Ալավերդի

Ալավերդի, հանքարդյունաբերական քաղաք Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։Որոշ պատմական աղբյուրներ պնդում են, որ քաղաքը, որպես ավան, ձևավորվել է 19-րդ դարի վերջերին, երբ 1899 թվականին մի ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ «Սանահին» կայարանից Հաղպատ հատվածում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» կազմակերպությունն արդեն իսկ ասֆալտապատել է մոտ 9 կմ ճանապարհ։ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է, որ այդ 9 կմ-ում դեռևս պետք է տեղադրեն վերջին՝ 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտե շերտը։ «Սանահին» կայարանից Հաղպատ ճանապարհի մյուս տեղամասերում շարունակվում են ասֆալտապատման նախապատրաստական, 3 կամուրջների, ջրատարների կառուցման աշխատանքները, լայնացվում են դժվարանցանելի հատվածները և այլն։  ՏԿԵ նախարարությունը նշում է, որ ասֆալտապատումը սկսվել է նաև Մ6-ի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում։ Շինարարական աշխատանքներն իրականացնող իտալական «Սուարդի» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատել է Շնող-Քարկոփ ճանապարհը։ Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշում է, որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իր դրական ազդեցությունը կունենա նաև իրենց համայնքի, բնակիչների համար։ Բարեկարգ ավտոմայրուղին կնպաստի հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կհեշտացնի գյուղացիների հասանելիությունը շուկաներին։ Համայնքապետը նկատում է, որ ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ են։ Ըստ նրա՝ երկու տարի առաջ նույն կազմակերպությունը՝ «Սուարդին», հիմնանորոգել է նաև Շնողի գյուղամիջյան ճանապարհը, ինչը կատարել են բարեխղճորեն և բարձր որակով։ Մ6-ի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ. վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են մեծածավալ աշխատանքներ։ Ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք Հայաստանը Վրաստանի հետ կապող բարեկարգ մայրուղի, որը կկրճատի երթևեկության տևողությունը, կավելացնի երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհը կդարձնի առավել անվտանգ։
17:42 - 01 հունիսի, 2020
Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա` ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող տարածք և ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես, պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Մադան բնակավայր տանող Կիրովի փողոցը 2001թ. պետական գրանցում է ստացել որպես համայնքային սեփականություն և կառավարության համապատասխան որոշմամբ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում: Մինչդեռ նման պայմաններում, ըստ դատախազության՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, առերևույթ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում, նշված փողոցի մի մասի նկատմամբ գրանցել են «Վալլեքս Կապիտալ» ՓԲ ընկերության իրավունքը, որի արդյունքում համայնքը զրկվել է իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, իսկ համայնքի բնակիչները՝ փողոցով անարգել երթևեկելու հնարավորությունից՝  նկատի ունենալով նաև, որ փողոցի այդ հատվածում տեղադրվել են ենթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կոնստրուկցիաներ: Դրանով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին և իրավունքներին: Միաժամանակ, Ալավերդի համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով այդ ամենի, փողոցի այդ հատվածում առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիաներ տեղադրվելու, ինչպես նաև համայնքապատկան հողամասերի` դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործելու հանգամանքների մասին, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում որևէ միջոց չեն ձեռնարկել ճանապարհի հողամասի ինքնակամ զավթումը, դրանց վրա առանց թույլտվության տեղադրված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նշվածի փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:15 - 06 մայիսի, 2020
Վաղը որոշ ժամանակ փակ կլինի Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհահատվածը

Վաղը որոշ ժամանակ փակ կլինի Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Մայիսի 5-ին, ժամը 11:00-ից մինչ 19:00-ն Լոռու մարզի Թումանյան քաղաքից դեպի Ալավերդի քաղաք տանող ավտոճանապարհահատվածը (Օձունի խաչմերուկ) փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով:
23:39 - 04 մայիսի, 2020
Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները |lragir.am|

Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները |lragir.am|

lragir.am: Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես‚ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն կառուցել է նաև ջրահեռացման խողովակներ‚ բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, տեղադրել է բազալտե եզրաքարեր‚ կատարվել են այլ աշխատանքներ։ Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Մ6 միջպետական ճանապարհի նաև մյուս հատվածներում։
16:49 - 05 մարտի, 2020
Մեծ Այրում գյուղում տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Հարություն Դանիելյանի ընտանիքի |hetq.am|

Մեծ Այրում գյուղում տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Հարություն Դանիելյանի ընտանիքի |hetq.am|

