ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։ Նա այդ բանակցություններից մանրամասներ չի փոխանցել, սակայն, ընդգծել է, որ այս շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի մասնակցությանը տարհանման գործընթացում: Գործակալությունները հայտնում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում ինչպես Կիևում, այնպես էլ Մոսկվայում տարհանման հնարավորության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնում է 10 վիրավորի մասին, որոնողական աշխատանքները շարունակվում են։
10:54 - 29 ապրիլի, 2022
Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, շարունակվում է, և քաղաքական գործիչներն ու փորձագետները դժվարանում են դրա ավարտի ժամկետների մասին կանխատեսումներ անել։ Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ այն կարող է տևել «ամիսներ և անգամ տարիներ», իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը նշել է, որ «հինգից տասը տարի» տևելու հավանականության կա։ CNN-ը գրում է աշխարհի մյուս երկրների վրա այս պատերազմի հնարավոր ազդեցության մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Շատ պատերազմներ՝ առաջին աշխարհամարտից մինչև իրաքյան հակամարտություն, սկզբից թվում է, թե արագ են ավարտվելու՝ կարճ բայց մեծ շոկ բերելով։ Սակայն հաճախ դրանք, ի հեճուկս կանխատեսումների, վերածվում են տևական հակամարտության, որը, դոմինոյի էֆեկտի պես առաջացնում է հեռահար քաղաքական, տնտեսական և հումանիտար հետևանքներ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն այս ուղով է գնում։ Սկզբից բլիցկրիգ էր կանխատեսվում՝ Կիևի գրավմամբ, սակայն պատերազմը տևելու է շաբաթներ և ամիսներ, եթե ոչ ավելին։ Պատերազմի հետևանքներն արդեն ծանր են։ Միշտ հավանականություն կա, որ այն կտարածվի և էլ ավելի թեժ դիմակայության կվերածվի, ինչպես ռազմական, այնպես էլ Ռուսաստանից էներգակիրների արտահանման առումով, որոնց կարիքն այնքան զգում է Եվրոպան։ Ամեն անգամ, երբ այնպիսի խոշոր միջուկային տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ներքաշվում են անգամ անուղղակի կոնֆլիկտի մեջ, ուղիղ առճակատման հավանականություն է ստեղծվում։ Ավելի տևական պատերազմն արևմտյան առաջնորդների համար ավելի մեծ անորոշություն է նշանակում։ Գլոբալ պարենային անապահովությունն, ըստ ամենայնի, կխորանա ոչնչացված ուկրաինական բերքի պատճառով, ինչը կարող է ավելացնել անկայունությունն ու հուզումներն աշխարհում։   Ինչո՞ւ է պատերազմը ձգձգվելու Կա մի հիմնական պատճառ, թե ինչու է պատերազմը ձգձգվելու։ Ռազմավարական պատկերն Ուկրաինայում, երբ երկրներից մեկը հեռու է պարտվելուց, իսկ զավթիչը տապալված չէ, նշանակում է, որ կողմերից ոչ մեկը ուժեղ դրդապատճառ չունի՝ պատերազմին վերջ տալու համար ակտիվ դիվանագիտություն վարելու։ Ուկրաինական քաղաքացիական բանակի հերոսությունն ու արևմտյան զենքի աճող մատակարարումները հույս են ներշնչում, որ Կիևը կհաղթի։ Պուտինն, իր հերթին, դեռ չի հասել իր նպատկներից ոչ մեկին Կիևի մատույցներից նվաստացուցիչ նահանջից հետո։ Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների մասին հաղորդագրություններին՝ նրա գեներալները ռազմական նոր խնդիրներ են դրել զորքերի առջև՝ գրավել Ուկրաինայի ողջ հարավային ափն ու շնչահեղձ անել երկիրը՝ փակելով ելքը դեպի Սև ծով։ Ուկրաինան մտավախություն ունի, որ մարտի դաշտն ընդլայնվելու է։ Պաշտոնատար անձինք երեկ զգուշացրել են հարավ-արևմուտքում՝ Մոլդովայի սահմանի երկյանքով, հնարավոր նոր ճակատի մասին՝ ռուսամետ Մերձդնեստր անկլավի մասնակցությամբ։ Իսկ լայնամասշտաբ էներգետիկ պատերազմի սպառնալիքը, որը կարող է ռեցեսիայի և լուրջ բարդությունների հանգեցնել Եվրոպայում և կողմնակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում, ավելի իրական է դարձել երեկ, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստանին և Բուլղարիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներին, որոնք ժամանակին Խորհրդային Միության ուղեծրում էին։   Երկարատև պատերազմից տուժում են բոլորը Տևական պատերազմի հիմնական արդյունքը […] դժբախտաբար լինելու է այն, որ ավելի շատ ուկրաինացիներ են սպանվելու կամ ստիպված լինելու լքել իրենց տները։ Նշանները, որ պատերազմն ամիսներ է տևելու, խորացնելու են արդեն սարսափելի տնտեսական ցնցումները։ Համաշխարհային բանկն, օրինակ, երեկ զգուշացրել է, որ հակամարտության հետևանքով գրանցվել է լայն սպառման ապրանքների ամենամեծ աճը վերջին 50 տարում։ Ցորենի գների աճն աղքատությունից տառապող երկրներում կենաց և մահու հարց է միլիոնավոր մարդկանց համար։ Երեկ Պուտինը միջուկային սպառնալիքներ է հնչեցրել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի թշնամիները, որոնք միջամտում են Ուկրաինայի գործերին, թանկ են վճարելու։ «Մենք ունենք գործիքներ, որոնցով ոչ ոք չի կարող պարծենալ։ Իսկ մենք դրանցով չենք պարծենալու, մենք դրանք օգտագործելու ենք, եթե անհրաժեշտ լինի»։ Նրա խոսքերը տագնապալի հիշեցում են հակամարտության սրացման մշտական վտանգի մասին, հատկապես, որ ԱՄՆ-ն փորձության է ենթարկում Ռուսաստանի «կարմիր գծերը»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Վաշինգտոնում և Մոսկվայում երկուստեք ընդունում են, որ այս պատերազմը շատ ավելի ուրիշ բանի մասին է, քան միայն Ուկրաինայի և կարող է դառնալ երկարատև և ավելի ընդլայնված աշխարհաքաղաքական պայքարի մեկնակետ»։   Նորա Վանյան   Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի
19:47 - 28 ապրիլի, 2022
Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա

 |armenpress.am|

Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մասնավորապես, ըստ Զախարովայի, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին: «Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ «Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան:
18:03 - 28 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնություն ցուցաբերել խորհրդային ժամանակների զենքից ժամանակակից արևմտյան զենքի և համակարգերի անցում կատարելու հարցում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այսօր ավելի վաղ Կրեմլը զգուշացրել էր, որ արևմտյան զենքի, այդ թվում՝ ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինային, սպառնալիք են եվրոպական աշխարհամասի անվտանգությանը և «անկայունություն են հրահրում»։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ զարգացումների։ Բացարձակ հավանականություն կա, որ այս պատերազմը կտևի ամիսներ և տարիներ», - հայտարարել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած երիտասարդական գագաթնաժողովին։ ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցների և Կիևին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնության տեսքով առավելագույնս ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա դադարեցնի ներխուժումն Ուկրաինա։   Նորա Վանյան
17:43 - 28 ապրիլի, 2022
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման հիմք Ռուսաստանը դիտարկում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում ակտիվորեն աշխատել Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ, խաղաղության պայմանագրի համաձայնեցում։ «Ապաարգելափակման հարցերը քննարկվել են [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ] Օվերչուկի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն կա նաև մոտակա ժամանակներս եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման շուրջ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ պլանավորվում են ԱԳՆ գծով շփումներ Բաքվի հետ», - ասել է Զախարովան։ Ռուսական կողմը նշում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջ գնալու, այս թեմայով մշակվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք, այսպես թե այնպես, մնում ենք առկա ձևաչափերի մեջ, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանք է արվում։ Հիմնական նշանակությունը տալիս ենք այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այս արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ամբողջությամբ», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:02 - 28 ապրիլի, 2022
Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի հայտարարությոնը՝ Մոլդովային և Վրաստանին մատակարարվող զենքի ավելացման անհրաժեշտության մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործողություններն անվտանգային սպառնալիք կստեղծեն եվրոպական աշխարհամասի համար, գրում է «Կոմերսանտը»։ «Ուկրաինային և մյուս երկրներին զենքով, հատկապես՝ ծանր զինատեսակներով ապահովման միտումն ինքնին գործողություններ են, որոնք սպառնում են աշխարհամասի անվտանգությանն, անկայունություն են սադրում»,- ասել է Պեսկովը։ Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին ավելի շատ տանկեր և ինքնաթիռներ տրամադրեն։ Բացի այդ, գերատեսչությունը նշել էր Մոլդովայի և Վրաստանի համար ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։ Լիզ Թրասը նշել է, որ միջազգային այն գործիքներն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են Երկրորդ աշխարհամարտից և Սառը պատերազմից հետո հակամատությունների կանխարգելման համար, «անհաջողության են մատնվել», և դա պետք է առիթ լինի դրանց վերանայման համար։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու Ռուսաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները՝ միջազգային իրավունքի համաձայն։   Նորա Վանյան
15:49 - 28 ապրիլի, 2022
Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը
 |1lurer.am|

