Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները |tert.am|

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Փաթեթն ընդունելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակային ապահովման մասին է, և այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները, ստանդարտ են սահմանում։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նկատեց, որ նման հարցերը ունեն հանրային զգայնություն։ Նա պատմեց, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը ասել է, որ «այս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, իսկ դուք բռնում եք, դատավորների, դատախաազների, քննիչների աշխատավարձը, թոշակն եք բարձրացնում»։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:12 - 10 փետրվարի, 2022
Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|

Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|

civilnet.am: Չկա որևէ գաղտնի օրակարգ, որով պետք է փոփոխվի Սահմանադրությունը։ Փետրվարի 4-ին՝ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստի մեկնարկին հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ «Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ խորհրդի առջև, որ իբր սա արվում է, որպեսզի այսպես կամ այնպես «ձևվվի» Սահմանադրությունը։ Նման օրակարգեր չկան»,- վստահեցրեց նախարարը։ Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներին պետք է մասնակցեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը բացակայում էր։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը, ըստ Անդրեասյանի, ընդհանրապես մերժել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։ Նախարարը նաև ներկայացրեց իր անձնական կարծիքը խորհրդի աշխատանքների վերաբերյալ։ «Ես ուզում եմ քննարկենք այդքան չարչրկված ու սպասված «վեթթինգի» հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա Սահմանադրության մեջ, եթե այն փոխվի։ Ես գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չունի վերջնական պատկերացում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա։
17:33 - 04 փետրվարի, 2022
Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: «Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
13:27 - 02 փետրվարի, 2022
Քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է 732 ազատազրկված անձ

Քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է 732 ազատազրկված անձ

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում: Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը, գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով: «Պատվաստումներն իրականացվում են՝ ըստ ազատազրկված անձանց ցանկության, ինչից ելնելով էլ ՊՈԱԿ-ի անձնակազմի և/կամ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կատարվում է ցուցակագրում: Ազատազրկված անձանց պատվաստման գործընթացը կատարվում է քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկաների կողմից, որտեղ արդեն իսկ կցագրված են ազատազրկված անձինք: Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը: Հատկանշական է, որ, ինչպես մեր մյուս քաղաքացիների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար հասանելի են ՀՀ տարածքում  առկա բոլոր պատվաստանյութերը՝ ըստ ազատազրկվածների ցանկության: Առ այսօր քրեակատարողական հիմնարկներում  պատվաստվել է թվով 732 ազատազրկված անձ: Չպատվաստված և ազատությունից զրկված անձանց մասով, որոնք ցանկանում են տեսակցությունն ունենալ ՊՇՌ հետազոտության հենքով, գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ. ՊՇՌ թեստավորման ցանկություն հայտնած ազատազրկված անձանց շրջանում ևս իրականացվում է ցուցակագրում: Ցուցակագրման հիմքով ազատությունից զրկված անձի կողմից նախընտրած կամ ՊՈԱԿ-ի միջնորդությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող ախտորոշիչ կենտրոնի կողմից ազատազրկված անձի COVID ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ ազատազրկված անձի կամ նրանց հարազատների ֆինանսական միջոցների հաշվին (ընդհանուր կարգով): ՊՈԱԿ-ի ուղեգրմամբ անվճար COVID ՊՇՌ հետազոտություն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշված ձևաչափով գործընթացը կազմակերպելու համար ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական: Ընդ որում, այս ձևաչափով արդեն իսկ մի շարք ազատությունից զրկված անձինք պատվաստվել և թեստավորվել են:
16:13 - 01 փետրվարի, 2022
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է ծառայության՝ 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:   Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:   Այնուհետև ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական ծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաև համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:   Հաշվետու զեկույցի արդյունքներով ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև Արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար:    Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։   Նիստի ավարտին ծառայության պետը 2021 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը: 
23:26 - 31 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը: Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից: Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության  քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն: Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն-թանգարան: Նաթան Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: 
19:44 - 27 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տների» փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:  Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։ Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:  Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:   Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։ 
21:34 - 26 հունվարի, 2022
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար: «Մենք ունենք մեծ օրակարգ, որը փորձելու ենք առաջիկա երկու օրերի ընթացքում սպառել: Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Իտալիայում Եվրոպական խորհրդի նախարարների հավաքի շրջանակներում, բարձրացրեինք մի շարք հարցեր, որոնք հուզում են Հայաստանին, որովհետև ներկայումս կարևոր բարեփոխումների ընթացքում ենք: Մյուս կարևոր ուղղությունը միասնական գրասենյակներն են, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները: Հայաստանը ունի փայլուն երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում և այն արդարադատության տների ներդրման փորձը, որը Վրաստանն իրականացրել է, մեզ համար շատ կարևոր է, որովհետև նոր ենք սկսում արդարադատության տների ձևավորումը, զարգացումը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախարարից, որ կիսվում են իրենց փորձով: Վրաստանի նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին ջերմ ընդունելության համար: «Վենեցիայում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն: Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն: Արդարադատության շարժական տունը հագեցած է հատուկ սարքավորումներով, որի նպատակն է բնակչությանը տեղում մատուցել անհրաժեշտ ծառայություններով: Դա թույլ է տալիս նույնիսկ հեռավոր գյուղերում բնակիչներին արդարադատության ոլորտին վերաբերվող ծառայություններ մատուցել:
15:48 - 26 հունվարի, 2022
Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական տուգանքի չափը նախատեսվում է ավելացնել