hetq.am: Երեկ՝ հունվարի 25-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները hանրային պահանջի արշավ էին կազմակերպել։  «Ախթալայի ԼՀԿ»-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից 50 մետր հեռավորության վրա գտնվող իր տունը Մեծ Այրումի բնակիչ Հարություն Դանիելյանը գնել է 2007թ.-ին: Ասում է` այդ ժամանակ չի իմացել պոչամբարի վտանգների մասին: Տունը գնելուց հետո «Ախթալայի ԼՀԿ»-ն վերաշահագործել է պոչամբարը: Հարություն Դանիելյանն ասում է, որ պոչամբարի պատճառով իր ընտանիքի անդամները հիվանդություններ են ձեռք բերել: Այժմ Հարությունը տանն ապրում է կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ: Հարություն Դանիելյանը փոխհատուցում է պահանջում իր ընտանիքի բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա պոչամբարից հեռու վայրում գնել նոր տուն և ընտանիքով տեղափոխվել։ Պահանջում է նաև պետության կողմից անցկացնել իր ընտանիքի անդամների առողջության գնահատում, խորքային բուժզննում և լուրջ հիվանդություններ հայտնաբերվելու պարագայում փոխհատուցում՝ իր ընտանիքի անդամների առողջությանը պատճառած վնասի համար: Մեծ Այրումի բնակիչ Հարություն Դանիելյանի երեք երեխաներից տանը հանդիպեցինք երկուսին՝ Սյոմային և Լիլիթին:  «Տղաս՝ Սյոման, 2013թ. հիվանդացել է աղիքային հիվանդությամբ, հետո ամբողջ բերանը՝ մինչև լեզվի խորքը տարածվեց սնկային հիվանդություն: Սյոմային աչքերն էլ են ցավում: Երեխաներս նաև ալերգիա ունեն»,- պատմեց  Հարությունը: Սյոման և Լիլիթը գունատ և նիհար տեսք ունեն: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ասելով՝ «Նահատակ» պոչամբարից 50 մետր հեռավորության վրա ապրող Հ. Դանիելյանի ընտանիքի  բնակարանի անհարմարության և ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին դեռ 2013թ. ահազանգել են լրատվամիջոցները: Ընտանիքին այցելել են նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, սակայն Դանիելյաններին որևէ գործնական լուծում չի առաջարկվել: Ընտանիքի բողոքները հաստատվել են Չեխիայի ազգային քիմիատեխնիկական ինստիտուտի հետազոտություններով: Այստեղ ապացուցվել է, որ տարածաշրջանի առանձին համայնքերում բարձր է ծանր մետաղների, այդ թվում՝ մկնդեղի, կադմիումի, պղնձի, իսկ մարդկանց մազերի մեջ նաև նիկելի պարունակությունը: Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում նաև Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տվել կոնցերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր: Հարություն Դանիելյանի խոսքով՝ իր ընտանիքը «Նահատակ» պոչամբարից վնասվել է 100 տոկոսով: Ասում է դրա մասին այլևս խոսք չկա: Պատմեց, որ լեռնահարստացման կոմբինատից 15-20 օր առաջ իրեն առաջարկություն է արվել, խոստացել են բնակարանի և հիվանդանոցի ծախսեր, ինքը պետք է մտածի և իրեն հարմար առաջարկություններն ընդունի:    «Ասում են՝ երեխաներին կարող եմ տանել հիվանդանոց: Մարդիկ առաջարկել են, մենք էլ չենք հրաժարվում այդ առաջարկությունից: Շնորհակալ եմ ԼՀԿ-ին, որ ձայնս լսել են: Ես հիմա իմ տունը կթողնեմ ու կհեռանամ» ,- հայտնեց  Հարությունը: Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ նոր բնակարանի գնման տարբերակը Հարություն Դանիելյանի համար ընդունելի է: Մնում է առողջության պատճառված վնասը, դրա համար պատասխանատու է պետությունը:  «Հասարակությունը հակված է պաշտպանելու մարդկանց շահերը՝ այդ թվում նաև դատարանում»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը: Գրիշա Գրիգորյանը հանդես եկավ համագյուղացի Հարություն Դանիելյանի ընտանիքի պաշտպանությամբ. «Կարող է Հարությունի երեխան տանից դուրս  գա և ընկնի պոչամբարի մեջ։ Մեզ խոստացել էին պոչամբարը փակել 2019թ. փետրվարին, բայց խաբեցին մեզ, հիմա էլ ասում են երկու տարի հետո են փակելու»,- ասաց Գ. Գրիգորյանը: Վերջինս հայտարարեց, որ պոչամբարը այսպես շահագործելու դեպքում, այրումցիները փակելու են միջպետական ճանապարհը: Հանրային պահանջի արշավին ներկա Հայկական բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանի խոսքով՝ Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շրջակա միջավայրի և համայնքերի բնակչության վիճակը ցույց են տալիս նախորդ կառավարությունների և հանք շահագործողների վերաբերմունքը բնության և քաղաքացիների նկատմամբ: Լ. Գալստյանը նշեց տարածաշրջանում ավելի մեծ՝ Թեղուտի պոչամբարի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի և վերջինիս մկնդեղի պահեստի հնարավոր վտանգները:  «Այս ամբողջ աղտոտիչները տարածվում են ոչ միայն հողերի միջոցով, այլ Դեբեդի ջուրը աղտոտելու հետևանքով, որը ոռոգման նպատակով օգտագործվում է այստեղ 4 համայնքերում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում 15 համայնքներում»,- բացատրեց բնապահպանը: Լևոն Գալստյանի խոսքով՝ բոլոր գիտական ուսումնասիրություններն այս տարածաշրջանում ապացուցել են, որ այստեղ բոլոր գյուղմթերքները ծանր մետաղներով տարբեր աստիճանի աղտոտվածություններ ունեն:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:10 - 26 փետրվարի, 2020
«Վալլեքս»-ը Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերի լուծման ժամկետը հետաձգել է մինչև հունիսի 30-ը

«Վալլեքս»-ը Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերի լուծման ժամկետը հետաձգել է մինչև հունիսի 30-ը

«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։ «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից Գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո Ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և Ընկերության բոլոր աշխա­տող­ներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019 թ. ապրիլի 30-ից: Հայեցակարգային պլանում դիտարկվում են Գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ Աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձև, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության և այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։ Դիտարկվում է նաև վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը: Հայեցակարգային պլանի շուրջ կառավարության և շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել ևս երկու ամսով և աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թ. հունիսի 30-ից լուծելու մասին: Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է ընկերությունների խմբի տարածած հայտարարության մեջ։
12:51 - 26 ապրիլի, 2019