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը |1lurer.am|

1lurer.am: Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։ Խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրմանը։ Որոշմանը դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցություն քաղաքական ուժերը:
15:47 - 28 ապրիլի, 2022
Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես

Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, որ օրինական կլիներ, եթե ուկրաինական ուժերը գրոհեին ռուսական ենթակառուցվածքային օբյեկտները՝ խաթարելու համար սննդի, վառելիքի և զինամթերքի մատակարարումները, սակայն նրանք հազիվ թե բրիտանական զենք օգտագործեն այդ նպատակով, գրում է Reuters-ը։ Ուոլեսը նշել է, որ, միջազգային իրավունքի տեսակետից Ուկրաինան իրեն պաշտպանելու լիակատար իրավունք ունի։ «Ներխուժման այս տեսակի պարագայում ինքնապաշտպանության մի մասն էլ ակնհայտորեն այն է, որ Ուկրաինան թիրախավորի ռուսական բանակի մատակարարման շղթան, քանի որ առանց վառելիքի, պարենի և զինամթերքի ռուսական բանակն աստիճանաբար կանգ կառնի և այևս չի կարողանա շարունակել իր ներխուժումը», - ասել է նա։ Ուոլեսն ասել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք է ուղարկել, որը ռուսական ուժերի դեմ կիրառվել է Ուկրաինայի տարածքում, սակայն չի ուղարկել այնպիսի զենք, որը կարող օգտագործվել հեռահար գրոհների համար։ «Ներկա պահին նրան քչունեն բրիտանական զենք, որը կարող է այդ նպատակով կիրառվել, այնպես որ, քիչ հավանական է, որ դա մեր զենքն է», - ասել է նա։   Նորա Վանյան  
15:17 - 28 ապրիլի, 2022
Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման: Դիվանագետը պարզաբանել է. «Ռուսաստանից ստացվում է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա ժամանց չէ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել է նա: Սիյյարտոն հավելել է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում: Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային: Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել է անցյալ շաբաթ, հաղորդվել է, որ «հնարավորություն է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան: «Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել է հունգարացի նախարարը: Նա նշել է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ էքսպորտ»,-նշել է նա: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված է ռուբլով չվճարելու հետ: Ապրիլի 26-ին «Գազպրոմ էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել է ապրիլի 1-ից, պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:56 - 28 ապրիլի, 2022
ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

factor.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։ Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։ Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։ ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։
13:53 - 28 ապրիլի, 2022
Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունը հաջորդել է Լեհաստանի և Բուլղարիայի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումն այդ երկրներ, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի դիմաց վճարման նոր կարգի անցնելու պահանջ է ներկայացրել իր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է»,- նշել է նա՝ մանրամասնելով․ - «Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»։
13:30 - 28 ապրիլի, 2022
Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

tert.am: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակել է «ցեղասպանություն»։ «Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի խորհրդարանի անդամների հրամանով զգալի քանակությամբ հստակ ապացույցները Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացիների դեմ իրականացված սիստեմատիկ և բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին՝... Կանադայի Համայնքների պալատն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ,- ասվում է Կանադայի Համայնքների պալատի հայտարարության մեջ: Դրանում նաև նշվում է, որ ռուսական ռազմական հանցագործությունները ներառում են զանգվածային վայրագություններ, ուկրաինացի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր, դիակների պղծում, ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսում, խոշտանգումներ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ և բռնաբարություններ:
09:42 - 28 ապրիլի, 2022