Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

S-400-ը համալիր մեծ խնդրի մաս է կազմում, որն առկա է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև․ Վարուժան Գեղամյան

S-400-ը համալիր մեծ խնդրի մաս է կազմում, որն առկա է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև․ Վարուժան Գեղամյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարելու հարցը փակված է: «Ես չեմ ասում, որ Թուրքիան ձեռք է բերելու S-400 համակարգեր, ես ասում եմ, որ Թուրքիան արդեն գնել է դրանք, սա ավարտված գործարք է»,- մասնավորապես նշել է նա: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Պատժամիջոցներին անցնելու պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է։ Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների շուրջ զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի  հետ։ Պրն Գեղամյան, փաստորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատում է, որ գնել է ռուսական արտադրության հակաօդային համակարգի զինատեսակները։ Ի՞նչ հետևանքների կհանգեցնի սա Թուրքիայի համար։ Ես հակված եմ կարծել, որ պետք չէ շտապել և եզրակացնել, որ գործարքը իրականություն է դարձել։ Դա բխում է Էրդողանի երեկվա հայտարարությունից, որտեղ նա ասում է՝ մենք չենք գնելու, մենք արդեն գնել ենք։ Սակայն, ինչպես հայտնի է, այդ տեսակ հայտարարություն արվել է արդեն մի քանի անգամ՝ այլ ձևակերպումներով։ Այս պարագայում մենք գործ ունենք ավելի շատ ներքին լսարանին ուղղված ուղերձի հետ։ Որովհետև որևէ կերպ, որևէ կողմ չի հաստատել այն, ինչպես նաև չկա նշված հստակ ժամկետ, թե երբ են այդ զինատեսակները մատակարարվելու Թուրքիային։ Առավել ևս՝ նշված չէ՝ դիցուք գնվեն այդ համակարգերը, դրանք կտեղադրվեն Թուրքիայում, թե՞ մինչև լարվածության անցնելը կտեղակայվեն Կատարի թուրքական ռազմաբազայում, ինչի մասին ևս տարբեր առիթներով խոսվել է։ Այնպես որ, ես չեմ հակված մտածելու, թե գործարքն արդեն կայացել է։ Ինչ վերաբերում է դրա աշխարհաքաղաքական կոնտեքստին՝ մենք գործ ունենք ոչ միայն զինատեսակի գնման հետ, այլև այն մաս է կազմում համալիր մեծ խնդրի, որն առկա է Թուքիայի և ԱՄՆ-ի միջև։ Այդ հարաբերությունները բնավ միայն բաղկացած չեն S-400 ՀՕՊ զինատեսակներով։ Դա պարզապես այս պահին դարձել է շատ արդիական, և շատ հեշտ է դրա մասին խոսել։ Սակայն դրա ֆոնին կա շատ ավելի բարդ խնդիր, օրինակ՝ Սիրիայում քրդերի և ԱՄՆ համագործակցությունը և այլ թեմաներ։ Իսկ ի՞նչ կարող ենք ենթադրել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից միմյաց ուղղված խիստ հայտարարություններից։ Արդյոք այս երկու երկրների միջև բանակցային մթնոլորտն այլևս կառուցաղական չէ։ Մենք հիմա ականատես ենք լինում ոչ թե բուն բանակցություններին, այլ բանակցություններից բխող կուլիսներում տեղի ունեցող բարդ բանակցային գործընթացի միայն այն հատվածներին, որոնք հասանելի կլինեն հանրությանը և կստեղծեն որոշակի միջավայր բանակցային գործընթացի համար։ Թե ինչ է տեղի ունեցել երկու երկրների միջև, չենք կարող ասել։ Նմանատիպ հայտարարություններն ավելի շատ հանրության լայն շրջանակի մոտ ինչ-որ տրամադրություն ստեղծելու փորձ են։ Ինչպե՞ս են անդրադառնում թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները ընդհանուր տարածաշրջանի վրա։ Մենք իրականում այս պահին ապրում ենք այն