Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.  Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։ Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Երեկ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը ձմեռվա սաստիկ այս ցրտի պայմաններում՝ կիրառելով հումանիտար աղետ գեներացնելու դեռևս այս տարվա մարտին փորձարկված գործիքը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։ Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։ Զուգահեռաբար հայատյացության պրոպագանդան անշեղորեն կատարում է իր խնդիրները՝ վառ պահելով ադրբեջանական հանրության ատելության մակարդակը։ Ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։ Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։ Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները։
13:31 - 14 դեկտեմբերի, 2022
Աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել ու ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը․ ՀՀ ՄԻՊ

Աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել ու ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։ Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։ Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները»։
09:25 - 13 դեկտեմբերի, 2022
Մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին. ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին. ՄԻՊ ուղերձը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։ Եվ պետության ստեղծումը հենց այն սոցիալական համաձայնությունն է, որի կենտրոնական պայմաններից է իրավունքների ու ազատությունների գործնականում իրացման հնարավորությունների ստեղծումն ու դրանց անդադար կատարելագործումը։ Այլ կերպ ասած, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները։ Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես սահմանադրական անկախ մարմին՝ միտված իրավունքների և ազատությունների խախտումների կանխարգելմանն ու վերացմանը։ Իրավունքների պաշտպանության կոնցեպտը, սակայն չի սահմանափակվում միայն հանրային իշխանության կամ անկախ մարմինների պարտավորություններով, այն ենթադրում է հանրության կողմից իրավունքների ճանաչման ու հարգման միջավայր, որտեղ առավել լավ պայմաններ կան, որ մարդն, անկախ իր սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, կարողանա առանց խտրականության իրացնել իր իրավունքները։ Իրավունքների կոնցեպտը վերացական մի բան չէ, այն շատ կոնկրետ նշանակում է իրական հնարավորություն, որ օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա անկախ կյանք վարել, նշանակում է, որ իր համայնքին սպառնացող բնապահպանական վտանգների մասին կարծիք բարցրաձայնող անձը չլռեցվի արհեստական իրավական գործընթացներով ու տուգանքներով, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա անկախ, անկողմնակալ դատարանում ակնկալել իր գործի արդար քննություն, երբ խախտվել է իր որևէ իրավունք, դա նշանակում է, որ հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք կամ պարզապես որևէ հատկանիշով տարբերվում է շատերից։ Այլ կերպ ասած, մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին՝ որպես պարտավորություն հարգելու մյուսների իրավունքները և որպես իրավունք՝ իրացնելու սեփական իրավունքները։ Շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ»։
10:03 - 10 դեկտեմբերի, 2022
44-օրյա պատերազմը և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են. ՀՀ ՄԻՊ

