Հայկ Չոբանյան

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախկին նախարար։ 

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում: 1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն եւ «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահ:

 

 

 

Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար: «Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև դրված խնդիրների իրականացման գործում։ Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է դրված: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։
17:47 - 24 մայիսի, 2021
Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։    Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։    Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը` այդ ծրագրերն արագ իրագործելու համար։ Նա ընդգծել է կրթության որակը բարձրացնելու, տեխնոլոգիական ոլորտում այլընտրանքային  կրթության միջոցով որակյալ կադրերի ապահովման անհրաժեշտությունը։    Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ ձևավորելու համատեղ գործունեության առաջնահերթությունները։   
19:58 - 20 մայիսի, 2021
ԲՏԱ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

ԲՏԱ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 14-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը: Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը: Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաև ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական և կրթական ընդհանրությունները: Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման և կիբերանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը և ներկայացրել իրենց երկրի մոդելը: Իրաքյան Քուրդիստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը գտնվում է մշակման փուլում: Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:
19:33 - 14 մայիսի, 2021
Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ. Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին

Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ. Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։ Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10 տարի առաջ ասոցիացիան էր զբաղվում այն նույն խնդիրներով, ինչով հիմա մենք։ Եվ, եթե այսօր մենք հաջողություն ունենք՝ միայն ոլորտի  շնորհիվ է․ ոլորտը և՛ ռազմավարությունն է մշակել, և՛ այն իրականացրել, և՛ բիզնեսով է զբաղվել, և՛ արժեք է ստեղծել»,- ասել է Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամ են համագործակցելու, մեկ թիմում աշխատելու՝  բարձր նշաձող ապահովելու համար։   Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը Միության անունից շնորհավորել է Հայկ Չոբանյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել Միության գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերն ու հետագա նախաձեռնությունները։    Նշվել է, որ բավական աշխատանք է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունման հարցում, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի մշակման, Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում Լայնաշերտ ինտերնետի ռազմավարությունը մշակելու ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրերից նախարարին է ներկայացվել Երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ և ՀՊՏՀ – ի ուսանողների համար հեռահաղորդակցության ոլորտի մասնագիտացված դասընթացների անցկացումը, լայնաշերտ ինտերնետի քարտեզագրումը, ինտերնետ չունեցող բնակավայրերում հասանելիության ապահովումը։   Ներկայացված ծրագրերի շուրջ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում՝ դրանք առավել ընդգրկուն դարձնելու համար։    Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ Միության ներկայացուցիչների և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, քննարկել եղած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, գտնել լուծման օպտիմալ տարբերակներ՝ նշելով կատարման ողջամիտ ժամկետներ։   Նախարար Հայկ Չոբանյանը հատկապես կարևորել է  խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը. «Պետք է ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների վրա կենտրոնանալ։ Պետք է բերվի կոկրետ փաթեթ՝ լուծումներով և իրավական հիմնավորումներով»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ինքն անձամբ հետևողական է լինելու։    Նախարարն ընդգծել է, որ պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ․  նախաձեռնողականությունն այս հարցում առաջնային է։ 
20:20 - 23 ապրիլի, 2021
ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել:   Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում:   Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ: 
21:35 - 20 ապրիլի, 2021
ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:   Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:   ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ, և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է լինել այս բնագավառի զարգացման համար։   Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:   Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև e-tax, e-police ծառայությունների, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ:   Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ e-judiciary և e-visa ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:   Նախարար Հ․ Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում Նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշները:  
16:33 - 20 ապրիլի, 2021
Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»: Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր կազմել, հստակեցնել անելիքները և առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները: Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարևորագույն ծրագրի իրականացման գործընթացում: Վերջում նախարարները  շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին: «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: 
18:22 - 19 ապրիլի, 2021
Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին

Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 16-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է  ԲՏԱ նախարարությունը։ Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում Միության  ծրագրերի իրագործմանը, և հենց այդ համախմբան շնորհիվ են հաջողություններ գրանցվում: «Ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Այնուհետև ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանը: «2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա՝ փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել։ Իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք։ Բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականցնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», - նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։ Համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին ողջունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանը, որը կարևորել է ԱՏՁՄ-ի գործունեությունը ոլորտի զարգացման գործում: Հաջորդիվ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրել է Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքները և 2021-2025 թթ․ ռազմավարությունը: ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են կրթությունը և աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, դիրքավորումը՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտությունը և էլեկտրոնային կառավարումը։ Ամփոփելով  խոսքը՝ Րաֆֆի Քասարջյանը նշել է. «Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա՝ գալիք սերունդների համար»: Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվել են Միության վարչության նոր կազմը և նախագահը: Համաժողովին մասնակցել են ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Միությունը 2019-2020 թթ. ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը։
10:29 - 17 ապրիլի, 2021
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր պետական կառույցների կողմից: «Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2020 թվականի ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև աճել է երկու անգամ՝ չնայած համավարակին: Իհարկե, բացարձակ արժեքով սա այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ, սակայն ցույց է տալիս ոլորտի ներուժը և հստակ միտումը»,- նշել է դեսպանը: ԲՏԱ նախարարը նշել է, որ հայկական կողմը հատկապես կարևորում է «հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում և դրա հիման վրա հարաբերությունների խորացումը մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտ է»: Ղազախական կողմին է ներկայացվել տեխնոլոգիական կրթության հայկական փորձը: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել թվայնացման օրակարգի, հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը նշված բոլոր ոլորտներում: Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Չոբանյանը հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն ավելի կոնկրետ ծրագրերի շուրջ՝ աշխատանքային խմբերի մակարդակով:
19:45 - 15 ապրիլի, 2021
Եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է. Հայկ Չոբանյան

Եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը մասնակցել է «Միտք» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է տրամադրել սովորելու, աճելու և արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններ՝ այդպիսով աջակցելով ձեռներեցներին հիմնել իրենց ստարտափները և ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա: «Որպես կանոն, մեզ թվում է, թե զարգացման համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ և, մասնավորապես, շատ փող, բայց իրականում այն ունակությունները, որ ստեղծվում են նմանատիպ նախաձեռնությունների շրջանակում, ամենակրիտիկական ֆակտորն է զարգացման: Իրականում, եթե մենք կարողանանք հավատով լցված լինենք դեպի մեզ, եթե ունենանք նպատակ, երազանք և հավատանք երազանքի իրականացմանը, եթե ունենանք կամք և հաստատակամություն՝ անընդհատ սովորելու, գիտելիք վերցնելու, որովհետև եթե կա մի հենարան, որով հայ ժողովուրդը և Հայաստանը կարող են հաղթանակել, ապա այդ հենարանի անունը միտք է»,- մասնավորապես ասել է նախարարը:       Ծրագրի գլխավոր նպատակն է տրամադրել սովորելու, աճելու և արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններ՝ այդպիսով աջակցելով ձեռներեցներին հիմնել իրենց ստարտափները և ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա:
12:54 - 12 ապրիլի, 2021
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկ Չոբանյանը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ հյուրընկալելու ու առիթ ունենալու ինձ համար այս կարևորագույն ոլորտը ղեկավարելու և ձեզ հետ միասին այն առաջ տանելու համար: Առայժմ նպատակ չունեմ շատ խոսելու, հիմա աշխատելու ժամանակն է, խոսելու ժամանակը դեռ կգա»: Անդրադառնալով նախկինում ոլորտում ունեցած իր փորձին՝ նախարարը փաստել է, որ մեր հնարավորությունները բազմապատիկ ավելի են, քան այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք: Նվազագույնից սկսելով՝ ներկայումս ոլորտը դարձել է ՀՀ արդյունաբերական, տնտեսական հիմնական ուղղություններից մեկը, և այսօրվա հանդիպման նպատակն է ֆիքսելու ընթացիկ իրավիճակը, քննարկելու  հիմնական աշխատանքային, ռազմավարական, ծրագրային խնդիրները, հրատապ հարցերը և դրանք առաջ տանելու: Նախարարը նաև հավելել է, որ նոր աշխատանքային ձևաչափ է մշակվելու՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությունն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Այնուհետև նախարարը խոսքը փոխանցել է «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանին: Վերջինս նշել է, որ նախորդ տարին շատ բարդ է եղել՝ համավարակի և պատերազմի հետ կապված, սակայն ներկայումս ոտքի կանգնելու փորձեր են արվում: Անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին և պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցին և նշել, որ ոլորտին կենտրոն է հարկավոր և քաղաքականությունը չպետք է այնտեղ մտնի: ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բարձր է գնահատել միասին աշխատելու հնարավորությունը, խոսել է ոլորտի աճն ապահովելու նպատակով իրենց կողմից առանձնացված 5 ուղղությունների մասին, որոնք են՝ կրթությունը-աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, ՀՀ-ի դիրքավորումը աշխարհում ՏՏ ոլորտի մեջ, գիտահեն ներուժը և էլեկտրոնային կառավարումը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը շնորհավորել է նախարարին ստանձնած պաշտոնի և պատասխանատվության առիթով և նշել, որ նախարարությունը հիանալի թիմ ունի, որն ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու հիմք է ստեղծում: Կարևորելով կրթության նշանակությունը՝ վերջինս նշել է, որ հարկավոր է դպրոցից սկսել ոլորտի զարգացումը: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ, միասնական ջանքերի շնորհիվ, ոլորտը բազմաթիվ նոր հաջողություններ է արձանագրելու մոտ ապագայում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը:
22:36 - 07 ապրիլի, 2021
Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը պաշտոնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այս մասին նորանշանակ նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Հարգելի բարեկամներ, Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը: Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը»,-ասված է Չոբանյանի գևրառման մեջ։ Հիշեցնենք, որ նախկին նախարար Հակոբ Արշակյանն ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
10:32 - 03 ապրիլի, 2021