Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն է։ Ծնվել է 1983թ. մարտի 23-ին, Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, իսկ այնուհետև մագիստրոսի կոչում։ 2004-2017թթ որոշակի ընդմիջումներով դասավանդել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետներում։ 2005թ-ից աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում, այժմ՝ որպես ավագ գիտաշխատող։ 2013-ից դպրոցականների մաթեմատիկայի հանրապետական օլիմպիական հանձնաժողովի նախագահն է։ Հեղինակ է քսան գիտական հրապարակումների, որոնք տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Անկուսակցական է

Անհրաժեշտ է 5000 հոգու շրջանում կորոնավիրուսի ընտրանքային թեստ կատարել՝ հասկանալու հետագա ռազմավարությունը. Սմբատ Գոգյան

Անհրաժեշտ է 5000 հոգու շրջանում կորոնավիրուսի ընտրանքային թեստ կատարել՝ հասկանալու հետագա ռազմավարությունը. Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարությանը: Այս առիթով Գոգյանը գրել է.«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։ Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը։Եթե ստացվի 1%, ուրեմն հիվանդությունը բավականաչափ լուրջ է, բայց տարածման տեմպը գցելու հնարավորություն կա։Ու վերջապես, պետք է հստակ հասկանալ, թե կրկնակի վարակումը ռեալ վտանգ է, թե ոչ»։
17:02 - 07 հունիսի, 2020
ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Գոգյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ ԲՈԿ նախագահի, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Իսկ եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
15:19 - 04 հունիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան

Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան

Հանդիպումը բավական երկար տևեց, չէի կարծում, որ այսքան երկար կտևի, զրույցը բավականաչափ բովանդակային էր, շատ հարցեր քննարկեցինք, և համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ հետ վերցնի ազատման դիմումը, Գոգյանը պատասխանեց․ «Հետ վերցնելու համար, որքան գիտեմ, երեք օրվա ժամկետ կա, պետք է Աշխատանքային օրենսգիրքը նայել, էդ երեք օրը վաղուց անցել է»։Նա նշեց, որ իրեն ուղղված աջակցության խոսքերն իրավական ուժ չունեն, հետևաբար իրավական հետևանք էլ չեն կարող ունենալ, բայց իրեն հաճելի էր գիտակցել, որ ունի այդ աջակցությունը։ «Անկեղծ ասեմ, մի աղջիկ, որի ատենախոսությունը մերժել էինք արտագրության համար, ինձ շնորհակալություն հայտնեց, որ մեր շնորհիվ իմացավ՝ ինչ է գիտական գործունեությունը»,- ասաց ԲՈԿ նախագահը։ Նա ընգծեց․ «Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին, հատկապես, որ 2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի պաշտոնը։ Այդ արժեքը պետք է կրենք բոլորս, որովհետև եթե դու չես կրում, չես էլ կարող տարածել»։ Պատասխանելով հարցին՝ ինքը նպատակահարմար չգտա՞վ պայքարել առկա խնդիրների դեմ, թե՞ կարծում էր, որ անիմաստ է, չի ստացվի, Սմբատ Գոգյանն ասաց, որ ընտրել է պայքարի այս եղանակը։ Լրագրողը հարցրեց՝ կազդի՞, ըստ Ձեզ, ինչին Գոգյանն արձագանքեց․ «Տեսնենք, եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է ինչ-որ ձևով»։ 
22:20 - 25 մայիսի, 2020
Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
12:40 - 25 մայիսի, 2020
Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը․ Գոգյան

Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը․ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմաբտ Գոգյանը, որ ազատման դիմում է ներկայացրել օրեր առաջ,  գրել է. «Էլի արժեքային բախման մասին: Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է: Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն: Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին: ՀԳ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»։
13:10 - 23 մայիսի, 2020
Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով: Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»:
09:28 - 22 մայիսի, 2020
Ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն իրավունք չի տալիս ցեխ շպրտել իմ անձի վրա. ՀՊՏՀ ռեկտորը հակադարձում է

Ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն իրավունք չի տալիս ցեխ շպրտել իմ անձի վրա. ՀՊՏՀ ռեկտորը հակադարձում է

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գտնում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս, ցեխ շպրտելու ընդունված տրամաբանությամբ, կապել նաև իմ անձի հետ։ Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել՝ պաշտոնը թողնելուց հետո։ Բարեփոխումների և արժեքների ջատագովը իր գործունեության ընթացքումնախ պետք է իրականում որևէ կերպ փորձեր փոխել իր ղեկավարած համակարգը։ Ուղղակի հիշեցնեմ, որ ՀՀ ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին։ Արդյունքում, մոտ վեց ամիս, դադարեցվել էր բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին և սկսեցին գործել նախկին տրամաբանությամբ։ Մեկ այլ որոշմամբ էապես կրճատվեցին նաև ընդունելի տպագիր պարբերականները, իսկ դրանց մի մասը որոշ ժամանակ անց կրկին դարձան ընդունելի։Իսկ գրագողության մասին հայտարարությունները երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չանցան և այդպես էլ չդարձան մշակված որևէ փաստաթղթի կանոններ: Ահա թե ինչի վրա է ժամանակ ու եռանդ ծախսել ԲՈԿ-ի նախագահը:Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների։Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան»։
11:20 - 15 մայիսի, 2020
Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ․ Սմբատ Գոգյանը ներկայացրել է հրաժարականի պատճառները

Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ․ Սմբատ Գոգյանը ներկայացրել է հրաժարականի պատճառները

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։ 2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։ 3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։ ՀԳ․ Շնորհակա եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար»։
16:22 - 14 մայիսի, 2020
Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց
 |armtimes.com|

Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց |armtimes.com|

armtimes.com: 1993 թվականից սկսած Հայաստանում առավել շատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով եւ Սարգսյան ազգանունով մարդկանց: Արմեններին՝ 303 վկայագիր, Սարգսյաններին՝ 310։ Արմեն Սարգսյանի դեպքում կրկնություններ եւս կան․ հանդիպում է 11 անգամ։ Թվերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ օգնություն խնդրելով օգտատերերից՝ թարգմանելու այդ ցուցակները ռուսերեն եւ անգլերեն, որպեսզի տվյալները տեղադրվեն իրենց նոր, եռալեզու կայքում։ Սեփական ներդրումն ունենալու համար՝ անհրաժեշտ էր սեղմել հղման վրա եւ թարգմանել այն մեկը, որը ցանկանում ենք։ Գիտական աստիճան ստացածների ցուցակում կան իրարից տարբեր 1326 անուններ եւ 2320 ազգանուններ: Նրանց մեջ էլ գերակշռում են տղաները՝ 6658-ը կամ 61․65%-ը։ Աղջիկների դեպքում պատկերն այսպիսին է՝ 38.34 % կամ 4141 հոգի։  Գոգյանի առաջարկած գործին շատ օգտատերեր են միացել․ ժամեր անց արդեն 6000 տվյալ թարգմանված էր։ ԲՈԿ նախագահն էլ առիթն օգտագործելով՝ նշել է․ «Քանի որ հավեսի ընկաք, շուտով հայրանուններն էլ կավելացնեմ»։ Արդեն ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների մեջ Գոգյանը ներկայացրել է նաեւ ՀՀ գիտական աստիճան ստացած հայերի եւ արտասահմանցիների ընդհանուր թվերը։ Ըստ այդմ՝ հայերից հետո, որոնց թիվն ընդհանուր 10․227 է, պարսիկներն են՝ 388, արաբները՝ 73 եւ ռուսները՝ 41 գիտական աստիճաններով։ Ավելի քիչ են վրացիները՝ 16, եզդիները՝ 7, այնուհետեւ գերմանացիները, հույները եւ օսեթները, դրանից էլ պակաս՝ հնդիկները, ղազախները, ուկրաինացիները, ասորիները եւ այլ ազգի ներկայացուցիչներ։ Գոգյանի հաջորդ գրառման մեջ հայրանուներից բացի թարգմանությունների ցանկին ավելացան նաեւ ՀՀ աստիճանաշնորհման համակարգի հետ որեւէ կապ ունեցած բոլոր կազմակերպությունների անվանումները։  Քիչ հետո արդեն սկսեցին երեւալ առցանց հարթակում թարգմանված տարբերակները։ Ինչպես նշում էին մեկնաբանություններում․ «Կարգին ֆլեշմոբ է կամ էլ Գեղ կանգնի, գերան կկոտրի»։ ԲՈԿ նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծվող նոր կայքը հասանելի կդառնա հաջորդ շաբաթվանից։ Այնտեղ ներառված կլինեն ինչպես արդեն գիտական աստիճան ստացած մարդկանց տվյալները, այնպես էլ այժմյան ասպիրանտների, պաշտպանողների մասին տեղեկատվություն։ Կայքում կստեղծվի նաեւ համապատասխան հարթակ եւ անհրաժեշտ միջոցներ՝ նրանց մասնագիտական քննություններն առցանց տարբերակով իրականացնելու համար: «Քննության ժամանակ հարցատոմսը գեներացվում է պատահական կերպով, նախօրոք ընտրված հարցատոմս սովորելու կամ քննությանը չներկայանալու ձեւերը կբացառվեն»,- իր խոսքում նշեց Գոգյանը՝ հավելելով, որ այսպես ստիճանաշնորհման համակարգն ամբողջությամբ թափանցիկ է դառնում։ Նրա խոսքով՝ բուհերին առաջարկելու են, որպեսզի նոր հարթակով տվյալ քննություններն օնլայն կազմակերպեն, սակայն ստիպել չեն կարող։ Այդ ամենը կիրականացվի ցանկության սկզբունքով։ Ինչը վերաբերում է պաշտպանություններին, ապա դրանց փաստաշրջանառությանը եւս հասանելի կլինի առցանց տարբերակով։ Արտակարգ դրության պայմաններում այն հեռավար, օնլայն քվեարկությամբ անցկացնելու տարբերակ կլինի։ Ընդդիմախոսների կարծիքները եւս կերեւան առցանց։ Մյուս շաբաթվանից, կայքի բացման հետ մեկտեղ, այդ բոլոր հնարավորությունները կընձեռվեն։
21:18 - 10 ապրիլի, 2020