Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում՝ նշելով, որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։ Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի, այդ թվում՝ սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։ Համաձայն դիտակետերի դիտարկումների տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Հունվարի 26-ի դրությամբ՝ այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ, կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։ Եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի: Սկսած 1890 թվականից՝ լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով)՝ 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40 սմ։ Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007 թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։ Ըստ դիտարկումների պատմական տվյալների՝ ամենաշուտ Սևանա լիճը սառել է 2008 թ. հունվարի 16-ին, իսկ ամենաուշ՝ 1959 թ. փետրվարի 28-ին։ Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թ․` 72 օր։ Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2 մլն խմ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը, և ջրում պակասում է թթվածնի քանակությունը:
17:05 - 26 հունվարի, 2024
Առաջիկա ժամերից սկսած՝ մինչև հունվարի 26-ի երեկո, հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն

Առաջիկա ժամերից սկսած՝ մինչև հունվարի 26-ի երեկո, հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն

Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։ Առաջիկա ժամերից սկսած` հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։ Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։
10:33 - 25 հունվարի, 2024
Առաջիկա օրերին՝ առատ ձյուն, ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով

Առաջիկա օրերին՝ առատ ձյուն, ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասում է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։ Հունվարի  27-ին հանրապետության ողջ տարածքում, 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում են նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ /վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։ Երևանում հունվարի 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:21 - 24 հունվարի, 2024
Հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ

Հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում`    Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի  24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հանրապետության տարածքում`   Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում,  22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։
16:20 - 21 հունվարի, 2024
Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր հարավ-արևմուտքից անցած գիշեր ակտիվ ցիկլոն է ներթափանցել, ինչով պայմանավորված այդ հատվածներում ձյան առատ տեղումներ են դիտվել։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90 սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25 սմ, իսկ Մեղրիում՝ 15 սմ։ Հրազդան-Ֆանտան հատվածում նույնպես առատ ձյուն է տեղացել՝ 35-40 սմ ձյան շերտ է եղել։ ՊՈԱԿ-ից նշում են՝ Արարատյան դաշտում ձյան ծածկն առհասարակ բացակայում է։«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ: Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։
14:25 - 14 հունվարի, 2024
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Երևանում այսօր ցերեկը, հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։  Հունվարի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր և հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին, 13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-14-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։
13:33 - 10 հունվարի, 2024
Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան

Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան

Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճանի։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +10-ից +14 աստիճան»,- դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանն այժմ էլ գտնվում է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում․ «Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է։ Առաջիկա հինգ օրերը կանցնեն նաև առանց տեղումների»։
14:27 - 29 դեկտեմբերի, 2023
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում  սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 28-33մ/վ, բուք, ճանապարհներին մերկասառույց։ Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Երևանում այսօր կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան4-7 մ/վ, դեկտեմբերի 24-ին, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։  
13:20 - 24 դեկտեմբերի, 2023