ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ-ն դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենը

ԲԴԽ-ն դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենը

Բարձրագույն դատական խորհրդում մարտի 25-ին ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
17:36 - 26 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|

Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավունքի ուժով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), այս մասին ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Իր անհանգստությունը ԲԴԽ-ին ներկայացրած դատավորն անցած շաբաթ քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի միջանկյալ որոշում էր կայացրել, որից բխում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ Գասպարյանն է: Վարդազարյանն ասաց, որ իրենք անհանգստանալու հիմք և ռեալ սպառնալիքներ չեն տեսել։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ ազդակներ են եղել անհանգստանալու համար, Վարդազարյանը չմեկնաբանեց։ Վերջերս էլ մամուլը գրել էր, որ ԱԱԾ-ն այցելել է դատավորին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ, բայց, ինչպես դատավորն էր փոխանցել, ԲԴԽ դիմելուց հետո այցը ընդհատվել էր։ Նշենք՝ Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։ Օրերս հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի դիմումը քննելով՝ վարչական դատարանը որոշել է բավարարել նրա միջնորդությունը, որով Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել են մինչև այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Ի պատասխան՝ կառավարությունը պարզաբանեց՝ «Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։ Արտակ Դավթյանը մարտի 22-ին իրավունքի ուժով դարձավ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ։
13:29 - 26 մարտի, 2021
Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

1lurer.am: Նրանցից որևէ մեկի ընտրությունն այս պարագայում կհամարենք միանշանակ դրական՝ անկախ նրանից, թե ով կընտրվի, որովհետև երկուսն էլ բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են ու մեծ հարգանք են վայելում իրավական համայնքում՝ ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքների համար, այլև մարդկային որակների: Այդ մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրության քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:              «Ցավոք, ՀՀ-ում մենք կադրային մեծ բազա չունենք իրավաբանության բնագավառում և նաև մնացած բնագավառներում: Երբ գտնում ենք լավ կադրեր, արհեստավարժ մասնագետներ, նրանց պետք է բռնենք, համոզենք, բերենք պետական ապարատ՝ մասնավորապես նաև դատական իշխանություն: Չպետք է թույլ տանք, որ լավ կադրերը հիասթափվեն պետական ապարատից և գնան մասնավոր ոլորտ: Պետական մտածողություն է պետք բոլորիս»,- ասաց Սիմոնյանը:
11:56 - 24 մարտի, 2021
ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|

ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ- գաղտնի քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ քվեարկությունը կավարտվի 12:30-ին: Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: Նախորդ քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը նույնպես  քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը,  սակայն քննարկման ավարտին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը չի ընտրելու թեկնածուի և այդպիսով իր դիրքորոշումն է արտահայտելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության և հայտարարությունների նկատմամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կայանալու է այս քառօրյայի ընթացքում:
11:51 - 24 մարտի, 2021
Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|

Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի նախորդ ընտրությանը, որի ժամանակ «Իմ քայլը» որոշեց չմասնակցել քվեարկությանը: Հայկյանցը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը սկսում է դատավորներին ներկայացնող իրավասու անձի ելույթով: «Ի՞նչ նպատակ է հետապնդում օրենսդիրն այս ընթացակարգային քայլը նախատեսելով: Ո՞վ է այն իրավասու անձը, ո՞վ պետք է ներկայացնի դատավորներին: Բնականաբար, դա այն անձն է, ով ի պաշտոնե շատ լավ է ճանաչում դատավորներին, դատավորների թեկնածուներին և իր ելույթով, հետագայում նաև հարցուպատասխանի ընթացքում պետք է օգնի պատգամավորներին՝ առավել ճանաչելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին և այդքանով կատարելու առավել ճիշտ ընտրություն՝ ելնելով արժանավորության սկզբունքից: Եվ որևէ այլ դերային գործառույթ, քան դատավորի թեկնածուներին ներկայացնելը և նրանց վերաբերյալ ճանաչողության սահմանների ընդլայնումը, ներկայացնելու իրավասություն ունեցող անձն ուղղակի չուներ»,- նշեց Հայկյանցը: Առաջին փուլում ներկայացումից հետո առաջադրված հարցերի շրջանակը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մենք, ըստ էության, դուրս եկանք այդ ընթացակարգային կարգավորումից, այն ուղեծրից, որը նախատեսում էր օրենսդիրը՝ նշեց Հայկյանցը: «Ուղեծիրն ընդամենը մեկն էր. թեկնածուներին ներկայացնող իրավասու անձը ընդամենը պետք է կատարեր նման գործառույթ: Ես չեմ ժխտում, որ բարձրացված հարցերը կարևոր չեն պետության համար, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենսդրորեն նախատեսված ընթացակարգի շրջանակում: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգ նման կարևորության հարցերի համար նախատեսված չէր»,- նշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն:
11:39 - 24 մարտի, 2021
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը

