Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը:
17:25 - 13 ապրիլի, 2023
Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: ԱԳ նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, պարո՛ն Օսմանի, Հարգելի գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հայաստան Ձեր այցի շրջանակներում: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները: Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում կարևորել եմ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Հավելեմ, որ մեր կարծիքով առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Հարգելի ներկաներ, Գործընկերոջս հետ քննարկոււմների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայություններին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին և դրանց լուծմանն ուղղված հնարավոր ջանքերին: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների: Հարգելի ներկաներ, Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը: Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ: Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը: Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը: Հարգելի ներկաներ, Հայաստանը հետևողական է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։ Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Պարո՛ն Օսմանի, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:***Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղված է երկու արտաքին գործերի նախարարներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյո՞ք սա չի նպաստում հակամարտության ավելի սրացմանը: Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, ովքեր շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք: Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են: Հարց («Ազատություն ռադիոկայան»). Մի քանի օր, գուցե շաբաթներ առաջ, վարչապետ Փաշինյանը խոսեց, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով: Տեսնելով, թե հիմա ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ադրբեջանցիներ են ներխուժել Հայաստանի սահման, և նրանցից մեկին այդպես էլ չգտանք, համենայնդեպս և՛ մեր սահմանապահները, և՛ բանակը, Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը: Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»։ 
16:04 - 13 ապրիլի, 2023
Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար
 |armeniasputnik.am|

Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ներկայումս սառեցված է, սակայն այն կարող է համապատասխան հանգամանքներում կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաև փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջև հարաբերությունների դինամիկային և համատեղ աշխատանքի բացակայությանը։ «Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է: Բայց ես չեմ կարող հերքել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել, համապատասխան պայմանների առկայության դեպքում: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Օսմանին։ Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջան է ժամանել հենց այդ գործընթացին նպաստելու, կայուն կարգավորման հասնելու համար։ Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
12:30 - 13 ապրիլի, 2023
«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովին նշանակել է «Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Ալիևը Մամեդովի հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես նշել է, թե «շրջանը հսկայական ներուժ ունի և որ փախստականները երբ վերադառնան Լաչինի շրջան, պետք է հարմարավետ ապրեն Լաչինում, և Ադրբեջանը կհետևի դրան»։ Ալիևը նշել է, թե «տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»։ «Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ մյուս շրջաններից նույնպես։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացի փորձել են ամրապնդել այդ օկուպացիան։ Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ֆրանսիայի անարդար ու բացասական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ պատահական չէ։ Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, այսինքն՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում ինչպիսի կեղտոտ գործողություններ են արվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կոռումպացված ու հակաադրբեջանական խմբավորումների արդյունք են, եւ այստեղ գլխավոր դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այդ աստիճանի։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք, նայելով մարդու երեսին, կարող են մի բան ասել, իսկ թիկունքում մեկ այլ բան անել»,- ասել է Ալիևը։  Ալիևը հայտնել է, թե Հայաստանի հետ սահմանամերձ Լաչինի շրջանում բոլոր ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են։ «Կառուցվել են ճանապարհներ, որոնք այնտեղ երբեք չեն եղել։ Կառուցվել են 100 կիլոմետրանոց տեղական ճանապարհներ Լաչինի և Քալբաջարի շրջաններում, ինչպես նաև դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները։ Այնպես որ, մենք շատ բարենպաստ դիրքեր ենք ձեռք բերել ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, մենք ամրապնդվում ենք այս դիրքերում, և մնալու ենք այս դիրքերում»,- նշել է նա։ 
14:58 - 28 մարտի, 2023
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:
14:05 - 07 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։
16:43 - 18 փետրվարի, 2023
Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Զախարովայի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խաթարել են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ

Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը, դրանք հենց իրենք՝ արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Փաթելի հայտարարությանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը փետրվարի 11-ին հայտարարել էր․ «․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»:  Զախարովան նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը «պատմության աղբանոց» է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրին շփումները իրենց ռուս գործընկերոջ հետ»։ «Ընդ որում, այդ գործողությունների համար հասկանալի բացատրություններ այդպես էլ չեն եղել: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ավելացրած լինի որևէ արժեք»,- հայտարարել է Զախարովան։ 
14:22 - 17 փետրվարի, 2023
Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը
 |azatutyun.am|

Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ» են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Լաչինի ճանապարհը չի օգտագործվում եռակողմ հայտարարությամբ նախատեսված նպատակներով։ «Նախարարն ընդգծել է, որ ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար և հարցը սխալ հունով տանում», - ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում:
11:42 - 15 փետրվարի, 2023
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա

Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, վերջերս ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, ներկայում աշխատանքներ են տարվում այդ առաջարկների վրա: Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Խանդանյանը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ են ներկայացրել իրար: Վերջերս Ադրբեջանն է Հայաստանին ներկայացրել իր առաջարկները: «Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա: Երբ պատրաստ կլինեն մեր առաջարկները, դրանք կուղարկվեն Ադրբեջանին»,-ասաց Խանդանյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ Հայաստան այցին՝ նա ասաց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր օրակարգային հարցերը: Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, ըստ նրա՝ արդյունքները պետք է ավելի մեծ պատկերի մեջ տեսնել:  
12:30 - 13 փետրվարի, 2023
Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ասվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության մեջ: «Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։ Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում: Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը: Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։ Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,-ասվում է տեքստում:
10:03 - 13 փետրվարի, 2023
Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է՝ Ռուսաստանը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։  Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Լրագրողը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան քննադատել է Վաշինգտոնի և Բրյուսելի խաղաղարար ջանքերը Հարավային Կովկասում եւ հարց է ուղղել, թե արդյոք Վաշինգտոնը սատարում է ռուսական կողմից կազմակերպված հանդիպումները՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրորը փորձում է կազմակերպել եւս մեկ հանդիպում. «Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է Փաթելը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։ «Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։ 
11:55 - 11 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Հայաստանում է։ Խովաևի հետ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
16:59 - 10 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է  Իգոր Խովաևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
17:26 - 09 փետրվարի, 2023
Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ
 |armeniasputnik.am|

Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն ներկայացնելու է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդները։ Ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` անդրադառնալով Բոնոյի նշանակմանը։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։ «Էնթոնի Բլինքենը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` սա մի բան է, ինչը շարունակելու ենք անել։ Ինչ վերաբերում է պարոն Բոնոյին, ապա նա առաջնորդելու է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ ԱՄՆ ներգրավվածությունը։ Սա Բայդենի վարչակազմի համար մշտական առաջնահերթություն է»,-ասել է Պատելը։ Նրա խոսքով` Բոնոն պետքարտուղարությունում ավագ ղեկավար է, որը զգալի փորձ ունի բարդ հարցերի շուրջ աշխատելու: Բացի այդ, ըստ Պատելի, Բոնոն վայելում է Բլինքենի և դեպարտամենտի անձնական վստահությունն այս նոր դերը ստանձնելու հարցում։ Նշենք, որ նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:
12:42 - 02 փետրվարի, 2023