Մեղրի համայնք

Մեղրին խոշորացված համայք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Ագարակ քաղաք,
  • Ալվանք գյուղ,
  • Այգեձոր գյուղ,
  • Գուդեմնիս գյուղ,
  • Թխկուտ գյուղ,
  • Լեհվազ գյուղ,
  • Լիճք գյուղ,
  • Կարճևան գյուղ,
  • Կուրիս գյուղ,
  • Նռնաձոր գյուղ,
  • Շվանիձոր գյուղ,
  • Վահրավար գյուղ,
  • Վարդանիձոր գյուղ,
  • Տաշտուն գյուղ։

Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն Արարատ Թումանյանն է։

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Արարատ Թումանյանն այս տարվա հուլիսի 14-ին է նշանակվել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հուլիսի 9-ին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել, օրեր անց նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը):  Infocom-ի հետ զրույցում Արարատ Թումանյանը պատմեց, որ Մեղրիում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ իրենց թիմի անդամները, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խոչընդոտների ու դիմադրության չեն հանդիպել։  Խոսելով համայնքի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրների մասին, Թումանյանն առանձնացրեց հատկապես ոռոգման ջրի հարցը․ «Իմ պաշտոնավարման երկու ամսվանից միայն 1,5-ը ես նվիրվել եմ այդ գործին։ Կառավարության աջակցությամբ փորձելու ենք հարցին ամբողջական լուծում տալ։ Ջրօգտագործողների ընկերությունում շատ խնդիրներ կան, մեր ջանքերով եւ կառավարության միջնորդությամբ պետք է լուծվեն հարցերը։ Ի դեպ՝ ՋՕԸ-ի մարզային ղեկավարի հետ զրուցել եմ, պատրաստվում է նախագծեր ներկայացնել, որպեսզի ողջ համակարգը բարելավենք, մոդեռնիզացնենք»։ Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլիներ՝ ՋՕԸ-ն համայնքային վերահսկողության տակ լիներ, Թումանյանը եւս նշեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, բայց այդպիսի կարգավորում բերելը բարդ է, ժամանակատար, քանի որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, եւ անիրատեսական է, որ այդպիսի փոփոխությունը միայն մի համայնքի համար լինի․ «Եթե դա հնարավոր լիներ անել, ապա բնակիչները ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները կկարողանային ուղիղ համայնքապետին ներկայացնել, որն էլ կլծվեր այդ խնդրի լուծմանը։ Որովհետեւ, եթե գյուղացին խնդիր է ունենում, միանգամից համայնքի ղեկավարին է դիմում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարն ավելի սրտացավ է լինում բնակիչների հանդեպ, փորձում է խնդիրներին ավելի արագ լուծում տալ։ Թումանյանը նշեց նաեւ, որ նպատակ ունեն արդիականացնել պոմպակայանները։ Այժմ արդեն մտածում են նոր պոմպակայանի նախագծի շուրջ, պատրաստվում են ուսումնասիրել տեղանքը, ռելիեֆը՝ մեծ ջրամբար կառուցելու համար․ «Ջրամբարի կառուցման միջոցներ եղել են, բայց սկզբում կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը լուրջ հարված եղան մեր տնտեսությանը, դրա համար այս հարցը հետաձգվեց։ Հիմա կա քաղաքական կամքը, միջոցներ էլ կան, պետք է լծվենք աշխատանքներին»։ Մեղրիում առաջնային խնդիր է նաեւ գազաֆիկացումը։ Այս առնչությամբ Մեղրու համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախատեսվում է, որ փականներ կտեղադրվեն․ «Երբ փականները դրվեն, այդ դեպքում եթե որեւէ թաղամասում վթար լինի, հնարավորություն կլինի բաժանարար կետի սկզբի փականը փակել ու տվյալ թաղամասում լուծել խնդիրը, այլ ոչ թե փակել ողջ Մեղրի համայնքի գլխամասային փականը»,- ասաց Թումանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի։ Մեր զրուցակիցը թվարկեց առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ եւս․ «Մենք անպայման ուզում ենք խթանել գյուղատնտեսությունը, պետք է սպանդանոց ունենանք։ Ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մակարդակով զրույցներ ենք ունեցել, հնարավորություն կա, եւ եթե ոչ մասնավոր սեկտորի միջոցով, ապա համայնքապետարանի միջոցով հարցը հնարավոր է լուծել։ Սպանդանոցն անասնապահներին ստիմուլ է տալիս՝ պահել անասուններ, է՛լ ավելի զարգացնել իրենց բիզնեսը, զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Եւ քանի որ մենք ենք նախաձեռնելու սպանդանոց ունենալը, ուրեմն ուզենալու ենք նաեւ մթերման պահեստներ ունենալ, սա էլ իր հերթին կխթանի անասնապահությունը»,- ասաց Թումանյանը։ Վերջինս խոսեց նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Մեղրիում ռեզորտային կենտրոններ լինելու պոտենցիալ ունեն, օրինակ, Լիճք, Տաշտուն, Զվար, Լեհվազ բնակավայրերը․ «Զբոսաշրջությունը Մեղրիում ակտիվանում է։ Երբեմն քաղաք են գալիս եվրոպական, սկանդինավյան երկրներից, որ ինքդ քեզ ասում ես՝ լավ, այս շվեյցարացին կամ նորվեգացին ի՞նչ են գտել այս կողմերում, հետո երբ օտարի աչքով ես փորձում նայել, հասկանում ես՝ իրականում ինչ հետաքրքիր, հիասքանչ տեղեր կան․ մենք, որ ներսում ենք, երբեմն չենք նկատում ու գնահատում»։ Թումանյանի կարծիքով՝ որպեսզի մարդկանց կյանքը բարեկեցիկ լինի, պետք է շեշտ դնել նաեւ բիզնես ոլորտի վրա․ «Այստեղ պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեն, բայց դրանից հետո ոչինչ չունեն անելու։ Նպատակ ունենք ներդրումներ անել նաեւ մշակութային ոլորտում։ Մեղրիում եւ Ագարակում, օրինակ, մշակութային պալատները դեռ սովետական կարգավիճակում են, իսկ հիմա դարի պահանջներն այլ են»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեղրեցիներն այսօր վախի մթնոլորտում չեն ապրում․ «Մինչ խորհրդարանական ընտրությունները Մեղրիում, կհիշեք, այն բարբարոսական ակտը տեղի ունեցավ․ այդ միջադեպերը հանրության մոտ ինչ-որ չափով հիասթափություն առաջացրին (զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը, երբ Մեղրիում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներն ընդդեմ Փաշինյանի ակցիաներ իրականացրին,- հեղ․)։ Բայց հիմա վախի մթնոլորտ կամ հիասթափություն չկա, այդ սարդոստայնով գործվածքը վերացել է, մարդիկ հանգիստ կգնան, իրենց ընտրությունը կկատարեն։ Իսկ թե ինչու մեզ պետք է ընտրեն, որովհետեւ նշածս վախի մթնոլորտը քանդողներից մեկն էլ ես եմ, մեր թիմը»,- ասաց Մեղրիի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ այս ընտրություններում իրենց շանսերը գնահատելով բավական բարձր։ Լուսանկարները՝ Արարատ Թումանյանի ֆեյսբուքյան էջից եւ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
16:00 - 06 հոկտեմբերի, 2021
Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով  առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների մեջ է․ թիմի անդամները համայնքապետի թեկնածուի մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպում Մեղրի համայնքի բնակավայրերում, զրուցում քաղաքացիների հետ։ Կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ իրենք մշակել ենք առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։ Իսկ բուն ծրագիրը կազմված է մի քանի փուլից՝ «Կառավարում», «Անվտանգություն», «Գյուղատնտեսություն», «Կոմունալ ծառայություններ», «Տրանսպորտ», «Տնտեսություն», «Առողջապահություն», «Մշակույթ եւ կրթություն»։ Մեր զրուցակիցը հատկապես կարեւորեց «Կառավարում» բաժինը, որտեղ ընդգծված է, որ պետք է անվերապահորեն կատարել Սահմանադրության, օրենքների պահանջները, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ՀՀ կառավարության որոշումները եւ սեփական պատասխանատվությամբ լուծել համայնքային նշանակության հարցերը․ «Սա առաջնային կետ է, որովհետեւ ցանկացած մեծ համայնք, գյուղ, ցանկացած միավոր պիտի ճիշտ ու գրագետ կառավարվի, իսկ դրա համար մեզ պետք է առաջնահերթությունը տալ կադրերի ճիշտ ընտրությանը»,- ասաց Զաքարյանը՝ վստահեցնելով, որ իրենց թիմն ընտրել է մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանց, որոնք, մեր զրուցակցի խոսքով, «մեղրեցու դարդ ու ցավով ապրող մարդիկ են», եւ որոնք երկար տարիներ պայքարել են ապօրինությունների դեմ ու երբեք չեն ընկրկել։ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն որպես առաջնային լուծում պահանջող խնդիր նշեց հատկապես անվտանգային հարցերը․ «Մեղրին երեք կողմից շրջապատված է մահմեդականներով, իհարկե, Իրանը մեզ բարեկամ է, բայց հարավից Ադրբեջանն է, հյուսիսից՝ Նախիջեւանը, իսկ մեզ պետք է, որ կարողանանք անվտանգության առումով համապատասխան ծառայությունների հետ ամրացնել մեր սահմանները»,- ասաց Զաքարյանն ու այս համատեքստում նշեց ճանապարհների մաքրման աշխատանքների կարեւորությունը։ Նրա խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի է՝ անտառային, լեռնային ճանապարհները չեն մաքրում․ խոսքը միայն գյուղեր գնացող կամ գյուղերից դուրս եկող ճանապարհների մասին չէ, այլ մարտական հենակետեր, լեռներ տանող ճանապարհների․ «Ենթակառուցվածքների հարցը շատ կարեւոր է, հիմնական եւ պահեստային ճանապարհներ են պետք, որ անհրաժեշտության դեպքում մենք էլ անցնենք պաշտպանության, նոր ճանապարհների կառուցում է պետք»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Մեղրիում նաեւ ոռոգման ջրի խնդիր կա․ «Հանրապետության» ներկայացուցիչները մտադիր են դիմել կառավարությանը՝ Մեղրու ջրօգտագործողների ընկերությունն առանձնացնելու եւ համայնքապետարանի անմիջական հսկողությանը հանձնելու հիմնավորումներով․ «Համայնքապետարանը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, այդպես մենք կկարողանանք բնակիչներին պատասխան տալ։ Ճիշտ կլինի, որ ՋՕԸ-ն Մեղրիի շրջանի բալանսում լինի, այդ կերպ կկարողանանք խնդիրը լուծել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Զաքարյանը՝ չմոռանալով նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ Մեղրու, Ագարակի գազաֆիկացման ծրագիրը դանդաղ է ընթանում, այս հարցը եւս չպիտի աչքաթող արվի։ Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, Զաքարյանն ասաց, որ պատրաստվում են Մեղրիում մշակել զբոսաշրջային ուղիներ, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերապատրասատել մասնագետների՝ կրթական ու մշակութային զբոսաշրջության ոլորտում․ «Աջակցելու ենք հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներին՝ ոլորտի մասնագետներին ներգրավելով եւ հիմք ընդունելով հաջողված փորձը։ Փորձելու ենք ապահովել մշակութային եւ պատմական վայրերի ճանաչելիության բարձրացում, կազմակերպելու ենք հայագիտական ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ տարածքում, ինչը ոչ միայն Մեղրու, այլեւ մեր երիտասարդ սերնդի զարգացմանը կնպաստի»,- ասաց մեր զրուցակիցը։ Բագրատ Զաքարյանը վստահ է, որ Մեղրու բնակիչները հենց «Հանրապետության» թիմին պետք է վստահեն իրենց քվեն․ «Մեզնից յուրաքանչյուրը՝ ցուցակի առաջին համարից մինչեւ վերջինը, միշտ եղել են անարդարության դեմ պայքարող մարդիկ։ Մենք ընտրել ենք լավ մասնագետներ, որոնք պատրաստակամ են կանգնել բնակիչների կողքին եւ մասնակցել Մեղրու զարգացմանը։ Մենք գալիս ենք վաղվա դրական օրը բերելու։ Եթե ես իմանայի, որ չեմ կարողանալու հաղթականած դուրս գալ այս ընտրապայքարից, չէի մասնակցի՝ հատկապես մեր քաղաքական ուժի ցուցակով»,- եզրափակեց Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը։ Լուսանկարը՝ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
17:15 - 01 հոկտեմբերի, 2021
Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը, թեեւ մասնակցում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դեռ չի սկսել ակտիվ քարոզարշավը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մեղրիում կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ քարոզչական բուն աշխատանքները կսկսեն հոկտեմբերի 7-ից կամ 8-ից։ Իսկ այս ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն իրենց շտաբներում հանդիպում են բնակիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ։ Անդրեասյանի դիտարկմամբ՝ համայնքում հիմնական խնդիրը ոռոգման ջրի հարցն է․ «Չունենք պոմպակայան, պոմպեր, որ ջրամատակարարումը լիարժեք կատարվի։ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, Ագարակում ջրմատակարարումը շատ վատ է եղել, բնակիչների բողոքն առաջանահերթ այդ հարցում է, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներով ծառ են տնկել, աճեցրել, այսօր վտանգի առաջ են կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այս տարվա պես ծանր վիճակ չի եղել․ «Բոլոր կայաններն աշխատում են շատ վատ, տիրություն անող չկա։ Ոչ մեկը չի գալիս լիարժեք աշխատանք տանի, որ պոմպերն անխափան աշխատեն։ Այդ հարցը պետք է առաջ քաշվի»,- ասաց Անդրեասյանը։ Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ, որը խոստացել է մինչեւ գարուն զբաղվել խնդրով, թե ինչպես, մեր զրուցակիցը չմանրամասնեց։  Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։ Մեր հարցին, թե համայնքային զարգացման ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են իրագործել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ցանկություն ունեն տուրիզմը զարգացնել։ Այս տարի էլ, Անդրեասյանի խոսքով, զբոսաշրջիկներ այցելել են համայնք, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ այլ համայնքներից, այլ նաեւ Ռուսաստանից, անգամ Ֆրանսիայից։ «Կան նախագծեր, որ ուզում ենք զարգացնել։ Մենք ունենք Լիճք, Տաշտուն գյուղերը, որտեղ տուրիզմի համար լավ պայմաններ կան, պետք է փոքրիկ հյուրանոցներ կառուցել, որովհետեւ այսօր մնալու տեղ գրեթե չկա։ Բայց զբոսաշրջությունը միայն տեղական բյուջեով զարգացնել չի ստացվի․ ներդրումներ են պետք»,- մտահոգություն հայտնեց «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համայնքի զարգացման համար հնարավոր ձեւերով միջոցներ հայթայթել․ «Ջանք չենք խնայելու Մեղրին զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:16 - 30 սեպտեմբերի, 2021
Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

