Սիսակ Գաբրիելյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2021թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:  

Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):

2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող:

2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ եւ վարող:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Լրագրողները խորհրդարանում իրենց գործունեությունը կիրականացնեն հատուկ առանձնացված տեղերում․ ԱԺ խորհուրդն ընդունել է նախագիծը

Լրագրողները խորհրդարանում իրենց գործունեությունը կիրականացնեն հատուկ առանձնացված տեղերում․ ԱԺ խորհուրդն ընդունել է նախագիծը

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Վերջիններս կարող են Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ որոշ փոփոխություններ էլ տեխնիկական բնույթի են: Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելությունը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները: 13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է: Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է:
15:12 - 18 օգոստոսի, 2021
Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

1lurer.am: Անցած 2 տարի 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել ու ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել, օրինակ՝ անցնող 10-15 տարիների ընթացքում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Էս երկու տարվա ընթացքում ավելի շատ նախագիծ է ընդունվել ընդդիմության ներկայացրած, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում: էստեղ ընդդիմութունը, բնականաբար, կարող է հակադարձել, որ եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Այո՛, հարգելի ընդդիմություն, ձեր կողմից եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանը՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մի կարևոր բան կար այստեղ, ես էստեղ ժողովրդի ներկայությունը տեսա: Այո՛, մեկս մի քիչ բարկացող էր, մյուսը՝ հայհոյող էր, մեկը՝ նեղացկոտ էր, մյուսը՝ գրագետ էր. սա ընդհանուր կերպարն էր, որը տիրում էր խորհրդարանում»,- նշեց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ չի նկատել, որ հարցումների ժամանակ որևէ մեկը դեմ լինի կառավարող ուժին՝ ասելով, որ, օրինակ՝ Համազասպ Դանիելյանի դղյակը տեսել եք՝ ոնց կառուցեց երկու տարում: Կամ էս պաշտոնյայի տղան, տեսաք՝ աչք հանեց, բայց ազատ ֆռֆռում է: «Քաղաքական օրակարգ է մտել էն դիրքորոշումը, որ եթե անգամ չեն ընտրում էս թիմին, ապա առաջինը մեջբերում են տված խոստումն ու չկատարված արդյունքը: Սա էլ է կարևոր՝ իմ կարծիքով: Ես միշտ ասում եմ, որ մեկ-երկու ընտրություն էլ կարողանանք Հայաստանում անցկացնել առանց փողի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, իմ կարծիքով՝ վերջնականապես, այլևս երբեք Հայաստանում չի կարող լինել նախկին համակարգը, որը գործել է»,- նշեց պատգամավորը: Գաբրիելյանն անդրադարձավ արդարադատությանը. «Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից: Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս իր հարցազրույցում՝ հարցին, թե ինչու չկալանավորեցիք, երբ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե, ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք՝ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ իրավապահ մարմինները մինչև հիմա ինչու այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև ով ես դու, որ որոշես՝ ինչ-որ հանցագործություն արած անձի կալանավորե՞ն, թե ոչ»,- նշեց Գաբրիելյանը:
16:04 - 10 մայիսի, 2021
Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ եւ շարժական գույքի հարկից:  Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել 2 նախագիծ, որոնցից մեկով առաջարկվում է անշարժ եւ շարժական գույքի հարկից ազատել մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Փոխադրամիջոցի գույքահարկից ազատելու համար անձը պետք է նաեւ վարորդական վկայական ունենա:    Մյուս նախագծով նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները օգտվեն ՀՀ տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից: Նշենք, որ տրանսպորտից անվճար երթեւեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների եւ ԵԿՄ վարչության անդամների համար: Առաջարկվում է նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում սահմանել, որ վերոնշյալ անձինք կարող են օգտվել այդ հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու իրավունքից: Վերջին փոփոխությունն այս նախագծով կրթության եւ մշակույթի ոլորտի մասին է: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝ ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար. բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից. գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն). դ ) անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ: Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում հայտնեց, որ այս նախագիծը վերաբերում է ե՛ւ քառօրյա, ե՛ւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին: Գաբրիելյանի խոսքով՝ հաշվարկներ չկան, թե քանի մարդ է օգտվելու այդ արտոնություններից. «Հաշվարկներն, իհարկե, անհրաժեշտ են նախագծերի համար, բայց սա այն հարցն է, որ անկախ քանակից՝ նրանք միանշանակ պետք է օգտվեն այս արտոնություններից»: Նրա խոսքով՝ այս նախագիծը բխում է նաեւ վարչապետի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկից, ըստ որի՝ պետք է ապահովվեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական երաշխիքները: Գաբրիելյանն ասաց, որ անշարժ գույքի հետ կապված կարգավորում գործում է պատերազմում զոհվածների ընտանիքների համար: Եթե ունեն գույք, մինչեւ այդ գույքի օտարվելը նրանց ընտանիքի անդամներն ազատված են լինում գույքահարկից: Ըստ նրա՝ հիմա փաստացի նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ կազատվեն գույքահարկից. «Այստեղ փաստացի ժամանակագրություն չկա, կապ չունի՝ 2020 թվականի պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած կլինի, թե 2016-ի ապրիլյան պատերազմում»: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ զոհվածների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամություն ստացած անձանց կտրվի 1 միասնական վկայական, որը հիմք կլինի, որ նշված անձինք կարողանան օգտվել լրացուցիչ սոցիալական երաշխիքներից: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:26 - 01 ապրիլի, 2021
Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Երեկ՝ մարտի 23-ին, Աժ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն խոսեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ստացած պարգեւավճարների մասին։ Նա, մասնավորապես, նշեց․ «45 մլն դրամ պարգեւավճար է ստացել պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա համար խոսեն։ Ընդհակառակը՝ դեմ են խոսել։ Մի 20 մլն էլ պարոն Մարուքյանն է ստացել եւ իր խմբակցությունը, բայց որեւէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է»։ Գաբրիելյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ասելով․ «Չգիտես՝ ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ մեկ տարի շարունակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգեւավճարները անցյալ տարի գարնանը փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, դե պարզ է, որ պատերազմը սկսեց՝ պատերազմի ֆոնդին»։ Աբովյանի այս ելույթից հետո դահլիճում վերջինիս ու Սիսակ Գաբրիելյանի միջեւ բանավեճ սկսվեց, որն էլ ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր հերթին խոսելով ծավալված թեմայի մասին։ Միրզոյանն ասաց, թե Ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար ստացել են 2020 թվականի փետրվար ամսի համար, եւ որ դրանից հետո Ազգային ժողովի որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել։  Նախ նշենք, որ պատգամավորները պարգեւավճար ստանում են Ազգային ժողովի նախագահի կարգադրության համաձայն, որն էլ բաց տվյալ է, եւ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել ԱԺ նախագահի կարգադրությունները՝ մուտք գործելով Ազգային ժողովի կայքի «ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ» բաժին։ Այսպիսով՝ կայքից տեղեկացանք, որ նախագահի կարգադրությամբ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են 4 անգամ՝ փետրվարի 4-ի, մարտի 3-ի, մարտի 25-ի եւ սեպտեմբերի 18-ի կագրադրությունների համաձայն։ Փետրվարի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով, որն, ըստ ամենայնի, տրամադրվել է հունվար ամսվա համար։  Հաջորդ կարգադրությունը, ինչի մասին խոսեց Արարատ Միրզոյանը, եղել է մարտի 3-ին, որի համաձայն՝ պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են իրենց պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով։ Այս դեպքում կարող ենք ենթադրել, որ սա տրամադրվել է փետրվար ամսվա համար՝ ինչպես նշեց Միրզոյանը, սակայն սա վերջինը չէր։  Նույն ամսվա ընթացքում՝ մարտի 25-ին, Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները պարգեւատրվել են միանվագ դրամական աջակցությամբ՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով։ Սակայն հարկ է նշել, որ հենց այս նույն կարգադրության համաձայն՝ նշված պարգեւատրումներից պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական ֆոնդին։ Եւ բացի նախորդ երեք պարգեւատրումների կարգադրություններից՝ կա եւս մեկը, որի մասին ԱԺ նախագահը մոռացել է։ Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են, բայց եթե նախորդ երեք պարգեւատրումները եղել են պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով, ապա այս անգամ պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով։ Այսպիսով՝ Արարատ Միրզոյանի հնչեցրած միտքը, թե պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար են ստացել 2020 թվականի փետրվարի համար, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հենց իր կարգադրությամբ նրանք պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին։ Նարեկ Մարտիրոսյան
12:17 - 24 մարտի, 2021
Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ·իտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը: Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն: «Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
12:19 - 12 փետրվարի, 2021
Սյունիքի որոշ հատվածներում ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում. Գաբրիելյանը՝ ԱԱԾ իրազեկման մասին |1lurer.am|

