Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, նախնական տվյալներով, մահացել է 40 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Հատուկ ծառայություններն անցկացնում են օպերատիվ փրկարարական գործողություններ, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները` ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար; Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։   Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը մարելու համար օգտագործվում է ավիացիա   Ականատեսներից մեկը լարգրողներին պատմել է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ և սկսել ուղիղ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել նռնակներ։   Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ  շաբաթ և կիրակի օրերին քաղաքում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։   Մի շարք երկրների ղեկավարներ արդեն ցավակցություններ են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։    Մասնավորապես Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին։ ԱՄՆ ԱԱԽ Ջոն Կիրբին հայտարարել է, որ  Առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են տեղի ունեցածում։ 
23:19 - 22 մարտի, 2024
Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։ Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։
11:13 - 22 մարտի, 2024
Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
 |tert.am|

Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։ «Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
09:37 - 21 մարտի, 2024
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
 |armenpress.am|

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։ Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։ «Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։ «Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։ Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։ «Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։ «Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։
10:51 - 19 մարտի, 2024
Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին
 |azatutyun.am|

Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի լույս 15-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ» տեսակի 27 անօդաչուներով և 8 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Ըստ Կիևի՝ «Շահեդ»-ներ ոչնչացվել են, սակայն հրթիռներ խոցելու մասին ուկրաինական կողմը տեղեկություն չի հրապարակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ ՀՕՊ-ը 5 անօդաչու և 2 հրթիռ վնասազերծել է Բելգորոդի և Կալուգայի և ևս 2 անօդաչու՝ Լիպեցկի օդային տարածքում: Այսօր առավոտյան Բելգորոդի շրջանը վերստին հրթիռակոծվել է, մի շարք շենքեր վնասվել են, տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն ընտրատեղամասերից մեկում, որտեղ քաղաքացիները մասնակցել են նախագահական ընտրություններին, քվեարկությունը միառժամանակ դադարեցվել է:
13:49 - 15 մարտի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն
 |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է՝ Ուկրաինայում պատերազմ է, որը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մակրոնն ընդգծել է՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։ «Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային։ «Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը․ - «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում: Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:
11:06 - 15 մարտի, 2024
«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ».  Լեհաստանի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:    
16:27 - 09 մարտի, 2024
Հրթիռային հարձակման փորձ Օդեսայում՝ Զելենսկու ավտոշարասյան վրա |azatutyun.am|

Հրթիռային հարձակման փորձ Օդեսայում՝ Զելենսկու ավտոշարասյան վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Օդեսայում հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ։ Զելենսկին հաստատել է իր մահափորձը և նշել, որ չի տուժել։ «Այդ հարվածը տեսանք։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, թքած ունեն, թե ուր են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին առաջինը գրել է հունական Proto Tema թերթը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Օդեսա այցի ժամանակ։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել, հունական պատվիրակության կազմում տուժածներ չկան։ Կառավարությունը մեկնաբանել է միայն հույն պաշտոնյաների վիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի արդյունաբերական նավահանգստի տարածքում գտնվող անգարին։ Հունաստանի վարչապետը երեկ է ժամանել Օդեսա հանդիպելու Զելենսկու հետ։ Միցոտակիսի Ուկրաինա այցի մասին նախապես չէր հայտարարվել։
09:39 - 07 մարտի, 2024
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
 |armenpress.am|

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։  Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում էր, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել էր, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկում է լինում։
16:19 - 01 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով |armenpress.am|

armenpress.am: Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դաշնակիցը (Ռուսաստանի Դաշնությունը, - հեղ) իրեն չի օգնում: Նման դիրքորոշում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնում: Բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն: Մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է և ՀԱՊԿ-ով, և ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու: Իրենք հետո ասում են, թե մենք այսինչը չարեցինք, դրա համար իրենք չօգնեցին, իսկ ո՞ւր են դաշնակցական պարտավորությունները: Պարտավորություններն իրենց վրայից գցում են»,-ասաց Սիմոնյանը: Հայաստանի համար ակնհայտ է, որ այդ անվտանգային համակարգը չի գործում: «Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Տեսանք, թե Արցախն ինչ եղավ, Խծաբերդը, Հին Թաղերը, Սև լիճը, Ջերմուկը, Լաչինի միջանցքը, գերիները, տեսանք, թե ինչ եղավ: Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական, անսահմանափակ չէ»,-ասաց նա: Ըստ Սիմոնյանի՝ անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաև փորձ անել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձև վերակենդանացնել: Անդրադառնալով հնարավոր այլընտրանքի վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Հիմա մենք փորձում ենք  զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար: Հիմա, եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգի խանգարում է, իրենց խնդիրն է, ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում»: Հայաստանը շարժվելու է այն ուղղությամբ, որը իրեն առավել անվտանգություն կապահովի: ԱԺ նախագահը համարում է, որ ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է: Աշխարհը հիմա բաժանվել է երկուս մասի: Ըստ նրա՝ մի մասն ասում է, որ աշխարհակարգ ու կանոններ գոյություն ունեն՝ ինչպես Ալմաթայի հռչակագիրը, մի մասն ասում է, որ ուժեղի իրավունքն է գործում: Հայաստանը համարում է, որ իր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը: «Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա՝ և շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահն, այսպիսով, չի բացառում Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը: «Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել: Ռուս-թուրքական բախումը Սիրիայում, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան: Փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա: Թուրքիան ներս մտավ»,- ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ Թուրքիայի հետ է եղել պայմանավորվածությունը: Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:
16:56 - 29 փետրվարի, 2024