Ինֆոքոմ

Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արմավիրում մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը։ ՔՊ-ն Արմավիրում 46 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Արմավիրում միակուսակցական ավագանի է լինելու։ Infocom-ի հետ զրույցում Դավիթ Խուդաթյանը կարծիք հայտնեց, որ իրենց նախընտրական քարոզարշավն ընթացել է դրական մթնոլորտում՝ չհաշված այն պահը, երբ նոյեմբերին սահմանային իրավիճակը սրվեց․ այդ ժամանակ Արմավիրում ՔՊ-ի թիմը, ինչպես մյուս համայնքներում այլ քաղաքական ուժեր, դադարեցրել էին քարոզարշավը։  Խոշորացված Արմավիրում, որտեղ քաղաքին միացած եւս տասը բնակավայր կա, ՔՊ-ի թիմը քարոզարշավն իրականացրել է բնակիչների հետ հանդիպումներով ու զրույցներով․ «Բնակիչների հետ բազմամարդ հանդիպումներ ենք ունեցել, հարց ու պատասխաններ։ Այսօր էլ հանդիպում ունենք բնակիչների հետ, բայց ավելի շատ քայլերթի տեսքով, քայլելու ենք քաղաքում, մարդկանց ներկայացնելու ենք մեր թիմը, մեր արած աշխատանքներն ու ապագա անելիքները, իսկ երեկոյան 18:30-ին ամփոփիչ հավաք ենք ունենալու Արմավիրի մշակույթի տան դահլիճում»,- մեր զրույցում ասաց համայնքապետի թեկնածուն։ Դավիթ Խուդաթյանի վստահեցմամբ՝ տարածաշրջանին ինքը լավ ծանոթ է, խնդիրներն իր համար նոր չեն․ «Բնակիչների հետ բազմիցս առիթ ենք ունեցել շփվելու, նրանց բարձրացրած խնդիրները գրեթե միատեսակ են։ Այդ խնդիրները մենք բաժանել ենք երկու մասի՝ կարճաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, եւ խնդիրներ, որոնց լուծումը բավականին երկար ժամանակ է պահանջելու։ Այնպես որ, կենսական անհրաժեշտության բոլոր խնդիրները լուծելն առաջիկա հինգ տարում շատ հավանական է, եւ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ»։ Արմավիրը, մեր զրուցակցի դիտարկմամբ, գյուղատնտեսական տարածաշրջան է, ուստի այստեղ բնակիչներին անհանգստացնող հիմնական խնդիրները վերաբերում են գյուղատնտեսությանը․ կան ոռոգման ջրի խնդիրներ, բերքի իրացման խնդիրներ։ Բնակիչները Խուդաթյանի հետ զրույցներում բարձրացրել են նաեւ ենթակառուցվածքների հարցը, մարդկանց մտահոգում է նաեւ նախադպրոցական կրթական անհասանելիությունը․ «Համայնքների մեծ մասում Խորհրդային Միության փլուզումից հետո մանկապարտեզներ չեն եղել, մեզ համար սա եւս առաջնային լուծում պահանջող խնդիր է»,- շեշտեց համայնքապետի թեկնածուն։ Համայնքի բյուջեն գուցե բոլոր խնդիրների լուծման համար չբավարարի, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, հնարավորություններն ավելի մեծ են, քան բյուջեն․  «Խոսքը ե՛ւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, ե՛ւ ամբողջական պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, ե՛ւ դոնոր-կազմակերպությունների հատկացրած գումարներով իրականացվող ծրագրերի մասին է։ Այնպես որ, այդ գումարները ճիշտ նպատակին ուղղելու դեպքում չեմ ասում՝ իդեալական պատկեր ենք ստանալու, բայց որ բնակիչները շատ արագ նկատելու են դրական լրջագույն փոփոխություն, այդպես է»։ Համայնքի ներքին զարգացման համար Դավիթ Խուդաթյանը կարեւոր ուղղություն է համարում նաեւ տուրիզմի ոլորտը․ խոշորացող Արմավիրի տարածքում է, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրը, որը․ ըստ մեր զրուցակցի, տուրիստական էական ուղղություն է ամբողջ հանրապետության համար․ «Նաեւ գյուղատնտեսական՝ էկոտուրիզմի լավ հնարավորություններ ունի այս հատվածը, այնպես որ պատրաստ ենք նաեւ այս ուղղությամբ աշխատել, ե՛ւ հավանական ներդրողների հետ, ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ պետության հետ՝ այս հատվածը ներառելու Հայաստանի տուրիզմի ամենաշատ այցելվող տեղերի մեջ»։  Եւ խոսքը միայն ներքին տուրիզմի մասին չէ։ Վերջին տարիներին, Խուդաթյանի համոզմամբ, Արմավիրի մարզում փոքր գինեգործական ընկերությունները սկսել են լայն թափով աշխատել․ «Եւ սա հետաքրքիր ուղղություն կարող է դառնալ ոչ միայն տեղացիների համար, այլ նաեւ Հայաստան եկող մեր հյուրերի համար»։ Այս ընտրություններում Դավիթ Խուդաթյանն ու իր թիմը քաղաքացիներից քվե են ակնկալում ոչ թե նրա համար, որ առաջադրված միակ քաղաքական ուժն են, այլ կարծում են, որ բնակիչների հետ երեք տարիների իրենց համատեղ աշխատանքը Արմավիրում հաջողությամբ է պսակվել․ «Եւ քաղաքացիները պետք է որ վստահություն ունենան, որովհետեւ մենք էլ վստահություն ունենք, որ արդեն խոշորացված համայնքում հետագա համատեղ աշխատանքը եւս ստացվելու է։ Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է քաղաքացիների մասնակցությունը, եւ կարեւոր է, որ քաղաքացիները վստահ լինեն՝ այն խնդիրները, որոնք բարձրացրել են, մեր ուշադրության կենտրոնում են լինելու, եւ դրանց մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա հինգ տարիներին»,- ասաց մեր զրուցակիցը, եւ հարցին՝ չի՞ վախեցնում, որ խոշորաված՝ ավելի մեծ համայնքն ավելի շատ աշխատանք ու ջանք է պահանջելու, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Չի վախեցնում, ավելի է պարտավորեցնելում»։ Լուսանկարը՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:59 - 03 դեկտեմբերի, 2021
Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

50 տարի առաջ այս օրը հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М» մարսագնացը «Մարս-3» կայանով իջեցվեց Մարս մոլորակ։ «Մարս-3» կայանը պատմության մեջ առաջինն էր, որ փափուկ վայրէջք կատարեց կարմիր մոլորակի վրա։ Մարսին է նվիրված նաև 2022 թ․-ին Հայաստանում սպասվող գիտության և արվեստի «STARMUS» փառատոնը։ Infocom-ը այս թեմաների շուրջ զրուցել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, գիտության և արվեստի «STARMUS» փառատոնի հեղինակ և հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ։ Քեմուրջյանի «ПрОП-М»-ը Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտն է Գարիկ Իսրայելյանն ասում է, որ մինչև 1971 թ․-ը Մարսի վրա որևէ սարք իջեցնելու փորձերը հիմնականում անհաջող ավարտ էին ունենում․ «Մարսը շատ բարդ խնդիր էր։ Մարսի մոտ կամ Մարսի վրա ինչ-որ բան իջեցնելու փորձերը սկսեցին նույնիսկ 60-ականների սկզբից, նույնիսկ Յուրի Գագարինի թռիչքից առաջ։ Թե՛  Խորհրդային Միությունը, և թե՛ Միացյալ Նահանգները սկսել էին տիեզերանավեր ուղարկել, բայց բոլոր պրոյեկտները անհաջող անցան։ Տիեզերանավերը պայթում էին, կամ այն, ինչ ուղարկում էին, սխալ ուղեծրով էր գնում ու չէր մոտենում Մարսին»։ Արդեն 1971 թ․-ին Միացյալ Նահանգները «Մարիներ 9» կոչվող արբանյակը ուղարկեց Մարս, որը, սակայն, մոլորակի վրա վայրէջք կատարելու նպատակ չուներ, իսկ Խորհրդային Միությունը Մարսը հետազոտելու համար «Մարս-2» և «Մարս-3» կայանները ուղարկեց, որոնք պիտի վայրէջք կատարեին կարմիր մոլորակի վրա։ «Մարս-2-ը» փափուկ վայրէջք չկատարեց Մարսի վրա․ մեկ ամիս անց, սակայն, «Մարս-3»-ը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջքը կատարեց կարմիր մոլորակի վրա․ «Մարս-3»-ը ուներ արբանյակ, որը սկսեց Մարսի շուրջ պտտվել ու նկարներ անել, բայց մենք միայն առաջին նկարը ստացանք, որը շատ վատ որակի նկար է, ու չէին հասկանում, թե ինչու էր այդքան անորակ։ Դա իմացանք շատ ավելի ուշ, որովհետև կապը «Մարս-3»-ի հետ վայրկյաններ անց խզվեց։ «Մարս-3»-ի մեջ դրված էր փոքր ռոբոտ, որը Քեմուրջյանն էր սարքել, դա պետք է դուրս գար ու սկսեր Մարսը հետազոտել, բայց քանի որ 15 վայրկյան հետո կապը կորավ, այդպես էլ մարդիկ չիմացան՝ այդ ռոբոտը դուրս եկավ, դուրս չեկավ, ու դրա վերջը ինչ եղավ»։  Այդ նույն պահին, նրա խոսքով, Ամերիկյան «Մարիներ-9» արբանյակը սկսեց նկարներ ուղարկել Մարս մոլորակից։ Նկարներից պարզ դարձավ, որ Մարսի վրա շատ ուժեղ և հզոր փոշու փոթորիկ է․ «Մարսի վրա փոշու փոթորիկները շատ հաճախ են լինում, բայց այդ տարվա փոթորիկը ահավոր մեծ էր, որովհետև Մարսի գրեթե ամբողջ մակերեսը փակել էր։ Այդ փոշու փոթորիկները իրենց մեջ էլեկտրական հոսանք են պարունակում, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Մարս-3-ի» հետ կապը կորավ, բայց պատմականորեն փաստն այն է, որ առաջին պատկերը Մարսից ստացվել էր, փաստ էր, որ առաջին անգամ փափուկ իջել էր Մարսի վրա, և որի մեջ եղել է  Քեմուրջյանի «ПрОП-М» ռոբոտը»։ «ПрОП-М» ռոբոտը Աստղաֆիզիկոսի խոսքով՝ Խորհրդային Միությունը այս վայրէջքից հետո կրկին փորձել է սարքեր իջեցնել Մարսի վրա, սակայն փորձերի մեծ մասն անհաջող ավարտ է ունեցել․ «Մարսի հետ միաժամանակ Խորհրդային Միությունը Վեներան էլ սկսեց ուսումնասիրել։ Վեներայի դեպքում մի քանի հաջող միսիաներ եղան։ Իմիջիայլոց, միայն Խորհրդային Միությանը հաջողվեց Վեներան «գրավել», իսկ Ամերիկային՝ ոչ։ Մինչև հիմա դա մնում է ամենաբարդ մոլորակը, որովհետև Վեներան շատ խիտ մթնոլորտ ունի, այնտեղ ինչ-որ հետազոտություն անելը շատ բարդ է։ Այս տարի Միացյալ Նահանգները ուղարկում են, տեսնենք՝ ինչ կստացվի»։ Քեմուրջյանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն Գարիկ Իսրայելյանը պատմում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ալեքսանդր Քեմուրջյանը ստեղծել է մոլորակագնացների կենտրոն, և Միացյալ Նահանգներում սկսել է ներկայացնել այդ մոլորակագնացները․  «ԱՄՆ-ում մինչև 90-ականները մոլորակագնաց չէին սարքել, դա միայն արել էր Քեմուրջյանի լաբորատորիան՝ լուսնագնաց սարքելով, ու մինչև 90-ական թվականները «ՆԱՍԱ»-ն չէր մոտեցել այդ խնդիրներին, բայց երբ Քեմուրջյանը գնաց այնտեղ, իր հետ հանդիպումներ եղան,  հոդվածներ գրեց ու Ամերիկան սկսեց սարքել մոլորակագնացներ՝ նույն Լուսանագնացի սկզբունքով, որպեսզի Մարս իջեցնի»,-ասում է նա՝ նշելով, որ մոլորակագնացների ոլորտը սկսեց զարգանալ Քեմուրջյանի շնորհիվ։ Հայազգի ճարտարագետ, առաջին մոլորակագնացների հեղինակ Ալեքսանդր Քեմուրջյանը Աստղաֆիզիկոսը նշում է, որ անձամբ չի ճանաչել Ալեքսանդր Քեմուրջյանին, սակայն Քեմուրջյանի որդու հետ շփվելիս հասկացել է, որ գիտնականի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն․ «Պարզվում է, որ Քեմուրջյանը բավականին պատրիոտ մարդ է եղել, որի մասին գրքերում գրված չի։ Մենք դա իմացանք իր տղայից։ Նա պատմեց, որ իր հայրը շատ հայրենասեր է եղել, ու մի քանի անգամ Հայաստան է եկել։ Քեմուրջյանի լաբորատորիան զբաղվում էր հենց մատերիալների պնդությամբ․ հետազոտում էին, թե ինչից պատրաստեն անիվները։ Քեմուրջյանը օգնել էր պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիային։ Ես մի մարդու հանդիպեցի, որը այն ժամանակ Քեմուրջյանի հետ մտերիմ է եղել, բայց այդ մարդը թողել է պոլիտեխնիկի ինժեներությունը, հիմա բիզնեսով է զբաղվում։ Իրեն առաջարկեցի, որ հեռուստատեսությամբ խոսի, բայց հրաժարվեց։ Երևի Քեմուրջյանի 100-ամյակը նպաստի, որ սկսենք ավելի լուրջ ուսումնասիրել Քեմուրջյանի «հայկական մասը», Հայաստանի հետ հարաբերությունները»։ «STARMUS» փառատոնը կանցկացվի Հայաստանում և նվիրված կլինի Մարսին 2022 թ․-ի սեպտեմբերի 5-10-ը արվեստի և գիտության 6-րդ «STARMUS»  փառատոնը անցկացվելու է Հայաստանում և կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Գարիկ Իսրայելյանն ասում է՝ գիտեն, որ տիզերական հետազոտությունների վեկտորը մոտակա 15-20 տարիների ընթացքում ու նաև հետագայում լրիվ ուղղված է լինելու դեպի Մարս մոլորակը․ «Դրա պատճառը երևի Իլոն Մասկն էր։ «ՆԱՍԱ»-ն դա չարեց, «ՆԱՍԱ»-ն ընդհանրապես քնած էր այդ հարցում,  միտք էլ չուներ մտնել այս խնդիրների մեջ։ Դա Մասկից սկսվեց։ Կարելի է նույնիսկ ասել, որ ինքն էր պատճառը, որ մենք 2 տարուց նորից Lուսին ենք վերադառնում ու լուսին այնպես չենք վերադառնում, ինչպես 50 տարի առաջ, այլ լուսին գնում ենք՝ այնտեղ բազա սարքելու համար, լաբորատորիաներ սարքելու, որը հետո ծառայելու է որպես միջանկյալ կետ ու բազա Մարս գնալու համար»։ Իսրայելյանի խոսքով՝ գիտության ճյուղերը՝ սկսած հաշվողական տեխնիկայից, ինֆորմատիկայից, պետք է բոլորովին նոր լիցք ստանան Մարս գնալու ծրագրի պատճառով․ «Այդպես ամբիցիոզ, մեծ, հսկայական պրոյեկտ են դրել, որը երևի հազար անգամ ավելի բարդ է, քան Լուսին գնալը, բայց հաստատ ուզում են անել։ Մենք փառատոնի ընթացքում զեկուցումներ կունենանք հենց այդ թեմաներով, թե ինչ են անում, որպեսզի Մարսի վրա կարողանան հետազոտությամբ զբաղվել, ինչ հետազոտություններ են անում, որպեսզի Մարսի վրա առաջին լաբորատորիան կամ փոքր քաղաքը լինի, որովհետև մի բան է, որ այնտեղ 5 մարդ է ապրում, ուրիշ բան է, որ այնտեղ 500 մարդ է ապրում և ուրիշ բան է, որ ուզում են հետագայում 5 միլիոն մարդ ապրեն»։ Նրա խոսքով՝ շատ գիտական տեսություններ կան այն մասին, որ տարբեր պատճառներով պայմանավորված մարդիկ երկար չեն կարող դիմանալ Երկիր մոլորակի վրա․ «Մասկն էլ է դա ասում, որ եթե ոչ ամբողջ մարդկությանը, գոնե միլիոնավոր մարդկանց ինչ-որ բանաձևերի օգնությամբ, ինչ-որ ծրագրով հնարավոր լինի տեղափոխել Մարս։ Հիմա այդ խնդրով սկսել են շատ լուրջ զբաղվել, իրենք արդեն Մարսի վրա միջուկային ռեակտորներ պետք է տեղադրեն, էներգետիկա պետք է ունենան, ինչպես են սարքելու, ինչ ռեսուրսներով, ամեն ինչ երկրագնդից չես կարող տանել, դրա համար այնտեղ պետք է անել այդ ամեն ինչը ու հիմա շատ ռեսուրսներ են ներդնում այդ հետազոտությունների համար»,-ասում է նա՝ հավելելով, որ Երևանում սպասվող «STARMUS» փառատոնի ընթացքում հենց այս թեմաներով են տարբեր դասախոսություններ ունենալու։ Գիտության և արվեստի փառատոնին 50-60 մասնագետներ` տիեզերագնացներ, գիտնականներ, արվեստագետներ, կժամանեն Հայաստան․ «Փնտրում ենք շատ ունիկալ պրոյեկտներ, էքսպերիմենտալ երաժիշտների ու միջազգային աստղերի։ Ինձ թվում է՝ մի քանի ամսում այդ աշխատանքը կվերջացնենք ու երևի փետրվարին ցանկը կհայտարարենք»։ «STARMUS» փառատոններին սովորաբար մասնակցում են հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ երաժիշտներ։ Փառատոնը նախատեսվում էր անցկացնել դեռ 2021 թ․-ի սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվել էր։  Հայաստանում կա տիեզերական տեխնոլոգիաները զարգացնելու պոտենցիալ Աստղաֆիզիկոսը կարծում է, որ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա, պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկոորդինացնեն աշխատանքները և մասնագետների առջև խնդիրներ կդնեն․ «Պոտենցիալ կա, որովհետև  մասնագետները տիեզերագիտության