Ինֆոքոմ

Հայաստանում «օմիկրոն»  շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Այսօր՝ կառավարոթւյան նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կա իրադրության որոշակի մեղմացում․ «Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «օմիկրոն» անվանված։ Դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել այդ շտամով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չի՝ այս նոր շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է որևէ կերպ չթուլացնենք մեր զգոնությունը՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ շոշափելի արդյունքներ են գրանցել․ «Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստաման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի և էական թիվ ունենք․ արդեն 480.000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ կիրակի օրերից՝ մեզ հաջողվում է օրը 20.000-ից ավել պատվաստումներ իրականացնել և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես նոր հայտնաբերված շտամին անդրադարձավ․ ասաց՝ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ․ «Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերը արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի` տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույնն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և կարելի է ասել միակ միջացը հիվանդության դեմ պայքարելու»։ Նախարարը ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել պատվաստումային գործընթացը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը ստացել է առաջին դեղաչափը,  իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23.9%-ը։
11:39 - 02 դեկտեմբերի, 2021
Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Աննար» ՍՊԸ-ի տնօրեն Արշավիր Խաչատրյանը։ Նա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ «լայն» քարոզարշավ չեն անցկացնում․ «Նպատակահարմար չենք գտնում տուն-տուն, թաղ-թաղ գնալու։ Ուղղակի մեր մտերիմների շրջապատում ճանաչում են, գիտեն, իրենց հետ հանդիպումներով, ֆեյսբուքով, լրատվությամբ փորձում ենք մեր հիմնական ընտրողներին մեզ հետ բերել»։ Խաչատրյանի խոսքով՝ Հրազդանի բնակիչները դրական են արձագանքում իրենց թիմին, որովհետև, ըստ նրա, ներկայացված քաղաքական ուժերի մեջ ամենապրոֆեսիոնալն իրենց թիմն է․ «Ցանկացած պարագայում, ով էլ մտւմ է պայքարի մեջ, ակնկալում է, որ հաղթելու է, մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով։ Թե արդյունքները ինչպիսին կլինեն, ընտրություններից հետո կերևա»։ Անդրադառնալով Հրազդանի խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց՝ ինչպես ամբողջ հանրապետությունում, այդպես էլ Հրազդանում կարևոր է աշխատատեղերի խնդիրը, որը, նրա պատկերացմամբ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող է լուծվել․ «Հրազդան քաղաքում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, որպեսզի մարդիկ դրսում աշխատանք չփնտրեն, մնան տեղում, և շենացնեն այս քաղաքը, մեր երկիրը։ Մենք պետք է կարողանանք այնպիսի օրենսդրական դաշտ բարելավել, որպեսզի կարողանանք ներդրումներ բերել համայնք, աշխատատեղեր ստեղծենք, իսկ դրա հնարավորությունը համայնքն ունի»։ Համայնքապետի թեկնածուն հիշեցրեց՝ ժամանակին Հրազդանը խոշոր արդյունաբերական քաղաք է եղել․ «Այսօր հիմնականում բացառությամբ Հրազդան ՋԷԿ-ից և Ցեմենտի գործարանից, բոլոր գործարանները կանգնած վիճակում են, մենք փորձելու ենք ներդրումներ բերենք համայնք և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծենք, որը նաև համայնքի  բյուջեին լրացուցիչ եկամուտներ կբերի, որն էլ կկարողանանք օգտագործել և՛ ենթակառուցվածքների վերանորոգման, կապիտալ վերակառուցման, և՛ մշակութային ու սպորտային օբյեկտների վերականգնման, վերանորոգման ուղղությամբ»։ Արշավիր Խաչատրյանը նշեց՝ քանի որ Հրազդանը խոշորացված համայնք է, որին ևս 4 գյուղեր են միացել, համայնքում կան նաև գյուղատնտեսական խնդիրներ․ «Հողերի մեծ մասը չի մշակվում, իսկ այդ ուղղությամբ իրոք անելիքներ շատ կան։ Բնակիչը պետք է վստահ լինի, որ այնպիսի կուլտուրա պետք է ցանի, որից եկամուտ կստանա, և ինքը դրանով կարողանա ընտանիք պահել, իսկ եթե նա այնպիսի կուլտուրաներ է մշակում, որոնցից եկամուտ չունի, պարզ է, որ նա ուրիշ աշխատանք է փնտրելու, և հողի մշակումը դառնալու է երկրորդային։ Կարելի է ասել, որ այսօր Հրազդանի և գյուղական շրջանի մեծ մասի հողերը չեն մշակվում, լուրջ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, և հողերի մշակման ուղղությամբ, աշխատանքների համախմբման ուղղությամբ, կուլտուրաների մշակման ուղղությամբ, թե կոնկրետ որ տարածաշրջաններում ինչպիսի կուլտուրաներ պետք է մշակվեն, եկամտաբեր բիզնես կարողանան դնել, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն կարելի է իրականացնել, և նմանատիպ շատ ուրիշ ծրագրեր»։ Իսկ քաղաքային համայնքներում, Խաչատրյանի խոսքով, անհրաժեշտ է ջերմոցային տնտեսությունների քանակի մեծացում․ «Այսօր մենք Հրազդանում ունենք նմանատիպ փորձ, այդ ուղղությամբ կարելի է աշխատանք իրականացնել։ Դա մեր ծրագրերում կա, եթե կարողանանք համայնքում ղեկավար դիրք ունենալ, այդ ամեն ինչը կկազմակերպենք, ունենք լավ մասնագետների