ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Նախատեսվում է նորարարական գործիքների միջոցով աջակցել ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը

Նախատեսվում է նորարարական գործիքների միջոցով աջակցել ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը

Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը:   Ծրագիրը նորարարական գործիքների միջոցով աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը՝ նպաստելով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը մինչև 2030 թ․։   Ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում խթանել փաստահենք ու փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը։ «Աշխարհում ՃՏՊ-ների պատճառով յուրաքանչյուր 24 վայրկյանը մեկ մարդ է զոհվում։ Տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով։ Բոլորիս պատասխանատվությունն է կանխել այս դեպքերը։ Այս ծրագրի օգնությամբ ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնը Հայաստանում կխթանի փաստահենք և փորձարարական քաղաքականությունների մշակման փորձը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը աջակցելու նպատակով»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր ողջույնի խոսքում։   «Նախագիծը, որը մենք մեկնարկում ենք այսօր, կարևոր հիմնաքար է ազգային ռազմավարության իրականացման գործում: Դրա շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծելու է վարքագծի ձևավորմանն ուղղված տեղեկատվական կրթական նյութեր համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի և երեխաների համար, ներառելու է ճանապարհային անվտանգության հարցերը առողջապահական համակարգի միջոցով իրականացվելիք ծնողական կրթության և ծնողներին ուղղված խորհրդատվության մեջ, ինչպես նաև կկազմակերպի կրթական-խաղային դասընթացներ փոքր երեխաների ծնողների և դեռահասների համար»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:   Նախագիծը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտովթարների հետ առնչվող տվյալների արդյունավետ հավաքագրմանը, համադրմանը և վերլուծությանը։   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է ծրագիրն ու միջոցառումը՝ որպես երկխոսության յուրօրինակ հարթակ Հայաստանի ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների բարելավման շուրջ նոր լուծումներ ու մոտեցումներ փնտրելու և համագործակցություններ սկսելու համար։   ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների նպատակներից է նաև հնարավորինս ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը գործունեության ամենատարբեր ուղղություններում, ինչն էականորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։   Հյուրերին ողջույնի խոսք է հղել նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրին։   «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի թիմը կաշխատի նաև Շվեդիայի ճանապարհների ազգային խորհրդատվական ընկերության՝ SweRoad-ի հետ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար փաստահենք և վարքաբանական միջամտությունների իրականացման իրենց հսկայական փորձով կիսվելու համար։   Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։ Ծրագրի արդյունքում մշակված տվյալների վերլուծական գործիքը կօգնի բացահայտելու «սև կետերը» (black spots) և ավտովթարների հիմնարար պատճառները՝ կոնկրետ տարածքներում նպաստելով փաստահենք միջոցառումների իրականացմանը: Այս տվյալներն իրենց հերթին թույլ կտան ավելի թիրախավորված վարքաբանական ու կրթական միջամտություններ իրականացնել:   Միջոցառման եզրափակիչ մասում ներկաները կլոր սեղանի շուրջ քննարկել են Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավիճակը՝ ոլորտում խնդիրները բարձրաձայնելու և ջանքերը համատեղելու նպատակով։   Տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ են մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով. մեկ շնչի հաշվով սա շատ ավելի մեծ թիվ է հարևան երկրների վիճակագրական տվյալների համեմատ:   Միաժամանակ, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրներում նկատվող միտումների՝ երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց պատճառով մահացությունների թիվը շարունակում է աճել:   Պատճառները շատ են՝ սկսած փողոցներում օրեցօր ավելացող մեքենաների ցածր որակից ու սպասարկումից մինչև ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրներն ու իրավական կարգավորումները, որոնք էլ ավելի են սրվում ճանապարհներին վարորդների ոչ անվտանգ վարքագծի պատճառով՝ ոչ սթափ վիճակում վարելով, արագությունը գերազանցելով և ճանապարհային երթևեկության կանոններից տեղյակ չլինելով պայմանավորված։  
12:51 - 27 նոյեմբերի, 2021
Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան |armenpress.am|

Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան |armenpress.am|

armenpress.am: Ճանապարհային անվտանգությունը այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է: «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Հայաստանի ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է, հիմնանորոգվում են բազմաթիվ ճանապարհներ, բարեփոխումներ են իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Պետք է նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները, ուստի ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանալու են մեր ոլորտի զարգացման հրամայականը: Պետք է արձանագրենք, որ ճանապարհային անվտանգությունն  այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց Ղալեչյանը: Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը ընդունելու և ունենալու հրամայականը և հույս հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանն արդեն կունենա ազգային ռազմավարություն: «Առաջիկա մեր ռազմավարությունն ուղղված է լինելու ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական էական փոփոխություններ բերելուն »,- եզրափակեց Ղալեչյանը:
12:50 - 26 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ |armenpress.am|

Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում: «Բացի, այդ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»,- նշեց վարչապետը: Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց Սյունիքի մարզի ճանապարհների կառուցման ընթացքից: Գնել Սանոսյանը ասաց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է: «Տաթև-Աղվանի հիմնական հատվածը` նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է` Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը և շրջանցենք, և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»,- ասաց Սանոսյանը:  
13:25 - 25 նոյեմբերի, 2021
Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

2019 թվականին նոր Հայաստանի մասին 100 փաստեր ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով, Փաշինյանի խոսքով, կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում: 2019-ի հուլիսին էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Իրան կատարած այցի եւ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը 18 ամսվա ընթացքում ավարտելու մասին։ Շինաշխատանքները, սակայն, կավարտվեն 2022-ի վերջին։ Բանն այն է, որ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պնդմամբ, 2020-2021թթ․ ընթացքում ծրագրի առաջընթացին Covid-19 համաճարակով, ապա եւ տարածաշրջանային իրավիճակով եւ բեռնափոխադրումների իրականացման բարդություններով պայմնավորված խոչընդոտներ են եղել։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման այս գծի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրով: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն. եվրո, որի 85%-ի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ 15%-ը' «SUNIR International FZE» ընկերության փոխառության միջոցներով։ Ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 272 մլն դրամ, որը ներառում է հողերի ձեռքբերումը, վնասների փոխհատուցումը, չափագրման եւ բրոքերական ծառայությունների ձեռքբերումը եւ այլն: Infocom-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ փուլում են Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն այս պահին: Ըստ մեր ստացած պատասխանի՝ այս ծրագրի շրջանակներում 710 հենարաններից մոնտաժվել է 488-ը, բետոնացվել է 640 հիմք: 710 հենարաններից ՀՀ է ներմուծվել 625-ը, ամբողջությամբ ներմուծվել են ամպրոպապաշտպան ճոպանը եւ օպտիկամանրաթելային մալուխը: Ընդհանուր 268 կմ-ից կատարվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման եւ լարաձգման աշխատանքներ։ Ծրագրի մաս կազմող «Նորավան» ենթակայանում, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկությունների, գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի եւ 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, ինչպես նաեւ շենք-շինությունների եւ սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները․ «Ընթացքում են շենք-շինությունների, պարսպապատման, հողի հարթեցման եւ 400 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները: «Նորավան» ենթակայանի բարձր լարման սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ըստ էության, ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման առաջընթացը կազմում է շուրջ 71 %: 2019 թվականին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը, Փաշինյանի խոսքով, նույնպես կարեւոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Նա հայտնել էր, որ այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, եւ հույս էր հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը հաջողությամբ կիրականացվի:  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Pexels հարթակից
13:00 - 25 նոյեմբերի, 2021
Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ

Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ

Ինչպես հայտնի է՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերած պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Այս համատեքստում ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ այս նպատակների համար դեռեւս ապրիլին 500 մլն դրամ էր հատկացվել, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ, հիմա հերթական խմբաքանակի համար 400 մլն դրամ է անհրաժեշտ։  Կարգավորումը, ըստ կառավարության, նպատակ ունի ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: Մասնավորապես. 1. Պայմանով պարտքերի դիմաց` 105.9 մլն դրամ,2. Ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ /1-ը տրամադրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին, 2-ը` Կապանի համայնքապետարանին/,3. Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ (1 հատի արժեքը կազմում է շուրջ 5.2 մլն դրամ): /Զինված ուժերի կառույցներին՝ 7 հատ, ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին` 2 հատ, ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը՝ 3 հատ, ԱԱԾ-ին՝ 1 հատ, ՊՆ-ին՝ 30 հատ/,4. Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ /13 տոննա դիզելային վառելիք/ և բնական գազ` 1.0 մլն դրամ,5. Նոյեմբերի 11-ին Բարձրավան – Շուռնուխ - Որոտան ճանապարհները փակվելու կապակցությամբ բնակչությանը տրամադրվում է հաց՝ օրական 2 անգամ /նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի ծախսը կազմում է 0.8 մլն դրամ/,6. Ոռոգման և խմելու ջրի համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,7. Այլ հրատապ ծախսեր (սնունդ, անվադողեր, դեղ և այլն)։
12:04 - 25 նոյեմբերի, 2021
Մեկնարկել է ՀՀ համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է ՀՀ համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը: Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում: Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։    Դրամաշնորհներ հատկացվում են 5 հազարից 20 հազար եվրոյի շրջանակում, միջհամայնքային ծրագրերի դեպքում կհատկացվի մինչև 50 հազար եվրո։ Հիմնադրամից ակնկալվող միջոցները պետք է համաֆինանսավորվեն համանքապետարանների կողմից ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ի չափով:   Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:   Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։  
19:07 - 23 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։   Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։   Այսօր արդեն նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։    
18:51 - 20 նոյեմբերի, 2021
2021թ․ բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ

