Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Պետությունը ձեռնամուխ է եղել Սևանում ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Պետությունը ձեռնամուխ է եղել Սևանում ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Երեկ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան, որտեղ նախատեսվում էր պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողում։ Այս մասին նախարարը հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում։ «Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը: Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ ծանոթացա հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցի մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան: Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով , տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ։ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում ծանոթացա արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ․ ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։ Որպես այցի եզրափակում ներկա գտնվեցի մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։ Շեշտեմ, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան»ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում»։
08:55 - 02 սեպտեմբերի, 2020
Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ․ Ռոմանոս Պետրոսյան

Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ․ Ռոմանոս Պետրոսյան

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ։ Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։ Ըստ այդմ, կարճ ժամանակ անց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալի հետ։ 2020 թվականի օգոստոսի 28-ին, «Դիլիջան» ազգային պարկում կայացած կառավարման խորհրդի նիստի օրակարգում ներառվել և քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ի հետ 2006 թվականի հուլիսի 4-ին (ուժի մեջ է մինչև 2031 թվականի հուլիսի 4-ը) կնքված պայմանագրի համապատասխան դրույթները: Հանդիպումների ընթացքում ձեռքբերված համաձայնության արդյունքում վարձակալության պայմանագիրը վերանայվել է, ինչի արդյունքում վարձակալության վճարն ավելացել է գրեթե 6 անգամ։ Իմ հանձնարարությամբ խիստ հսկողություն է սահմանվել նաև ազգային պարկում տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից համապատասխան թույլտվությունների առկայության պահանջը։ Այսպես՝ պարտադիր է բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու համար ունենալ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Օգտագործվող տարածքները կահավորել ջրահեռացման և ջրերի մաքրման կայաններով, սեպտիկ հորերով։ Տնտեսվարողները պարտավոր են որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս ունենալ օրենքով սահմանված թույլտվություններ և ռելիեֆային փոփոխություններ կատարելիս պարտադիր անցնել ՇՄԱԳ փորձաքննություն։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ ինքնակամ և կամայական գործողություն չի հանդուրժվելու։ ԲՀՊՏ-ներում տնտեսվարման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ գործունեության ծավալման ողջ ընթացքում, գտնվելու են հատուկ պահպանվող տարածքը հսկող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության ներքո։ Տավուշի մարզ կատարած այցիս շրջանակներում քննարկվել են նաև ապօրինի անտառհատումներին վերաբերող մի շարք հարցեր, հանձնարարել եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել անտառխախտման դեպերին մեխանիզմներ մշակել՝ ապօրինի անտառհատումներն ու փայտագողության դեպքերը կանխելու և բացառելու համար»։
18:26 - 31 օգոստոսի, 2020
Սևանի ափի նորակառույցում իրականացվող շինարարությունը դադարեցվել է, քանի որ չի կատարվել ՇՄԱԳ փորձաքննություն

Սևանի ափի նորակառույցում իրականացվող շինարարությունը դադարեցվել է, քանի որ չի կատարվել ՇՄԱԳ փորձաքննություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում, շինարարություն է իրականացվում։ Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26-ին Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։ Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։ ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։ Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը»։
19:01 - 29 օգոստոսի, 2020
Սխալ մոտեցման արդյունքում տեղի է ունեցել կենսաբազմազանության տեսակների դեգրադացիա, նույնիսկ ոչնչացում. Ռ. Պետրոսյան

Սխալ մոտեցման արդյունքում տեղի է ունեցել կենսաբազմազանության տեսակների դեգրադացիա, նույնիսկ ոչնչացում. Ռ. Պետրոսյան