Մեղրիի նախկին ղեկավարը, տեղակալը և գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016 թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնեական կեղծիք, խախտելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011 թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալությանը:Սակայն  վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ  անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և  աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020 թ. որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020 թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։2020 թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020 թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է՝ որպես սեփականություն՝ այդկերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված  հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:Նախաքննությունը շարունակվում է:
12:27 - 13 հուլիսի, 2021
Մեղրիի նախկին համայնքապետը ձերբակալվել է |armtimes.com|

Մեղրիի նախկին համայնքապետը ձերբակալվել է |armtimes.com|

armtimes.com: Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին ՀԺ-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:  Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել  էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք: «Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել»,- մասնավորապես գրել է փաստաբանը: Սարգսյանը իր գրառման մեջ նաև նշել է, որ Զաքարյանի ձերբակալման հիմքերը անհիմն են. «Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Իրականում ոստիկանները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է: Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։ Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ»,-ասված է հայտարարության մեջ: Թե ինչ գործի շրջանակներում է Զաքարյանը ձերբակալվել և ինչ կասկածանքով, դեռևս հայտնի չէ: 
12:40 - 12 հուլիսի, 2021
Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։ Ակնհայտ էր, որ իրավասու պետական մարմինները ձևական ծանուցում էին իրականացրել, քանզի դժվար է պատկերացնել, որ այդ մարմինների պաշտոնատար անձինք չեն գիտակցում, որ անհնար է 3,5 ժամում Ագարակից հասնել Երևան և մասնակցել այդ նիստին։ Այս մասին Մխիթար Զաքարյանը դիմումով հայտնել է նաև ԿԸՀ-ին և խնդրել է նիստը հետաձգել ողջամիտ ժամանակով, որպեսզի կարողանա մասնակցել դրան և իրացնել իր իրավունքները։ Երեկ երեկոյան ԿԸՀ-ն որոշել է հետաձգել նիստը և նշանակել այսօր՝ կիրակի առավոտյան՝ ժամը 08։30-ին (շատ են շտապում)։ Չհաշված այն հանգամանքը, որ այդ գիշերային ժամերին պետք է մոտ 6-7 ժամ ճանապարհ գար, Մխիթար Զաքարյանն, այնուամենայնիվ, ուղևորվել եմ դեպի Երևան, որպեսզի մասնակցի այդ նիստին։ Ընդ որում, գիշերային ժամ լինելու պատճառով շրջանցել է Կապան-Գորիս ճանապարհը, քանի որ դրա մի մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո և գիշերային ժամին այդտեղով երթևեկելը վտանգավոր է, ուստի Երևան է ուղևորվել այլընտրանքային ճանապարհով, որը ոչ բարվոք վիճակում է և որի պատճառով էլ ավտոմեքենայի անվադողը վնասվել էր և առանց վերանորոգման անհնար էր ճանապարհը շարունակելը։ Գիշերային ժամին վնասված անվադողի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ Մխիթար Զաքարյանն օբյեկտիվ և հարգելի պատճառներով չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։ Ընդ որում, դիմումը «ՇՏԱՊ!!!» գրառմամբ ուղարկվել է հնարավոր բոլոր եղանակներով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ԿԸՀ էլեկտրոնային [email protected] փոստին, ԿԸՀ նախագահի էլեկտրոնային [email protected] փոստին և ԿԸՀ ֆեյսբուքյան էջին։ Ավելին, ժամը 08։13-08։29-ն ընկած ժամանակահատվածում մի քանի զանգեր ենք կատարել ԿԸՀ-ի 010543523 հեռախոսահամրին, սակայն որևէ մեկը չի պատասխանել։ Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը։ Այդ ապօրինությունը չի կանխել նաև միջնորդությունը ԿԸՀ ներկայացրած դատախազությունը։ Ինչպես ասում են՝ կարևորը «պատվերի» հրատապ կատարումն է, իսկ Օրենքի ու օրինականության վրա պետական մարմինները թքած ունեն։ Սպասում ենք պաշտոնատար անձանց հաջորդ ապօրինություններին։ Փաստորեն օրենքի դիկտատուրան դա ապօրինությունն է։ ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով»,- գրել է փաստաբանը։
18:01 - 11 հուլիսի, 2021
Հուլիսի 10-ից դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել

Հուլիսի 10-ից դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել

Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել՝ ուղղված Մեղրիի բնակիչներին: Ուղերձը՝ ստորև. «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,   սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա: Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ:  Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար: Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, և ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին և ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր  գործընթացներում: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին, ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ ևս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և Մեղրի համայնքին»:
10:04 - 10 հուլիսի, 2021
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը |tert.am|

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը |tert.am|

tert.am: Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց: Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն, որ ներկայացվել է միջնորդություն՝ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այն մակագրվել է դատավոր պարոն Միսակյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Պապոյանը: «Արդեն իսկ վաղը՝ ժամը 13:00-ին դատական նիստ է տեղի ունենալու: Այս պահին կարող եմ ասել՝ դատարանը ճանաչեց, որ ձերբակալման հանգամանքը եղել է ոչ իրավաչափ, դեռևս չեմ հասցրել դատարանի որոշմանը մանրամասն տեղեկանալ, բայց արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը»,- ասաց Գոհար Պապոյանը: Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
22:58 - 23 ապրիլի, 2021
Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։ Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։ Նրա պաշտպանը հայտնել է, որ նոր խափանման միջոցի մասին Քննչական կոմիտեն չի հայտնել, իսկ այսօր՝ ժամը 18։30-ին, դատարանը քննելու է Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո, ըստ Գայանե Պապոյանի, համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը: Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այս պահին կա ձերբակալված 23 քաղաքացի, որից 19-ին մեղադրանք է առաջադրված։
18:03 - 23 ապրիլի, 2021
Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է |1lurer.am|

Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է |1lurer.am|

1lurer.am: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին Քննչական կոմիտեում է, կատարվում են քննչական գործողություններ։ Նա կոմիտե է հրավիրվել խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում, այս մասին հայտնել են իրավապահ կառույցից։ Քննչական կոմիտեից, սակայն, դեռ չեն հստակեցնում, թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանը։ Երեկ վարչապետի այցից հետո կոմիտեն հայտարարել էր, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր նաև Մեղրիի քաղաքապետ, նախկին Հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, համակարգել է ցույցերը: Մեղրիի քաղաքապետին բերման ենթարկելու դեպքին է այսօր անդրադարձել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելը։ Ոստիկանության պետի տեղակալը հերքել է լուրերը, թե երեկ 100-ից ավելի սյունեցի է բերման ենթարկվել, ըստ Ֆիդանյանի, խոսքը 2-3 անձի մասին է։ Ֆիդանյանն անդրադարձել է նաև երեկ Սյունիքում ոստիկանության գործողություններին։
13:12 - 22 ապրիլի, 2021
Մեղրիի համայնքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան

Մեղրիի համայնքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան

Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ «Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։ Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։ Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»,-գրել է փաստաբանը։  
09:23 - 22 ապրիլի, 2021
Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները


 |armenpress.am|

Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին: Հարց - Ի՞նչ աշխատանքներ են տարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումից ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապարաշրջափակման վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունից հետո: Աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում: Պատասխան - Այս պահին աշխատանքները շարունակում են փորձագիտական ենթախմբերը, որոնք զբաղվում են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում: Քննարկվում են նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը և տեխնիկական հնարավորությունները: Ըստ ուղղությունների և ուղիների քննարկվում են հարավային ու հյուսիսային ուղիները, ինչպես նաև վերջիններս կապող հատվածները: Նշյալ ենթախմբերի տարվող աշխատանքները դիտարկվել են նաև եռակողմ՝ փոխվարչապետերի համատեղ համանախագահության ներքո գործող Աշխատանքային խմբի կողմից: - Ի՞նչպես կմեկնաբանեք «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններն ու հայտարարությունները: Արդյոք նման հարց քննարկվում է: - Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է, ինչը հստակեցվել է հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ:
20:23 - 09 մարտի, 2021