Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Տիգրան Ավինյանը մասնակցել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան առցանց ժողովին

Տիգրան Ավինյանը մասնակցել է ՎԶԵԲ 2021թ. տարեկան առցանց ժողովին

Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է.  «Ուրախ եմ ելույթով դիմել ՎԶԵԲ-ի 30-րդ հոբելյանական համաժողովին: Իրոք, մեծ պատիվ և արտոնություն է այս տարի հանդես գալ երկակի դերով. տնօրենների խորհրդի համանախագահությունը կիսել իմ պատվավոր գործընկերներ պարոն Դոնոհոյի և Ումուրզակովի հետ, և Հայաստանի անունից ելույթ ունենալ այս շատ կարևոր հանդիպմանը: Նախ, ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ՎԶԵԲ-ին 30-ամյակի կապակցությամբ` տարածաշրջանային անցման նպատակով ներդրումներ կատարելու իր անհավատալի հանձնառության համար: 2020 թվականի ընթացքում Բանկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին: Մենք ականատես եղանք Covid-19- ի ազդեցությանը մեղմելու նպատակով «Համերաշխություն» փաթեթի արդյունավետ գործարկմանը: Հարգելի' գործընկերներ, Մենք միասին կերտել ենք անցումային հրաշալի պատմություններ: Մինչդեռ նոր իրողությունները պահանջում են նպատակների վերաձեւակերպում և գործիքների վերափոխում: 2021-25 ռազմավարական և կապիտալ ներդրումների շրջանակը (ՌԿՇ) արդեն ապահովված է սկզբունքորեն կարևոր ոլորտներով: «Լավագույն վերականգնում» պարադիգմի ներքո այն նախատեսում է անցում դեպի ցածր ածխածնային և կանաչ միջավայր, ներառական զարգացում, թվային վերափոխման արագացում: Այս հավակնոտ նպատակները պետք է իրականացվեն բարձրորակ ներդրումների և բարձրորակ անցումային ազդեցության միջոցով: Միևնույն ժամանակ, համաճարակային անորոշությունները կարող են մարտահրավերներ հարուցել: Այստեղ, կարծում եմ, Բանկը կկարողանա արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը, այն է` արագ հարմարվելու ունակություն և նորարարություն: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Covid-19 համաճարակն առաջացրեց լուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ: Երկիրը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ: Համատեղ հակաճգնաժամային փաթեթը, որը նախատեսված է 2020 թվականի համար, գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Մենք մեծապես գնահատում ենք ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքը` օգնելու ՀՀ Կառավարությանը Covid-19- ի հետևանքների հաղթահարմանը միտված ջանքերում: Հետճգնաժամային վերականգնման ճանապարհին մենք ձևավորում ենք առավել մրցունակ և աշխույժ տնտեսություն, ներառական և կայուն ապագա կառուցելու մեր օրակարգը: Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ամուր հիմքեր ստեղծել և օժանդակ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել նորարարական եղանակներով կանաչ միջավայրի վերականգնման համար: Լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների հավակնոտ փաթեթը նույնպես գերակա խնդիր է: Մենք ողջունում ենք ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք համահունչ են մեր ազգային գերակայություններին: Հարգելի' գործընկերներ, Covid-19 համաճարակից զատ կա մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին բախվում ենք բոլորս: Կլիմայական ճգնաժամն այլևս գիտական շրջանակների արտոնությունը չէ: Դա հրատապ քաղաքականության խնդիր է և պետք է հանդիսանա շրջակա տնտեսության և շուկաների վարքագծային օրինաչափությունները վերականգնելու հիմնաքար: Ըստ էության, կլիմայական ճգնաժամը ձախողումների