Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Պատահե՞լ է, որ քարի վրա բարակ, գունավոր շերտ տեսնեք, ու առաջին հայացքից ձեզ թվա, թե դա մամուռ է… Իրականում ձեր առջև քարաքոս է՝ մի հետաքրքիր «օրգանիզմ», որն այնքան էլ օրգանիզմ չէ։ Կային ժամանակներ, երբ քարաքոսերը համարվում էին բույսեր։ Բայց երբ գիտնականները խորությամբ ուսումնասիրեցին դրանք, պարզեցին, որ քարաքոսերն ամենևին էլ բույսեր չեն, այլ բարդ համակարգեր՝ համակեցություններ, որտեղ կան սնկեր և ջրիմուռներ։ Մինչև վերջերս Հայաստանի քարաքոսերի մասին գիտական հետազոտությունների հաճախ չէիք հանդիպի։ Իրավիճակը փոխվեց 2020-ին, երբ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում գիտական նոր խումբ ձևավորվեց, որը սկսեց զբաղվել Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրությամբ։ Իսկ ինչպե՞ս ձևավորվեց Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, ովքե՞ր են աշխատում այնտեղ, ինչպե՞ս են հետազոտում քարաքոսերը․․․ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
21:56 - 10 հուլիսի, 2023
Հայ օգնության ֆոնդը 22 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

Հայ օգնության ֆոնդը 22 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

05 հունիս, Երևան – Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։ 2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 125 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 22-ը։ Ընտրված 22 դրամաշնորհներից 1-ը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։ 22 գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամն (ANSEF ) արդեն մոտ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է տվել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գիտնականներին՝ իրականացնելու իրենց նորարական գաղափարները։ Երբ ծրագիրը ստեղծվեց, գիտնականների մեծ մասը չունեին համակարգիչներ, անհրաժեշտություն կար տարբերի սարքավորումների և նյութերի։ ANSEF  ծրագրի շնորհիվ նախ լուծվեցին այս խնդիրները, հետո գիտնականները սկսեցին գործուղումներ գնալ, կոնֆերանսների մասնակցել, փորձ ձեռք բերեցին միջազգային գիտական ասպարեզում, համագործակցեցին այլ գիտնական կենտրոնների հետ և ստացված արդյունքները հրատարակեցին միջազգային ամսագրերում։  Առանձնակի ուշադրություն դարձվեց երիտասարդ գիտնականների աջակցությանը, նրանց համար հատուկ դրամաշնորհներ սահմանվեցին։ Քայլեր արվեցին  համալրելու գիտական ոլորտը երիտասարդներով։  Շնորհավորում ենք բոլորիդ ու շնորհակալ ենք, որ ստանձնել ենք գիտության առաջամարտիկի ոչ դյուրին, բայց կարևոր առաքելությունը», - նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը, - նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։ ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2023-ին 6 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 4-ը՝ ֆիզիկայի, 4-ը՝ կենսաքիմիայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 2-ը՝ հումանիտար և 1-ը՝ բուսաբանության ոլորտներն ուսումնասիրելու հայտերը։ «Ես ԳԿՀԱՀ-ի առաջին շահառուներից եմ և հստակորեն կարող եմ ասել, որ այն մշակութաստեղծ ծրագիր է: Այն առաջ է մղում սփյուռքում գիտության ոլորտի զարգացումը՝ միևնույն ժամանակ լինելով հայաստանակենտրոն ծրագիր։ Մասնակացում են նաև մագիստրոսներ, ասպիրանտներ, ինչը հնարավորություններ է ստեղծում սկսնակ գիտնականների համար՝իրականացնելու իրենց մտահղացումներն ու նորարությունները», - ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը՝ շնորհավորելով հաղթող գիտնականներին։   Անցած 23 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2170 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 945 հազար դոլար:  
15:03 - 06 հունիսի, 2023
5 հայ աշակերտներ կմասնակցեն Բրատիսլավայում կայանալիք միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

5 հայ աշակերտներ կմասնակցեն Բրատիսլավայում կայանալիք միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը: Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող են ճանաչվել 5 մասնակիցներ, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները, և պարգևատրվել են 8 հաղթողները, տեղի է ունեցել նաև ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ տնտեսագիտական թեմաներով քննարկում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին ու հաջողություն մաղթել նրանց միջազգային փուլում: «Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտության բարձրացումը հանրակրթության բոլոր մակարդակներում: Պետք է փաստել, որ ֆինանսական գրագիտությունը ներառում է մի շարք առարկաներ, և շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան, թե յուրաքանչյուր առարկայի շրջանակում ձեռք բերած կարողություններն ու հմտություններն ինչպես են կիրառելու իրենց կյանքում, մասնավորապես ինչպես են պլանավորելու իրենց բյուջեն, ծախսերը: Այսօրինակ մրցույթները և օլիմպիադաները խրախուսում են սովորողներին ևս մեկ անգամ ստուգելու իրենց գիտելիքները: Վստահաբար՝ ուսումնառության ընթացքում պաշարած գիտելիքներն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում դրսևորվելու լավ առիթ են ընձեռում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այն աշակերտները, որոնք հաջողություն են գրանցել օլիմպիադայի հանրապետական փուլում, կհաջողեն նաև միջազգային հարթակում։ Նշենք նաև, որ միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են 10, 11, և 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցության իրավունք էին ստացել մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտներ: Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ: Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակն է դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը։
19:00 - 02 հունիսի, 2023
Օրգանական քիմիայի ինստիտուտն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով քննությունը դատարանը կշարունակի հաջորդ տարի

Օրգանական քիմիայի ինստիտուտն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով քննությունը դատարանը կշարունակի հաջորդ տարի

ՀՀ վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեցին Գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ն (այսուհետ՝ ՊՈԱԿ) ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով նախնական դատալսումները։ Հիշեցնենք՝ Քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ՓԲԸ կամ կառուցապատող ընկերություն) թույլատրել է ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին վերջինիս գիտաշխատողները դեմ են արտահայտվել՝ կարծիք հայտնելով, որ շինարարությունը կվնասի ՊՈԱԿ–ի գիտական գործունեությանը։ Բացի այդ,  ջրանցքը տեղափոխելու իրական պատճառը, ըստ նրանց, այն է, որ վերջինս անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։  Շինթույլտվության որոշումը դատարան բողոքարկելու հետ մեկտեղ ՊՈԱԿ-ը միջնորդել էր կասեցնել այն, ինչը դատարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2023 թ․ հունվարի 31-ին, դատարանը վերացրել էր բավարարման իր իսկ որոշումը, եւ շինարարությունը վերսկսվել էր։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանն այսօր հայտնեց՝ շինարարությունը, ըստ էության, արդեն ավարտվել է, մնացել են ասֆալտապատման բարեկարգման աշխատանքները։ Հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի՝ շինթույլտվության որոշման ժամկետը ավարտվել է (այն ի սկզբանե տրվել էր 55 օրով՝ մինչ 2022 թ․ դեկտեմբերի 25-ը), այսինքն՝ որոշումը այլեւս իրավաբանական ուժ չունի, դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ հայցվոր կողմը հայցատեսակի փոփոխության հետ կապված ասելիք ունի՞։ Բանն այն է, որ հայցի տեսակները վարչական դատավարությում տարբեր են՝ կախված նրանից, թե հայցվոր կողմն ինչ է պահանջում։ Տվյալ դեպքում ՊՈԱԿ–ը դատարան է դիմել վիճարկման հայցատեսակով, որով պահանջել է ամբողջությամբ վերացնել իրեն միջամտող վարչական ակտը (շինթույլտվության որոշումը)։ Սակայն դատական քննության ընթացքում կողմը իրավունք ունի փոխել հայցի տեսակը՝ տվյալ դեպքում ներկայացնելով ճանաչման հայց, որով կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել արդեն իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը, եթե մտադիր է, օրինակ, գույքային վնասի հատուցում պահանջել կամ եթե առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ ակտ կրկին ընդունելու վտանգ։ Արձագանքելով դատավորի հարցին՝ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանն ասաց, որ իրենք այս պահին տեղեկություն չունեն՝ շինարարության կասեցման հետ մեկտեղ շինթույլտվության  որոշման ժամկետը եւս կասեցվե՞լ է, այժմ այդ ժամկետը իսկապե՞ս սպառվել է թե՞ ոչ, որովհետեւ մինչեւ վերջերս էլ՝ ապրիլի 12-ին եւ 11-ին, շինարարություն իրականացվել է․«Այդ պատճառով մենք ենթադրում ենք, որ կամ ժամկետը երկարաձգվել է կամ կայացվել է նոր վարչական ակտ, հետեւաբար այլ հայցատեսակ չենք նախատեսել»,– նշեց նա։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը տեղեկացրեց՝ դիմում ներկայացվել է շինթույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն դրա ընթացքի մասին ինքը տեղեկություն չունի։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանն