Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Գրիգորյանն այս մասին ասաց Երևանում անցկացվող նիստում: «Անվտանգային մարտահրավերները մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, թե հակամարտությունը կարող է լուծվել պատերազմով: Մոտավորապես, 2 տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել, որն ինքնին ՄԱԿ-ի և Հելսինկյան եզրափակիչակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Պատերազմը բերեց աղետներ, բայց չլուծեց հակամարտությունը, հակամարտությունը դեռ առկա է: Թշնամությունը, հակահայկականության տարածումը և կոնֆլիկտը խաթարեցին խաղաղ համաձայնագրի հեռանկարը տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Նա հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչև հիմա հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը  բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում «Ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ ամեն օր Ադրբեջանից շարունակվում են ուժի կիրառման սպառնալիքը, ցինիզմի, ռազմատենչ հռետորաբանության, այլատյացության քարոզչությունը : Դեռ ավելին՝ հենց հիմա ադրբեջանցի զինվորականները շարունակում են իրենց օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում: Ադրբեջանի վարած այս քաղաքականության պատճառով դժվար է դառնում անվտանգ միջավայրի մասին մտածել մեր տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Պատգամավորը, դիմելով գործընկերներին, ընդգծեց, որ, սակայն խորը լռությունը և Եվրոպայի անտարբերությունը , այս ամենն ավելի դժվար են դարձնում: Ըստ նրա՝ պետք է անկեղծ լինենք՝ անվտանգային հարցերի շուրջ կարմիր գծերի մասին խոսելիս: «Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից լիովին աջակցվող պատերազմը կարմիր գիծ չէր պատերազմական հանցագործ Ալիևի և նրա ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, եթե մեր զինվորներին գերեվարելն ու տանջելը կարմիր գիծ չէ, ապա ես պետք է հարցնեմ՝ մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսությա՞ն, թե՞ ագրեսիայի, աջակցում ենք քաղաքական երկխոսությա՞նը, թե՞ ագրեսիայի քաղաքականությունը: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը և անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է միանշանակ թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային, երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել մեր տարածաշրջանում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը:
13:58 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը այցելել են Սյունիքի մարզ

Արման Թաթոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը այցելել են Սյունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով համատեղ այց է կատարվել Սյունիքի մարզ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով: «Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լսվագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից: Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են): Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ՝ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ երեկ համատեղ այցեր ենք իրականացրել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ: Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի, մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել ենք մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։ Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության: Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում: Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը: Այնուհետև, այցելել ենք «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները: Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջս ներկայացրեցի պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին): Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը: Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը: Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը: Սյունիքի մարզ իրականացրած այս համատեղ այցի համար երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին ուշադիր վերաբերմունքի համար և, իհարկե, նրա համար, որ անմիջապես համաձայնեց իմ հրավերին իրականացնելու համատեղ այցը»,- գրել է Արման Թաթոյանը:
11:27 - 19 փետրվարի, 2022
Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

hetq.am: Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների, որոնց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։  Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։  Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։  Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
14:26 - 16 փետրվարի, 2022
«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ

«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ

Անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Իշխանասարի տարածքում լարված իրադրություն էր՝ ծանր հետեւանքներով․ կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հերթական սադրանքի մասին, հետագայում հաղորդվեց հայկական կողմի վիրավորների, ապա նաեւ զոհերի, գերիների ու մարտական դիրքերի կորուստների մասին։  Իշխանասարը, լուսանկարն՝ Infocom-ի Այդ օրը տեւական փոխհրաձգության ձայները պարզ լսելի են եղել Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի բնակիչ Վարդուհի Հարությունյանի տանը, որ շատ մոտ է սարին․ ասում է՝ կրակոցների ձայներն այնքան ուժգին էին, որ տան հատակն անգամ դղրդում էր․ «Դխկդխկոցը գալիս էր, ես, ճիշտն ասած, մտածեցի զորավարժություն ա, շատ ա լինում։ Ամուսնուս հարցրի՝ Էդո՛, էս կրակում ե՞ն, թե՞ զորավարժություն ա։ Ուղղակի ինձ հանգստացնելու համար ասեց՝ զորավարժություն ա։ Դե, փաստորեն, կրակում էին։ Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ։ Կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են»,- պատմում է զրուցակիցս, որի ամուսինը՝ Էդուարդը, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Վախերի մասին խոսելիս Վարդուհին մի ծանր հոգոց է անում ու ասում՝ գյուղի կանայք լավ գիտեն՝ ինքն ինչ սթրես է տարել․ «Էդ իմ սթրեսից էրեխեքն էլ են արդեն վախենում, որովհետեւ ես վախիցս չեմ կարողանում ինձ տիրապետել։ Պատկերացնում եմ՝ մի օր ասեն՝ դուրս արի․․․ Ես ոչ մնալու տեղ ունեմ, ոչ էլ․․․»։ Իշխանասարի բնակիչը պատմում է՝ գյուղում ում հետ ինչ խոսեն՝ պատերազմի շուրջն է թեման․ բոլորի մեջ անհանգստություն կա։ Մտահոգվում են՝ ո՞նց են ապրելու․ հիմա էլ չեն կարող ոչ անասուսնին արոտ տանել, ոչ դաշտից շուշան ու ավելուկ հավաքել։ Հարությունյանի տան դարպասի մոտից պարզ երեւում է Իշխանասարը։ Նա ձեռքը պարզում է ամպերով ծածկված սարի կողմը, ասում․ «Էդ ա սարը, դե սարի հետեւում իրանք տեղակայված են, մերոնք էլ իրանց դեմ դիմաց, թե ինչքանով ինչ կլինի՝ չգիտեմ։ Կարեւորը խաղաղություն լինի․․․»։ Գյուղապետարանի աշխատակից Վարյա Անդրեասյանն ասում է՝ թեեւ գյուղում գազ, լույս, ջուր ունեն, բայց կյանքն այստեղ շատ դժվար է։ Իշխանասարը սահմանամերձ ճանաչված չէ, չի օգտվում այն արտոնություններից, որոնցից սահմանամերձ բնակավայրերը։ Բանն այն է, որ Իշխանասարը ոչ թե Ադրբեջանի հետ սահմանի գծին է, այլ ադրբեջանցիներն այդ հատվածում ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Անդրեասյանն ասում է՝ գյուղում 50-55 տուն կա, գրեթե բոլորը վարկեր ունեն, դա կյանքը շատ է դժվարացնում, կողքին կանգնած համագյուղացին՝ Բաբայան Անին, գլխով հաստատում է։ Իշխանասարում էլ հիմնականում անասպանահությամբ ու դաշտավարությամբ են զբաղվել, բնակիչներ կան՝ դաշտերից բանջար են բերել, վաճառել, բայց հիմա դա վտանգավոր է՝ հակառակորդի թիրախում կարող են հայտնվել։ Արոտների խնդիր կա, գյուղում մարդիկ անասունների մի մասը մորթել-վաճառել են, Անդրեասյանը շեշտում է՝ էժան-էժան․ «Բանջար հավաքել-ծախելն էլ, որ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն էր, արդեն վտանգավոր ա, կարելի ա ասել՝ էդ դաշտերն իրանց