հետևանք է: Կլիմայական հավակնությունների մեջ 3 նոր զարգացումների ձևավորմամբ, մասնավորապես` Փարիզի համաձայնագրին միանալով, էներգետիկայի ոլորտի շուտափույթ ապաածխաջրածնացմամբ, ցածր ածխածնի և կլիմայի դիմացկուն ռազմավարությունների աջակցությամբ, ՎԶԵԲ-ն ապացուցեց, որ հանդիսանում է անցումային ազդեցության ինստիտուտ: Կարևոր է հասկանալ, թե արդյոք բոլորը համահունչ հավակնություններ, նպատակներ, կարողություններ և հնարավորություններ ունեն ազգային մակարդակում՝ օգտագործելու անհրաժեշտ գործողություններն ավելի ցածր ածխածնի և կանաչ միջավայրի վերականգնման ուղղությամբ: Կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վերանայելու զարգացման օրինաչափությունները և արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ: Մեր նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021 թվականի Ազգային ներդրումների շրջանակում: Ազգային նոր ռազմավարության նպատակը մինչև 2030 թվականն արտանետումների մակարդակի 40% իջեցումն է 1990 թվականի համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք արևի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%: Համապատասխան ֆինանսական գործիքների և մեխանիզմների կիրառումը կենսական նշանակություն ունի «մտադրությունից` իրականացում» բանաձևի հաջող կենսագործման համար: Մենք վերահաստատում ենք ՎԶԵԲ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը կլիմայի ֆինանսավորման մասշտաբային մոբիլիզացման նպատակով: Հայաստանն ընդհանուր առմամբ ողջունում է ՎԶԵԲ-ի կլիմայական նախաձեռնությունները, որոնք միտված են ցածր ածխածնային զարգացումն ապագայի վարքագիծ դարձնելուն: Հարգելի' գործընկերներ, Մենք կարծում ենք, որ բոլոր կարևոր թեմաները, որոնք էապես ազդում են տարածաշրջանի ապագա տնտեսական ճարտարապետության վրա, չեն կարող արդյունավետորեն ապահովվել առանց ուժեղ ժողովրդավարությունների, կայունության և խաղաղության: Այդ նպատակով միջազգային հանրությունը և ինստիտուտները, ներառյալ ՎԶԵԲ-ը, պետք է ավելի մեծ եռանդով դատապարտեն այն խախտումները, որոնք առաջացնում են մարդասիրական բնույթի սպառնալիքներ և վտանգում տարածաշրջանի կայունությունը: Հարգելի' գործընկերներ, Այս հանդիպումը պետք է որակել որպես խիստ էական: Այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, կարևոր ազդեցություն կունենան ապագայի անցման և վերափոխման ուղղությամբ` հավաքականորեն մտածելու և գործելու վրա: Բանկի նախագահությանը և թիմին մաղթում եմ նորանոր հաջողություններ և կարելիություններ ներկայիս արտակարգ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև առողջ համախմբում նոր հավակնությունների շուրջ: Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքն արտահայտել ՎԶԵԲ-ի նախագահ տիկին Օդիլե Ռենո-Բասոյին, գլխավոր քարտուղար պարոն Էնցո Քվատրոչիոկչեին և ղեկավար կազմին` այս հեռավար տարեկան համաժողովը նման անկայուն ժամանակներում կազմակերպելու համար:  Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր ընտրողներին` կայացած գործառնական տարվա և գերազանց թիմային աշխատանքի համար: ՎԶԵԲ-ը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և կմնա այդպիսին»: Հիշեցնենք, որ Հայաստանը պետք է հյուրընկալեր 2021թ. տարեկան ժողովը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, ուստի Երևանում տարեկան ժողովը կայանալու է 2024թ.: Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ: 
13:26 - 03 հուլիսի, 2021
Տիգրան Ավինյանը Գյումրիում մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը

Տիգրան Ավինյանը Գյումրիում մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Հունիսի 23-ին Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: Կարմիր ժապավենը կտրելուց և գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարելուց հետո փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա նախ շնորհավորել է ՀՀ-ում տեղի ունեցած, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարևոր հանգրվան է, և այս հանգրվանից հետո մենք իրապես արժևորում ենք ժողովրդավարության հաղթանակը, և բացելու ենք հնարավորությունները երկարաժամկետ զարգացման և խորքային բարեփոխումների ընդունելի փուլի համար»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ դեռևս 2018թ. Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն է ընդունել հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը. «Հանրային կառավարման բարեփոխումները բաղկացած են 4 հիմնական հենասյուներից, որոնցից մեկը հենց Հանրային ծառայությունների մատուցումն է, և հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը: Կարելի է ասել, որ սրանք առաջին քայլերն են հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում, ինչից հետո ունենալու ենք ծառայությունների մատուցման թվային հարթակներ, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացում, և այս տարվա ավարտին, մենք ակնկալում ենք ունենալ նմանատիպ հավելվածներ»:     Փոխվարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ միասնական գրասենյակները ոչ միայն հնարավորություն են ստեղծում կենտրոնացնել պետական ծառայությունները մեկ հարկի տակ և ազատել քաղաքացուն տարբեր պետական մարմիններ այցելելուց և ժամանակի կորստից, այլ նաև որակապես փոխվում է ծառայության որակը. «Ուզում եմ շնորհավորել բոլորին այս մեծածավալ աշխատանքի իրականացման համար, ուզում եմ շնորհավորել Գյումրու բնակիչներին, հասարակությանը, մեր մյուս նախարարություններին, գերատեսչություններին, Հայփոստին՝ կատարված աշխատանքների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ում շնորհիվ այս աշխատանքը դարձավ իրականություն»: Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝  ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։ Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:
18:02 - 23 հունիսի, 2021
Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան Ավինյան   |armenpress.am|

Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Ժողովրդի քվեն շահած կուսակցությունն այլընտրանք չունի` բացի օրինբուն աշխատելուց: Այս մասին հունիսի 23-ին Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում՝ աշխատանքի, զարգացման, առաջընթացի և հնարավորությունների, և այս ժամանակը բոլոր պետական մարմինները պետք է օգտագործեն ի նպաստ ՀՀ զարգացման»,- նշեց Տիգրան Ավինյանը: Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց.«Գործընթացը շարունակական է, գործընթաց կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - նշեց Տիգրան Ավինյանը։
14:26 - 23 հունիսի, 2021
Պետական կառույցները, որտեղ աշխատել է Ավինյանի գրասենյակի ղեկավարը, վերջինիս պատկանող ընկերությունից գնումներ են իրականացրել

Պետական կառույցները, որտեղ աշխատել է Ավինյանի գրասենյակի ղեկավարը, վերջինիս պատկանող ընկերությունից գնումներ են իրականացրել

2020 թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար նշանակվեց Բագրատ Բադալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ավինյանի խորհրդականի պաշտոնը։ Բագրատ Բադալյանը 2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկին տրանսպորտի և կապի նախարարությունում, վերահսկիչ պալատում։ 2018 թ․ հունիսի 6-ին նշանակվել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև՝ 2019 թ. հունիսի 4-ին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև փոխվարչապետի աշխատակազմ տեղափոխվելը (2020-ի փետրվար)։ Բագրատ Բադալյանի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88․13% և «Դոռզնակ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է տրանսպորտային կառույցների նախագծման, նախագծերի փորձաքննության աշխատանքներով, «Դոռզնակ» ՍՊԸ-ն տեխնիկական խորհրդատվություններ է իրականացնում։ 2003-2020 թթ․ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը։ Բագրատ Բադայանը 2007-2010, ինչպես նաև 2015-2018 թվականներին զբաղեցրել է ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ 2020-ի ապրլի 6-ից «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի տնօրենն է Դավիթ Քարտաշյանը, որն ընկերությունում մասնաբաժին չունի։ Դավիթ Քարտաշյանը մինչև 2013 թ․ աշխատել է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում որպես ինժեներ։ Քարտաշյանը տաբեր տարիների զբաղեցրել է պետական պաշտոններ․ 2013-2018 թթ․ աշխատել է ֆինանսների նախարարությունում, 2018-2020 թթ․՝ նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ապա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ ՏԿԵՆ-ում Քարտաշյանը զբաղեցրել է ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից 2016-2021 թթ․ ընթացքում 32 անգամ պետական գնում է իրականացվել, ընդ որում՝ 6 անգամ պետական գնումներն իրականցվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 1 անգամ՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2010-2015, ինչպես նաև 2018-ից մինչև օրս աշխատում է պետական համակարգում, ընդ որում՝ մինչև 2020-ը եղել է ՏԿԵ նախարարի տեղակալ։ Իսկ Դավիթ Քարտաշյանը պետական համակարգում է աշխատել 2013-2020 թթ․։  Եթե Դավիթ Քարտաշյանը «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում աշխատել է միայն որպես ինժեներ և ընկերության տնօրեն է դարձել ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը թողնելուց հետո, ապա Բագրատ Բադալյանը 2020-ից ընկերության բաժնետոմսերի ավելի քան 80%-ի սեփականատեր է, իսկ մինչ այդ բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր էր նրա հայրը՝ Սամվել Բադալյանը։ 2016-ից մինչ 2018-ի մայիսը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից իրականացվել է 17 պետական գնում, իսկ 2019-2021 թթ․՝ 15։ Մինչև 2018 թ․ իրականացված պետական գնումներից 4-ն իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 2019-2021 թթ․ պետական գնումներից 2-ն են իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունից մինչև 2018-ն իրականացված 17 պետական գնումներից 16-ն իրականացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որտեղ մինչև 2019-ն աշխատել է Բագրատ Բադալյանը)։ 2019-2021 թթ․ ընկերությունից 12 անգամ պետական գնում է իրականացրել ՏԿԵՆ-ը, 1 անգամ՝ «Տարածքային զարգացման հիմնադրամը», որը ՏԿԵՆ ենթակայությամբ գործող  ՊՈԱԿ Է։ Հիշեցնենք, որ Բադալյանը 2019-2020 թթ․ աշխատել է հենց ՏԿԵՆ-ում։ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ից հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնում իրականացրել է Վայքի համայնքապետարանը։ 999 999 դրամ արժողությամբ այս պայմանագրով համայնքապետարանն ընկերությանը պատվիրել է Վայք քաղաքում երկու փողոցի մասնակի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնել։ Պետական եկամուտների կոմիտեն այս պայմանագիրը համարել է ռիսկային․ «Գնումների օրենքով սահմանված բազային միավորի՝ 1 մլն դրամի շեմը չգերազանցող գնումների ուսումնասիրության ընթացքում նկատվել են որոշակի ռիսկային պայմանագրեր, որոնցից է, օրինակ, Վայքի համայնքապետարանի և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը (հունիսի 9, 2020թ.), որի արժեքը կազմել է 999,999 դրամ: Նույնկերպ, մի շարք պայմանագրերի դեպքում կան ռիսկեր, որ արժեքը հարմարեցված է 1մլն դրամի շեմը չգերազանցելու և մրցակցային ընթացակարգի կիրառումից խուսափելու համար»:  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե կատարվել է բազային միավորը (1 մլն դրամ) գերազանցող պետական գնում, պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն, որն, ի թիվս այլնի, ներառում է տեղեկություններ հետևյալի մասին․ գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը, հրավերը և դրանում կատարված փոփոխությունները, գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները, հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները, հայտերով ներկայացված գները, հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները, հայտի մերժման դեպքում դրա հիմնավորումը, գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները։ Օրենքի 23-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ մեկ անձից գնում կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե գինը չի գերազանցում 1 մլն դրամը։ Հունիսի 13-ին «Հայաստան» դաշինքի՝ պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը հայտնել էր, որ «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձնից գնման ընթացակարգով գնումներ են իրականցվել։ Ըստ Հակոբյանի՝ «Կոքս քնսալթ»-ը համագործակցում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ։ Հակոբյանը ճիշտ է, «Կոքս քնսալթ ԳՄԲՀ հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումից («Կոքս քնսալթ» գերմանական ընկերության հայաստանյան մասնաճյուղը) ՏԿԵՆ-ը 2020-2021 թթ․ մեկ անձից գնման ընթացակարգով պետական մի քանի գնում է իրականացրել՝ պատվիրելով տարբեր ճանապարհահատվածների վերանոգորման տեխնիկական հսկողության ծառայություններ։ Ինչ վերաբերում է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի հետ կապին, ապա տարբեր պայմանագրերից տեղեկանում ենք որ «Կոքս քնսալթ» ԳՄԲՀ-ն համագործակցել է Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» և «Դոռզնակ» ՍՊԸ-ների հետ։ Աննա Սահակյան
15:59 - 16 հունիսի, 2021
Ամբողջությամբ թվայնացված է պետկառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը. Ավինյան

