Վահագն Հովակիմյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երեւանում:

1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող: 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող: 2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2012-2013թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2012-2015թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական: 2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան: 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր: 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2016 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է: 2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, 2018թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։  Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։  Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։ Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝  1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.  3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ  4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:  Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է․ «Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»:  Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։  Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։ Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։ Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»: Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։ Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում: Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։   Միլենա Խաչիկյան
20:57 - 18 հոկտեմբերի, 2022
ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Այդ մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- գրել է Վ. Հովակիմյանը:
16:38 - 03 հոկտեմբերի, 2022
ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասօր հրավիրված խորհրդարանական լսումներին Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Հովակիմյանը հիշեցրեց, որ նախորդ փոփոխություններով առաջարկվեց խորհրդարանի մոդելը կիրառել նաև 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքների համամասնական ընտրություններում, իսկ դրանից պակաս ընտրող ունեցող համայնքներում պահպանել նախկին մոդելը, երբ մեկ քվեաթերթիկի վրա գրված են թեկնածուների անունները, և ընտրողը գրիչով է կատարում քվեարկություն: «Անցած ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ, ըստ էության, այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներ էին, անվավեր քվեաթերթկներն ավելի քիչ էին, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Նաև ահազանգեր կային, որ գրիչով քվեարկությունների պարագայում բոլորիս հայտնի կարուսելի վտանգը պահպանվում է: Համայնքներում ազդեցություն ունեցող անձինք էդ գործիքով հնարավոր է վերահսկեն ընտրությունների ընթացքը, փորձեն ազդել ընտրողների կամքի վրա: Այդ պատճառով առաջարկվում է ամբողջ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն առկա է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացի օնլայն հեռարձակում ապահովել քվեասենյակներում, ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում է: «Հաջորդ խնդիրը, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Հիմնականում խնդիրները ծագում են այն դեպքում, երբ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Մենք փորձել ենք ԱԺ նստաշրջանի ինստիտուտը որոշակի մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Ընտրական օրենսգրքի և ՏԻՄ օրենքի համադրությամբ առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտ, ըստ որի՝ առաջին նստաշրջանում նիստի  վարման իրավունք տրվում է առավել շատ քվե ստացած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու և դատական վեճերի դեպքում դրանք դիտակել որպես ընտրական վեճեր, ինչն, ըստ Հովակիմյանի, ենթադրում է, որ վարչական դատարաններն այդ վեճերը կքննեն սեղմ ժամկետում և կկայացնեն վերջնական դատական ակտեր:
14:50 - 23 հունիսի, 2022
Մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը կարող է նշանակել պաշտոնակատար. ԱԺ-ն ընդունեց օրենքը |1lurer.am|

Մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը կարող է նշանակել պաշտոնակատար. ԱԺ-ն ընդունեց օրենքը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել` մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը:
17:19 - 06 մայիսի, 2022
Վարչապետը կկարողանա համայնքապետ չընտրվելու դեպքում այդ պաշտոնում  ավագանու կազմից իր ուզած անձին պաշտոնակատար նշանակել․ ԱԺ-ն նախագիծ է քննարկում