թիմ, որոնք այս ամենը կկարողանան կազմակերպել։ Ինչ մնում է ենթակառուցվածքներին, չեմ կարող չասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ասֆալտապատման ուղղությամբ աշխատանք արվել է համայնքում։ Կարելի է ավելին անել և՛ ջրամատակարարման ուղղությամբ, և՛ ոռոգման համակարգերի ուղղությամբ։ Իհարկե, այդ ամեն ինչի համար բյուջեում լրացուցիչ միջոցներ են պետք,  պետք է մուտքեր ավելացնել։ Այդ թաքնված եկամուտների տեղը մենք շատ լավ գիտենք։ Կարելի է վարչական աշխատանքի արդյունքում բյուջեն 20-30%-ով ավելացնել, իսկ դա արդեն ահագին մեծ գումար է, որ կարող է դրվել համայնքում»։ Համայնքապետի թեկնածուն նշեց նաև, որ կողմ է խոշորացման գործընթացին՝ հավելելով, որ լավ թիմ ունենալու դեպքում խոշորացումը դրական ազդեցություններ կարող է ունենալ։ Համայնքում զբոսաշրջության զարգացումը թեկնածուն նույնպես իրատեսական է համարում․ «Պետք է հաշվի առնենք, որ խոշորացված համայնքին կից այսօր գործում է և Ծաղկաձոր քաղաքը՝ իր տուրիզմի օբյեկտներով, և՛ Հանքավանի համայնքները։ Քանի որ Հրազդանը կենտրոն է, կարող ենք որոշակի չափով տուրիզմը զարգացնել, նաև հյուրանոցային համալիր ստեղծել, սպասարկման համար վերամշակվող արդյունաբերություն, գյուղատնտեսություն օգտագործել։ Վերջիվերջո այդ երկու պանսիոնատներին մատակարարում է պետք իրականացնել, իսկ դա քաղաքը իր ռեսուրսներով կարող է իրականացնել»։ Նա նաև վստահեցրեց՝ իրենց թիմը կարող է առավելագույնը անել համայնքի զարգացման համար․ «Եթե վերցնենք բոլոր թեկնածուները և թիմերը, դնենք, անալիզ անենք, և մի քիչ ոչ թե զգացմունքներով շարժվենք կամ անձնական խնամի-ծանոթ-բարեկամ թիմ հասկացություններով, նկատեմ, որ բոլոր ներկայացված կուսակցություններից, ցուցակների միջից ամենապրոֆեսիոնալը մեր թիմն է։ Ե՛վ մեր անցած ճանապարհով, և՛ փորձով, և՛ գիտելիքներով մենք կարող ենք առավելագույնը անել։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե մյուս թիմերում վատ մասնագետներ կան, վատ մարդիկ են, բայց եթե տեղական ինքնակառավարման մասին է խոսքը, լավ բժիշկը կամ լավ իրավաբանը այդքան էլ չի տիրապետում համայնքային ղեկավարմանը, քան այն մարդը, որը երկար տարիներ աշխատել է համայնքում, պետական կառույցներում և շատ լավ գիտի համայնքի խնդիրները ու գիտի ինչպես կազմակերպել ազգաբնակչության հետ աշխատանքը։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Լուսանկարը՝ Արշավիր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
13:01 - 01 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 18 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Մհեր Աղամյանը, որ կուսակցության համայնքապետի թեկնածուն է, անհատ ձեռնարկատեր է։ Նա Պտղավան գյուղից է, 40 տարեկան։  Աղամյանը, ինչպես եւ թեկնածուներից Աբազյանը, քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ հանդիպումներով։ Մեր զրույցում նա պատմեց, որ բնակիչները տրամադրության անկում ունեն՝ պայմանավորված պատերազմով ու սահմանային վերջին զարգացումներով, բայց իրենք փորձում են մարդկանց բացատրել, որ հուսահատվել պետք չէ։ Աղամյանը Նոյեմբերյանի խնդիրների շարքում առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների եւ խմելու ու ոռոգման ջրի հարցը՝ կարծիք հայտնելով, որ դրանք հնարավոր է լուծել համայնքային բյուջեի միջոցով։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ թեեւ դա իրենց կոմպետենտության շրջանակում չէ, բայց կկարողանան Ջրօգտագործողների միության հետ համագործակցելով լուծել նաեւ այդ խնդիրը։ Աղամյանի կարծիքով՝ առաջնային լուծման հարցերից հետո նոր հնարավոր կլինի զբաղվել համայնքային զարգացման հարցերով։ Մեր հարցին՝ արդյոք համայնքային զարգացումն ու խնդիրների լուծումը միաժամանակ չե՞ն կարող լինել, համայնքապետի թեկնածուն պատասխանեց՝ կարող են, միայն թե շատ աշխատանք է պահանջվում․  «Ինչքան հնարավոր է՝ զուգահեռ կանենք, գործարարների հետ հանդիպումներով, Սփյուռքի հայրենակիցներին հանդիպելով, նրանց հետ նոր ծրագրեր իրականացնելով։ Մնացած թե մարզային, թե հանրապետության մակարդակի հարցերում էլ կողքները կկանգնենք, կվազենք էդ մարդկանց հետ, ինչ պետք է աջակցենք, որ մի բան կարողանանք ստեղծել, թե չէ էս վիճակը լավ տեղ չի տանում»,- ասաց Աղամյանը՝ վստահեցնելով, որ այցելած բոլոր գյուղերի խնդիրները գույքագրել են, փորձելու են հնարավորինս արագ լուծումներ գտնել։ «Դիցուք, երեկ Բարեկամավանում ենք եղել, այս գյուղն իր աշխարհագրական դիրքով վերջին գյուղն է։ Այստեղ միջհամայնքային տրանսպորտի հարցը մինչեւ հիմա լուծված չէ։ Մենք մտածում ենք, որ հաստատ դրա համար միջոցներ գտնենք, հիմա թե մասնավորի հետ կպայմանավորենք, թե ոնց, բայց էդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Աղամյանը, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, համայնքային բյուջեն չի՞ բավարարի խնդրի ամբողջական լուծման համար, պատասխանեց․ «Դե ես պիտի մտնեմ էդ ոլորտի մեջ, որ մանրամասն հասկանամ, հիմա եթե համայնքները միանում են, նմանատիպ համայնքներին տվել են մեքենաներ, մասնավորներ կան, որ ունեն մեքենաներ, հիմա թե կպայմանավորվենք, մի մասը համայնքային բյուջեից կսուբսիդավորվի, թե  ինչ, այդ խնդիրը միանշանակ պիտի լուծենք»։ Աղամյանի խոսքով՝ համայնքն աղբատար մեքենաներ ունի, բայց աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացնում․ վստահեցրեց՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով։ Համայնքի ներքին տնտեսական զարգացման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանում գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ կա․ «Մեր համայնքը երկու ռեգիոնից է բաղկացած․ ներքին զոնան՝ Դեբեդի հովիտը՝ գյուղատնտեսական, այգեգործական, վերին զոնան՝ անասնապահական ռեգիոն է։ ՀՀ-ում նման բնակլիմայական պայմաններ, ինչպիսին գյուղատնտեսական զոնայում է, այլ տեղ երեւի չկան, շատ նպաստավոր պայմաններ ունենք այգեգործությունը շատ արագ զարգացնելու համար, բայց հիմա ով ոնց պատահի, ինչ պատահի՝ մշակում է։ Ասենք՝ ես դեղձենի եմ գցում, էն մեկը՝ տանձենի է գցում, այսինքն՝ էդ հախուռնությունը խանգարում է, որ կարողանանք զբաղվել դեղձի արտադրությամբ եւ տալ, օրինակ, 1000 տոննա դեղձ։ Հիմա արտադրական ծավալները չենք կարողանում մի տեսակով ապահովել, որ դրանով զբաղվելն էլ արդարացված լինի, բիզնեսի տեսանկյունից էլ՝ շահեկան։ Հիմա գյուղացիներին պետք է օգնենք, կողմնորոշենք, նույնիսկ գյուղերը կարող ենք կողմնորոշել։ Տեխնիկական միջոցներն էլ կան, կարող ենք արդյունավետ բաշխել, համակարգային լուծումներ առաջարկելով առաջ գնալ։ Խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը»,- ասաց Աղամյանը։ Նա հավելեց նաեւ, որ Նոյեմբերյանում լայն են էքստրեմալ ու գյուղական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները, ուղղակի, մեր զրուցակցի կարծիքով, մնում է միայն աշխատել այդ ուղղությամբ, փառատոնների մասնակցել, ներկայացնել համայնքի տեսարժան վայրերը, եւ այլն։ Լուսանկարը՝ Աղամյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:56 - 30 նոյեմբերի, 2021
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում՝ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է Kyodo գործակալությունը։ Խոսքը 30-ից 40 տարեկան մի տղամարդու մասին է, որը Ճապոնիա էր վերադառնում Նամիբիայից: Սահմանը հատելիս նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նա մեկուսացվել է։ Դրանից հետո բժիշկները լրացուցիչ թեստ են կատարել «օմիկրոն» ենթատեսակի առկայության համար, ինչը տվել է դրական արդյունք։ Նշենք, որ Ճապոնիան այսօրվանից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: 
11:37 - 30 նոյեմբերի, 2021
Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ

Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։ Խնամքի նպաստի չափը 2020-ի հուլիսի 1-ից սահմանված է 26.500 դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետի՝ ի կատարումն «Պետական նպաստների մասին» օրենքի։ Նախարարության ներկայացրած նախագծում նշված է, որ, դիտարկելով որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, «ՀՀ 2022թ․ պետբյուջեի մասին» օրենքի նախագծի կազմման հիմքում ընկած հաշվարկներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ընդունված է 28600 դրամ: Եւ, հաշվի առնելով, սա, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ՝ խնամքի նպաստը եւս դարձնելով 28․600 դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այս որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա: Ի հավելումն նշենք, որ, ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից (https://www.mlsa.am/?p=27989), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ այս պահին 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։  Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։
17:47 - 29 նոյեմբերի, 2021
Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան

Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռու ներկայիս մարզպետ, 7-րդ գումարման Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը։ Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը ընթանում է բնականոն հունով. «Մենք օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները, Վանաձորում որևէ լարվածություն չկա,  քաղաքացիները ակտիվ մասնակցում են։ Համենայն դեպս, մեր բակային հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, նորմալ ընթանում է»։ Արամ Խաչատրյանը հերքեց լուրերը, ըստ որոնց՝ քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում․ «Եթե ուշադիր լինեք մեր բակային հանդիպումներին, կտեսնեք, որ այնտեղ հարկադրաբար որևէ պաշտոնյա կամ ուսուցիչ կամ պետական աշխատող ներկայացված չէ։ Յուրաքանչյուր բակում 50-60-ից ավելի մարդիկ են ներկա, որևիցե աշխատակից` կլինի մարզպետարանից, կլինի այլ պետական հիմնարկներից, որևիցե ներկայացուցիչ չկա։ Կարող է 1-2 հոգի լինեն, բայց մարդիկ իրենց կամքով են գալիս և շատ ոգևորված են»։ Նա նաև նշեց, որ նախընտրական ծրագրում անդրադարձ կատարել են Վանաձորի՝ առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին․ «Նախընտրական ծրագրում բոլոր ոլորտներից ներկայացրել ենք և՛ ճանապարհաշինություն, և՛ տնակային ավաններ, և՛ բազմաբնակարան շենքեր, աղբահանություն, բոլոր ոլորտներից էլ ընդգրկված են»։ Խաչատրյանն ընդգծեց, որ տնակային ավանների խնդիրը լուծելու գործընթացն արդեն մեկնարկել է, Վանաձորի Տարոն 4 թաղամասում շենքեր են կառուցվելու, որպեսզի տնակներում