Ամբողջությամբ թվայնացված է պետկառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը. Ավինյան

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ. ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։ Ծրագրում արդեն ներառված են ՀՀ Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցների)»,- նշել է Ավինյանը: Նա հավելել է, որ արդյունքում էապես նվազելու են հաղորդակցության վրա քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը (թուղթ, տպագրական և փոստային ծախսեր) և կրճատվելու են հաղորդակցման ժամկետները։
19:55 - 14 հունիսի, 2021
Պետական ծառայությունների թվայնացման հարցով քննարկում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ

Պետական ծառայությունների թվայնացման հարցով քննարկում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ Կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումների 4 բաղադրիչներից մեկն է պետական և համայնքային ծառայությունների թվայնացումը: Այդ համատեքստում պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես, օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետևել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը և այլն: Տիգրան Ավինյանը հավելել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը: Ավելացվող ծառայություններից առանցքային է լինելու Հայաստանի Հանրապետությունում լիցենզիաների և թույլտվությունների ստացման ու տրամադրման գործընթացի ապահովումը հարթակի միջոցով: Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից: Այնուհետ կապալառու կազմակերպությունը հանդես է եկել e-gov.am հարթակի վերաբերյալ պրեզենտացիայով՝ ներկայացնելով միասնական հարթակի ապագա կառուցվածքը, դրա ընձեռած տեխնիկական հնարավորություններն ու գործիքակազմը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հարթակի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա աշխատանքներին, այդ թվում՝ ծանուցումների (e-notifications), վճարումների (e-payments) և GovID-ի ներմուծման, դրանց տեխնիկական ապահովման, սպասարկման ու ժամանակացույցի հարցերին: 
15:28 - 11 հունիսի, 2021
Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|

Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին |armtimes.com|

armtimes.com: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով արտաքին գործերի փոխնախարարների պաշտոնակատարների ազատման դիմումներին, նաև հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, Ավինյանը պատասխանեց: «Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի»: Հարցին՝ ինչո՞ւմ է արտաքին գործերի՝ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը մեղադրում իշխանություններին, Ավինյանը լրագրողներին հորդորեց հենց Այվազյանին այս հարցն ուղղել: «Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրել. մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր: Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, անվտանգության խորհրդի բոլոր անդամները տեղյակ են եղել»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։   
13:24 - 10 հունիսի, 2021
Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը |armtimes.com|

Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ կառավարության 2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին»  որոշման ցանկից հանվեցին Պուշկինի 4 տուն․ Պուշկինի 8․ Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։ Այս որոշմամբ «Դոլմամա» ռեստորանի շենքի տարածքը ևս հանվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը: «Նման պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումը մեր կառավարության համար ընդունելի չէ, և համաձայն այս որոշման՝ մենք այս սկզբունքից ելնելով շարունակելու ենք այդ քաղաքականությունը վարել»,- ասաց Ավինյանը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է նաև «Դոլմամա» ռեստորանի շենքին: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
12:06 - 10 հունիսի, 2021
Հուլիսի 1-ից Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենսաթոշակառուների թոշակները կփոխանցվեն անկանխիկ եղանակով |armtimes.com|

Հուլիսի 1-ից Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենսաթոշակառուների թոշակները կփոխանցվեն անկանխիկ եղանակով |armtimes.com|

