Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին ՀՀ օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները: «ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը: Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:44 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ «Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:24 - 21 հոկտեմբերի, 2020
Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի 1025-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվարին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։ «Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։ Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:40 - 19 հունիսի, 2020
ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական Միության բոլոր երկրների կողմից հաշված ամիսների ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացում է ակնկալում: Այս մասին Եղոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում: «Մեր հարաբերություններն այսօր հիմնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, բայց մասամբ, քանի որ այն դեռ ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: Այս պահին այն վավերացրել են ԵՄ անդամ 23 պետություններ, մյուս հինգ պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ, որ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կփոխարինի նախորդ համաձայնագրին»,- ասաց Եղոյանը:
13:47 - 26 փետրվարի, 2020