ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը |lragir.am|

Կառավարությունը հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը |lragir.am|

lragir.am։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նաև հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների ապահովման համար։Զինծառայողների դրամական ապահովվածության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։ Նաև հավելումների համահավասարեցում է սպասվում բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական և շարքային կազմի միջև։ «Մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելումներ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և պայմանագրային շարքային զինծառայողը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ հուլիսի մեկից պետք է բարձրանան զինվորականների աշխատավարձերը։ «Եվ հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարաման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է։ Այսինքն՝ մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց նա։«Պարոն վարչապետ, այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններով են իրականացնում իրենց ծառայությունը, հավելավճար են ստանալու նաև։ Այսինքն՝ բավական մեծ է լինելու տոկոսը»,- ասաց Դավիթ Տոնոյանը։Վարչապետը նշեց, որ այսինքն՝ ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններով ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմի և ԶՈւ ղեկավարության։Դավիթ Տոնոյանն ասաց, որ տոկոսային առումով աննախադեպ է միանգամից այսքան բարձրացումը։«Ինչպես ասել ենք մեր կառավարության ձևավորման առաջին օրերից այս հարցը լինելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,- հավելեց վարչապետը։
09:14 - 23 մայիսի, 2019
Ողջաբերդի սողանքային խնդիրը պարզ նախագծային հարց է, խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով. Վահագն Վերմիշյան |tert.am|

Ողջաբերդի սողանքային խնդիրը պարզ նախագծային հարց է, խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով. Վահագն Վերմիշյան |tert.am|

tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակներում Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային գոտիների անցանելիության ապահովման համար գումար է հատկացվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, իր դժգոհությունը հայտնեց, որ այդ ճանապարհին ոչ երկարաժամկետ լուծում է միշտ տրվում: «Ամեն անգամ գումար ենք հատկացնում, մի քիչ ուղղում ենք ճանապարհը, բայց գիտենք, որ երեք-չորս տարի հետո կամ գուցե նույնիսկ մեկ տարուց նույն վիճակն է լինելու, դա այդքա՞ն բարդ խնդիր է, որ չենք կարողանում լուծել, ի վերջո քսանմեկերորդ դարն է»,-ասաց նա և խոսքն ուղղեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:Վերջինս ասաց, որ այդ թեմայով քննարկումներ են ընթանում և անցած շաբաթ հրավիրել են ամերիկյան ընկերության, որը մասնագիտացված է այդ հարցերով: «Դա պարզ նախագծային խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ Ողջաբերդի խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով:
08:59 - 23 մայիսի, 2019
Մաքսային արտոնություններ՝ նախկին պատգամավորի ընկերությանը |hetq.am|

Մաքսային արտոնություններ՝ նախկին պատգամավորի ընկերությանը |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Պարկ Գրուպ» ընկերությանը երկու արտոնություն տվեց։ Գործադիրի մի արտոնությամբ ընկերությունը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի գումարները երեք տարի անց վճարելով, իսկ մյուս արտոնությամբ՝ ներմուծվող ապրանքները կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմելու է մոտ 375 միլիոն դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվել է 980 միլիոն դրամ։ Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, ընկերությունը Նիդերլանդներից, Սլովակիայից, Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ԱՄԷ-ից, Իսպանիայից, Հունաստանից կներմուծի կարուսելներ և ատրակցիաններ։ Դրանց արժեքը կազմում է 4 միլիարդ 777 միլիոն դրամ է։ Կարուսելներն ու ատրակցիանները օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես` զբոսայգու հիմնադրման համար։ Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 միլիարդ 509 միլիոն դրամի ներդրում, ստեղծել 350 նոր աշխատատեղ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմելու է 2.8 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է Հայաստանի տարածքում:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք զբոսայգին և այդ կարուսելները մատչելի են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին չի կարող պատասխանել այս դիտարկմանը, բայց գրեթե վստահ է, որ ներդրողի հետ այդ հարցի շուրջ քննարկումները կունենան, որոնք կտան դրական արդյունք։ Տիգրան Խաչատրյանը խնդրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներին ներգրավվել այդ քննարկումներին, որպեսզի ատրակցիոնները «բերվեն այն աստիճանի, որ հասանելի լինեն բոլոր խմբերի համար»։Հիշեցնենք, որ «Պարկ գրուպ» ընկերությունը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում որոշել է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։ Ընկերությունը խոստացել է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող կենտրոն՝ հագեցած եվրոպական լավագույն արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով՝ բացման առաջին իսկ տարում ընդունելով ավելի քան 300 000 այցելու։
08:38 - 23 մայիսի, 2019
ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել՝ 8450 քաղաքացի:Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում:
07:25 - 23 մայիսի, 2019
Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ |news.am|