armtimes.com: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տաթևիկ Ասատրյանն այսօրվա կառավարության նիստին ներկայացրեց կենսթոշակները ստանալու նոր կարգին վերաբերող նախագիծ: Ըստ նախագծի 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքաներում կենսաթոշակների վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով:   Ասատրյանը շեշտեց՝ կան սակայն բացառություններ. «Օրինակ, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին. Բացառություն է նաև, երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»:  Փոխնարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ այս նախագծի ընդունումը բացասական ազդեցություն չի ունենալու շահառուների վրա. «Բացառությունների մեջ գտնվող քաղաքացիները պետք է ընդամենը ընտրություն կատարեն՝ ցանկանում են անկանխիկ ստանալ, թե՝ոչ»:  Տաթևիկ Ասատրյանը հայտնեց, որ տվյալ նախագիծը կընդլայնվի այլ համայնքների վրա 2022 թվականի հունվարի 1-ից: «1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում համակարգին անցում կկատարեն 2023 թվականին, մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում 2024 թվականին»: Տիգրան Ավինյանը փոխնախարարի պաշտոնակատարին դիմելով հարց ուղղեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ գումարը նստելու է քարտին և գալու է ինչ-որ ժամանակ, երբ  շահառուները իրենց գումարը ստանալու են քարտերո՞վ»: Ասատրյանն էլ նշեց, որ Ավինյանը ճիշտ է հասկացել: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նկատեց, որ անկանպիկի անցումը շատ լավ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա:
11:46 - 10 հունիսի, 2021
Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019 թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով: Հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականացվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը: Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը:
19:28 - 07 հունիսի, 2021
Տիգրան Ավինյանը տեսնում է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարելու անհրաժեշտություն

Տիգրան Ավինյանը տեսնում է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարելու անհրաժեշտություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 29-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով  պայմանավորված,  համաշխարհային տնտեսությունը գտնվում է զարգացման բարդ շրջանում, որտեղ տնտեսական հին մոդելներն աստիճանաբար դադարում են ակտուալ լինել, և անհրաժեշտ է համարժեք արձագանքել այդ մարտահրավերին: Ըստ նրա՝ այդպիսի միջավայրում զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում հնարավոր չէ ապահովել առաջընթացի նախկին տեմպերը, ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ  ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել: Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում մանրամասն անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին, թվայնացման գործընթացին և բիզնեսի համար դրանց ընձեռած հնարավորություններին։ Տիգրան Ավինյանը հատկանշել է նաև «Enterprise Armenia»-ի հիմնումը՝ որպես օտարերկրյա և տեղացի ներդրողներին սպասարկող հիմնադրամի, որին պետք է աջակցել, որպեսզի հաջողության հասնի և իր մանդատի ու առաքելության շրջանակներում ապահովի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, բարելավի Հայաստանի իմիջը՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն: Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները: «Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակներն ու առաջնահերթությունները: Պանելային քննարկման ժամանակ «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու կատարված աշխատանքները։ Ելույթներով են հանդես եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցացիան, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Հայ-բրիտանական գործարար պալատի ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով ոլորտի կոնկրետ խնդիրների վրա։ Քննարկումը եզրափակվել է հարց-պատասխան ձևաչափով։
18:21 - 29 մայիսի, 2021
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։ Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
10:49 - 29 մայիսի, 2021
Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|

Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումներն այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացի և բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ հարցին․ «Բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցերը երկու երկրների հանձնաժողովների քննարկման առարկաներն են, և որոշակի սկզբունքներ կան, որոնք երկու կողմի համար պետք է ընդունելի լինեն, այդ սկզբունքների հիման վրա սկսում է տեղի ունենալ գործընթացը»,-ասաց նա։ «Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր՝ մինչև ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները․ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը, և, փաստացի, մենք հենց այդ սկզբունքով էլ ժամանակավոր հենակետեր էինք տեղադրում, Ադրբեջանի հետագա գործողություններն այդ պրոցեսն ակնհայտորեն խաթարեցին, և, միանշանակ, լրիվ այլ տրամաբանություն փորձեցին թելադրել, որը, կարծում եմ, ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու»,-ասաց նա։
17:35 - 26 մայիսի, 2021
Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 26-ին ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:  Հանդիպման ընթացքում Ռազմիկ Արզումանյանը փոխվարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը՝ ուղղված զինծառայողների կեցության և առաջին բուժօգնության պայմանների բարելավմանն ու ծառայությունը առավել անվտանգ դարձնելուն: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի իրականացրած գործունեության համար: Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
16:13 - 26 մայիսի, 2021