 |armenpress.am|

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:  ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար: Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Նախագծից դուրս է եկել դատական սանկցիաների հետ կապված հատվածը: Մի շարք կանոնակարգումներ ևս հանվել են նախագծից: Վարդանյանն անդրադարձավ նաև բավականին մեծ քննարկում առաջացրած կանոնակարգմանը, որը վերաբերում էր մեկ դատավորից գործեր վերցնելուն և մյուսին հանձնելուն: «ԲԴԽ-ն ունի լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը: Դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված ընթացակարգեր: Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության այն գործեր, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են վերաբաշխվել ԲԴԽ-ի սահմանած կարգով»,-ասաց պատգամավորը: Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ հնչեցված քննադատությունների մեծ մասը փոփոխություններով փարատվել է:  Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ստացավ 81 կողմ, 15 դեմ ձայներ: ԼՀԿ-ն առաջին ընթերցմամբ քննարկմանը կտրականապես դեմ էր արտահայտվել նախագծին:
20:58 - 19 մարտի, 2021
ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ընդդիմությունը դեմ էր |tert.am|

ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ընդդիմությունը դեմ էր |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1:Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
13:27 - 19 մարտի, 2021
Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը․ Արեն Մկրտչյան |armtimes.com|

Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը․ Արեն Մկրտչյան |armtimes.com|

armtimes.com: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի երեկվա պատասխաններին: «Բարձրագուն դատական խորհրդի նախագահը ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի 132 պատգամավորի ասում է՝ մի շփոթեք, սա Գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ: Պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք Բարձրագույն դատական խորհրդի նիստի չեք, ձեզ կոռեկտ պահեք: Ի տարբերություն շատերի մեզ արյունոտ ձեռքերով բորենիեր չեն նշանակել պաշտոնի, ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում»: Մեջբերելով Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, Մկրտչյանն ասաց. «Այս հայտարարությունն ու նոյեմբերի 15-ը կարող ենք հռչակել Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենֆիսի օր և այն ընդգրկել տոների և հիշատակի օրերի ցանկում, քանի որ նոյեմբերի 15-ին հուղարկավորվեցին որոշների՝ երկիրը 20 տարի հետ շպրտելու բաղձալի երազանքները»: Մկրտչյանն ասաց՝ մարդակերներին չեն կալանավորել, բայց իրենց պատրաստ են կալանավորել: «Կալանավորելու եք հինգ րոպեում, առանց ձեռքը դողալու, որովհետ ձեզնից որոշների տերերը մեզ չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ արդեն երեք տարի դասավորված են պատմության փոշոտ դարակներում: 2018-ը մեզ չեն ներելու որոշ դատավորներ, որոնք 2018 ապրիլ-մայիսին շտապօգնության մեքենաների տակ պաղկված գնում էին գործի, գալիս էին տուն»: Պատգամավորն ասաց՝ իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը: «Վստահ եմ, որ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ մյուս դատական մարմիններում կան հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Ռուբեն Վարդազարյան, դուք արատավոր անցյալի ուրվականն եք ներկայում: Նոյեմբերի 15-ի ձեր մարտակոչը մարտակոչ էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դուք պատերազմ եք հայտարարել ՀՀ քաղաքացիներին: ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին.«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
14:17 - 04 մարտի, 2021
Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|

Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի հայտարարություններին, ըստ նրա՝ «ստերին»:  «Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում՝ սուտ համար մեկ, և նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու՝ սուտ համար երկու: Պետք է վստահեցնեմ, որ նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ մանյովրների, ճարպկությունների, խարդավանքների, և երկրորդ՝ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Հիմա, որպեսզի խոսքերս ծածկադմփոց չլինեն ու հիմնավոր հնչեն, կրկին այդ «լեգենդար» հայտարարությունից մեջբերումներ պետք է անեմ»,- ասաց պատգամավորը: Հայրապետյանը ընթերցեց Վարդազարյանի հայտարարությունից հատվածներ ու մեկնաբանեց: «Իր հայտարարությունը մի քանի շերտեր ունի իրականում: Առաջին շերտը ուղերձ է իր սեփական դատավորներին և ջարդարարներին: Երկրորդ հատվածը անարգանք է ծայրից ծայր արժանապատիվ դատավորների նկատմամբ և դատական համակարգի, այդ ինստիտուտի նկատմամբ: Երրորդ շերտը՝ վրեժ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ռևանշիզմ, ըստ էության, իր ողջ հմայքով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ հայտարարությանը հաջորդեցին նաև գործողություններ: Հայրապետյանն ասաց, թե ինչու հենց նոյեմբերի 15-ին եղավ այդ հայտարարությունը, քանի որ, պատգամավորի խոսքով, նոյեմբերի 13-16-ն այն օրերն էին, երբ դատարաններում քննվում էին ԱԺ և Կառավարություն մտած, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրած մարդկանց գործերը: «Այն, ինչ մեր գործընկերոջ նկատմամբ տեղի է ունեցել, սրա արմատներն այս հայտարարությունն է և ոչ միայն: Պետք է հստակ արձանագրենք՝ այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի սրա համար, մենք կլինենք իշխանության, թե ոչ, շուտ թե ուշ, միևնույն է, ճշմարտությունը և արդարությունը հաղթանակելու են»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ Վարդազարյանի հայտարարությունը ոտքից գլուխ քաղաքական հայտարարություն է, որին պետք է  գնահատական տրվի: Պատգամավորի խոսքով՝ եթե ԲԴԽ գործող նախագահը վստահ լիներ, որ երեկ հրավիրվելու է ԱԺ՝ պատասխանելու նաև մեր հարցերին, 100 տոկոսով երաշխավորում եմ՝ այդ հայտարարությունը չէր լինելու: Ըստ Հայրապետյանի՝ Վարդազարյանը մեղք չունի, նրան վստահեցնում էին ինչ-որ տեղից, որ ինքն էլ պետք է իր քայլն անի:  Հայրապետյանը շեշտեց՝ Ռուբեն Վարդազարյանին չհաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել, այլ հիմնականում ձևավորեց պետությանը և ժողովրդին ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, երբեմն դրսևորող դատական համակարգ:  ԱԺ պատգամավորը նշեց՝ Վարդազարյանին համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոչ է անում համապատասխան դիրքավորվել:
14:04 - 04 մարտի, 2021
«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

Նախ ուզում եմ նշել, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և ոչ էլ կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրանց ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ցանկանում է հանրությանը ներկայացնել իրողությունը, որպեսզի զերծ մնան ապատեղեկատվություններից։  Խոսելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին՝ Մակունցը շեշտեց, որ թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ-ն, և դա է պատճառը, որ այս օրերին նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը։ Խմբակցության ղեկավարն իր ելույթում ասաց․ «Ինչպես ակնհայտ էր երեք օրերի նիստերից, «Իմ քայլը» խմբակցությունը ավելի շատ կենտրոնացել էր՝ հասկանալի ու ընկալելի դարձնելու հանրության և մեզ համար 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարությունը։ Ցավոք սրտի, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները առ այն, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ Ուզում եմ հիշեցնել, որ հարցերին արձագանքի ժամանակ պարոն Վարդազարյանը ինքը նշեց, որ այն հանպատրաստից չի եղել»։ Մակունցն իր խոսքում նաև նշեց, որ, լինելով մի մարմին անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանը իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանության երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը։ ««Իմ քայլը» խմբակցությունը խորը ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը նաև գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին, և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին»,- ասաց պատգամավորը։ Որպես ամփոփում Մակունցը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։ «Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով, հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանի։ Այ էստեղ ենք հասել տիկնայք և պարոնայք»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ 
13:59 - 04 մարտի, 2021
Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ԲԴԽ նախագահ |168.am|

Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ԲԴԽ նախագահ |168.am|

168.am: Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հետ ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ – Երկու օր Ազգային ժողովում էիք: Առիթը գիտենք, քննարկումներն էլ ուղիղ հեռարձակվում էին, և այն, ինչ տեսանք երեկ, խորհրդարանական երկրին ոչ վայել տեսարան էր: Ինչպիսի՞ն են այսօր Ձեր տպավորությունները պատգամավորների հետ երկու օր տևած, թույլ տվեք ասել, անհավասար, այսպես ասած՝ բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ առճակատումից հետո: – Իսկապես ծանր ժամեր էին, այո, ունեցա նաև նման զգացողություններ, որ իմ կյանքի ամենադժվար ու ծանրաբեռնված օրերն էին, սակայն երեկոյան տանը, կարծես թե, միայն ֆիզիկական հոգնածություն ունեի: – Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք: – Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: – Ի՞նչ գործի կապակցությամբ: – Տեղյակ չեմ: Ինչպես ասացի, այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին: Շարունակությունը՝  168.am-ում
13:14 - 04 մարտի, 2021
Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով խորհրդարան եկած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց, թե շատ հեշտ է ասել՝ «եթե մեղավոր եմ, ապա կպատժվեմ»։ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 15-ի իր կոչով Վարդազարյանը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը, և որ դա սովորական հայտարարություն չի եղել:  «Եթե փաստերը համադրենք իրար հետևից՝ պատերազմական գործողություններ էին,  պատերազմի ընթացքում կոչեր՝ իշխանությունը գրավելու, հետո նոյեմբերի 9-10, հետո ձեր հայտարարությունը, հիմա էլ ԳՇ որոշ հրամանատարների հայտարարությունը։  Հիմա ամեն մեկը ասի դա իմ սրտից բխող հայտարարությո՞ւն է, այդպես չի լինի։ Ես համոզված եմ, որ եթե ձեզ մնար, դուք այդ հայտարարությունը չէիք անի կամ գոնե կբաշխեիք այդ ռիսկերը ԲԴԽ մյուս անդամների հետ»,- հավելեց պատգամավորը։  «Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից, ավելին՝ ոչ ոք չի կասկածում, որ դատական համակարգում կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ դատավորներ, սակայն քաղաքական նման իրողությունների մեջ ներքաշվող համակարգին հասարակությունը անվստահություն է հայտնում, քանի որ սպանության, բռնության կոչեր անող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ»,- հավելեց Քոչարյանը: Վերջինս ԲԴԽ նախագահին հարցրեց, թե արդյոք պահպանվե՞լ են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ, որովհետև, Քոչարյանի խոսքով, նման հայտարարություններից հետո արտախորհրդարանական ուժերը ոգևորվում են։  Վարդազարյանը պատասխանեց, որ համաձայն չէ Քոչարյանի այն դիտարկման հետ, թե իր կոչով վնասել է երկրի ներքին կայունությանը և անվտանգությանը։  «Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը՝ այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը: Վարդազարյանը ասաց, որ իր գործունեության տարբեր փուլերում գործնական տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Վանեցյանի հետ։ Վարդազարյանի խոսքով ընկերական հարաբերությունները օգնել են, որ գործը առաջ գնա, այդ հարաբերություններն ունեցել են իրենց ազդեցությունը։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանը չի ունեցել,  չունի և չի էլ կարող ունենալ ազդեցություն ինձ վրա։ Եթե ես զգամ, որ ինձ վրա կա ճնշում որևէ ուժի կողմից, ապա ես խոստանում եմ՝ և՛ օրենքի պահանջը կկատարեմ, և՛ համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին, և՛ կդիմեմ ԲԴԽ-ին։ Տեղյակ կպահեմ, որ ինձ վրա կա ճնշում կամ փորձում են ազեցություն կիրառել»,- հավելեց ԲԴԽ նախագահը։  Արձագանքելով պատասխանին՝ Անդրանիկ Քոչարյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց հեռու պահել դատական համակարգից բոլոր ազդեցությունները, որոնք կվնասեն մեր երկրի կայունությանը։ Վարդազարյանը հավելեց, որ կհետևի պատգամավորի կոչին և ամեն ինչ կանի, որպեսզի դատական համակարգը հեռու պահի քաղաքական որևէ ազդեցությունից։ 
17:05 - 03 մարտի, 2021
Վճռբակեն դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ ԲԴԽ նախագահի՝ դատավորներին ուղղված հայտարարությանը |armenpress.am|

