46 - 15 նոյեմբերի, 2021