Վարչապետը կկարողանա համայնքապետ չընտրվելու դեպքում այդ պաշտոնում ավագանու կազմից իր ուզած անձին պաշտոնակատար նշանակել․ ԱԺ-ն նախագիծ է քննարկում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու նպատակով։ Նախագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Վահագն Հովակիմյանն են։ Նախագծի բովանդակային մասից խոսելուց առաջ Հովակիմյանը նախ տեղեկացրեց, որ խնդիրը հրատապ է, եւ գործադիրի իրենց գործընկերների կողմից էլ են ստացել խնդրանք՝ այն հնարավորինս շուտ լուծելու համար, այդ իսկ պատճառով այսօր հրավիրել են արտահերթ նիստ՝ նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու նպատակով։ Դա նշանակում է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծի երկրորդ ընթերցումը պիտի կազմակերպվի 24 ժամվա ընթացքում։ «ՏԻՄ մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկ իշխանությունը արել էր դեռ նախորդ ամիս՝ ապրիլի սկզբին։ Այդ փոփոխությամբ ՀՀ վարչապետին տրվեց լիազորություն՝ ընտրելու խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար բոլոր այն ֆորսմաժորային իրավիճակներում, երբ ինչ-ինչ պատճառներով տվյալ համայնքի ղեկավար չի ընտրվում։ Մասնավորապես, օրենքի 102-րդ հոդվածում ավելալցվեց 6-րդ մաս, ըստ որի՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Այդ փոփոխությունը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ստորագրվել էր 2022 թ․ ապրիլի 6-ին եւ ուժի մեջ մտել ապրիլի 17-ին։ Եվ այսօր՝ մայիսի 5-ին, ի լրումն այդ փոփոխության՝ իշխանական պատգամավորները ներկայացրել են մեկ այլ նախագիծ։ Այս նախագծով սահմանվում է, որ հիշյալ ֆորսմաժորային իրավիճակներում համայնքի ավագանու անդամը կարող է նշանակվել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այնինչ գործող կարգավորումներով դա չի թույլատրվում։ Մասնավորապես, «ՏԻՄ մասին» օրենքի 19-րդ հոդվածը, որ սահմանում է համայնքի ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, ի թիվս այլնի, ավագանու անդամին արգելում է լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։ Նախագիծը ներկայացնելիս Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ նույն օրենքի 27-րդ հոդվածը, որ սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար հասկացությունը, դրա համար միայն մեկ պահանջ է նախատեսում․ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի․ «Բայց նույն օրենքը ունի նաեւ 19-րդ հոդված, որը մեծամասնական ընտրակարգին է վերաբերում, որի դեպքում օրենքը նախատեսում է, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս դեպքում, հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքներ են, որպեսզի այս տարընթերցումը, այս հակասությունը վերանա, ուղղակի առաջարկվում է այդ 6-րդ մասում ավելացնել ամրագրում, որ այն 19-րդ հոդվածի կարգավորումը ֆորսմաժորային իրավիճակներում չի գործում»,- ասաց նախագծի հեղինակը՝ հավելելով․ «Սրանով հնարավորություն ենք տալիս վարչապետին, որ նա իր քաղաքական կամքը իրացնելիս լինի անկաշկանդ եւ նշանակի այն անձին, ում կցանկանա»։ Այսինքն՝ նախագծի ընդունման դեպքում վարչապետը լիազորություն է ունենալու նաեւ ավագանու անդամների կազմից նշանակել այն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չի ընտրվում։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամիս, երբ իշխանությունը հանդես եկավ վարչապետին նման լիազորություն տալու առաջարկով, ընդդիմադիր պատգամավորները ընդծգեցին, որ այդ փոփոխությունն արվում է, մասնավորապես, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու նպատակով։ Ինչպես հայտնի է, Ասլանյանի գլխավորած դաշինքը Վանաձորի ընտրությունների ժամանակ ամենաշատ թվով ձայներն էր հավաքել, իսկ «Հայրենիք» կուսակցությունն էլ հայտարարել էր, որ սատարելու է նրա թեկնածությանը։ Սակայն ավագանու առաջին նիստից՝ համայնքի ղեկավարի ընտրությունից օրեր առաջ, Ասլանյանը կալանավորվեց, թեեւ նրա վերաբերյալ քրեական գործի մասին հայտնի էր շատ ավելի վաղուց։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ եւ համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նախագծի վերաբերյալ հարց ու պատասխանից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց ՔՊ խմբակցության 55 պատգամավոր։ Ընդդիմությունը, ինչպես հայտնի է, նիստին չի մասնակցում։ Այսպիսով, նիստն ավարտվեց։ Այժմ նախագիծը պետք է քննարկվի Գլխադասային հանձնաժողովում, որից հետո՝ շուրջ 3 ժամ անց, դարձյալ նիստ կգումարվի՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկելու նպատակով։   Միլենա Խաչիկյան
13:52 - 06 մայիսի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

armtimes.com: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից: Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Պատգամավորի խոսքով՝ ռազմաբազայի վերաբերյալ նման խոսակցությունները որևէ հիմնավորում չունեն. «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»: Նշենք, որ լուրերի համաձայն` եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է: «Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», - ասաց Հովակիմյանը։
12:26 - 25 հունվարի, 2022
Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում: Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը: Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:
12:21 - 25 հունվարի, 2022
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը: Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:
14:15 - 24 սեպտեմբերի, 2021
2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան |armenpress.am|

2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համոզված է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եղել են մինչև այժմ անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները Հայաստանում: Հովակիմյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԿԸՀ-ի տարեկան հաղորդման քննարկմանը: «Ես, 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած, տարբեր կարգավիճակներով ներգրավված եմ եղել ընտրություններում: Կարող եմ ժամերով պատմել այն, ինչ տեսել եմ մինչև 2018-ի ընտրություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները եղել են մինչև այդ ՀՀ-ում տեղի ունեցած ամենալեգիտիմ ընտրությունները: Սա ասում եմ՝ նույնիսկ վեր դասելով 2018-ի խորհրդարանական ընտրություններից, որովհետև 2018-ի ընտրություններն անցկացվում էին առանց մրցակցության պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում»,-ասաց Հովակիմյանը: Ըստ նրա՝ 2021-ի ընտրությունները ոչ միային մրցակցային էին, այլ նաև անցկացվում էին գերլարված վիճակում: Հովակիմյանի համոզմամբ՝ իշխանությունը կարողացել է այդ պայմաններում ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունն ու թափանցիկությունը:  Ըստ պատգամավորի՝ կարելի է արձանագրել, որ հունիսի 20-ի ընտրություններում գործադիր մարմնի որևէ պաշտոնյայի կողմից իր ենթականերին ուղղորդելու, որևէ կերպ քվեարկությունը կանխորոշելու դեպք չի եղել:
17:03 - 13 սեպտեմբերի, 2021