ապրող մարդիկ տեղափոխվեն այնտեղ․ «Արդեն 16 ընտանիք Սանկտ Պետերբուրգ կոչվող թաղամասից պետք է տեղափոխվեն, և սա շարունակական բնույթ է կրելու։ Ինչ վերաբերում է երկրաշարժից տուժած քաղաքացիներին, բոլորը բնակարան ստացել են, միայն 1 ընտանիք կա, որ հիմա դատական վեճի մեջ է, մնացած բոլորը իրենց բնակարանները ստացել են, բայց Վանաձորում կան տնակային ավաններում ապրող ընտանիքներ, այդ հարցը մեր համար առաջնային է, ուշադրության կենտրոնում է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ, ըստ իրենց նախագծի, առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծվի տնակների հարցը։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Մարզպետը վստահեցրեց, որ նախընտրական ծրագրում հաշվի են առել Վանաձորին միացող 3 գյուղերի խնդիրները․ «Մեծ հաշվով տարբերություն գրեթե չկա այդ գյուղերի կամ մարզի մյուս գյուղերի կամ Վանաձորի միջև, գրեթե նույն խնդիրներն են։ Կա  աշխատատեղերի խնդիր։ Համայնքապետը ոչ թե աշխատատեղ ստեղծող է, այլ միջավայր պետք է ստեղծի, վստահություն ներշնչի ներդրողների մոտ, որպեսզի հետաքրքրություն առաջանա, գան, այստեղ ներդրումներ իրականացնեն»։ Իսկ թե ինչու է Խաչատրյանը, լինելով Լոռու մարզպետ, առաջադրվել Վանաձորի համայնքապետի պաշտոնում, մեր զրուցակիցն ասաց, որ դա քաղաքական որոշում է․ «Պաշտոնն իմ համար կարևոր չէ։ Ես գտնում եմ, որ մենք բոլորս պիտի կարողանանք հանրօգուտ աշխատանք իրականացնել, ամենքս մեր տեղում։ Ինչ վերաբերում է, թե ինչու Վանաձորի համայնքապետի թեկնածու, դա մեր քաղաքական թիմի որոշումն է, և ես անվերապահորեն պետք է կատարեմ այդ պարտականությունը։ Կուսակցությունը այդպես է որոշել, առաջարկել են և ես համաձայնել եմ»։ Խաչատրյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմը 2018 թ․-ին հեղափոխությամբ բազմաթիվ արժեքներ են վերականգնել, որոնք, ըստ նրա, բացարձակ արժեքներ են․ «Խոսքի ազատությունն ենք վերականգնել, առհասարակ ազատությունը, մեր քաղաքացիների ընտրելու իրավունքն ենք վերականգնել, ազատ տեղաշարժվելու իրավունքն ենք վերականգնել, արդարությունն ենք վերականգնել մասամբ, որովհետև նաև այս ուղղությամբ էլ աշխատանքներ ունենք, չենք թալանել, ընտրություններ չենք կեղծել։ Այն արժեքները, որոնց մասին խոսեցի, բացարձակ արժեքներ են, որոնք պետք է պահել և պահպանել։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Վանաձորում, 2018-ից մինչև 2021 թ․-ը՝ շուրջ 2.5 միլիարդի։ Մենք կաշառքով տնօրեններ կամ այլ պաշտոններ չենք նշանակում, սա բոլորը գիտեն, տեսնում են, նույնիսկ սիրողական մակարդակով փողոցում սրճարանում, երբ խոսում են այդ հարցերի մասին, նորություն չէ, ահա թե ինչու պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Հավելենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 45 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել․ 2-րդ համարը Վանաձորի համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Վանիկ Օհանյանն է։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
17:45 - 29 նոյեմբերի, 2021
Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն

Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 33 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Կարեն Աբազյանը, որ համայնքապետի թեկնածուն է, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Նա ՔՊ կուսակցության անդամ է, 45 տարեկան։  Նոյեմբերյանը խոշորացված համայնք է․ դրանում ընդգրկված են Նոյեմբերյան քաղաքային, Բերդավան, Կողբ, Ջուջեւան եւ այլ գյուղական բնակավայրերը։  Կարեն Աբազյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ծանոթ է խոշորացված համայնքի բոլոր խնդիրներին․ «Արդեն հինգ տարի է՝ աշխատում եմ, Նոյեմբերյան համայնքի խնդիրներին քաջատեղյակ եմ։ Էդ խնդիրներն ինձ համար նորություն չեն, դրանց որոշ մասը լուծվել է, որոշ մասը լուծման ընթացքում է, որոշ մասի լուծումն էլ կախված է ֆինանսական հնարավորություններից, դեռ նոր պետք է լուծումներ տրվեն»,- ասաց նա՝ պնդելով, որ չկա մի այնպիսի խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն։  Առհասարակ խոշորացման գործընթացին մեր զրուցակիցը դրական վերաբերմունք ունի․ «Երբ առաջին անգամ ընտրվում էի, ճիշտն ասած, չէի էլ պատկերացնում՝ խոշորացման դեպքում ինչ կստացվի, ինչպես կարելի է կառավարել, բայց կառավարման ընթացքում ծանոթացա գյուղերի, քաղաքների կատարած աշխատանքներին, օպտիմալությանը, աշխատանքի ընթացքում եկա այն համոզմանը, որ իրականում խոշորացված համայնքում աշխատելը, խնդիրները վեր հանելը, լուծելը, բյուջեի կառավարումը շատ ավելի հեշտ է եւ արդյունավետ։ Մանավանդ, կարող եմ ասել, փոքր գյուղեր կային, որտեղ բյուջեն նույնիսկ աշխատավարձի համար չէր հերիքում։ Իսկ հիմա նմանատիպ հարցեր չկան։ Կային գյուղեր, որտեղ գիշերային լուսավորություն ընդհանրապես չկար, իսկ հիմա լուսավորված են»,-ասաց Աբազյանը՝ որպես օրինակ նշելով Բարեկամավանը, Դովեղը եւ այն։ Նա առանձնացրեց խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն համայնքային բյուջեով։ Օրինակ՝ տեղային խնդիրները, փոքր գյուղերի լուսավորության, աղբահանության պատշաճ իրականացման հարցը պատրաստվում են լուծել համայնքի բյուջեով, սակայն, ինչպես մեր զրույցում կարծիք հայտնեց