Վճռբակեն դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ ԲԴԽ նախագահի՝ դատավորներին ուղղված հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ավելի վաղ արած հայտարարության նկատմամբ արձագանք ցույց են տվել՝ հայտարարության հեղինակ չդառնալով: Հայկյանցն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2020-ի նոյեմբերի 15-ին արած հայտարարությունը, արդյոք դա համարու՞մ է քաղաքական հայտարարություն: Հայկյանցը նկատեց՝ ինքը պիտի պատասխանի ոչ միայն որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, այլ նաև անձ, որը այդ հայտարարության պահին եղել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամները տեղյակ եղե՞լ են ԲԴԽ նախագահի հայտարարության մասին՝ նա ասաց. «Ուզում եմ հատուկ ճշգրտել, որ հայտարարությունը չի եղել ԲԴԽ-ի անունից, դա եղել է ԲԴԽ նախագահի հայտարարությունը»,- ասաց թեկնածուն ու հավելեց՝ անգամ ԲԴԽ նախագահն է նշել, որ անդամները տեղյակ չեն եղել դրա մասին: Անդրադառնալով մտահոգությանը, թե ինչու ԲԴԽ անդամները չեն արձագանքել՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ արձագանք եղել է: Պարտադիր չէ, որ արձագանքը դսրևորվի հայտարարությամբ: Դիրքորոշումը կարելի է արտահայտել տարբեր ձևաչափերով: Այն հանգամանքը, որ պարոն Վարդազարյանն այդ հարցը չի էլ քննարկել ԲԴԽ-ի իր գործընկերների հետ, նշանակում է, որ նա, տեղյակ լինելով մեր դիրքորոշմանը, հարգել է մեր դիրքորոշումը և հարցը չի բարձրացրել ընդհանուր քննարկման: Դա էլ, բնականաբար, առաջ է բերում մեր փոխադարձ հարգանքը՝ ընդունելու մեր գործընկերոջ դիրքորոշումը: Այսինքն՝ ԲԴԽ անդամների արձագանք եղել է. այն, որ իրենք այդ հայտարարության հեղինակը չեն, դա արդեն իսկ ցույց է տալիս, որ եղել է արձագանք»,- ասաց թեկնածուն: Բաբաջանանը հարցրեց՝ ուստի կարելի՞ է եզրակացնել, որ համաձայն չի եղել ԲԴԽ նախագահի հայտարարության հետ: Թեկնածուն արձագանքեց՝ քննարկելով իր համաձայնության կaմ ոչ համաձայնության հարցը` ինքը կհատի այն սահմանը, որը կոչվում է դատավորի չեզոքություն և զսպվածություն:
15:39 - 03 մարտի, 2021
Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք, թե ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի Ձեր հայտարարությամբ։ Մեկ էլ ասեմ, որ եկել եք «սատանի մայլեն քյանդրբազություն եք անում», այդ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ձեզ հարց ուղղելուց առաջ, ուզում եմ դիմել իշխանական ֆրակցիային՝ այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ոչ թե այս մարդու դատական համակարգի վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»,- հավելեց նա։ Իր ելույթում Բաբաջանյանը հեռախոսով միացրեց նաև նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ի հրապարակած ձանագրությունը, որտեղ ազատամարտիկ Աշոտ Մինասյանը և ԱԺ նախկին պատգամավոր, Նախկին գումարման ԱԺ «Հայաստանի Հանրապետական» խմբակցություն անդամ Վահրամ Բաղդասարյանը քննարկում էին մի շարք գործողություններ՝ մասնավորապես գործող վարչապետին կյանքից զրկելու վերաբերյալ։ Բաբաջանյանը մասնավորեպս նշեց․ «Դուք ասացիք, որ եկել եք Ձեր գործընկերներին ներկայացնելու, բայց ես առաջարկում եմ լսել Ձեր իրական ընկերների խոսակցությունը։ Սա Ձեր ընկերների, նախկին պաշտոնյանների խոսակցությունն է, ես ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության վրա և այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ խոսակցությունը՝ նոյեմբերի 14, պարո՛ն Վարդազարյան։ Այդ մարտակոչը, որն արել եք նոյեմբերի 15-ին ուղղակի կապ ունի այս մտադրության և այս՝ Ձեր ընկերական շրջանակի հետ։ Ի դեպ, Դուք այստեղ  խոսում եք, արտահայտում եք Ձեր վերաբերմունքը Բաղրամայան պողոտայում հնչող բռնությունների վերաբերյալ։ Ձեր տղան Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից մեկն է, այնպես որ դրա մասին էլ եմ ուզում խոսեք, բայց նաև ուզում եմ պատասխանեք՝ որ այդպես մխրճվել եք դատական համակարգ և կարողացել եք բարեկեցիկ կյանք ապահովել Ձեզ համար, հարց է առաջանում՝ կա՞ գոնե այնպիսի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, հետո կենտրոնի դատարանի նախագահ և կարող եք համարել, որ Ձեր գործունեությւոնը և կյանքը միայն հանուն ՁԵզ չի անցել։ Մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում՝ Հայաստանի Հանրապետության իրավունքի զարգացման մեջ»։  Վարդազարյանը, արձագանքելով Բաբաջանյանի հարցերին, պատասխանեց, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կտը, դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի առաջին մաս 3-րդ կետը, դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը իրեն զսպում են, որ ԲԴԽ նախագահը  չպատասխանեի պատգամավորին իր բառապաշարով և բառամթերքով։ «Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք այստեղից գնալուց հետո, ես դիմելու եմ ԱԺ խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, այժմ կարգավորումները չեմ հիշում և խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար։ Չեմ պատասխանի Ձեր մյուս հարցերին՝ նույն պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է իմ որդուն, որը որ, Ձեր պնդմամբ, Բաղրամյան փողոցի ակտիվիստներից է, ապա տեղեկացնեմ Ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ պառկել է հիվանդ, մի շաբաթ առաջ վիրահատվել է և այժմ էլ հետվիրահատական բուժում է ստանում՝ տանը պառկած»,- հավելեց Վարդազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Բաբաջանյանի պնդումները  քայլ են փորձել վիրավորել, գոտկատեղից հարվածել և ԲԴԽ նախագահի  ընտանիքի անդամներին ներքաշել այս զրույցին, այս հարցադրմանը։ Վարդազարյանի կարծիքով նման վարքագիծը հարիր չէ ԱԺ պատգամավորին։ Վարդազարյանը խոսք տվեց, որ այն պահին, երբ այլևս չի լինի դատավոր, ավելի խիստ կպատասխանի Բաբաջանյանին։  Արձագանքելով ԲԴԽ նախագահին՝ Բաբաջանյանը նշեց, որ կցանկանար՝ ԲԴԽ նախագահը կոռեկտության սահմաններում մնար նաև նոյեմբերի 15-ին, երբ նման մարտակոչ էր  հղում համակարգին և քաղաքկան ուժերին, ովքեր պատրաստվում էին երկրում ծանրագույն հանցագործություն գործել։ Բաբաջանյանը ևս մեկ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին․ «Ես քանի որ նաև ինչ-որ իմաստով հետապնդում եմ Ձեզ, գիտեմ, թե ում հետ եք հանդիպում։ ԲԴԽ-ում սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված գործընթացը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումի համաձայն։ Այդ դիմումը ներկայացնելուց օրեր առաջ Կարինե Պետրոսյանի հետ հանդիպել եք «Տիցիանո» սրճարանում և սուրճ եք խմել , կարե՞լի է իմանալ՝ այդ հանդիպման բովանդակությունը որևէ կերպ առնչվե՞լ է Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված վարույթի հետ»։  Վարդազարյանը տեղեկացրեց, որ ունի ընտանեկան, ընկերական հարաբերություններ ունի Կարինե Պետորսյանի հետ, և երբ ԲԴԽ-ում ասկսել է քննվել Կարինե Պետրոսյանի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթը, ԲԴԽ նախագահը ինքնաբացարկ է հայտնել։  «Թե ինչ ենք խոսել իր հետ սրճարանում, բացառապես իմ և տիկին Պետրոսյանի խնդիրն է։ Ես ինքնաբացարկ եմ հայտնել, նրա վերաբերյալ որևէ վարույթի չեմ մասնակցել և չեմ մասնակցելու»,- եզրափակեց Վարդազարյանը ։
14:03 - 03 մարտի, 2021