Նիդերլանդներ

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր Բիյագովին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- նշված է հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում:  
17:16 - 05 սեպտեմբերի, 2023
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ Նիդերլանդների հետ ձևավորված գործընկերային դրական փորձը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, իրականացվող ծրագրերն էլ առաջիկայում կընդլայնվեն և նոր շոշափելի արդյունքներ կգրանցեն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային կառավարման բնագավառներում: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովման հարցերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Նիդերլանդներն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, շեշտել երկու երկրների ընդգծված հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդայնման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր, որտեղ նախարարությունն ակտիվ ներգրավվածություն կունենա։ Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:
13:07 - 05 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում: Նիկո Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։
18:12 - 01 սեպտեմբերի, 2023
Նիդերլանդների Թագավորության դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

Նիդերլանդների Թագավորության դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Նիդերլանդների և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի ուղղություններով դեսպանության հետ հաջող համագործակցության օրինակներ կան։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության 3 տարիներն իր համար շատ հիշարժան են եղել։ Դեսպան Սխերմեսը կարևորել է նաև ՀՀ կառավարության՝ մասսայական սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերը, որոնց դեսպանն անձամբ հաճույքով մասնակցել է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:17 - 30 օգոստոսի, 2023
Նիդերլանդներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով

Նիդերլանդներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով

Նիդերլանդների արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: «Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին»,- ասված է նախարարության Թվիթերի միկրոբլոգում: Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
12:00 - 28 հուլիսի, 2023
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության հիմքի վրա, ինչը դրսևորվում է նաև իրավական համագործակցության ոլորտում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Նիդերլանդների իրավասու մարմիններին ուղղված՝ քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննչական բոլոր հարցումները կատարվում են շատ կարճ ժամկետներում և բարձր օպերատիվությամբ։ Ներկա պահին չկան ինչպես ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված, այնպես էլ՝ Նիդերլանդների համապատասխան մարմիններից ստացված՝ չկատարված կամ ձգձգվող իրավական հարցումներ։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ակտիվ գործունեության արդյունքում երկու երկրների իրավապահ համակարգերի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի կզարգանան։ Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սխերմերսն իր հերթին շեշտել է իրավապահ ոլորտում Հայաստանի և Նիդերլանդների անխափան գործակցության արդյունավետությունը՝ վստահեցնելով, որ դեսպանատունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ դրան խթանում է նաև այն հանգամանքը, որ Նիդերլանդներում են տեղակայված Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի (Europol) կենտրոնական գրասենյակները, որոնց հետ ՀՀ իրավապահ մարմինները սերտ համագործակցություն են ծավալում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի առանձին ոլորտներում փորձագիտական աջակցությանը, ինչպես նաև՝ տեղեկատվության և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան միջև հաղորդակցության օպերատիվությունը բարձրացնելու եղանակները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 
16:27 - 19 հուլիսի, 2023
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը
 |armenpress.am|

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։ Ինչպես տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։ Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։
17:26 - 13 հուլիսի, 2023
Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել |1lurer.am|

Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի մոտ ժամանակներս։ Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է», - նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։ Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդն է Ռյուտեն, փորձում էր կրճատել փախստականների հոսքը Նիդերլանդներ, մասնավորապես՝ պատերազմից փախած ապաստան հայցողների ընտանիքների անդամների դիմումների ընդունումը դադարեցնելու հնարավորությունը: Սակայն կոալիցիոն կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող համաձայնել ընտանիքի հետ վերամիավորվելու մարդկանց իրավունքների սահմանափակմանը: Երկրի ընդդիմադիր որոշ կուսակցությունների առաջնորդներ կոչ են արել շուտափույթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նիդերլանդների ընտրական խորհրդից էլ հայտնել են, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի նոյեմբերի կեսերից ոչ շուտ:
11:07 - 08 հուլիսի, 2023
Հաագայում բացվել է Ուկրաինայում ռուսների հանցանքների հետաքննության կենտրոնը |azatutyun.am|

