Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Քննարկվել են Կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության հեռանկարին վերաբերող հարցեր

Քննարկվել են Կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության հեռանկարին վերաբերող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին և ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:  Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, և ներկայում քննարկվում են կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Դուարտեն եւս կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն  առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
20:07 - 01 դեկտեմբերի, 2021
Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը |hetq.am|

Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ստորև ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթի սեղմագիրն առանց խմբագրման. «Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է Հայաստանի կառավարության 2021-2026 ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով եւ ԱԺ կողմից հաստատվելով՝ պետք է դառնա կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը երաշխավորող իրավական հիմքը: Բյուջեի նախագծով լուծումներ են տրվել հարկաբյուջետային քաղաքականության եւ ոլորտային ծախսային քաղաքականությունների մի շարք կարեւոր հարցերի, որոնց վերաբերյալ պարզաբանումները կներկայացվեն սույն զեկույցի շրջանակում: 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռեւս հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված երկու մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակի եւ արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական եւ տնտեսական հետեւանքները: Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ նշված ոչ նպաստավոր պայմաններում կառավարությանը հաջողվել է կառավարել հիմնական ռիսկերը, որոնք իրենց հերթին կվնասեին տնտեսական զարգացմանը: Չնայած 2020 թվականի արձանագրված 7.4% տնտեսական անկմանը, ինչպես նաեւ դրա հետեւանքով՝ 2019-ի համեմատությամբ հարկային եկամուտների մոտ 80 մլրդ դրամով նվազմանը, 2020-ի ընթացքում կառավարությունն ամբողջ ծավալով եւ առանց ուշացումների կատարել է  իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Իհարկե, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ կառավարությունը որոշում է կայացրել գնալ պետական բյուջեի դեֆիցիտի ավելի մեծ չափի ֆինանսավորման, քան նախատեսված էր: Արդյունքում բավականին բարդ պայմաններում պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր գործոն է տնտեսական զարգացման բնականոն միջավայրի վերականգնման համար: Կարող ենք արձանագրել, որ դա այն կարեւոր պայմաններից մեկն է, ինչի շնորհիվ արդեն 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տնտեսության վերականգնման բարձր տեմպ՝ 5% չափով: Սա թույլ է տալիս կանխատեսել, որ տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ տարվա վերջին ամիսների ընթացքում եւ հուսալի հիմք կդառնա 2022-ի բարձր տնտեսական աճի համար: [Մակրոտնտեսական կայունություն] - Միանշանակ է, որ կառավարությունը չափազանց կարեւորում է մակրոտնտեսական կայունության հարցը, եւ 2022թ. պետական բյուջեի նախագծում հստակ առաջնահերթություն են  ծրագրերը, որոնք ուղղված են այդ խնդրի ապահովմանը: Այդ ծրագրերի հիմքում հետեւյալ հիմնական մոտեցումներն են՝ - Ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար եւ հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7% տնտեսական աճի համար.- Կառավարության ծախսային ծրագրերով, հատկապես՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ նշանակության ծրագրերով նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը․ 2022-ի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5%-ը.- Բարելավել հարկային վարչարարությունը, զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները, երաշխավորել հարկման համահավասարություն եւ տնտեսական մրցակցության արդար պայմաններ.- Իրականացնել 2190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը մոտ 204 մլրդ դրամով կամ 10.3% ավելին է, քան 2021-ի համար ճշտված ծախսային բյուջեն, կամ 340 մլրդ դրամով ավելի, քան տարվա համար հաստատվածը.- Բյուջետային ծախսերի կառուցվածքը համապատասխանեցնել միջնաժամկետ ֆինանսավորման սեփական հնարավորություններին: Ընթացիկ ծախսերը սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների չափով, իսկ ներգրավված պարտքային միջոցները բացառապես ծախսել զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով.- Շնորհիվ հարկային եկամուտների ավելացման, ծախսերի կառավարման կանոնների վերականգնման, ինչպես նաեւ՝ անվտանգ չափով բյուջետային դեֆիցիտի մեծության (ՀՆԱ-ի 3.1%), 2022-ին իրականացնել նկատելի ֆիսկալ կոնսոլիդացիա եւ զգալիորեն բարելավել կառավարության պարտքի կառավարման հարցերը. 2020-ին արձանագրված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5% մակարդակից պարտքի հետեւողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2% մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը` դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, եւ կնվազեցվեն արտարժութային ռիսկերը: [Արտաքին տնտեսական պայմաններ] - 2020թ. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական անկումից հետո 2021թ. սկսվել է համընդհանուր վերականգնում: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը տարվա արդյունքներով կարձանագրի մոտ 5.9% տնտեսական աճ: Ընդ որում, բարձր տեմպերով վերականգնում են արձանագրում նաեւ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոմիության գոտու տնտեսությունները, ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Սպասվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ 2022 թվականին՝ արձանագրելով 4.9% տնտեսական աճ:  [Կանխատեսվող աճի կառուցվածք] – 2022 թվականին 7% տնտեսական աճի թիրախը որոշակիորեն բարձր է տնտեսական աճի պոտենցիալից, եւ դրան հասնելու ուղիները պահանջում են հետեւողական ջանքեր: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի տարեկան տնտեսական աճի պոտենցիալը գտնվում է 4.5% սահմաններում: Գալիք տարվա համար պոտենցիալից բարձր աճին նպաստող հիմնական գործոնների թվում լինելու են բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները, 2021 թվականին արձանագրված տնտեսական վերականգնման բարձր տեմպերը, շինարարության եւ արդյունաբերության ճյուղերի աճի վրա կառավարության կապիտալ ծախսերի ընդլայնողական ազդեցությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության թիրախային գործողությունները: Համապատասխանաբար, 2022-ի տնտեսական աճին հիմնականում կնպաստեն ծառայությունները, արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ ծախսային բաղադրիչների կողմից՝ վերջնական սպառման աճը, ապրանքների եւ ծառայությունների արտահանումը, ինչպես նաեւ՝ պետական եւ մասնավոր ներդրումների աճը:  [Բյուջեի ցուցանիշների մասին առավել մանրամասն] - 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված՝- Ծախսերը կկազմեն մոտ 2190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համար սպասվող  ծախսերից ավելին է 204 մլրդ դրամով կամ 10.3%-ով.- Ընթացիկ ծախսերը կկազմեն 1843 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի ընթացիկ ծախսերից ավելին է 81 մլրդ դրամով կամ 4.6%-ով.- Կապիտալ ծախսերը կկազմեն 357 մլրդ դրամ, ինչը մոտ 130 մլրդ դրամով կամ մոտ 60%-ով ավելին է 2021թ կապիտալ ծախսերից:- Ավելացող ծախսերի 40%-ն ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 60%-ը՝ կապիտալ ծախսերին:   [2022թ. ՀՆԱ-ի նկատմամբ] –  - Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.8%, այս տարվա համար սպասվող 28.2%-ից 0.4 տոկոսային կետով ավելի պակաս: Նվազումը պայմանավորված կլինի գալիք տարվա համար պլանավորված բյուջեի դեֆիցիտի ավելի ցածր ցուցանիշով.- Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.4%-ը՝ այս տարվա համար սպասվող 25.1%-ի դիմաց: Նվազման պատճառը նույնն է․ հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի վերադարձ հարկաբյուջետային կանոններին եւ սահմանափակվի ընթացիկ ծախսերի այնպիսի մակարդակով, ինչը չի գերազանցի պետական բյուջեի հարկային եկամուտները․- Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5%-ը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2%-ից ավելի է 1.3 տոկոսային կետով: Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճը լինելու է աննախադեպ բարձր եւ թույլ կտա հետագա տարիների համար ստեղծել տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու կայուն հիմքեր: [Ըստ ծրագրային բյուջետավորման] - Ծախսերի կազմում առավել մեծ կշիռ կունենան ծառայությունների ձեռքբերումների ֆինանսավորմանն ուղղվող ծախսերը՝ մոտ 908 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 41.5%-ը, տրանսֆերների ձեւով կծախսվի 757 մլրդն դրամ կամ ընդհանուր ծախսերի 34.6%-ը: Ընդհանուր ծախսերի 10-ական տոկոս կծախսվի հանրային սեփականության կառավարման եւ պետական պարտքի սպասարկման ուղղությամբ (216 եւ 214 մլրդ դրամ)։ [Պետական բյուջեի եկամուտները] - 2022թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 1946 մլրդ դրամ չափով, ինչն ավելին է 2021-ի նկատմամբ 289 մլրդ դրամով կամ 17.5%-ով: Բյուջեի եկամուտները կկազմեն 2022-ի ՀՆԱ-ի 24.7%-ը: Եկամուտների գերակշիռ մասը՝ մոտ 95%-ը կձեւավորվի հարկային վճարումներից  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:33 - 17 նոյեմբերի, 2021
Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|

Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|

armenpress.am: Պետությունը 2022-ի համար կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ տարվա ընթացքում ապահովելու բյուջեի նախագծով նախատեսված ծավալները: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ 2021-ին կապիտալ ծախսերը թերակատարվել են: Պատգամավորը 2022-ի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 130 մլրդ դրամով ավելացնելը լուրջ մարտահրավեր համարեց, նա հետաքրքրվեց, թե արդյոք կարողանալո՞ւ են հաջորդ տարի կատարել ամբողջ կապիտալ ծախսերը: 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում են 357 մլրդ դրամ ընդհանուր արժեքով կապիտալ ծախսեր, որոնք 2021-ի հաստատված ցուցանիշը գերազանցում են ավելի քան 130 մլրդ դրամով: Նախարարը նկատեց՝ ամենահաճախ տրվող հարցն է՝ հնարավոր լինելո՞ւ է իրականացնել ժամանակին և ամբողջ ծավալով: «Այս հարցը նաև կառավարության առաջիկա անելիքների թվում առանցքային նշանակության հարց է: Այս խնդրի իրագործումը կախված է թե կառավարության գործողությունների և որոշումների արդյունավետությունից և թե այդ որոշումներին մասնավոր հատվածի արձագանքից»,- ասաց Խաչատրյանը: Նա նկատեց՝ կապիտալ ծախերը ժամանակին չեն կատարվում կամ կատարվում են նախատեսված ժամկետում ոչ ամբողջ ծավալով այն դեպքում, երբ տարբեր կազմակերպչական հարցերով պատասխանատու գերատեսչությունը մրցույթը չի կազմակերպում ժամանակին և չի հրավիրում մասնավոր հատվածի կազմակերպություններին, կամ, եթե դրանք կատարվում են նախատեսված ժամկետներում, ապա մասնավոր հատվածի՝ մրցույթը շահած կազմակերպությունը ոչ ամբողջ ծավալով և ճիշտ ժամանակին է կարողանում ապահովել իր խոստումները: Ըստ նախարարի՝ երկու դեպքում էլ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: «Մեր խնդիրն է առաջին հերթին սուբյեկտիվ պատճառները հասցնել նվազագույնի, այնպես անել, որ օբյեկտիվ պատճառները գան այնպիսի լիարժեք համապատասխանության, որ այդ աշխատանքները կատարվեն ժամանակին և ամբողջ ծավալով»,-ասաց նախարարը: Անդրադառնալով նրան, թե կառավարությունն այդ ուղղությամբ ինչ է անում՝ Խաչատրյանը նշեց. «Արդեն հիմա, երբ դեռևս մեկնարկած չէ 2022 թվականը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում բոլոր այն ուղղություններով, որոնք 2022-ին պետք է լինեն մեր կապիտալ ներդրումների հիմնական ուղղությունները: Նախապատրաստվում են համապատասխան մրցույթներ»,-ասաց նախարարը: Պետբյուջեի կապիտալ ծախսային ծրագրերը հատկապես ենթադրում են շինարարության ակտիվացում: Նախարարի խոսքով ՝այն շինարարական կազմակերպությունները, որոնք մասնակցել կամ մասնակցում են առաջիկայում այդ կապիտալ ծրագրերի իրականացմանը, վերազինվում են, թարմացնում են իրենց սարքավորումների կազմը, համալրում են աշխատակիցների կազմը որակյալ մասնագետներով և պատրաստվում են այդ ավելացվող ծավալներով աշխատանքների իրականացմանը: Պետությունը լիահույս է, որ 2022-ը լինելու է այդ ամբողջ ծավալների իրականացման ժամանակահատված:
11:52 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին նոյեմբերի 12-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով՝համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում: Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը:
17:27 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը: Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը: Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
18:13 - 11 նոյեմբերի, 2021
Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասաց նախարարը: Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի  կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասաց Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
10:41 - 08 նոյեմբերի, 2021
Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2022-ի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են 7 տոկոս տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք բյուջեն: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նշեց, թե նախագծում նկատել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցները հարաբերական առումով ՀՆԱ-ի նկատմամբ 2021-ի և 2022-ի բյուջեով նվազում են: Սակայն բյուջեի ծախսային մասը 2022-ին 2021-ի համեմատ աճում է 18.3 տոկոսով: «Իհարկե, ՀՆԱ-ի նկատմամբ համեմատելով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը՝ կարող ենք նկատել համեմատական ցուցանիշի նվազում 2020-ի նկատմամբ: Բայց այդտեղ կան մի քանի պատճառահետևանքային կապեր: Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու մեր 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:  Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը, անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:  Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: «Այսինքն՝ ամենևին չթերագնահատելով սոցիալական ոլորտում ծախսերն ավելացնելու կարևորությունը՝ մենք հաջորդականության մեջ մեր քայլերը նախատեսել ենք կառուցել այնպես, որ սկզբից մեծ ուշադրությամբ ենթակառուցվածքներին և կրթության բնագավառում ձևավորենք այն միջավայրը, որոնք երաշխավորելու են երկարաժամկետ կայուն և ներառական տնտեսական աճի միջավայրը, ապա դրա արդյունքները, որոնք ավելացող հարկային եկամուտներն են, պետք է ծառայեն նաև սոցիալական ծախսերի ավելացմանը: Իսկ դրանք չեն ուշանալու»,-ասաց Խաչատրյանն ու հիշեցրեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին: Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է, գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման: «2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք, կարծեմ, 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ»,- ասաց պատգամավորը:
12:47 - 05 նոյեմբերի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Պետբյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է»,-ասաց նախարարը: Նա դա բնական համարեց, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են: Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որոնք ներառում են 93 միջոցառումներ: «2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեովնախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
10:30 - 05 նոյեմբերի, 2021
Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն 2021-ի համեմատ կավելանա 2.26 տոկոսով, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ: Այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: 2022-ին նախատեսվում է, որ ԱԳՆ-ի մասով պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն 8 միջոցառումներ: «Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը: Նախարարը հնչեցրեց նաև այն թիվը, որը ծառայելու է միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար: «Դա 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Աճը 4.47 տոկոս է»,- ասաց նա:
10:30 - 04 նոյեմբերի, 2021
ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով |armenpress.am|

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացնել 1.92 տոկոսով:  Այս մասին ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ, 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս»-ներկայացրեց Խաչատրյանը: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիշեց՝ այս տարվա մարտ-ապրիլ ամսին Ֆինանսների նախարարությունը պատրաստել էր օրենսդրական նախաձեռնություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդվածներից մեկը փոխելու, ֆինանսավորումը կրճատելու: «Մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում միջազգային, և դա առկախվեց»,-ասաց պատգամավորն ու հարցրեց, թե արդյոք այդ նախագիծը դեռ մնում է օրակարգում: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախագիծը, քանի դեռ կառավարության կողմից ԱԺ սահմանված կարգով քննարկման ներկայացված չէ, նշանակում է՝ չունի այն կարգավիճակը, որ հիմա դա քննարկեն: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման մոտ 2 տոկոսով աճը: «Մենք գիտենք, որ  ՄԻՊ-ի գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիներին ավելի է մեծացել, և ենթադրաբար հաստիքների համալրման ավելի շատ կարիք կար: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»,-հարցրեց պատգամավորը: Ֆինանսների նախարարը վստահեցրեց. «Ինչպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են: Այսինքն, եթե մենք խոսում ենք հաստիքակազմի վերաբերյալ, Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նախագիծը քննարկելու, ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե որ պետական կառավարման մարմինը որքան հաստիքներ պետք է ունենա կամ այդ հաստիքներն ինչպիսի պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն, այլ մենք միայն ստուգում և պետբյուջեի նախագծում արտացոլում ենք այդ կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»: Թովմասյանը հնչեցրեց թվեր: 2018-ին  ՄԻՊ գրասենյակին դիմել է 10 հազար 740 քաղաքացի, 2019-ին ՝ 13 հազար 140 քաղաքացի, 2020-ին՝ 14 հազար 780 քաղաքացի: «Այսինքն` այս տարիներին շեշտակի աճել է ՄԻՊ-ին դիմող քաղաքացիների թիվը: Հետևաբար` պետք է սպասարկել այդքան դիմումները: Դրանից ավել ի՞նչ հիմք է պետք, որ կառավարությունը համարժեք պատասխան տար այս իրավիճակին՝ բյուջեի տեսքով, աշխատակիցների ներգրավման տեսքով»,-ասաց պատգամավորը: Խաչատրյանը նշեց, որ եթե անգամ դիմումների քանակը մնար նույնը, սակայն հիմնավորվեր, որ եղած աշխատակազմը իր հաստիքային կազմով դիմումների բնույթի փոփոխության պատճառով ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, այդ հարցը կարող էր քննարկվել: «Եվ քննարկվել է հավանաբար: Ես վստահ եմ, որ, եթե կան համապատասխան հիմնավորումներ, ապա այդ դեպքում կայացվում են որոշումներ: Նաև հետագա ամիսներն են դրա համար,  որ եթե օբյեկտիվորեն աշխատանքի ծավալն ավելանա այնպես, որ պետք լինի վերանայել աշխատակազմին վերաբերող հարցերը, ապա կառավարությունը սահմանված կարգով այդ որոշումները կկայացնի»,-ասաց նախարարը:
16:58 - 03 նոյեմբերի, 2021
Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, պարգևատրումների ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրանք այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե  Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական , դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: «Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,-հարցրեց նա:  «Վստահեցնում  եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել  պետբյուջեի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ չի կարող հաստատել կամ չհաստատել, որ ԱԺ-ում պարգևատրումները կազմում են ընդհանուր աշխատավարձերի մոտ 20-22 տոկոսը: «Բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքի նախագծում համապատասխան հատվածներում ներառված են աշխատավարձային հավելումներ կամ պարգևավճարներ, ապա այդ հաշվարկները կատարված են օրենքով սահմանված իրավական հիմքերի վրա»,-ասաց նա ու վստահություն հայտնեց, որ  դրանք կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում: Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագետները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամեն առավոտ մաքրում են մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում, իսկ պատգամավորները չեն ստանալու»: Նա շեշտեց՝ բյուջեի նախագծով նախատեսված չեն պարգևատրումներ պատգմավորների համար: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ այն, որ ՀՀ-ում ոչ պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն` հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանա ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է, որ նրանք պետք  է ստանան հավելավճաներ պարգևատրումներ, ևս միանշանակ է: «Այն պնդումը, որ պետական քաղաքական պաշտոնների մասով, օրինակ՝ պատգամավորների մասով նախատեսված չէ, կարևոր է»,-ասաց Վարդևանյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:26 - 03 նոյեմբերի, 2021
Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազեցնել 34.5 տոկոսով, նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի բյուջետային հատկացումները կմնան գրեթե նույնը:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացում: «2022-ի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացում, որում ներառված են երկու միջոցառումներ: Պետբյուջեի նախագծով առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021-ի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021-ի համար»,-ասաց նախարարը: ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված են 5 միջոցառումներ: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց: Բյուջեն գրեթե առանց փոփոխության է մնացել: Վարչապետի աշխատակազմը 2022-ի ընթացքում կիրականացնի թվով 11 ծրագիր, որից 2-ը՝ սփյուռքի գծով: 11 ծրագրերում ներառված են 45 միջոցառումներ: «Ունենք 11 ծրագրեր, որոնք 2022-ի պետբյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021-ի համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց: Նվազեցում կա 34.5 տոկոսով: Դա մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարի իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022-ի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից»,-ասաց Խաչատրյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:30 - 03 նոյեմբերի, 2021