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ |news.am|

news.am։ ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նիստում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց, որ ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել ոչ թե 22 հազար դրամ, ինչպես առաջաևկվել էր նախկինում, այլ 14 հազար դրամ:Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, թե հարցը որ փուլում է գտնվում: Նա նշեց, որ սկզբում կառավարությունն առաջարկել էր 22 հազար դրամի պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Դրանից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվեց, որ տուրքը պետք է կիրառել միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի նկատմամբ պետտուրքը չկիրառել. «Քանի որ կան նաեւ փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել, իսկ ցեմենտի տուրքի վրա դնել մեկ տարվա ժամկետ, որ այդ ընթացքում հասկանալի լինի, թե շուկան ինչպես է արձագանքում, նաեւ ժամանակ տալ, թե ցեմենտ արտադրողներն ինչ են անում ավելի մրցունակ դառնալու համար»: Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու է որոշվել նվազեցնել պետտուրքը. «Պետք է շուկայում ապահովել մրցակցային պայմաններ այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մասը ներկայացնող արտադրանքը կարողանա վաճառել նույնկերպ, ինչպես ներմուծողները: Այսինքն մեր առաջարկի նպատակն է պահպանել մրցակցային գնային միջավայր: Մենք առաջարկում ենք, որ ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար սահմանվի պետտուրք 14 հազար դրամ: Սա տարբեր է առաջարկված 22 հազար դրամից: Այդ 22 հազար դրամի հիմքում հաշվարկներն էին, որտեղ հաշվի էր առնված խոշոր արտադրողի նախորդ տարվա ինքնարժեքի թվերը: Մենք այն ժամանակ ունեինք մեկ տոննայի հաշվով 37 հազար դրամ ինքնարժեք, հետագայում նաեւ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները հաշվի առնելով, ստացվեց, որ ինքնարժեքը մոտ է 31 հազար դրամին:Ներկրվող ցեմենտի գնագոյացումը կատարվում է հետեւյալ կերպ. Ցեմենտը ձեռք է բերվում մոտ 9 հազար դրամով, մաքսատուրք են վճարում 800 դրամի չափով, բարձման ծախսեր 700 դրամի չափով, տեղափոխման ծախսը՝ մոտ 12 հազար դրամ, իրացման ծախսեր՝ 500 դրամ եւ պետական տուրք՝ 14 հազար դրամ: Հանրագումարային ծախսեր՝ մեկ տոննայի դիմաց 37 հազար դրամ: Սա 500 մարկայի ցեմենտի ծախսերն են Երեւանում: Եթե գումարում ենք նաեւ ավելացված արժեքի հարկը, ապա ստացվում է, որ տոննան կարող են վաճառել 47 հազար դրամով:Տեղական արտադրողի համար մեկ տոննայի արտադրական ծախսեր, վարչական ծախսեր, իրացման ծախսերը 32 հազար դրամ են, եթե 5 տոկոս շահույթ ենք ավելացնում, կազմում է 33 600 դրամ: Վաճառքի գինը ստացվում է 40 300 դրամ»,-ասաց նախարարը:Ինչ վերաբերում է կլինկերին, ըստ նախարարի, ներկրողի համար վաճառքի գինը կազմում է 45 600 դրամ, այսինքն ավելի շատ, քան խոշոր արտադրողն է վաճառում ցեմենտը. «Ստացվում է, որ առանց կլինկերի վրա տուրք կիրառելու փոքր արտադրողը, որ կլինկերից պետք է ցեմենտ արտադրի, չի կարողանալու վաճառել ցեմենտ այնպիսի գնով, որ ավելի ցածր լինի, քան խոշոր արտադրողի գինը»:Նա նշեց, որ եթե այս մեկ տարում տեսնեն, որ բոլորը սկսել են ներկրվող կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է ինչ-որ բան ճիշտ չեն հաշվարկել. «Եթե տեսնենք, որ իրանական ցեմենտը շուկայից դուրս եկավ, բնշանակում է էլի ինչ-որ բան ճիշտ չենք հաշվարկել: Եթե տեսնենք իրականա ցեմենտի իրացումը շարունակում է ահագնացող չափերով աճել, նշանակում է էլի մի բան ճիշտ չենք հաշվարկել: Մենք ոչինչ չենք բացառում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է օր առաջ ընդունել օրենքը, որովհետեւ շինարարության սեզոնն սկսվել է:
07:41 - 22 մայիսի, 2019
«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը |armtimes.com|