առանձին մասնագետներ չեն, դրանք նույն IT ոլորտի աշխատող ծրագրավորողներն են, միկրոէլեկտրոնիկայի ինժեներներն են, որոնք պարզապես ոչ թե սարքում են համակարգիչ, որը այստեղ ենք օգտագործում, այլ համակարգիչ են սարքում, որը դրվելու է արբանյակի մեջ ու փոքր համակարգիչը ղեկավարելու է։ Նույն ինժեներներն են, բայց իրենք աշխատում են տիեզերական ապարատների վրա, ուղղակի իրենց խնդիրներն են փոխվում, բայց մասնագիտական առումով այն, ինչ իրենք գիտեն, համարյա նույնն է»։ Ոլորտը զարգացնելու միակ տարբերակը, գիտնականի խոսքով, համագործակցելն է արտասահմանյան այն կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով են զբաղվում․ «Կոորդինացնելու ու խնդիրներ դնելու հարցն է, միակ ձևը, որ կարող է մեր մոտ արվել, համագործակցելն է հենց դրսի կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են, որովհետև այդպիսի մասնագետներ մեր մոտ չկան, ու իրենց պատրաստելն էլ շատ դժվար է, որովհետև այդպիսի ֆակուլտետ համալսարանում հնարավոր չի ստեղծել, որտեղ այդպիսի մասնագետներ կպատրաստեն։ Դա երկար է տևում ու ամենաճիշտը համագործակցությունն է արտասահմանի, Եվրոպայի այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են տիեզերական պրոյեկտներով։ Մեզ մոտ պետք է պետական մակարդակով որոշեն, որ մտնում ենք այդ շուկայի մեջ, սկզբում դա հնարավոր կլինի անել ներդրումների միջոցով։ «STARMUS»-ն էլ դրան շատ կնպաստի, որովհետև մենք կբերենք մեծ կազմակերպությունների, իրենց հետ կշփվեն, իրենց աշխատանքները կներկայացնեն, մթնոլորտ կստեղծենք»։   Գլխավոր լուսանկարում՝ Գարիկ Իսրայելյանը՝ այս տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում   Նանե Ավետիսյան
20:39 - 02 դեկտեմբերի, 2021
«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Ի վերջո Մոսկվային, ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղե՞լ է նոյեմբերի 16-ից հետո»․ Ազատություն ՌԿ-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, եւ որ դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է․ «Մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից ակնկալում ենք այս հարցի լուծման գործընթացում աջակցություն։ Ինչպես գիտեք՝ բազմիցս հայտարարել ենք, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք հարցը լուծել, բայց եթե դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, մենք պետք է մտածենք լուծման այլ տարբերակներ, եւ մենք մեր գործընկերներից աջակցություն ենք ակնկալում»։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի դիմո՞ւմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաեւ մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ շարունակում են քննարկել, եւ ընդհանուր մոտեցում կա, որ դա ուղղակի սահմանային միջադեպ չէ․ «Մենք շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կարողանանք հարցը լուծել, որովհետեւ նաեւ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ նման իրավիճակներում մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն, որպեսզի կարողանանք հարցեր լուծել»։  
14:51 - 02 դեկտեմբերի, 2021
Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Վերջերս մենք ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել։ Դրանց իմաստը հիմնականում այն է, որ զորքերը հայելային հետ են քաշում, այդտեղ տեղակայվում են կողմերի սահմանապահ զորքեր․ մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանապահ զորքերի քանակը սահմանափակ լինի, նույնիսկ նրանց զենքը սահմանափակում ունենա, եւ կարողանանք սահմանում հնարավորինս հանդարտություն ապահովել։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս առաջարկները հնչեցրել ենք, մենք պատրաստ ենք այս գործընթացին։ Մայիսից մինչեւ հիմա որեւէ դրական ազդակ չենք ստացել, բայց սպասում ենք։ Կարծում ենք, որ նաեւ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, որովհետեւ տեսնում ենք, որ սահմանին միջազգային հանրության բացակայությունը պարբերաբար բերում է էսկալացիայի։ Մեր այդ առաջարկները հենց անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին են, ինչը հնարավորություն կտա նաեւ սահմանազատման եւ սահամանագծման գործընթացին անցնել։ Մեր առաջարկը միջազգային հանրությանը եւ ՌԴ-ին շարունակում է բաց մնալ»,- նշեց նա։ Հարցին՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- ասաց ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։  
14:28 - 02 դեկտեմբերի, 2021
Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