 |armenpress.am|

Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական տուգանքի չափը նախատեսվում է ավելացնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը: Մասնավորապես, նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ երեսնապատիկից մինչև յոթանասնապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Առաջարկն ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ տեղեկություն ստանալու հետ կապված կան մի շարք խնդիրներ՝ հարցումներին տրվում են ոչ լիարժեք պատասխաններ, իսկ եթե տրվում են, ապա բավական ուշացած: «Մի կողմից բավական մեծ ծավալի խախտումներ ենք արձանագրել այս ուղղությամբ, մյուս կողմից չկա զսպող, կանխող մեխանիզմ, որը հնարավորություն կտա որոշակի բարելավել այս պրակտիկան: Եկանք այն եզրակացության, որ եթե վարչական պատասխանատվության նորմերը պատշաճ կիրառվեն, ապա կարող ենք ունենալ լուրջ կանխող գործառույթ: Մինչև պաշտոնյան անձնապես վնաս չկրի, հետագա խախտումները գործելիս զսպող գործոն չի լինի»,- ասաց Շուշան Դոյդոյանը:    ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել առաջարկին, և այն նախագծի տեսքով դրվել է շրջանառության մեջ: Նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Մարգարիտա Զալիբեկյանի խոսքով, գործող օրենքով սահմանված տուգանքի չափը գործնականում այդքան էլ չէր ծառայում իր նպատակին: «Բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պարզապես պատասխան չտրամադրելը: Շատ քիչ տոկոս են կազմում օրինական մերժումները: Անհրաժեշտ ենք համարում տուգանքի չափի փոփոխությունները: Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փոփոխությունների կատարումը բխում է կառավարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,-ասաց Մարգարիտա Զալիբեկյանը: Ի՞նչ պատկեր կա տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հիմքով դատական գործերի առնչությամբ: Որքանո՞վ է առկա օրենքը, թեկուզ, ցածր տուգանքի չափով, գործում, արդյո՞ք պաշտոնյանները տուգանվել են տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար: Պարզվում է, այս ուղղությամբ դատական գործերը շատ քիչ են: ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Անի Միքայելյանի խոսքով, պարզապես շատերը չեն դիմում դատարան: «Հաշվի առնելով, որ դատարանները ծանրաբեռնված են և գործերը քննվում են շատ երկար, բնականաբար, շատերը պարզապես հրաժարվում են և չեն դիմում դատարան, որովհետև պահանջվող տեղեկությունը կոնկրետ ժամանակի համար է, իսկ 3 տարի ձգվող գործի պարագայում, նույնիսկ եթե տեղեկությունը տրամադրվի, արդեն դրա կարևորությունը կկորի»,- ասաց Անի Միքայելյանը: Ի հավելումն դատական գործընթացների մասին հարցին՝ Շուշան Դոյդոյանն էլ նշեց, որ դատարանները, գործը երկար ձգվելուց հետո, նույնիսկ եթե բավարարում են տեղեկություն տրամադրելու պահանջը, չեն բավարարում տուգանելու պահանջը: Այսինքն, գործնականում պաշտոնյան չի տուգանվում տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար: Ստացվում է, մի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար դատարան դիմողներն են շատ քիչ, մյուս կողմից, դատարանները հիմնականում չեն բավարարում տուգանելու պահանջը, այդ դեպքում ի՞նչ ակնկալել տուգանքի չափը բարձրացնելուց: Շուշան Դոյդոյանի խոսքով, շատ կարևոր է, որ դատարաններն այս գործերը քննեն արագ, սեղմ ժամկետներում: Դրանից բացի, վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, ըստ նրա, պետք է խրախուսվեն, որ ակտիվ կիրառվեն դատարաններում: Շուշան Դոյդոյանն առաջարկում է նաև ստեղծել արտադատական մեխանիզմներ:    
13:49 - 26 հունվարի, 2022
Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք տրամադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ հարկ է պարզապես փաստել, որ նշված ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունն՝ անդրադառնալով Armlur.am կայքում հրապարակված հոդվածին: «Այդ մասին են վկայում նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության անձնակազմի ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում 21.12.2021-23.12.21թթ. իրականացված ուսումնասիրությունները, որով ևս պարզվել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման շրջանառության ներքո է մոտ 503 դեղանուն, որոնց քանակական տրամադրումը ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ըստ սպառման անհրաժեշտության՝ առանց սահմանափակումների: Այդ իսկ պատճառով, ազատազրկվածի հարազատի կողմից դեղորայք չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատազրկվածին ցուցված դեղամիջոցը տվյալ պահին առկա չէ ստորաբաժանման դեղատանը: Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող դեղամիջոցներին, այն իրականացվում է բացառապես բժշկական  ցուցման առկայության դեպքում»,- նշված է պարզաբանման մեջ: Նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ազատազրկված անձանց բժշկական օգնություն է ցուցաբերում 24/7 ռեժիմով: Նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով և բուժօգնությունը դարձել է առավել հասանելի՝ յուրաքանչյուր մասնաշենքում մեկ բժիշկ և մեկ բուժքույր /նախկինում ստորաբաժանման 6 մասնաշենքերը սպասարկվել են 2 բժշկի և հերթափոխային մեկ բուժքրոջ կողմից: «Արմավիր» ստորաբաժանումը համալրվել է նաև գիշերային հերթափոխ իրականացնող բուժանձնակազմը: Հ.Հունանյանը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ:
17:02 - 25 հունվարի, 2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

2021 թվականին հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: Այս մասին արձանագրվել է հունվարի 21-ին տեղի ունեցած Ծառայության՝ 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստին, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։ Հայտնի է դարձել, որ 2021 թվականին պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միան ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավել շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։ «Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։ Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են  շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները  համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։ Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով: Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։ 
15:07 - 22 հունվարի, 2022
Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ  ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին

Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին

Անցյալ դեկտեմբերին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունով ստեղծված դաշինքը հաղթահարել էր անցողիկ շեմը՝ ստանալով ձայների 38,70 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 25.06 տոկոս, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոս, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոս, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոս։ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը նշեց, որ Մամիկոն Ասլանյան դաշինքին 15 մանդատ է վստահվել արդյունքում, նրա խոսքով՝ քաղաքացիների ակնկալիքը եղել է այն, որ հենց Ասլանյանն էլ կլինի քաղաքապետ․ «Անմիջապես հետո Ալսանյանին կալանավորելու գործընթաց է հետեւել։ Հաշվարկում կար այն, որ 15 մանդատը կդառնար 14, եթե նույնիսկ 2 մանդատ միանա, 16-16-ով քաղաքապետ չեն ընտրի, որովհետեւ նա ձեր ուզած քաղաքապետը չէ։ Մինչեւ հիմա այդ մարդուն քրեակատարողական հիմնարկում եք պահում, չնայած այս դեպքում կալանավորումը կարելի էր որպես խափանման միջոց չօգտագործել»,- ասաց Կյուրեղյանը, եւ, դիմելով Արդարադատության նախարարին՝ մեջբերեց ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 4-րդ կետի համաձայն՝ ՏԻՄ մարմիններ ընտրվելու եւ ընտրելու իրավունք չունեն դատարանի օրինական վճռով դատապարտվածները․ այդ ցանկի մեջ, Կյուրեղյանի խոսքով, Մամիկոն Ասլանյանը չի մտնում, ուստի նա պետք է մասնակցի ավագանու առաջին նիստին՝ որպես ընտրող եւ ընտրվող։ Նա  հարց հնչեցրեց՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանն այդ նիստին, ո՞վ է ապահովելու նրա մասնակցությունը, ի՞նչ մեխանիզմներով։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով հարցի քաղաքական մասին, նշեց, որ բազմաթիվ տեղերում ընտրվել են իշխանական ուժը չներկայացնող համայնքապետեր, եղել են համայնքներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածում ունեցել է 40-ից ավելի տոկոս, բայց ընտրվել է մեկ այլ թեկնածու․ «Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին՝ այստեղ նույնիսկ կար հարցում ՄԻՊ-ին, թե ինչպես կարող է ՔԿՀ-ն ապահովել մարդու ընտրվելու իրավունքը։ Մենք սա գրել ենք ՄԻՊ-ին, փաստաբանին, որ օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսում սահմանադրական այդ իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը կալանքի տակ է։ Կան թույլտվության մեխանիզմներ, թե մարդը, որը կալանավորված է, երբ կարող է լքել ՔԿՀ-ն։ Մենք ՄԻՊ-ին ներկայացրել ենք, որ, ցավոք, ՔԿՀ ղեկավարը, կամ Արդարադատության նախարարն իրավասու չեն մեկնաբանել կամ կոնկրետ քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից։ Նախարարության իմաստով ուղղակի անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ որեւէ համայնքային ընտրութան նպատակով բացակայել ՔԿՀ-ից»,- ասաց Կարեն Անդրեասյանը։
17:27 - 19 հունվարի, 2022
Անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների կալանավորված անդամների իրավունքների հետ․ ՄԻՊ

Անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների կալանավորված անդամների իրավունքների հետ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Խոսքը վերաբերում է նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքին: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարություն էր ներկայացվել Պաշտպանի վերլուծված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից, պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում: Արդարադատության նախարարի պատասխան գրությամբ, սակայն, ցուցաբերվել է խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը: Արդարադատության նախարարությունը մի կողմից անվիճելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստը, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից, սակայն, ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր: Մասնավորապես, անցնում է կալանավորվածի մեկնումների, տեսակցությունների ոլորտ՝ նշելով, թե «սահմանադրական նշված նորմի [48-րդ հոդված] կիրառման կառուցակարգը հասկանալու և դրա համատեքստում քրեակատարողական հիմնարկի պետի իրավասության առկայությունը հաստատելու համար» վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթներ՝ ցույց տալու համար, թե կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու և հիմնարկից այլ վայր փոխադրելու հիմքեր չկան: Արդարադատության նախարարությունը նշել է, թե կարճաժամկետ մեկնումները «կարող են տրամադրվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և միայն կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում»: Իսկ տեսակցությունների կապակցությամբ էլ Նախարարը նշել է, թե տվյալ դեպքում դրանք արգելվել են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հետևաբար նման արգելքի պայմաններում այս տարբերակը ևս խնդրո առարկայի շրջանակներում չի կարող քննարկվել: Ակնհայտ է, որ կոնկրետ իրավիճակում մարդու սահմանադրական ընտրական իրավունքների ապահովման հետ այս պահանջներն առնչութուն չունեն: Ուստի, բացարձակ անընդունելի է Արդարադատության նախարարության նման դիրքորոշումը և հարցին լուծում տալու փոխարեն պարտավորության կատարումից հրաժարվելը՝ փորձելով ստեղծել մարդու ընտրական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք Սահմանադրությամբ գոյություն չունեն: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տիրապետում է թե՛ օրենքի կարգավորումներին, և թե՛ միջազգային ու սահմանադրական այն պահանջներին, որոնց հիման վրա երկրի Կառավարությունը, իսկ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, որի համակարգում գործում են ՔԿՀ-ները, կրում է պարտականություն ապահովելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացումը: Ինչպե՞ս կարելի է նման ֆորմալիստական մոտեցում ցուցաբերել անձի սահմանադրական ընտրական իրավունքի նկատմամբ, որը երկրի ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքում է: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել վարույթն իրականացնող անձի կամքով, երբ Սահմանադրությունը իրավունքի սահմանափակման նման որևէ հիմք չի նախատեսում: Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ ևս հատուկ ընդգծում է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ՝ խոսքը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ: Վերջում Արդարադատության նախարարությունը, կրկին դիմելով ֆորմալ մեկնաբանության, մարդու սահմանադրական իրավունքի իրացումը փորձում է դարձնել անիրատեսական: Մասնավորապես, եզրահանգում է, թե քրեակատարողական հիմնարկի պետը լիազորված չէ ինքնուրույն կալանավորված անձին նիստի անցկացման վայր տեղափոխել կամ տեսակցություն տրամադրել՝ մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրական այս հոդվածի վկայակոչումը կոնկրետ դեպքում սկզբունքրեն անընդունելի է, որի ներքո, ըստ կարիքի, հաճախ են «թաքնվում» պետական մարմինները: Չի՛ կարելի անտեսել հենց նույն Սահմանադրության մեկ այլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդված, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է (…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդված): Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում պետական նման մարմնի այսպիսի մոտեցումը, որը ստեղծում է վտանգավոր նախադեպ: Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ, արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած Մամիկոն Ասլանյանի մասնակցությանը ավագանու նիստին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստ դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Ավագանու յուրաքանչյուր անդամի կողմնակից քաղաքացին (անկախ նրանից՝ ավագանու տվյալ անդամը կալանավորված է, թե ոչ) համայնքի ղեկավարի թեկնածուին ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձն է լինելու իր համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը»:
22:48 - 17 հունվարի, 2022
Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ |armenpress.am|

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատների փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում  ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: «Առաջարկվում է երկու հիմնական բարեփոխում, առաջինը՝ Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն  է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումը»,-ասաց Թումանյանցը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ Վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտական դատարան:  Անդրադառնալով միջազգային փորձին՝ նա տեղեկացրեց, որ օրինակ, ՌԴ-ում, Վրաստանում, Լատվիայում Վճռաբեկ դատարանների կազմերում գործում են առանձին վարչական պալատներ:  օրինակ Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում առանձին դատարաններ են գործում: «Այսպիսով հաշվի առնելով այդ իրավիճակը, նաև նկատի ունենալով, որ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, որպես հետևանք նաև վարչական արդարադատության իրականացման համար առավել բարձր արդյունավետություն կունենանք, առաջարկել ենք իրականացնել այս առանձնացումը և ստեղծել երկու պալատ՝ քաղաքացիական և վարչական պալատներ առանձին»,-ասաց փոխնախարարը: Այսպիսով, ըստ նրա, քաղաքացիական և վարչական պալատի միասնական բեռի թոթափում կլինի գործերի ծանրաբեռնվածության տեսակետից: Ըստ նախագծի՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:
17:48 - 17 հունվարի, 2022