44-օրյա պատերազմը և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ցեղասպանությունների կանխարգելման օրվա առթիվ:   Ուղերձում ասվում է.   «Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր։   Էթնիկ, կրոնական ու անձանց խմբի այլ հատկանիշով պայմանավորված ատելության այս հանցանքի վտանգավորությունը միջազգային իրավունքում ամրագրվել է շուրջ 75 տարի առաջ՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմամբ։   Սակայն տասնամյակների ընթացքում միջազգային ու ազգային մակարդակներում ձևավորված նորմատիվային իրավունքը ցավալիորեն չի ապահովում բավական արդյունավետ պրակտիկա մարդկության դեմ ուղղված նման ծանր հացագործությունների դեմ պայքարում։   Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը։   Հարյուրամյակ անց վառ է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ու վերապրածների ցավը։ Չեն մարել սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկված հայերի դառը հիշողությունները։   Ժամանակակից հակամարտություններն իրենց հերթին նպաստող միջավայր ու պայմաններ են ստեղծում նոր ցեղասպանությունների համար, որի մասին հնչում են հստակ ազդակներ։ 2020 թ. 44-օրյա պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կամ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության ահաբեկման, էթնիկ ու կրոնական ատելության հիմքով կանխամտածված թիրախավորման գործողություններով, ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են։   Այդ նշաններն ավելի պարզ են դառնում ադրբեջանական հանրային խոսույթի ու տրամադրությունների ուսումնասիրության փաստերով։   Առավել մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության քարոզն ու դրանով մոտիվացված անհատների հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ խրախուսվում են: Վտանգավոր է այն, որ հայատյացության այս քաղաքականությունը նյութականացված է Ադրբեջանի կրթական համակարգի բովանդակության բոլոր մակարդակներում:   Ցեղասպանության հանցագործությունները, անկախ իրականացնողի կամ զոհի ազգությունից, կրոնից, ռասայից, մաշկի գույնից և անձնական այլ հատկանիշներից, պետք է հետապնդվեն, պատժվեն ու հրապարակային դատապարտվեն։ Այս ուղղությամբ դերակատարում ու անելիք ունեն նախևառաջ պետություններն ու միջազգային կազմակերպությունները, բայց նաև անհատները»:
15:22 - 09 դեկտեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Կարա ՄըքԴոնալդին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Քրիստիննե Գրիգորյանը Կարա ՄըքԴոնալդին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները, մասնավորապես ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։ Զրուցակիցը հետաքրքրվել է նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։
12:28 - 09 դեկտեմբերի, 2022
Պաշտպանն ԱՄՆ-ում հանդիպել է Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով պաշտոնյայի հետ

Պաշտպանն ԱՄՆ-ում հանդիպել է Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով պաշտոնյայի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։  ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները, տեղեկացրել, թե ինչպիսի դիմումներ է ՄԻՊ-ը ստանում։  Գրիգորյանը ընդհանուր գծերով ներկայացրել է հաստատության մանդատը, թե ինչպես է ՄԻՊ-ն աշխատում հատկապես ադրբեջանական ագրեսիայի հումանիտար ու իրավունքների խախտումների հետևանքների փաստագրման, միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին դրանց ներկայացման ուղղությամբ։  Փոխպետքարտուղարի տեղակալ Ուինը հետաքրքրվել է այն կարիքներով, որոնց հասցեագրման ուղղությամբ Պաշտպանն առաջարկում է դիտարկել Բյուրոյի աջակցությունը։  Պաշտպան Գրիգորյանը նաև ներկայացրել է, որ հաստատությունը մասնակցում է հումանիտար հետևանքների վերացմանը միտված կենտրոնական ու տեղական իշխանության մարմինների կողմից մշակվող ծրագրերի քննարկումներին, ներկայացնում առաջարկություններ՝ ըստ փաստագրված կարիքների։ Այդ աշխատանքում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ։  Տիկին Ուինը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների ու ներկայացված արտահերթ զեկույցների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդիվ աշխատել նշված կարիքների հասցեագրման ուղղությամբ։
09:49 - 09 դեկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ

ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից գործադրվող ջանքերի համար և ներկայացրել է այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ այն միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից։ Փոխտեղակալ Օլսոնը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման և այլն։ Քրիստիննե Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաև հայերնադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետևությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։ Պաշտպանը կարևորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։ Էրիկա Օլսոնը կարևորել է Պաշտպանի հաստատության աշխատանքը և շնորհակալություն հայտնել կարևոր տեղեկությունները ժամանակին ու անաչառ կերպով ներկայացնելու համար։
12:08 - 06 դեկտեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:   Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, որ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։     Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։   Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:   Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին:   Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը և շնորհակալություն հայտնել: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գործում:
15:22 - 02 դեկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները

ՀՀ ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի կապակցությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը: Պաշտպանը նշել է, որ թեև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան, սակայն գործում է վարչապետին կից ՀՀ կանանց հարցերով խորհուրդ։ Նշել է նաև, որ երկիրն ունի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որտեղ առավել համապարփակ գործողություններ են նախատեսված։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կարևորել է այս առաքելության մեջ կրթությունը. «Իրազեկված լինելը կարևոր է, իսկ կրթությունը՝ բանալի։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել այս ուղղությամբ առաջ գնալ, իսկ ՄԻՊ-ի դերն այս աշխատանքների մշտադիտարկումն է, խնդիրների մատնանշումն ու լուծումների առաջարկումը»։ Պաշտպանը դեսպանին հայտնել է, որ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որի առաջնահերթ նպատակներից է նպաստել իրավապահ համակարգում կանանց ներգրավմանը։ Ներկայացրել է նաև, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն կանայք ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը։
13:07 - 30 նոյեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Քրիստիննե Գրիգորյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել նոր ռազմավարական ծրագիր։   Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը, այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգային ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին և համաձայնել են շարունակել աշխատանքը նախևառաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։   Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ը Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաև դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։   Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։
11:54 - 25 նոյեմբերի, 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին

Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները: Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը: Այնուհետև պատասխանել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հարցերին՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների, ՀՀ-ում մարդու իրավունքների մարտահրավերների, խոսքի և հավաքների ազատության, կանանց իրավունքների հետ կապված: Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները, անդրադարձել դրանցում ներկայացված փաստերին՝ խոսելով ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին: Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին:
17:57 - 14 նոյեմբերի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս և հոլանդախոս Դաշնային օմբուդսմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։  Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները: Բելգիայի հոլանդախոս օմբուդսման Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, անցկացվող հետաքննությունների գործընթացին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:
09:47 - 11 նոյեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ: ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները:   ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020 թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը: Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա:   Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ: Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ տիկին Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
10:11 - 10 նոյեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։  Պաշտպանը իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորում, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումներ, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքեր, ինչպես նաև Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը:  ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թեմատիկ նիստերի շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, վերջինիս մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավման կարևորությանը նոր՝ 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում, տեղական ընտրությունների խնդիրներին, խոսքի ազատության ու հավաքների ազատության ապահովման հիմնական մարտահրավերներին, վերջինիս ընթացքում ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտին, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի խնդիրներին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքի կիրառմանն առնչվող հիմնահարցերին:  Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:  Իր խոսքում Պաշտպանը խոսել է նաև Պաշտպանին կից Կանանց իրավունքների պաշտպանության և Երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների ստեղծման ու հիմնական նպատակների մասին:
10:13 - 08 նոյեմբերի, 2022
ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։ ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:  Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ հասարակության համար:  Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:
17:52 - 04 նոյեմբերի, 2022
ՄԻՊ-ն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով փաստեր Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ

ՄԻՊ-ն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով փաստեր Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Այս մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքները ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավված են բանակցություններում: «Տեղյակ եք,  որ 17 անձինք վերադարձել են, բայց այս պահին ցավալի է, որ  Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց մեծ մասը  Շիրակի մարզից են: Մեր աշխատանքները միջազգային իրավունքների լույսի ներքո փաստերի հավաքագրման ուղղությամբ շարունակվում են: Այս առումով ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ ավելացնելու միջազգային ճնշումը, ինչը պետք է վերջիվերջո հանգեցնի մեջ տղաների վերադարձին»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում գերիների ընտանիքների հետ: «Այս պահի դրությամբ գիտենք գրեթե բոլոր ընտանիքների կարիքները՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլն: Զուգահեռաբար մենք փորձում ենք կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ աջակցության, փոխհատուցումների կամ այլ ծրագրերի մասով: Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով  Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանում, բացի  հաստատված գերիներից, կան նաև այլ գերիներ, որոնց Ադրբեջանում գտնվելն այդ երկրի իշխանությունները ժխտում են, թեև կան բավարար ապացույցներ, որ այդ անձինք Ադրբեջանում գերեվարված են: ՀՀ ՄԻՊ-ը ցավով է նշում, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում Հայաստանի և տարբեր միջազգային կառույցների աշխատանքը:
16:19 - 04 նոյեմբերի, 2022