էլ պարզաբանեց՝ երբ դատարանի որոշմամբ շինարարությունը դադարեցվել էր, կասեցվել էր նաեւ շինթույլտվության որոշման ժամկետը։ Այն սկսել է դարձյալ հոսել 2023 թ․ փետրվարի 7-ին, երբ ուժի մեջ է մտել դատարանի մյուս որոշումը, որով վերջինս վերացրել է կասեցման իր իսկ որոշումը։ Այդ ժամանակ շինթույլտվության որոշումը ժամկետի մեջ է եղել եւս 30 օր, որը նույնպես, փաստացի, արդեն լրացել է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ղուլյանը հայտարարեց, որ վեճը սպառված է, եւ ինքը միջնորդություն ունի վարչական վարույթը կարճելու մասին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը, սակայն, չշտապեց անցնել միջնորդության քննությանը՝ ասելով՝ հայցվոր կողմը առայժմ չի հստակեցրել վեճի տեսակը (հայցատեսակը), որ իրենք էլ այն սպառված համարեն․ «Այսինքն՝ հայցատեսակը փոխելու դատավարական հնարավորությունը սպառված չէ»,– պարզաբանեց նա։ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը եւս նշեց, որ վեճը սպառված չէ, սակայն որպեսզի իրենք կարողանան կողմնորոշվել՝ պնդո՞ւմ են արդյոք ներկայացված հայցատեսակը թե՞ փոփոխում են այն, պետք է հստակ տեղեկություն ունենան շինթույլտվության որոշման ուժի մեջ լինել–չլինելու կամ դրա երկարաձգման մասին նոր վարչական ակտ կայացված լինել–չլինելու վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Նաղդալյանը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը հարցում կատարի Քաղաքապետարանին եւ ստացված պատասխանի հիման վրա միայն դիրքորոշում հայտնի։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը բավարարեց միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով շուրջ 9 ամիս անց՝ 2024 թ․ հունվարի 24-ին։ Դատավորը չպարզաբանեց իր այդ որոշումը, սակայն հաշվի առնելով, որ նախորդ նիստերի ընթացքում նշել է իր ծանրաբեռնվածության մասին՝ հնարավոր է, որ պատճառը դա լինի։ Հավելենք, որ երբ Վարչական դատարանը վերացրել էր շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը, ՊՈԱԿ–ի ներկայացուցիչը դրա դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, մերժել է բողոքը՝ արձանագրելով, որ գործում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիմքով կձեւավորվեր հիմնավոր կասկած առ այն, որ շինարարության թույլտվության կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Վնասի հավանականությունը դատարանում հերքել էր նաեւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը։ Վերաքննիչ դատարանը նաեւ արձանագրել է, որ այն դեպքում, երբ ոչ թե առհասարակ տվյալ ակտի գոյությունն է հանդիսանում հնարավոր վնասի առաջացման պատճառը, այլ վնասի առաջացումը պայմանավորված է ակտի կատարմանն ուղղված այնպիսի ձեւերի, մեթոդների ու եղանակների ընտրությամբ, որոնք ինչ-ինչ պատճառներով հանգեցնում են ֆիզիակական կամ իրավաբանական անձի կամ գույքի վնասի առաջացման, ապա վնաս կրողը զրկված չէ իր իրավունքների պաշտպանությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կանոնակարգումների շրջանակներում իրականացնելու հնարավորությունից։ Տիգրան Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո պատրաստվում են դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել։ Նշենք, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում, որի ընթացքում էլ այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։   Միլենա Խաչիկյան  
22:22 - 13 ապրիլի, 2023
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ։ Այս մասին հայտարարել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղրոդագրության մեջ նշվում է․ «Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։  Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ», - ասաց Արսեն Գասպարյանը։ Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր։ «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել։  Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ։ Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել։ Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի», - ասաց Արսեն Գասպարյանը։ Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում։ Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը։ Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»։ Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում։ «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է։ Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում։ Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը  մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի», - ասաց Արսեն Գասպարյանը։
10:32 - 28 մարտի, 2023
ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերջինս վերացրել է ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու իր որոշումը։  Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեմ են։ Նրանք այն համոզմանն են, որ ջրանցքը տեղափոխվում է, քանի որ անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ Քաղաքապետարանի որոշումը բողոքարկելով Վարչական դատարան՝  ՊՈԱԿ-ը նաեւ միջնորդել էր կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Նախնական դատական նիստերի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Միեւնույն ժամանակ վերջինս նույն պահանջով վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։ Վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այս տարվա հունվարի 31-ին միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ երրորդ անձը արդեն իսկ իրացրել է իր դատավարական իրավունքը՝ կասեցման որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Այնուհանդերձ, ՊՈԱԿ-ի ներկայացրած դիրքորշումների, միջնորդության համադրման և վերլուծության արդյունքում Դատարանը միաժամանակ վերացրել է շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի՝ Վարչական դատարանն իրավասու է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը։  Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ որոշմամբ Վարչական դատարանը նշել է, որ ՊՈԱԿ-ը շինարարությունը կասեցնելու ահրաժեշտությունը հիմնավորում է այնպիսի փաստարկներով, որոնք վերաբերում են շինարարական աշխատանքների իրականացման մեթոդին եւ եղանակներին, եւ պայմանավորված են այդ աշխատանքների իրականացման արդյունքում առաջ եկած իրավիճակով: Չբացառելով վնասների հավանական առաջացումը՝ Դատարանը համարել է, որ այդ վնասները, դրանց հատուցման հետ կապված հարցերը կրում են մասնավոր իրավահարաբերությունների բնույթ, ենթակա չեն քննարկման հանրային արդարադատության կարգով, ուստի չեն կարող դառնալ վարչական դատավարության քննության և գնահատման առարկա։ Միեւնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ ՊՈԱԿ-ը չի վկայակոչել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որեւէ փաստարկ, որով պայմանավորված կլիներ իրեն զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հանգամանքը․ «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից 25.11.2022թ.-ի որոշմամբ սկզբնապես վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելուն, ապա այդ որոշման կայացումը պայմանավորված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ընդհանուր կարգավորումով, նման որոշումն անհապաղորեն կայացնելու անհրաժեշտությամբ՝ հայցվորի իրավունքների և օրինական շահերի խախտումը բացառելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։ Քանի որ շինարարության կասեցման որոշումը վերացվել է, կառուցապատող ընկերությունը շինարարությունը վերսկսել է՝ հետ վերցնելով իր վերաքննիչ բողոքը։ Այժմ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանի շինարարության կասեցումը վերացնելու որոշումը եւ այն դարձյալ կասեցնի մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։ ՊՈԱԿ-ի բողոքը մակագրվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Այն վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս չկա։   Գլխավոր լուսանկարը՝ Hetq.am-ի Միլենա Խաչիկյան
14:27 - 28 փետրվարի, 2023
