Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը:
16:45 - 03 հունիսի, 2022
Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք գործ ունենք մեր ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ», - այսպես բնութագրեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ «Զարթնի՛ր Լաո», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով ընդդիմադիրների բողոքի ակցիաները։ Ընդգծելով, որ չի հասկանում, թե ինչ է պահանջում ընդդիմությունը՝ Ռուբինյանը շեշտեց՝ ընդդիմության մեղադրանքները երեսպաշտության շրջանակներում են։ Հայաստանի բոլոր նախագահները փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ճիշտ են արել, ասաց Ռուբինյանը՝ դա նորմալ համարելով։ Սակայն, ըստ նրա, նորմալ չէ, երբ քաղաքական գործիչն իր ընդդիմախոսին կամ իր քաղաքական հակառակորդին մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է արել։ «Ամեն ինչ կարելի է քննադատել, բայց խնդիրն այն է, թե դու ինչ ես առաջարկում։ Օրինակ, եթե հիմա հարցնենք մեր քաղաքացիներին, թե լավ, ի վերջո, մեր ընդդիմությունն ի՞նչ է պահանջում, ի՞նչ են ուզում իրենք, ինչ կպատասխանեն, ես։ Օրինակ, չգիտեմ, չեմ հասկանում, թե իրենք ինչ են ուզում, որն է իրենց ասածը, ինչ է, օրինակ, թուրքացումը, կարող են բացատրել, դա ինչ է նշանակում, կամ երբ որ գոչում են՝ «առանց թուրքի Հայաստան», ինչ է դա նշանակում, կամ ինչու չէին գոչում առանց թուրքի Հայաստան, երբ որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, կամ երբ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր սկիզբ առնում ֆուտբոլային դիվանագիտությունը, սա ուղղակի անամոթ շահարկում է զգայուն թեմաների և ոչ մի տեղ չի տանում», - ասաց Ռուբինյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
11:30 - 23 մայիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Ռուբեն Ռուբինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի եւ թե' ներկա իրողությունների վրա: «ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարեւորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում: Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարեւորությանը:
19:31 - 20 մայիսի, 2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
17:10 - 03 մայիսի, 2022
Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին գրել է ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։ Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- նշել է նա։
18:03 - 24 ապրիլի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում: Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
17:40 - 20 ապրիլի, 2022
Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Վիեննայում, սակայն հանդիպման հստակ ժամկետ չի նշել։ «Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Չավուշօղլուն, միաժամանակ, նշել է, որ հանդիպումներն ավելի նպատակային կլինի անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։ «Հարավային Կովկասում կայունության համար բոլորը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները բոլորի հետ։ Դա մեկ օրվա բան չէ։ Մեր ներկայացուցիչները կրկին հանդիպում են։ Ես հիմա ուզում եմ Հայաստանին ասել՝ դուք կարող եք ճնշման տակ լինել։ Եթե մենք նույնիսկ մոտ չենք մեր երկրներում հանդիպելուն, ինչպե՞ս ենք քայլեր ձեռնարկելու այլ հարցերում։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, բայց մի քիչ համարձակ եղեք։ Մենք ասել ենք՝ առաջինը Երևան գանք, ասացին՝ ոչ, հանդիպենք երրորդ երկրում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
14:33 - 14 ապրիլի, 2022
Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը: «Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելո՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով: «Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը:
13:00 - 01 ապրիլի, 2022
Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|

Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|

hetq.am: Կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարության ներկայացուցիչը չէր եկել խորհրդարան: Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, սակայն վերջինս խորհրդարանում չէր: «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,- քարտուղարությանը դիմեց Ռուբինյանը, ապա տեղեկանալով նրա բացակայության մասին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարեց: «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:
11:20 - 22 մարտի, 2022
Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Ժնևում կայացած Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ԱԳ նախարար նշեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լիներ առաջին հանդիպումը։ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»,- եզրափակեց Միրզոյանը։
18:04 - 02 մարտի, 2022
Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի և Անկարայի բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Երեկվա հանդիպմանը մասնակցած Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոռեկտ չհամարեց հանդիպումից մանրամասներ փոխանցել, միայն նկատեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացի հենց սկզբում կողմերը հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները: «Այստեղ խոսքը երկու երկրների ուղիղ փոխգործակցության մասին է։ Կողմերը գործընթացը սկսել են առանց նախապայմանների, բայց ակնհայտ է, որ ընթացքում կսկսվեն խոսակցությունները կարելիների և չի կարելիների մասին։ Այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մասնավորապես, Ադրբեջան, սահմանային հարցեր, Լեռնային Ղարաբաղ, «միջանցք», այս ամենը պետք է միասին դիտարկել։ Տարբերակներից մեկը կարող է սա լինել՝ մտնել գործընթացի մեջ և հետո հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է գոյատևել։ Մոտավորապես նույնը Թուրքիայի պարագայում է։ Պետք է հստակ ռազմավարություն ունենալ և հասկանալ` ինչ ես ուզում, որովհետև նպատակները կարող են շատ տարբեր լինել», - ասաց նա։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը ևս մասնակցել է քննարկմանը, ողջունում է իշխանությունների այս նախաձեռնությունը։ Վստահ չէ, որ այն շարունակական բնույթ է կրելու, բայց ասում է՝ կարևոր է գործընթացում մասնագետների ներգրավումը։ Սաֆրաստյանը քննարկմանը հայ-թուրքական կարգավորման մասին իր պատկերացումներն է ներկայացրել, մասնավորապես, որ հայկական կողմը պետք է «կարմիր գծեր» սահմանի։ Դա, ըստ ակադեմիկոսի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: «Կարևորն այն է, որ բանակցային գործընթացում պետք է մենք այնպիսի զիջումներ չանենք, որոնք կլինեն մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներ, պետք է «կարմիր գծեր» դնել, որոնք բանակցությունների ընթացքում ուղղակի անցնել չի կարելի, ինչպես Կանտն էր ասում, կատեգորիկ իմպերատիվ են դրանք, մասնավորապես Ցեղասպանության հետ կապված խնդիրը: Չեմ կարող ասել` շարունակություն կունենա այս նախաձեռնությունը, թե չէ, որովհետև դա մենք չենք որոշում, Արտգործնախարարությունն է որոշում, և ինչ ձևաչափ կլինի` դա էլ չեմ կարող ասել», - հավելեց նա:
16:43 - 17 փետրվարի, 2022