Ինֆոքոմ

Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան

Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան

Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շուրջ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է․ «Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ, որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե մի իրավիճակի, որևիցե նորմալ խաղաղության պայմանների ՀՀ-ի իշխանություններին տանում են խաղաղության  դարաշրջանի, այսինքն՝ հարաբերությունների ձևավորման և՛ Ադրբեջանի, և նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ»։ Օհանյանը ընդգծեց, որ ՀՀ նախագահը իր պարտականությունները լիարժեք չի կատարել․ «Այսպիսի բարդ իրավիճակում ենք մենք գտնվում և այս վերջին 3 տարիների դիտարկումները ՀՀ նախագահի գործունեության կամ կարելի է ասել՝ անգործունեության, թույլ են տալիս եզրակացնելու հետևյալը, որ ինքը լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել, որքան էլ տեքստի մեջ ակնկարկներ կատարի  իր նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի, ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը և ինքը ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Սահմանադրությունը պահելու, նաև ՀՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության և այլ երաշխիք հանդիսանալու համար։ Ինքն իր պարտականությունները չի կատարել»։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը կառավարության հետ համագործակցությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա․ «Գոնե, օրինակ, ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերի ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացին։ Ես նկատի ունեմ ամբողջ պարգևատրման, շքանշաններով, մեդալներով, հերոսի կոչում շնորհել և այլն և այլն։ Նաև օրենսդրական գործունեության մեջ։ Երկրորդը՝ նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, այնուամենայնիվ, որ ներքաղաքական և նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Եվ երրորդը, ես կարող եմ ասել, որ նրա հրաժարականից հետո, իհարկե, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն, և այդ ընտրություններում մեր դաշինքը («Հայաստան» դաշինքը, խմբ․) իր խոսքը կասի»։ Հարցին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունը պատրաստվո՞ւմ է նախագահի թեկնածու առաջադրել, Օհանյանն ասաց․  «Քննարկելուց հետո մենք դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություն կտանք, ես գտնում եմ, որ Հանրապետության նախագահ՝ մեր պետության գլուխ պետք է ընտրվի այն մարդը, որ մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ողջ հայ ժողովրդի հետ։ Երբ այդ գործընթացը ամբողջությամբ սկսի ընթացք ստանալ մենք կքննարկենք և դրա մասին հայտարարություն կանենք»։ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն»,-ի թիվս այլնի իր խոսքում նշել էր նախագահը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել էր, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: 
12:37 - 24 հունվարի, 2022
Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Սահմանադրությունը եւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ սահմանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, սակայն ժամանակը եւ ժամանակի ստեղծած մարտահրավերները փոխում են առաջնահերությունները, եւ նոր ակնկալիքներ են առաջանում Մարդու իրավունքների պաշտպանից։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով այդ ակնկալիքների մասին։ «44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային հարցերը ՄԻՊ-ից նոր ակնկալիքներ են ձեւավորում։ Դրանց մասին ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն արդեն խոսել է։ Հաջորդ հարցը կորոնավիրուսի համավարակն է, ի հայտ եկան ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ այդ համակարգի պաշտպանության խնդիրներ։ Եղան իրավիճակներ, երբ զանազան քաղաքական շահերից ելնելով՝ համավարակը կանխարգելելու՝ պետության վարած քաղաքականությունը խանգարելու կամ ստվերելու նպատակով սկսեցին մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո հանդես գալ վտանգավոր քարոզչությամբ՝ հակադրելով առողջության պահպանման իրավունքն այլ իրավունքների հետ, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի, կարծիքի արտահայտման ազատության, հավաքներիա զատության կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ։ Նույն խմբերի կողմից նույն վարքագծին ականատես ենք լինում հիմա, երբ ընթանում է պատվաստումային գործընթացը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նման իրավիճակում իր ակնկալիքը ոչ միայն իրավական բնույթի գնահատականներ տալն է, այլ հստակ դիրքորոշում հայտնելը, հանրությանը կողմնորոշելը, հանրային առողջությանն ու բարօրությանը նպաստելը։ «ՄԻՊ-ից իմ ակնկալիքն է նաւե, որ նա ոչ միայն բարձրաձայնի խնդիրները եւ ցույց տա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ լինի խնդիրների էության մեջ, վերլուծի այդ խնդիրները ծնող պատճառները։ Ակնկալում եմ, որ ՄԻՊ-ը չի սահմանափակվելու հայտարարություններ տարածելով, լրատվամիջոցների դեր չի ստանձնելու։ Հայտարարություն տարածելը պետք է կիրառել որպես վերջին գործիք, երբ  ՄԻՊ գործիքակազմն այլեւս սպառվել է»,- ասաց Խանդանյանը։