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։   Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները 2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։  Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։ Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։   Ինչպես հարցը բերվեց օրակարգ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։ 2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։ «Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի  կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։ Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։ Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։ «Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։    Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․  գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։  Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։ Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման  իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։ Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։ Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։  Համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներհոսք չկա նման լայնածավալ փոփոխություն իրականացնելու համար։ Բուհերը շոշափելիորեն ավելի ծանրաքարշ կառույցներ են․ «Բուհերում, օրինակ, գնումների գործընթացը տևում է անգամներ երկար։ Դա բացասական է անդրադառնալու ինստիտուտների գործունեության վրա»։ Բուհական համակարգը չունի բրգաձև կառույց․ «Բրգաձև կառույցը ֆիզիկայից հայտնի է որպես առավել կայուն, իսկ կայունության ծարավ այսօր մենք ունենք ամեն ինչում։ Եվս մեկ ցնցում հարուցել առանց դրա էլ ցնցված մեր այս իրավիճակում անընդունելի է»։ Հասարակական-քաղաքական կայունության ժամանակը․ «Եթե մենք ունենայինք քաղաքական կայունության երաշխիքներ 20-ամյակի կտրվածքով, ինչպիսին ուներ Էստոնիան՝ Եվրամիության անդամ լինելով, խնդրեմ։ ԵՄ-ի նման կայուն, կայացած, քաղաքակրթական համակարգում կարելի է անել այդպիսի ռեֆորմներ։ Մենք կարո՞ղ ենք խոսել քաղաքական կայունության մասին։ Չէ՞ որ 10 տարի տևելու պարագայում հաջորդ կառավարությունը կարող է գալ, ասել՝ ո՛չ, չենք անում։ Իսկ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եղա՞ն»։ Ակադեմիան ունի պատմական նշանակություն․ «Տեսեք՝ այս 30 տարվա ընթացքում որքան ոտնձգություններ են եղել գիտական համակարգի գույքի, տարածքների նկատմամբ։ Նույնիսկ սեփականաշնորհել էին Արագածի կայան գնացող էլեկտրագծերը։ Ապօրինի կերպով սեփականաշնորհել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լողավազանը և այնտեղ հիմա շինարարություն են անում։ Ակադեմիայի համակարգից դուրս գտնված ինստիտուտների մեծ մասը վերացել է։ Իսկ Ակադեմիան մեծամասամբ պահպանվել է։ Սա պատմական առաքելություն էր, որն Ակադեմիան իրականացրել է, և որը պետք է ողջունվի, գնահատվի պետական տեսակետից։ Ակադեմիական համակարգի կայունությունը կարևոր հանգամանք է»։ Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։   Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ 2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։ Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։ Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․ Պահպանել ինստիտուտների ստատուս քվոն և փորձել խթանել ինստիտուտների ու համալսարանների համագործակցությունն ու «կամավոր» միավորումները։ ԳԱԱ կազմում ընդգրկված և դրանից դուրս գործող այլ ինստիտուտներն ինտեգրել բուհերում։ Փաստաթղթում նշվում է, որ այլ երկրներում այսպիսի փոփոխությունը տևական ժամանակահատվածում է իրականացվում, և բերվում է  Էստոնիայի օրինակը, որտեղ նախկին ԳԱԱ ինստիտուտների ամբողջական ինտեգրումը համալսարաններին տևել է առնվազն մեկ տասնամյակ։ Ուժեղացնել բուհերի հետազոտական բաղադրիչը և վերակազմավորել ինստիտուտները՝ որպես հանրային աջակցություն ունեցող մեկ կամ մի քանի հետազոտական կազմակերպություններ, որոնք նման են եվրոպական երկրներում գործողներին (օրինակ՝ CNRS-ը Ֆրանսիայում, Ֆրաունհոֆերի, Լայբնիցի, Հելմհոլցի և Մաքս Պլանկի ինստիտուտները Գերմանիայում և այլն):  Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։   Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։ Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։ ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու  ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։ Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։ ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։  Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։ «Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։   Ով պիտի ղեկավարի ցանցերը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։  Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։  Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։ Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։   Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։  Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։  Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։ Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։  Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։ Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։ Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։   Աննա Սահակյան
18:38 - 14 փետրվարի, 2023
Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերացրել է «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու որոշումը։  Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել էին Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել էին կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Նախնական դատական նիստի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ Նիստի ընթացքում ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Ղուլյանը պնդել էր, որ նախքան շինթույլտվությունը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով։ Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։ Շինաշխատանքների վտանգավորության մասին իրենց մասնագիտական դիտարկումները ներկայացրել էին նաեւ գործով ներկայացուցիչ ներգրավված, ՊՈԱԿ-ի գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է իրենց գործունեության հետ։ Թե ինչ պատճառաբանությամբ է դատարանը բավարարել կառուցապատող ընկերության միջնորդությունը, առայժմ պարզ չէ։ Դատական տեղեկատվական համակարգում հասանելի է որոշման միայն եզրափակիչ մասը։ Հավելենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո: ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, իսկ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը նշեց, որ իրենք ստացել են։   Միլենա Խաչիկյան
20:35 - 06 փետրվարի, 2023
Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ. ԳԱԱ-ում քննարկվել են ակադեմիական համակարգի բարեփոխումները

Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ. ԳԱԱ-ում քննարկվել են ակադեմիական համակարգի բարեփոխումները

Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ակադեմիական համակարգի բարեփոխումներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։ Նշվել է, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներուժով բազմապրոֆիլ համակարգ է, և պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն այդ ամբողջ ներուժը։ Շեշտվել է, որ, լինելով գիտության և գիտական մշակույթի կրողը, ՀՀ ԳԱԱ-ն պետք է ունենա հավասարակշռված մոտեցում՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության հանդեպ։ «Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ։ Մենք պետք է առաջարկենք ներդրումային և նպատակային ծրագրեր, որոնց մի մասը պետք է լինեն կիրառական բնույթի», – ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից են գիտական արտադրանքի սերտիֆիկացումը, գիտաարտադրական համալիրի ստեղծումը։ Առաջարկվել է ստեղծել ակադեմիական կլաստեր, որը կարող է դառնալ եվրոպական նման համակարգի մաս։ Նշվել է գիտության մենեջերների անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն գիտության կապն այլ ոլորտների հետ։ Գիտության և կրթության կապի ամրապնդման նպատակով առաջարկվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը վերածել հետազոտական համալսարանի։ Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին կոչ է արել հանդես գալ հավակնոտ ծրագրերով։ Նա նշել է, որ հարկավոր է երիտասարդացնել ԳԱԱ ղեկավարությունը, խթանել երիտասարդների ներգրավվածությունն ակադեմիական կառավարման համակարգում։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է․ «Մենք պետք է լինենք այն ուղեղային վերլուծական կենտրոնը, որը կառաջարկի մեծ ծրագրեր, որոնք պետք են երկրին և մեզանից յուրաքանչյուրին։ Այդօրինակ ծրագրերն ունեն մեծ մոբիլիզացիոն ներուժ»։
10:58 - 03 փետրվարի, 2023
Գիտնականների կարծիքով՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը անհամատեղելի է իրենց գործունեության հետ

Գիտնականների կարծիքով՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը անհամատեղելի է իրենց գործունեության հետ