դիտակետում են, մարդիկ էլ էդքան ռիսկ չեն անում գնան»,- ասում է Անդրեասյանն ու նաեւ ընդհանուր թանկացումների խնդրի մասին բարձրաձայնում՝ ձուն, ձեթը, ամեն ինչ, ասում է, թանկացել է, իսկ մարդիկ, որ շատ վարկեր ունեն, ո՞նց հոգան իրենց կարիքները, երեխաներին ո՞նց դպրոց ուղարկեն։  Երեխաները դպրոցից տուն են գնում, ճանապարհին ուրախ-ուրախ բարեւում անծանոթներին․ մի կողմից նրանց բախտը բերել է՝ մեծերի հոգսերը դեռ իրենց ուսերին չեն լցվել, մյուս կողմից էլ՝ արդեն զենքերից գլուխ են հանում, տարբերում՝ որն ինչ է․ պատմում են՝ պատերազմի ժամանակ գյուղով տանկեր էին տանում, բայց վստահեցնում են՝ իրենք չեն վախեցել ու չեն վախենում նաեւ հիմա։ Հայարփի Բաղդասարյան
11:41 - 14 փետրվարի, 2022
Երեմ Սարգսյանը Բորիս Բախշիյանին կալանավորած դատավորի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Երեմ Սարգսյանը Բորիս Բախշիյանին կալանավորած դատավորի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված) Բորիս Բախշիյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարու­ցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության: Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»,֊-գրել է Սարգսյանը:
11:51 - 11 փետրվարի, 2022
Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար փոքրիկ գյուղը սահմանամերձ է դարձել․ գյուղն ադրբեջանցիների դիտակետում է երեք կողմերի բարձր բլուրներից։ Խոզնավար գնալու ու գյուղից դուրս գալու միայն մի ճանապարհ կա, որն էլ առանձնապես անվտանգ չէ, հակառակորդի համար տեսանելի ու դիտարկվող է․ լարվածության դեպքում ադրբեջանցիներն այդ ճանապարհն էլ կարող են փակել։ Սա գյուղում հիմնական մտահոգություններից մեկն է։ ՀՀ ԶՈՒ ծառայողները սահմանին հսկողություն են իրականացնում, գյուղացի տղամարդիկ էլ իրենց նախաձեռնությամբ գիշերները հերթապահություն են անում՝ հանկարծ հակառակորդը փորձ անի սադրել, անակնկալի չգան․ «Ժողովուրդը ցանկություն ա հայտնել, որ գյուղի մեջ գոնե հերթապահություն անեն, պոստերը (հայկական ԶՈՒ դիրքերի մասին է խոսքը,- հեղ․) կանգնած են, հա, բայց գյուղի միջին պիտի լինի հերթապահություն, որ մի բան լինի, գոնե մեկը մեկին ձեն տա»,- ասում է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը՝ նշելով՝ երեկոյան 5-6-ից մինչեւ առավոտ տղամարդիկ հսկում են գյուղը․ վտանգն օդում կախված է։ Վահան Զաքյանը Խոզնավարը Սյունիքի՝ սահմանամերձ դարձած այն բնակավայրերից է, որ պատերազմից հետո արոտավայրեր է կորցրել, ու գյուղացիները ստիպված կրճատել են անասնագլխաքանակը։ Հիմա գյուղացիները 434 խոշոր եղջերավոր անասուն են պահում, 1626 ոչխար, բայց նախկինում շատ են եղել, ինչպես ասում է Վահան Զաքյանը։ Հիմա, երբ արոտները կորցրել են, հովիվներն անասուններին ստիպված սահմանին մոտիկ են արածեցնելու տանում։  Գյուղապետն ասում է՝ չեզոք գոտու տարածքում մնացած ահռելի տարածքով արտերն էլ չեն կարող հնձել, հակառակորդը չի թողնում․ «Վերեւ՝ Սեւ լճի տակը 100 հեկտարի չափով տեղ ա մնացել թուրքի տրամադրության տակ, ժողովուրդը խոտն ըտեղից ա բերել»։  Խոզնավարը մոտ է Սեւ լճին, որի տեղանքում անցյալ տարվա մայիսին ադրբեջանցի զինծառայողները հատել էին ՀՀ պետական սահմանն ու ներխուժել մեր երկրի ինքնիշխան տարածք՝ խորանալով մինչեւ 3,5 կմ․ լարվածություն էր առաջացել նաեւ Սոթք-Խոզնավար հատվածում։  Խոզնավարի բնակիչ Քրիստինե Կարապետյանի ընտանիքը մինչեւ վերջին զարգացումները անասնապահությամբ է զբաղվել, բայց իրենց տունն էլ անմասն չի մնացել պատերազմի դառը հետեւանքներից․ 80 խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, հիմա բոլորը վաճառել են, հարց է տալիս՝ որտե՞ղ պահեն։ Նախկինում նա աշխատել է գյուղապետարանում, հիմա ոչ ինքն աշխատանք ունի, ոչ ամուսինը։ Երկու որդի ունեն՝ 6-ամյա Ալենն ու 3-ամյա Արմանը։ Քրիստինեն ամեն ինչից զատ առաջին հերթին երեխաների անվտանգության մասին է մտածում։ Երբ անգամ մտքի ծայրով անցնում է՝ հանկարծ լարվածություն կլինի, ադրբեջանցիները գյուղից դուրս եկող միակ ճանապարհը կփակեն, արյունը երակներում սառչում