Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ 


2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին ամսական հավելում վճարելու համար

2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին ամսական հավելում վճարելու համար

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում դրական եզրակացություն է ստացել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափի 92 տոկոսի չափով ամսական հավելում վճարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ ««Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ,  2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կողմից մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: Օրենսդրական փոփոխություններն ուղղված են քննիչների աշխատավարձի ու դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Ըստ Արսեն Այվազյանի՝ Հայաստանում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 տոկոսը մշտապես քննվել եւ քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արսեն Այվազյանը ներկայացրել է քննիչների աշխատանքի պայմանների բարելավման՝ տեխնիկական համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն այս տարվա հուլիսի 1-ից մենք պետք է հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողություններ կատարենք տեսանկարահանման եղանակով: Այսինքն՝ այն հարցաքննությունները, որոնք մենք թղթով, գրիչով կամ համակարգչով էինք անում, այսուհետ, որպես կանոն, լինելու են տեսանկարահանման եղանակով: Դա քայլ առաջ է երկու տարբեր իմաստներով՝ ե՛ւ ժամանակի խնայողության իմաստով, ե՛ւ քննիչի ու դատավարության մասնակիցների: Օրինակ՝ վկան էլ ստիպված չի լինի քննիչի մոտ 4 ժամ հարցաքննվել, նա 1-2 ժամում տեսանկարահանման եղանակով կհարցաքննվի: Քննչական կոմիտեի քննիչների այս ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք դեռ շարունակում ենք թուղթ ու գրիչով աշխատել, բայց հուլիսի 1-ից արդեն կունենանք այդ բարեփոխումը»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից էլ ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության համակարգը: «Դրա շրջանակում նախկինից հայտնի եւ այսօր էլ դեռ գործող թղթապանակները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինելու, եւ մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեպի էլեկտրոնային եղանակով նախաքննության իրականացմանը: Օրերս թվայնացման խորհրդի հետ քննարկում էինք նաեւ հնարավորությունը, որ դատարաններն էլ միանան, դատական քննությունն էլ էլեկտրոնային լինի»,- նշել է Արսեն Այվազյանը: Նրա խոսքով տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տվյալ դեպքում տեսանկարահանմամբ, կապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ շատ դեպքերում վիճարկվում է ցուցմունքի բովանդակությունը. տեսանկարահանման միջոցով այդ դեպքերը կկանխվեն, ընդհուպ նաեւ կկանխվեն մարդու իրավունքների ոտնահարման, խոշտանգման հնարավոր առերեւույթ դեպքերը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքվել է քանակական տվյալներով, թե փոփոխության արդյունքում տարեկան որքա՞ն է կազմելու այդ գումարը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ հունիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու եւ հավելումները տրամադրելու դեպքում պահանջվելու է 2,6 մլրդ դրամ: Հարցը քննարկվել է Կառավարությունում եւ արժանացել հավանության: Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի համանման գործառույթ իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազների դեպքերում սահմանվել է հավելում դրույքաչափի 92 տոկոսի չափով, ուստի եւ արդարացի է, որ Քննչական կոմիտեի քննիչների դեպքում էլ սահմանվի հավելումը: Նա առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն: Ելույթում Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ պետությունը պետք է խրախուսի արդյունավետ, շատ աշխատողին: 2018 թվականին մեկնարկած արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում իր ուրույն տեղն է զբաղեցնում համակարգի տարբեր սեկտորների աշխատակիցերի աշխատավարձերի բարձրացումը: Արյուսակ Ջուլհակյանը այս համատեքստում կարեւորել է նաեւ ատեստավորման համակարգի ներդրումը»,-նշված է հաղորդագրությունում։
15:13 - 15 մայիսի, 2023
Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։  Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։ Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։ Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։ Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։ Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։ Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։  ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։ Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։ Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։  Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․  «Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։  Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։ Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։ Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։ Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։ Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։ Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․  «Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։ Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։ Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։ Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։ Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։  Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։ Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։ Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։  Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։
14:47 - 20 մարտի, 2023
Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց՝ արտաքին քաղաքականությունում առանց նախապայմանների գնալը լավ գիծ է: «Սակայն, երբ տվյալ դեպքում հայկական կողմը, ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են, պահանջն են: Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ այդ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ, քանի որ բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարությունյանը: Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել հայկական կողմը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես այնտեղ, կամ կարող է գնաս մտքումդ այդ բանակցություններին մեծ փոխզիջումների պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպես ձևավորվի, որ դու փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»: Բանակցությունների ընդհանուր շրջանակը, նրա խոսքով, ուրվագծված է: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են այն բոլոր գործընթացներից, որոնք կան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, ինչի մասին ասել է վարչապետը: «Տարբեր կողմեր այդ օրակարգերը քաշում են: Բայց ասվել է, որ  նման հիմնավորումներ, ըստ էության, չկան»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են հայկական կողմի առավելագույն և նվազագույն պահանջները՝ Հարությունյանը սխալ համարեց, որ մի կողմը մատնանշի իր առավելագույն պահանջները և ասի, որ դրանից այն կողմ չի կարող քննարկել: «Սակայն իհարկե դու ունես քո համար նվազագույն և առավելագույն շեմեր և այդ տրամաբանությամբ ես գնում այդ բանակցություններին»,-ասաց նա:
16:51 - 02 հունիսի, 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ ավտոպարկի օպտիմալացման թեմային: «Ոչ միայն վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով Եվրոպայում, այլ նաև առհասարակ մենք նկատում ենք վառելիքի գնի շարունակական աճ: Պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն կրճատելու առումով, այլ նաև հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, նաև երեկ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավականին մատչելի է»,- ասաց Հարությունյանը:   Հարությունյանը հայտնեց, որ ներկայում հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտերն են քննարկվում Կառավարությունում: «Երեկ արձանագրեցինք, որ եթե ոչ միակը, ապա շատ քիչ մարմիններից ու գերատեսչություններից է վարչապետի աշխատակազմը, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, ծրագրերն իրականացնում ենք, մի բան էլ՝ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի մենք ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք»,- ասաց Հարությունյանը:
16:13 - 02 հունիսի, 2022
Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է՝ կապված կոռուպցիոն գործերի թվի հետ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: «2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ»,- ասաց Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին թողնել միայն այն գործերը, որոնք կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 3-րդ և 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: «Խոսքը բոլոր այն կոռուպցիոն գործերի մասին է, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար և մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմից»,-նշեց փոխնախարարը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
16:31 - 17 մայիսի, 2022
Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան
 |1lurer.am|

Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան |1lurer.am|

1lurer.am:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հայկ Ցիրունյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաև բնակելի տների դեպքում։ «Խնդիրն այն էր, որ օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար: Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Թունյանը: 
14:21 - 17 մայիսի, 2022
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 միլիարդ դրամի վնաս |armenpress.am|

2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 միլիարդ դրամի վնաս |armenpress.am|

armenpress.am: Դատախազության ավանդական առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը:  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ` նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: «Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- եզրափակեց Դավթյանը:
12:29 - 22 ապրիլի, 2022
Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|

Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է որպես կարգապահական տույժ  պատժախուց տեղափոխելը։ Սակայն Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտներ և զեկույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացությունները փաստում են այն, որ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն վերջին միջոց։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժածուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,- ասաց Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կարող են կիրառվել։ «Խոսքը նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերի մասին է։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս կարգապահական տույժերը չեն կարող անհրաժեշտ և բավարար լինել կոնկրետ դեպքի համար, բայց վստահեցնում եմ, որ հատկապես անչափահասների դեպքում ցանկացած կարգապահական պատասխանատվությունը առաջ է բերելու որոշակի հետևանքներ։  Դա կարող է դիտարկվել թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի քննարկման շրջանակներում, թե կարճատև մեկնում տրամադրելու ինստիտուտի քննարկման շրջանակներում։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե որ կարգապահական տույժը կկիրառվի, անձի համար բացասական հետևանքներ կունենան»,- եզրափակեց Սարգսյանը։
18:20 - 21 ապրիլի, 2022
Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|

Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը առաջարկում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին և առաջարկում է տալ դրանց լուծումները։ Սարգսյանի խոսքով՝ եթե դատապարտյալը կամ կալանավորը ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ է կատարում, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության։ «Ստացվում է, որ անձը հանդիսանում է Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտող՝  դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրումները, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ հակառակը՝ պետք է նրան ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն, որպեսզի ինքնավնասման և ինքնասպանության փորձերի դեպքերը կանխարգելվեն»,- ասաց Սարգսյանը։  
17:48 - 21 ապրիլի, 2022
Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված է և, հույս ունեմ, արգելված կլինի Հայաստանում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով: «Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, հայհոյանքը սոցիալական ցանցի առկայության պարագայում վերացվել է մի դաշտի, որը կարող է բերել հանցավոր երևույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրում:  Ես չեմ խոսում ոչ շեմային դեպքերից, ոչ վիրավորանքի այլ դրսևորումներից: Գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն էր»,- ասաց Վարդանյանը:
14:51 - 07 փետրվարի, 2022
Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի. հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը: Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը: «Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես, օրենքի նախագծում կատարված փոփոխությունը նպատակ ունի օրենքից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալների ներկայացումը: Այդպիսի տվյալների ներկայացումը կարող է պայմանավորված լինել, օրինակ, լեզվական խոչընդոտներով, հարցաթերթիկը լրացնելիս առաջադրվող հարցերը ոչ հստակ հասկանալու հանգամանքով կամ տեխնիկական վրիպակի պատճառով:
11:18 - 30 նոյեմբերի, 2021
Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ էբեսենի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք: Քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում: Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթություները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:  
16:29 - 25 նոյեմբերի, 2021
Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման հետ: «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված  աշխատանքի և աշխատանքային ռեժիմ: Նրանք ՀՀ-սփյուռք փոխգործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա: Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն լինի: Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: Որևէ գործառույթ, որը չի մտնում դիվանագիտական տարածք, մտնելու է իրենց պատասխանատվության մեջ: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալու՞ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը: Սինանյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե հասարակական սկզբունքներով աշխատանքը նշանակում է անգործություն կամ պատասխանատվության բացակայություն: «Միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետն անձամբ նշանակում է, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ բաժին է կրում: Արդյոք սա՞ է մեր բոլոր խնդիրների պատասխանը. իհարկե ոչ, սա զուտ մի տարր է, էլեմենտ է, որը ևս ավելանում է մեր կառույցի ենթակառուցվածքին, և որի արդյունքում ակնկալում ենք, որ կտրուկ ձևով բարելավվելու է մեր աշխատանքի որակը և ծավալը համայնքներում»,-ասաց նա: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին նախագիծը ներառել լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովում հավանություն ստացավ նաև առաջարկը, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը 24 ժամվա ընթացքում քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
14:43 - 10 նոյեմբերի, 2021
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն, այդ նախագծի  շրջանակներում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը: Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդևանյանի՝ «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությանը՝ ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»: «Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
13:12 - 10 նոյեմբերի, 2021
ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|

ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Այո, զանգվածային իրավախախտումները հիմք են ընտրությունները չեղարկելու համար, այո, վարչական ռեսուրսի համակարգված օգտագործումը և լայնածավալ օգտագործումը հիմք է ընտրությունները անվավեր ճանաչելու համար, այո, որոշ դրվագներ, որոնք համակարգային բնույթ են կրում, հիմք են ընտրությունները անվավեր ճանաչելու համար, բայց ես այդպես էլ չտեսա կոնկրետ փաստեր, որոնք վկայում էին այդպիսի լայնածավալ, մեծամասշտաբ և սիստեմատիկ խախտումների մասին», - հայտարարեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Սահմանադրական դատարանում ներկայումս քննվող՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց․ - «Դիմումները թեև բավականին ծավալուն են, բայց, այդուհանդերձ, դրանք հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա։ Այ, օրինակ, ասում են՝ «տեսեք, այ էս քանակի անձնագրեր սարքը չի կարողացել կարդալ», և սա հիմք է տալիս ենթադրելու, որ սա կարող էր հենց այն ձայների թիվը կազմել, որը իշխանությունը, ըստ էության, փորձել է յուրացնել»։ Ապա Վարդանյանը մանրամասնեց․ - «Եթե տրամաբանական իրավական տեսանկյունից նայենք, իհարկե, ես որևիցե կերպ չեմ ուզում Սահմանադրական դատարանի որոշումը կանխորոշեմ, բայց որտեղի՞ց այդ տվյալները ընդդիմության ներկայացուցիչների մոտ։ Նախ, ճիշտ չի խոսել ընդդիմության մասին, ճիշտ է խոսել դիմումատուների մասին, որոնք չորս քաղաքական ուժեր ներկայացրել էին։ Այդ տվյալները, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հրապարակել։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ինչ-որ ուժը ցանկանար այդ մեխանիզմը օգտագործել՝ այլ անձնագրեր, և այլն, և այլն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես այդ թիվը չէր հրապարակի։ Երկրորդը՝ եթե մենք տեսնենք համակարգը 2017 թվականից առայսօր, թե ինչքան է չկարդացվող անձնագրերի թիվը նվազել, ապա կտեսնենք, որ մենք շատ հստակ պրոպորցիա ունենք, որ այդ թիվը նվազում է, և ենթադրաբար մոտ ապագայում նման խնդիրներ չենք ունենա կամ շատ սակավաթիվ կունենանք»։ Բայց, նշեց պատգամավորը, «տեխնիկան շատ դեպքերում տալիս է իր անհասկանալի արդյունքները»։ «Ես Բուլղարիայում ընտրությունների դիտարկման եմ մասնակցել ընդամենը ամիս-ամիսուկես առաջ, էլեկտրոնային քվեարկության համակարգը շարքից դուրս եկավ որոշ տեղերում, և խնդիրը այն է, որ հակաքովիդային միջոցառումների ընթացքում պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում ամեն ընտրողից հետո հատուկ նյութով սրբել այդ սարքերը, և տեխնիկան՝ խոնավություն, սպիրտային լուծույթ և այլն, շատ դեպքերում շարքից դուրս էր գալիս։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:17 - 12 հուլիսի, 2021
Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը

Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը

Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվել է, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաև կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված և Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը: Փոփոխությունը միտված է ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնելուն ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովման համար: Նշվել է, որ օրենսդրական փաթեթը քննարկման երկար փուլ է անցել: Այն համաձայնեցվել է նաև դատական իշխանության հետ: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված նոր հանգամանքներով՝ գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա: Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ՝ անձի` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլև այն դեպքում, երբ կողմերի միջև կհաստատվի հաշտության համաձայնություն կամ ՀՀ-ն հանդես կգա միակողմանի հայտարարությամբ: Հարակից զեկուցմամբ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման և ՀՀ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու համար: Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն:
21:33 - 10 հունիսի, 2021