ՀՀ վարչական դատարանում երեկ շարունակվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը բավարարվել է, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունն իր հերթին միջնորդել է վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։ Նախորդ դատական նիստին կառուցապատող ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը, մանրամասնելով միջնորդությունը, պնդեց, որ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը։ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը։ Նա նաեւ միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով որպես ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, որպեսզի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։ Լուսանկարում՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները Ռոբերտ Հակոբյանի կարծիքով՝ շինարարությունը անհամատեղելի է ՊՈԱԿ-ի գործունեության հետ Երեկվա դատական նիստին դատարանը որպես ներկայացուցիչ ներգրավեց հիշյալ երեք անձանց, որից հետո լսեց նրանց մասնագիտական դիտարկումները։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ շինարարությունը խախտում է անհամատեղելիության սկզբունքը․ «Շինարարության մոտիկությունը, վիճակը, պայմանները անհամատեղելի են մեր գործունեության հետ՝ սկսած փոշուց, աղմուկից, վերջացրած նրանով, որ հետագայում վտանգների է հանգեցնելու, այդ շինթույլտվությունը տրամադրված է, որպեսզի եւս մեկ խոչընդոտ վերացվի, եւ բաղձալի շենքը, որ ուզում են նախկին ջրավազանի տեղը կառուցել, կառուցեն»։ Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ իրենց դժգոհության շահագրգիռ հատվածը այդ շենքի կառուցումն է, ոչ թե ջրավազանի տեղափոխման շինթույլտվությունը, ինչին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց․  «Ոչ միայն, այս շինթույլտվությունը փոքրիկ օրինակ է նրա, թե որքան անհամատեղելի է շինարարությունը մեր գործունեության հետ, այն վտանգում է թե՛ ՊՈԱԿ-ում գտնվող բացառիկ սարք-սարքավորումները, թե՛ գիտնականների անխախտ աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում մնացել է բացառապես իրենց կենտրոնը, որը կարող է վաղվա օրվա համար նորմալ քիմիկներ ապահովել։ Հրաչիկ Գասպարյանի խոսքով՝ իրենց հետազոտություններին կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում Կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ իրենց լաբորատորիայում  իրականացվում են կենսաբանական բարդ եւ նուրբ փորձեր, որոնց խանգարում է եւ կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում։ «Այսինքն՝ եթե տատանում չլինի, չի՞ խանգարի»,- հետաքրքրվեց դատավորը․ «Այսքան ժամանակ չի եղել, աշխատել ենք, բայց ցանկացած ազդակ՝ տատանում, պայթյուն, միջամտություն, չպետք է ազդեցություն ունենա հետազոտությունների վրա»,- պատասխանեց Գասպարյանը։ Նրա խոսքով՝ իրենք իրականացնում են հետազոտություններ նեյրոնների՝ նյարդաբջիջների վրա, ինչպես նաեւ՝ հոգեմետ նոր միացությունների փորձարկումներ կենդանիների վրա, որոնց փոքր շեղումը կարող է առաջացնել մեծ սխալներ։ Գասպարյանը նաեւ ընդգծեց, որ իրենք պայքարի միջոցներ են ստեղծում այնպիսի հիվանդությունների դեմ, որոնցից է, օրինակ,  լյարդի ցեռոզը, այրվածքային հիվանդությունը եւ այլն․ «Ես զարմանում եմ՝ էդ թույլտվություն տվողը ի՞նչ ձեւով է մտածել, գոնե եկել, տեսել է, քիմիական կորպուսնեի մեջտեղում կարելի՞ է բնակելի շենք սարքե՞լ, երբ ամեն տեսակ գազեր կարող են բաց թողնվել»։ Ալեքսանդր Շախաթունու կարծիքով՝ փորումների ժամանակ ինքը սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ է նկատել Միջուկային մագնիսական ռեզոնանսի լաբարատորիայի աշխատակից Ալեքսանդր Շախաթունու գնահատմամբ էլ՝ իրենց լաբարատորիան ՀՀ-ի պարծանքներից մեկն է, որին ՀՀ կառավարությունը տարբեր տարիներին նվիրել է 650 հզ եվրո եւ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, եւ այժմ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կառավարությունը մի ձեռքով դա անում, մյուսով՝ այնպես անում, որ դրանք վնասվեն կամ առնվազն նույն արդյունավետությունը չունենան։ Շախաթունին ընդգծեց՝ այդ սարքավորումները աշխատում են ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների հետ։ Շախաթունու կարծիքով՝ այդ սարքավորումները տեղափոխելն անհնար է թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես․ «Միջուկային մագնիսական ռեզոնանսի սարքը, օրինակ, պարունակում է հեղուկ հելիում, եւ այն տեղափոխելը մոտավորապես 50 հզ դոլար արժե, որովհետեւ պետք է սարքը անջատենք, հեղուկ ազոտը գոլորշիացնենք, ինչը կտեւի որոշ ժամանակ, պետք է նաեւ կանչենք արտասահմանից մասնագետ, քանի որ մենք չենք կարող դա անել, եւ բացառված էլ չէ, որ այդ գործողությունը կատարելուց հետո սարքը չի կարողանա նույն ճշտությամբ աշխատել»,- ասաց նա՝ հայտնելով, որ փորումների ժամանակ ինքը զգում էր, որ սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ էին առաջանում։ Դրանից բացի, տատանումները, ըստ Շախաթունու, կարող են բացասաբար ազդել կշեռքների վրա, որոնք միկրոգրամների ճշտությամբ են չափումներ անում, կարող է, օրինակ, փոշին լցվել սարքի առանձին հատվածների մեջ, եւ այն նորմալ չաշխատի։ Ալեքսանդր Շախաթունին համոզմունք հայտնեց, որ իրենց ՊՈԱԿ-ը կառուցվել է այնպես, որ հնարավորինս հեռացված լինի փողոցից եւ աղմուկից։ Կառուցապատող ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ փորման աշխատանքների մեծ մասը կատարված է ՊՈԱԿ-ի աշխատակիցների ելույթներից հետո առարկությամբ հանդես եկավ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը՝ ընդգծելով, որ նրանց խոսքում կարմիր թելով անցնում էր շենքի շինարարության փաստը, այսինքն՝ հիմնական դժգոհությունը այդ կապակցությամբ է․ «Սակայն մենք այս պահին նման հայցի առարկա չունենք, չենք քննարկում շենքի կառուցման թույլվության հարցը, ընդամենը խոսում ենք ոռոգման համակարգի վերակառուցման մասին, որի առումով փորման աշխատանքները մեծամասամբ կատարված են, լուսանկարները պարզ ցույց են տալիս, որ շատ փոքր հատված է մնացել, եւ մենք նախորդ անգամ էլ նշեցինք, որ պատրաստ ենք դա կատարել ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին»։ Ղուլյանը ընդգծեց նաեւ, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվում է ձկան ռեստորան, Քննչական կոմիտեի շենքը եւ մի բնակելի շենք, որ ընդամենը երեք տարի առաջ է կառուցվել․ «Ուստի իրականությանը չի համապատասխանում այն, թե այդ տարածքում բնակելի շենքեր չկան, եւ այդ միտքը զուտ իրավիճակը ուռճացնելու համար է, հակառակ դեպքում այս ինստիտուտը պետք է գործեր Երեւանից դուրս՝ ամայի հատվածում, որպեսզի որեւէ մեկը չխանգարեր»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ իրենք ամենեւին կասկածի տակ չեն դնում ՊՈԱԿ-ի գործունեության կարեւորությունը։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին, որում առկա տեսագրությունը, ըստ նրա, փաստում է, որ շուրջ 60 մետր եւ ավելի հատված դեռ պետք է փորվի, իսկ փորված 50 մետրն էլ ոչ ամբողջական է, որոշ հատվածներ պետք է խորացվեն։ Նա նաեւ միջնորդեց ընկերության մի շարք աշխատակիցների որպես երրորդ անձ ներգրավել՝ պնդելով, որ կայացվելիք դատական ակտը անմիջականորեն առնչվում է նրանց աշխատանքային իրավունքներին եւ շահերին, հնարավոր է նաեւ՝ վարչական ակտի ոչ իրավաչափ ճանաչվելու պարագայում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարց առաջանա․ «Շինաշխատանքների արդյունքում վտանգված է տվյալ աշխատակիցների առողջությունը եւ կյանքը, աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովված չեն եղել շինարարության ընթացքում, մեծամասնությունը պարապուրդի է մատնված եղել»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ չեն պատճառաբանվել այն ուղղակի ազդեցությունները, որոնք դատական ակտով որպես իրավունքի խախտում կարող են առնչվել այդ անձանց իրավունքներին։ Դատարանը նաեւ առանց քննության թողեց Նաղդալյանի միջնորդությունը՝ գործով վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ։   Միլենա Խաչիկյան
17:44 - 01 փետրվարի, 2023
ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

Օրերս Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս oրենքն ընդունվել է 2000 թ․ և Սահմանադրության 2015 թ․ փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ, իսկ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: «ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում»,- ասվում է հիմնավորման մեջ։ Առանձնացրել ենք նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունները, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։   Գիտությունների ազգային ակադեմիան Առաջարկվող փոփոխություններից մի քանիսը վերաբերում են Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ)։  Առաջարկվում է օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող հոդվածում ավելացնել հետևյալ կետը․ «Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից ու կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը»: ԳԱԱ մասին օրենքով սահմանվում է, որ Ակադեմիայի կառավարման մարմիններն են Ակադեմիայի ընդհանուր ժողովը, Ակադեմիայի նախագահությունը և նախագահը: Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են ԳԱԱ նախագահը, նախագահության անդամները, ակադեմիկոսները և թղթակից անդամները, Ակադեմիայի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծով, փաստորեն, առաջարկվում է, որ ստեղծվի կառավարման խորհուրդ, որտեղ կներառվեն նաև լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ Գիտության կոմիտեի առաջարկած ներկայացուցիչները։ Սա նշանակում է, որ կառավարման խորհրդում կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ։ Գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է, որ այս փոփոխության նպատակը մասնակցայնությունն է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ ասում է, որ այսպիսի ներկայացուցչական կառավարումն ավելի կհեշտացնի կառավարության հետ երկխոսությունը։ «Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ բուռն փոփոխություններ են կատարվում։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում, հետևաբար ավելի ներկայացուցչական կառավարումը և պետական կառույցների հետ, տարբեր գերատեսչությունների հետ ավելի համահունչ գործունեությունը ժամանակի հրամայական է»,- նշում է Արթուր Իշխանյանը։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի խոսքով, եթե հիմա որևէ ծրագիր իրականացնելու համար իրենք դիմում են տարբեր գերատեսչությունների, նրանց հետ պաշտոնական գրագրություն