2021թ․ բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 462 մլն 256 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:  Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը․  «2020-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,- ասված է նախագծում:  Միեւնույն ժամանակ նշված է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում 2020-ին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2021-ի օգոստոսի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով․ «ՀՀ 4 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 4 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»: Արագածոտնի մարզում մեկ ծրագրի համար հարկավոր է 5 մլն, Գեղարքունիքի մարզում մեկ ծրագրի համար՝ 7մլն, Լոռու մազում մեկ ծրագրի համար՝ 5,2 մլն, Շիրակի մարզում մեկ ծրագրի համար՝ 441 մլն։ Վերջինի վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասած, որ ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին։ Այստեղ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի թարմացվի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը։ Ծրագիրն ընդհանուր առմամբ 882 մլն դրամ է, որի հիսուն տոկոսը Գյումրու համայնքապետարանն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 462,256․1 հազար դրամի չափով:
11:54 - 18 նոյեմբերի, 2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների մասով։ Նախարարը ներկայացրեց, որ Սյունիքի այն ճանապարհները, որոնց մասին պարբերաբախ խոսվում է, փաստացի յոթն են։ Դրանցից Տաթեւ-Աղվանին համարում են ավարտված․ «Տաթեւ-Աղվանին բավական ժամանակ է՝ երթեւեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։ Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասը՝ մոտ 3,5-4 կմ արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, Սանոսյանի պնդմամբ, գործում է, նորմալ երթեւեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան եւ նշած՝ կառուցվող ճանապարհը, որը, նախարարի խոսքով, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար․ «Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է, այսինքն՝ հիմքը պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն եւ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում է Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- ներկայացրեց նախարարը։ Փաշինյանը ճշտեց՝ մենք արձանագրո՞ւմ ենք, որ չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։ Սանոսյանը հաստատեց, որ չկա․ «Այո, չկա, եւ Որոտանը, եւ Շուռնուխը, եւ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։ Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը նաեւ դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։ Նախարարը վստահեցրեց, որ համայնքների հետ աշխատում են, կարիքների գնահատում են անում։
11:45 - 18 նոյեմբերի, 2021
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ նշեց, Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասաց Սիմոնյանը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:
11:11 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ: «Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ: Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր: «Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:
15:46 - 17 նոյեմբերի, 2021
Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով: ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքերի, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:
16:28 - 15 նոյեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:  ««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը: Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 
14:17 - 12 նոյեմբերի, 2021
Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը Սյունիքում հիմա կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ՝ այդ թվում կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-ասաց Սանոսյանը: Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: «Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք»,-ասաց նախարարը: «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բոլոր այդ համայնքների ուղղությամբ շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Խոսքը այլ ճանապարհների մասին է: Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-ասաց նախարարը:
14:08 - 12 նոյեմբերի, 2021
Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, մարզերում արդեն տրանսպորտային ընկերությունների մրցույթն ավարտվել է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։ Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։  «Հանրապետությունում առնվազն 200 բնակավայրերում ընդհանրապես որևէ հասարակական տրանսպորտային միջոց չկա, էլ չեմ խոսում այն մասին, որ ունենք բնակավայրեր, որտեղ տրանսպորտ կա, բայց կանոնավոր չէ կամ եղած գրաֆիկը մեր բնակիչներին չի բավարարում։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք Հանրապետության բոլոր բնակավայրերը որակյալ սպասարկել»,- եզրափակեց Սանոսյանը;
18:01 - 10 նոյեմբերի, 2021