է։ Ասում է՝ ձեռքները ճար լիներ՝ կգնային գյուղից․ վախը սրտներում են քնում։ Ալենը Ալենը լավ է սովորում դպրոցում եւ ներկել-նկարել է սիրում։ Փոքր եղբայրը բերում, սեղանին է դնում խաղալիք տանկը եւ ցույց տալիս, թե ոնց է աշխատում այդ տեխնիկան, որ նույնքան ողբերգական է, անգամ երբ խաղալիք է։ Արմանը Խոզնավարի դպրոցը բարեկարգ է, ջեռուցվում է, տեղացիները գոհ են։ Միայն աշխարհագրության ուսուցիչ չունեն եւ 8 ու 11-րդ դասարաններ։ Մանկապարտեզ չկա, բայց հիմա գյուղապետարանի կողքին պատրաստվում են հիմնել։  Պատերազմից հետո Խոզնավարի դպրոցից 12 աշակերտ է դուրս եկել, գյուղից 2-3 ընտանիք հեռացել է։ Բայց մնացողներն, ապրողներն ավելի շատ են՝ մտքով, որ մի բուռ այս պետության մի կտորը պահողները հենց իրենք են։ Հայարփի Բաղդասարյան
22:35 - 10 փետրվարի, 2022
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է գրավի դիմաց կալանքից ազատելու հայցը |armtimes.com|

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է գրավի դիմաց կալանքից ազատելու հայցը |armtimes.com|

armtimes.com: Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր հրապարակած վճռով մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հայցը։ Նշենք, որ դատական նիստը կայացել էր երեկ` փետրվարի 8-ին, գործով դատախազն էր առարկել ներկայացված միջնորդության դեմ` ասելով, որ Առուշանյանի գործով դեռ ոչ բոլոր վկաներն են հարցաքննվել, բացի այդ, ըստ նրա՝դեռևս առկա է ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով, Առուշանյանը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ դատարանը որևէ հիմք չուներ միջնորդությունը մերժելու համար: Պաշտպանական կողմը հնարավորություն ունի Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Այս առնչությամբ Մելքոնյանը նշեց, որ դեռ կքննարկեն՝ դիմել Վճռաբեկ, թե իմաստ չկա։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։ Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Առուշ Առուշանյանն ընտրությունների արդյունքում ընտրվել է Գորիսի քաղաքապետ, նա կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
11:09 - 09 փետրվարի, 2022
Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

«Կարան, չէ՞, էն ձորովը կյան-էթան»,- տան լուսամուտից ձեռքն ուղղելով ադրբեջանական դիրքերի կողմը՝ որդուն հարցնում է Տեղ գյուղի բնակիչ Սուսան Մաթեւոսյանը։ «Հա՜, խե՞ չեն կարա։ [Հայկական կողմի] պոստեր կա ամեն դեպքում, բայց դե․․․»,- ասում է որդին՝ Ռաֆիկ Մկրտչյանը, ու տիկին Սուսանը հույսը մեկ մեր զինվորների, մեկ էլ երկնքի վրա է դնում, թե՝ «պոստեր կան, բայց դե աստված չանի էլի․․․»։ Մկրտչյանների տան պատուհանից երեւում է Թրուսի խութ կոչվող բլուրը, որտեղ պատերազմից հետո տեղակայվել են ադրբեջանցիները։ Տեղ գյուղի տներն էլ, ինչպես Արավուսում, այդ բլրից ամբողջությամբ հակառակորդի դիտակետում են։ «Երեկոյան դռները-բանը փակում ընք, թուրքի պյան ա էլի, մեկ էլ տեսար՝ մի պյան արեցին, վախումըս, էլի՜»,- վառարանի մոտ տաքանալու հրավիրելիս մեր զրույցի ընթացքում ասում է տիկին Սուսանը՝ շեշտելով, որ նախկինում՝ մինչեւ պատերազմը, դուռ-դարպաս բաց էին քնում․ «Հլա անասուններն էլ տյուս չեն եկալ հանդ։ Թե էդ վախտն էլ հինչ կլինի, հիմա գոմումն ենք պահում․․․»,- ասում է տանտիկինն, իսկ որդին շարունակում՝ ամբողջ գյուղում մի ծառ չկա, որ թիրախում չլինի։ Սուսան Մաթեւոսյանը Մկրտչյանների ընտանիքը պատերազմից հետո կորցրել է արտը․ «Մեր հողը ցանած ա մնացել իրանց, չեն թողացալ, որ հնձենք»,- ափսոսանքով ու տխրությամբ ասում է տիկին Սուսանը, որդին՝ շարունակում՝ տարածքների հիմնական մասն անցել է ադրբեջանցիներին, գյուղացու հոգսն ավելի ծանր է դարձել․ «Կոպիտ հաշվարկով՝ երեւի 1000-1500 տոննա բերք [ցորեն, գարի] ա մնացել իրանց տարածքներում, եւ իրանք չեն էլ թույլատրել, որ հունձ կատարվի, խոչընդոտել են ամեն անգամ։ Անձամբ ես ներկա եմ եղել մեր տրակտորիստ տղաների հետ, քանի անգամ ենք փորձել, որ հունձը կատարենք, չեն թողել։ Զինված գալիս, հարձակվում են տրակտորիստի վրա, ի՞նչ անի էդ տրակտորիստը, հո կլուչով կամ քլունգով չի գնալու հելնի ավտոմատավոր մարդկանց դեմը։ Եսիմ»։   Ռաֆիկ Մկրտչյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում․ ասում է՝ գարնանը մարդկանց եթե ոչ տոննաներով, ապա կիլոգրամներով ազոտական պարարտանյութ է պետք լինելու, իսկ պարարտանյութի գինը, գաղտնիք չէ, Հայաստանում թանկացել է․ «Էդքան չարչարանքը, էդքան սերմը հողի մեջ ա, բայց էսօր ազոտական պարարտանյութի մի մեշոկը քսան հազար են սարքել, գյուղացին ո՞նց անի, որ քսանով պարարտանյութ առնի, 8-9 հազարով դիզվառելիք առնի, տրակտորիստի ծախս, էս մեկ, էն մեկ, ո՞նց ապրի գյուղացին, կարող ա մինուսով էլ գնա, եթե տենց հաշվում ես, էդ ա նշանակում»։  Զրուցակիցս հույս ունի՝ այս հարցով պետության աջակցությունը կունենան։ Հիշեցնում է՝ մարդկանց աշնանը սերմեր բաժանել են, մի տանը՝ հեկտարի համար մոտ 300կգ․ դա մարդկանց շատ է օգնել, բայց այլ խնդիրներ են լինելու ապագայում, գյուղացին միայնակ չի կարողանա լուծել դրանք։ Խոսքի մեջ պարզվում է՝ այս տարեսկզբին Տեղ գյուղից գերեվարված հովիվը՝ Սուրիկ Մաթեւոսյանը, Ռաֆիկի մոր՝ տիկին Սուսանի հորեղբոր որդին է․ «Անասուններին արոտ ա տարալ, մի քանի օր առաջ եկալ են, զրուց են արալ, ասալ են՝ մեր սահմանը չբերես։ Բայց տեղ չկա, պյան չկա գծած, էլի տարել ա արածացնելու։ Դե՜, մարդ ա էլի, ախար սոված անասունն աչքին ցավ ա տված, ասալ ա՝ խոտ ա էլի, թո ուտեն։ Էտա կյան, իրան միանգամից վիրունեն, տանեն»,- պատմում է նա։ Հովվին ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձրել, բայց անասուններին մինչեւ հիմա չեն տվել՝ ինչպես ասում է տիկին Սուսանը․ «Տանն էլ ինչքան գառներ կային, լրիվ սատկալ են, էդ երեք հարյուր հատն էլ մնացել ա իրանց»։ Արտ ու արոտները կորցնելու պատճառով գյուղում շատ մարդիկ իրենց անասունների մի մասը վաճառել են կամ մորթել, այդ թվում՝ Մկրտչյանները։ Տիկին Սուսանն ասում է՝ ընդամենը մի խոշոր եղջերավոր են պահել, մնացածը՝ ծախել, որդին էլ հավելում է՝ խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվելն այլեւս ձեռնտու չէ գյուղացու համար նաեւ այն պատճառով, որ այսօր անասնապահության համար խոտի մեկ տուկը 2 հազար դրամ արժե․ «Մսի կիլոն, որ համեմատում ես, մարդիկ 0-0 են ապրում անասնապահությամբ»։ Տեղ համայնքի Տեղ գյուղում այսօր 518 տնտեսություն կա, 2154 բնակիչ։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են իրենց ապրուստը վաստակել, իրենց սարերի հովին ապրել խաղաղ, մինչեւ վերջերս, մինչեւ պատերազմը, երբ մի կողմից մտածում ես ընտանիքիդ ֆիզիկական անվտանգության մասին, մյուս կողմից՝ ապրուստի։ Թվերը, որ կներկայացնենք ստորեւ, առավել խոսուն ցույց կտան պատկերը պատերազմից հետո այս գյուղում, քան որեւէ այլ մեկնաբանություն։  2020-ին գյուղում 4517 խոշոր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 2593, 2022-ին՝ 1776։  2020-ին գյուղում 27392 մանր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 12650, 2022-ին՝ 6510։ Հայարփի Բաղդասարյան
13:59 - 08 փետրվարի, 2022
Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Չորս կողմերի բլուրների արանքում փռված է Տեղ համայնքի Խնածախ գյուղը՝ Սյունիքի ամենահյուրընկալ անկյուններից մեկը։ Այդ բլուրների գլխին, սակայն, միայն ամպերը չեն նստում․ պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Խնածախը Թեպետ փետրվարն է, թվում է՝ շատ ցուրտ պիտի լինի, բայց գյուղ մտնելուն պես ջերմություն ես զգում, հատկապես երբ անցող-դարձողն օտար դեմք տեսնելիս բարեւ են տալիս, որպիսություն հարցնում, գյուղի մեծերը՝ հետեւում ճանապարհիդ ու ուղղությունդ տեսնելիս մտահոգվում՝ ոտքով չե՞ս հոգնի, «մաշին-պյան կա, կտանի»։ Առանց իմանալու՝ ուր եմ քայլում ու դեռ ինչքան պիտի՝ գնում եմ Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ուղղությամբ, որ կառուցվել է 1600-ականներին։ Գյուղի կենտրոնում է եկեղեցին։ Տեղանքը մեծ թեքություն ունի, այդ պատճառով կառույցի մի կողմը հողով է ծածկվել։  Սբ․ Հռիփսիմե եկեղեցին Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Չորսհարյուրամյա