«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը |armtimes.com|

armtimes.com։ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրված էր գիտաժողով՝ նվիրված թավշյա հեղափոխության մեկ տարվան՝ նպատակ ունենալով հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների կողմից կառավարությանը ներկայացնել կիրառական առաջարկություններ, որոնք բխում են այդ մարմնի գործունեության հնգամյա ծրագրից:«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասաց, թե մեծ հետաքրքրությամբ է մասնակցում այս միջոցառմանը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում առկա իրավիճակին, խոսեց խնդիրների ու իր պատկերացրած լուծումների մասին: Մերօրյա աշխարհում, ըստ նրա, մեծապես որոշիչ է, թե հանքարդյունաբերությունը որքանով է ուղեկցվում բնապահպանական նորմերը պահպանելով: Կարեւոր է, որ բնությանն առնչվող ծրագրերն իրականացվեն պետություն-քա­ղաքացի մասնակցությամբ՝ փոխադարձ վստահության պայմաններում: «Բնական ռե­սուրսների շահագործման որեւէ նախագիծ հաջո­ղություն կարող է ունենալ նաեւ մեկ այլ ոչ պակաս հանգամանքի առկայության դեպ­քում: Չմոռանանք, որ որպես ընդունված նորմ, ամեն մի երկրում ընդերքը պատ­կանում է այդ տա­րած­­քում ապրող մարդկանց-պետությանը, այդ նորմը շատ հաճախ ամրա­գրված է յուրաքանչյուր երկրի ամենաբարձր իրավական կամ իրավունքի ակ­տում` ՀՀ քաղաքացիների մասով այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում: Սրանից հետեւում է, որ ընդերքի շահագործման արդ­յունքներն էլ պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին` բոլորին եւ ոչ թե առանձին խմբերի»,- նկատեց տնտեսագետը:Կառավարության ծրագրի պահանջները իրականություն դարձնելու համար նա անհրաժեշտ է համարում մասնավորապես հետեւյալը. ա) մշակել եւ ներդնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն, բ) խրախուսել պոչամբարների վերամշակումը, գ) նվազագույնի հասցնել հանքերի արդյունաբերական շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները, դ) արագացնել նոր պղնձաձուլարանի կա­ռու­ցումը, ե) մշակել համապատասխան ընթացակարգեր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առողջության վրա ազդեցության գնահատումներ իրականացնելու համար: Տ.գ.թ. դոցենտ Գայանե Հարությունյանը ռազմարդյունաբերության թեմայով իր զեկուցման մեջ փաստեց. «Գործնականում երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը բանակն է։ Սակայն մարդկային ռեսուրսների շարունակական ներգրավումը ռազմական ուժեր պետության համար մեկ այլ սպառնալիք է ենթադրում՝ մարդկային կապիտալի սպառում։ Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է կորցնել բարձրորակ աշխատուժի առավելությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ոչ մեկ տասնամյակ։ Միաժամանակ, ռազմական ծախսերը, չնայած զգալի ծավալներին՝ տնտեսական աճի վրա խթանող ազդեցություն չեն ունեցել այն դեպքում, երբ տնտեսական օրինաչափությունները