ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: «Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն», - նշել է նա: Ապրիլի 12-ին ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
17:59 - 16 ապրիլի, 2024
Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։ Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։       Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 15 ապրիլի, 2024
ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

 «Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ հաշվեկշռում առկա և ԶՈՒ կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:  Այդուհանդերձ, ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:  Հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի վթարից տուժածի մայրն էր ասել, որ «զինվորներն են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել․ «Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», - նշել էր նա։
20:16 - 13 ապրիլի, 2024
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։ Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։ ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։ Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
21:38 - 12 ապրիլի, 2024
Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am կայքի միջոցով
 |armenpress.am|

Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am կայքի միջոցով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը կկարգավորի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենքի համաձայն սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը։ Նա նշեց, որ այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Ըստ նախարարի՝ նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ «Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել․ ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am) քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը»,- ասաց նախարարը։ Նախարարը նաև ներկայացրեց, թե ծանուցումների ինչ հերթականություն է սահմանվում։ «Քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի (եթե ունի այդպիսի փոստ) հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով։ Ընդ որում, եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցումների միջոցով, ապա եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից։ Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով։ Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն  հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված։ Սահմանվում է նաև, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց՝ հայտարարվող վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվարման մարմին»,- եզրափակեց նախարարը։
12:28 - 12 ապրիլի, 2024