12:10 - 24 հունվարի, 2022
Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։  Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Սերգեյ Հովհաննիսյանը նաև նշեց, որ Արտյոմ Համբարյանի նկատմամբ կալանքը փոխարինել 5 մլն դրամ գրավով, մյուսների մասով կալանքը պահպանվեց։ Նա ասաց, որ որոշումը նոր են ստացել, դեռ չեն ծանոթացել, բայց չի կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որ կարող է տեղավորվել տրամաբանության մեջ՝ իրավական առումով․ «Ըստ էության՝ ենթադրում եմէ պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերված լինի, քանի որ հենց Դատախազության դիրքորոշումն էլ ընդհանրական էր, որևէ կոնկրետ հիմնավորում, պատճառաբանություն որևէ մեկի մասով չի ներկայացվել։ Կծանոթանանք, տեսնենք, շատ կարճ ժամկետում Վերաքննիչ բողոք կներկայացնենք»։ Փաստաբանի խոսքով՝ բոլոր պաշտպանյալները ներկա էին նիստին։
11:49 - 24 հունվարի, 2022
Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը

Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում սահմանում է արտահերթ ընտրություն։ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Ըստ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն: Ըստ 126–րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Համաձայն Սահմանադրության 144-րդ հոդվածի` նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:  
21:46 - 23 հունվարի, 2022
Դժվար է ասել՝ արդյոք Բայդենի վարչակազմը քաղաքականություն ունի Կովկասում. Յան Քելլի

Դժվար է ասել՝ արդյոք Բայդենի վարչակազմը քաղաքականություն ունի Կովկասում. Յան Քելլի

«Ինֆոքոմի» Focus on Russia հաղորդման հեղինակ, քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յան Քելլիի հետ:    -Բարի գալուստ «Ինֆոքոմ»: Focus on Russia հաղորդման նոր էպիզոդում մեր հյուրը Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յան Քելլին է, որն այժմ դասավանդում է Իլլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանում: Դեսպա՛ն Քելլի, շնորհակալություն մեզ միանալու համար: -Շնորհակալություն հրավերի համար: -Կցանկանայի մեր զրույցը սկսել Ուկրաինայի շուրջ ծավալվող ճգնաժամից: Ի՞նչ կարծիք ունեք իրավիճակի վերաբերյալ: Արդյո՞ք Բայդենի վարչակազմն ի զորու է զսպելու Ռուսաստանին, և արդյո՞ք հավաքական Արևմուտքը բավարար չափով ջանք է գործադրում՝ Ռուսաստանին ծայրահեղ գործողություններից հետ պահելու համար: -Շնորհակալություն հարցի համար, Տիգրա՛ն: Կարծում եմ, այնուամենայնիվ, ինձ համար կարևորն այն է, որ ոչ ոք չի սակարկում Ուկրաինայի ինքնիշխանությունը: ՆԱՏՕ-ին միանալն Ուկրաինայի իրավունքն է, որը պահպանվել է, և բացարձակապես խոսք էլ չի եղել այն մասին, որ կարող է սակարկվել երկրի՝ իր սեփական անվտանգային համակարգն ընտրելու իրավունքը: Սա մի բան է, որը համաձայնեցված է թե՛ Խորհրային Միության, և թե՛ Ռուսաստանի հետ 1990-ականների մի քանի փաստաթղթերում: Արդյո՞ք ամուր ճակատի կամ արժեքների վրա հիմնված ուղեղ վերահսկողության պահպանումը բավարար կլինի Պուտինին զսպելու համար՝ ես չգիտեմ: Կարծում եմ՝ մեզ համար կարևորն է այն, որ Պուտինը բանակցության որևէ առաջարկ չի էլ արել. նա պարզապես սեղանին դրել է մի բան և ասել՝ «ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք»՝ դրանով իր համար իսկ դաշտ չթողնելով մանևրելու համար: Եվ հենց այս «չեք ուզում՝ մի ուզեք» մոտեցումը Պուտինին չի թողել այլ տարբերակներ, քան պարզապես հետ քաշվել, ինչը, համոզված եմ, նրա կողմից կդիտվի որպես թուլություն: Հետևաբար, վտանգավոր, շատ մտահոգիչ օրեր ենք ապրում, հատկապես երբ Արևելյան Եվրոպայում ես: -Համաձայն եմ, կարծում եմ` հենց այդպիսի իրավիճակ է, և պատերազմի վտանգն իսկապես մեծ է: Ի՞նչ եք կարծում, Հարավային Կովկասի տարածաշրջանում ի՞նչ հնարավոր հետաևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմը: Կա՞ վտանգ, որ տարածաշրջանը կարող է դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոշտ առճակատման նոր թատերաբեմ: -Ես կարծում եմ, որ Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայություն արդեն իսկ կա: Ցավով եմ ասում, բայց սա ավելի շուտ միակողմանի մրցակցություն է` ի հեճուկս 90-ականների կամ վաղ 2000-ականների, երբ Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, շատ ավելի շատ էին ներգրավված` ամենաբարդ անվտանգային խնդրին լուծում գտնելու համար․ բնականաբար, խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին է: Վերջին տարիներին, կարծում եմ, Ռուսաստանը մի տեսակ միակողմանի մոտեցում է որդեգրել և դուրս է մղել արևմտյան երկրներին: Եվ եթե նայենք Վրաստանին, կտեսնենք, որ այնտեղ ակնհայտորեն անվտանգային իրավիճակն ավելի շուտ պատային է, եթե ոչ՝ մեկ այլ ակտիվ հակամարտություն, քանի որ մարդիկ են առևանգվում, պարբերաբար ողբերգություններ են լինում վարչական սահմանագծի երկայնքով: Բայց կարծում եմ՝ եթե ես հիմա Կովկասում լինեի, ինձ ավելի շատ կմտահոգեր այն, որ Արևմուտքը հիմա շատ ավելի է հեռացած և կենտրոնացած չէ Կովասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, և, իհարկե, նման իրավիճակում կարելի է տեսնել՝ ինչպես են տարածաշրջանի մեծ տերությունները՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը և Թուրքիան, լցնում այդ վակուումը: Ես չեմ տեսնում որևէ պատճառ՝ վախենալու մարտերի անխուսափելո բռնկումից․ փաստացի կան որոշ շատ ոգևորիչ նշաններ, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև նոր երկխոսությունը: Բայց Կովկասն ակնհայտորեն դիտվում է որպես, ինչպես իրենք են անվանում, Մոսկվայի բացառիկ հետաքրքրությունների տարածք: Եվ, նորից, շատ մտահոգիչ է տարածաշրջանում ոչ լիբերալ ուժերի, մասնավորապես՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության աճը: -Պարո՛ն դեսպան, Դուք նշեցիք, որ Ղարաբաղի համատեքստում գնալով նվազում է Արևմուտքի դերը, և մեծանում Ռուսաստանինը: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են գործընթացում շարժիչ ուժերը: Արդյո՞ք գործընթացը կապված է համաշխարհային միտումների հետ: -Որոշակի առումով, կարծում եմ՝ այո... Ես երկու անգամ դեսպան եմ եղել Օբամայի օրոք, բայց կարծում եմ, որ կար գիտակցում, որ Ռուսաստանը կարող է ավելի շատ բանի հասնել՝ բախումները դադարեցնելու և լայնածավալ պատերազմը կանխելու համար: Մի շարք առումներով բանակցային գործի միջնորդությունն արտապատվիրվել էր Ռուսաստանին,թեև ի սկզբանե այն պիտի եռակողմ լիներ՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, բայց իրականում այն միակողմանի գործընթաց էր, և դա սկսվեց նախագահ Օբամայի օրոք: Իսկ Թրամփի օրոք, իհարկե, չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ կերպ ուշադրություն է դարձվել այդ հարցին: Կարծում եմ՝ միակ հետաքրքրությունը, որ ուներ Թրամփի վարչակազմը, կողմերին զենք վաճառելն էր: Նրա՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը մեկ այց է իրականացրել, որտեղ նրա հիմնական նպատակը, կարծես թե, կողմերին համոզելն էր ամերիկյան զենք գնել: Եվ այն, ինչ մենք տեսանք անցյալ տարի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, փաստացի համանախագահ երկրների լիարժեք մարգինալացումն էր: Եվ որ ամենաշատն է ինձ մտահոգում և համեմատաբար քիչ ուշադրության է արժանանանում, խաղաղապահ ուժերն են: Կա ԵԱՀԿ գրասենյակ, և կա ըմբռնում 1994թ-ից ի վեր, որ ցանկացած խաղաղապահ առաքելություն պետք է լինի բազմակողմ և չպետք է ներառի գերտերություների՝ երկու խոշոր միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերը: Իսկ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը միակ խաղաղապահ ուժն է, և նոր բազմակողմ մեխանիզմ, որի մեջ ներառված չէ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կամ որևէ արևմտյան երկիր՝ այսպես կոչված, «3+3 ձևաչափը»: Բնականաբար, սա պատերազմող կողմերի ընտրությունն է՝ ինչպես են նրանք ուզում մոտենալ բանակցություններին, ինչպես են ուզում մոտենալ խաղաղության պահպանման կառավարմանը: Բայց վերջնական արդյունքը, ինչպես արդեն նշեցի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մարգինալացումն է: -Դեսպա՛ն Քելլի, Դուք խոսեցիք  այն մասին, թե ինչպես էր վերաբերվում հակամարտությանը Թրամփի վարչակազմը: Իսկ ո՞րն է Բայդենի վարչակազմի մոտեցումը: Կա՞ ինչ-որ քաղաքականություն, և կարո՞ղ ենք այս ուղղությամբ որևէ գործնական քայլ ակնկալել: -Անկեղծ ասած, ինձ համար դժվար է տեսնել՝ արդյոք կա որևէ քաղաքականություն: Եվ մասամբ դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ը շատ ձգձգեց բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները: Նկատի ունեմ, որ հնարավոր չէ ստանալ քաղաքականության վերաբերյալ  միջգերատեսչական կոնսենսուս, քանի դեռ չկան նշանակված և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը նշանակվել է միայն մի քանի ամիս առաջ: Բայց այնուամենայնիվ, ես չեմ տեսնում մոտ ապագայում հատուկ Հարավային Կովկասի համար մշակված ռազմավարություն: Եվ  ես սա մեծ ափսոսանքով եմ ասում, քանի որ կարծում եմ, որ մենք սովոր ենք Հարավային Կովկասին նայելու ռազմական անվտանգության տեսանկյունից, մինչդեռ ես կարծում եմ, որ այն պետք է դիտել որպես մեկ տնտեսական գոտի։ Եվ կարծում եմ, որ ԱՄՆ-ը և Եվրոպան իրապես պետք է ջանքեր գործադրեն՝ փորձելով ինտեգրել Կովկասի երկրներին ավելի շուտ Արևելք-Արևմուտք, քան Հարավ-Հյուսիս առևտրային ճանապարհի մեջ: Եվ եթե նայենք 3+3 խմբի կոնֆիգուրացիային, կարծում եմ՝ այնտեղ նպատակն ավելի շատ Հարավ-Հյուսիս առևտրային ճանապարհն է, որը կանցնի Ռուսաստանով: Հետևաբար, հույս ունեմ, որ ԱՄՆ-ը, ավելի ճիշտ՝ Վաշինգտոնը և Բրյուսելը կմշակեն մի համապարփակ ռազմավարություն՝ փորձելու ինտեգրել Կովկասի պետություններին առևտրային ճանապարհի մեջ, որը կանցնի, գուցե, Սև ծովով: -Պարո՛ն դեսպան, իմ վերջին հարցը վերաբերում է Ձեր դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ձեր համանախագահությունը համընկավ Կազանի ձախողված գագաթնաժողովից հետո՝ 2015թ., Ռուսաստանի արած առաջարկների հետ, որոնք ոչ պաշտոնապես հայտնի են նաև որպես Լավրովի պլան: Ինչպիսի՞ն էր բանակցային իրավիճակը Ձեր համանախագահության շրջանում: Արդյո՞ք կար հնարավորություն, որ հակամարտության կողմերը կարող էին այդ ժամանակ հասնել բանակցային կարգավորման: Ձեր համանախագահությունը համընկավ Կազանի ձախողված գագաթնաժողովի և 2015թ. Ռուսաստանի արած առաջարկների (որոնք ոչ պաշտոնապես հայտնի են որպես Լավրովի պլան) միջև ընկած ժամանակահատ վածի հետ:  -Կարծում եմ՝ ձգձգման համար եղել է երկու խոշոր խոչընդոտ: Առաջինը կողմերին համոզելն էր համաձայնության գալ, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների շուրջ: Իսկ Մադրիդյան սկզբունքները փորձում էին ուղիներ գտնել հայ բնակչության կողմից առաջ մղվող ինքնորոշման իրավունքի և Բաքվի կողմից առաջ մղվող տարածքային ամբողջականության սկզբունքների միջև: Եվ երկու կողմերը հրաժարվում էին նստել և խոսել, մինչև ամբողջ փաթեթը չհամաձայնեցվեր: Իսկ Մինսկի [Մադրիդյան- խմբ.] սկզբունքներում թերևս ամենաբարդ մասը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց ապագայի որոշման համար հանրաքվե անցկացնելու իրավունքի գաղափարն էր, որն այդպես էլ համաձայնություն չստացավ: Մյուս խնդիրը, որին բախվեցինք, ավելի շուտ առօրյա հարցերին էր վերաբերում. Հիմնականում Ադրբեջանը, հիմա ես կասեմ միա՛յն Ադրբեջանը, հրաժարվում էր համաձայնել վստահության և անվտանգության կառուցման՝ ցանկացած տեսակի միջոցների ներդրմանը: Ես ապշած էի, երբ առաջին անգամ գնացի շփման գիծ՝ գծի երկայնքով երկխոսության միանգամայն բացակայության պայմաններում: Եվ դա չափազանց վտանգավոր իրավիճակ էր… երբ հրամանատարները պարբերաբար հաղորդակցություն չէին ունենում չեզոք գոտու երկայնքով: Ուստի, մենք փորձում էինք հասնել որոշակի համաձայնության՝ թեժ գծեր ունենալու, պարբերական հանդիպումներ ունենալու հարցում՝ մտահոգիչ հարցերը քննարկելու համար, և փորձում էինք որպես երրորդ կողմ լուծումներ գտնել առկա տարաձայնություններին: Այն մոդելով, որ կա Մոլդովայի և Վրաստանի դեպքում.. Օրինակ, վրացիներն ունեն, այսպես կոչված, Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմներ (IPRM), որտեղ կողմերը նստում են և փորձում պարզել այնպիսի տարաձայնություններ, որոնք առաջ են գալիս տեղում, ոչ թե խոշոր քաղաքական հարցերը. օրինակ, ջրի հասանելիություն, արոտների հասանելիություն և այլն: Իսկ մենք դա չկարողացանք անել առավելապաշտական մոտեցման պատճառով.. քանի որ Բաքուն ասում էր՝ իրենք չեն ցանկանում նորմա դարձնել հակամարտությունը, հրաժարվում էր տեղում առաջացող հարցերի վերաբերյալ այնպիսի քննարկումներ ունենալ, ինչպիսին որ կային Մոլդովայում և Վրաստանում: Կարծում եմ՝ դա հիասթափեցնող էր Մինսկի խմբի բոլոր համանախագահների համար, քանի որ սառույցը չէր հալվում, և մենք գիտեինք, որ որոշակի առաջընթացի հասնելու համար այն պետք է գար վերևից՝ երկու նախագահներից: Եվ երեք համանախագահ երկրներից միայն մեկի նախագահն էր, որ ցանկանում էր դա անել, նստեցնել բոլորին սեղանի շուրջ, գլուխ-գլխի տալ, և, իհարկե, դա Վլադիմիր Պուտինն էր: Բացի այդ՝ Վաշինգտոնը գիտակցում էր, որ կարևորը առաջընթացի հասնելն է, բայց արդյունքում մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ հակամարտության կառավարման համար պատասխանատու է մի երկիր, որի շարժառիթները հետխորհրդային տարածքում այնքան էլ, այսպես ասենք, ալտրուիստական չեն: Եվ ինչպես պետքարտուղար Բլինքենն օրերս ասաց, խնդիրն այն է, որ եթե ռուսական զորքերն արդեն մուտք են գործել, նրանք հակված չեն դուրս գալու, և բնականաբար, Մոլդովան ու Վրաստանը կարող են հաստատել դա: -Դեսպա՛ն Քելլի, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: -Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ: 
