Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

ԽՍՀՄ տարիների ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. Գրիգորյանը՝ ապաշրջափակման հարցով քննարկումների մասին |armenpress.am|

ԽՍՀՄ տարիների ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. Գրիգորյանը՝ ապաշրջափակման հարցով քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների վերաբերյալ: Փոխվարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ, որ առաջընթաց ունենք: Բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»: Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է: Գործում են նաև 2 ենթախմբեր, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում՝ զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերի հետ կապված: Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էին մի զեկույց ունենալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, քանի որ աշխատանքներն ու քննարկումները ցույց են տվել, որ կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն: Ենգիբարյանը անդրադառնալով կոնկրետ քննարկումներին՝ հետաքրքրվեց, թե ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում: Փոխվարչապետն արձագանքեց. «Հիմնականում քննարկվում են երկաթգիծ, ավտոճանապարհ»: Նրա վստահեցմամբ՝ ավելի վաղ «Կոմերսանտ»-ում հրապարակված քարտեզի մասին չէ խոսքը: «Ըստ էության, սովետական ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց Գրիգորյանը:
17:42 - 24 մարտի, 2021
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ:
18:15 - 22 մարտի, 2021
Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը: «Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։ Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։
22:17 - 05 մարտի, 2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան |armenpress.am|

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և Հայաստանն այդ ստանդարտներից շատ հետ է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք ու լուծումները գտնենք»,- ասաց վարչապետը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնել նաեւ մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: «Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով, պետք է հաշվի առնենք, որ դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»,- ասաց նա:
17:35 - 04 մարտի, 2021
Փոխվարչապետը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:  Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և պատերազմից տուժած Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամության համար, ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված միջոցառումների միջանկյալ արդյունքներին: Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 
17:15 - 04 մարտի, 2021
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները

Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները: Նիդերլանդների դեսպանը հավաստիացրել է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց մեղմման ուղղությամբ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները: Փոխվարչապետը կարևորել է և հեռանկարային է համարել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության զարգացումը՝ ներկայացնելով դեսպանին Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներդրումային ներուժը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է ՀԸԳՀ հիմքի վրա մշակված տարբեր ոլորտների ռազմավարությունների ընթացքը: Երկուստեք կարևորվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: 
19:07 - 02 մարտի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների վերացմանն ուղղված Կառավարության ջանքերը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածին աջակցությունը և Հայաստանում ֆինանսական տարբեր գործիքների ակտիվացումը, որոնք ուղղված են մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտ, այլընտրանքային էներգետիկա և այլն: Մտքեր են փոխանակվել կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության և դրա համար առկա նախադրյալների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:
16:41 - 24 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակման հարցերի

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակման հարցերի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդիպման սկզբում ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում:ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է եվրոպական կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին, այդ թվում` պատերազմի հետևանքների վերացման գործում:Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևորության մասին:ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը և անդրադարձել տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակմանն առնչվող հարցերին:    
19:04 - 23 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:   Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:
17:54 - 23 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը և Շվեդիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին

Մհեր Գրիգորյանը և Շվեդիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորել է ռեզիդենտ դեսպան ունենալու Շվեդիայի որոշումը և շնորհավորել դեսպանին այդ կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:Փոխվարչապետը խոսել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմին և դրա արդյունքում Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև 2020թ. կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին: Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում: Դեսպանն առանձնացրել է մասնավորապես երեք ուղղություն, որոնցով նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանություն, շուկայական տնտեսության զարգացում և կլիմա ու շրջակա միջավայր: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է շվեդական բիզնեսի ներկայությունը Հայաստանում և նրանց համար Հայաստանի հնարավորությունների ներկայացումը՝ հաշվի առնելով նաև դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը: Զրուցակիցները ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կարևորությունը, անդրադարձել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին:
19:12 - 22 փետրվարի, 2021
Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

 |armenpress.am|

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում: Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի: Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:  
12:44 - 18 փետրվարի, 2021