Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Ադրբեջանցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարները վերադարձրել են
 |tert.am|

Ադրբեջանցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարները վերադարձրել են |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի Արավուս  բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։ «Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։ Լուրը հաստատել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Նրա 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել։ Երբ ադրբեջանցիները հարձակվել են հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով է եղել, կարողացել է արագ հեռանալ՝  իր հետ փրկելով մի քանի տասնյակ գլուխ ոչխարների։
13:31 - 20 հունվարի, 2024
Կալանավորվել է 2 անձ շուրջ 12կգ թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով շրջանառության վարույթով

Կալանավորվել է 2 անձ շուրջ 12կգ թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով շրջանառության վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2024թ. հունվարի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, Ճակատեն բնակավայրի մոտ, ոստիկանական հենակետում, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ իրացնելու կասկածանքով, կանգնեցվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 10 կիլոգրամից ավելի քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերոհիշյալ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է որ ավտոմեքենայի խցիկում հայտնաբերված թմրամիջոցների նմանվող զանգվածի ընդհանուր քաշը կազմել է շուր 12 կգ։ Նշանակված փորձաքննության եզրակացությամբ դրանից շուրջ 4,6 կիլոգրամը հանդիսացել է «Մեթամֆետամին», 200 գրամը՝ «Հերոին» տեսակի թմրամիջոց։ Փորձաքննություն է նշանակված նաև՝ հայտնաբերվածից շուրջ 6,2կգ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև՝ «Ափիոն» և «Էքստազի» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։ Քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, նախնական պայմանավորվածություն ունենալով ԻԻՀ՝ քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ, հունվարի 11-ին մեկնել են հայ-իրանական սահմանի համապատասխան տեղանք, որտեղից վերցրել են պոլիէթիլենային երեք խոշոր փաթեթներով ԻԻՀ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով փոխանցված թմրանյութերը, տեղափոխել դրանք ավտոմեքենայի խցիկ և հեռացել, սակայն ետդարձի ճանապարհին, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությունը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը)։ Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան պարզելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:06 - 18 հունվարի, 2024
Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր գյուղում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:09 - 12 հունվարի, 2024
ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից․«Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած աջակցության մասին։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ սերտ համագործակցության, փոխհամաձայնեցված աշխատանքի ու հումանիտար առաքելության համար, որը հատկապես կարևոր է եղել ճգնաժամային իրավիճակներում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմել են նաև Սյունիքում 2024-ի համար արդեն հաստատված ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն թե՛ տեղահանված անձանց աջակցությանը, թե՛ նրանց տնտեսական զարգացման ու ինտեգրման նախաձեռնություններին, թե՛ Սյունիքում նրանց հյուրընկալած բնակավայրերի համաչափ զարգացմանը։ Կշարունակվի նաև կազմակերպության մանդատի ներքո իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ առաջին օգնության դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ընտանեկան կապերի վերականգնում և այլն։ Մարզպետ Ռ․Ղուկասյանը նշեց այն առաջնահերթությունները, որոնք ցանկալի է ներառված տեսնել այդ ծրագրերում, ինչպես նաև ներկայացրեց ԼՂ-ից Սյունիքում հաստատվածներին աջակցելու մեխանիզմների՝ մարզային իշխանության տեսլականը։ Հանդիպման կողմերը այսուհետ ևս սերտ ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:46 - 09 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից' թաքնվելով նաև քննությունից։ Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երևան քաղաքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, և Տ. Խաչատրյանը կալանավորվել էր։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հավելենք նաև, որ վարույթով տուժող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակիչը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև 218-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել է Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել` 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30 - 21 դեկտեմբերի, 2023
Տեղ համայնքի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած հողատարածքների սեփականատերերը դեռ փոխհատուցում չեն ստացել
 |azatutyun.am|