19:01 - 22 հունվարի, 2022
Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ

Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ

Անցած տարվա նոյեմբերին՝ ԱԺ-ում 2022 թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հայտնել էր, որ մինչև տարեվերջ մշակելու են տիեզերական գործունեության ռազմավարություն․ «Մենք այս տարի սկսում ենք զբաղվել տիեզերական գործունեությամբ,  և այն օրենքը («Տիեզերական գործունեության մասին» օրենքը, խմբ․), որ ընդունվել է անցյալ տարի Ազգային ժողովի կողմից, այդ օրենքի պահանջներից մեկը այն էր, որ մենք պետք է մինչև տարվա վերջ ունենանք տիեզերական գործունեության ռազմավարություն»։ Infocom-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետաքրքրվել է՝ պատրա՞ստ է, արդյոք, նշյալ ռազմավարությունը։ Ըստ նախարարության՝ տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև 2022 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը. «2021 թվականին ավարտվել է ռազմավարության մշակման առաջին փուլը և ներկայում նախարարությունը լրամշակում է ռազմավարության իրագործման միջոցառումների ծրագիրը։ Մինչև 2022 թ․-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կշրջանառվի ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում և, հնարավոր փոփոխություններից հետո, համաձայն համապատասխան կարգի՝ կներկայացվի հանրային քննարկման»։ Ըստ ԲՏԱ նախարարության՝ ռազմավարության նպատակն է, հաշվի առնելով առկա կարողությունները և ոլորտի ակտիվ զարգացման ու առևտրայնացման միջազգային միտումները, ՀՀ-ում զարգացնել տիեզերական գործունեության բնագավառը, նպաստել այդ ոլորտի կրթության, գիտության, բարձր ավելացված արժեքով ապրանքների և ծառայությունների ստեղծմանը, արտահանմանը և կիրառմանը ՀՀ-ում՝ երկարաժամկետ հատվածում բարձրացնելով հանրային ծառայությունների որակը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Նանե Ավետիսյան
11:21 - 22 հունվարի, 2022
ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

Անցած տարվա փետրվարի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի առաջին գեոպարկի հիմնումը։ Infocom-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նշյալ գեոպարկի հիմնումը։  Ըստ նախարարության տրամադրած պատասխանի՝ 2020-21 թվականների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից պետական ֆինանսավորմամբ կատարվել են ապագա գեոպարկի սահմանների ճշգրտման և գեոսայթերի առանձնացման աշխատանքներ․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի ցանկին միանալու համար ՀՀ տարածքում գեոպարկերի ստեղծման պոտենցիալները և հնարավորությունները քննարկելու համար նախաձեռնել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետներ։ Խորհրդատվության և փորձի փոխանակման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերից պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագետներ ներգրավելու համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը գտնվում է մասնակից կառույցներից համապատասխան թեկնածուների ներկայացման փուլում»։ Անդրադառնալով գեոպարկի ստեղծման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո։ Գեոպարկի ստեղծման ընթացքի և մանրամասների վերաբերյալ Infocom-ը ավելի վաղ զրուցել էր  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ։    Գլխավոր լուսանկարում՝  ստեղծվելիք գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին   Նանե Ավետիսյան
10:12 - 21 հունվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 17-ի նիստում ԱԺ ամբիոնից ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակից մի հատված․ «Հարգելի՛ վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը․ որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու։ Ահա թե ինչու առաջին օրվանից ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։ Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հորդորեց գտնել այս նամակի մասին մինչև 2011 թվականի օգոստոսը հրապարակված գոնե մի հոդված՝ տպավորություն ստեղծելով, որ այն գաղտնի է պահվել․ «Սա, տիկնայք և պարոնայք, հատված է Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին գրված նամակից։ Խնդրում եմ՝ անցեք արխիվներով, բոլոր լրատվականների արխիվներով, փորձեք գտնել գոնե մի հոդված կամ հրապարակում այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Wikileaks»  