Եթե ապաշրջափակում լինի, ապա միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու են, բայց, ընդհանուր առմամբ, մեր օրակարգը շարունակում է մնալ այն, որ միջազգային տրամաբանությամբ որեւէ քննարկում չի կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որ գոյություն են ունեցել խորհրդային շրջանում։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Պատրաստ ենք նաեւ քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել, այսինքն՝ ճանապարհային այն ուղիները, որ Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որ օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, եւ այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանի հետ կապի համար։ Դեռեւս չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձեւակերպել, բայց կարծում ենք, որ աշխատանքները շարունակվելու են։ Պլանավորվում է մոտ ժամանակներում եւս հանդիպում կազմակերպել, եւ ավելի հստակեցնելու դեպքում, եթե լինեն առաջընթացներ, կտեղեկացվի հանրությանը»,- նշեց նա։ Հարցին՝ չի հաջողվում, որովհետեւ Բաքուն պնդում է, որ միջա՞նցք է ուզում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը որեւէ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկել եւ չի քննարկելու․ «Շարունակում ենք պնդել, որ մեր քննարկումները ամբողջովին պետք է մնան նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ, որտեղ միջանցքի մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել»։ Հայաստանն այս առումով, Գրիգորյանի խոսքով, կոնստրուկտիվ է եւ պատրաստ է առաջ տանել քննարկումները։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի կարողանում դրսեւորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են հայտարարություններից, առաջ տանել։ «Եթե ապաշրջափակում լինի, ապա այն լինելու է միայն ու միայն սուվերեն ենթակառուցվածքների վերահսկողության տրամաբանության շրջանակներում, ինչպես նաեւ սահմանային այլ ծառայությունների տրամաբանության շրջանակներում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ տարածք, ապա սահմանային անցակետի բոլոր օրենսդրական պահանջներն անցնելու է, նոր անցնի ՀՀ տարածք, նույնը, կարծում  եմ, մենք ենք կատարելու, երբ անցնենք Ադրբեջանի տարածք։ Սա Հայաստանի մոտեցումն է ընդհանուր ապաշրջափակմանը»,- ասաց Գրիգորյանը։
14:03 - 02 դեկտեմբերի, 2021
Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներին, որոնք այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն ՀՀ-ում կամ Արցախի Հանրապետությունում։ Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող այդ 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Այլ առանձնահատկությունները կսահմանվեն հուշագրով:  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետությունում գտնվող անչափահաս 3000 երեխաներ կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարտավոր է 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել նշված գումարի փոխըմբռնման հուշագիր եւ ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:Իսկ ֆինանսների նախարարը գումարի մուտքագրման համար պետք է ապահովի ՀՀ գանձապետարանում հաշվի բացումը։
12:57 - 02 դեկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարի խորհրդականն ազատվեց պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար

Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարի խորհրդականն ազատվեց պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Արման Գեւորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։ Արման Անդրիկյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խորհրդականն է։ Նախագծի հիմնավորման մեջ ԿԳՄՍ նախարարությունը նշել էր, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Անդրիկյանի գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: Ինչպես տեղեկանում ենք նախագծի հիմնավորումից՝ Արման Գևորգի Անդրիկյանը 2003-2010թթ․ սովորել է Երևանի N 32 միջնակարգ դպրոցում, 2010-2013 թթ սովորել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում: 2013-2017 թվականներին գերազանցությամբ սովորել է բակալավրի կրթական ծրագրով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի եկեղեցաբանության բաժինը, իսկ 2017-2019 թվականներին նույն ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոն մագիստրատուրան՝ նույնպես գերազանցությամբ: Այնուհետ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021 թվականները սովորելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնում: Արման Անդրիկյանը գիտական ակտիվ գործունեությյամբ սկսել է զբաղվել 2018 թվականից՝ աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնում, որպես ավագ լաբորանտ, 2019 թ․-ից դարձել է կրտսեր գիտաշխատող, իսկ 2021 թվականի հոկտեմբերից կամավոր ատետստավորմանը մասնակցելով դարձել է