Աբազյանը, առավել մեծ հարցերը՝ այդ թվում՝ ճանապարհաշինության, միայն համայնքային հոգածության ներքո չեն կարող լինել․ «Կան խնդիրներ, որոնց լուծման համար համայնքային բյուջեն բավարար չի լինի։ Հիմնականում ծախսատար են ոռոգման ու խմելու ջրի խնդիրները։ Դրանց մասնակի լուծումներ համայնքը կարող է տալ, սակայն գլոբալ լուծման համար այլ միջոցներ են պետք։ Օրինակ, Արճիս-Լճկաձոր հատվածում այս խնդրի լուծումն առանց պետական աջակցության չէր լինի։ Խոշորացված համայնքը կարող է տեղային խնդիրներ լուծել, բայց գլոբալ խնդիրները շատ ծախսատար են, ինչպես, օրինակ, նաեւ ճանապարհաշինությունը»։ Համայնքապետի թեկնածուն նշեց, որ կան աշխատանքներ, որոնք հիմնականում անում են սուբվենցիոն ծրագրերի միջոցով՝ պետության հետ համագործակցությամբ․ «Բացի դրանից՝ մենք մանկապարտեզների վերանորոգման, կառուցման աշխատանքներ ենք ունեցել, որոնք կատարվել են դոնորների ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ»։ Թե տնտեսական առումով զարգացման ինչ հեռանկար է տեսնում ՔՊ-ի թիմը Նոյեմբերյանում, Աբազյանն ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանը երկու մասի կարելի է բաժանել․ ներքեւում՝ Այրումի տարածաշրջանը, որտեղ ավելի զարգացած է հողագործությունը, եւ վերեւում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանը, որտեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում․  «Յուրաքանչյուրի դեպքում մոտեցումը պետք է անհատական լինի։ Նոյեմբերյան խոշորացված համայնքում անասնաբուժական կետեր կան, հեռագնա արոտավայրերում խմոցներ ենք տեղադրել, ճանապարհներ ենք նորոգել, անասնաբուժական դեղատներ ենք բացել գյուղական չորս համայնքներում, որոնք աշխատեցնում են տվյալ բնակավայրերի անասնաբույժները»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմոռանալով հեռագնա արոտների խնդրի մասին։ Նրա խոսքով՝ մի քանի սերունդ է փոխվել, խնդիրները շատացել են․ «Բնակիչների մի մասն արտերկրում է բնակվում, իրենց անունով հողեր կան, որ չեն մշակվում, դառնում են մացառուտներ։ Իսկ կան նոր կազմավորված ընտանիքներ, իրենց էլ հող է պետք, արդեն հողը չի հերիքում, դու չես կարող մեկ ուրիշի սեփականությունը տալ ուրիշին»։ Համայնքապետի թեկնածուի կարծիքով՝ այս խնդրի լուծումը համայնքը չի կարող տալ, հարցին պետական մակարդակով մոտեցում է պետք։  Կարեն Աբազյանի վստահեցմամբ՝ այն աշխատանքները, որ արել են այս ընթացքում, շարունակական են լինելու։ Օրինակ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) եւ USAID-ի հետ համագործակցության շրջանակներում 2017 թվականին Նոյեմբերյան քաղաքում հիմնվել է ավտոպարկ, որի տեխնիկայի համալրումը շարունակելու են նաեւ ապագայում։  Համայնքապետի թեկնածուն առաջիկա ընտրություններում ակնկալում է ընտրողների ակտիվ մասնակցություն․ «Ակտիվ, ազնիվ ու արդար ընտրություններ եմ ակնակլում, ուզում եմ՝ ժողովրդի մասնակցությունը բարձր լինի, քանի որ ՏԻՄ ընտրությունն անմիջապես բնակչության հետ շփումն է։ Իրենց խնդիրները, անկախ նրանից՝ դրանք վերաբերում են ՏԻՄ-երին, թե ոչ, բնակիչները արտահայտում են, համայնքապետարանը փորձում է լուծում գտնել։ Որպեսզի յուրաքանչյուր համայնքի ղեկավար պատասխանատու լինի, ես մեր բնակիչներին կհորդորեմ ակտիվ մասնակցեն եւ պահանջատեր լինեն»,- եզրափակեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Աբազյանը։ Լուսանկարը՝ Կարեն Աբազյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:10 - 29 նոյեմբերի, 2021
Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան

Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը․ Մամիկոն Ասլանյան

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Այս ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գլխավորում է նորաստեղծ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Դաշինքը կազմված է «Ազատ դեմոկրատներ» և «Իմ հզոր հայրենիք» կուսակցություններից։ Թեեւ Մամիկոն Ասլանյանը 2016 թ․-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով, նա այժմ անկուսակցական է։ Այս տարվա հոկտեմբերի 12-ին համայնքապետի պաշտոնում Մամիկոն Ասլանյանի լիազորությունները դադարեցվել էին․ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը (Օհանյանը Վանաձորի այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի երկրորդ համարն է)։ Ասլանյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը իրենց համար բնականոն հունով է ընթանում․ «Կան քաղաքական ուժեր, որ իրենց կոռեկտ չեն պահում վանաձորցիների նկատմամբ, բայց աշխատում ենք հարթել, աշխատում ենք առաջ շարժվել։ Ակնկալիքն, ինչպես բոլորի մոտ, հաջողության հասնելն է։ Ի տարբերություն մյուսների՝ մենք 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներով ենք ներկայանում հասարակությանը և հասարակությունից ակնկալում ենք մեր գնահատականը»։ Հարցին, թե ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ո՞ր քաղաքական ուժերը իրենց կոռեկտ չեն պահում, վերջինս պատասխանեց, որ իշխող ուժի մասին է խոսում․ «Ֆեյսբուքյան տիրույթում, լրատվամիջոցներում տեսած կլինեք, մարդկանց են գործից ազատում լայքերի համար, մարդկանց հետ շփումների համար, այլ թիմերի հետ համագործակցելու համար»։ Ասլանյանը նշեց նաև, որ քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով են փորձում նման երևույթների դեմ պայքարել․ «Մենք հակադարձում ենք, քաղաքացիներին հորդորում ենք չտրվել սադրանքների, որովհետև ամեն դեպքում վանաձորցին պետք է ընտրի համայնքի ապագա ղեկավարին, և նաև այն մարդկանց, աշխատանքային խմբին, ում ինքը վստահում է։ Ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանքով ենք անում, քան այլ դեբատների մեջ մտնելով»։ Համայնքապետի թեկնածուի դիտարկմամբ՝ Վանաձորում գլոբալ խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել մեծ ներդրումների միջոցով, կառավարության աջակցությամբ, որովհետև համայնքային բյուջեով հնարավոր չէ այդ հարցերը լուծել․ «Մասնավորապես տնակային ավան ունենք Վանաձորում, 84 բազմաբնակարան շենքեր ունենք, որոնք կամ պիտի ամրացվեն, կամ պետք է որոշվի դրանց հետագա ճակատագիրը։ Մնացած հարցերը, որոնք ավելի համայնքային լուծելիության տիրույթում են, դրանք հերթով լուծվում են, հերթականությամբ գնում ենք, առաջիկայում կլինի տրանսպորտային ցանցի վերազինում»։ Նա նաև ասաց, որ ներդրումների միջոցով են պատկերացնում տնակային ավանների խնդրի լուծումը։ Ասլանյանի համոզմամբ՝ իրենց առաջարկած լուծմամբ խնդիրը դանդաղ, բայց հաստատուն կերպով կլուծվի․ «Մենք ունենք տարածքներ, որտեղ գտնվում են այդ տնակային ավանները, ներդրումային մի ծրագրի միջոցով այդ տարածքը կտրամադրվի այլ ներդրումային ծրագրի, որի փոխարեն կկարողանանք լուծել տնակային ավանի խնդիրները»։ Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։ Ասլանյանը վստահեցրեց՝ լավատեղյակ է Վանաձորին միացող գյուղերի խնդիրներին․ «Դրանք մեզ կպած գյուղական համայնքներ են, բոլորի խնդիրներին գրեթե ամբողջությամբ ծանոթ եմ։ Այս պարագայում անհրաժեշտ է մուլտիմշակութային նոր տիրույթ ստեղծել, քանի որ Վանաձորը երբեք գյուղական բաղադրիչ չի ունեցել, պետք է աշխատենք, որ ոչ քաղաքը գյուղին կլանի, ոչ էլ գյուղը քաղաքին կլանի, որպեսզի մենք բազմաշերտ մշակույթ ստեղծենք, որ մեկը մյուսին լրացնեն, և երկուսն էլ համաչափորեն զարգանան»։ Իսկ թե ինչու Մամիկոն Ասլանյանը այս անգամ ընտրություններին չի մասնակցում ՀՀԿ ցուցակով, վերջինս այսպես պատասխանեց․ «Ինչով որ հարմար եմ գտել, դրանով էլ մասնակցում եմ»։ Նա վստահ է՝ վանաձորցիները ՏԻՄ ընտրություններն որոշում կկայացնեն՝ համեմատություն կատարելով և մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ «Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Լուսանկարը՝ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
11:05 - 29 նոյեմբերի, 2021
Ռուսաստանում «օմիկրոն» ենթատեսակը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է տարածվող լուրերը

Ռուսաստանում «օմիկրոն» ենթատեսակը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է տարածվող լուրերը

«Ռոսպոտրեբնադզորի տվյալներով նոյեմբերի 28-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման ոչ մի դեպք, այդ թվում՝ արտերկրից վերադարձածների մոտ չի գրանցվել: Տեղեկությունը փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։ «Եգիպտոսի հետ կանոնավոր և չարտերային թռիչքներն իրականացվում են պլանային կարգով, զբոսաշրջիկները անհանգստանալու պատճառ չունեն»,- ասել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։ Ավելի վաղ ռուս պաշտոնյա Վլադիմիր Կրուգլին հայտնել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել։  Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)՝ սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
20:49 - 28 նոյեմբերի, 2021
Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։ Ըստ ռուս պաշտոնյա Վլադիմիր Կրուգլիի՝ դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, որոնք այցելել էին Եգիպտոս։ Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)՝ սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։ ԱՀԿ-ն նաև նշել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը: Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել  ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: [ՀՀ ԱՆ]
18:21 - 28 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Այս տարվա նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը լարվել էր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը դիմելու է ՌԴ-ին 1997 թ․-ի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով։ «Քանի որ հարձակում եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թ․-ի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,-ասել էր Արմեն Գրիգորյանը։ Ավելի ուշ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ վերը նշված պայմանագրով օգնություն ստանալու հարցով․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է (խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի), ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով։ ԱԳՆ-ից հարցի վերաբերյալ հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Նոյեմբերի 16-ին և 21-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև։ Կողմերը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Քանի որ այս պատասխանի արդյունքում մեզ համար շարունակում էր անհասկանալի մնալ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, փորձել