կայքը հրապարակեց սա։ Ի՞նչ գիտեր այս մասին հայ հանրությունը, ու կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս նամակի մասին հանրությունն առաջին անգամ իմացել է 2011 թվականին։  «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը 2011 թ․-ին՝  «Wikileaks»-ի հրապարակումից հետո գրել էր, որ դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս»-ը հրապարակել է Քոչարյանի նամակը, որը բացառիկության կարգով գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ռոբերտ Քոչարյանի նամակը 2005 թվականի ապրիլին հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Panarmenian.net» կայքը, իսկ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հոդված է հրապարակվել, որում Ռոբերտ Քոչարյանի նամակի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս խորհրդարանի պատգամավորները։  2021 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը» հրապարակում է արել, որում ներկայացվում է Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին. այն, ըստ «Անի» կենտրոնի, հրապարակվել է «Ազգ» օրաթերում 2005 թվականի ապրիլի 27-ին։ «Ալիք» օրաթերթը նույնպես իր 2005 թվականի ապրիլի 28-ի համարում հրապարակել է Քոչարյանի նամակը։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանի արխիվից։  «Ալիք» օրաթերթի 2005 թ․-ի ապրիլի 28-ի համարը  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը սխալվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը հենց 2005 թվականին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում և հանրությունը հնարավորություն ուներ տեղեկանալու նշյալ նամակի մասին։ Նանե Ավետիսյան
15:21 - 20 հունվարի, 2022
Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը

Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը

2018 թ․-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թ․-ին,  եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ այդ պրոցեսը բավականին դժվար է ընթացել հայտնի պատճառներով․ «2019 թ․-ին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ COVID-ի համավարակը, հետո վրա հասավ պատերազմը և հետո՝ ներքաղաքական ճգնաժամ։ Մենք շատ բարդ պայմաններում 2021 թ․-ի հուլիսին որոշում կայացրինք մեկնարկել գործընթացը՝ չնայած այդ պահին գործընթացը դեռ լիարժեք մեկնարկային վիճակում չէր։ Եվ արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն, և բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք  ՀՀ ոստիկանության պետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակի ամփոփել ենք պարեկային ոստիկանության աշխատանքի միջանկյալ արդյունքները, և ես կարծում եմ, որ այդ արդյունքները արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է  տեղի ունեցել»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարեկային ոստիկանության աշխատանքը համեմատել են Ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ՝ համեմատելով, թե աշխատանքի արդյունավետության և իրավախախտումներ արձանագրման գծով ինչ արդյունքներ կան․ «Մասնավորապես, օրինակ,  տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ, նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այսպիսի 565 արձանագրություն է պաշտոնապես կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239%-ով, հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ․ նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից նույն ժամանակահատվածում 953 արձանագրություն, Պարեկային ոստիկանության կողմից 3435, աճը 3.5 անգամ կամ 260%-ով, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել Պարեկային ոստիկանության կողմից՝ 15, աճը 7 անգամ կամ 650%-ով»։ Առանց վարորդական վկայականի համար նախկին նույն ժամանակահատվածում արձանագրվել է 924 դեպ, Պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք․ «Երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ․ նախկինում 1839 արձանագրված դեպք, Պարեկային ոստիկանության կողմից 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370%, մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար, նախկինում 60 դեպք է արձանագրվել, նույն ժամանակահատվածում Պարեկային ոստիկանության կողմից 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851%-ով։ Պարտադիր ապահովագրական պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, նախկինում 614 այդպիսի արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից 5476, աճը՝ 9 անգամ, կամ 791%-ով։ Թաղանթապատ հողմապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում ՝ 627, ներկայումս 3085, աճը՝ 5 անգամ, կամ 392%-ով»։ Փաշինյանն