Տեղ համայնքի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած հողատարածքների սեփականատերերը դեռ փոխհատուցում չեն ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Տեղ համայնքում գարնանն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հողատարածքների սեփականատերերը պետությունից դեռ որևէ փոխհատուցում չեն ստացել։ Համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Արցախը Հայաստանին կապող երթուղին պետք է փոխվեր։ Մարտի վերջին՝ մի գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժը տեղակայվեց Տեղ-Աղավնո ճանապարհի հարևանությամբ գտնվող հողատարածքներում։ Տեղ գյուղի 33 ընտանիքին պատկանող 102 հեկտար դաշտերում ադրբեջանցիներն ամրացան, հենակետեր կառուցեցին։ Հողից զրկված գյուղացիներն այդ ընթացքում գյուղից անզեն աչքով հետևում էին ադրբեջանական դրոշի տակ հասունացող իրենց արտերին։ «Հեսե գնում եմ, խանութի մոտ կանգնում, թուրքերը, տեսնում եմ, հողումս խրամատ սարքած, տանկերը՝ կանգնած, զենքերը՝ տիրած հենց անմիջապես իմ հողիս մեջին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեղի բնակիչ Լարիսա Ավագյանը։ Համայնքային և մարզային իշխանություններն այն ժամանակ հավաստիացնում էին գյուղացիներին, որ վարուցանքի ծախսերը կփոխհատուցվեն՝ ամեն հեկտարի համար 500 հազար դրամի չափով։ Իսկ հողե՞րը, հարցրել է 70-ամյա Լարիսա Ավագյանը։ Պատասխանել են՝ սպասեք սահմանազատման աշխատանքներին։ «Մենք հույսո՞վ լինենք, որ էդ հողերը կարող ա մեզ վերադարձնեն… չէ՜։ Մինչև սահմանազատում-սահմանագծում չլինի, էդ քարտեզները չկան, չափեն, արդյոք կլինի՞ մեր հայկական հողերը նորից մեզ վերադարձնեն, թե՞ կմնա թուրքի ձերքին, մենք էդ չգիտենք», - հարցնում է նա։ Կորցրած հողերից ամենամեծի՝ 3 հեկտարի սեփականատեր Գայանե Ավագյանը լուրերով պաշտոնյաներից լսել է, որ սահմանազատման դեռ չսկսված աշխատանքները կարող են տարիներ տևել։ Ինչքա՞ն սպասենք, անհասցե հարցնում է կինը։ «Հողի վկայականն ունեմ, հող չունեմ», - սրտնեղում է տիկին Գայանեն, որ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը համայնքապետարան է ուղարկել՝ սահմանի մյուս կողմում մնացած ցորենի դիմաց փոխհատուցում ստանալու հույսով։ Հողի դիմաց փոխհատուցման զրույցները 60-ամյա կնոջն ամենաշատն են մտահոգում։ Ասում է՝ սպասվող սահմանազատման ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես բանակցեն, որ Տեղի բնակիչներն անհող չմնան։ «Հողը վաճառքի չեն դնում։ Ես չեմ էլ ցանկանում։ Ես իմ հողն եմ ուզում։ Հողը վաճառում չեն», - ասաց նա։ Կորցրած հողերի և կրած վնասների ամբողջ փաթեթն ամիսներ առաջ կառավարություն է ուղարկվել։ Ըստ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ փոխհատուցման որոշում դեռ չկա։ «Կառավարությունում դեռ քննարկվում է։ Ես Տեղ համայնքում շատ հաճախ եմ լինում։ Նաև ոչ բոլոր, բայց գյուղացիների մի մասի հետ հանդիպել եմ, և էդ հարցը քննարկել ենք, համայնքի ղեկավարն էլ՝ Դավիթ Ղուլունցը, պարբերաբար կապ է հաստատում այդ խնդրի հետ կապված։ Մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցը», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Քննարկվում է արդյո՞ք մինչև սահմանազատումը սեփականությունից զրկված գյուղացիներին այլ հող տրամադրելու հարցը։ Իշխանական պատգամավորը չհստակեցրեց, միայն հավաստիացրեց, որ պատրաստ է կառավարության որոշումից հետո լսել գյուղացիները բողոքները։ «Ամեն դեպքում եթե որոշում լինի, որը քաղաքացիների դժգոհությունը կառաջացնի, ես այդ հարցը նորից կբարձրացնեմ Ազգային ժողովում, հարցուպատասխանի ֆորմատով կբարձրացնեմ, որպեսզի պարզ ու թափանցիկ պատասխան ստանան մեր համաքաղաքացիները», - նշեց նա։ Գյուղում անհանգիստ են նաև հայկական մնացած, բայց ադրբեջանցի զինծառայողների տեսադաշտում հայտնված հողերի համար։ Ամռանն ադրբեջանցիները կրակ էին բացել իրենց դիրքերի հարևանությամբ խոտ հնձող՝ տիկին Լարիսայի որդիների ուղղությամբ։ Ստիպված հրաժարվել են նաև վարձակալությամբ վերցված այդ հողի բերքից։
16:26 - 18 դեկտեմբերի, 2023
Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։   Սահմանամերձությունը  Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։ Մարիամը Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։ Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ «Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։ Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։ Հարությունը Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։ Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։ «Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։ Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։ «Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։   Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։ Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։ «Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։ Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։ Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։ Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։  Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։ «Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։ Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։   «Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։ Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր): Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) «Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։ Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։ «Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։ Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։ Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։  Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։ «Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։  Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ «Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։ Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։ «Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։ Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։ «Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։   Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։ «Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։   Սահմանի կենդանի քարտեզները Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։ «Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։ Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։ Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։ Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։ Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։ Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։ «Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։ Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։  «Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։ Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։  «Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։ Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։   Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան) Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի   *«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։  
19:28 - 13 դեկտեմբերի, 2023
Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան
 |1lurer.am|

Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց-մտահոգությամբ դիմեց` նշելով, որ բանավոր խոսույթում արծարծվում է Մեղրիի, ընդհանրապես` Սյունիքի մարզի` ոչ անվտանգ լինելու հարցը: Արդյոք ինչ-որ սպառնացող վտա՞նգ կա Սյունիքին` հարցին վարչապետը պատասխանեց. «Նաև որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում և Սյունիքի մարզում մասնավորապես: Վերջին հինգ տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում` ես նկատի ունեմ Կառավարության կողմից ուղիղ ծրագրերը, 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել Սյունիքի մարզում»: Փաշինյանը թվարկեց` Մեղրիում ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. վերակառուցվում է ՀՀ-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, ԵՄ աջակցությամբ ժամանակակից մաքսակետ է ստեղծվում, և դա շատ լուրջ աշխատատեղերի խթան է լինելու, շուտով սկսվում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը: «ԵՄ-ն ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավական խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում գործարկել ենք օդանավակայանը, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակյի խնդիրներ կան, երբեմն վատ եղանակի պատճառով թռիչքները չեղարկվում են: 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվում Սյունիքի մարզում. սա անում ենք` հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության և այլնի հետ: Չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին ՀՀ-ից անջատենք. երբեմն այդ միտումն եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են»,- ասաց նա` նկատելով` այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Արարատում, և՛ Գեղարքունիքում: «Դրանք կան, բայց պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել, դրանք լուծելու համար է, որ մենք խաղաղության օրակարգն ենք որդեգրել, նաև միջազգային բավական ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության շուրջ: Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի, այս նոր միջավայրում պետք է հուսալի անվտանգային մեխանիզմներ ձևավորենք. 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել մի բան` տևական դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը, հենց դա ենք մենք ուզում ստանալ»,- ասաց վարչապետը:
15:36 - 24 նոյեմբերի, 2023
Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։ «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։ Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։
17:04 - 09 նոյեմբերի, 2023
Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23 թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2023 թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ  պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Տ․ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր։ Ոստիկանությանը տրվել էր նրան  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նոյեմբերի 8-ին, դատարանի որոշման հիման վրա իրականացված խուզարկության ընթացքում Տ․ Խաչատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ իրենց առանձնատանը։ Վերջինս  ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։   Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:34 - 09 նոյեմբերի, 2023