Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է տիկին Ահլամ ԱլՍալամիին, ապա կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության համար, ապա կողմերը զրուցել են համատեղ ծրագրերի իրականացման և նոր ծրագրերի նախադրյալների առկայության մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:Նախարարն անդրադարձավ վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդգծեց անհրաժեշտությունը՝ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները։ Կողմերն առանձնահատուկ ուշադրության արժանացրին պահպանվող տարածքների կառավարման և ընդլայնման, ինչպես նաև վտանգված տեսակների պահպանության և վերաբնակեցման ոլորտում համատեղ գործողություններին: Վերոնշյալ ոլորտում համագործակցությունը կարևորվում է՝ հաշվի առնելով ԱՄԷ առաջադեմ և հաջողված փորձը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության աշխարհի 25 «թեժ կետերից» մեկը՝ շնորհիվ մեր երկրի հարուստ բուսական և կենդանական աշխարհների։Այս համատեքստում նախարար Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։ Անդրադառնալով «Արաբական այծքաղ (օրիքս) դիվանագիտություն» նախաձեռնությանը՝ կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի կայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի չշրջանցեցին նաև անտառային քաղաքականության մշակման և իրագործման ոլորտում համագործակցության հեռանկարների ընդլայնման հնարավորությունները։ ԱՄԷ գործընկերները հայկական կողմին առաջարկ էին ուղղել Հայաստանում իրականացնել «Ղաֆ» ծառի տնկման լայնածավալ ծրագիր։ Հիշեցնենք, որ այդ ծառատեսակն աշխարհում հռչակվել է որպես հանդուրժողականության խորհրդանիշ։ Նախարար Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական շրջանակների հետ քննարկումներից հետո իրականություն դարձնել ծառատեսակի միջոցով մեր երկրում անտառածածկ նոր հատվածների հիմնելու նախաձեռնությանն ու նշել, որ նման համագործակցությունը յուրօրինակ խթան կհանդիսանան երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման համար։ ➡️Թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում նախարար Պետրոսյանը, մասնավորապես անդրադարձավ թափոնների վերամշակմանն ուղղված հզորությունների և կարողությունների ստեղծման ու կայացման գործում ԱՄԷ հարուստ փորձի և ներդրումային հնարավորությունների խնդրին։Նա ներկայացրեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկելու նաև վերոնշյալ ծրագրի շրջանակնրում համագործացկության հնարավորությունը։Նախարար Պետրոսյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ: Հանդիպումն անցավ ջերմ և գործընկերային մթնոլորտում։
14:38 - 18 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։ Նախ անդրադարձանք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։ Շրջակա միջավայրի նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2000 թվականին: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում՝ նպաստելով Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին և բարձրացնելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։ Բնապահպանական գերատեսչության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության համագործակցության արդյունքում 2000թ.-ից սկսած ջրերի կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրերի իրականացման շրջանակներում։ Դեսպան Թրեյսիի հետ քննարկեցինք նաև 2015թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Կողմերն անդրադարձանք նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի ներդրմանը, որը կապահովի գլոբալ առևտրի գործընթացի դյուրինացում և անօրինական առևտրի կանխում՝ հատկապես Կոնվենցիայի կողմ հանդիսացող զարգացող երկրների համար, թույլ կտա կրճատել թույլտվությունների տրամադրման ժամանակահատվածը և կկրճատի ծախսվող ռեսուրսների քանակը, կբարելավի ծառայությունների մատուցման որակ և կկատարելագործի լիազոր մարմինների հսկողական գործառույթները, փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումը։ Իմ գոհունակությունն հայտնեցի համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և առանձնահատուկ շեշտեցի, որ միջազգային համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության գործունեության առաջնային ուղղություններից է, և նախարարությունը պատրաստ է հետայսու ևս սերտ և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ նախագծերի իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին»։
17:12 - 16 սեպտեմբերի, 2020
«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում. Ռոմանոս Պետրոսյան