գիտաշխատող։  «Աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ներգրավված է եղել ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային զարգացումները 20-21 դարերի էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» խորագրով հայ-բելառուսական միջազգային ծրագրին։ Տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել է հետազոտական գործիքակազմի մշակմանն, ինչպես նաև իրականացրել դաշտային հետազոտական աշխատանքներ»,- նշված է նախագծում։ Ներկայումս Արման Անդրիկյանը ներգրավված է «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները․ ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» պետական - նպատակային ծրագրում՝ որպես գիտաշխատող։ Ծրագրի շրջանակներում մասնակցում է հայկական սփյուռքի տարբեր հատվածների վերաբերյալ առկա գրականության և արխիվային նյութերի քննարկումներին, ինչպես նաև մասնակցում դաշտային աշխատանքների նախապատրաստական փուլերին։ Նաև ներգրավված է «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» հայագիտական նախագծին, որի շրջանակներում իրականացնում է ֆրանսիայի հայերի վերաբերյալ առկա վիճակագրական, արխիվային, փաստաթղթային, հետազոտական նյութերի որոնման և դասակարգման աշխատանքներ։ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի Պատմագիտություն-068 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Անդրիկյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  Անդրիկյանը հանդիսանում է 9 գիտական հոդվածների հեղինակ՝ հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից։ Նախարարությունն ակնկալում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Անդրիկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն: «Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
11:46 - 02 դեկտեմբերի, 2021
Հայաստանում «օմիկրոն»  շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Այսօր՝ կառավարոթւյան նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կա իրադրության որոշակի մեղմացում․ «Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «օմիկրոն» անվանված։ Դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել այդ շտամով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չի՝ այս նոր շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է որևէ կերպ չթուլացնենք մեր զգոնությունը՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ շոշափելի արդյունքներ են գրանցել․ «Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստաման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի և էական թիվ ունենք․ արդեն 480.000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ կիրակի օրերից՝ մեզ հաջողվում է օրը 20.000-ից ավել պատվաստումներ իրականացնել և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես նոր հայտնաբերված շտամին անդրադարձավ․ ասաց՝ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ․ «Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերը արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի` տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույնն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և կարելի է ասել միակ միջացը հիվանդության դեմ պայքարելու»։ Նախարարը ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել պատվաստումային գործընթացը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը ստացել է առաջին դեղաչափը,  իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23.9%-ը։
11:39 - 02 դեկտեմբերի, 2021
Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Աննար» ՍՊԸ-ի տնօրեն Արշավիր Խաչատրյանը։ Նա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ «լայն» քարոզարշավ չեն անցկացնում․ «Նպատակահարմար չենք գտնում տուն-տուն, թաղ-թաղ գնալու։ Ուղղակի մեր մտերիմների շրջապատում ճանաչում են, գիտեն, իրենց հետ հանդիպումներով, ֆեյսբուքով, լրատվությամբ փորձում ենք մեր հիմնական ընտրողներին մեզ հետ բերել»։ Խաչատրյանի խոսքով՝ Հրազդանի բնակիչները դրական են արձագանքում իրենց թիմին, որովհետև, ըստ նրա, ներկայացված քաղաքական ուժերի մեջ ամենապրոֆեսիոնալն իրենց թիմն է․ «Ցանկացած պարագայում, ով էլ մտւմ է պայքարի մեջ, ակնկալում է, որ հաղթելու է, մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով։ Թե արդյունքները ինչպիսին կլինեն, ընտրություններից հետո կերևա»։ Անդրադառնալով Հրազդանի խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց՝ ինչպես ամբողջ հանրապետությունում, այդպես էլ Հրազդանում կարևոր է աշխատատեղերի խնդիրը, որը, նրա պատկերացմամբ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող է լուծվել․ «Հրազդան քաղաքում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, որպեսզի մարդիկ դրսում աշխատանք չփնտրեն, մնան տեղում, և շենացնեն այս քաղաքը, մեր երկիրը։ Մենք պետք է կարողանանք այնպիսի օրենսդրական դաշտ բարելավել, որպեսզի կարողանանք ներդրումներ բերել համայնք, աշխատատեղեր ստեղծենք, իսկ դրա հնարավորությունը համայնքն ունի»։ Համայնքապետի թեկնածուն հիշեցրեց՝ ժամանակին Հրազդանը խոշոր արդյունաբերական քաղաք է եղել․ «Այսօր հիմնականում բացառությամբ Հրազդան ՋԷԿ-ից և Ցեմենտի գործարանից, բոլոր գործարանները կանգնած վիճակում են, մենք փորձելու ենք ներդրումներ բերենք համայնք և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծենք, որը նաև համայնքի  բյուջեին լրացուցիչ եկամուտներ կբերի, որն էլ կկարողանանք օգտագործել և՛ ենթակառուցվածքների վերանորոգման, կապիտալ վերակառուցման, և՛ մշակութային ու սպորտային օբյեկտների վերականգնման, վերանորոգման ուղղությամբ»։ Արշավիր Խաչատրյանը նշեց՝ քանի որ Հրազդանը խոշորացված համայնք է, որին ևս 4 գյուղեր են միացել, համայնքում կան նաև գյուղատնտեսական խնդիրներ․ «Հողերի մեծ մասը չի մշակվում, իսկ այդ ուղղությամբ իրոք անելիքներ շատ կան։ Բնակիչը պետք է վստահ լինի, որ այնպիսի կուլտուրա պետք է ցանի, որից եկամուտ կստանա, և ինքը դրանով կարողանա ընտանիք պահել, իսկ եթե նա այնպիսի կուլտուրաներ է մշակում, որոնցից եկամուտ չունի, պարզ է, որ նա ուրիշ աշխատանք է փնտրելու, և հողի մշակումը դառնալու է երկրորդային։ Կարելի է ասել, որ այսօր Հրազդանի և գյուղական շրջանի մեծ մասի հողերը չեն մշակվում, լուրջ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, և հողերի մշակման ուղղությամբ, աշխատանքների համախմբման ուղղությամբ, կուլտուրաների մշակման ուղղությամբ, թե կոնկրետ որ տարածաշրջաններում ինչպիսի կուլտուրաներ պետք է մշակվեն, եկամտաբեր բիզնես կարողանան դնել, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն կարելի է իրականացնել, և նմանատիպ շատ ուրիշ ծրագրեր»։ Իսկ քաղաքային համայնքներում, Խաչատրյանի խոսքով, անհրաժեշտ է ջերմոցային տնտեսությունների քանակի մեծացում․ «Այսօր մենք Հրազդանում ունենք նմանատիպ փորձ, այդ ուղղությամբ կարելի է աշխատանք իրականացնել։ Դա մեր ծրագրերում կա, եթե կարողանանք համայնքում ղեկավար դիրք ունենալ, այդ ամեն ինչը կկազմակերպենք, ունենք լավ մասնագետների թիմ, որոնք այս ամենը կկարողանան կազմակերպել։ Ինչ մնում է ենթակառուցվածքներին, չեմ կարող չասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ասֆալտապատման ուղղությամբ աշխատանք արվել է համայնքում։ Կարելի է ավելին անել և՛ ջրամատակարարման ուղղությամբ, և՛ ոռոգման համակարգերի ուղղությամբ։ Իհարկե, այդ ամեն ինչի համար բյուջեում լրացուցիչ միջոցներ են պետք,  պետք է մուտքեր ավելացնել։ Այդ թաքնված եկամուտների տեղը մենք շատ լավ գիտենք։ Կարելի է վարչական աշխատանքի արդյունքում բյուջեն 20-30%-ով ավելացնել, իսկ դա արդեն ահագին մեծ գումար է, որ կարող է դրվել համայնքում»։ Համայնքապետի թեկնածուն նշեց նաև, որ կողմ է խոշորացման գործընթացին՝ հավելելով, որ լավ թիմ ունենալու դեպքում խոշորացումը դրական ազդեցություններ կարող է ունենալ։ Համայնքում զբոսաշրջության զարգացումը թեկնածուն նույնպես իրատեսական է համարում․ «Պետք է հաշվի առնենք, որ խոշորացված համայնքին կից այսօր գործում է և Ծաղկաձոր քաղաքը՝ իր տուրիզմի օբյեկտներով, և՛ Հանքավանի համայնքները։ Քանի որ Հրազդանը կենտրոն է, կարող ենք որոշակի չափով տուրիզմը զարգացնել, նաև հյուրանոցային համալիր ստեղծել, սպասարկման համար վերամշակվող արդյունաբերություն, գյուղատնտեսություն օգտագործել։ Վերջիվերջո այդ երկու պանսիոնատներին մատակարարում է պետք իրականացնել, իսկ դա քաղաքը իր ռեսուրսներով կարող է իրականացնել»։ Նա նաև վստահեցրեց՝ իրենց թիմը կարող է առավելագույնը անել համայնքի զարգացման համար․ «Եթե վերցնենք բոլոր թեկնածուները և թիմերը, դնենք, անալիզ անենք, և մի քիչ ոչ թե զգացմունքներով շարժվենք կամ անձնական խնամի-ծանոթ-բարեկամ թիմ հասկացություններով, նկատեմ, որ բոլոր ներկայացված կուսակցություններից, ցուցակների միջից ամենապրոֆեսիոնալը մեր թիմն է։ Ե՛վ մեր անցած ճանապարհով, և՛ փորձով, և՛ գիտելիքներով մենք կարող ենք առավելագույնը անել։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե մյուս թիմերում վատ մասնագետներ կան, վատ մարդիկ են, բայց եթե տեղական ինքնակառավարման մասին է խոսքը, լավ բժիշկը կամ լավ իրավաբանը այդքան էլ չի տիրապետում համայնքային ղեկավարմանը, քան այն մարդը, որը երկար տարիներ աշխատել է համայնքում, պետական կառույցներում և շատ լավ գիտի համայնքի խնդիրները ու գիտի ինչպես կազմակերպել ազգաբնակչության հետ աշխատանքը։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Լուսանկարը՝ Արշավիր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