այս եկեղեցին տարիքը չի թաքցնում, տանիքին խոտ է աճել, չորացել, ներսից անշուք է ու անխնամ, բայց շատ լուցկիներով, որ երեւի շատ մոմեր վառվեն ու շատ աղոթքներ ուղարկվեն երկինք, որը գյուղի ճամփով վեր բարձրանալիս ավելի մոտիկ է դառնում։ Եկեղեցու մոտով նեղ ճանապարհը տանում է գյուղի վերջին տների ուղղությամբ։ Լուսանկարելու ժամին երեխաներին արդեն մանկապարտեզից ու դպրոցից տուն են տարել, անասուններով էլ զբաղվելու ժամը չէ դեռ, ուստի բակերում շարժը քիչ է։  Դեպի ամենավերի տները բարձրանալիս լսվում է մի տատի ձայն, որ ասում է՝ ե՜կ-ե՜կ, էդ ի՞նչ ես նկարում։ Ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ տատն անծանոթ հյուրին է սպասում։ Ասում է՝ այ այդպես, նկարի, ցույց տուր աշխարհին, թող տեսնեն՝ էս կողմերն ինչ կա։ Հարց ու փորձ է անում, տուն հրավիրում։  Արփիկ Լալայանը Արփիկ տատն է՝ Տեղ համայնքի ավագանու նախկին անդամ Արգամ Լալայանի մայրը։ Դուռը բաց է անում, որդուն ասում՝ հյուր եմ բերել։  Արգամ Լալայանը Լալայանների ընտանիքը գյուղում 3 հա հողատարածք է ունեցել։ Պատերազմից հետո մեկ հեկտարը մնացել է չեզոք գոտում։ Հիմա այդ հողակտորն այլեւս չեն կարող օգտագործել։  «Պետությունն էդ հարցով չի աջակցում։ Մենակ ես չեմ, իմ նման շատ ընտանիքներ կան»,- ասում է Արգամ Լալայանը՝ մտահոգ հայացքն անորոշ կետի հառելով։ Այս գյուղում, ինչպես Արավուսում, մարդիկ ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց մեկ տարի առաջ ստիպված վաճառել են՝ դարձյալ արոտավայրերը կորցնելու պատճառով։ Լալայանն ու այլ գյուղացիներ դիմել են իրավասու մարմիններին, որպեսզի իրենց կորցրած հողերի համար փոխհատուցում տրվի՝ հողատարածքի ձեւով։ Լալայանն ասում է, որ ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտ են հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ ամեն պահի սադրում են, քարեր են նետում, անվայելուչ արտահայտություններ անում․ «Մարդիկ հոգեբանորեն ընկճված են, որովհետեւ քանի անգամ եղել է՝ գյուղացիները տներից մի քիչ վերեւ ձին կապում են, թուրքը իջնում, պարանը հանում, տանում է։ Անասունը պատահական անցնում է [սահմանը], վերցնում տանում են։ Հենա, քեռուս տղու անասունն անցավ, ռուսների միջամտությամբ յոթ հատը հետ տվեցին, մի հատը պահեցին։ Շատ են եղել նման դեպքեր»,- պատմում է զրուցակիցս։  Ի դեպ, այդ դեպքի մասին նաեւ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջն էր հաղորդագրություն տարածել, սակայն նշել էր, թե սահմանն անցել են յոթ կովեր, յոթն էլ վերադարձվել են։  Լալայանների տան պատշգամբից երեւում են բլուրները, որոնց տարբեր հատվածներում մեր ու հակառակորդի դիրքերն են։ Գյուղում ցանկացած տուն դիտարկվում է, ցանկացած շենք՝ դպրոցից սկսած՝ ինչպես փաստում են բնակիչներն ու ինքը՝ Խնածախի վարչական ղեկավարը՝ Սեյրան Միրզոյանը, որի տունն էլ ադրբեջանցիների դիրքին շատ մոտ է։ Խնածախի գյուղապետարանի պատին փակցված է գյուղի արոտավայրերի քարտեզը, որի վրա մատիտով նշում է արված՝ «հանել ցուցակը»․ այն արոտավայրերն են, որոնք Խնածախը կորցրել է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ ադրբեջանական հսկողության տակ է անցել մոտ 22 հա հողատարածք։ Միրզոյանն ասում է, որ կան բնակիչներ, որոնք վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, բայց պահողներ դեռ կան։ Սեյրան Միրզոյանը Այն մարդիկ, որոնք արոտավայր կամ արտ են կորցրել, դիմել են գյուղապետին՝ փոխհատուցման համար։ Միրզոյանը նշում է, որ կան վարձակալական հողեր, որոնք կարող են տրամադրել գյուղացիներին, որ մշակեն։ Ասում է՝ սկզբի համար կփորձեն հարցերն իրենց միջոցներով լուծել, մինչեւ «տեսնենք՝ ինչ է լինում»։ Գյուղում գազի խողովակներ կան, որոնք նոր են։ Բայց բոլոր տները չէ, որ գազաֆիկացված են․ գիծն իրենց միջոցներով պետք է տուն տանեն, բայց այդ միջոցները սուղ են, այդ պատճառով շատերը փայտի վառարանով են տաքանում։ Գյուղապետն ասում է՝ այս ձմռան համար Կարմիր խաչի կազմակերպությունը 280 հազարական դրամներ է հատկացրել ընտանիքներին՝ վառելաֆայտի ու անասնակերի համար։ Գյուղի բնակիչ Արփիկ տատն էլ մտահոգվում է՝ այս ձմեռը կհանեն, բա հետո՞։  Որոշ հարկերից սահմանամերձ գյուղի բնակիչներին ազատված են․ հողի համար գումար չեն տալիս, բայց հարցն այն է, որ հող էլ շատ չկա։ Գյուղապետարանին մոտ զրուցարանում երկու տղամարդ նստած խոսում են, լսում եմ․ «Պետությունը ոչ թողում ա ապրես, հարստանաս, ոչ թողում ա՝ մեռնես, բայց պետք ա մնաս, ստեղ գոյատեւես։ Բայց ո՞ւր գնաս»։ Հայարփի Բաղդասարյան