«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ընդունեցի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։ Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը մեկ տասնյակ տարվա պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։ Կառույցի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին պահպանել վտանգված տեսակները, վերականգնել էկոհամակարգերը, իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, ներդնել տնտեսական մեխանիզմներ՝ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով, այդպիսով խթանել բնական պաշարների կայուն օգտագործմանն ու պաշտպանել կենսաբազմազանությունը։ Պարոն Մանվելյանի հետ քննարկեցինք օրակարգի առանցքային թեմաներ, որոնք մեծամասամբ վերաբերվում էին Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը։ Հստակեցրեցինք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Առանձնահատուկ հիշատակման արժանացավ «Տաթև ազգային պարկ»-ի ստեղծման գաղափարը, որն իրագործման դեպքում կներառի շուրջ 10․000 հեկտար տարածք՝ այդ կերպ Սյունիքի մարզում ձևավորելով տեղի հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված կարևոր օղակ ։ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի համատեքստում անդրադարձանք ինչպես ֆինանսական, այնպես էլ միջպետական համագործակցության բաղադրիչներին՝ չշրջանցելով էկոլոգիական կայուն հողօգտագործման գործելակերպի մշակույթի ներդրման անհրաժեշտությունը։ Ծրագրի նպատակն է դարձնել այս միջանցքները տարածաշրջանային էկոլոգիական ցանցի անբաժանելի մասերը։ «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի համատեքստում քննարկման առարկա դարձավ Հայաստանում ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնն ուղղված աշխատանքների մեկնարկն ու գրանցված արդյունքները։ Հիշեցնեմ, որ Հայաստանում արդեն իսկ գործում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնը, որը կենտրոնում ծնված եղջերուներին ադապտացման շրջանից հետո ազատ է արձակում բնություն։ Շնորհակալություն հայտնեցի իրականացված աշխատանքների համար և իմ լիարժեք աջակցությունը հայտնեցի՝ մեր գերատեսչության լիազորությունների սահմանում աջակցել ընթացիկ ծրագրերին։ Մեր գործընկերներին վստահեցրեցի, որ մենք բաց ենք ցանկացած առաջարկի և քննարկման համար։Յուրաքանչյուր գործունեություն, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի յուրահատուկ բնության, յուրօրինակ կենսաբազմազանության պահպանման և պաշտպանության վրա՝ ողջունելի են, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ՝ աջակցել ու մասնակցել նմանօրինակ բոլոր ծրագրերի կյանքի կոչմանը»։
15:25 - 16 սեպտեմբերի, 2020
Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը հանձնարարել եմ սեղմ ժամկետներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։«Առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերեվացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՓՀԷԿ-երի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Հստակ հանձնարարություն եմ տվել՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև ՓՀԷԿ-երի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը։Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։Առանձնակի ուշադրություն է դարձվելու ոլորտը համակարգող օրենսդրական դաշտում առկա բացթողումների շտկման գործընթացին, կանոնակարգման համար անհրաժեշտ գործող օրենսդրական կարգավորումների լրամշակմանն ու նոր օրինագծերի մշակմանը։Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը», - գրել է նա։
16:10 - 15 սեպտեմբերի, 2020
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողները կտուգանվեն պայմանագրեր չունենալու դեպքում

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողները կտուգանվեն պայմանագրեր չունենալու դեպքում

Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը. Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչև սեպտեմբերի 16-ը հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն օրինական կարգով իրականացնելու համար։ «Կարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։  Նախագծում իրականացված լրացումների համաձայն․-  Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։- Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։- Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։ Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
13:01 - 15 սեպտեմբերի, 2020
Վերսկսվել է արգելավայրեր մուտքի իրավունքի տրամադրումը

Վերսկսվել է արգելավայրեր մուտքի իրավունքի տրամադրումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Մուտքն արգելոցային գոտու կամ արգելավայրերի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ: Արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործելու համար` իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որում պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ, զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար, ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության կողմից անցագիր ստանալուց հետո, սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետերում: Կազմակերպությունն արգելոցի և արգելավայրերի տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր: Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում: Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը: Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը. որսորդությունը, ձկնորսությունը. բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից. անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում. ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում. ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
20:27 - 14 սեպտեմբերի, 2020
Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ

Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունն զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը. «Արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր, որտեղ գրանցվել են մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին քաղաքացիներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակներ են ուղղում, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարար Պետրոսյանի կարգադրությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն էր ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրանքով՝ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել աջակցել համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին հարակից տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեկ այլ գրություն էլ ուղարկվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարար Պետրոսյանի կոչին արձագանքել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ ու կամավորական խմբեր, որոնք ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ էին եղել զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Աշխատանքներին ակտիվ ներգրավվել էին «Երզնկայի երիտասարդական միություն» ՀԿ անդամ երիտասարդները, որոնք ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ ամբողջությամբ մաքրել էին Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր միջավայր։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ էին իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Նախաձեռնությունն իրականացվել էր Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրինության, մասնաճյուղի առաջին կուրսի ուսանողների, Հայկական «Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաների կողմից, որոնց միացել էին Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։ Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական առումով: Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։Բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով միայն կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:30 - 14 սեպտեմբերի, 2020
Ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը. Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը. Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը ստորև. «ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ  սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին տրվում է արտոնություն՝ սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ։ Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։ 2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից անտառամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 102 000 պահեստավորված խմ թափուկ վառելափայտ, 2019 թվականին՝ շուրջ 87 000 պխմ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 23 000 պխմ։Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ Հավելենք, որ թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։ Հիշեցնենք, որ թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը»։
16:33 - 09 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն ունեցավ Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական ռեսուրսների և էներգետիկայի բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը, ծրագրերի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և բանկի տարածաշրջանային ղեկավար Կլաուս Վեյգելը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքին և դրանց ընդլայնմանը վերաբերող հարցերին։Քննարկվեցին 8.25 մլն եվրո ֆինանսական աջակցության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագրերը՝ 350.000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագրերի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը։Անդրադարձ կատարվեց 23.2 մլն եվրո արժողությամբ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին», որն ուղղված է կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարմանն ու այդ տարածքներում մարդածին ներգործության նվազեցմանը, տեղական և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի ներուժի հզորացմանը, ինչպես նաև տվյալ տարածքների կայուն ֆինանսական օժանդակության հնարավորությունների ստեղծմանը։Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2020 թվականին Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության բաղադրիչները։Օրակարգային վերջին հարցը շրջակա միջավայրի բարեփոխումների վրա հիմնված վարկային համաձայնագիրն էր, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շարք, որոնք կապված են կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի ստանդարտների և կանոնակարգերի հետ։։Միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։
16:08 - 09 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․ «Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների»՝ 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։ Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։ Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։ Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։  Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»։
12:35 - 09 սեպտեմբերի, 2020
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների՝ վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացված արժեքի հարկից ազատել նաև մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը»,- գրել է Պետրոսյանը: Նախարարը հիշեցրել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների) ներմուծումը և օտարումը: «Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)»,- նշել է նախարարը: Նշված փոփոխությունից հետո՝ 2018 թվականի համեմատ, 2020 թվականի միայն առաջին կեսում, բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ. 2018 թ. - 12 տ/մ, 2019 (երկրորդ կես) – 668 տ/մ,2020 (առաջին կես) – 1863 տ/մ: «Հարկ է նշել նաև, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը»,- գրել է Պետրոսյանը:
17:29 - 07 սեպտեմբերի, 2020
Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում սահմանված նիշից (1905 մետր) ցածր գտնվող բոլոր շենք-շինությունների սեփականատերերին «Սեւան ազգային պարկ»-ի կողմից ծանուցում է ուղարկվել, որ պարտավոր են նիշից ցածր գտնվող իրենց սեփականության կամ տիրապետության տակ գտնվող շենք-շինությունը քանդել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Միրոյանը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ գրելով, որ ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք նիշից ներքեւ են գտնվում։ Դրանից հետո Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, թե շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ Գասպարյանի առանձնատան առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման: Ավելին՝ armtimes.com-ում
17:19 - 07 սեպտեմբերի, 2020
Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում.  արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում. արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ Հիշեցնենք. այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար, և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան մինչև սեպտեմբերի 16-ը հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ՝ արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Այնուհետ սահմանված ժամկետում պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում ձկնորսները կկարողանան մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։ Կարգի գործարկման պահից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։ Հավելեք նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։
15:58 - 07 սեպտեմբերի, 2020
Անտառպահպանմանն ուղղված ծրագրերը ՀՀ բնապահպանական քաղաքականության կարևոր խնդիրներից են․ՇՄ նախարար

Անտառպահպանմանն ուղղված ծրագրերը ՀՀ բնապահպանական քաղաքականության կարևոր խնդիրներից են․ՇՄ նախարար

Հայաստանի Հանրապետությունում անտառվերականգնման և անտառպահպանման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը համարվում է երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել, որ Հայաստանում անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11 տոկոսը։ «Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսավարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից են»,- նշել է Պետրոսյանը։ Նա ընդգծել է, որ անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ոլորտում արվող քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։
14:09 - 07 սեպտեմբերի, 2020
Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։«Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն»։
11:19 - 04 սեպտեմբերի, 2020
«Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել. նախարարը դա անընդունելի է համարում

«Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել. նախարարը դա անընդունելի է համարում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Անթույլատրելի մոտեցում» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է. «Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։ Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։ Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։ Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը։ Դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։ Այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։ Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես էլ ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։ Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։ Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։ Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները»։
19:50 - 03 սեպտեմբերի, 2020