Հաագայում բացվել է Ուկրաինայում ռուսների հանցանքների հետաքննության կենտրոնը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Նիդերլանդներում՝ Հաագայում բացվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոնը: Այդ կառույցի ստեղծումը համարվում է առաջին քայլը Ռուսաստանի Դաշնության պետական և զինվորական լիդերներին միջազգային դատարանի մակարդակով պատասխանատվության կանչելու համար: Նորաստեղծ կառույցի պաշտոնական անունն է «Ագրեսիայի հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոն»: Այնտեղ աշխատում են դատախազներ Ուկրաինայից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Միջազգային քրեական դատարանից: Ենթադրվում է, որ նրանք պետք է ապացույցներ հավաքեն, ինչը կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ: Միջազգային քրեական դատարանը նույնպես տեղակայված է Հաագայում, սակայն չունի լայնածավալ ագրեսիայի հանցանքը հետաքննելու լիազորություն և զբաղվում է պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կոնկրետ դեպքերով: Այս տարվա մարտին Միջազգային քրեական դատարանն արձակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանագիր: Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի լիազորությունները: Ուկրաինան միջազգային համայնքին կոչ է արել ռուսների հանցանքները քննել մայրաքաղաք Կիևի արվարձան Բուչայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների, մասնավորապես, խաղաղ բնակիչների սպանությունների և կտտանքների փաստերը հավաքելուց ու հրապարակելուց հետո: Ռուսական կողմը հերքում է Բուչայում հանցագործություններ կատարելու մեղադրանքը և պնդում՝ ուկրաինական կողմը կեղծ լուսանկարներ է ներկայացրել:
14:34 - 03 հուլիսի, 2023
Արսեն Թորոսյանը ԵԽ պատգամավորի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սյունիք, հանդիպել նաև արցախցի բժիշկներին

Արսեն Թորոսյանը ԵԽ պատգամավորի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սյունիք, հանդիպել նաև արցախցի բժիշկներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ այցելել ենք Սյունիք։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:   «Գորիսում մեզ ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով անվտանգային իրավիճակը մարզում: Հատուկ կարևորվեց Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:   Հաջորդիվ հանդիպեցինք արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ և կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին:   Սյունիքի մարզ այցի ավարտին եղանք Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անձամբ ականատես եղավ իրավիճակին»,- գրել է պատգամավորը։  
18:02 - 22 հունիսի, 2023
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ
 |news.am|

Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։ Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։  Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։ Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։
11:40 - 04 մայիսի, 2023
Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:
12:16 - 28 ապրիլի, 2023
Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է.  «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ասել է.  «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ քննարկել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունները»:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:Երկուստեք կարևորվել են տնտեսական, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:
17:26 - 27 ապրիլի, 2023
Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ
 |shantnews.am|

Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ |shantnews.am|

shantnews.am: Նիդերլանդներում մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Նիդերլանդներում երեքշաբթի առավոտյան ուղևորատար գնացքը, որը տեղափոխում էր առնվազն 50 մարդ, ռելսերից դուրս է եկել գծի վրա շինարարական տեխնիկայի հետ բախվելուց հետո, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, շատերը՝ ծանր, հայտնել են հոլանդական շտապօգնության ծառայությունները: Ինչպես նշվում է, տուժածներից մի քանիսը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Հոլանդիայի նահանգի Վորշոտեն գյուղի մոտակայքում վթարի վայր են ժամանել փրկարարական խմբերը։ Բացի դրանից, գործակալությունը, վկայակոչելով Նիդերլանդների երկաթուղիների (NS) հայտարարությունը, Twitter-ի իր միկրոբլոգում ավելացրել է, որ Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ հատվածների միջև ուղևորափոխադրումները չեղարկվել են վթարի պատճառով։
09:50 - 04 ապրիլի, 2023