ժամանակահատվածում, որը համընկնում է աշխարհում տեղի ունեցող շատ կարևոր փոփոխությունների հետ, որոնք որոշ մասնագիտական շրջանակների կողմից բնորոշվում են որպես նոր աշխարհակարգի ձևավորում։ Այդ աշխարհակարգի ձևավորման մի զգալի հատվածը Մերձավոր Արևելքն է, որտեղ ԱՄՆ-ն և Թուքիան ունեին երկարատև համագործակցության պատմություն, որը, իհարկե, զուրկ չէր խնդիրներից։ Հիմա մենք ականատես ենք լինում ուժի ցուցադրության և նոր դիրքավորման։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է պնդել կամ վստահորեն ասել, թե ինչպիսին կլինի Մերձավոր Արևելքի նոր քարտեզը կամ ինչպիսի դիրքավորում կունենան այս տարածաշրջանում հետաքրքրվածություն ունեցող խոշոր ուժերը։ Հետևաբար ցանկացած կարծիք, որ այս թեմայով կհնչի, նման կլինի քաղաքական սպեկուլացիայի։ Ի՞նչ կասեք ռուս-թուրքական հարաբերությունների մասին։ Կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերություններն օր օրի բարելավվում են։ Ինչպե՞ս սա կանդրադառնա Հայաստանի վրա։ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում, ոչ թե ռազմավարական բնույթ։ Դրանք ավելի շատ ունեն տակտիկական և մարտավարական բնույթ։ Չեմ կարծում, թե դրանք երկարաժամկետ են։ Շատ հարցերում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բնավ չեն համընկնում, այդ թվում՝ նաև Սիրիայում։ Կան խիստ տարաձայնություններ։ Չմոռանանք նաև, որ ընդամենը երեք կամ չորս տարի է անցել ռուս-թուրքական հարաբերությունների ամենացածր մակարդակում գտնվելու փուլից։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի խորացնել իր ռազմավարական համագործակցությունը իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Դրա առաջին լավ օրինակը ունենք՝ Սիրիայում հումանիտար առաքելությունը, որն իրականացվում է ռուսական կողմի միջոցով։ Ասեմ ավելին՝ Հայաստանը պետք է լինի պրոակտիվ տարածաշրջանային քաղաքականության մեջ, որպեսզի չտուժի տարբեր կողմերի կոնֆիգուրացիաներից։ Այլ ընդհակառակը՝ պետք է ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ կանխելով այնպիսի դաշինքների ձեւավորումը, որը կարող է վնասել Հայաստանին։ Եվ վերջում, եթե ի վերջո Թուրքիան, ԱՄՆ-ի հորդորներն ու զգուշացումներն անտեսելով, ձեռք բերի ռուսական S-400 համակարգերը, ինչ հետևանք դա կթողնի Թուրքիայի վրա։ Շատ վատ իրավիճակում կհայտնվի Թուրքիան, որովհետև երկրի տնտեսությունը այնպիսի վիճակում է վերջին մի քանի տարիներին, որ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել երկրի տնտեսական համակարգի կայունացմանը։ Այդ պատճառով ԱՄՆ-ը հիմնականում սեղմում է այդ օղակը։ Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են նաև Թուրքիայում։ Թուրքական տնտեսությունը շատ է կապված արտաքին շուկայի հետ և պատժամիջոցների կիրառման պարագայում կարող է հայտնվել շատ ծանր իրավիճակում, ինչպես որ եղավ նախորդ տարվա հուլիսի վերջին։ Այդ ժամանակ ընդամենը մեկ ոլորտի վրա շատ փոքր հարկ սահմանվեց, և պատժամիջոցների պատճառով տնտեսական համակարգը հայտնվեց շատ խորը ճգնաժամի եզրին։ Այս պատճառով Թուրքիան չափազանց զգուշավոր է լինելու ցանկացած քայլի դեպքում, որը կհանգեցնի պատժամիջոցների կիրառման։ Աստղիկ Գաուդյան
06:20 - 14 հունիսի, 2019
Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել․ Չավուշօղլուի պատասխանը ԱՄՆ-ին |ermenihaber.am|

Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել․ Չավուշօղլուի պատասխանը ԱՄՆ-ին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի նամակին։ Թուրք նախարարը նշել է, որ իրենք արդեն իսկ ձեռք են բերել այդ համակարգերը և որևէ նամակ ի զորու չէ հարկադրել Թուրքիային՝ հետ կանգնել իր ընդունած որոշումից։Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահան նամակ էր հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ տեղեկացնելով, որ ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության նախագծից։ Ավելին, նամակում նկարագրվել էին նաև ԱՄՆ –ի այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ այդ սպառնալիքը պետք է կյանքի կոչվի։Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով նամակի մասին հարցին՝ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել։ Նման նամակներով Թուրքիան իր ընդունած որոշումներից հետ չի կանգնի։ Թուրքիան արդեն գնել է S-400-ները, դրանք կվբերվեն ու կտեղակայվեն այստեղ»։
05:38 - 14 հունիսի, 2019
Թուրքիայում քննարկել են հայաստանցի միգրանտների հարցը |ermenihaber.am|

Թուրքիայում քննարկել են հայաստանցի միգրանտների հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույց՝ Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ։ Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։ Ուսումնասիրության շրջանակներում նաև հարցումներ են իրականացվել։ Հարցումներին ներգրավված են եղել 8-ից 11 տարեկան 102 և 12-ից 18 տարեկան 58 երեխա։ 8-ից 11 տարեկան երեխաների 73, իսկ 12-ից 18 տարեկան երեխաների 90%-ը նշել է, որ լավ կամ շատ լավ է հասկանում թուրքերեն։ 8-ից 11 տարեկան երեխաների 75, 12-ից 18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ Երկու տարիքային խմբի երեխաներն էլ հիմնականում բացի տնային գործերից ընտանիքին օգնելու նպատակով այլ տեղ էլ են աշխատում։ Ընդհանուր առմամբ նրանք հայտնել են, որ գոհ են կյանքի պայմաններից և իրենց անվտանգ են զգում։ Երեխաների համար կարևորագույն խնդիրներից է ուսումը։ Նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012 թվականին իրականացված փոփոխությունների շնորհիվ կարողանում են որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, սակայն պաշտոնապես գրանցված չեն այդ դպրոցներում և դիպլոմ չեն ստանում։ Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Տարբեր պնդումներ կան թվաքանակի վերաբերյալ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, ըստ զեկույցի, 15-20 հազարի սահմաններում է։ 1990-ականներից սկիզբ առած արտագաղթի հետևանքով Թուրքիայում հաստատված հայաստանցիները որպես այդտեղ հաստատվելու հիմնական պատճառ նշել են Հայաստանում եղած գործազրկությունն ու աշխատանք գտնելու մտադրությունը։ Զեկույցում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն էլ ավելի է դժվարեցնում հայաստանցի միգրանտների առանց այն էլ բարդ կացությունը։
13:52 - 13 հունիսի, 2019
Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը. Չավուշօղլու |ermenihaber.am|

Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը. Չավուշօղլու |ermenihaber.am|

ermenihaber.am: Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո ազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանյան հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,-ասել է նա: Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:
11:54 - 13 հունիսի, 2019
Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին |ermenihaber.am|

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա, իսկ Հոլանդիայի խորհրդարանի այդ քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։ Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքը, ինչպես նաև «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, անդրադառնալով արտգործնախարարության հայտարարությանը, որևէ կերպ չեն հիշատակել ոչ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած որոշման բովանդակությունը և ոչ էլ այդ որոշման՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված լինելու հանգամանքը։  
06:05 - 13 հունիսի, 2019
Դերսիմում քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել |ermenihaber.am|

Դերսիմում քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։ Զինվորներից 2-ը մահացել են հիվանդանոցում։Հունիսի 11-ին Դերսիմի Քարշըլար գյուղում քուրդ զինյալները կրակ են բացել այդ տարածքում PKK-ի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնող թուրքական անվտանգության ուժերի ուղղությամբ։ Դրան ի պատասխան թուրքական կողմը նույնպես կրակ է բացել, որի հետևանքով սկսվել է արյունալի բախում երկու ուժերի միջև։Թուրքական կողմը հայտնել է, որ իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին վնասազերծելու համար օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում այդ տարածքում։
05:31 - 13 հունիսի, 2019
Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից |ermenihaber.am|

Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: 2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ Ստամբուլի բորսայում կատարցի ներդրողների պորտֆելի արժեքը կազմել է 14 մլրդ 745 մլն լիրա (2 մլրդ 533 մլն դոլար)։ Այդ ցուցանիշը 2019թ․ մայիսի դրությամբ նվազել է 30․95 տոկոսով՝ հասնելով 10 մլրդ 181 միլիոն լիրայի (1 մլրդ 749 մլն դոլար)։ Նշենք, որ 2018թ․ օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հայտարարել էր, որ Թուրքիայի տնտեսությանն աջակցելու նպատակով այդ երկրում 15 մլրդ դոլարի ներդրում կկատարի։ Որպես այդ նախաձեռնության առաջին քայլ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Կատարի կենտրոնական բանկի միջև կնքվել էր երկկողմ արժույթային (swap) գործարք։
10:40 - 12 հունիսի, 2019
Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին |azatutyun.am|

Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը երեքշաբթի օրը Մոսկվայում լրագրողներին ասել է. - «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան»:Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. - «Այո, ինչպես պլանավորել ենք»:Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը:
06:25 - 12 հունիսի, 2019
Վերջին հարցումներն են անցկացվել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ |ermenihaber.am|

Վերջին հարցումներն են անցկացվել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում հարցումներ են իրականացվել՝ փորձելով պարզել, թե ինչ արդյունքներ են սպասվում հունիսի 23-ին կրկին անցկացվելիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Ինչպես հայտնի է՝ 2019թ․ մարտի 31-ին Թուրքիայում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պահանջով միայն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվեցին և նոր ընտրություններ նշանակվեցին։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը կրկին Էքրեմ Իմամօղլուի և իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի միջև է լինելու։ Որոշ հարցումների համաձայն՝ այս պահին Յըլդըրըմը որոշակիորեն առավելություն ունի ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ։ Յըլդըրըմի հավանական ընտրողները, ըստ ORC ընկերության անցկացրած հետազոտության, կազմում են 47 տոկոս, ինչը 0․3 տոկոսով ավելի է Իմամօղլուի պոտենցիալ ընտրողների թվից։ Հարցվածների 5․5 տոկոսը հայտնել է, որ դեռ չի կողմնորոշվել։ Մարտի 31-ին անցկացված ընտրություններում Իմամօղլուին ընտրած քաղաքացիների 96․7 տոկոսը հայտնել է, որ իր որոշումը չի փոխել, իսկ 3․3 տոկոսը նշել է, որ դեռ տատանվում է։ Բինալի Յըլդըրըմին ընտրած քաղաքացիների 97․4 տոկոսը ևս պնդել է, որ չի փոխել իր որոշումը, իսկ մյուսները հայտնել են, որ դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում։ Մյուս կողմից՝ Optimar և MAK հետազոտական ու խորհրդատվական ընկերությունների տվյալներով՝ այս պահին Էքրեմ Իմամօղլուն մի քանի տոկոս առավելություն ունի Յըլդըրըմի նկատմամբ։
07:26 - 08 հունիսի, 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ |ermenihaber.am|

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող ԶՈՒ ստորաբաժանումներ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում:Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Իգդիր են մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ, Ադնան Օզբալը, ինչպես նաև Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Աքարը հայտնել է, որ Իրանի սահմանից Թուրքիայի ուղղությամբ ինչպես ահաբեկչական գործողությունների, սահմանախախտումների, ապօրինի փոխադրումների, այնպես էլ չհամակարգված ներգաղթի շրջանակներում ապօրինի ներթափանցման փորձեր են արվում։Աքարն, այդ ամենի դեմ պայքարում կարևորելով համապատասխան միջոցառումների անթերի կատարումը, նշել է.«Մենք մեր աշխատանքներով պետք է արդարացնենք մեր երկրի սպասելիքները։ Իսկ Ձեզնից սպասելիքները մեծ են. հիմնականը մեր սահմանների անանցանելիությունն է։ Այդ ամենի դեմ պայքարում մեր բոլոր հնարավորություններն արդյունավետ կերպով օգտագործելու ենք և բոլոր այդ ապօրինի ներթափանցումները զրոյացնելու ենք»։
07:21 - 08 հունիսի, 2019
Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա |ermenihaber.am|

Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք նշում են արել բնակիչներից մեկի տան պատին: Բնակարանի դռան վրա արված նշումից պարզ է, որ այն Դավթի խաչն է, իսկ խաչի ներսում արված թուրքերեն գրառումը թարգմանաբար նշանակում է «ուշադի՛ր Իսրայել»: Սամաթիայի բնակիչներն անհանգստացած են այդ նշումներից, քանի որ ավելի վաղ թաղամասի հայ բնակիչներից մեկի տան վրա խաչ էր գծվել և «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել, որից հետո անհայտ անձինք ներխուժել էին հայ կնոջ բնակարան, դանակահարել նրան և փախչել` ասելով «սա դեռ սկիզբն է»:Չնայած բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը չի ներկայացել դեպքի վայր և արձանագրություն չի կազմել:Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ ազգություն ունի այդ տան տեր հանդիսացող քաղաքացին, սակայն չի բացառվում, որ նա հրեա լինի: Շենքի բնակիչներից մեկը թուրքական աղբյուրին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել` ընկերների հետ հանդիպելու, սակայն այդ ժամանակ բնակարանի դռան վրա նշան չի եղել:«Կեսգիշերն անց, երբ վերադարձա տուն, տեսա այդ նշանը: Շուրջ 7 տարի է այս թաղամասում եմ բնակվում և ոչ մի անգամ նման դեպք չէր պատահել: Հարևաններիս հետ էլ հարաբերությունները բավականին լավ են»,-հայտնել է նա:Բնակիչը նշել է, որ դեպքի առթիվ դիմելու է դատախազությանը, քանի որ ոստիկանությունը չի արձագանքել: Քաղաքացու խոսքով` իրենց թաղամասի բնակիչները տարբեր մշակույթի և տարբեր ինքնության կրողներ են և մտավախություն է հայտնել նախորդ շաբաթ հայ կնոջ դանակահարության դեպքի առնչությամբ:
07:42 - 07 հունիսի, 2019
Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը |ermenihaber.am|

Թուրքիայում 3 տարում 25 անգամ ավելացել է ազատազրկված ուսանողների թիվը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում տարեցտարի ավելանում է կալանավորված և ազատազրկված ուսանողների թիվը։ Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2016թ․ նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում 69․301 ուսանող կար։ Նրանցից 36․033-ը առկա, 33․268-ը հեռակա համակարգով սովորող ուսանողներ էին, ովքեր փորձել են ինչ-որ կերպ շարունակել իրենց ուսումը նաև բանտում։ Նշենք նաև, որ 2016թ․ Թուրքիայում 197․297 բանտարկյալ կար։ Փաստորեն, բանտարկված ուսանողների թիվը կազմում էր բանտարկյալների ընդհանուր թվի 35 տոկոսը։ 2013թ․ մայիսի դրությամբ բանտարկված ուսանողների թիվը Թուրքիայում ընդամենը 2․776 էր։ Այսինքն, 3 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է շուրջ 25 անգամ։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրքական բանտերում ուսանողների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում․ չկան ոչ հատուկ դասասենյակներ, ոչ գրադարաններ, ոչ համակարգիչներ, ոչ ինտերնետ, ինչը սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքի խախտում է։ Բայց այդ, ազատազրկված ուսանողները ուսման վարձը չվճարելու, դասերից բացակայելու, քննություններին չմասնակցելու և նմանատիպ պատճառներով ուղղակի դուրս են ուսումնական հաստատություններից։
06:11 - 07 հունիսի, 2019