վարում, ապա փոփոխություններն ընդունելու դեպքում ԳԱԱ կառավարման խորհրդում տարբեր ժամանակահատվածներում կներառվեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչը կարագացնի և կհեշտացնի երկխոսությունը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԳԱԱ ղեկավար կազմին։ Առաջարկվում է, որ երբ լրանա Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձանց 75 տարին, նրանց լիազորությունները դադարեցվեն։ Իսկ ԳԱԱ ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները։  Սարգիս Հայոցյանի խոսքով առաջարկվող այս փոփոխությունը նախևառաջ լուծում է ռոտացիայի հարցը, ինչպես նաև հաշվի են առնում մարդկանց ֆիզիոլոգիական գործընթացները։ Արթուր Իշխանյանն էլ նշում է, որ սովորաբար մարդու մասնագիտական ակտիվության գագաթնակետը 40-60 տարեկանի տիրույթում է, երբ նա մանագիտորեն բավականաչափ հասունացած է, համապատասխան ունակություններ ունի․ «Այսօր, ցավոք սրտի, ակադեմիայի անդամների միջին տարիքը գերազանցում է 75-ը։ Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք ակտիվության կորուստ։ ․․․․ Մենք գտնվում ենք ծանր աշխարհաքաղաքական վիճակում և եթե ուզում ենք իրականացնել փոփոխություններ, մենք չունենք այլ ռեսուրսներ, պիտի հենվենք մտքի, գիտության վրա, մեր երկրի ապագա զարգացման հիմքում պետք է լինեն գիտությունը, գիտատար տեխնոլոգիաները։ Իսկ դա, ժամանակակից աշխարհի օրինակն ասում է, որ պահանջում է մարդկանց, որոնք լեցուն լինեն ավյունով, աշխարհը փոխելու ցանկությամբ։ Իսկ դա հատուկ է երիտասարդությանը։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք բեկումնային, ճեղքումնային փոփոխություններ, ապա երիտասարդության ներգրավումը անհրաժեշտություն է»։   Գիտական սարքավորումների գնման գործընթացը  Նախագծով առաջարկվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում սահմանել հետևյալը․ «ՀՀ պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումներն իրականացվում են հրատապության սկզբունքով»: Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ խոսքը բյուջեի կապիտալ ծախսերով իրականացվող գնումների մասին է։ Եթե գիտական փոքր սարքավորումները հնարավոր է բյուջեի ընթացիկ ծախսերով ձեռք բերել, ապա մեծ սարքավորումները ձեռք են բերվում կապիտալ ծախսերով, և տվյալ դեպքում գնումն իրականացնում է Գիտության կոմիտեն։ Գիտկոմն, ի դեպ, արդեն հայտարարել է սարքերի ձեռբերման մրցույթ, որի շրջանակում սարքավորման գնումն իրականացնելու է ոչ թե հաղթող գիտական կազմակերպությունը, այ կոմիտեն։ Նախագծով առաջարկվում է Գիտկոմին հնարավորություն տալ հրատապության սկզբունքով ձեռք բերելու գիտական սարքավորումները, որպեսզի ձեռբերման գործընթացն ավելի արագ իրականացվի։ Պետք է շեշտել, որ փոփոխություններն ընդունելու դեպքում հրատապության սկզբունքով գնումներ իրականացնել կկարողանա միայն Գիտկոմը, և ոչ գիտական կազմակերպությունները։ Իսկ բյուջեի ընթացիկ ծախսերով գնումների համար, որոնք իրականացնում են գիտահետազոտական կազմակերպությունները, կշարունակեն գործել «Գնումների մասին» օրենքի կարգավորումները։  Անդրադառնալով գնումների գործընթացի վերաբերյալ գիտաշխատողների շրջանում պարբերաբար բարձրաձայնվող խնդիրներին (խնդիրների մասին մարամասն կարող եք կարդալ այստեղ)՝ Սարգիս Հայոցյանը նշում է, որ գիտական կազմակերպության ղեկավարի անձնական որոշմամբ գործող կարգավորումներով էլ հնարավոր է գիտական սարքերը մեկ անձից գնման ընթացակարգով և ոչ թե մրցութային եղանակով ձեռք բերել։ Գիտկոմի ղեկավարը նկատի ունի կառավարության՝ գնումների գործընթացը կարգավորող որոշման վերջին փոփոխությունները, որոնց համաձայն՝ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ հնարավոր է ավելի դյուրացված ընթացակարգերով գնում կատարել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը շատ է կարևորում առաջարկվող այս փոփոխությունը․ «Ես համաձայն եմ, որ այս կետը շատ բան դեռ չի փոխելու։ Ինչ-որ բաներ փոխելու են, անշուշտ, որովհետև, հուրախություն մեզ, անցած տարի եղավ բյուջեի ավելացում, և նախատեսվում է նաև, որ կավելանա այս տարի, հաջորդ տարի։ Այդ հավելումների մի զգալի մաս գնում է հենց նյութատեխնիկական բազայի արդիականացմանը։ Եվ անշուշտ, այդ ֆինանսներն այսկերպ կօգտագործվեն առավելապես  արդյունավետ։ Դա միայն մասն է ողջ պրոցեսի։ Բոլոր դեպքերում, շատ ուրախալի է, որ սառույցը տեղից շարժվեց»։ Գիտաշխատողների հավելավճարներ Նախագծում ևս երկու կարևոր փոփոխություն է առաջարկվում։ Առաջարկվում է օրենքում սահմանել հետևյալը․ «Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը»։ Այս փոփոխություններով, փաստորեն, առաջարկվում է կոնկրետացնել հավելավճար ստացողների շրջանակը, և հավելավճար կստանան լրիվ դրույքով աշխատող և բազային ծրագրերում ներգրավված գիտաշխատողները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը սա համարում է նախագծի ամենակարևոր կետերից մեկը։  «ՀՀ-ում վերջին 30-ամյակի ընթացքում, ցավոք սրտի, եկեք օգտագործեմ այսպիսի  բառ, արտադրվել են մեծ թվով գիտության թեկնածուներ, որոնք թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո հեռացել են գիտությունից, որևէ առնչություն չունեն գիտական ոլորտի հետ։ Սա առանձնապես ցավալի խնդիր է հումանիտար ոլորտում, որտեղ  մոտ 2000-ի է հասնում այդպիսի մարդկանց թիվը։ Այժմ հստակեցվում է, որ հավելավճար տրամադրվում է միայն  գործող գիտնականներին»,- նշում է պրոֆեսոր Իշխանյանը։  Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, թե որ գիտաշխատողներն են կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար ստանալու։ Ըստ գործող կարգավորումների՝  գիտական աստիճան ունեցող անձինք, կենսաթոշակից բացի, ստանում են նաև հավելավճար։ Առաջարկվում է սահմանել հետևյալը․ «Պետությունը գիտական կազմակերպությունում և բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար»։ Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է՝ կան դեպքեր, երբ մարդիկ գիտական աստիճան են ստանում, սակայն գիտությամբ չեն զբաղվում, և այս փոփոխություններով կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար կստանան նրանք, ում հիմնական զբաղմունքը գիտությունն է եղել։ Սարգիս Հայոցյանի խոսքով սա նաև սոցիալական երաշխիքներ կստեղծի և կնպաստի գիտության մեջ սերնդափոխությանը․ «Տնօրենների վրա որոշ չափով սոցիալական պատասխանատվություն կա, երբ տարեց գիտաշխատողին աշխատանքից ազատելիս փաստացի շատ դեպքերում նրան դնում են ֆինանսական անբարենպաստ պայմանների մեջ։ Այսինքն՝ սոցիալական պատասխանատվության որոշակի բեռ թոթափվում է, ու դրա արդյունքում, եթե դու կարողանում ես վաստակած հանգստի ճանապարհել քո 70 տարեկան աշխատակցին, հետևաբար ընդունում ես նաև երիտասարդ գիտաշխատողների ազատված հաստիքներում, և դա էլ արդեն սերնդափոխության մեխանիզմն է»։  Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ինչպես է լուծվում բավարար քանակով երիտասարդ կադրեր ուենալու հարցը՝ Գիտկոմի նախագահը նշում է․ «Մենք 27 տարբեր տեսակի ծրագիր ունենք, բոլորի մեջ առնվազն պարտադիր է երիտասարդի առկայությունը, իսկ հեռավար և ինտեգրման ծրագրերում առհասարակ երիտասարդ ղեկավար և հիմնականում երիտասարդ խումբ պետք է լինի։ Փորձում ենք երիտասարդության բացը լրացնել այդ ծրագրերով, ավելի ժամանակակից հետազոտություններով զբաղվելու համար արտերկրից ղեկավարով հեռավար լաբորատորիաների ծրագիրն ենք անում։ Մնացած գրեթե բոլոր ծրագրերում անպայման պետք է լինի արտերկրի առաջատար գիտնական խորհրդատու։ Առաջիկա մրցույթներում երիտասարդ կատարողների տարիքային շեմն իջեցրել ենք մինչև առաջին կուրսի ուսանողների, որոնք պետք է հանդիսանան առարկայական օլիմպիադաներում դիպլոմներ ունեցող համապատասխան ուղղությամբ սովորողներ»։  Գիտկոմի դրամաշնորհային ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։   Այլ փոփոխություններ Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հետևյալը․ «Կառավարությունը հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ կատարողականի ցուցանիշները»։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունոը թույլ կտա կարգավորելու գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, որոնց պատճառով «ներկայումս գործնականում անհնար է ունենալ արդյունքների համադրելիություն»:  Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ այս փոփոխությունը գիտահետազոտական կազմակերպությունների ներսում չափողականությունների կարգավորման հարցն է լուծում․ «Եթե մենք խոսում ենք լաբորատորիայի մասին, իմանանք, որ, դիցուք, առնվազն 10 հոգանոց մի միավորման մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ մեկը կարող է գալ, ասել՝ ես լաբորատորիայի վարիչ եմ, 2 հոգով ենք այդտեղ աշխատում, մեկ ուրիշը 20 հոգանոց լաբի վարիչ լինի։ Այսինքն՝ այդ չափողականությունների կանոնակարգման հարցն է, որովհետև դրանից հետո էլ լաբորատորիայի կատարողականը պիտի լինի։ Եթե լաբորատորիա ես, դիցուք, այսքան գիտական արդյունք պետք է տաս, եթե խումբ ես՝ այսքան և այլն»։ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը վաղը կուղարկվի կառավարություն։ Մինչ այդ այն բաց է առաջարկների համար։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև ուղարկվի խորհրդարան։ Խորհրդարանում երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո միայն նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։   Գլխավոր լուսնկարը՝ Սարգիս Խարազյանի Աննա Սահակյան
