ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում): Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ - սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից. - չեն եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ՝ տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներ, չորացման հիգիենիկ սարքեր. - բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
17:18 - 15 փետրվարի, 2024
12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է

12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելա խմբի մանրէների ԴՆԹ: Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ): Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է: 
18:15 - 14 փետրվարի, 2024
Տեսչական մարմինը «Ջերմուկ» հանքային ջրից թունավորման վերաբերյալ ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել

Տեսչական մարմինը «Ջերմուկ» հանքային ջրից թունավորման վերաբերյալ ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից: «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները 350.000 լիտրից հասցնելով մինչև 15.273.000 լիտր տարեկան, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին: Բացի Ռուսաստանից՝ այն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ: 23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզև մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք: Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի, վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր: Անհրաժեշտության դեպքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կձեռնարկի վերահսկողական համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրված յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները պահվում են, իսկ Ռուսաստանի գործընկերների հետ նաև կձեռնարկվեն գործուն միջոցներ՝ պարզելու համար նման որոշման կայացման հիմքերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» հայտարարություն էր տարածել՝ հերքելով «Ջերմուկի» արտադրության մեջ քացախաթթու օգտագործելու լուրը:
10:59 - 14 փետրվարի, 2024
ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ

ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տյառնընդառաջ տոնի շրջանակներում, փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում: Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը: Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետերում։ Արդյունքում արձանագրվել են խախտմներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությունը։ Հիշեցնում ենք՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
19:26 - 09 փետրվարի, 2024
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի՝ 2023 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Քննարկվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև 2024 թ․ հիմնադրամի տարեկան բյուջեն ու նախատեսվող ծրագրերը։  
17:49 - 29 հունվարի, 2024
2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
 |armeniasputnik.am|

2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13-ով։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Նախորդ տարի գրանցվել է 51 թունավորման դեպք, որոնցից 8-ը` հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում, 1-ը՝ դպրոցում, 1-ը՝ ամառային ճամբարում, 1-ն էլ՝ իրացման կետում։ Մինչդեռ 2022 թվականին թունավորման դեպքերի թիվը 38 է եղել։ Հայրապետյանի խոսքով՝ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ վերահսկման միջոցառումների թիվը նվազել է, փոխարենը՝ արձանագրված խախտումների թիվն է ավելացել։ «2023-ին 2500 միջոցառում է իրականացվել, որոնցից 1374-ի դեպքում, այսինքն՝ 55 տոկոս դեպքերում, հայտնաբերվել են խախտումներ, մինչդեռ 2022-ին 3300 վերահսկման միջոցառում էր արվել»,- նշեց նա։ 87 դեպքերում արտադրական գործունեության կամ առանձին գործառույթները կասեցնելու որոշում է կայացվել, որոնցից 65-ը վերաբացվել են, իսկ 22-ը չեն էլ դիմել վերաբացման համար։ Ստուգումների արդյունքում 1501 վարչական պատասխանատվության որոշում է կայացվել, ավելի քան 45 միլիոն դրամի տուգանք նշանակվել։ Իրականացված վերահսկման միջոցառումներն ու հետևաբար նաև հայտնաբերված խախտումներն ավելի շատ կլինեին, եթե տեսչական մարմինն ավելի շատ ռեսուրս ունենար։ Այս պահին ՍԱՏՄ-ում կա 195 տեսուչի հաստիք, որոնցից 38-ը թափուր են։ ՍԱՏՄ-ն 2023-ին շարունակել է վերահսկողությունն ու ստուգումները նաև կենդանիների շրջանում տարածված հիվանդությունների մասով․ 2023 թվականի ընթացքում թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների շրջանում նվազել են բրուցելոզ հիվանդության դեպքերը։ Փոխարենը եթե 2022-ին լեշմանիոզ հիվանդացության որևէ դեպք չէր արձանագրվել, ապա 2023-ին 71 դեպք է գրանցվել։ Նախորդ տարի ավելացել են նաև կատաղության դեպքերը՝ 2022-ին 3 շան մոտ է հայտնաբերվել կատաղություն, 2023-ին՝ 10 շան և 1 ոզնու։ Համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել դաբաղի նոր ու վտանգավոր՝ SAT-2 շտամի տարածումը Հայաստանում։
16:44 - 12 հունվարի, 2024
ՀՀ ՍԱՏՄ-ն Երևանի 35 և մարզերի 58 իրացման կետերում մսի վաճառքի խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ ՍԱՏՄ-ն Երևանի 35 և մարզերի 58 իրացման կետերում մսի վաճառքի խախտումներ չի հայտնաբերել

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին: Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, կառույցի տեսուչների կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի 35, ինչպես նաև մարզային 58 (Կոտայք՝ 11, Արարատ՝ 13, Տավուշ՝ 11,  Լոռի՝ 7,  Շիրակ՝ 3, Վայոց ձոր` 13) իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում: Իրականացված միջոցառումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրտված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։ ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին և սպառողներին լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ-ի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։
18:49 - 18 դեկտեմբերի, 2023
Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին: Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար: «Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու  ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը։ Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
15:37 - 15 դեկտեմբերի, 2023
Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Ամէլիտ» ՍՊԸ-ին (Արարատի մարզ, գ․ Գեղանիստ) պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չի չբացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած խաչաձև աղտոտումը. - չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն. - արտադրամասը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը, անցանկալի բորբոսի առաջացումը, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր. - կառույցն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու համար նախատեսված սարքով, անձնակազմի համար՝ հանդերձարանով: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
19:20 - 12 դեկտեմբերի, 2023
Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում, խոզի շաուրմայում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը

Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում, խոզի շաուրմայում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքին վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ «Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ), հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ, տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։ «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
17:49 - 08 դեկտեմբերի, 2023
Հայկական և ռուսական կողմերը քննարկել են Ռուսաստան ներմուծվող բեռների գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները

Հայկական և ռուսական կողմերը քննարկել են Ռուսաստան ներմուծվող բեռների գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։  Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։ Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։ Կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով:
15:37 - 06 դեկտեմբերի, 2023