Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին: Նա ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն:
17:03 - 09 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը: Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում: Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս: Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:
17:12 - 08 հունիսի, 2022
Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |azatutyun.am|

Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմից հետո Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նախարարի պաշտոնը արդեն տարիուկես զբաղեցնող Խանումյանը համաձայն չէ իրավապահների առաջ քաշած վարկածի հետ, թե ինքը պաշտոնական անփութություն է դրսևորել և պետությանը պատճառել շուրջ 70 միլիոն դրամի վնաս։ Գործը հսկող դատախազ Ալիկ Ստեփանյանը, մինչդեռ, պնդում է, որ նախարարը չի կատարել իր իսկ պարտականությունները. - «Խոսքը վերաբերում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված, անօթևան մնացած բնակիչներին հյուրանոցայի ծառայությունների և սննդի մատակարարման ոլորտին»։ Պատերազմից հետո Արցախի իրավապահները սկսեցին քննել, թե արդյո՞ք Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը վերահսկել է տուն ու տեղ կորցրած անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու, նրանց սնունդ մատակարարելու գործընթացները։ «Հայկ Խանումյանը, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ-պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները։ Պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, ավելի ստույգ՝ չի սահմանել հյուրանոցային և սննդի ծառայությունների մատուցման գնման գործընթացի նկատմամբ, մատուցման ծառայության ամենամսյա արդյունքների, պայմանագրով նախատեսված պայմանների համապատասխան ստուգման պարտականություն նախարարության որևէ պաշտոնական անձի կամ ստորաբաժանման չի պատվիրակել», - թվարկեց դատախազը։ 37-ամյա նախարարը «Ազատությանը» նաև հայտնեց, որ վնասի վերականգնում չի արել, քանի որ իրավապահների եզրակացությունները անհիմն է համարում։ Մինչդեռ հայտնաբերված թերությունները, ըստ դատախազի, նախարար Խանումյանը պայմանավորել է մեծածավալ աշխատանքով։ Դատախազ Ստեփանյանն ընդգծում է նաև, որ կատարված աշխատանքի փաստաթղթերը Խանումյանը չի ստուգել, այնինչ դրանցում կեղծ տեղեկություններ են նշվել. - «Կատարողների կողմից, այսինքն՝ տվյալ ծառայությունները մատուցող անձանց կողմից ծառայության ամենամսյա արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ներառված մատուցված ծառայության քանակի վերաբերյալ կեղծ տեղեկությունները չեն բացահայտվել, դրանք առանց ստուգման ընդունվել են Հակ Խանումյանի ստորագրությամբ, ու պետության կողմից ծառայությունները մատուցողներին, այսինքն՝ ըստ պայմանագրի կատարողներին վճարում է կատարվել իրականում չմատուցված ծառայության դիմաց, ինչի հետևանքով պետական բյուջեից տվ յալ անձանց ավել է վճարվել այս պահին քննությամբ պարզված առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար»։ Արդյո՞ք հարուցված քրեական գործը բավարար չէ կասեցնելու Խանումյանի գործունեությունը նախարարի պաշտոնում։ Ըստ դատախազ Ալիկ Ստեփանյանի, այս հարցը քննարկել են մեղադրանքն առաջադրելիս, բայց դեռ որոշում չունեն։Նաիրա Բուլղադարյան
17:51 - 07 հունիսի, 2022
ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին |armenpress.am|

ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը նաև նախորդ տարի բարձրաձայնվել է միջազգային տարբեր հարթակներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կողմից  արվել են  հայտարարություններ գերիների վերադարձի կոչով: Տարված աշխատանքները ներկայացրեց  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: «Շարունակվել են աշխատանքները Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ: Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,-ասաց Միրզոյանը: Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում: ԱԳ նախարարը վստահեցնում է, որ ՀՀ մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել են և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում: Արդյունքում խոշտանգումների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող, բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի նախագահող և արտադատական արագացված մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղ. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն» խորագրով հայտարարությամբ: Նախարարի խոսքով՝ ԵՄ շրջանակում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրը բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորների կողմից: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիթորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում՝ կոչ անելով անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը: ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումները Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, հորդորել է Ադրբեջանին նրանց վերադարձնել հայրենիք: Միրզոյանը հիշեցրեց նաև, որ Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ և ԼՂ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն: Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման, վերադարձի կոչ անող բանաձև:
16:13 - 06 հունիսի, 2022
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում |armenpress.am|

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում, 1 տեղամասային հիվանդանոց,  9  գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցա տարածքներում: Պատերազմից հետո Արցախում ծնելիության, պետության կողմից իրականացվող վերականգնման և աջակցության ծրագրերի մասին խոսել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Պարոն Հայրիյա՛ն, արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քանի՞ բուժհաստատություն է մնացել Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում։ Ունե՞ք վիճակագրություն, թե քանի՞ բուժաշխատող է անգործ մնացել։ 2020 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իր գործունեությունը իրականացնում էր թվով 17 բուժհիմնարկների միջոցով: Պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց,  9  Գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 Բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Համարյա բոլոր բուժհաստատությունները տուժել են և՛ սարքավորումների, և՛ շենքային պայմանների առումով։ ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում տեղահանված բուժաշխատողներին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցում։   Պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման ի՞նչ ծրագրեր են իրականացվում։ Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը ։ 2021 թվականին Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները կապիտալ վերանորոգվել և վերազինվել են համապատասխան գույքով ու սարքավորումներով։ Աշխատանքներ են տարվում Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, իսկ շենքի նկուղային հարկում բացվել է նոր ամբուլատոր բաժանմունք, որը վերանորոգվել է Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ, համալրվել է  նոր սարքավորումներով Հայկական բժշկական հիմնադրամի և ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հովանավորությամբ։ Համաձայն Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Էգգերի հետ պայմանավորվածության, աշխատանքներ են տարվում Վանքի տեղամասային հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցում։   Հետպատերազմյան շրջանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Արցախի առողջապահության ոլորտում՝ ի նպաստ քաղաքացիների։ Ի՞նչ առողջապահական խնդիրների առաջ է կանգնել արցախցին պատերազմից հետո։ Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվում է բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը: Իրականացվել են և շարունակվում են  առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին: 2021 թվականին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին /հատուկ/ խմբերի և հիվանդությունների ցանկերում, համաձայն որի անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանում են նաև մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամները։ 2021 թվականին Արցախի  կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ առանձին խմբերի ցանկը։ Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները Արցախի Հանրապետությունում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության։ Ընդ որում, ստոմատոլոգիական ծառայությունից կօգտվեն որոշմամբ սահմանված բնակչության առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները։ Աշխատանքներ կտարվեն պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, որով պայմանավորված կունենանք առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն: Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ վիրավորվածներին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում։ Քանի՞ զինհաշմանդամ կա 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 277 քաղաքացիների  տրվել է ֆինանսական աջակցություն։ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած քաղաքացիների բուժումներն իրականացվում են անվճար, անհրաժեշտության դեպքում նաև նախարարության կողմից կազմակերպվում է բուժումները ՀՀ-ում և արտասահմանում։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:57 - 06 հունիսի, 2022
Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման․ Կարին Տոնոյան

Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման․ Կարին Տոնոյան

«5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանին, ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Սահակյանին. երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին բողոքարկման հերթական նիստն էր.... հերթական անգամ ծնողներով ձայնազուրկի կարգավիճակում (որերորդ անգամ մեժվում ենք շահագրգիռ անձի կարգավիճակ ստանալ) նստած էինք դահլիճում, որի օդը ամեն րոպե մի ծնողի թե՛ հոգեբանորեն, թե՛ ուղղակի շնչահեղձ էր անում և հարկադրված դեղ խմելու կարիք էր առաջանում, բայց ջուր տալու երկրորդ խնդրանքից հետո(մեզ արգելում են ջրի շիշ ներս տանել) դատարանի միանգամյա բաժակները սպառվեցին, և կամ պիտի իրենց բաժակներով ջուր խմեինք, կամ դիմանայինք....... Հիմա հարց- Պարոնա՛յք պաշտոնյաներ, միթե դուք չգիտեք, որ այս ծնողները գտնվում են սահմանային հոգեվիճակում և ամեն րոպե հնարավոր են հոգեբանական և առողջական վատթարացման միջադեպեր, ինչու սրահում չկա հոգեբան, չկա բժիշկ, ավելին՝ միջանցքում հնարավոր չէ՞ ջրի սպասարկման սարք տեղադրել՝ միանգամյա բաժակներով, որ ամեն րոպե ստիպված չլինենք ոստիկաններից ջուր խնդրելու.....  Պարոն Ջհանգիրյան, մենք դեռ սպասում ենք պարզաբանման, թե ում մեղքով, ինչու ծնողների և Ձեր 2-րդ հանդիպման տեսագրությունը, ըստ ձեր լրատվականի, «պատահմամբ» չնկարահանվեց կամ «ջնջվեց»:  Բա, ո՞ւր մնաց «մեր» իշխանությունների ծնողների նկատմամբ «չափազանց հոգատար վերաբերմունքը», թե դա օգտագործվում է միայն «մեծն տիրուհուն» գովազդելու համար..... Բա, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս բազմանգամյա խոնարումներն ու ցավակցությունները ե՞րբ են «միսուարյուն» ստանալու, թե՞ դուք միայն բառային իշխանություն եք......  Ինչևէ, այսօրվանից մեր բազմաչարչար դատարանը մինչև ամսվա վերջ արձակուրդում կլինի..... բայց, կարծում եմ գոնե ընկալելի է, որ ծնողներիս պայքարը արձակուրդ չունի, և հույս ունենք մեր հաճախակի այցելություններով կօգնենք ձեզ արձակուրդից հետո հավուր պատշաճի ընկալել և ընդունել այն մարդկանց, որոնց զավակների կյանքի շնորհիվ ապրում եք, ձեր ապահով աշխատավայրերում հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված (ումից՝ չգիտենք) աշխատում և արձակուրդ գնում .....      Մի պճեղ սիրտ ու սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն ու մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում...... Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման..... Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին....  Վերջում հիշեցնեմ՝ դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը»։
13:19 - 04 հունիսի, 2022
Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը: Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ են կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
12:21 - 02 հունիսի, 2022
Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

tert.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց էին։ 5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։   Ծնողներին ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանի և ծնողների միջև հանդիպումը այսօր չի կարող կայանալ, քանի որ Քյարամյանը տեղում չէ։ «Լրացուցիչ հանդիպման հետ կապված օր, ժամ կպայմանավորվենք։ ՔԿ-ում տեղյակ չէին, որ ծնողները պետք է գային, դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ եկել եք այստեղ։ Պարոն Քյարամյանը երբեք ոչ մի հանդիպում չի մերժել ծնողների հետ, հեռագա հանդիպման համար կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։ Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․ «Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։
13:59 - 01 հունիսի, 2022
Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է

Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերևույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ: Ըստ այդմ, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմով պայմանավորված՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, հափշտակության, փոխադրման դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի, նաև 238-րդ հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթի կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով: 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:  Քննված և քննվող քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ գործողություններում: Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալ մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքնում ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու արդյունքում: Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշված ժամանակահատվածում մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրեական գործ: Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է։
10:25 - 31 մայիսի, 2022
Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տեւել է 30 րոպե։ «Որտե՞ղ է երաշխավորված, որ մենք ամսի 1-ին գանք, նորից 30 րոպե չի տեւելու, նորից նույն ձեւով չեն լսելու ու նորից հեռանալու։ Կարծում եմ՝ մենք պետք է հիմա գնանք ԲԴԽ, որովհետեւ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ գնացեք, եթե ձեր պահանջը չի կատարվի, ապա նորից կգաք ԲԴԽ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի, առավել եւս, որ մենք ունենք արդեն երկրորդ բողոքը այն մասին, որ այդ դատերն այլեւս 30 րոպե չպետք է լինեն։ Այդ ո՞նց է, որ մեր Գալոյանի հարցով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այս գործով որ այսքան տուժող ու զոհ կա։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Այսինքն՝ 30 րոպե լսեմ, գնամ, չպատասխանեմ»,- նշեց Կարին Տոնոյանը։
14:57 - 30 մայիսի, 2022
Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր «Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների» հոդվածում գրում է․ «1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։  Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ համակարգ։ 2.   Մենք չպետք է բարդույթավորվենք ո´չ մեր չափսերից, ոչ էլ ընթացիկ հնարավորություններից, ոչ՝ բնակչության թվից, բայց  միևնույն ժամանակ ադեկվատ և ազնվորեն գնահատենք մեր վիճակը և ռեսուրսները, անկեղծորեն սկսենք համազգային երկխոսություն՝ այս մարտահրավերների ինքնուրույն հաղթահարման հեռանկարների շուրջ։ 3. Մենք պետք ենք պատրաստ լինենք քննարկել այլ հեղինակների առաջարկները և սցենարները՝ տարածաշրջանային զարգացումների և համագործակցության նոր ձևերի մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանք պետք է անվերապահորեն ընդունենք։ Մենք պետք է պրագմատիկ առաջ տանենք մեր շահերը՝ գիտակցելով, որ մեզնից առավել ոչ ոք չի կարող մեզ համար ցանկանալ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ։ Իսկ Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան։ 4.    Մինչև 2018 թվականը աշխարհաքաղաքական վեկտորի ընտությունը հանգում էր Ռուսաստանին՝ իրական այլընտրանքի բացակայության գիտակցումով։ Այսօր իրացվում են արևմտյան լավագույն ցանկությունները՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի ուղղությամբ։ Իր հերթին Ռուսաստանը, պահանջելով հստակ կողմնորոշում, չի փոխում  դաշնակիցների հետ աշխատանքի իր՝ ակնհայտորեն հնացած մեթոդները։5. Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խոշոր տերություններն ունեն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, բայց մենք պետք է ունենանք ազգային շահեր։ Ազգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի։ Իսկ այլ տերություննների շահերի բախումը մեր երկրում հղի է անկանխատեսելի աղետներով։ 6. Կարևոր է հստակ գիտակցել, որ, անկախ աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, մեր երկրի ժողովրդավարության և իշխանության որակը կախված է բացառապես մեզնից։ Ո´չ ռուսները, ո´չ ամերիկացիները, ո´չ մեկ ուրիշը դեմ չեն լինելու, եթե մենք կառուցենք ժամանակակից պետություն՝ օրենքի գերակայությամբ։ 7. Այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի հիմնական տրանսֆորմացիան այն է, որ Հայաստանը խնդիրների կարգավորման ռուսական կապվածությունը փոխարինում է Բրյուսելյան պրոցեսով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու պրոցեսները հատման կետ չունեն, և տանում են երկու հակառակ ուղղություններով։   8. Զուգահեռ պրոցեսների, զուգահեռ բանակցությունների այս իրավիճակը կարող է բերել մի կետի, երբ գործող իշխանության փոփոխության ներքաղաքական գործոններին կգումարվի միջազգային լեգիտիմ սպասումը՝ Հայաստանի հիմական բանախոսի փոփոխության։ Նման տրամադրություններ արդեն իսկ նկատվում են Ռուսաստանում, որն ի դեպ մինչ 2021թ. ընտրությունները հանդես էր գալիս որպես Փաշինյանի անվտանգության և հետպատերազմյան լեգիտիմության երաշխավոր։ 9. Մենք պետք է վերջապես նկատենք ամենապարզ հետևությունը. հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ։ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը և հիմա կանգնած է այլ կորուստների շեմին։ Հայաստանը կորցրեց Արցախի զգալի հատվածը և բուն Հայաստանից տարածքներ։ 10. Անգլոսաքսերը սկսել են խրախուսել երրորդ պետությունների տարածքներում պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և դեմ, միևնույն ժամանակ խուսափելով դրանցում սեփական ուղղակի ներգրավվածությունից։ Նման մարտավարություն արդեն իսկ կիրառվել է Սիրիայում, Լիբիայում, և այժմ իրականացվում է Ուկրաինայում։ Դրանից բացառապես շահում են խրախուսող տերությունների ռազմաարդյունաբերության համալիրները, էներգետիկ համակարգը և ֆինանսաբանկային համակարգերը։ Փոխարենը ավերվում են երրորդ պետությունները, և նրանց ժողովուրդներն առերեսվում են ազգային աղետին։ Մենք պետք է խուսափենք այդ հեռանկարից»։
21:09 - 28 մայիսի, 2022
Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան

Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր մեկնաբանությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին։ «Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․ 1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ 2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։
20:50 - 28 մայիսի, 2022
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էրդողանը հայտարարել է, որ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին: «Արդեն ժամանակն է, որ այս հողերում գրվի հաջողության, խաղաղության ու զարգացման պատմությունը: Անցյալում գործած մեր սխալներից դասեր քաղելով՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներ պետք է միշտ միասին կառուցենք մեր ապագան: Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք: Հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որն իմ սիրելի եղբայրը՝ Ալիևը, ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը: Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը:
17:10 - 28 մայիսի, 2022
Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից, և մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել ամրապնդման և թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
17:29 - 26 մայիսի, 2022