17:07 - 29 դեկտեմբերի, 2022
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

ՀՀ վարչական դատարանում երեկ սկսվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նախորդ ամիս դատարանը նախքան դատական նիստ հրավիրելը բավարարել է այն, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունը, որը գործով որպես երրորդ անձ է ներգրավվել, իր հերթին միջնորդել է դատարանին վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։  Դատարանը արգելեց նիստի լուսանկարահանումը  Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը դատարանում քննվում է դռնբաց (բացառությամբ օրենքով սահմանված հիմքերի), որին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն, իսկ լուսանկարահանումը, նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, կատարվում է դատավարության՝ նիստին ներկա մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ: Ըստ նույն  հոդվածի՝ եթե դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: Երեկվա դատական նիստին, երբ Infocom–ը խնդրեց դատարանի թույլտվությունը նիստի լուսանկարահանման համար, նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը առանց կողմերի դիրքորոշումը ճշտելու հայտարարեց, որ չի թույլատրում իրեն լուսանկարել։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն իրենց լուսանկարելու վերաբերյալ, ինչին արձագանքելով՝ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավորը, արձանագրելով, որ կողմը եւս դեմ է, ցանկացավ շարունակել նիստը, սակայն մենք խնդրեցինք հայտնել մյուս կողմերի՝ հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումը՝ մեջբերելով նաեւ վերոնշյալ հոդվածի պահանջները։ Դատավորը, սակայն, նշեց, որ մենք անհարկի ձգձգում ենք դատական նիստը եւ այդպես էլ առանց հայցվորի ու պատասխանողի դիրքորոշումը սահմանված ընթացակարգով ճշտելու՝ սահմանափակեց լուսանկարահանման մեր իրավունքը։  Թեեւ նիստը դռնբաց էր, ՊՈԱԿ–ի բազում գիտաշխատողներ հնարավորություն չունեցան ներկա գտնվելու նիստերի դահլիճում, քանի որ այն չափազանց փոքր էր, տեղերը՝ խիստ սահմանափակ։ Արդյունքում, վերջիններս ստիպված եղան դռան հետեւից՝ միջանցքից, ոտքի վրա հետեւել նիստի ընթացքին։ Կառուցապատող ՓԲԸ–ի կարծիքով՝ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը  Ներկայացնելով միջնորդությունը՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նախ հայտնեց, որ նախքան շինթույլտվությունը ստանալը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով․ «Մինչ այս գործող ջրանցքը անցնում էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության պողոտա 26/1 հասցե հողատարածքով։ Ըստ հաստատված նախագծի՝ պետք է իրականացվի արդիականացում եւ շրջանցում, որպեսզի ընկերության հողատարածքից դուրս լինի ջրանցքը, միեւնույն ժամանակ քանի որ ջրանցքը նախկին կառույց է, բաց ջրատարով է հոսում, արդիականացման արդյունքում ժամանակակից խողովակաշարով է անցնելու եւ նախ, խուսափելու ենք ջրի կորստից, որովհետեւ մինչ այս կատարված հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տոկոս կորուստ է եղել, դրանից բացի, նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն է բարելավվելու, տարածքն ասֆալտապատվելու է, բերվելու է բավականին նորմալ տեսքի»,– նշեց նա՝  հավելելով, որ դրա արժեքը մոտ 87 միլիոն դրամ է, ինչը ՓԲԸ–ն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը ընդգծեց, որ ոչ ոք, այդ թվում՝ հայցվորը, չի առարկում, որ բարեկարգման կամ խնայողության տեսանկյունից նախաձեռնությունը պիտանի է, այլ նշում է, որ այն շինարարությունը, որ իրականացվում է, եւ այն մեթոդով, որ իրականացվում է, վտանգ է ներկայացնում ՊՈԱԿ–ի եւ ՊՈԱԿ–ի աշխատակիցների համար։ Սա հաշվի առնելով՝ դատավորը հորդորեց միջնորդությունը ներկայացնել այս մտավախությունը փարատելու համատեքստում։ Շարունակելով իր ելույթը՝ Մարիամ Ղուլյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վարչական ակտի կասեցման հիմքերի վերաբերյալ, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ եւ դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձեւավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանություն։ Ըստ Ղուլյանի՝ հայցվորի միջնորդությամբ չի ապացուցվել հիմնավոր կասկածը, որ շինարարությունը վերջինիս զգալի վնաս կպատճառի․ «Միջնորդությամբ նշվել է, որ ծանր տեխնիկայի կիրառումը վտանգում է աշխատակիցների կյանքն ու առողջությանը, վնաս է պատճառում լաբորատորիայում գտնվող գերզգայուն եւ թանկարժեք սարքավորումներին, սակայն այդ սարքավորումների ցանկը, ինչպես նաեւ տատանման մասով որեւէ հիմնավորում չի ներկայացվել»,– ասաց նա։ Ղուլյանի խոսքով՝ շինաշխատաքների հիմնական մասն արդեն իսկ արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ․ «Իսկ նման վերացական հիմնավորմամբ կարելի է միջնորդել, որ կասեցվի ՀՀ տարածքում իրականացվող բոլոր շինաշխատանքները, որովհետեւ միշտ էլ կարող են ձայնի կամ այլ առումներով փողոցի շինաշխատանքները որեւէ մեկին անհարմարություն պատճառել, բայց դա չի նշանակում, որ պետք է որեւէ շինաշխատանք ՀՀ–ում չիրականացվի»։ Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՓԲԸ–ն, դրսեւորելով բարձր պատասխանատվություն, կնքել է պայմանագիր, որի շրջանակում պետք է իրականացվի հետազոտություն եւ տրվի եզրակացություն՝ շինաշխատանքների արդյուքնում հայցվոր ընկերության շենքի կոնստրուկտիվ տարրերի եւ այդ շենքում սարքավորումների վրա ազդեցության մասով։ Բացի այդ, կնքել է ապահովագրական երկու պայմանագիր, որով ապահովագրվել են շինաշխատանքների հետեւանքով երրորդ անձանց պատճառված մարմանական եւ գույքային վնասները։ Մարիամ Ղուլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքների կատարումը կրում է հրատապ բնույթ, քանի որ ջրատարը ունի հանրային մեծ նշանակություն․ այն միակ ջրատարն է, որ սպասարկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական տարածքների կանաչապատ տարածքների եւ անտառտնտեսությունների, ինչպես նաեւ Ջրաշեն, Մուշավան, Նոր Խարբերդ այգեգործական ընկերությունների ոռոգման ջրի մատակարարումը․ «Առկա պայմաններում հիշյալ շրջանները ամբողջովին կզրկվեն ոռոգման ջրի մատակարարումից, իսկ շինարարության նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընտրությունը պայմանավորված է հենց ոռոգման սեզոնի ավարտով, երբ հնարավոր է եղել ջրատարը ապամոնտաժել»,– ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքները ավարտել մինչ 2023 թ ոռոգման ժամանակաշրջանը՝ մարտ ամիսը։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը միացավ ՓԲԸ–ի դիրքորոշմանը։ Դատավորը խնդրեց հայտնել միջնորդության իրավական հիմքերը Նախագահող դատավորը հիշեցրեց, որ շինաշխատանքները կասեցնելու մասին դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կողմը իրավունք ուներ այն բողոքարկել վերադաս դատարանում, եւ խնդրեց հայտնել, թե իրավական ինչ հիմքով է ՓԲԸ–ն միջնորդություն ներկայացնում նույն դատարանին, այլ ոչ թե բողոք՝ վերադաս, այսինքն՝ Վերաքննիչ վարչական դատարանին։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը նշեց, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք եւս ներկայացվել է, սակայն այն դեռեւս չի քննվել։ Միեւնույն ժամանակ Ղուլյանը կարծիք հայտնեց, որ նույն դատարանը եւս զրկված չէ իր որոշումը փոխելու հնարավորությունից եւ մեջբերեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, որի հիման վրա էլ նա ներկայացրել է միջնորդությունը։  Հիշյալ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Դատավորը, սակայն, նշեց, որ հիշյալ հոդվածը կասեցման որոշումը փոփոխելու լիազորություն դատարանին տալիս է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կողմի միջնորդության հիման վրա, ապա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այն իրավիճակի հանգուցալուծումը, երբ ինքը, ենթադրենք, բավարարի կառուցապատողի միջնորդությունը, շինաշխատանքները վերսկսվեն, որից հետո Վերաքննիչ դատարանը մերժի ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ կասեցման որոշումը, ամեն դեպքում, օրինական էր։ Այդ դեպքում ծագելու է այն հարցը, թե որ դատարանի որոշումն է պետք հիմք ընդունել․ «Եթե այս միջնորդության քննության արդյունքում կայացվի կասեցումը վերացնելու որոշում, ապա Վերաքննիչ դատարանում տվյալ բողոքի շարունակության իմաստը այլեւս չի լինի»,– պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ առկա է այդպիսի դատական պրակտիկա։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ շինաշխատանքները կասեցնելու որոշում կայացնելիս դատարանի տրամադրության տակ միայն հայցվոր կողմի ապացույցներն են եղել, եւ այս առումով իրենց դիրքորոշումը կարող է նշանակալից լինել։ Տիգրան Նաղդալյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը մի շարք հարցեր հղեց կառուցապատող ընկերությանը` այդ թվում, հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, թե ՊՈԱԿ–ի տարածքում քիմիական ինչ նյութեր են պահվում, վտանգավորության ինչ աստիճան ունեն դրանք, ինչ սարքեր են առկա եւ ինչ նշանակության։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ նախքան շինաշխատանքների կատարումը իրենք դիմել են՝ խնդրելով տրամադրել հիշյալ սարքավորումների, նյութերի ցանկը հենց այդ ամենը հասկանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։  Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չեն պատասխանել դիմումին, ինչին արձագանքելով՝ Նաղդալյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ «Հայտնեիք, որ պետական գաղնտիք է»,– ասաց դատավորը։ «Մենք պարտավոր չենք պատասխանել, հանդիպում եղել է, այդ ժամանակ տեղեկացրել ենք, որ կան սարքավորումներ, որոնք երկակի նշանակության են, այսինքն՝ եւ քաղաքացիական, եւ ռազմական, իրականացվում են փորձարկումներ, որոնք ռազմական բնույթի են, դրանք եւս չեն կարող բացահայտվել»,– ասաց Նաղդալյանը՝ հավելելով միայն, որ ՀՀ–ում սնդիկի ողջ պաշարները այդտեղ են պահվում։  Նաղդալայնը նաեւ չհամաձայնեց այն պնդմանը, թե գործող ջրանցքով հնարավոր չէ ոռոգման ջրի մատակարարում իրականացնել։ Ակնհայտ անհիմն որակելով ներկայացված միջնորդությունը՝ նա դատարանին խնդրեց այն մերժել։  Որպես ապացույց՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց լազերային 11 կրիչ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, թե շինաշխատանքները ինչպիսի ցնցումներ են առաջացնում կենտրոնում․ «Ցնցումները ուղղված չեն միայն սարքերի փչացմանը, օրերով իրականացվում են քիմիական սինթեզներ, փորձաքննություններ տարբեր մարմինների, ՊՈԱԿ–ի գիտահետազոտողների կողմից, ուսումնական գործընթաց է իրականացվում, շուրջ 300 ուսանողներ ուսումնառում են այնտեղ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումների հետեւանքով փորձաքննությունների տվյալները ճշգրիտ չեն ստացվում։ Ըստ Նաղդալյանի՝ աշխատողների կյանքը եւ առողջությունը եւս վտանգված է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը անհնար է դարձել, եւ անձինք հարկադրված պարապուրդի են մատնվում։ Արդյունքում, Կենտրոնի 131 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ՊՈԱԿ–ի տնօրեն Սահակ Գասպարյանին՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ այն հիմնավորմամբ, որ շինարարությունը խաթարում է իրենց բնականոն աշխատանքը, առաջացած աղմուկը եւ տատանումները բացասաբար են անդրադառնում աշխատակիցների մտավոր գործունեության վրա, ցնցումներից ապակիները դղդրում են, ապակյա տարաները եւ փորձանոթները՝ ցնցվում, իսկ լաբարատոր կշեռքները եւ սարքավորումները խախտվում ու խաթարվում են։ Դրանից բացի, ըստ Նաղդալյանի, վտնագված են ծառայությունների մատուցման, այդ թվում արտասահմանյան պատվիրատուների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, բազմաթիվ գիտական թեմաների իրականացման ժամկետները, իսկ շինաշխատանքների հետագա իրականացման դեպքում դրանք կդառնան անհնարին։ Նաղդալյանը դատարանին ներկայացրեց մի շարք պայմանագրեր եւ համագործակցության հուշագրեր տարբեր համալսարանների հետ։  Խոսելով արդեն իսկ կրած վնասների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վնասվել է իրենց մասնաշենքերից մեկին մատակարարող ջրի խողովակը, որոշ ժամանակով ջրամատակարարումը այդտեղ դադարեցվել է, հետագայում ժանգաջուր է եկել, իսկ խողովակը խամուտով ամրացվել է։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ղուլյանը ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել ամբողջովին փոխելու վնասված խողովակը, սակայն ՊՈԱԿ–ը չի համաձայնել։  Ըստ Նաղդալյանի՝ փոխվել է նաեւ այն կենդանիների վարքագիծը, որոնց վրա որոշակի փորձարկումներ են իրականացվում․ «Վնաս ենք դիտարկում նաեւ այն, որ գիտական թիմը օրեր շարունակ փորձարկում է իրականացնում, տվյալներ է ստանում, որ վերլուծի, սակայն հետո պիտի նույնը նորից իրականացնի, քանի որ շինաշխատանքների դեպքում դրանց դադարեցվում են»։ Փաստաբանը կարեւորեց այն հանգամանքը, որ փորված հատվածը հանդիսանում է անվտանգության եւ տարհանման մուտք ու ելք եւ տեխնածին աղետների կամ հրդեհաշիջման աշխատանքների համար մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ 2017–ին, օրինակ, 5-րդ մասնաշենքի նկուղում բավականին խոշոր հրդեհ է եղել, տարհանման աշխատանքներ են իրականացվել, տեխնիկա է մուտք գործել հենց այդ ճանապարհով։ Նաղդալյանն ընդգծեց նաեւ, որ շինարարական աշխատանքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո անգամ շարունակվել են, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Եզրափակելով իր ելույթը՝ փաստաբանը միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով, որպեսզի ավելի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։  Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար։    Միլենա Խաչիկյան
12:59 - 13 դեկտեմբերի, 2022
ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար։ Նախանշված նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ։ Ըստ համաձայնագրի՝ համագործակցության շրջանակում կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և ակադեմիական այլ միջոցառումներ։
15:34 - 30 նոյեմբերի, 2022
Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է,  քան ամբողջ օրգանական քիմիան․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն

Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն

Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան։ Այսօր Մեդիա կենտրոնում «Զարկ տալ գիտությանը՝ հնարավորինս անհարմարություններ պատճառելով գիտնականներին» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի հարց հնչեցրեց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյանը՝ անդրադառնալով կենտրոնի շուրջ վերջերս տեղի ունեցող իրադարձություններին։  2007 թ․-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանը ու ջրանցքի մի մասը օտարվել են մասնավոր ընկերության։ Դրանից հետո տարածքը 5 անգամ վերավաճառվել է մասնավոր ընկերությունների, իսկ 2019 թ․-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է ձեռք բերել տարածքը և այնտեղ նախատեսում է բազմաբնակարան համալիր կառուցել։ Իսկ վերջերս քաղաքապետարանն առանց գիտնականների համաձայնության որոշել է ինտիտուտի տարածքում գտնվող և կառավարության որոշմամբ մասամբ պատմամշակութային արժեքը կորցրած «Աբուհայաթ» ջրանցքի մի մասը տեղափոխել կենտրոնի տարածք։  Գիտնականները դատարանում բողոքարկում են այս որոշումը, իսկ օրեր առաջ ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի և Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դիմաց։  Նախօրեին էլ գիտնականները ահազանգում էին, որ աշխատանքային ժամի ավարտից հետո կառւոցապատողը կոտրել է կենտրոնի դարպասը։ «Սկսվել է ջրանցքի տեղափոխությունը, որի շինթույլտվությունը տրվել է առանց գիտնականների համաձայնության։ Մեր տարածք մտնելու համար մեզանից գոնե պիտի հարցնեին։ Այդ թույլտվությունը իրենք չունեն։ Բացի դրանից՝ գիշերով գալիս են, մեր աշխատանքային ժամից հետո մեր դարպասները կոտրում են։ Եթե քաղաքապետարանը իրավասու է պետական գույքը վնասելու թույլտվություն տալ, դա արդեն ուրիշ բանի մասին է խոսում»,-ասաց Կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։ Նա ընդգծեց՝ իրենց խնդիրը կառուցապատողի հետ չէ, նրա խոսքով՝  նախարարություններում, քաղաքապետարանում չեն գիտակցում՝ ինչ են անում․ «Կամ գիտակցում են, որովհետև անհամատեղելիության սկզբունքով կարելի է լինելու ասել՝ այս բնակելիին շատ մոտ գիտահետազոտական, այն էլ՝ քիմիական կենտրոն իրավունք չունի լինել։ Կամ կփակեն, կամ ձևական կտեղափոխեն։ Այս գործողությունները առանց հստակեցման վնասելու են։ Ապագային միտված որևէ գործառույթ չես կարող պլանավորել, նախագծել, որովհետև երբ նախագծում ես, այնպես չի, որ մի օրվա մասին պետք է մտածես կամ կես տարվա։ Գոնե առաջիկա 5-7 տարվա մասին պետք է ունենալ պատկերացում։ Հիմա ամենալավ բանը, որ տեղի է ունենում, գիտության ֆինանսավորման ավելացումն է։ Մենք անցած տարի 354 միլիոն դրամ արժողությամբ նոր սարքեր ձեռք բերելու դրամաշնորհային ծրագիր ենք շահել, այս տարի արդեն 425 միլիոնից ավելի էր, և սարքերի պարկը համալրվում է, գիտնականների աշխատավարձը բարձրանում է, բայց, միևնույն ժամանակ, դրամաշնորհ իրականացնելու տեղին վնասում են»։  Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն ասաց՝ այս ամենը տեղի է ունենում բիզնես ներդրում իրականացնելու հիմնավորմամբ, սակայն բիզնես ներդրումը պետությանը պիտի օգուտ տա, աշխատատեղ ստեղծվի․ «Սա բիզնես ներդրում չի կարելի համարել, որովհետև իրենց համար շատ էժան տարածք են ձեռք բերել մի կերպ և ուզում են առավելագույն օգուտ ունենալ՝ կառուցելով բազմահարկ շենք՝ գրասենյակային տարածքներով և այլն։ Այդ ամբողջը իրենք սարքելու են, վաճառելու են ու վերջ»։ Կենտրոնի փոխտնօրեն Մովսես Հարությունյանն էլ նշեց՝ շինարարության ընթացքը խանգարում է գիտնականների բնականոն գործունեությանը․ «Ճիշտ է, դեռ մեր տարածք չեն մտել․ դարպասները ջարդել են, բայց երկու կորպուս գիտնականները ամեն օր բողոքում են, որ չեն կարողանում աշխատել աղմուկից։ Սա արտադրություն չի, գիտական աշխատանք է, գիտնականը մտածում է։ Շատերն ասում են՝ թույլտվություն ունեն, թող թույլտվությունը բացեն, կարդան։ Գրած է «26/1 հասցեում ոռոգման համակարգի արդիականացում»։ Ես չեմ հասկանում, հայերեն չգիտե՞ք։ Արդիականացումը տեղափոխում չի, իսկ գծագրերով տեղափոխում է։ Պետությունը գումարներ է ծախսում գիտության համար, բարձրացրել է ֆինանսավորումը, բայց  