ԱԻՆ-ի բյուջեն կմնա գրեթե անփոփոխ, ոստիկանությանը կավելանա մոտ 3 տոկոսով
 |armenpress.am|

ԱԻՆ-ի բյուջեն կմնա գրեթե անփոփոխ, ոստիկանությանը կավելանա մոտ 3 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող բյուջեն թողնել գրեթե անփոփոխ, իսկ Ոստիկանության բյուջեն 2021-ի համեմատ կավելանա մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում: Անդրադառնալով ԱԻՆ-ին՝ Խաչատրյանն ասաց.  «Նախատեսվում է, որ պետք է իրականացվի 6 ծրագիր: 2022-ի բյուջետային նախագիծը ԱԻՆ-ի մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր, 2021-ի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 մլրդ 216,7 մլն դրամ: Չնայած փոքր-ինչ նվազում նկատվում է, սակայն սա հիմնականում պայմանավորված է նորմատիվային համապատասխանեցման հարցով: Իրականում, կարող ենք ասել, որ բյուջեն եղել է առանց փոփոխության»: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ 13 մլրդ 975.8 միլիոնից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամը կամ 89.6 տոկոսը համակարգի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդն է, իսկ մնացած 10.4 տոկոսը կազմում է համակարգի ստորաբաժանումներ և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը, ներառյալ՝ ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը: Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը: Անդրադառնալով ոստիկանության բյուջեին՝  ֆինանսների նախարարն ասաց, որ Ոստիկանությունը նախատեսում է 2022-ին իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում 11 միջոցառում: «2022-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585.6 մլն դրամ՝ ըստ նախագծի, 2021-ի հաստատված բյուջեն կազմել է 64 մլրդ 652 մլն դրամ, հաստատվածի նկատմամբ տարբերությունը մոտ 3 տոկոս է՝ աճի ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը: Ծրագրերն են կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումը, կառավարումը, կենտրոնացված միջոցառումները, մոնիթորինգը և վերահսկողությունը:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:22 - 01 նոյեմբերի, 2021
2022թ․ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ԱԱԾ-ի բյուջեն ավելացնել ավելի քան 22 տոկոսով |armenpress.am|

2022թ․ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ԱԱԾ-ի բյուջեն ավելացնել ավելի քան 22 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը: «ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին 2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը: ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:40 - 01 նոյեմբերի, 2021
Կառավարությունն Արցախին կտրամադրի 13.5 մլրդ դրամի նոր վարկ. հատկացումները հասնում են 120 մլրդ դրամի |armenpress.am|

Կառավարությունն Արցախին կտրամադրի 13.5 մլրդ դրամի նոր վարկ. հատկացումները հասնում են 120 մլրդ դրամի |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն: Միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը: Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:
13:19 - 28 հոկտեմբերի, 2021
Տարին կավարտվի բարձր գնաճով, ԿԲ-ն կանի ամեն բան եկող տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու համար |armenpress.am|

Տարին կավարտվի բարձր գնաճով, ԿԲ-ն կանի ամեն բան եկող տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն հանգամանքը, որ այդ բարձր գնաճը որոշակի չափով բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա. դա էլ է փաստ»,-ասաց Խաչատրյանը: Նա հիշեցրեց՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում իրականացրեց՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը: «Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականների վերանայում անելը, կարծում ենք, որ դա շատ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր: Այսինքն՝ մենք գիտենք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան՝ եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»,- ասաց նախարարը: Գնաճը զսպելու գործառույթը ՀՀ-ում ԿԲ-ինն է: Նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ԿԲ-ն իրականացնում է այն ամենը, որոնք իր քաղաքականությամբ և գործիքակազմով լիազորված է:  
15:40 - 25 հոկտեմբերի, 2021