15:55 - 07 փետրվարի, 2022
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. փաստաբան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. փաստաբան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...», - գրել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Ըստ մեղադրանքի՝ Մանվել Փարամազյանը, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար: Փարամազյանին վերագրվում  է նաև  պաշտոնեական կեղծիքներ կատարելու, զգալի չափերով գումարի գույքի ուրացման արարքներ: Ավելի վաղ նա կալանավորվել էր, սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոփոխվել էր կիրառված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 70 միլիոն դրամի չափով։
10:26 - 07 փետրվարի, 2022
Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ թեւին ընկած է Տեղ համայնքի Արավուս գյուղը, որն այսօր երեք կողմից դիտարկվում է ադրբեջանցիների դիրքերից։ Փոքրիկ գյուղ է՝ 180 բնակչով։ Գյուղի վերջին տան բակից մեր ու հակառակորդի դիրքերին քայլելով անգամ կարելի է մոտենալ։ Գրենա Քոչարյանի ընտանիքն է ապրում այս տանը․ երեքով են՝ ինքը, կինն ու որդին։ Գրենա եւ Անժելա Քոչարյանները Թրուսի խութ կոչվող բլրին է նայում Քոչարյանների տունը․ հենց այդ բլրի ծայրին էլ պատերազմից հետո հաստատվել են ադրբեջանցիները։ Այս բլուրն 90-ականներին ազատագրել են մերոնք, հիմա հակառակորդն այնտեղ է՝ հիմնավորմամբ, թե GPS-ն է այդպես ասում՝ ինչպես պատմում է Անժելան՝ Գրենա Քոչարյանի կինը։ Ադրբեջանցիների դիրքերը՝ Թրուսի խութ կոչվող բլրի վրա Աչքը եփվող սուրճին՝ տիկին Անժելան հոգոց է հանում ու ասում, որ թեեւ սադրանքներ չեն լինում, բայց այնպես չէ, թե սրտները հանգիստ է․ դե, գյուղի պռնկին է նստած հակառակորդը, չգիտես՝ ինչ կլինի ամեն օրվա հետ։ Անվտանգության հարցն իրենց անհանգստացնում է, իհարկե, բայց հավասար մտահոգիչ է նաեւ այն, որ գյուղում աշխատանք չկա, արտ ու արոտ չկա․ գյուղում 373 խոշոր եղջերավոր անասուն կա, մարդիկ այդքանն էլ մի կերպ են պահում։  «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ա, ինքը չի աշխատում, թոշակն էլ՝ կտրած, չորս տարի ա՝ կտրել են։ Հետաքրքրվել ենք, դե տեսնանք՝ էս ամիսը կվերականգնվի՞, թե՞ հլա կմնանք, հլա գյուդում չենք։ Մինչեւ մարզպետարան, մինչեւ Երեւան ասել ենք։ Տեսնանք․․․»,- ասում է տիկին Անժելան, որն այժմ տան միակ աշխատողն է, Արավուսի՝ յոթ աշակերտ ունեցող դպրոցի ուսմասվարն է՝ կես դրույքով, ընդամենը 33 հազար դրամ աշխատավարձով։  Արավուսի 50-ից ավելի հեկտար հողատարածք անցել է հակառակորդի հսկողության տակ․ եթե նախկինում անասուն պահելով, արտ ցանելով ապրուստի միջոց են ունեցել գյուղացիները, հիմա ոչ հող ունեն, ոչ անասուն․ «Արոտ չկա, արոտը վերցրած ա, թորքերն ընդեղ կանգնած են, ով էլ անասուն ա ունեցել, լրիվ ծախել են, լրիվ տվալ են պարտքավ, հիմա ոչ պարտքն են տալիս, ոչ անասուն կա։ Որ արոտ չկա, դրա համար ծախել են անասուններին, ամեն մեկը մի հատ, երկու հատ տհենց քիչ պահալ են, ինչքան արոտ ա ելալ, վերցրել են թորքերը»,- Քոչարյաններն են պատմում։ Իրենք էլ մի լավ օրի չեն, բայց ամուսնու հետ համոզում են սուրճից հետո անպայման հավ մորթել-սարքել, մեկ էլ չէ՝ երկու։ Հողատարածքները՝ արոտ կամ արտ, եթե չեն էլ անցել հակառակորդի հսկողության տակ, հիմա նրանց դիտարկման տիրույթում են․ մարդիկ ռիսկ չեն անում շատ մոտենալ այդ դաշտերին․ «Մինչեւ էսօր ապասնի պյան չի եղել, բայց դե․․․»,- խոսքը կիսատ է թողնում տիկին Անժելան։ Քթիս տակ ասում եմ՝ «Դժվար ա, հա, ձեր գյուղում», ծոր տալով ասում է՝ շա՜տ։ Բլրի վրա՝ ադրբեջանցիների դիրքերը Ասել, որ Արավուսում ճանապարհներն անմխիթար վիճակում են, կնշանակի ոչինչ չասել․ տնից տուն գնալիս մինչեւ կոնքերը ցեխի մեջ կարող ես թաթախվել։ Բայց մարդիկ տներում փակված չեն նստում․ գյուղում քիչ, բայց շարժ կա․ մի երեխա հեծանիվ է քշում, մի տատ հարց ու փորձ է անում՝ «ով ես, ինչացու ես, ինչ կա էս կողմերումը», ասում, որ չամուսնացած տղաներ կան գյուղում ու աչքով անում։ Արավուսցի փոքրիկն՝ իր շան հետ Կովերին գոմ են տանում, ձիերի տակ մաքրում, տարեց պապիկները զրուցում դեսից-դենից, ադրբեջանցուց-թուրքից, պատերազմից, կյանքից։  Արավուսի 85-ամյա բնակիչ Միշա Ավագյանը պատմում է, որ անասուններին քարանձավներում են պահում, անասնակերը մի կերպ առնում են, բայց միջոցները չեն բավարարում, թոշակը չի հերիքում, դրանով տնտեսական հարցերն են լուծում հազիվ։ Բայց ասում է՝ Արավուսում ծնվել է, այստեղ էլ մնալու է մինչեւ կյանքի վերջ։ Միշա Ավագյանը Մեքենային հենված է գյուղի հովիվը՝ Ֆելիքս Ավագյանը, որին ամիսներ առաջ առեւանգել էին ադրբեջանցիները, երբ նա անասուններին արածեցնելու էր տարել ու նստել՝ հաց ուտելու՝ առանց մեր հսկողության տակ եղած տարածքն անցնելու։  Ֆելիքս Ավագյանը Ադրբեջանցիներն Ավագյանի անասունների մի մասը վերադարձրել են, հինգին՝ պահել, այդպես էլ չեն տվել։ Ֆելիքսը քչախոս մարդ է։ Գյուղում շատերն են քիչ խոսում։ Երբեմն անորոշություն կա նրանց հայացքում՝ ո՞ր հարցը լուծել, ո՞ր խնդրի մասին խոսել, որտե՞ղ է ճշտի ու սխալի հատման կետը։ Եւ սպասում կա նրանց կիսատ ասած խոսքերում՝ որտե՞ղ է պատերազմի վերջակետն ու խաղաղության գլխագիրը, երբ շեմքիցդ մետրեր հեռու զինված ադրբեջանցին է։ Հայարփի Բաղդասարյան
20:17 - 05 փետրվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս,  Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է:
10:23 - 05 փետրվարի, 2022
Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդություններն ու քննում է Բորիս Բախշիյանին կալանավորելու հարցը |hetq.am|

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդություններն ու քննում է Բորիս Բախշիյանին կալանավորելու հարցը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր որոշել է մերժել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններն ու քննել գործը: Քիչ առաջ դատարանում գործի քննությունը սկսվել է: Նշենք, որ դատավոր Արղամանյանին ինքնաբացարկի երկու միջնորդություն է ներկայացվել, դրանցից առաջինը վերաբերում էր գործը Արղամանյանին մակագրելիս սահմանված կարգը չպահպանելուն: Այսօր առավոտյան այս միջնորդությունը մերժվել է, ապա Բախշիյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել: Ըստ պաշտպանի` Դավիթ Արղամանյանը Բախշիյանի գործով անկողմնակալ լինել չի կարող` հաշվի առնելով վերջինիս քաղաքականացված լինելը: Մասնավորապես` Դավիթ Արղամանյանը 2018 թվականին ակտիվորեն մասնակցել է իշխանափոխության համար տեղի ունեցող գործընթացներին: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է քայլերթի ընթացքուն թմբուկին հարվածում: Դատավորը, սակայն, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելով` ըստ էության դիրքորոշում է հայտնել, որ կարող է անաչառ քննել գործը: Այս պահին դատավորին կալանավորելու միջնորդության քննությունը շարունակվում է: Դատավորը նիստից առաջ չցանկացավ խոսել:
17:31 - 04 փետրվարի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին
 |tert.am|

Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին |tert.am|

tert.am: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ դատարանը վճիռը կհրապարակի վաղը` առավոտյան ժամը 10:00-ին։ Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։  
22:02 - 03 փետրվարի, 2022
Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․ «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նապոլեոն Օհանյան Անահիտ Թումանյան Ռոմեն Ահարոնյան Աշոտ Հովհաննիսյան Կարապետ Բադալյան Էմին Աբգարյան Լուսինե Սեփխանյան Գնել Գասպարյան»։
15:47 - 03 փետրվարի, 2022