Հայաստանի Կարմիր գիրքը վերջին անգամ թարմացվել է 2010 թվականին։ Նախորդ տարբերակը հրատարակվել էր դրանից 20 տարի առաջ՝ 1990-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա նաև նշել է, որ 20 տարիների ընթացքում կենսաբազմազանության օգտագործումը հանրապետությունում հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում, որն էլ բերել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացման.«Մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն անգնահատելի արժեք է, որի պահպանության համար միջոցներ չեն խնայում ինչպես պետությունը, այնպես էլ միջազգային գործընկերները, քանի որ Հայաստանի տարածքը Եվրոպայի կենսաբազմազանության վերականգնման կարևորագույն օղակ է։ Հայաստանը գտնվում է աշխարհի կենսաբազմազանության 200 թեժ կետերի առաջին քսանյակում. մեր երկրի 1կմ քառակուսու վրա կա 107 տեսակ։Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը, իսկ տասնյակ կենդանատեսակներ համարվում են Հայաստանի էնդեմիկներ։Սիրելի՛ հայրենակիցներ, որևէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։ Պահպանե՛ք բնությունը և ապրե՛ք բնության հետ ներդաշնակ»:  
17:16 - 28 օգոստոսի, 2020
ՇՄ նախարարի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՇՄ նախարարի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան իր էջում։ Մելիքյանի գրառումը՝ ստորև․«Սիրելի ընկերներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների գործընկերներիս և մեծ թվով կամավորներին՝ համատեղ աշխատանքի համար։Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։Կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար։Համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը՝ արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին թույլ կտա հասնել որակական փոփոխությունների։Շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար»:
12:43 - 28 օգոստոսի, 2020
ՀԲՃ անդամները դեռ չեն հանդիպի Ռոմանոս Պետրոսյանի հետ. պատճառը սահմանափակումներն են

ՀԲՃ անդամները դեռ չեն հանդիպի Ռոմանոս Պետրոսյանի հետ. պատճառը սահմանափակումներն են

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «2020թ-ի օգոստոսի 11-ին նամակ էինք գրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որով խնդրել էինք հաշվի առնելով Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների լրջությունը կազմակերպել հանդիպում մեր նախաձեռնության անդամների հետ, որի ընթացքում կքննարկվեն առաջնահերթ խնդիրներն ու կներկայացնենք դրանց լուծման ճանապարհների մեր գաղափարները։ Հիմնական թեմաները՝ մետաղական հանքահանում (մասնավորապես նաև Ամուլսար), Սևանա լճի խնդիր, Փոքր ՀԷԿ-եր, Արարատյան արտեզյան ավազան։ Եթե ժամանակ մնա՝ նաև անտառներ։ Ստացել ենք այս պատասխանը, որից պարզ է դառնում, որ արտակարգ դրության սահմանափակումները թույլ չեն տալիս 3-4 քաղաքացու հետ քննարկում կազմակերպել, ու ավելի ուշ կտեղեկացնեն, թե երբ է հնարավոր դա կազմակերպել»։
13:45 - 27 օգոստոսի, 2020
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը․ ինչ եւ որքան կարելի է որսալ

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը․ ինչ եւ որքան կարելի է որսալ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները. լոր – 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), թխակապույտ աղավնի – 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի որս/օրվա ընթացքում), քարակաքավ – 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 22500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), կռնչան և մոխրագույն բադեր – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), եղեգնահավ – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 15000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), սև փարփար – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), մորակտցար – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), տափաստանային արտույտ – 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 200000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում): 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, սովորական աղվեսի շնագայլի անսահմանափակ որս: Որս իրականացնել թույլատրվում է միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։ Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։ Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
09:36 - 27 օգոստոսի, 2020
Գորշ արջի քոթոթի սպանության վերաբերյալ գրություններ կուղարկվեն Ոստիկանություն

Գորշ արջի քոթոթի սպանության վերաբերյալ գրություններ կուղարկվեն Ոստիկանություն

 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։ Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- նշել է Գրիգորյանը: Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ Գրիգորյանը գրել է, որ շնորհակալություն են հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար և ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
15:35 - 26 օգոստոսի, 2020
Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է

Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․   «Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք․ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։   Նախարարը կարգադրեց ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Այս պահին ապօրինի տաղավարի ապամոնտաժումն ընթացքի մեջ է։ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ Ստուգայցերն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվի՝ օրենքով սահմանված կարգով։ Պահպանե՛նք մեր ազգային հարստությունը»։
11:01 - 25 օգոստոսի, 2020
ՇՄՆ կողմից գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար․ Ռ. Պետրոսյան

ՇՄՆ կողմից գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար․ Ռ. Պետրոսյան

Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և Շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ։ Այս մասին գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Իմ հանձնարարությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ ➡️Առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած Դիլիջան ազգային պարկն ու Պարզ լիճը։ Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է։ ➡️Անընդունելի է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ մեկնելիս խաթարել էկոհամակարգը՝ անգամ աննշան մարդածին միջամտությամբ։ Մեկ անգամ չէ, որ կոչով դիմել եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։ ➡️Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել եմ աչալրջորեն մշտադիտարկման ենթարկել քաղաքացիներից ստացվող բոլոր ահազանգերը, հետևողական լինել և ինձ ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։ ➡️Հանձնարարել եմ բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։ Բնության պահպանությունն առնչվում է յուրաքանչյուրիս, իսկ շրջակա միջավայրի պահպանության մշակույթի ձևավորումը առողջ ու իրավագիտակից հասարակություն ունենալու կարևոր նախապայման է։ Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ, չէ որ պարտավոր ենք այն սերունդներին փոխանցել անվնաս»։
19:22 - 21 օգոստոսի, 2020
ՀՀ-ին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման,ժամանակակից տնկարանների հիմնման ծրագրերի համար. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ-ին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման,ժամանակակից տնկարանների հիմնման ծրագրերի համար. Ռոմանոս Պետրոսյան

Միջազգային համագործակցության կարևորությունը Շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Այս մասին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրել է ֆեյսբուքյան իր  էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում։ Եվ ի ուրախություն մեզ՝ օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը․ որի արդյունքում շուտով Հայաստանին կտրադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարևոր սոցիալական տարր․ արդյունքում համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։ Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ և 5.9 մլն` Կառավարության կողմից)»։
18:35 - 20 օգոստոսի, 2020
Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է. Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել

Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է. Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վ․ Ջիլավյանն ու Վ․ Մելիքյանը, խորհրդականս՝ Հ․ Մարտիրոսյանը, ու ««Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և գույքագրվեցին գործընթացին խոչընդոտող խնդիրները։ «Սևան» ազգային պարկում կան խորքային ու լուրջ մարտահրավերներ։ Էապես գիտակցում եմ դրա քաղաքական պատասխանատվության չափը, դրա իրավական ու սոցիալական բոլոր ռիսկերը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ընկրկում․ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են Սևան ազգային պարկի որոշ աշխատակիցների հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից՝ լինի ազգային պարկի տնօրեն, թե տեղամասի տեսուչ։ Անընդունելի է մեկտեղել ապօրինի ձկնորսությունը կանխողի ու ձկնագողի կարգավիճակը։ Ազգային պարկի տնօրինության հետ քննարկել ենք արմատական ու շրջադարձային կադրային վերափոխման անհրաժեշտությունը։Սևանի պահպանության առաքինի գործը ստանձնողը պարտավոր է լինել նվիրյալ։ Դրա վառ օրինակը ««Սևան» ազգային պարկում» ձևավորվող նոր ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են լինելու։ Կազմավորվող հատուկ ջոկատը պարտավորված է լինելու կարգուկանոն հաստատել ««Սևան» ազգային պարկի» ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, անշեղորեն հետևել օրենքի գերակայության վերականգնմանը և, վերջնարդյունքում, դառնալու է Սևանի էկոհամակարգի վերականգնման առանցքային գործիք։ Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հավաքագրվող նոր ստորաբաժանման աշխատակիցների գաղափարական բաղադրիչին։ Հիմքում պետք է դրված լինի պետականության կենսունակության բարձրացման խնդիրը։ Ազգային պարկի առաջ դրված գերակա խնդիրների մեկն է դառնալու ռիսկերի կառավարումը, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումը։ Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին պետք է դառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Դրան ընդառաջ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրի բոլոր բաղադրիչներով պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու, ձկնագողությունը նախականխելու և կանխելու ուղղություններով։ Որևէ մեկը, չնայած իր զբաղեցրած դիրքին ու կարգավիճակին իրավունք չի ունենալու շրջանցել կամ անտեսել օրենքի տառը։ Սևանում արդյունագործական ձկնորսությունը գտնվելու է իմ անմիջական ուշադրության կենտրոնում։ Աներկբա է, որ իրավական պետության գործիքակազմով մենք հասնելու ենք ցանկալի արդյունքի, և այս գործընթացները հաջողությամբ են պսակվելու»։
15:53 - 18 օգոստոսի, 2020