Սահման

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

1lurer.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»: «Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը: Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել: «1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ: «Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: Դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:
17:19 - 09 փետրվարի, 2022
Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։ Այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով, ռազմական դաշինքի վարչական ղեկավարը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ «Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։
13:08 - 09 փետրվարի, 2022
Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասաենյակից։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
10:26 - 08 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․ «Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
16:52 - 19 հունվարի, 2022
Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: Կառավարության նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրա հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք 2021 թվականին և նախկինում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- նշեց վարչապետը:
11:54 - 30 դեկտեմբերի, 2021
Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը և կոչ է արել արագ ազատ արձակել պահվող բոլոր գերեվարված անձանց |tert.am|

Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը և կոչ է արել արագ ազատ արձակել պահվող բոլոր գերեվարված անձանց |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել  արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը»,- ասվում է առաջին գրառման մեջ:Դրան հաջորդել է երկրորդը. «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյից:
11:50 - 30 դեկտեմբերի, 2021
Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։ Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:08 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա: Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն): Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
17:20 - 15 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։ Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի, Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: «Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ»,- նշել է ՀՀ ՄԻՊ-ն ու ընդգծել՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում՝ մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Նա շեշտել է, որ այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում: Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։ Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ: Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են մանրամասն քննարկման առարկա։
15:05 - 14 դեկտեմբերի, 2021