13:01 - 01 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 18 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Մհեր Աղամյանը, որ կուսակցության համայնքապետի թեկնածուն է, անհատ ձեռնարկատեր է։ Նա Պտղավան գյուղից է, 40 տարեկան։  Աղամյանը, ինչպես եւ թեկնածուներից Աբազյանը, քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ հանդիպումներով։ Մեր զրույցում նա պատմեց, որ բնակիչները տրամադրության անկում ունեն՝ պայմանավորված պատերազմով ու սահմանային վերջին զարգացումներով, բայց իրենք փորձում են մարդկանց բացատրել, որ հուսահատվել պետք չէ։ Աղամյանը Նոյեմբերյանի խնդիրների շարքում առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների եւ խմելու ու ոռոգման ջրի հարցը՝ կարծիք հայտնելով, որ դրանք հնարավոր է լուծել համայնքային բյուջեի միջոցով։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ թեեւ դա իրենց կոմպետենտության շրջանակում չէ, բայց կկարողանան Ջրօգտագործողների միության հետ համագործակցելով լուծել նաեւ այդ խնդիրը։ Աղամյանի կարծիքով՝ առաջնային լուծման հարցերից հետո նոր հնարավոր կլինի զբաղվել համայնքային զարգացման հարցերով։ Մեր հարցին՝ արդյոք համայնքային զարգացումն ու խնդիրների լուծումը միաժամանակ չե՞ն կարող լինել, համայնքապետի թեկնածուն պատասխանեց՝ կարող են, միայն թե շատ աշխատանք է պահանջվում․  «Ինչքան հնարավոր է՝ զուգահեռ կանենք, գործարարների հետ հանդիպումներով, Սփյուռքի հայրենակիցներին հանդիպելով, նրանց հետ նոր ծրագրեր իրականացնելով։ Մնացած թե մարզային, թե հանրապետության մակարդակի հարցերում էլ կողքները կկանգնենք, կվազենք էդ մարդկանց հետ, ինչ պետք է աջակցենք, որ մի բան կարողանանք ստեղծել, թե չէ էս վիճակը լավ տեղ չի տանում»,- ասաց Աղամյանը՝ վստահեցնելով, որ այցելած բոլոր գյուղերի խնդիրները գույքագրել են, փորձելու են հնարավորինս արագ լուծումներ գտնել։ «Դիցուք, երեկ Բարեկամավանում ենք եղել, այս գյուղն իր աշխարհագրական դիրքով վերջին գյուղն է։ Այստեղ միջհամայնքային տրանսպորտի հարցը մինչեւ հիմա լուծված չէ։ Մենք մտածում ենք, որ հաստատ դրա համար միջոցներ գտնենք, հիմա թե մասնավորի հետ կպայմանավորենք, թե ոնց, բայց էդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Աղամյանը, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, համայնքային բյուջեն չի՞ բավարարի խնդրի ամբողջական լուծման համար, պատասխանեց․ «Դե ես պիտի մտնեմ էդ ոլորտի մեջ, որ մանրամասն հասկանամ, հիմա եթե համայնքները միանում են, նմանատիպ համայնքներին տվել են մեքենաներ, մասնավորներ կան, որ ունեն մեքենաներ, հիմա թե կպայմանավորվենք, մի մասը համայնքային բյուջեից կսուբսիդավորվի, թե  ինչ, այդ խնդիրը միանշանակ պիտի լուծենք»։ Աղամյանի խոսքով՝ համայնքն աղբատար մեքենաներ ունի, բայց աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացնում․ վստահեցրեց՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով։ Համայնքի ներքին տնտեսական զարգացման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանում գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ կա․ «Մեր համայնքը երկու ռեգիոնից է բաղկացած․ ներքին զոնան՝ Դեբեդի հովիտը՝ գյուղատնտեսական, այգեգործական, վերին զոնան՝ անասնապահական ռեգիոն է։ ՀՀ-ում նման բնակլիմայական պայմաններ, ինչպիսին գյուղատնտեսական զոնայում է, այլ տեղ երեւի չկան, շատ նպաստավոր պայմաններ ունենք այգեգործությունը շատ արագ զարգացնելու համար, բայց հիմա ով ոնց պատահի, ինչ պատահի՝ մշակում է։ Ասենք՝ ես դեղձենի եմ գցում, էն մեկը՝ տանձենի է գցում, այսինքն՝ էդ հախուռնությունը խանգարում է, որ կարողանանք զբաղվել դեղձի արտադրությամբ եւ տալ, օրինակ, 1000 տոննա դեղձ։ Հիմա արտադրական ծավալները չենք կարողանում մի տեսակով ապահովել, որ դրանով զբաղվելն էլ արդարացված լինի, բիզնեսի տեսանկյունից էլ՝ շահեկան։ Հիմա գյուղացիներին պետք է օգնենք, կողմնորոշենք, նույնիսկ գյուղերը կարող ենք կողմնորոշել։ Տեխնիկական միջոցներն էլ կան, կարող ենք արդյունավետ բաշխել, համակարգային լուծումներ առաջարկելով առաջ գնալ։ Խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը»,- ասաց Աղամյանը։ Նա հավելեց նաեւ, որ Նոյեմբերյանում լայն են էքստրեմալ ու գյուղական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները, ուղղակի, մեր զրուցակցի կարծիքով, մնում է միայն աշխատել այդ ուղղությամբ, փառատոնների մասնակցել, ներկայացնել համայնքի տեսարժան վայրերը, եւ այլն։ Լուսանկարը՝ Աղամյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:56 - 30 նոյեմբերի, 2021