Հայաստան

Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

 |armenpress.am|

Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին:  Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Վիկտորինը ասաց, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը: «Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և ,իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին: Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների  դեպքում»,- ասաց Վիկտորինը:
17:21 - 10 մայիսի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին

 |factor.am|

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին |factor.am|

factor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ լուրերը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նա հղում կատարեց դեռևս ապրիլի 25-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Հարցին՝ արդյո՞ք ստեղծվել է հանձնաժողովը և հաստատվել է կազմը, Հունանյանը հորդորեց հավելյալ տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել։  
14:48 - 10 մայիսի, 2022
Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am:  Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:  –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: –Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)`  Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:   –Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:
14:00 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»: Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը» Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։ Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա: Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»: «Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։
12:36 - 10 մայիսի, 2022
Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
 |1lurer.am|

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն: Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը։ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:
14:27 - 09 մայիսի, 2022
ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան

 |factor.am|

ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է մի շարք հարցերի։  -Պարո՛ն Գրիգորյան, տեղեկացանք, որ Հայաստանը խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան՝ իր առաջարկներն է ներկայացրել՝ վեց կետերից բաղկացած: Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը և Բաքուն արդեն ունեն ըմբռնում, որ պետք է բանակցություններն ընթանան այդ 5+6 օրակարգով՝ Բաքվի և Երևանի առաջարկների: Կխնդրեմ պարզաբանեք, որո՞նք են Երևանի 6 առաջարկները: -Այստեղ կարևոր է ոչ թե թվերին ուշադրություն դարձնելը, այլ ենթատեքստին, թե ինչն է Հայաստանի համար կարևոր: Ադրբեջանի առաջարկած հինգ կետերով անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանութան և անվտանգության խնդրին: Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, որ մեր առաջարկություննները ևս հնչեցրել ենք: Մենք առաջարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: Ինչպես երեկ նշել եմ՝ և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: -Արցախի ինքնորոշման տարրը կա՞ Հայաստանի առաջարկներում: -Ինչպես նշեցի, առաջարկներում նշված է անվտանգության և իրավունքների հարցը, և նաև ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցերին լուծում տրվի, բայց մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը, և այս առումով ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են լինելու ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: -Պարո՛ն Գրիգորյան, իշխանություններին շատ են քննադատում, ասելով, որ չունեք Արցախի հարցի լուծման ձեր ծրագիրը, ձեր տեսլականը: Կխնդրեմ հիմա ավելի բաց և ազնիվ ներկայացնել, թե որ ձեզ համար տարբերակն է ընդունելի: Օրինակ՝ այս տարբերակը կարո՞ղ է լինել ընդունելի Հայաստանի համար. ենթադրենք բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը տալիս է արցախցիների անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում դրանք ապահովելու համար, Հայաստանն այդ երաշխիքներով կբավարարվի՞ և կհամարի, որ Արցախը կարող է անվտանգ լինել, բայց միաժամանակ թողնվել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս տարբերակն ընդունելի կլինի՞: -Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները: Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք:   Առավել մանրամասն՝ factor.am-ում
21:50 - 06 մայիսի, 2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Սիրվարդ Գևորգյանը խոսել է նոտարական համակարգի շարունակական բարեփոխումների մասին։ Նա նշել է, որ նոտարական համակարգի բարեփոխումները մշտապես եղել են արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և այս համատեքստում իրականացվել են մի շարք առանցքային նշանակություն ունեցող փոփոխություններ, որոնք ոչ միայն հնարավորություն են տվել մեծացնելու նոտարական գործողությունների շրջանակը, այլև կարևոր դեր են խաղացել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման գործում։ «Տևական ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում էր արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար և ծախսատար էր, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ ապահովել ծառայությունների առավել արագ մատուցումը՝ նոտարներին առանձին տեսակի իրավաբանական փաստերի հաստատման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձն սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորությունը», - իր խոսքում նշել է Սիրվարդ Գևորգյանը։ Անդրադարձ է կատարվել նաև նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի վերականգնմանը, որը գործում էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում։ «Ֆրանսիայի մեր գործընկերները, որպես Հայաստանում իրականցված կարևոր բարեփոխում, առանձնացրել են նաև էլեկտրոնային նոտարիատի համակարգի ստեղծումը՝ առանձնակի գնահատանքով նշելով Նախարարության և Նոտարական պալատի սերտ աշխատանքային կապն ու հարաբերությունների բարձր արդյունավետությունը։Սիրվարդ Գևորգյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում են լիազորագրերի, ժառանգությունների գործերի էլեկտրոնային շտեմարանները, ներդրվել է էլեկտրոնային եղանակով կնքված գործարքները նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելու գործարքների անվտանգությունը և ապահովելու սպասարկման բարձր որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նոտարիատի բնագավառում Ֆրանսիայում իրականացված բարեփուխումները ևս դարձնել խորն ուսումնասիրության առարկա և ապահովել արդյունավետ ու շարունակական համագործակցություն։
19:52 - 06 մայիսի, 2022
Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են
 |azatutyun.am|

Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - անդրադառնալով Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։ Ավելի վաղ Պեսկովը նույնպես անդրադարձել էր բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ
16:47 - 06 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։ Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեզի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչն կարևոր նշանակություն ունեն արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։   ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։  Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։  Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ 
11:24 - 06 մայիսի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 5-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։  : Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի կայքը։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև օրերս նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները բարձր գնահատեցին երկու երկրների միջև ձևավորված սերտ քաղաքական երկխոսությունը, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել դրանք խորացնելու ուղղությամբ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ և քննարկեցին փոխաջակցությանը վերաբերող հարցեր։ Շեշտվեց Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում ակտիվորեն գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների խթանման գործում։ Ընդգծվեց առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող շարունակական գործունեությանը. ընդգծվեց 2022-2025թթ. ռազմավարության կարևորությունը, որի շրջանակում, Հայաստանում նախատեսվում է հավակնոտ ծրագրերի իրագործում։   Խորհրդակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը` վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում: Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։  Հայկական պատվիրակությանն ընդունեց Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Յոհաննես Մաթիասին:
22:24 - 05 մայիսի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդվածը, որը հրապարակվել է ilur.am կայքում, ներկայացնում ենք ստորև․  Մաս 1. Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք: Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը: Մաս 2. Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով: Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին:  
18:13 - 05 մայիսի, 2022
Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստի ընթացքում հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումն առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում, հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: «Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչո՞ւ, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի  ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, չեմ կարող ասել՝ կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:  Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց -կամաց կանցնի մասնավորին. «Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են:  «Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենաները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,-ասել է նախարարը:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել: «Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նույնիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,-  ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո  արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում:
16:22 - 05 մայիսի, 2022
Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հայկական ընդդիմության ցույցերին։ Նա ընդգծել է նաև, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար կարևոր մի քանի ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր լավ ընկերն է», - նշել է Պեսկովը։ «Այդ պատճառով էլ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում այս փուլը հնարավորինս արագ ավարտվի և կրկին կայունության փուլ հաստատվի, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ավարտուն տեսք է տրվել, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», - հավելել է նա։   Նորա Վանյան
14:40 - 05 մայիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
14:51 - 04 մայիսի, 2022
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի կապակցությամբ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի կապակցությամբ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև: Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում քննարկումների այս փուլը համընկել է Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի առկա մակարդակը և անդրադարձ կատարել գործընկերության ընդլայնման ներուժին։ Հայկական պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի ու Պաշտպանության գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նույնպես ներկա էին։   Ժողովրդավարական հետագա բարեփոխումներ և փոխադարձ բարեկեցության խթանում Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն: Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:   Անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:    Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։
10:26 - 04 մայիսի, 2022