ենք նույն հարցի պատասխանը ստանալ նաև հեռախոսազանգի միջոցով, սակայն ԱԳՆ-ից մեր ստացած պատասխանին ոչինչ չեն  ավելացրել։  Նշենք, որ 1997 թ․-ի պայմանագրում գրավոր դիմելու ընթացակարգի վերաբերյալ որևէ դրույթ նշված չէ, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք նաև ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ հայտնել։ Պայմանագրի 2-րդ հոդվածում միայն խորհրդակցություններին վերաբերող դրույթ կա․ «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։ ՌԴ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերյալ հարցին նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձություններից հետո դիմելու մասին է, Փաշինյանն ասել էր․ «Նոյեմբերի 16-ի իրադրությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ պետք է Ադրբեջանի պահվածքի էֆֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք, և մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, և Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում»։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն նոյեմբերի 16-ին և դրանից հետո չի դիմել ՌԴ-ին` 1997 թ․-ի պայմանագրով օգնություն խնդրելու նպատակով։ Այս դեպքում անհասկանալի է՝  ինչու ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում, թե արդյոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից հետո Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Նանե Ավետիսյան
20:17 - 27 նոյեմբերի, 2021
ԱՆ պատվաստանյութի ազգային պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ նոյեմբերի 30-ին ավարտվող ժամկետով 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է եղել

ԱՆ պատվաստանյութի ազգային պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ նոյեմբերի 30-ին ավարտվող ժամկետով 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է եղել

2021 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Առողջապահության նախարարության պատվաստանյութերի ազգային պահեստում առկա է եղել 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա», որի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին՝ նոյեմբերի 30-ին։ Պահեստում առկա է եղել նաեւ 235 դեղաչափ «Կորոնավակ», որի ժամկետն ավարտվում է 2022թ.-ի մարտի 18-ին, ապա եւ 10178 դեղաչափ «Սպուտնիկ V» առաջին բաղադրիչ, 14460 դեղաչափ՝ երկրորդ բաղադրիչ, որոնց ժամկետն ավարտվում է 2022թ. փետրվարի 28-ին (պատվաստման առաջին փուլում ներարկում են Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երկրորդ փուլում ներարկում են պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երեք շաբաթ ընդմիջումով: Երկրորդ բաղադրիչի բաղադրությունն առաջինից տարբերվում է)։ Այս մասին Infocom-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 16-ի դրությամբ, բացի վերը թվարկված պատվաստանյութերից, առկա են նաեւ «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» պատվաստանյութերը։ Սրանց ժամկետները, սակայն, ավարտվում են ոչ թե մեկ, այլ մի քանի ամսաթվերի․ «Սինոֆարմինը»՝ 2023թ. հուլիսի 16-ին եւ սեպտեմբերի 10-ին, «Մոդեռնայինը»՝ 2021-ի նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 27-ին, 2022թ. հունվարի 14-ին, հունվարի 22-ին, փետրվարի 14-ին, փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին։ Թե որ օրը որ պատվաստանյութից քանի դեղաչափի ժամկետ է ավարտվում, նախարարությունից մեր նախորդ հարցին չէին պատասխանել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հարցին, թե ինչու չեն տրամադրվել այդ տվյալները, պատասխանել էին, որ պատվաստանյութերի բաշխումը դինամիկ գործընթաց է, տվյալներն անընդհատ փոփոխվող են, ուստի կոնկրետ օրվա դրությամբ տվյալ տալն անհնար է։ Մեր դիտարկմանը, որ անընդհատ փոփոխվող են նաեւ պատվաստումների թվերը, նաեւ այն տվյալները, թե որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստվել, ուրեմն՝ նման հաշվարկ անելն ինքնին անհնար չէ, կենտրոնից առաջարկել էին գրավոր հարցմամբ դիմել՝ պահեստում առկա պատվաստանյութերի թիվը տրամադրելու համար։ Ըստ կենտրոնի՝ թիվը բանավոր տրամադրել հնարավոր չէր, քանի որ պետք տվյալների հաշվարկի ու վերլուծության կարիք կա։ Այսինքն՝ Նախարարությունում առկա չէին տվյալներ, թե տվյալ պահի դրությամբ որ խմբաքանակից, որ օրը ժամկետից դուրս եկող քանի պատվաստանյութ է մնացել, քանիսը՝ սպառվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԱՆ-ն այս անգամ տրամադրել է նոյեմբերի 24-ի դրությամբ ԱՆ պատվաստանյութերի ազգային պահեստում առկա պատվաստանյութերի դեղաչափերի պիտանելիության ժամկետները։ 2023 թ. հուլիսի 16-ի պիտանելիության ժամկետով «Սինոֆարմ» պահեստում այլեւս չկա, իսկ նույն թվականի սեպտեմբերի 10-ի պիտանելիության ժամկետով «Սինոֆարմից» պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ 155862 դեղաչափ է մնացել։ Երկու օրից՝ նոյեմբերի 28-ին ավարտվող պիտանելիության ժամկետով «Մոդեռնայի» դեղաչափ եւս պահեստում չկա, իսկ այս տարվերեջին՝ դեկտեմբերի 27-ին ավարտվող պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ դեռ 30780 դեղաչափ եղել է։ Եկող տարվա հունվարի 14-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» պահեստում