Սյունիքի որոշ հատվածներում ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում. Գաբրիելյանը՝ ԱԱԾ իրազեկման մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ԱԱԾ իրազեկմանը՝ ՀՀ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ նշելով, որ որպես նախկին լրագրող՝ հարցն իրեն էլ է հետաքրքրել: «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն այստեղ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա: Մոտավորապես գիտեմ խնդիրը, որ, ըստ էության, այնտեղ ռազմական դրության հետ կապված որոշակի գործընթացներ են ընթանում այս պահին: Այստեղ նույնպես շարժվենք չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած այնտեղ նույնպես ազատ ելումուտ կլինի»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրեն հայտնի չէ գոնե մի դեպք, երբ լրագրողի մուտքը կամ գործունեությունն այդ հատվածում խոչընդոտվել է:  Ազգային անվտանգության ծառայությունը որևէ բան չի ցանկանում թաքցնել՝ նշեց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ համացանցի և սոցիալական էջերի օգնությամբ հիմա ամեն բան շատ արագ է հայտնի դառնում՝ անգամ առանց լրագրողների աշխատանքի:
11:45 - 12 փետրվարի, 2021
Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը»

 |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը» |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: «Հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը»,- ասաց Գաբրիելյանը: Օրենքի գործող կարգավորմամբ` «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները խախտման դեպքում տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում:
17:34 - 28 դեկտեմբերի, 2020
Պատգամավորն առաջարկում է վերացնել ՀՀ-ին նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային վճարումները

Պատգամավորն առաջարկում է վերացնել ՀՀ-ին նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային վճարումները

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները: «Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունը նաև հնարավորություն կտա, որ ժամ առաջ այդ օգնությունը տեղ հասնի և բաշխվի դրա կարիքն ունեցող քաղաքացիներին:
16:20 - 28 դեկտեմբերի, 2020
Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից

 |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց առավոտյան մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած ծեծկռտուքից` նշելով, որ այն ծագել է այն բանից հետո, երբ հայհոյել են իրեն, հարվածել իր մեքենային: Այս մասին Գաբրիելյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական-խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերևից կգա, որպեսզի միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային ու տեսանյութում էլ երևում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են»,- ասաց Գաբրիելյանը: Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ընկած քաղաքացուն՝ պատգամավորը նշեց, որ տեսանյութը ոչ ամբողջական է ու այդ հատվածի սկիզբը ներկայացված չէ: «Այնտեղ կա մի հատված, որտեղից երևում է, որ քաղաքացի է գետնին ընկած ու ես իրեն հարվածում եմ: Այդ քաղաքացին մոտեցավ ինձ, բռնել էր պիջակիցս, հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել էին Ազգային ժողովի նախագահին, իմ արձագանքն այն էր, որ պետք է ինքնապաշտպանվեմ: Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա: Իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ պատասխանել եմ»,- նշեց պատգամավորը:Հիշեցնենք, որ ԱԺ շենքի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։ 
15:58 - 28 դեկտեմբերի, 2020
Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը
 |armenpress.am|

Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:
11:24 - 06 հոկտեմբերի, 2020
Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում
 |armenpress.am|

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: Եվ կառավարության հետ քննարկումների արդյունքում նախագծի հեղինակները որոշել են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, արդյունքում արդեն իսկ առկա մի շարք արտոնություններ կշարունակեն գործել: Օրինակ՝ փոխհատուցում կտրամադրվի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով, բնական գազի սպառման գնի 50 տոկոսի չափով և այլն: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով: Օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա նոր բան է: Գյուղացիները հաճախ նշում էին, որ կենդանիներին արոտավայր տանելիս լինում են կրակոցներ, կենդանիները էապես տուժում էին կամ սատկում: Այս դեպքում ասում ենք, որ բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը կտրվի»,-ասաց նա: Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե Աստված մի արասցե, ունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև թաղման ծախսերը»,-ասաց Գաբրիելյանը: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:
20:18 - 10 սեպտեմբերի, 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ |armenpress.am|

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենա ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Կարծում եմ, որ մյուս ուժերը նույնպես հանդիպում կունենան: Սա, ըստ էության, չգրված կանոն է եղել բոլոր նախորդ թեկնածուների դեպքում: Խմբակցությունների հետ հանիպումները կլինեն և մեր դիրքորոշումները, գուցե, ավելի հասկանալի լինեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Հարցին, թե որքանով էր անկակնալ կառավարության այս թեկնածուի առաջադումը՝ հաշվի առնելով, որ բոլորովին այլ անձանց անուններն էին շրջանառվում, Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքը թեկնածու առաջադրող սուբյեկտը չէ: «Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես թեկնածու առաջադրող սուբյեկտ չեմ:  Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև այն առումով, որ իմ դասախոսն է եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը Ազգային ժողովի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի»,-հավելեց պատգամավորը: Հիշեցնենք, հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
14:10 - 28 հուլիսի, 2020
Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Աժ «Իմ քայլը»։ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած 50% էլեկտրաէներգիան 50% բնական գազը 50% ոռոգման ջուրը Ամբողջությամբ կվճարի սահմանապահի 100% հողի հարկը 100% գույքահարկը Այսուհետ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն 50% զեղչված կամ անվճար Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով 100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)։ Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի 100% փոխհատուցում Վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվա 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին Կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։ Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։
11:45 - 28 հուլիսի, 2020