ճանապարհային երթևեկության հետ կապված ևս մի ցուցանիշ կարևորեց․ «Առանց ամրագոտի երթևեկելու համար նախկինում նույն ժամանակահատվածում 504 արձանագրություն է կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69%: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը տվյալ դեպքում, Ճանապարհային ոստիկանությունն էլ, ի դեպ, ոչ միայն զուտ երթևեկության կանոնների հետևելու գործառույթ ունի, այլև նաև ընդհանուր իրավակարգի պահպանման հետ կապված։ Օրինակ, հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով, վարչական իրավախախտում կատարելու համար այլ երթևեկության կանոնների հետ չկապված վարչական իրավախախտումներ՝ նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն»։ Վարչապետի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, Պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ․ «Հաջորդ փաստը, որի մասին ուզում եմ նշել, ոչ սահմանված հետիոտնի անցնելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 0, նախորդ տարի կազմվել է 3267 արձանագրություն»։ Փաշինյանը նաև ասաց, որ այս դրական արձագանքը այն մասին չէ, որ քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել,  այլ դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։
12:02 - 20 հունվարի, 2022
Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից։ Այս առիթով մշակվել էր «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:Համանման կարգավորում է նախատեսում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից: Արդարադատության նախարարությունը նշել է, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության հանգամանքով:Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: Ըստ նախարարության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինները:«Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով և գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:  Նախարարությունը վերանայվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների (վերաբերում են ընտրական հանցագործություններին,-խմբ․) քննության ենթակայության հարցը․ ներկայում նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում ևս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց է դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը ևս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին»,- առաջարկել է նախարարությունը: Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:
11:46 - 20 հունվարի, 2022
Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։ «Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։ Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։ Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։  Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։ «Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։ Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»:  Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։ «Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։ Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։ Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։ Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4)։ Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։ Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։ Աննա Սահակյան
11:28 - 20 հունվարի, 2022
Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։ Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։ Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։ «Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։
18:27 - 19 հունվարի, 2022
2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառաողների անհետացման մասին․ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թ․-ի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտանաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում է նաև Մկրտչյանի մոր դիմումները ուղղված Պաշտպանության նախարարությանը»։ Աբրահամյանը նշեց նաև, որ 2021 թ․-ի նոյեմբերին նաև պայմանագրային զինծառայող է անհետացել․ «Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա, կոնկրետ անձի անուն ազգանունը կա, ուղղակի ընտանիքի հետ կապ դեռ չեմ հաստատել, դրա համար անուն ազգանունը չեմ հնչեցնում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, մեր զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալը արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ Եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ վերջերս դրա մասին խոսել է նաև նրա փաստաբանը, ապա երկրորդ դեպքում նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։  Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, ձեռնարկվե՞լ են բոլոր հնարավոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն էլ արձագանքեց, որ չի կարող նոր տեղեկություններ հաղորդել․ «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ կարող եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան»։ Այնուհետև Աբրահամյանը զինված ուժերի վերաբերյալ այլ հարցեր ուղղեց Պապիկյանին․ «Քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021 թվականի  ընթացքում, Ձեր գերատեսչությունը ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեք պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով եք աշխատում՝ կանխելու կամ էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը»։ «Ինչպես հասկացա հարցերը հնչում են՝ հետո գրավոր արձագանք ստանալու համար, որովհետև դուք ցուցանիշների մասին եք խոսում։ Ես հիմա պատրաստ չեմ ձեզ ներկայացնել ցուցանիշներ։ Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ՝ դուք խոսեցիք մի շրջանի մասին, որը իմ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց, իհարկե, նաև իմ պատասխանատվության տիրույթում է,ես հետամուտ եմ, որպեսզի յուրաքանչյուրի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ, այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ, այսինքն՝ ես այս ամբիոնից չեմ կարող անել հայտարարություններ կամ բերել որևէ պնդում, որը դեռևս հաստատված չի։ Հարցից չեմ խուսափում, պարզապես չկա հստակ պատասխան, այս ամբիոնից որևէ բան ասել չեմ կարող»,-նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով վերլուծության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ վերլուծություն կա․ «Ավելին ասեմ՝ այդ վերլուծությունը դեռևս իմ կողմից հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում, բայց սա այնպիսի աշխատանք է, որը պետք է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում վերհանել»։ Պապիկյանի խոսքով՝ պատճառահետևանքային պրոբլեմները շատ են․ «Սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում՝ նաև հակառակորդի սեփականությունը։ Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս հետևողականորեն ցուցաբերել զգուշավորություն, որովհետև ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց և իհարկե հետևանք ունենալ բոլորիս համար ու երկրի համար»։
18:06 - 19 հունվարի, 2022
Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

«Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արեգնազ Մանուկյանն ԱԺ դահլիճում դարձյալ հիշեցրեց, որ Քերոբյանն ասել էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Մանուկյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարարին, հետաքրքրվեց՝ երբ է նա պատրաստվում հրաժարական տալ։ Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքն է Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը։ Այսօր՝ Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։ Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։  Քերոբյանն էլ, արձագանքելով, ասել էր, որ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։
17:52 - 19 հունվարի, 2022
Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք (համանախագահները) չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ՀՀ արտաքին գերատեսչությունը պատրաստվում արձագանքել այս հայտարարությանը։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշմամբ, ինչը, նրա կարծիքով, խանգարում է եղած խնդիրների՝ կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու ընդունելի լուծումներ գտնելուն․ «Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, եւ ոչ ԼՂ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ բոլորովին համաձայն չէ եւ իրականությունն էլ էդպիսին չէ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հերթական ապացույցն անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովում բազմաթիվ երկրների հնչեցրած դիրքորոշումներն են, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում․ «Սա միակ ձեւաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց ԱԳ նախարարը։ Նա նշեց, որ այս պահին ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության ֆորմատում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ, բայց այս պահին նախատեսված է ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։
16:54 - 19 հունվարի, 2022
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․ «Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
16:52 - 19 հունվարի, 2022