գիտնականները գումարը ստանան, աշխատանք չանե՞ն»։ Տնօրեն Սահակ Գասպարյանն էլ ընդգծեց, որ բազմիցս նամակներ են գրել վարչապետին ու նախարարություններին, բայց ապարդյուն․ «Սակայն անձամբ ինքս դարձել եմ ֆուտբոլի գնդակ, և նման է հայկական ֆուտբոլի թիմի, այսինքն՝ վերջում գնդակը հայտնվում է մեր դարպասում, մենք տուժում ենք։ Անձամբ ես դիմել եմ վարչապետին, որպեսզի համապատասխան մասնագետների հրավիրի, քննարկենք այս հարցը։ Իր կիրառած բառերով՝ պիտի ինստիտուցիոնալ լուծում տրվի այս հարցին։ Եթե մենք պիտի տեղափոխվենք, մինչև տեղափոխվելը ոչ մի շինարարական աշխատանք չի կարելի թույլ տալ։ Եթե մեզ չեն տեղափոխելու, ես առաջարկել եմ նույնիսկ վարչապետին և նրանց, ում դիմել եմ, կամ համարեք գերակա շահ, որովհետև մեր կենտրոնը կարևոր նշանակություն ունի, հետ գնեք իրենցից, սա դարձնենք նորմալ կենտրոն, կամ փոխանակի, ուրիշ տարածք առաջարկի»։Անդրադառնալով ակադեմիական քաղաք հիմնելու մասին վարչապետի հայտարարությանը՝ Գասպարյանն ասաց՝ այդ քաղաքն արդեն կա․ «Մեր տարածքին հարակից քանի՞ գիտական ինստիտուտ կա․ Ֆիզիկայի ինստիտուտը, Կենսաքիմիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ իրարից 200-300 մետր հեռավարության վրա։ Ի՞նչ իմաստ ունի ծախսեր անել, այդ ամենը տեղափոխել այլ քաղաք, արդեն կա այդ քաղաքը»։   Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջիցՆանե Ավետիսյան
14:33 - 24 նոյեմբերի, 2022
Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին նախ Երևանի քաղաքապետարանի, ապա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առջև։ Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դեմ են արտահայտվել այս գործընթացին՝ պնդելով, որ դա կվնասի գիտական կառույցի բնականոն գործունեությանը։Այսօրվա բողոքի ակցիայի պատճառն էլ այն է, որ օրեր առաջ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները այցելել են Գիտատեխնոլոգիական կենտրոն ու հայտարարել, որ իրենց տարածքով անցնող ջրանցքը Կենտրոնի տարածք տեղափոխելու շինթույլտվություն ունեն։ Կենտրոնը, սակայն, այդ մասին նախապես չի ծանուցվել։Բողոքի ակցիային մասնակցող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը վաղուց կա, սակայն վերջին տարիներին անընդհատ տեղեկություններ են ստանում նոր հատվածների օտարման մասին․ «Ցավալին այն է, որ ոչ մի անգամ ո՛չ կենտրոնի տնօրինությունը, ո՛չ աշխատակիցներից որևէ մեկը ոչ քաղաքապետարանից, ոչ նախարարություններից, ոչ էլ համապատասխան բաժիններից նախապես ծանուցում չի ստանում։ Ամեն անգամ իմանում ենք հենց կառուցապատողից։ Նախնական խնդիրը մեր ջրավազանի տարածքի օգտագործումն էր։  Մարդիկ մի անգամ գիշերով եկան, ջարդեցին, մտան, այդ ամեն ինչը անցավ գնաց։ Սկզբում հորատման գործընթացն էր, բայց շինթույլտվությունը չկար, բայց անցած շաբաթվա մեջ եկան, զգուշացրին, որ ունեն իրավունք վերջերս փոփոխված կարգավիճակ ունեցող ջրատարի հատվածը փոխելու, մեր տարածքով անցկացնելու։ Այդ ջրատարը անցնում է  քիմիական երկու մասնաշենքերի դիմացով, այսինքն՝ տեղափոխելու դեպքում իրենք պետք է մեր ճանապարհը օգտագործեն»։Հարությունյանն ասում է, որ սպասվող շինարարական պրոցեսը խանգարելու է Կենտրոնի բնականոն աշխատանքին, սակայն ավելի կարևոր հանգամանք կա․ Քիմիական երկու մասնաշենքերում կան քիմիական պահեստներ, որոնք բավականին խորն են և ցանկացած տեսակի գործընթացի դեպքում խնդիր է լինելու նաև աշխատակիցների համար․ «Մինչև այս էլ մենք բարձրաձայնել ենք, որ ինստիտուտում կան բավականին հզոր ու նուրբ սարքեր, այդ սարքերից նորերն ենք ստանալու և ունենալու ենք սարքերի խափանում։ Մենք ամեն օր սարքի համար դիմում ենք ներկայացնում, շահում ենք, բայց փաստացի ունենում ենք խնդիր նաև այդ ուղղությամբ»։  Նրա խոսքով՝ քաղաքապետարանից պահանջում են, որ իրենց տրվի շինթույլտվությունը հաստատող փաստաթղթերը, պատասխանատու կառույցները հաշվի նստեն Կենտրոնի տնօրինության հետ, բոլոր տեսակի քննարկումները իրականացվեն համատեղ։Արփինե Հարությունյանի խոսքով՝ կառուցապատողները դեռևս չեն մտել ինստիտուտի տարածք, տարածքից դուրս՝ ջրամատակարարման հետ կապված են գործողություններ իրականացնում։Հարությունյանի պնդմամբ՝ Հայաստանում ամեն քայլափոխի նորակառույցներ կան, որոնք ոչինչ չեն տալու, և երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ «Այսօր մեր կենտրոնում բազմաթիվ դրամաշնորհներ կան, ունենք միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։ Ստացվում է՝ մենք մի տեղում պիտի զբաղվենք գիտությամբ, հաջորդ պրոցեսում ստիպված լինենք պայքարել մեր կառույցի համար․․․դա անհեթեթ է։ Բացի այդ՝ այսպիսի կառույց մենք չունենք Հայաստանում։ Եթե Հայաստանում պիտի քիմիա գիտությունը զարգանա ու շարունակվի, ուրեմն պետությունը պիտի հասկանա, որ նախ անհրաժեշտ է  ունեցածը պահել, դրա վրա զարգացնել, ոչ թե քանդել, դրանից հետո որոշի՝ սարքել, թե չսարքել։ Մենք պարբերաբար ունենում ենք ուղեղների արտահոսք, իսկ կենտրոնի չլինելը հանգեցնելու է աշխատակիցների արտահոսքի դեպի այլ կառույցներ, որը ենթադրում է սովորական արտադրական պրոցես, ինչը գիտություն չէ։ Երկրորդ խնդիրը Հայաստանից դուրս գալն է։ Այսինքն՝  պետությունը պիտի ընտրի՝ երիտասարդին թողնում է Հայաստանում, թե ասում է՝ դուրս արի։ Եթե մարդիկ սովորել են, աշխատել են, ունեն ինչ-որ հստակ պլաններ, գործառույթ, դա փոփոխելը՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ճիշտ չէ»։ Գիտաշխատողը վստահ է նաև՝ Կենտրոնին այդքան մոտ ապրող բազմաբնակարան շենքի բնակիչները մի օր անհարմարություն են զգալու, և դրվելու է Կենտրոնի աշխատել-չաշխատելու, այնուհետև Կենտրոնը տեղափոխելու հարցը․ «Բայց եթե անգամ տեղափոխելուց խոսեն, պիտի ունենան կառույց, իսկ այսօր, քանի որ մենք այդ ամենը չունենք ու մեզ հստակ որևէ պլան չի տրվել, գործերի հաջորդականություն չի ներկայացվել, մենք պայքարելու ենք մեր ունեցածի համար»։  Քիչ հետո Երևանի քաղաքապետարանում ընդունեցին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությանը։  Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական գույքի կառավարման կոմիտեն համաձայնություն էր տվել, որպեսզի քաղաքապետարանը  ջրանցքի անցկացման շինթույլտվություն տա կառուցապատողին։ Դրանից հետո Կենտրոնի աշխատակիցները շարժվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։ Կենտրոնի տնօրինությունն էլ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ու ՏԿԵ փոխնախարրի հետ։ Կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը, ով մասնակցել էր Քաղաքապետարանում ու ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպումներին, մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանում կար շինթույլտվությունը հաստատող փաստաթուղթ, որը իրենց տրամադրելու են․  «Մարդիկ չեն տիրապետում այդ խնդիրները ճիշտ լուծելու գործընթացին։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթ կա շինթույլտվության վերաբերյալ, ասում են՝ ոչ մի փաստաթուղթ չկա, քաղաքապետարանում պարզվում է, որ փաստաթղթեր կան։ Նույն օրը, երբ դիմել ենք քաղաքապետարան, այստեղից պատասխան է եկել, որ շինթույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց պարզվեց, որ քաղաքապետարանում փաստաթուղթ կա, որը դարձյալ չտրամադրեցին, որովհետև պաշտոնական պատասխանով են տալու։ Այդ փաստաթուղթը մեզ անհրաժեշտ է դատարանում բողոքարկման համար․ այստեղ  հանցավոր անգործությունից սկսած հանցավոր համաձայնությունով վերջացրած ամեն ինչ երևում է, որովհետև մարդիկ փորձում են, այսպես ասած, խոչընդոտները վերացնելով, անհամատեղելի շենք կառուցել մի վայրում, որտեղ չի կարելի։ Ժամանակին, երբ այդ տարածքը օտարվել է, եղել է օտարման ոչ ենթակա, ու այդ պահանջով քաղաքապետարանը պիտի գնար, վերականգներ իր իրավունքները այդ հողակտորի հանդեպ, որն էլ չի արվել։ Տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել, ու փորձում ենք հասկանալ՝ ընդհանրապես ուր ենք գնում, որովհետև այդ շինարարությունը ու Կենտրոնը անհամատեղելի են»։ Իսկ ՏԿԵ նախարարությունում կենտրոնի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց խնդիրները ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ու ՏԿԵ փոխնախարարը վաղը գալու են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։ Նանե Ավետիսյան  
18:42 - 16 նոյեմբերի, 2022
Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը

Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ: Ներկայացնում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ուղերձը. «Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու գիտության կարևոր դերը մարդկության կյանքում, պետությունների զարգացման գործում, ընդգծելու գիտնականների դերը, ովքեր բացահայտում են անհայտը, ստեղծում՝ նորը: Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր գործունեությամբ զարգացնում է Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունները: Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը շնորհավորում է գիտական հանրությանն այս օրվա կապակցությամբ: Մեր հարգելի գիտնականներին մաղթում ենք մասնագիտական հաջողություններ: Հավատացե՛ք Ձեր ուժերին, համառորեն շարժվե՛ք դեպի զարգացում և նորարարություններ, առաջ տարե՛ք Ձեր գաղափարները: Յուրաքանչյուր օրը Ձեզ համար նոր հնարավորություն է»:
16:23 - 10 նոյեմբերի, 2022