ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը` որպես իրավասու մարմին, առարկել է գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ ««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող' Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը: Հաշվի առնելով, որ «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հերթին պատկանում է ռոսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն գրանցված ընկերություն), նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։․․․ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ, իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առարկել է գործարքի կայացմանը։ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ՝ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը․․․»,- նշված է ՀԾԿՀ որոշման մեջ։  Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։  Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։   
15:21 - 10 ապրիլի, 2023
«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար
 |civilnet.am|

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար |civilnet.am|

civilnet.am: Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է. «Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- ասաց նա։ Ըստ ընթացակարգի՝ ՀԾԿՀ-ն դիրքորոշումներ է հայցել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից։ Հունանյանը նաև չհայտնեց՝ ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը, Հայաստանում է գրանցված թե ոչ։ «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 2 միլիոնը և այն ունի ամենամեծ բաժանորդային բազան Հայաստանում։ Բջջային հեռախոսակապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը առաջինն է, «Յուքոմ»-ի ու «Թիմ տելեկոմ»-ի հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը էականորեն զիջում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թվին։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
11:57 - 13 մարտի, 2023
Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան

 |armenpress.am|

Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան |armenpress.am|

armenpress.am: Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից: Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց. «Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,- ասաց Ուլիխանյանը: Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,- նշեց Ուլիխանյանը: Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից: «Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,- ասաց Ուլիխանյանը: Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը: Իսկ ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա խոշոր սպառողների համար ամսական 10 հազար խմ սպառման համար ԱՄՆ դոլարով արտահայտված բանաձև է հաշվարկվում, և ամեն ամսվա փոխարժեքով, բանաձևով հաշվարկվում է տվյալ ամսվա դրամական արտահայտությամբ սակագինը: Ուլիխանյանն ընդգծեց՝ այսինքն՝ խոշոր սպառողներն այսօր արդեն դրամով արտահայտված ավելի քիչ են վճարում փոխարժեքի նվազման արդյունքում: «Իսկ ինչ վերաբերում է բնակչության համար սակագնին, ապա մեծ նշանակություն ունի նաև, թե ինչ ներկրման գին կունենանք 2023 թվականի համար: Եթե ներկրման գինը 2023 թվականի համար մնա նույնը, ապա վերանայում, իհարկե, կիրականացնենք: Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չդիմի էլ, ապա հանձնաժողովն իրավունք ունի գնահատելու, թե ինչ ազդեցություն կա և իր նախաձեռնությամբ կվերանայի սակագները: Բայց մեզ համար նաև պետք է պարզ լինի, թե ներկրման ինչ գին ենք ունենալու»,- ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ իրականացնում է կառավարությունը: Երբ վերջնական քննարկումների արդյունքում հայտնի կլինի ներկրման գինը, ըստ դրա արդեն գազի սակագնի վերանայման հարց կարող է լինել: Գազի սակագնի վերանայման գործընթացում հանձնաժողովը դիտարկելու է բոլոր գործոնների ազդեցությունը: Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: Սակայն ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում,  2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Ջրի սակագնի որոշման հարցում փոխարժեքը որևէ ազդեցություն չունի:
10:25 - 30 նոյեմբերի, 2022
ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:  Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:
13:14 - 29 նոյեմբերի, 2022
ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00- 17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»:
11:16 - 01 սեպտեմբերի, 2022
Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ասում է՝ շուկան ազատականացնելով հրաժարվում են նաև միջինացված սակագնից․ «Նախորդ տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքը հետևյալ կերպ էր իրականացվում․ կենտրոնացված կառավարում էր և գոյություն ուներ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը։ Այս ամենին գումարած կար միջինացված սակագին հասկացությունը։ Միջինացված սակագին տերմինը, առանց մասնագիտական տերմինների, այն է, որ տարբեր սպառողներ և տարբեր արտադրողներ ընդհանուր սակագնի վրա տարբեր ազդեցություններ են ունենում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հատուկ մեթոդաբանությամբ տարին մեկ անգամ միջինացնելով, ստանում էր միջինացված սակագին։ Բոլոր արտադրողների և բոլոր սպառողների համար գործում էր այդ սակագինը, իսկ շուկան ազատականացնելով մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից»։ Նրա խոսքով՝ ռեֆորմը արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն կտա  ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու և հետևաբար ավելի էժան գնով արտադրանք տալու․ «2023 թ․-ի փետրվարի 1-ից խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին ու տարեկան 1 միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան։ Այդպիսիք մոտ 20-ն են»։   Ըստ Մեսրոպյանի՝ ազատականացման մյուս ամենակարևոր բաղադրիչն այն է, որ Հայաստանը գնում է մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելի վերացման, հետևաբար՝  մենաշնորհի վերացման։ Էլեկտրաէներգիայի ազատականացման երեքշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023 թ․-ին մտնելու են շուկա։ Դասընթացներին մասնակցում են ներկայացուցիչներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Նաիրիտ»-ից և այլ ընկերություններից։  Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ն լիցենզիա է տրամադրել մի քանի մատակարար ընկերությունների, իսկ դրանցից  «Էներեքս» և «Էներջի Սփլայ» ընկերությունները շուկայում առավել ակտիվ են։ Մեսրոպյանի խոսքով՝ նախնական արդյունքները գոհացնող են։ Շուկայի ազատականացման շնորհիվ սպառողները Էլեկտրաէներգիան կարող են օնլայն գնել՝ հատուկ առցանց հարթակի միջոցով։  Նա ընդգծում է, որ շուկան աստիճանաբար են ազատականացնում՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։   Լուսանկարում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի «Հաղթանակ» ենթակայանը   Նանե Ավետիսյան  
18:53 - 01 հունիսի, 2022
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։ 2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։ Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։ Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։ Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):   Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից   Նանե Ավետիսյան
17:50 - 05 ապրիլի, 2022
«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ

Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես, ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված: Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:
17:41 - 14 հունվարի, 2022
Գազի վերջնական սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում բաց քննարկումներ կլինեն

Գազի վերջնական սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում բաց քննարկումներ կլինեն

Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։ Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով կրկին տեղեկացնում ենք. 1.2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից: 2.Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը: Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գոր­ծերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը: Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»:
16:07 - 14 հունվարի, 2022
Նախատեսվում է փետրվարի 1-ից աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին

Նախատեսվում է փետրվարի 1-ից աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 5-ի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, նշելով, որ նախագծերում ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։ Նշված կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝ սահմանել ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ սպառողների կողմից մատակարարին (երաշխավորված մատակարարին) փոփոխելու կարգը, շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները, նոր խմբագրությամբ շարադրել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը՝ ամրագրելով, որ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշմամբ սահմանված կարգով և պարբերականությամբ պետք է ապահովի սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման՝ հանձնաժողովի որոշմամբ ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը։ Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում առ այն, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան, ամրագրել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրող գործունեության կանոնները, սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունները, առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքը, բարելավել գործունեության թափանցիկությունը և մրցակցային պայմանները, հստակեցնել ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները, էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցումը սահուն և անցնցում կատարելու նպատակով  սահմանել անցումային կարգավորումներ։ Նախագծերը մշակվել են Հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ։
16:29 - 07 հունվարի, 2022
Առաջարկվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է |armenpress.am|

Առաջարկվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է |armenpress.am|

armenpress.am: Առաջարկվում է Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Սակագների վերանայման գործընթացն էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվում է յուրաքանչյուր տարի: Այս տարի ևս սեպտեմբեր ամսին սկսվել է վերանայման գործընթացը: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ այդ վերանայման նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները, և հասկանալ, թե փոփոխությունների արդյունքում վերջնական սպառողի սակագնի վրա ազդեցություն ունենում է, թե ոչ: «Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Եվ, եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք հաջորդ տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված: Հետևաբար ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,-ասաց Ուլիխանյանը: Առանձին խմբերի համար հանձնաժողովի առաջարկած թվերում փոփոխություններ կլինեն, թե ոչ, ցույց կտան քննարկումները: Հարցը կքննարկվի ՀԾԿՀ-ի դեկտեմբերի 29-ի նիստում: Եթե կայացվի համապատասխան որոշումը, ապա փետրվարի 1-ից նոր սակագները կմտնեն ուժի մեջ: ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կկազմի 23.8 մլրդ դրամ: Արդյունքում առաջարկում են սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով: Ընդ որում, առաջարկվում է՝սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները թողնել անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, առաջարկվում է սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով: Իսկ բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով: Ըստ այդ առաջարկի՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ: Բնակիչ բաժանորդների քանակը 811 հազար 316 է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ:
16:59 - 23 դեկտեմբերի, 2021
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ առնչությամբ, ի լրումն հանձնաժողովի կայքում 17.12.2021թ. հրապարակված հայտարարության՝ հանձնաժողովը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններն են՝ 1) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։ 2) Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ընդ որում, առաջարկվում է՝ - սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ, - ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), - ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), - մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Աշխատանքային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրվում է նախապես իրենց մասնակցության մասին տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով կամ զանգահարել հանձնաժողովի թեժ գծին։ Սակագների և դրանց վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկանքներ»։ 
10:48 - 21 դեկտեմբերի, 2021