ենթադրում են նման ակնհայտ ազդեցություն։ Ակնհայտ է, որ ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ դրանց զգալի մասը պետական ռազմական պատվերի միջոցով վերադառնում է իրական տնտեսություն։ Այն դեպքում, երբ ռազմական ծախսերն ուղղորդվում են ռազմական նշանակության արտադրանքի ներկրմանը, բազմարկվում է ոչ թե տնտեսության վրա խթանիչ ազդեցությունը, այլ բացասականը»: Նա մասնավորապես նաեւ առաջարկեց. «Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի, որում կփոխվեն շեշտադրումները «ամբողջ հասարակությունը բանակի համար»-ից դեպի «ամբողջ հասարակությունը սեփական բարեկեցության եւ անվտանգության համար»-ի»:Հնչած զեկուցումներից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ուղենիշներին: Տ.գ.թ. Հայկ Մարկոսյանն այդ ճանապարհին կարեւորեց վերականգնվող էներգետիկան՝ միջուկայինի փոխարեն: «Ամբողջ աշխարհում մեկնարկել է վերականգնվող էներգետիկայի անցման հեղափոխությունը, որին չհետեւող երկրները հայտնվելու են մրցունակության լուսանցքից դուրս: Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ շարունակաբար կրճատվում է միջուկային էներգետիկայի ներդրումը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում: Այն 1990-ականներից հետո անընդհատ նվազել է՝ հասնելով 8 տոկոսի: Էներգետիկ ոլորտում ներդրումային որոշումների ուղղությունները քաղաքականության մշակման կարեւորագույն ազդակներ են: Ըստ ներկայացված տվյալների, 2017 թվականին միջուկային էներգետիկայի ոլորտում ներդրվել է ընդամենը 16, քամու էներգիայի ոլորտում՝ շուրջ 100, արեւային էներգիայի ոլորտում՝ շուրջ 160 մլրդ դոլար, ինչը ցույց է տալիս ներդրումային հոսքերի ուղղորդվածությունը դեպի վերականգնվող էներգետիկա»,- ասաց Մարկոսյանը:Նա նաեւ վկայակոչեց «Լազարդ» խորհրդատվական ընկերության հաշվարկած էլեկտրաէներգիայի հաշվեկշռված արժեքը տարբեր տեխնոլոգիաների պայմաններում: Ըստ այդմ, միջուկային էներգետիկայի արտադրած 1 Մվտ/ժ էլեկտրաէներգիաի հաշվեկշռված արժեքը կազմում է 112-189, քամու էներգիան՝ 29-56 եւ արեւային էներգիան՝ 40-46 դոլար: Ավանդական տեխնոլոգիաներից ամենաէժանը համակցված ցիկլով գազային էլեկտրակայաններն են, որտեղ այն կազմում է 41-47 դոլար: Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թողարկման տեխնոլոգիաներից ամենաթանկերից մեկը հենց միջուկայինն է:«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է եւ ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական եւ փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք եւ, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձեւավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են եւ ձեզնից նաեւ հավաքագրած տեղեկատվությունը բերում են ու դարձնում կառավարության օրակարգ»,- ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը: Ավելին՝ armtimes.com 
06:12 - 22 մայիսի, 2019
Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով

Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով

tert.am։ Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրում է 700.000 եվրո։ «Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։ «Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
06:47 - 21 մայիսի, 2019
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը |armenpress.am|

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթները ներառել «մեկ պատուհան» սկզբունքի ներքո: Ըստ Անանյանի, դա կնպաստի ընթացակարգերի դյուրացմանը, մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Նախագծի նպատակներն են՝ ԱՏԳ ձևակերպումների իրականացման ապակենտրոնացումը, ՀՀ տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածության համահարթեցումը, բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա ընթացակարգերի ներդրումն ու ծառայությունների մատուցումը, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և այլն:Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ նրանց դիտարկումներն ու առաջարկները լսելու և ընդհանուր մոտեցումների գալու նպատակով:
07:37 - 19 մայիսի, 2019
Ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են․ Վարուժան Հոկտանյան |factor.am|

Ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են․ Վարուժան Հոկտանյան |factor.am|

factor.am։ Հարցազրույց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի հետ – Պարո՛ն Հոկտանյան, տեղյակ եք, որ Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 1 մլրդ դրամ է հատկացրել Ազգային ժողովին՝ տարբեր ծախսերի համար: Այդ գումարի մի մասը լրացուցիչ պատգամավորների աշխատավարձերի համար է, իսկ 300 մլն դրամը հատկացվել է արտասահմանյան շրջագայությունների, գործուղումների համար: Նախկինում տպավորություն կար, որ գործուղումների համար այդպիսի մեծ գումարի հատկացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, դա ավելի շատ պաշտոնյաների կողմից ճոխ գործուղումներ ունենալու համատեքստում էր քննարկվում: Դուք տեսնո՞ւմ եք նման ռիսկեր: – Գիտեք՝ հիմքեր չունեմ այդպիսի ռիսկեր տեսնելու, որովհետև պետք է այդ գործուղումները շատ ավելի լուրջ կերպով ուսումնասիրել: Դրան ես մի քիչ հետո կանդրադառնամ: Այստեղ այդ գումարների ավելացմանը կուզենայի անդրադառնալ, որովհետև երբ անցյալ տարվա նոյեմբերին սկսեցին բյուջետային քննարկումները, և արդեն պարզ էր, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ես այն ժամանակ մամուլի միջոցով բարձրաձայնեցի, որ, երևի, ընտրություններից հետո բյուջեն ընդունվի: Որովհետև արդեն պարզ էր, որ «Իմ քայլի» վարկանիշն այնքան բարձր է, որ ստանալու էր երկու երրորդից ավելի, իսկ ընտրական օրենսդրությամբ նախատեսվում էր, որ երկու երրորդից ավելիի դեպքում մյուս կուսակցություններին տալու էին բոնուսային մանդատներ: – Այսինքն՝ պարզ էր, որ այս Ազգային ժողովում պատգամավորների թիվը շատ ավելի՞ն է լինելու: – Դա ակնհայտ էր: Ընդ որում՝ Ընտրական օրենսգիրքն ասում էր՝ ոչ թե ընդհանուր թվի երկու երրորդը, այլ մանդատները հաշվելիս վերցնում էին միայն շեմը հաղթահարածները: Եվ ստացվում էր, որ 82% հավաքեց «Իմ քայլը»: Նման դեպքում, բնականաբար, որպեսզի մեկ երրորդ ունենա ընդդիմությունը, պետք է բոնուսային մանդատներ ստանար և, ընդհանուր առմամբ, 27 բոնուսային մանդատ ստացավ: Բայց դա տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ից հետո, իսկ պետբյուջեն հաստատվեց նոյեմբերի 22-ին: Ես այն ժամանակ ասում էի, որ ոչ մի աղետ չի լինի, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում: Եվ հիմա ստիպված պետք է տային այդ գումարը: – Պարո՛ն Հոկտանյան, գործուղումների և արտասահմանյան շրջագայությունների համար հատկացված 300 մլն դրամից 183 մլն-ը բաժին է հասնում ԱԺ նախագահի գործուղումներին: Սա նորմա՞լ եք համարում: – Ես ենթադրում եմ, որ ընդունվել է այն հարաբերակցությունը, ինչ եղել է նախկինում: Դա պետք է, իհարկե, ստուգել, թե նախկինում որքան է հատկացվել շրջագայություններին: Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում, որ արժե հասկանալ: Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեր, այսպիսի պատմություն չէր լինի: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններն էլ դրանից են գալիս, քանի որ այսքան լրացուցիչ գումար հատկացվելու է Ազգային ժողովին, գործադիրը խնդիր կունենա: Եվ եթե դուք ունեք արդեն 132 պատգամավոր, գուցե ավելի համե՞ստ լինեն այդ ծախսերը, որպեսզի այդքան ավելացում չլինի: Արդյո՞ք այս մոտեցումը եղել է, թե՞ ինչպես եղել է նախկինում, եկեք այդքան էլ տանք ամեն շրջագայությանը:Շարունակությունը՝ factor.am 
08:54 - 18 մայիսի, 2019
34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին |panarmenian.net|

34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34.8 մլն դրամ գումար կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովման համար:Կառավարության 2018 թվականի որոշմամբ, կրթության և գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն դրամ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12 մլն դրամի պայմանագիրը, որի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավա­գույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթա­թոշակ­ներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։Հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40.5 մլն դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.8 մլն դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով:
09:46 - 16 մայիսի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ: Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համարփոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ կոնվենցիաների կնքման միջոցով Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը:Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, եւս 15-ը գտնվում են գործընթացում:
08:47 - 16 մայիսի, 2019
Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին |news.am|

Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արեւաբույր համայնքի ավագանու թվով 5 անդամները (օրենքով նախատեսված 5-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Արեւաբույր համայնքի ավագանու անդամ Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին վեջինիս՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ: Ավագանու անդամներ Արա Մարգարյանը եւ Նարեկ Ասլանյանը ս.թ. փետրվարի 19-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել:Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արեւաբույր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Ս.թ. ապրիլի 3-ին ավագանու մնացած անդամները կազմել են Արեւաբույր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:
08:11 - 16 մայիսի, 2019