եղել է 5000 դեղաչափ, հունվարի 22-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 17900 դեղաչափ, փետրվարի 14-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 236250 դեղաչափ, փետրվարի 27-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 150000 դեղաչափ։ 2022-ի մարտի 5-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» եղել է 11900 դեղաչափ։ Առողջապահության նախարարությունից պատվաստանյութերի ժամկետների եւ դեղաչափերի վերաբերյալ մեր հարցման պատասխանում հավելել են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նշված պատվաստանյութերից առկա է նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում, որոնց քանակներն անընդհատ փոփոխվում են: Այս պահին հարց է առաջանում՝ նոյեմբերի վերջին ավարտվող ժամկետով «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի մի քանի հազար դեղաչափերը կհասցնեն սպառվել, թե ոչ։ Նշենք նաեւ, որ նախօրեին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է եւս 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Թե նոյեմբերի 16-ի դրությամբ ՀՀ-ում պատվաստանյութերի քանի դեղաչափ է առկա եղել, որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստել, կարող եք կարդալ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Pexels հարթակից
18:15 - 27 նոյեմբերի, 2021
Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան

Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան

Այսօր՝ Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։ «Նախորդ օրը Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը, դրա արդյունքներն արձնագրած հայտարարությունը ևս մեկ ապացույց էր, որ ՀՀ Արցախի մարզը միասնաբար զավթելուց ու բաժանելուց հետո Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պայմանավորված պատերազմի ու պլանավորված պարտության արդյունքներով ընդունված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ արդյունքներով ընդամենը մի նոր ստատուս-քվո հաստատելու մասին չէ, այլ սկիզբ է դնում ՀՀ-ի լուծարման և հայկական գործոնի վերացման ռուս-թուրքական վաղեմի ծրագրի իրագործման վերջին փուլին։ Իինչպես մեկ դար առաջ, Նժդեհի առաջնորդությամբ փրկված Սյունիքն է կանգնած այդ ծրագրի ճանապարհին»։ Ավետիսյանը ասաց՝ եռյակ թշնամին որպես աջակից ունենալով իր կամակատար երևանյան ռեժիմին և մոսկվահպատակ քաղաքական դասին, իրականացնում է Սյունիքի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ «Պետք է արձանագրենք, որ եռյակ թշնամու այս ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել երկու պատճառով․ ԱՄՆ գլխավորությամբ հետզհետե աճման ընթացքով իրականացվող արևմուտքի ռազմավարական զսպման և հայ ժողովրդի քաղաքական դիմադրության։ Ի դեպ, այս 2 հանգամանքի շնորհիվ է, որ երեկ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունն ուներ լղոզված բովանդակություն։ Եվ, առհասարակ, արևմուտքի ճնշման և հայ ժողովրդի դիմադրության շնորհիվ է, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից առ այսօր դեռևս չի կնքվել Կարսի ու Ալեքսանդրապոլի խառնուրդ-պայմանագիրը, որ տապանաքար կլիներ հայոց պետականության գերեզմանին»։ Նա հիշեցրեց, որ ադրբեջանական զորքերը մեծ ուժերով կուտակված են Սյունիքի երկու կողմերում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ վտանգված գոտու բնակիչներին զինելու համար․ «Արևելյան կողմից շփման գծի ամբողջ երկայնքով պատրաստ են ներխուժելու, զավթելու և Սյունիքը կտրելու, մեր հայրենակիցներին ցեղասպանելու և բռնագաղթի ենթարկելու։ Սպառնալիքն իրական է և վերահաս։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունն, ըստ էության, մատը մատին չի տալիս խիստ հավանական այս աղետը կանխելու համար՝ փաստացի գործելով ի նպաստ թշնամու ծրագրի։ Նա ձախողում է զինված ուժերի միջոցով պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հրաժարվում է կազմակերպել, զինելու պատրաստել առնվազն Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը»։ Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել Պաշտպանության նախարարության առաջ՝ պահանջելով զինել սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչներին, սակայն, նրա խոսքով, մինչ այժմ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել․ «Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչության կոտորածը կանխելու և թշնամու ներխուժումները խափանելու միակ ճանապարհը երկրի ներքին ուժերի ամբողջ ներքին ռեզերվի վերադասավորումն ու մոբիլիզացիան է, ինչը ենթադրում է հրաժարվել բոլոր երկրորդային ծախսերից, որի աղաղակող օրինակն է Ալեն Սիմոնյանի մանկական երազանքի իրականացման համար թանկարժեք ծառայողական մեքենայի գնումը, և բոլոր միջոցներն ուղղել պաշտպանական համակարգի հզորացմանն ու ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը»։ Նրա խոսքով՝ անհեթեթ են բոլոր մտայնությունները, թե առանց պետական կառավարման համակարգի հնարավոր կլինի կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Ավետիսյանը ելույթի ավարտին վերահաստատեց ԱԺԲ-ի պահանջները վտանգված գոտու բնակիչներին զինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։  
16:52 - 27 նոյեմբերի, 2021